Փաստաթղթերը վերականգնող արցախցիները խոչնդոտների են բախվում

Արցախից տեղահանված մեր հայրենակիցները շարունակվում են բախվել խնդիրների, որոնց լուծման համար երկար ժամանակ է պահանջվում, իսկ երբեմն էլ առաջանում են խոչնդոտներ։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված մարդիկ ունեն փաստաթղթերի խնդիր, քանի որ շատերը սեպտեմբերի 19-ին չեն հասցրել անգամ փաստաթղթեր վերցնել։ Բարեբախտաբար, տեղահանության ժամանակ հոջողվել է Արցախի Հանրապետական քաղաքացիական կացության ակտային գրանցման արխիվի մի մասը տեղափոխել Հայաստան:

 Ժորա Հայրապետյանն իր հերթական մտահոգությունն է բարձրաձայնում

– ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունը իրականացնում է Արցախում գրանցված քաղաքացիական կացության ակտային գրանցումների վերականգնում՝ հիմք ընդունելով <<Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին>> ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը։ Վերականգնումները իրականցնում են համապատասխան ակտային գրանցման համար նախատեսված ձևանմուշով, որը չի պարունակում սյունակ՝ նախկինում գրանցված քաղաքացիական կացության ակտային գրանցման վայրի և ժամանակի մասին:

Տվյալ ակտային գրանցման հիման վրա ձևավորված վկայականները կամ տեղեկանքները նույնպես չեն պարունակում տեղեկատվություն նախկին ակտային գրանցման վայրի և ժամանակի վերաբերյալ:

Վերականգնվող քաղաքացիական կացության ակտային գրանցման վայրի և ժամանակի վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է համապատասխան ակտային գրանցման << Անհրաժեշտ այլ տեղեկություններ>> սյունակում:

Ըստ անհրաժեշտության՝ քաղաքացու դիմումի հիման վրա գործակալությունը տրամադրում է պարզաբանում պարունակող գրություն:

Տեղահանված արցախցիների խնդիրներից մեկն էլ  վերականգնվող քաղաքացիական կացության ակտային գրանցման համար գանձվող պետական տուրքն է։ Հարկ է ընդգծել, որ << Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի 25-րդ հոդվածը նախատեսում է պետական տուրքի վճարումից ազատում ՔԿԱԳ մարմիններում քաղաքացիական կացության ակտային գրանցում իրականացնելիս, այդ գրանցումներում լրացումներ, ուղղումներ կատարելիս, վկայականի կրկնօրինակ տրամադրելիս կամ ակտային գրանցումը վերականգնելիս:

Բացի այդ հարկ է ընդգծել, որ Արցախում իրականացված թե՛ խորհրդային տարիներին, և թե՛ անկախության տարիներին քաղաքացիական կացության ակտային գրանցումներում քաղաքացիների ծննդավայրերը նշվում են ԼՂԻՄ՝ առանց Ադրբեջանի կամ ադրբեջանական ԽՍՀ գրառումների, ինչը իրավաչափ է։ Հիմք ընդունելով այդ ամենը՝ ՀՀ ԱՆ ՔԿԱԳ մարմինը պետք է պահպանի նախկին գրառումները և վերականգնումն իրականացնի համապատասխան նախկին գրառումների։ Կարծում եմ՝ անհիմն և ոչ իրավաչափ է վերականգնված քաղաքացիական կացության ակտային գրանցումներում և դրանց հիման վրա տրամադրվող վկայականներում Ադրբեջան կամ ադրբեջանական ԽՍՀ նշելը, եթե նշված ակտային գրանցումը պահպանվել է ՔԿԱԳ արխիվում:

Ժորա Հայրապետյանը շեշտում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում տեղահանված արցախցիների անձնագրերում ծննդավայրը պետք է նշվի ըստ տվյալ անձի ծննդյան ակտային գրանցման կամ ըստ ծննդյան վկայականի   

 -Օրինակ բերեմ, որ Արցախից տեղահանված քաղաքացի Ի․ Բարսեղյանը վերականգնել է իր ծննդյան ակտային գրանցումը, որը նախկինում գրանցվել է 18.05.1977 թվականին Ստեփանակերտի ՔԿԱԳ տարածքային բաժնում՝ ըստ 1977 թվականին կազմված ծննդյան ակտային գրանցման։ Ծննդավայրը նշված է ԼՂԻՄ, Ստեփանակերտ:

Մեկ այլ դեպքում քաղաքացի Ս. Բարսեղյանի ծննդյան ակտային գրանցումը կատարվել է 02.07.1950 թվականին, Դահրավի Գ/Խ ՔԿԱԳ տարածքային բաժնում՝ ըստ 1950 թվականին կազմված ծննդյան ակտային գրանցման։ Ծննդավայրը նշված է ԼՂԻՄ, Ստեփանակերտի շրջան, Դահրավ գյուղ: Եվ այդպես շատ-շատերի ծննդյան վկայականներում նշված է ԼՂԻՄ։

Սակայն Արցախից բռնի տեղահանված որոշ խմբի անձանց, ովքեր ստացել են ՀՀ քաղաքացիություն, ՀՀ քաղաքացու անձնագրում ծննդավայրը ՀՀ ՆԳՆ-ը նշում է Ադրբեջան, ինչը ևս անընդունելի է, քանի որ անձնագրում պետք է ծննդավայրը նշվի ըստ տվյալ անձի ծննդյան ակտային գրանցման կամ ըստ ծննդյան վկայականի:

Կան Արցախից բռնի տեղահանված անձինք, ովքեր տեղահանության ժամանակ իրենց հետ Հայաստան են բերել ԽՍՀՄ նմուշի ծննդյան վկայականները, որտեղ ծննդավայրը նշված է Ադրբեջանական ԽՍՀ։  Այդ դեպքում ՀՀ քաղաքացիություն ստանալու ժամանակ ՆԳՆ մարմնի կողմից ՀՀ քաղաքացու անձնագում ծննդավայրը նշվում է Ադրբեջան:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ի տարբերություն արցախցիների, Ջեյ Լոն գումարը չի վերադարձնի, այլ կուշտ ու շնորհակալ կհեռանա Հայաստանից

6 միլիոն դոլար պետբյուջեից՝ Ջենիֆեր Լոպեսի համերգին, 37 հազար դոլար՝ նրա երկօրյա սննդին, 185 հազար դոլար՝ հյուրանոցներին, գրում է Ազատությունը:

