Փաշինյանը մեղադրեց Բայդենին, որը Ալիևին թույլ չէր տալիս ուժով վերցնել “միջանցքը”

Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով նախկին օգնական Ջեյմս Օ’Բրայենi հայտարարություններին, հիշեցրել է 2021-ի, 2022-ի և 2023-ի իրադարձությունները։ “Մենք երբեք բավարարված չենք եղել այն արձագանքից և աշխատանքից, որ Միացյալ Նահանգների այդ պահին գործող վարչակազմը իրականացրել է մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգին աջակցելու համար”, ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Օ՛Բրայենը հոդված է հրապարակել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև-Թրամփ ձեռք բերված պայմանավորվախությունների մասին։ Նա ի թիվս այլ բաների պնդել է, որ Բայդենի վարչակազմի կողմից առաջարկված «գործնական խաղաղություն» սկզբունքի հիմքերից մեկն ԱՄՆ-ի խոստումն էր՝ պատժամիջոցներ կիրառել այն պաշտոնյաների և ընկերությունների նկատմամբ, որոնք կառուցում, շահագործում կամ օգտագործում են միջանցքը՝ առանց Հայաստանի համաձայնության, ասում է դիվանագետը։ Ալիևի տեսանկյունից՝ ԱՄՆ-ի խոստումը՝ աջակցել միջանցքին հիմա, նախքան Հայաստանը կձեռնարկի իր Սահմանադրության փոփոխության վերջին քայլը, կարող է նշանակել, որ այս լծակը զիջվել է, ասել է Օ՛Բրայենը։ Նա նաև նշել է, որ Վաշինգտոնն այլևս չի մտահոգվում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում 2020 և 2023 թվականների ռազմական գործողություններով։

Կարծես, հենց այս պնդումներն են Փաշինյանին ստիպել բավականին կոշտ արտահայտել Բայդենի վարչակազմի մասին։ ԱՄՆ դիրքորոշման փոփոխության մեջ Օ՛Բրայենը մեղադրում է ոչ միայն Թրամփին, այլ Հայաստանի իշխանությույններին, որոնք բաց են թողել կարևոր լծակը։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայանը՝ 2023-ի նոյեմբերի 27- ին նախազգուշացրել էր՝ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ խաղաղ ճանապարհով» առևտրային ուղիների վերաբացման դեպքում, ԱՄՆ-ն կկիրառի իր տրամադրության ներքո եղած ողջ գործիքակազմը՝ խափանելու այն”:

Երեկ Ալիևն ասել է, որ եթե նրանք ուզենային, վաղուց գրաված կլինեին հայ-իրանական սահմանը։ Ստացվում է սակայն, որ Բայդենի վարչակազմը դա թույլ չէր տալիս։

Հիմա, երբ թույլտվությունը կա, Ալիևը ուղղակի կսպասի մինչև Հայաստանում ընտրությունների ավարտը․ նա կամ “խաղաղ ճանապարհով” կստանա միջանցքը, կամ կվերցնի այն ուժով։

Օգոստոսի 8-ը ոչ թե հետաձգված խաղաղություն է, այլ հետաձգված պատերազմ, զգուշացնում է Օ’Բրայանը։

 

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը վերանորոգման ժամանակ չի փակվի

Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքները մեծ աղմուկ են բարձրացրել՝ ՀՀ իշխանության Թուրքիայի հետ “հաշտեցման” ֆոնին։ Սակայն կառավարությունը հավաստւացնում է, որ վերանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար:

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, այցելուների հոսքին չխոչընդոտելու նպատակով մույթերը հերթով են հիմնանորոգվում. այժմ ընթանում են առաջին երեք մույթերի վերականգնման աշխատանքները:

«Ինչո՞ւ են անընդհատ խնդիրներ ստեղծում։ Ոչ տուն, ոչ աշխատանք, ոչ առողջություն»

Հրայր Գաբրիելյանն 5 երեխա ունի։ Տղամարդը մինչև 35 տարեկանը ապրել է Ասկերանում, ընտանիք կազմել, պատերազմների ժամանակ պաշտպանել է իր տունը և տարիներով բուժել վերքերը։

Արցախից բռնի տեղահանվելուց հետո Գաբրիելյանները բնակություն են հաստատել Արտաշատում։ Նրանք տուն և հող են վարձակալել, որ գյուղատնտեսությամբ զբաղվեն։ Վերջերս, այլ հիվանդություններից բացի, բժիշկները տղամարդու մոտ ախտորոշել են սրտի հետ կապված խնդիրներ՝ կտրականապես արգելելով ֆիզիկական ակտիվությունը։ Այժմ նա ստիպված է փնտրել այլ աշխատանք, բայց ապարդյուն։ Իսկ եթե նա չենթարկվի բժիշկներին, կա վտանգ, որ երեխաները կմնան առանց հոր։

