Այվազովսկի, Սախարով, բայց ոչ Կանաչ ժամ. Ռուսաստանի երկդիմություն

RTVI-ն հրապարակել է հոդված, որում նշվում է, թե տեղեկություններ չկան ակադեմիկոս Սախարովի հուշարձանի ճակատագրի մասին, որը՝ ՌԴ-ի կողմից խաղաղությունից և ժողովրդավարությունից պաշտոնապես հրաժարվելուց հետո Մոսկվայից տեղափոխվել է Արցախ և տեղադրվել 1988 թվականից Սախարովի անունը կրող թիվ 8 դպրոցի բակում: Այժմ, ասում են, հուշարձանի ճակատագիրը անհայտ է։

Ռուսաստանը չգիտես ինչու հանկարծ անհանգստացավ Արցախում գտնվող հուշարձաններով․ պետական ТАСС գործակալությանը հայտնեց, որ 2021 թվականին ռուսական զորքերի կողմից տեղադրված Այվազովսկու հուշարձանը քանդվել է Ստեփանակերտում: Բաքվի արտաքին գործերի նախարարությունը անմիջապես վրդովվեց Ստեփանակերտ անվան օգտագործումից: Բաքուն զգուշացրեց, որ եթե Մոսկվան չդադարի «տեղանունների աղավաղումից», Բաքուն ևս կսկսի օգտագործել «պատմական անուններ», ինչպիսիք են Քյոնիգսբերգը և Օրինբորը։

Մինչ այդ, ռուսական պետական ТАСС գործակալության անփոխարինելի ​​փոխտնօրեն Գուսմանը, ուկրաինացի Գորդոնի և այլ կուրբանովաների հետ միասին, այցելել է օկուպացված Արցախ և գովեստի խոսքեր ասել Ալիևին: Մոսկվա վերադառնալուց հետո Գուսմանն ազատվել է աշխատանքից:

Ռուս քարոզիչներ Սոլովյովն ու Մարգարիտա Սիմոնյանը վրդովված էին Գուսմանի օկուպացված Արցախ այցելությունից, բայց ոչ այն պատճառով, որ այն անտեղի էին համարում։ «Շուշիում լինելը և Բաքվի բանտերում տառապող ռուս լրագրողների ճակատագրի մասին չհետաքրքրվելը ոչ միայն ստորություն է, այլև դավաճանություն», – ասել է Վլադիմիր Սոլովյովը։

Նա ոչ մի խոսք չասաց այն մասին, որ նույն բանտերում տառապում են տասնյակ հայեր, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որոնք 2023 թվականի հոկտեմբերի սկզբին Արցախում ռուսական օկուպացիոն ուժերի կողմից որպես պատանդ հանձնվել են Ալիևին։

Սոլովյովն ու Սիմոնյանը, ինչպես նաև ՏԱՍՍ-ը, ոչ մի խոսք չասացին Արցախում ավերված քրիստոնեական եկեղեցիների՝ Շուշիի Կանաչ ժամի, Բերձորի եկեղեցու, Մարիամազորի մասին, որը Սարգսաշենի և Քարին տակ գյուղերի հետ միասին ամբողջությամբ ջնջվել է երկրի երեսից։

Թեկուզ հարցնելն իմաստ չունի. ռուսական զորքերը 2020 թվականին Արցախում հայտնվեցին՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ համաձայնությամբ կանխելու համար դիմադրությունը, հայ ժողովրդի պայքարը իր իրավունքների համար և ցեղասպանության սպառնալիքի տակ ստիպելու նրանց լքել իրենց հազարամյա հայրենիքը, ինչպես արեցին Կարսում 20-րդ դարի սկզբին: Հիմա ռուսները՝ կրկին ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ համաձայնությամբ, նույնն են անում Սյունիքի հետ։

Կարսի պայմանագրի ուրվականը պտտվում է Ռուսաստանի և Թուրքիայի վրա, և նրանք չեն կարող ավարտին հասցնել 2019 թվականին մեկնարկած համատեղ ծրագիրը՝ դուրս գալու Կարսի պայմանագրից՝ առանց այդ պայմանագրով սահմանված սահմանները փոխելու: Փորձելով մասնատել Հայաստանը՝ նրանք քայքայում են իրենց սեփական հիմքերը։