“Գումարը տրամադրվել է Հայաստանի բյուջեից․ կառավարությունը որոշել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի՝ 2023-ին տապալված համերգի 6 միլիոն դոլարն ուղղել Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպմանը”։

Երեկ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է, թե ինչքան օգնություն է տրվել արցախցիներին, բայց չի նշել, թե որքան գումար են բռնի տեղահանված քույրերն ու եղբայրները ՀՀ բյուջե վերադարձրել, ներառյալ ԱՄՆ, ԵՄ, Չինաստանի տված փողերը: Եւ ինչու է Հայաստանը այս “շահավետ բիզնեսից” որոշել հրաժարվել:

Համերգի հոնորարն ու հյուրանոցն էլի “հասկանալի է”, բայց ինչ է երկու օրում ուտելու 56-ամյա Զեյ Լոն 37 հազար դոլարի:

Ի տարբերություն արցախցիների, Զեյ Լոն գումարը չի վերադարձնի, այլ գոհ ու շնորհակալ կհեռանա Հայաստանից:

Մարութ Վանյան

Այստեղից նույնիսկ մտովի եմ քայլերս արագացնում, պապ, այստեղից վազելու ցանկություն եմ ունենում դեպի գյուղ

Պապ, արդեն երկրորդ տարին է, ինչ քեզ այցելելու հնար չկա։ Նորից պատեպատ եմ զարկվու մտքից, որ գուցե էլ երբեք քեզ մոտ գալու ճամփա չի լինի։

Ոչինչ չի սփոփում։ Ոչ մի եկեղեցի մաքրման ու հույսի ուղի ցույց չի տալիս այս օրը։

Մի քանի օր առաջ խոսում էինք 3 երիտասարդ կանանցով, որ թողել ենք մեր հայրերի գերեզմաներն Արցախում։ Սփոփանքի խոսքեր այս զրույցներում չեն լինում, որովհետեւ կորստի զգացումը միայն կրկնապատկվում է։

Այս երկու տարվա ընթացքում այնքան շատ եմ մտովի եկել քեզ մոտ, պապ, ոչ թե մեքենայով, այլ ոտքով, հիշու՞մ ես իմ մանկության օրերին, որքան շատ էինք ոտքով գյուղ բարձրանում։ Ես քայլում եմ մտովի Մարտունունուց դեպի Մուշկապատ։

Տոթը, Մարտունու կանգնած օդը, փոշին կամաց կամաց հեռանում են, երբ քայլերս դեպի գյուղ են գնում։ Աքասիաների այս երկար ճանապարհով քայլում եմ, հասնում Գիշվա խաչմերուկ, այստեղից ուղիները տարբեր գյուղեր են տանում, բայց իմ մանկության գյուղը միակն է պապ, այնտեղ ուր անցել են իմ կյանքի երջանիկ 5 տարիները։

Ճանապարհի ձախ հատվածում թթենիներ են, մարդիկ ամառվա սկզբին հաճախ են այստեղ լինում՝ թութ հավաքելու։ Թթի թափը միայն գործողություն չէ, այլ արարողակարգ՝ ողջ գերդաստանով հավաքվելու առիթ, պարտականությունների կիսման յուրահատուկ արարողկարգ, որտեղ բոլորը կարեւոր են՝ թթի շալը ավելի ամուր է, երբ բոլորը միասին են բռնել։

Ճանապարհի այս ձախ հատվածում լքված ֆերմա է, փայտյա տնակներ, որ գուցե հին օրերին մարդաշատ էին։ Ես սովետի մասին գրեթե ոչինչ չգիտեմ, բայց տեսնելով այս տարածքն ու ամեն անգամ այստեղով անցնելով, մարդիկ այնքան ուրախ հուշեր էին պատմում․․․

Այս նեղլիկ փողոցներից որքա՜ն մանուշակ ենք քաղել, պապ։ Մուշկապատի համառությունը երեւում էր ձմռանը, երբ ցեխի ու սառույցի մեջ էին մնում մեքենաները, երբ իրար կողքով անցնել չէր լինում, վարորդներից մեկը միշտ պիտի զիջեր։

Հասանք աղբյուրին, որի մոտ դեդոն իր բոստանն ուներ, փոքրիկ կապույտ դռնակը, որի մյուս կողմում ինձ համար միշտ կախարդական աշխարհ էր։

Շատ տարիներ հետո, երբ դեդոն էլ չկար, համարձակվեցի բացել այդ դուռը․․․ կախարդանքը կորավ․․․ ոչինչ արտասովոր չկար, միայն հողե մի մեծ վիհ, երեւի սրա համար չէր թողնում, որ մտնենք՝ մտածելով, որ կգլորվենք։

Այստեղից նույնիսկ մտովի եմ քայլերս արագացնում, պապ, այստեղից վազելու ցանկություն եմ ունենում, որ հասնեմ գյուղ։ Վերջին ոլորանն եմ բարձրանում, Համեստ տոտայենց տան կողքով եմ անցնում, որտեղ մեծ ծառն այնքան էլ մեծ չի թվում էլ, բայց «սուրբ» լինելու կոչումը հավերժ իրենն է, ճյուղերից կախված են մատաղի կարգը հիշեցնող հավի գլուխներ ու ոտքեր, իսկ արմատին մոտ մոմի հետքեր են։

 

Հասա մեր մյուս այգին՝ Սալի արտ, այս անվան բացատրությունը մինչեւ հիմա չգիտեմ, բայց թանկ հուշերը դրանից միայն ավելի են թնդանում։ Մեր բոլոր երջանիկ ամառներն այստեղ են անցել։ Հիշում եմ դեդոն ոնց էր գրպաններում մրգեր բերում՝ ամառային տանձ, խնձոր, հոնի հասած հատիկներ, չգիտես որտեղից ՝ վայրի մորու փոքրիկ փնջեր․․․

Այգում դեդոյին եմ շատ կարոտում, որովհետեւ ինձ համար նա միշտ այստեղ է։

Պապ, բարձրանում եմ Զարո տոտայենց տան մոտով, որտեղ էլեկտրականության մատակարար տրանսֆորմատորը տարիներով իր նույն ձայնն է արձակում, այս ձանն էլ է ինձ համար գյուղի կարեւոր ձայներից։