Տղամարդը պատմում է, որ երբ ստանում էին «40+10» աջակցություն, ավելի հեշտ էր հաղթահարել սոցիալական խնդիրները։ Հիմա միայն երեխաներն են ստանում 30 հազար դրամ, բայց ամեն ինչ գնում է բնակարանի վարձի վճարմանը։ Նա պլանավորել էր վաճառել բերքի մի մասը, բայց կարկուտը ոչնչացրել է ամեն ինչ։

Բժիշկները խոսում են շտապ վիրահատության մասին, իսկ երեխաները սեպտեմբերի 1-ից կգնան դպրոց։

«Ես անհույս վիճակում եմ։ Պետք է գնեմ երեխաներին անհրաժեշտ պարագաները դպրոցի համար, որպեսզի նրանք չամաչեն։ Միևնույն ժամանակ, պետք է վճարեմ բնակարանի համար։ Լրացուցիչ աշխատանքը, որը ես և կինս կարողանում ենք ստանալ, գնում է սննդի։ Ես չեմ կարող պարտք վերցնել, քանի որ իմ հարազատներն ու ընկերները նույն վիճակում են, ինչ մենք՝ սովորական ընտանիքներ, որոնք ապրում են աշխատավարձով»։

Ընտանիքը դիմել է կառավարությանը՝ արտակարգ օգնության ծրագրի շրջանակներում, բայց նրանց մերժել են։ Ամիսներ շարունակ նա չի կարողանում վերականգնել հաշմանդամությունը Հայաստանում բյուրոկրատական ​​քաշքշուկների պատճառով։

Որոշ ժամանակ առաջ տղամարդը մտածում էր այլ երկիր աշխատանքի գնալու մասին։ Սակայն սրտի խնդիրները մի կողմ են դրել այդ ծրագրերը։ Այժմ ընտանիքը մտածում է քաղաքացիություն ստանալու մասին՝ վկայականները օգտագործելու և Հայաստանի մարզերի գյուղերից մեկում տուն գնելու համար։ Սակայն նրանք կասկածում են, որ կստացվի, քանի որ վկայական ստացած իրենց ընկերներից ոչ մեկը չի կարողանում բնակարան գտնել։ Բանկերը վարկեր չեն տրամադրում, քանի որ մշտական ​​և բարձր եկամուտ չկա։

Ընտանիքը նաև վախենում է, որ անձնագրերը փոխելուց հետո կկորցնեն իրենց ընտանեկան տան, նախնիների գերեզմանների և վերադառնալու իրավունքը։

«Ինչո՞ւ են մեզ համար անընդհատ խոչընդոտներ ստեղծում։ Ոչ տուն, ոչ աշխատանք, ոչ առողջություն։ Ծնողները զրկված են իրենց երեխաներին պատշաճ մանկություն ապահովելու հնարավորությունից։ Ինչպե՞ս կարող ենք նրանց բացատրել, որ դպրոց կգնան առանց նոր հագուստի։ Ինչպե՞ս կարող ենք նրանց բացատրել, որ մենք անօթևան կմնանք, եթե հայրիկը վիրահատվի կամ եթե մենք նրանց համար դպրոցական համազգեստ գնենք»։

ՀՀ կառավարությունը կասեցրել է «40+10 հազար դրամ» փախստականների աջակցության ծրագիրը։ Հուլիսի 1-ից մինչև տարեվերջ խոցելի խմբերի փախստականները միայն կստանան 30 հազար դրամ։ Իսկ հետո անորոշություն է։

Նոր ուսումնական տարվա նախօրեին հասարակական գործիչները մոնիթորինգի ընթացքում բացահայտել են արցախցի ավելի քան 10 հազար երեխաների, որոնք խիստ կարիք ունեն դպրոցական պարագաների, պայուսակների և հագուստի։

Ալվարդ Գրիգորյան

Երեք երեխաներիս համար 100000 դրամից ավել հագուստ ու կոշիկ եմ պատվիրել

Նոր ուսումնական տարվա մեկնարկին հաշված օրեր են մնացել։ Այդ օրը բոլոր երեխաները ցանկանում են հավուր պատշաճի ներկայանալ դպրոց հագնել նոր հագուստ, կոշիկ ու կրել գեղեցիկ պայուսակ՝ անհրաժեշտ գրենական պիտույքներով։ Ծնողները կրկին կանգնած են խնդրի առաջ՝ ինչպես պատրաստել երեխային, որ կարողանան տեղավորվել ընտանեկան բյուջեի մեջ։ Առանձնապես դժվար է տեղահանված արցախցիների համար, ովքեր ապրում եմ վարձակալած բնակարններում և մի կերպ են կարողանում վճարել վարձավճարները կկարողանա՞ն արդյոք հավուր պատշաճի պատրաստվել։ Իհարկե, բոլոր ծնողներն էլ ուզում են, որ իրենց երեխաները լավ տեսք ունենան և ուրախ սրտով մտնեն դպրոց։