«Ես ինձ դժբախտ չեմ համարում, որովհետեւ հենց ես եմ Ազնավուրի ընտրյալը»

«Իմ կյանքի ամենաերջանիկ տարին 2017 թվականն է»,– այսքան պարզ ու կարճ է նկարագրում Ազնավուրին հանդիպելու պահը Մարիամը՝ Մարտունու հավերժ քաղաքապետ Ազնավուր Սաղյանի կինը։

Մարիամն ու Ազնավուրը ոչ երկար, բայց երջանիկ ու լիարժեք ամուսնական կյանք ունեցան։ Նրանք ունեն երեք երեխա՝ Նարե, Վարուժան, Նանե։ Մարտունում ամուսնանալը Մարիամի երազանքներից մեկն էր։ «Իմ գրեթե բոլոր երազանքները կատարվել են»,– ասում է նա ու հավելում, որ իրեն այսօր էլ դժբախտ չի համարում, քանի որ հենց ինքը դարձավ Ազնավուրի ընտրյալը, և այդ կարճ, բայց բովանդակային միասնությունից ծնվեցին երեք զավակներ։

44-օրյա պատերազմի ընթացքում Մարիամը նորովի բացահայտեց իր ամուսնուն։ Այդ օրերին Ազնավուրը փոխքաղաքապետ էր, և Մարիամը վստահ էր, որ նա հիմնականում քաղաքում է լինում։

«Պատերազմի վերջին օրերին միայն իմացա, որ լինում է ամեն տեղ՝ բացի իր աշխատավայրից։ Վարուժանն այդ ժամանակ մեկ տարեկան չկար, ու նոր էր սկսում մի քանի բառ ասել։ Առաջին բառը, որ սովորեցրի՝ «պապա»-ն էր։ Վերադառնալուց հետո Ազնավուրը խոստովանեց, որ հենց այդ տեսանյութն էր պատերազմի ժամանակ իրեն ամենաշատ ուժը տալիս»,– պատմում է Մարիամը։

Էությամբ զուսպ ու հանգիստ կնոջ համար դժվար էր պատերազմից հետո տուն վերադառնալը։ Ցանկությունը մեծ էր, բայց պարտված պատերազմի, տարածքների ու ընկերների կորստից հետո Ազնավուրին հանդիպելը հեշտ չէր։

«Վերադարձանք Մարտունի մի անձրեւոտ ու մութ օր։ Լույս չկար։ Մեքենաների լույսերի տակ տեսա Ազնավուրին, ով եղբոր հետ շենքի բակում մեզ էր սպասում։ Ամաչեցի գրկել»,– հիշում է Մարիամն ու ափսոսում բաց թողնված բոլոր պահերի համար, երբ չգրկեց ամուսնուն։

Պատերազմից հետո երեխա ունենալը ևս մարտահրավեր էր Ազնավուրի համար։ Կորսված կյանքերի ու Արցախում ապագա տեսնելու համառության մեջ ծնվեց նրանց երրորդ երեխան՝ Նանեն, ով, ցավոք, շատ քիչ ժամանակ ունեցավ ճանաչելու հայրիկին։

Պատերազմից հետո Ազնավուրը դարձավ Մարտունու քաղաքապետ։ Սերն ու հարգանքը համատարած էին։ Նա այն մարդն էր, ով ժպիտով էլ կարողանում էր հուսադրել։ Տեղահանվածների համար Մարտունին դարձավ երկրորդ տուն, իսկ ավերված քաղաքը՝ վերականգնված բնակավայր։

Շրջափակման ամենադժվար օրերին Ազնավուրը փորձում էր հավասարություն հաստատել քաղաքում։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, ամենասովորական պես դուրս եկավ տնից։ «Ամենաշատը զղջում եմ հենց այդ օրվա համար, որ շատ սովորականի պես ճանապարհեցի նրան։ Աստիճաններով հանգիստ իջավ․․․ Դա վերջին անգամն էր, որ տեսա իրեն»,– հիշում է Մարիամը։