Թոնրին հասա, կանայք մեծ ոգեւորվածությամբ, կատակներով ու ծիծաղով հաց են թխում, անցնող գնացողին հյուրասիրում։ Նոր թխված հացի բույրը կրակի բոցի հետ երկինք է բարձրանում։ Թոնրում, միշտ ծիծաղ կա եւ հացը շիկացած քարին խփելու թմփոց։

Քայլում եմ առաջ այն փողոցով, որտեղ անցել է մանկությունս, մեծ ընկուզենու տակ։ Նայում եմ տանը, որտեղ ապրել ենք եւ հուշերի ժապավենը կադրեր է բերում՝ երջանիկ, անչափ երջանիկ մանկության։ Բարձրանում եմ դեպի գյուղամեջ, որտեղ միշտ տղամարդիկ էին եւ գյուղի՝ այն ժամանակվա միակ խանութը։

Պապ, ես վախենում եմ պատկերացնել հիման, որովհետեւ Արցախում ամեն կետ կարելի է պատկերացնել դատարկված, բայց Մուշկապատի դատարկվելը ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել։

Մի քանի օր առաջ տաքսի էի նստել, դեդոյենց հարեւանի՝ Ռաֆենի տղան էր, չգիտեմ՝ իր համար էլ էր այդքան տարօրինակ մեր՝ Երեւանում հանդիպելը, որովհետե այդ պահին հիշեցի իր մայրիկի՝ որդիներին հերթով կանչելը․․․

Այնքան անսովոր է մարդկանց իրենց հետ կապ չունեցող վայրերում հանդիպել։

Քայլում եմ եկեցեղու կողքով, որ հիմա երեւի կրակի ճիրաններում է հայտնվել, որովհետեւ մեր հարեւաններն ամեն ինչ անում են մեր դարավոր հետքն այդտեղից վերացնելու համար։

Հասնում ճանապարհին, որ տանում է դեպի դպրոց եւ գերեզմանոց։ Միշտ տարօրինակ էր այս «հարեւանությունը»։ Այդ դպրոց ես այդպես էլ չգնացի, բայց միայն իմանաս, թե դպրոցի որքա՜ն շրջանավարտնե են դժբախտացել․․․

Քայլերս արագացրած հասնում եմ մեծ սեւ դարպասին, որի մյուս կողմում մեր ամենաթանկ մարդիկ են՝ հող դարձած։ Ինձ համար հարազատ 4 գերեզմանաքար։ Ամեն անգամ Տոնյա բաբոյին էի մտքում պատգամում քեզ լավ նայի, պապ։ Մտովի քանդում եմ ակացիները, որ հաստատ քարից էլ վեր են բարձրացել, հավաքում չորացած ծաղիկներն ու գրկում արեւից շիկացած գերեզմանաքարը։

Քեզ ավելի մոտ լինելու հնար չկա, պապ․․․

Նստում եմ գերեզմանաքարիդ դիմաց՝ նայելով այնքան թանկ դիմագծեիդ, գտնելով նմանություններ մեր միջեւ, հիշում այն վարդագույն ակնոցները, որ հաճախ էիր հիշեցնում։ Հիմա չկան այդ ակնոցները, որոնցով՝ ըստ քեզ աշխարհին էի նայում, հիմա գորշությունը շատ է, խնդիրները ռեալ, անդունդները՝ ցավոտ, կարոտները՝ անեզր․․․

Այսօր 6-րդ տարին է, ինչ դու չկաս եւ երկրորդ տարին, որ քեզ այցի գալու հնարավորություն չունենք։ Գուցե դու ավելի երջանիկ ես, որ հող ես դարձել քո հողում․․․ ներիր ինձ պապ։

Մարիամ Սարգսյան

Երուսաղեմից Արցախ․ Պաղեստինի գանձերը փրկողներին անհանգստացնո՞ւմ է Գանձասարի ճակատագիրը

Անթույլատրելի է ոչ թե Պաղեստինի ժողովրդի մշակութային ժառանգությունը փրկելու Հայաստանի իշխանության ջանքը, այլ Արցախի հայկական մշակույթի համար ոչինչ չանելը. «Արցախ» միության նախագահ Արտակ Բեգլարյանն այսպես է մեկնաբանում ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի ՄԱԿ-ում կատարած հայտարարությունը. «Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում»:

Ենթադրվում է, որ Պաղեստինի գանձերի փրկության համաետղ ծրագիրը ծագել է դեռ մայիսի վերջին, երբ Մատենադարան էր այցելել Պաղեստինի պետության արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանը: Պարզ չէ սակայն, այդ գանձերի մեջ կա՞ Երուսաղեմում հայերին պատկանող նմուշներ։

Լավ նախաձեռնություն է, ասում է «Արցախ» միության նախագահը, եթե Հայաստանի իշխանությունը դիտորդի դերում չլիներ Բաքվի վայրագությունների առջև. Արցախի հայկականությունը Բաքուն ջնջում է ամենօրյա ռեժիմով, դարավոր եկեղեցիներ ու սրբավայրեր են ոչնչացնում, պղծում, ջնջում հայկական ինքնությունը: Արցախի թանգարաններում մնացածա հազարավոր բացառիկ ցուցանմուշներ ադրբեջանացվում են:

Արտակ Բեգլարյանը վստահ է՝ պայքարի բազմաթիվ միջոցներ կան, որոնցից հրաժարվել է Հայաստանը. ինչո՞ւ, օրինակ, խաղաղության պայմանագրի տեքստում չի ներառվել այս հարցը, ինչո՞ւ է բանակցություններից դուրս հայտնվել հայկական ժառանգության փրկության հարցը:

Արցախի տարածքում ավելի քան 4 հազար հուշարձան են հաշվում, շուրջ 500 եկեղեցիներ ու բերդեր: 

Հատկանշական է, որ Հայաստանի փոխարտգործնախարարը իր ելույթում հիշել է նաև Երուսաղեմում Հայկական թաղամասի և Հայ Առաքելական եկեղեցու գույքի մասին, կապելով դա “երկու պետությունների” գաղափարի հետ։

“Մենք հատուկ կարևորություն են տալիս Սուրբ հողում քրիստոնեական ժառանգության պահպանությանըՀայաստանը լիահույս է, որ Երուսաղեմի սրբավայրերի կառավարման պատմական ստատուս քվոն կպահպանվի և լիովին կհարգվի՝ որպես միջկրոնական համերաշխության և խաղաղ համակեցության անկյունաքար”, ասել Կոստանյանը ՄԱԿ-ում, չհիշատակելով “հայկական” բառը։