Փորձեցինք ծնողներից իմանալ, թե ինչպես են պատրաստվում և ինչքան գումար է հարկավոր դպրոցին նախապատրաստվելու համար։

Մարիաննա Գուրգենյանը 4 դստրերի մայր է բնակվում է Մեծամորում

-Ճիշտն ասած, հունիս ամսվանից եմ պատրաստվում նոր ուսումնական տարվան, որպեսզի կարողանամ երեխաներին, ինչպես Արցախում, այստեղ ևս կոկիկ ուղարկել դպրոց։  Հիմնականում համացանցով եմ պատվերներ տվել ու ավելի մատչելի գներով մաս-մաս ձեռք բերել ։ Չհաշված գրենական պիտույքները, երեք երեխաներիս համար ավելի քան 100000 դրամ գումարի հագուստ ու կոշիկ եմ պատվիրել։ Եթե գնեի խանութներից կամ շուկայից, համոզված եմ՝ կվճարեի դրա կրկնապատիկը։ Ավագ դուստրս՝ Մանեն, սովորում է Արմավիրի արվեստի պետական քոլեջի <<Դիզայն և մոդելավորում>> բաժնում։ Արդեն երկրորդ կուրսի ուսանողուհի է, գերազանց գնահատականների շնորհիվ անվճար է սովորում, ինչը օգնում է մեր ընտանիքի ֆինանսական վիճակին։ Նարեն ու Մարիան դպրոց են գնում, փոքրս՝ Եվան, դեռ մի տարեկան չկա։

Իհարկե, դժվարություններ շատ կան, սակայն ամուսնուս հետ փորձում ենք մեր երեխաների համար բարեկեցիկ կյանք ապահովել, անել ամեն ինչ, որ նորմալ կրթություն ու դաստիարակություն ստանան։ Արցախում հիմքը լավ է դրվել, ու մենք անում ենք հնարավորը, որ նրանք հաստատուն քայլերով առաջ գնան։

Ամբողջ ամռան ընթացքում ամուսինս աշխատել է, հող մշակել, որ կարողանանք ապահովել մեր ընտանիքի կարիքները։ Մեզ օգնում են նաև ամուսնուս ու իմ ծնողները։

Անահիտ Սարգսյանն ապրում է Վանաձորում ունի 2 դպրոցահասակ որդի

-Երեխաների համար գնել եմ հագուստ (վերնաշապիկներ, տաբատներ) ու կոշիկ՝ յուրաքանչյուրի համար ծախսելով 50 հազարական դրամ։ Դեռևս պայուսակ ու գրենական պիտույքներ չեմ գնել, որովհետև գումարը չի հերիքել։ Սպասում եմ, որ մինչև սեպտեմբերի 1-ը իմ աշխատավարձը տրամադրեն, որ կարողանամ լրացնել պակասը։ Ասում են՝ տղաներին հեշտ է պատրաստել դպրոց գնալու համար, սակայն դա այդպես չէ։ Տղաներս արդեն ավագ դպրոց են հաճախում, նրանց պահանջները մեծ են, սակայն կարողանում ենք իրար հետ փոխըմբռնում գտնել։ Ավագ որդուս խոստացել եմ հաջորդ տարի միջնակարգն ավարտելու կապակցությամբ կոստյում գնել։ Կարևորը խաղաղություն լինի։

Անուշ Գաբրիելյանն ապրում է Արտաշատ համայնքի Բյուրավան գյուղում ունի 5 երեխա, որոնցից 4-ը դպրոցահասակ են

 -Ամեն տարի այս օրերին եռուզեռի մեջ ենք ընկնում, որովհետև բազմազավակ ծնողի համար հեշտ չէ երեխաներին դպրոց ուղարկել։ Չորս երեխաներս գնում են դպրոց։ Այս տարի 4-րդ երեխաս առաջին դասարան է հաճախելու։ Նրան առանձնահատուկ ուշադրություն պետք է հատկացնենք ու ամեն ինչ նորը ձեռք բերենք։ Մենակ պայուսակներ ու գրենական պտույքներ ենք գնել։ Նախատեսում ենք այս օրերին նաև հագուստ ու կոշիկ գնել որևէ էժանագին խանութից։ Թեև գիտենք, որ էժան ապրանքն այնքան էլ որակյալ չէ, սակայն մեր ֆինանսական վիճակը մի կերպ դա կարող է թույլ տալ։ 4 երեխաներիս համար առնվազն 200000 դրամ գումար է հարկավոր։