«Երբ սկսվեց հրետակոծությունը, առաջին հերթին երեխաների մասին էի մտածում, որոնք մանկապարտեզում էին։ Մի կերպ կարողացա զանգել, բայց խոսել հնարավոր չէր։ Հետո իմացա, որ Ազնավուրը եկել էր շենք՝ համոզվելու, որ բոլորը ապահով են, գնացել էր մանկապարտեզ, բայց երեխաներին այդպես էլ չէր տեսել»,– ասում է Մարիամը։

Սեպտեմբերի 19-ի երեկոյան Ազնավուրը այլևս չկար։ Նկուղից նկուղ բոթը պտտվում է։ Մարդիկ՝ լուռ կամ բարձրաձայն, դողալով ողբում էին նրա համար։ Իսկ հարազատներին ոչ ոք չէր համարձակվում որևէ բան ասել։ Այն նկուղում, որտեղ ես էի՝ մանկապարտեզի նկուղում, դաստիարակները երեխաների համար վերջին մակարոնի տուփն էին բացում եւ լացելով հիշում, որ մի քանի օր առաջ էր Ազնավուրը մի կերպ գտել ու բերել երեխաների համար։

«Երբ մոտենում էինք նկուղում որևէ մեկին, անմիջապես լռում էին։ Իմացա, որ մեր դասընկերը՝ Նվերն է զոհվել։ Ցնցված էի։ Նա նորապսակ էր։ Ցավում էի նրա կնոջ համար՝ չգիտակցելով, որ մենք արդեն ճակատագրակից ենք»,– պատմում է Մարիամը։

Տեղահանությունն ու հայրենազրկումը բթացրել էին անձնական ցավի հանդեպ զգացողությունը։ Միակ նպատակը դարձել էր Ազնավուրին Եռաբլուրում հուղարկավորելը։ Այսօր նրա գերեզմանը սրբատեղի է դարձել՝ միասնական հուշակոթող, որտեղ այցելում են հազարավոր մարդիկ՝ հանդիպելու քաղաքը սեփական մարմնով պաշտպանած, անձնազոհ քաղաքապետին։

Մարիամը հաճախ է լինում Ազնավուրի մոտ։ Երկար, ոսկրոտ մատներով մաքրում է գերեզմանաքարը՝ սիրելիին գրկելու, զրուցելու, զսպված հույզերը արտահայտելու։

«Երբ նկուղում հարցրեցին՝ քանի երեխա ունեք, պատասխանեցի՝ երեք։ Բայց ես ու Ազնավուրը պլանավորում էինք չորրորդ երեխան ունենալ։ Դա ասել չկարողացա։ Կարծես մեկը զսպում էր ինձ»,– ասում է Մարիամը։

Չորրորդ երեխա չունեցան։ Բայց վերջին շրջանում ծնվեցին շատ ու շատ Ազնավուրներ։ «Երբ մեր ընկերներից մեկը իր որդուն Ազնավուր կոչեց, չգիտեի ինչ եմ զգում։ Ցավը, հպարտությունը, ջղայնությունը խառնվել էին իրար։ Դժվարանում էի անունը տալ։ Բայց երբ Շանթը իր որդուն Ազնավուր կոչեց, հասկացա՝ Ազնավուրը պիտի ապրի նոր ծնվող ու ծնվելիք Ազնավուրների մեջ։ Որ մի օր տուն վերադառնալու մեր երազանքն էլ իրականություն դառնա»,– ասում է Մարիամը։

Ու թեեւ չհասցրին միասին մեծացնել իրենց երեք երեխաներին, Մարիամն իրեն դժբախտ չի ուզում համարել, որովհետեւ իր կյանքի մեծագույն ձեռքբերումներից մեկը հենց Ազնավուրի կինը, Ազնավուրի ընտրյալը լինելն է։

Մարիամ Սարգսյան