Սեպտեմբերին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Իսպանիան, Պորտուգալիան և մի շարք այլ ազդեցիկ երկրներ մտադիր են ճանաչել Պաղեստին պետությունը։ Իսրայելը և Միացյալ Նահանգները կտրականապես դեմ են դրան։

Միևնույն ժամանակ, հայտնի չէ, թե ինչ սահմաններում կճանաչվի Պաղեստինը, ինչպիսին կլինի Երուսաղեմի կարգավիճակը (այժմ Իսրայելն այն անվանում է իր մայրաքաղաք և անբաժանելի մաս)։ Եթե Երուսաղեմի կարգավիճակը որպես «աշխարհի կրոնների մայրաքաղաք» պահպանվի, ապա Հայկական թաղամասն ունի գոյատևման բոլոր հնարավորությունները։

Հակառակ դեպքում, Իսրայելը բաց չի թողնի Երուսաղեմում Հայկական եկեղեցու սեփականությունը խլելու հնարավորությունը։

Կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ վերջին հարձակումները կապված են նաև Թուրքիայի, Իսրայելի և, հնարավոր է, այլ երկրների պահանջների հետ՝ Հայ Առաքելական Եկեղեցու՝ Հայաստանից դուրս գտնվող հսկայական սեփականության վերաբերյալ։ Այս սեփականությունը, ըստ ՀԱՍԵ Կանոնագրքի, միանձնյա տնօրինում է Կաթողիկոսը։

Կան նաև տեղեկություններ, որ Հայ Առաքելական Եկեղեցին կարող է դատական հայց ներկայացնել միջազգային դատարան՝ Արցախում իր սեփականության վերաբերյալ։  Չէ՞ որ բոլոր եկեղեցիները Արցախում՝ Հայ Առաքելական եկեղեցու սեփականությունն են։

Կամ խաչը հանեք, պարոն Լավրով, կամ…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԵԱՀԿ-ն ձախողվել է Լեռնային Ղարաբաղում: «Մինսկի խումբը չի կարողացել ստեղծել հակամարտող կողմերի միջև երկխոսության պայմաններ, և այն բանից հետո, երբ նրա արևմտյան մասնակիցները դուրս են եկել Ռուսաստանի հետ փոխգործակցությունից, այն ամբողջությամբ կորցրել է իր իմաստը», – նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը «Ռոսիյսկայա գազետա»-ում հրապարակված իր հոդվածում:

Ռուսաստանը միակ երկիրն է, որը Բաքվի հետ միասին պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը:

Հիշեցնենք, որ այս պահանջը Բաքուն բարձրաձայնում է որպես այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» ստորագրման պայմաններից մեկը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության և դրանից Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին կետի հանման հետ մեկտեղ:

Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են, որոնք օժտված են ղարաբաղյան հակամարտությունը լուծելու մանդատով: Այս երեք երկրների նախագահների 5 եզակի հայտարարություններ կան, որոնք ոչ մի կերպ չեն վիճարկում Հայաստանի Սահմանադրությունը և 1989 թվականի Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին որոշումը, ինչպես նաև Արցախի ինքնորոշման իրավունքը: ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային մանդատը և ուժային լուծումների անթույլատրելիությունը նույնպես չեն վիճարկվում:

Փարիզն ու Վաշինգտոնը դադարեցին համագործակցել Մոսկվայի հետ Մինսկի խմբի շրջանակներում ոչ թե Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց, այլ 2020 թվականի աշնանը Արցախի դեմ ագրեսիայից, տարածքի մի մասի օկուպացիայից և մի քանի շրջանների բնակչության վտարումից հետո։

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի խորհրդարանները 2020-ից հետո ընդունեցին մի շարք բանաձևեր, այդ թվում՝ 1994 թվականի իրողություններին վերադառնալու մասին, որից ելնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ֆրանսիան նույնիսկ նախաձեռնեց ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ՝ Ղարաբաղի հարցով, սակայն Չինաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը չընդունվեց։

Սակայն Փարիզն ու Վաշինգտոնը գործադիր մակարդակով որևէ քայլ չձեռնարկեցին՝ դատապարտելու Արցախում Հայաստանի դեմ ռազմական գործողությունը, ինչպես նաև ռուսական զորքերի միակողմանի մուտքը Արցախ։ Ավելին, 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների գաղտնի հանդիպում, որի ժամանակ որոշում կայացվեց Արցախի լիակատար օկուպացիայի մասին։ Երկու օր անց սկսվեց Արցախի օկուպացիան՝ ավարտվելով դրա լիակատար հայաթափմամբ։

Հիշեցնեք, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր ռուս «խաղաղապահները» ոչ մի օտարերկրյա քաղաքական գործչի, լրագրողի կամ նույնիսկ զբոսաշրջիկի թույլ չեն տվել մուտք գործել Արցախ: Իսկ Բերձորի միջանցքի փակվելուց հետո ֆրանսիական բեռնատարները երկար ժամանակ կանգնած էին Հակարի կամրջի մոտ, բայց նրանց մուտքն այդպես էլ թույլ չտվեցին: Եվ այդ ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնեց Փարիզ՝ պահանջելու, որ ՄԱԿ-ի մանդատ տրամադրվի ռուս «խաղաղապահներին»: Այնտեղ էր գնացել նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ համոզելու Փարիզին չձեռնարկել գործողություններ, հակառակ դեպքում Հայաստանում հավանական պատերազմի պատասխանատվությունը կընկնի Ֆրանսիայի վրա:

Այժմ Փարիզն ու Վաշինգտոնը չեն մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ Հայաստանը պատրաստ է հրաժարվել Մինսկի խմբի ծառայություններից «խաղաղության պայմանագրի» ստորագրման նույն օրը: Փարիզն ու Վաշինգտոնը վաղուց դադարել են իրենց դիվանագետներին «ՄԽ համանախագահներ» անվանելուց:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը (ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից մեկը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին) անհնար է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերսկսումը, և նրա դիրքորոշումն այս հարցում մնում է անփոփոխ։