Արևիկ Գրիգորյանը մեկ դուստր ունի ապրում են Երևանում

-Իմ աղջիկն արդեն պատրաստ է դպրոց գնալու։ Իհարկե, նախորդ տարվա հագուստը ևս կհագնի ուսումնական տարվա ընթացքում։ Այս տարվա համար դպրոցական, սպորտային հագուստ, կոշիկներ և գրենական պիտույքներ ձեռք բերելու համար ծախսել եմ մոտ 60 հազար դրամ։ Աղջիկս արդեն հաճախում է 4-րդ դասարան, ինչպես նաև տարբեր խմբակներ։ Լավ է սովորում, մենք փորձում ենք նրան տալ այն ամենն, ինչ հարկավոր է յուրաքանչյուր երեխայի, իսկ դա անհոգ ու ապահով մանկությունն է։ Երեխան մեղավոր չէ, որ բռնատեղահանվել է իր հայրենիքից։ Նա պետք է դպրոց գնա, սովորի ու լավ մարդ դառնա։

Ամեն տարի սեպտեմբերի 1-ի նախօրեին նույն եռուզեռն է տարբերությունն այն է, որ տարեցտարի թանկացում է նկատվում ամեն ինչի մեջ։ Մեկ երեխայի համար առնվազն 50000 դրամ գումար է հարկավոր։ Ծնողները կաշվից դուրս են գալիս, որ կարողանան իրենց երեխաներին ուղարկել դպրոց, սակայն ոչ բոլորին է դա հաջողվում։ Կան ծնողներ (չցանկացան բացահայտվել), որոնց երեխաները սեպտեմբերի 1-ին դպրոց չեն գնալու, քանի որ պատրաստ չեն այդ կարևոր օրվան մի քանի օրից հետո կգնան, որ չնեղվեն իրենց հագուկապից, որ չհամեմատվեն։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ռուսաստանը դրոններով և հրթիռներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային

Գիշերը Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարածքին։ Հարձակումից վնասվել է մայրաքաղաքը և մի քանի շրջաններ. կան զոհեր, վիրավորներ և մեծածավալ ավերածություններ, հաղորդում է Dialog.UA-ն։ Կիևում ռուսական հարվածները հանգեցրել են ողբերգական հետևանքների։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ զոհվել է ութ խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու երեխա։ Վիրավորվել է 38 մարդ, այդ թվում՝ անչափահասներ, 30 մարդ հոսպիտալացվել է։

Մայրաքաղաքում հրդեհներ և ավերածություններ են գրանցվել քսանից ավելի վայրերում։ Ուղիղ հարվածից ավերվել է հինգհարկանի բնակելի շենք, մարդիկ մնում են փլատակների տակ։ Վնասվել են բարձրահարկ շենքեր, մասնավոր տներ, գրասենյակային շենքեր, առևտրի կենտրոն, մանկապարտեզ և կայանատեղի։

Նախընտրական պայքար․ հասարակությունը Արցախը փակագծերից դո՞ւրս չի դնում

Ինպիչմենտի գործընթացի ձախողումից և օգոստոսի 8-ին Վաշինգրոնյան գործընթացներից հետո Հայաստանում մեծ թափով մեկնարկել է նախընտրական պայքարը։ 

Մինչ հիմա ցանկացած պայքարի հիմքում Ղարաբաղյան ժարժումն էր՝ որպես ազգային գաղափարախոսության առանցք։ Հիմա ոչ մի կուսակցություն դեռ չի ներկայացրել խաղաղության իր գաղափարախոսությունը։ Առավելագույնը խոսվում է արցախցիների վերադարձի մասին և գրեթե չի խոսվում Միացումի, Արցախի դեօկուպացիայի մասին։ Այսինքն՝ այս հարցով Հայաստանի քաղաքական դաշտում մեծ տարաձայնություններ չկան, իսկ իշխանությույան դիրքերն այս հարցում ավելի ուժեղ են։ Սակայն հասարակությունը Արցախի հարցը փակագծերից դուրս չի դնում, և քաղաքական ուժերը ստիպված կլինեն դիրքորոշում հայտնել այդ հարցի շուրջ։

Մինչ իշխանությունը փորձում է օգտվել «նախընտրական զինադադարից», ինչպես օգոստոսի 8-ը անվանում է Լևոն Զուրաբյանը, և ներկայանալ որպես խաղաղության մոնոպոլիստ, մնացած ուժերը փորձում են համախմբվել։ Բոլորը գիտեն, որ ներկայիս ընտրական համակարգով առանձին-առանձին անիմաստ է գնալ ընտրություններին, քանի որ եթե քիչ ձայներ հավաքես, դրանք բաժին կհասնեն խոշոր միավորումներին։

Արդեն նկատելի են որոշ գործընթացներ։

Սամվել Կարապետյանի ընտանիքը պատրաստվում է ստեղծել «Մեր ձեւով» կուսակցություն։ Արդեն հայտարարվել է, որ այն կապ չունի Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։

Թեկուզ Սերժ Սարգսյանը ասել է, որ կսատարի Կարապետյանի կուսակցությանը, բայց նաև հայարարել է, որ ընտրություններին մասնակցելու ՀՀԿ-ն որոշում դեռ չի ընդունել։

Ինչ վերաբերվում է Քոչարյանին, ապա տեղեկություն կա, որ ՀՅԴ-ն ուզում է անջատվել երկրորդ նախագահից և ինքնուրույն գնալ ընտրություններին։

Ղարաբաղյան հարցի «բացակայությունը» դիսկուրսում խաղից դուրս է դնում նաև առաջին, երկրորդ և երրորդ նախագահներին, որոնք օրգանիկորեն կապված են Արցախյան խնդրի հետ։

ԶԼՄ-ը գրում են, որ օրերս հանդիպել են ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, «Հաղթանակ» կուսակցության ղեկավար Վիկտոր Մնացականյանը, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրներից Մեսրոպ Առաքելյանը եւ «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր, «Հայոց տուն» նախաձեռնության հիմնադիր անդամ Արմեն Չարչյանը։

Բավական աղմուկ է հանել նաև իրավապաշտպան Նինա Կարապետյանցի մուտքը քաղաքականություն․ նա միացավ ՆԺԱՐ շարշմանը։

Այս պարագայում, եթե չլինի ֆորս մաժոր, Փաշինյանի և ազգային պայքարից ու Արցախից հրաժարվողների հաղթանակը անխուսափելի է դառնում։ Չնայած, որ հասարակությունը այլ կարծիքի է։

Մինչև օգոստոսի 5-ը ARAR հիմնադրամի անցկացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքների համաձայն, հարցին՝ արդյո՞ք Արցախի կորուստը ժամանակավոր է, 91 տոկոսը (2023 թվականին՝ 70 տոկոսը) կարծում է, որ դա ժամանակավոր է։ Միայն 7,3 տոկոսն է Արցախի կորուստն անդառնալի համարում։

Հարցվածների 95 տոկոսը ամենակարևոր խնդիրների շարքում նշել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։

Ասկերան. 2020 թվականի նոյեմբերին վերադառնալուց հետո պատրանքները արագորեն ցրվեցին

Ասկերան քաղաքը 44-օրյա պատերազմի ընթացքում ավերիչ հրետակոծության չենթարկված ղարաբաղյան միակ քաղաքն էր։ Արդեն նոյեմբերին, երբ դադարեցին ռազմական գործողությունները, բնակիչները վերադարձան իրենց տները, այստեղ ժամանեցին նաև մեծ թվով մարդիկ, որոնք բռնի տեղահանվել էին օկուպացված տարածքներից։ Քաղաքի շենքերը անվնաս էին, և ենթակառուցվածքները վերականգնվում էին։

Ասկերանի բնակիչներից մեկի խոսքով՝ սկզբում մարդիկ հույս ունեին կապված խաղաղապահների հետ, սակայն պատրանքները ցրվեցին, երբ ազերիները սկսեցին առևանգել և սպանել խաղաղ բնակիչների, Քարագլուխը հանձնվեց, իսկ շրջափակման ընթացքում պարզ դարձավ, որ Ռուսաստանն ունի իր շահերը, և այսպես կոչված խաղաղապահ առաքելությունը ոչ մի կապ չունի Արցախի ժողովրդի հետ։

Ալվարդ Գրիգորյան

Ասկերան, դեկտեմբեր, 2020 (լուսանկարներ)

Ես չեմ հավատում, որ Մինսկի խմբի լուծարումը ձեռնտու է Եվրոպային

Մինսկի խմբի լուծարման մասին Հայաստանի եւ Ադրբեջանի դիմումից հետո Արցախի խորհրդարանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին իրականացնել իրենց լիազորությունները, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում վետոյի իրավունքը, Մինսկի խմբի լուծարումը կանխելու համար, մինչև չստեղծվեն ամուր երաշխիքներ՝ Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն ապահովելու համար։

Step1.am-ի հետ զրույցում արցախցի գործիչ Գագիկ Ավանեսյանն անդրադարձել է հարցերին, թե ո՞ր երկրները կարող են վետոյի իրավունքը կիրառել, եթե, օրինակ, Մինսկի խմբի համանախագհներից Ֆրանսիան ողջունել է այդ որոշումը։ Եվ արդյոք ի՞նչ հետեւանք կունենա հայկական կողմի համար Մինսկի խմբի լուծարումը։