Այժմ նրա շեֆ Լավրովն ասում է, որ Մինսկի խմբին «չհաջողվեց» երկխոսություն հաստատել հակամարտող կողմերի միջև։

Բայց չէ՞ որ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է, նրա մանդատը չի չեղարկվել, և Մոսկվան, որպես իր դաշնակից Հայաստանի մասին հոգ տանող, կարող է օգտագործել այս ձևաչափը հայերի շահերը պաշտպանելու համար։

Կամ խաչը հանեք, պարոն Լավրով, կամ…

Քոչարյանը դուրս եկավ պայքարից. Ռուսաստանը ավարտում է Կարսի պայմանագրից դուրս գալը

Հայաստանում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունների ֆոնին, երկար ժամանակ լռող Ռոբերտ Քոչարյանը անսպասելիորեն հարցազրույց տվեց և մի շարք հայտարարություններ արեց, որոնց իմաստը հանգում է նրան, որ նա «նույն թիմում» է Սամվել Կարապետյանի հետ, Սերժ Սարգսյանը «էլ չկա», որ ավելի լավ կլիներ ժամանակին «Զանգեզուրի միջանցքը» տաինք ռուսներին, իսկ հիմա «Ղարաբաղը կորած է», բայց միայն Ռուսաստանը կարող է լինել «խաղաղության պայմանագրի» երաշխավորը։

Հայաստանում իսկապես տեղի են ունենում դրամատիկ իրադարձություններ. միայն ծույլերը չեն ասում, որ Վահագն Խաչատրյանը Սյունիք է գնացել «հրաժեշտի այցով», որ Երասխից հարավ գտնվող Հայաստանի ինքնիշխանությունը մեծ սպառնալիքի տակ է, որ երկրին դժվար իրադարձություններ են սպասվում։

Այս ֆոնին Ռուսաստանը մի շարք քայլեր է ձեռնարկում, որոնք, ըստ երևույթին, մշակվել են Կիրիենկոյի նոր գրասենյակի կողմից։ Առաջին հայացքից այս քայլերը թվում են ժամանակավրեպ կամ պարզապես աննպատակ հարված, բայց իրականում դրանք ցավալիորեն հիշեցնում են այն մասին, թե ինչպես «ողորմության» և «անվտանգության ապահովման», քաղաքական պայքարի և «երաշխիքների» պատրվակով ռուսները 2020-2023 թվականներին հանձնեցին Արցախը։ Քանի որ հենց դա էր նպատակը։

Կիրիենկոն որևէ նոր բան չի մտածել Հայաստանի համար. ինչպես Արցախում, լուրեր են տարածվում, որ 102-րդ բազան ամրացվում է, իսկ Շիրակում, որտեղ քաղաքապետ է դարձել «Ռուսաստանի հետ միութենական պետության» կողմնակից անձը, բնակչության մեծամասնությունը ռուսական անձնագրեր ունի։ Այսինքն՝ ռուսներն ունեն «օրինական իրավունք» պաշտպանելու իրենց քաղաքացիներին։ Արցախում էլ ռուսների գալուց հետո հանկարծ “ռուսական համայնք” հայտնվեց։

Ինչպես Արցախում, Ռուսաստանը «մոռացել է» 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, որտեղ 9-րդ կետում նշվում է, որ Նախիջևան տանող ճանապարհը պետք է վերահսկվի ռուս սահմանապահների կողմից։ Դա բնական է, քանի որ Մոսկվան, Անկարայի հետ միասին, ավարտում է Կարսի պայմանագրից դուրս գալը՝ Թուրքիային տալով նաև Արցախը, Նախիջևանը և Սյունիքը և, ըստ երևույթին, հույս ունենալով պահպանել հյուսիսային Հայաստանը։

Մոսկվան վերջնականապես հրաժարվում է Արցախից և մնացած Հայաստանից, բեմադրելով «հակամարտություն» Ադրբեջանի հետ, որպեսզի պաշտոնապես և հրապարակայնորեն «Ստեփանակերտը» փոխի «Խանքենդիի»՝ պետական ՏԱՍՍ գործակալության միջոցով։

Մոսկվան պատրաստվում է ամրապնդել ռեժիմը Հայաստանում՝ խաղից դուրս հանելով Սերժ Սարգսյանի կուսակցությանը և ասպարեզ բաց թողնելով Սամվել Կարապետյանին, ով, ըստ երևույթին, պետք է ապահովի ռուսական շահերի ներկայությունը Հայաստանի մնացած մասում։

Ռուսաստանը որոշել է նաև «օրհնել» արցախցիներին մակարոնով և զուգարանի թղթով, որոշելով հայերի իրավունքների մասին բարձր խոսող արցախցիներին հեռացնել ապագա քաղաքական պայքարից, ապահովելով Կրասնոդարի համար ավելի քան 100 հազար որակյալ, օրինապահ, քաղաքակիրթ ներգաղթյալներ։

Ռոբերտ Քոչարյանին խորէ չէ Ռուսաստանի կողմից լքված լինելը, որը տարիներ շարունակ օգտագործել է բացահայտ «ռուսամետներին»՝ Նիկոլ Փաշինյանին իշխանության գլուխ պահելու և Թուրքիայի հետ կնքված չարաբաստիկ Կարսի պայմանագրից դուրս գալու գործընթացն “անարյուն” ավարտելու համար։ Եվ այս անգամ ռուսամետ ուժերը կլինեն նույնիսկ ոչ թե ընդդիմություն, այլ ռուսական «սփյուռք» Հայաստանում։ Սամվել Կարապետյանի Ռուսաստանում գտնվող հսկայական ունեցվածքը երկար ժամանակ «գրավ» չի մնա՝ այն հեշտությամբ կփոխանցվի «Ռուսաստանի հին պետականաստեղծ էթնիկ խմբերից մեկին», ինչպես իրենց անվանում են նորաթուխ «ադրբեջանցիները»։

Փաստորեն, Սամվել Կարապետյանի կուսակցությունը գովազդող հարցազրույց տալով, Քոչարյանը մտնում է և անմիջապես լքում քաղաքական պայքարը։ Վերջում նա կրկին ասում է, որ միայն Ռուսաստանը կարող է պաշտպանել Հայաստանը (երևի, ինչպես պաշտպանել է Արցախը): Քոչարյանն ասում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան մրցակցում են այս տարածաշրջանում 250 տարի, բայց չի ասում՝ արդյոք Ռուսաստանը պատրաստ է կռվել Թուրքիայի հետ Հայաստանի համար:

Եվ ամենակարևորը, իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը բազմիցս շեշտում է «Ղարաբաղի կորուստը»՝ առանց որևէ խոսք ասելու իրավական և այլ հնարավորությունների, Ռուսաստանի դերի մասին Արցախի օկուպացման գործում և այն մասին, թե ինչու է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ (որը, ինչպես ինքն է խոստովանել, հեղինակել է Պուտինը) ներառված Ռուսաստանի ԱԴԾ-ի վերահսկողության տակ Նախիջևան տանող ճանապարհի մասին կետը։

Ինչքան օգնություն է տրվել արցախցիներին․ նախարարությունը թվեր է ներկայացրել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է հաշվետվություն՝ 2023 թվականից մինչ այժմ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին ուղղված ծրագրերի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ։
Ըստ այդմ, 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման և աջակցության նպատակով՝ ՀՀ Կառավարությունն իրականացրել և շարունակում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրեր։
Մասնավորապես՝
✅ ԼՂ-ԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ 100 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 Թ․ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի 1675 Լ ՈՐՈՇՈՒՄ)
Աջակցության չափը՝ միանվագ 100,000 դրամ,
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2023 թ․ հոկտեմբեր-2024 թ․նոյեմբեր,
Շահառուների թիվը՝ շուրջ 114000 անձ,
Պետբյուջեից տրամադրված գումար՝ շուրջ 11,4 մլրդ դրամ։
✅ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՐԿԱՄՍՅԱ 50 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 Թ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի 1957 Լ ՈՐՈՇՈՒՄ)
Աջակցության չափը՝ ամսական 50,000 դրամ,
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր,
Շահառուների թիվը՝ միջինում ամսական շուրջ 95000 անձ,
Պետբյուջեից տրամադրված գումար՝ շուրջ 8,5 մլրդ դրամ,
Գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրված գումար՝ շուրջ 1 մլրդ դրամ։
✅ LԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 Թ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի 1763 Լ ՈՐՈՇՈՒՄ)
Աջակցության չափը՝ 40,000+10,000 դրամ․ 40,000 դրամ՝ վարձակալության, 10,000 դրամ՝ կոմունալ ծախսերի հատուցման համար,
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 18 ամիս՝ 2023 թ․ հոկտեմբեր – 2025 թ․ մարտ,
Շահառուների թիվը՝ միջինում ամսական շուրջ 104000 անձ,
Պետբյուջեից տրամադրված գումար՝ 2023-25 թթ․ համար՝ շուրջ 85 մլրդ դրամ,
Գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրված գումար՝ շուրջ 6 մլրդ դրամ։
✅ LԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՆՁԱՆՑ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 Թ․ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի 1833 Լ ՈՐՈՇՈՒՄ)
Աջակցության չափը՝ 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ՝ 40,000 դրամ, 2025 թվականի հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30,000 դրամ,
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 9 ամիս՝ 2025 թվականի ապրիլ-դեկտեմբեր,
Շահառուների թիվը՝ միջին ամսական շուրջ 79600 հազար անձ,
Պետբյուջեից տրամադրված գումար՝ 2025 թ․ համար՝ շուրջ 9,5 մլրդ դրամ։
✅ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՐԱՏԱՊ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 Թ․ ԱՊՐԻԼԻ 11-Ի 417 Լ ՈՐՈՇՈՒՄ)
Աջակցության չափը՝ ընտանիքի առաջին անդամի համար՝ 40,000 դրամ, սկսած ընտանիքի երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10,000 դրամ,
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 7 ամիս՝ 2025 թվականի հունիս-դեկտեմբեր,
Շահառուների թիվը՝ 31.07․2025 թ․ դրությամբ դիմում է ներկայացրել 15,100 ընտանիք (ներկայացված տվյալները ստուգումների փուլում են)։
✅ 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 Թ․ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի 57 Լ ՈՐՈՇՈՒՄ)
Աջակցության չափը։ Ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակում՝ շահառուին հնարավորություն է տրվում անցնել մինչև 6 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում։ Այս դեպքում՝ պետության կողմից փոխհատուցվում է շահառուի ուսման վարձը՝ ամսական 50,000 դրամի չափով, տրամադրվում է կրթաթոշակ՝ 50,000 դրամի չափով, ինչպես նաև տրվում է հարկերի փոխհատուցում՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով՝ երեք ամիս ժամկետով։
Երկրորդ բաղադրիչի շրջանակում՝ իրականացվում է գործատուի մոտ եռամսյա աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպում։ Այս դեպքում՝ առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում գործատուի և շահառուի միջև, որից հետո պետության կողմից գործատուին փոխհատուցվում է շահառուին վճարվող աշխատավարձը՝ ամսական 165,000 դրամի չափով, ամսական կտրվածքով՝ ներառյալ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում՝ սոցիալական վճարը: Գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպումից հետո երեք ամիս ժամկետով ամսական կտրվածքով, գործատուին տրվում է գումար առավելագույնը 50,000 դրամի չափով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում՝ սոցիալական վճարը փոխհատուցելու համար:
Երրորդ բաղադրիչի շրջանակում առաջին երկու բաղադրիչները կազմակերպվում են համատեղ:
Շահառուն ընդգրկվում է մինչև վեց ամիս տևողությամբ իրականացվող ուսուցման համապատասխան դասընթացում՝ ստանալով առավելագույնը 50,000 դրամ՝ ուսման վարձի փոխհատուցում և ևս 50,000 դրամ կրթաթոշակ: Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև կնքվում է առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր: Առաջին 3 ամսվա ընթացքում իրականացում է աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակում գործատուին 3 ամիս ժամկետով տրվում է փոխհատուցում շահառուի աշխատավարձի վճարման համար ամսական 165,000 դրամ: Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո վերջինիս տրամադրվում է աջակցություն՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով (ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով)` շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար:
Ծրագրի իրականացման ժամկետը՝ շարունակական՝ 2024 թվականից,
Շահառուների թիվը՝ ավելի քան 2300 անձ,
Պետբյուջեից տրամադրված գումար՝ 2024 թ․՝ 895 մլն 293 հազար դրամ (փաստացի), 2025 թ․՝ 873 մլն 150 հազար դրամ։
✅ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 Թ․ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 Թ․ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՈՒՄ)
Աջակցության չափը՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 3-ից 5 մլն դրամ՝ կախված տան կամ բնակարանի ձեռքբերման կամ կառուցման վայրից,
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2024-2029 թթ ․
Շահառուների թիվը՝ տրամադրվել է 2,180 հավաստագիր, իրացվել՝ 514 (31․07․2025թ․),
Պետբյուջեից տրամադրված գումար՝ շուրջ 800 մլն դրամ։