Ավանեսյանի խոսքով՝ այն, որ մի խումբ երկրներ Հարավային Կովկասում վարում են իրենց ուզած քաղաքականությունը, այնպես չէ, որ մյուս երկրների կողմից միանշանակ ողջունվում կամ ընդունվում է դա։

«Օգոստոսի 8-ին նախաստորագրված փաստաթուղթը ողջունելը ուրիշ հարց է, բայց լուծարել Մինսկի խումբը, ես չեմ հավատում, որ շահագրգիռ երկրները կամ ուժային կենտրոնները Հարավային Կովկաս մտնելու իրենց լծակyը սեփական ձեռքով կոչնչացնեն։ Այսօր Թրամփն է, բայց դա չի նշանակում, որ սա երկար է շարունակվելու, Եվրոպան ունի իր շահերը, եւ Եվրոպայի՝ Հարավային Կովկաս մտնելու տարբերակը Հայաստանն ու Վրաստանն են։ Հայաստանի պարագայում դա Ղարաբաղն ու Մինսկի խումբն է։ Ես չեմ հավատում, որ այդ գործարքը ձեռնտու է Եվրոպային՝ Ֆրանսիան կլինի, Ֆինլանդիան կլինի, թե Գերմանիան։ Դա անգամ վետոյի հարց էլ չի, չեն ստորագրում, եւ վերջ, որովհետեւ դա կոնսենսուսով է ստեղծվել»,- ասաց Ավանեսյանը։

Այն, որ Ֆրանսիան ողջունել է Մինսկի խումբը լուրածելու մասին Հայաստանի ու Ադրբեջանի դիմումը, Գագիկ Ավանեսյանի խոսքով՝ դեռ չի նշանակում, որ հարցը փակվում է, այնտեղ այլ երկրներ էլ կան։

Նրա խոսքով՝ Մինսկի խմբի ստեղծումը նաեւ Հայաստանի սուբյեկտայնության արձանագրումն է։ Մինսկի խումբը միայն Ղարաբաղյան հակամարտության հարցով չի զբաղվում, դրանով նաեւ հայկական շահերն են ճանաչվում։ «Եթե Մինսկի խումբը լուծարվի, Հայաստանի նկատմամբ սպառնալիքները միանշանակ շատանալու են։ Եթե արցախցիների իրավունքների հարցերն անտեսվեն, կարելի է հայերին մաս-մաս տեղահանել։ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ․․․ ինչպես 35 տարի անցել է, եւ այս իրադարձությունների մասին խոսող չկա, այնպես էլ հիմա արցախցիների հարցն են մոռացության տալիս։

Հետո Սյունիքը կլինի, Տավուշը կլինի, աշխարհում նման ճգնաժամային իրավիճակների դեպքում կարող են առիթից օգտվել։ Այսօր աշխարհը Ուկրաինայով է զբաղված, դրա ստվերում տեսնում եք, թե ինչ է արվում։ Փաստորեն Արցախի 2023 թվականի բռնի տեղահանության մասին չեն խոսում, տպավորություն է, որ բոլորը Ուկրաինայով են զբաղված, ոչ ոքի դարդը չէ մեզանով զբաղվել»,- ասաց նա։

Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են գնալ զիջումների ճանապարհով, հիմա էլ «Թրամփի ուղի» անվան տակ միջանցք են տալիս, եւ այս զիջումների վերջը չի երեւում։

Ռոզա Հովհաննիսյան

Հայաստանի անկախության հռչակագրի շուրջ ծիսական պարեր սեպտեմբերի 2-ին

ՀՅ Դաշնակցությունը, բաց թողնելով օգոստոսի 23-ը՝ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը, կոչ արեց սեպտեմբերի 2-ին մասնակցել մեծ հանրահավաքի՝ հանուն «մեր իրավունքների, արժանապատվության, Հայաստանի Հանրապետության»։

Միաժամանակ,  Artur Osipyan-ը դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով պարզաբանել, թե Անկախության հռչակագրի որ կետն է անարդար կամ չի համապատասխանում միջազգային իրավունքին, այդ պատճառով էլ Փաշինյանը փաստաթուղթն անվանեց «պետության չգոյության» հռչակագիր։

Սակայն, ըստ երևույթին, Հայաստանում հազվագյուտ կոնսենսուս է ձևավորվել Անկախության հռչակագիրը և դրանում ամրագրված Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին որոշումը չհիշատակելու վերաբերյալ։

Ավելի տեղին կլիներ, որ Դաշնակցությունը և այլք, ովքեր իսկապես պաշտպանում են Արցախի ժողովրդի իրավունքները, հանրահավաք անցկացնեին օգոստոսի 23-ին։ Սակայն, ըստ կոնսենսուսի, այդ օրը հանրահավաքներ չէին նախատեսվել, և Փաշինյանը ազատորեն, առանց առարկության, այդ օրվա իր ուղերձում բառացիորեն վարկաբեկեց Արցախյան շարժման պատճառները, և դրա հետ մեկտեղ՝ հայ ժողովրդի կամքն ու նրա իրավական գիտակցությունը։

Ալիևը չի պահանջում սեպտեմբերի 2-ի չեղարկումը, այլ պահանջում է Հայաստանի Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրի հղումը, քանի որ հենց այնտեղ են ամրագրված հայերի իրավունքները Արցախի նկատմամբ։

Հայկական քաղաքական ուժերը վախենում են նույնիսկ բարձրաձայն խոսել Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին, քանի որ դա ենթադրում է մեծ պատասխանատվություն։ Ավելի հեշտ է վերցնել դափը և ծիսական պարեր սկսել Անկախության հռչակագրի շուրջ։

Առաջին կուրսում սովորող արցախցիները ևս կստանան կրթաթոշակ՝ ուսման վարձի փոխհատուցման համար

Վերջին շրջանում մեզ հաճախ են դիմում Ղարաբաղից տեղահանված ընտանիքները, նշելով, որ պետությունը նախորդ տարի ունեցավ որոշում, որ ուսման վարձի փոխհատուցման համար կրթաթոշակ տրամադրվեց առաջին կուրս ընդունվածներին, ես ուզում եմ նշել, որ այս քաղաքականությունը կշարունակվի։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այսինքն բոլոր նրանք, որոնք ընդունվել են առաջին կուրս բարձրագույն կրթության մակարդակում, մենք խոսում ենք շուրջ 240 ուսանողի մասին մեր տվյալներով, և նրանք, որոնք կընդունվեն ՄԿՈՒ համակարգ, վճարովի համակարգով, կստանան պետության կողմից կրթաթոշակ ուսման վարձի փոխհատուցման համար։

Առաջիկայում կլինեն համապատասխան կառավարության որոշումները, բայց ես կարևոր եմ համարում դա կոմունիկացնել, որովհետև գիտեմ, որ այս հարցը բավականին բարձրացվում է և տեղին է։ Մյուսները արդեն իսկ ստանում էին, այսինքն նրանք, որոնք արդեն ընդունվել էին և ստանում էին այս ծրագրի շահառու էին, նրանք, ովքեր նոր են ընդունվում, նրանց համար նույնպես պետությունը կկիրառի այս նույն քաղաքականությունը նույն պայմաններով»,– ընդգծեց նախարարը։

Բայրամովի սենսացիոն խոստովանությունը․ ինչու կանգնեցվեց 44-օրյա պատերազմը

Օգոստոսի 8-ից անցած այս մի քանի շաբաթվա մեջ պաշտոնական Բաքուն և Երևանն այնքան բան բացահատեցին, որ ապագա միջազգային տրիբունալին արդեն գործ չի մնա անելու։ 

Նախ, Նիկոլ Փաշինյանը բառացիորեն խոստովանեց, թե ինչու է հրաժարվել 2019 թվականին առաջարկված զիջումներից, չնայած սա 44-օրյա պատերազմից խուսափելու միակ միջոցն էր։ Նա ասաց, որ հակառակ դեպքում Հայաստանը կկորցներ իր անկախությունը։ Նա չմանրամասնեց, թե ինչպես դա կպատահեր, սակայն հավանաբար հույս ուներ, որ Արցախի հարցը վերջնական կփակվեր օկուպացիայով և տեղահանությամբ, և Բաքվի և Անկարայի հետ խաղաղություն կսկսվի։

Սակայն Ռուսաստանը փրկեց Բաքվին, կանգնեցնելով պատերազմը և Արցախ զորք մտցնելով։ Դա Բաքվին թույլ տվեց 3 տարի ուժ հավաքել, ստանալ համաշխարհային ուժերի կոնսենսուս և հարմար պահի ավարտել գործը։

Այսօր դա խոստովանեց Բաքվի ԱԳՆ ղեկավար Բայրամովը, որն ասաց, որ 44-օրյա պատերազմի շարունակությունը Ադրբեջանին սպառնում էր շատ վտանգավոր սցենարներով։

Նա բացատրել է, որ Ալիևի որոշումը՝ դադարեցնել պատերազմը «Ստեփանակերտից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա» փրկել է Ադրբեջանին շատ վտանգավոր սցենարներից։ Բայրամովը մանրամասնել է, որ կանխվել է տարածաշրջանում արտաքին միջամտությունը, Բաքուն նաև խուսափել է միջազգային ճնշումից՝ էթնիկ զտումների մեղադրանքներով։ Ռուսական միջամտությունը Բայրամովը “արտաքին” չի համարում։

Նա հայտնել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում «մի շարք առաջատար խաղացողներ» սպառնացել են Ադրբեջանին պատժամիջոցներով։