Միջազգային կառույցները՝ ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի խորհրդը ՝ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի այն հայտարարությունները, որոնք վերաբերանում են Ստեփանակերտում տեղադրված՝ մեծանուն հայ ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժմանը, անօրինական, մանիպուլյատիվ են և չեն արտացոլում իրականությունը։
Այվազովսկու արձանը տեղադրվել է 2021 թվականին՝ իրավական և թափանցիկ նախաձեռնության շրջանակում, որը կյանքի է կոչվել Արցախի Հանրապետության պետական մարմինների, Արցախի ռուսական համայնքի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության համագործակցությամբ։
Այն պնդումը, թե հուշարձանը տեղադրվել է իբր առանց ադրբեջանական իշխանությունների «թույլտվության» և այդ իսկ պատճառով ապամոնտաժվել է, հիմք չունեցող փորձ է՝ արդարացնելու մշակութային վանդալիզմի ակտը։
Պետք է հստակ ընդգծել, որ անկախ Արցախի Հանրապետությունը իր որոշումները կայացրել է ինքնիշխանության լիարժեք իրավունքով, և որևէ պարտավորություն չի ունեցել՝ որևէ «թույլտվություն» ստանալու հարևան պետության ղեկավարությունից։
2023 թ․ սեպտեմբերին Արցախի բնակչության բռնի տեղահանությունից հետո, Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմը նպատակային կերպով անցել է հայկական պատմամշակութային հուշարձանների համակարգված ոչնչացմանը։ Այդ թվում են՝ Ստեփան Շահումյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանները, ինչպես նաև տասնյակ հուշարձաններ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին, մշակութային կենտրոններ, թանգարաններ, եկեղեցիներ ու միջնադարյան գերեզմանատներ։
Հատկանշական է, որ Ստեփանակերտ անվանումը քաղաքին տրվել է հենց Բաքվի իշխանությունների կողմից՝ 1923 թվականին, ի պատիվ հայ հեղափոխական, Բաքվի կոմիսարների առաջնորդ Ստեփան Շահումյանի։ Հետևաբար՝ բոլոր այն պնդումները, որոնք վերաբերում են «հակաօրինական» կերպով տեղադրված հայկական հուշարձաններին, ոչ պատմական, ոչ էլ իրավական հիմնավորում չունեն։
Միջազգային կառույցները՝ ՄԱԿը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի խորհրդը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող այլ միջազգային հաստատությունները՝ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ արձանագրված և շարունակվող մշակութային ցեղասպանության դրսևորումներին հակազդելու համար։
Միջազգային իրավունքի ակնհայտ խախտումների պայմաններում անհետևողականությունը համարժեք է մշակութային բնույթի հանցագործությանը մասնակցելուն:

Վահագն Խաչատրյանի առաքելությունը․ մռայլ դեմքեր, Սյունիքի հանձնում և «տեղահանվածների» նոր հոսք

Նիկոլ Փաշինյանի անսպասելի երկշաբաթյա արձակուրդ մեկնելուց և «ռադարներից» անհետացումից հետո, ՀՀ գործող նախագահ Վահագն Խաչատրյանը եռօրյա այցով մեկնեց Սյունիք, որտեղ առաջին իսկ օրը հայտարարեց, որ «Սյունիքի դարպասները» պետք է բացվեն, որպեսզի Հայաստանը կարողանա զարգանալ։

Մասնագետները նկատեցին, որ դա ճանապարհ չէ, նույնիսկ միջանցք չէ, այլ դարպաս, որը չի ենթադրում մաքսային և անձնագրային ստուգումներ։ Բացենք դարպասները՝ և վերջ։

Խաչատրյանի՝ պաշտոնյաների և հանրության հետ հանդիպումների լուսանկարներում մարդկանց դեմքերը հիմնականում մտահոգված են, մռայլ, ոչինչ չի հիշեցնում «բաց դարպասներով զարգացման» նախապատրաստություն։ Դատելով նրանց դեմքերի արտահայտություններից՝ առանց տեսախցիկների Վահագն Խաչատրյանից որևէ մխիթարական բան նրանք չեն լսել։

Ուրիշների համար ճանապարհ բացելը ակնհայտորեն ոչինչ չի կարող բերել Հայաստանին։ Ապա ինչի՞ մասին է Վահագն Խաչատրյանը խոսել գլուխները կախ նստած սյունեցիների հետ։

Ինչպես Փաշինյանը 2024 թվականի մայիսին գնաց Տավուշ և զգուշացրեց, որ եթե հողերը չհանձնվեն, պատերազմ կլինի, այնպես էլ Խաչատրյանը գնաց Սյունիք՝ տեղացիներին պատերազմով վախեցնելու։ Եթե ինքներդ չհանձնեք, ուժով կվերցնեն. սա է ներկայիս Հայաստանի կառավարության փիլիսոփայությունը։

2 տարի առաջ, երբ Հակարի կամրջի մոտ տեղադրվեց անօրինական անցակետ, Ալեն Սիմոնյանը և ուրիշներ ասացին, որ Հայաստանը չի միջամտի, որպեսզի Բաքուն չպահանջի միջանցք Սյունիքում։ Հիմա ամուսնալուծված Ալեն Սիմոնյանը վայելում է իր արձակուրդը և, ըստ երևույթին, չի ցանկանում միջամտել Սյունիքի գործերին, որպեսզի Բաքուն չպահանջի Կոնդը և Երևանի ամբողջ կենտրոնը։

Բաքվում Թուրքիայի դեսպան Բիրոլ Ակգյունն ասել է, որ թուրքական աշխարհին անհրաժեշտ է Զանգեզուրի միջանցքը. «Ադրբեջանը, որպես հաղթող կողմ, իրավացիորեն հայտարարում է Զանգեզուրի միջանցքի անհրաժեշտության մասին, որը նախատեսված է 2020 թվականի համաձայնագրով»։