Ո՞վ էր սպառնացել Ալիևին և ի՞նչ կլիներ, եթե 2020 թ․ ամեն ինչ ավարտվեր։ Ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը չի թմբկահարել, չի ստիպել այդ խաղացողներին սանձել Ալիևին, միջազգային զորքեր մտցնել Արցախ և հայտարարել օկուպացիայի մասի։ Ինչո՞ւ է ստորագրվել հենց Պուտինի ներկայացված “խաղաղությունը”։

Երբևէ Փաշինյանը նաև այս հարցերին կպատասխանի։

Իսկ այսօր Ալիևն է խոստովանել, որ «եթե մենք ցանկանայինք արգելափակել հայ-իրանական սահմանը, դա կանեինք դեռ 2020 թվականի նոյեմբերին»: Նա չի ասել, թե ինչու դա չարեցին՝ որ Իրանը զենք է կուտակել սահմանին, իսկ միջազգային խաղացողները սանկցիանեով էին սպառնում։

Նա շեշտել է միայն, որ ռազմական տեսանկյունից Սյունիքի հարավային հատվածի գրավումը լուրջ դժվարություն Բաքվի համար չէր ներկայացնում։

Ապա ինչո՞ւ չգրավեցին։ Գուցե, Հայաստանը խոսք է տվել ամեն ինչ “խաղաղությա՞մբ” անել։

Նաիրա Հայրումյան

Քրիստինե․ Երեխաներս հագուստ չունեն, որ գնան դպրոց

Լոռու մարզի Դեբետ գուղում է ապրում Արցախից տեղահանված Քրիստինե Թանդիլյանի ընտանիքը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ թշնամու վերահսկողության տակ է անցել Քաշաթաղի շրջանը, նրանց ընտանիքը տեղափոխվել է Հայաստան։ Նախ բնակություն հաստատել Աքորի գյուղում, ապա՝ Դեբետում, որտեղ նրանց մի փոքրիկ տուն է հատկացվել։

Տեղահանված ընտանիքը շատ ծանր պայմաններում է ապրում։

-Երեք երեխա ունեմ։ Ավագ որդիս՝ Գոռը, 18 տարեկան է։ Մոտ 2 ամիս է, ինչ մեկնել է ծառայության․ այն անց է կացնում մեզանից հեռու գտնվող զորամասում։ Ոչ մի հնարավորություն չունենք նրան տեսակցության գնալու, ինչի համար շատ ենք նեղվում՝ իմանալով, որ մեր որդու աչքը ճանապարհին է։

Դուստրս՝ Մարիամը, 11 տարեկան է, փոխադրվել է 5-րդ դասարան, իսկ փոքր որդիս՝ Գարիկը, 9 տարեկան է։ Նա 3-րդ խմբի հաշմանդամություն ունի։ Այդ պատճառով չեմ կարողանում աշխատանքի գնալ, որովհետև երեխաս անընդհատ իմ հսկողության տակ է գտնվում։ Քաշաթաղում աշխատում էինք, մեր կարիքները հոգում։ Այստեղ շատ դժվար է, մի կերպ ենք գոյատևում։ Մի քանի ամիս առաջ ամուսինս աշխատանք գտնելու համար մեկնել է Երևան, սակայն մինչև հիմա դեռ աշխատավարձ չի ստացել։ Շուտով սեպտեմբերի 1-ն է։ Երեխաներս դեռ պատրաստ չեն դպրոց գնալու։ Ոչ հագուստ ունեն, ոչ կոշիկ, ոչ էլ գրենական պիտույքներ։ Մարիամը հրաշքի է սպասում, որ ինքն էլ բոլոր երեխաների նման գեղեցիկ շորեր, պայուսակ կունենա ու անպայման կգնա դպրոց։ Ինչքան էլ բացատրում եմ, որ հնարավորություն չունենք, միևնույն է երեխաներս սպասում են, որ կգտնվեն բարի մարդիկ ու կօգնեն մեր ընտանիքին,- ասում է Քրիստինեն ու ավելացնում, որ տանն անգամ սնունդ չկա։ Տատիկն էլ ոտքը կոտրել է, խնամքի կարիք ունի։

Թանդիլյանները չգիտեն, թե երբ հաջողությունը կժպտա իրենց, երբ կկարողանան բոլորի նման լիարժեք ապրել ու չմտածել՝ ինչ եփել ճաշին, ինչպես սնունդ հայթայթել։

Այս ընտանիքը զրկված է նորմալ ապրելու համար ամենասովորական պայմաններից։ Չունեն հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա։ 11-ամյա Մարիամը երազում է հեռախոս ունենալ, որ կարողանա երբեմն զանգահարել զինվոր եղբորը, լսել նրա բարի խորհուրդները:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