Սյունիքի ճանապարհի մասին 9-րդ կետի ներառումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մեջ հստակ ցույց տվեց, որ 2020 թվականի պատերազմի նպատակը Հայաստանի հարավի՝ մինչև Երասխ օկուպացիան էր։ Սա հնարավոր չէր լինի առանց Արցախի օկուպացիայի և լիակատար հայաթափման, որը արվեց Բաքվի և Մոսկվայի ձեռքերով։ Հիմա հերթը Միացյալ Նահանգներինն է. Թրամփը, մկաններ ցուցադրելով, հլու և հնազանդ բավարարում է Ալիևի քմահաճույքը, ով չի ցանկանում հայերին տեսնել հայկական Սյունիքում։

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը երեկ տարօրինակ հայտարարություն արեց, որ Երևանը մտադիր է արտապատվիրակել ոչ թե Հայաստանի տարածքը, այլ միայն հաղորդակցությունները։ Նա չմանրամասնեց՝ ինչպիսի՞ն կլինի «հաղորդակցությունների» լայնությունը, արդյոք հայ-իրանական սահմանը կփակվի նոր ճանապարհով, ո՞ւմ կհասնեն հայկական հանքերը, որոնք կմնան 5 կիլոմետրանոց միջանցքում, արդյո՞ք սյունիքի բնակիչները պատրաստ են ապրել Հայաստանի իրավասության սահմաններից դուրս և ծառայել թուրքերին՝ դիմակներ կրելով, որպեսզի նրանց դեմքերը չտեսնեն։

Ըստ երևույթին, Վահագն Խաչատրյանը այս մանրամասները քննարկել է Սյունիքի բնակիչների հետ՝ Ներքին Հանդի երեխաներին մի քանի հեծանիվ նվիրելով, միաժամանակ ակնարկելով, որ Սյունիքի «դարպասները» չբացելու դեպքում հեծանիվների համար մտածելու ժամանակ չի մնա։

Հատկանշական է, որ Թուրքիայի Անվտանգության խորհուրդը վերջերս քննարկել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև պարբերաբար սրվող իրավիճակը», չնայած Ալիևի օգնականը հայտարարել է, որ երկրների միջև սրման շրջանն անցել է, թեկուզ «ռևանշիստները» գլուխ են բարձրացնում Հայաստանում: Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտարարել էր Բաքվի և Երևանի միջև «խաղաղության պայմանագրի» մոտալուտ ստորագրման մասին, բայց պաշտոնապես չէր հայտարարել «Զանգեզուրի միջանցքը» վարձակալության վերցնելու մտադրության մասին:

Սյունիքը հանձնելու հարցը, կարծես թե, լուծվել է. հարցը մնում է այն, թե ինչպես ներկայացնել «ներքին տեղահանվածների» սպասվող հոսքը հայ ժողովրդին և ինչպես խեղդել հնարավոր դիմադրությունը օրորոցում:

Օգոստոսին շոգ կլինի

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Արարատ-Արմենիա»-ի կամային հաղթանակը և «Փյունիկի» պարտությունը

Երևանի «Արարատ-Արմենիան» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի որակավորման երկրորդ փուլում արտագնա խաղում հաղթեց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին։

Այոնգոն «Արարատ-Արմենիային» առաջ մղեց լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին և միաժամանակ դուրս բերեց ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի երրորդ փուլ։

Ավելի վաղ, երկու խաղից հետո, Երևանի «Փյունիկը» պարտվեց հունգարական «Դյորին» (3:4): 90-րդ րոպեին հունգարացիները խփեցին երրորդ գոլը և անցան ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի որակավորման երրորդ փուլ՝ հաղթելով ընդհանուր 4:3 հաշվով։

Իսկ Հայաստանի չեմպիոն «Նոան» Չեմպիոնների լիգայում պարտվեց հունգարական «Ֆերենցվարոշին» (4:6), բայց կշարունակի իր ելույթները Եվրոպայի գավաթի խաղարկությունում։

ԱՄՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ում. Ուկրաինայի հարցով համաձայնագիր պետք է լինի մինչև օգոստոսի 8-ը։ Թե չէ ի՞նչ։

Միացյալ Նահանգները պաշտոնապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրել է նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման մասին. Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ համաձայնագիրը պետք է կնքվի մինչև օգոստոսի 8-ը։

Այս հայտարարությունն արել է ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետ Ջոն Քելլին՝ դիմելով Անվտանգության խորհրդի տասնհինգ անդամ երկրներին, հաղորդում է Reuters-ը։

«Եվ՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան պետք է համաձայնվեն հրադադարի և երկարատև խաղաղության։ Ժամանակն է համաձայնության գալ։ Նախագահ Թրամփը հստակեցրել է, որ դա պետք է արվի մինչև օգոստոսի 8-ը։ Միացյալ Նահանգները պատրաստ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել խաղաղությունն ապահովելու համար», – ասել է Քելլին։

Վաշինգտոնը բանակցություններ է վարել Մոսկվայի հետ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ Ոչ մի առաջընթաց չի գրանցվել, Կրեմլը չի ցանկանում դադարեցնել ագրեսիան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ի եթերում։ Ռուբիոն հաստատել է, որ Ռուսաստանի իշխանությունների հետ ևս մեկ զրույցն անօգուտ է։ «Մենք այս շաբաթ զրույց ունեցանք ռուսների հետ, և մենք ոչ մի առաջընթաց չենք տեսել», – ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։

Ռուսաստանի համար Թրամփի կողմից սահմանված վերջնաժամկետները հարց են առաջացնում. եթե Ռուսաստանը չհամաձայնվի, ապա ի՞նչ։

«Նախագահն ունի տարբերակներ՝ թույլատրելու երկրորդային պատժամիջոցներ ռուսական նավթի վաճառքի նկատմամբ, որը կազմում է նրանց եկամտի մեծ մասը: Կան բանկային պատժամիջոցներ: Բանկերի դեմ ոլորտային պատժամիջոցներ, որոնք նույնպես շատ հզոր կլինեն», – զգուշացրեց պետքարտուղարը։

Վերլուծաբանները, սակայն, զգուշացնում են, որ Թրամփն ունի մեկ այլ տարբերակ՝ հեռանալ բանակցություններից և թույլ տալ, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ինքնուրույն “կարգավորեն” իրենց հարցերը։