Այսօր Անկախության հռչակագրի օրն է․ Արցախը Հայաստան է

1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որը, ի թիվս այլ սկզբունքների, հիմնված էր 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշման և Առաջին հանրապետության ավանդույթների վրա։

Անկախության Հռչակագիր

 

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է

անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:

2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:

3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից:

5. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը: Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը: Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:

7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:

8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ:

9. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում:

10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:

11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:

Դավիթ Գալստյանի կալանքը եւս 3 ամսով երկարաձգվեց

Շատ հանրահավաքների եմ մասնակցելու, սակայն այդ ընթացքում ոչ բերման եմ ենթարկվել, ոչ էլ վարչական պատասխանատվության եմ ենթարկվել։ Այս մասին դատարանում հայտարարեց Արցախի Աժ պատգմավոր Դավիթ Գալստյանը։

«Ինչ վերաբերում է պայթուցիկներին, մեղադրող կողմն ամեն ծնունդի ու Ամանորի հրավառություն է անում, իսկ մեր տանը 2020 թվականից մինչեւ հիմա անգամ տոնածառ չենք դնում, քանի որ երեխաներիս քեռին անհետ կորած է։ Իմ վերջին գնած պայթուցիկը կրակայրիչն է, եթե դա համարվում է ահաբեկչություն կազմակերպելու իր, ապա մտածում եմ՝ մենք տեղերով պիտի փոխվենք մեղադրողի հետ»,– ասաց պատգամավորը։

Դատավորը որոշում կայացրեց Դավիթ Գալստյանի կալանքը եւս 3 ամսով երկարաձգել։

Արցախցի Էդուարդ Հակոբյանի ընտանիքը օգոստոսի 25-ին կհայտնվի փողոցում՝ բնակարանի վարձը չվճարելու պատճառով

Արցախցի Էդուարդ Հակոբյանի ընտանիքը օգոստոսի 25-ին կհայտնվի փողոցում՝ բնակարանի վարձը չվճարելու պատճառով։ Էդուարդի ընտանիքը մեկն է արցախցի այն բազմաթիվ ընտանիքներից, որ ՀՀ կառավարության քաղաքականության հետեւանքով հայտնվել է սոցիալական դժվարին իրավիճակում։ Կառավարության կողմից արցախցիների սոցիալական աջակցության ծրագի էական կրճատման հետեւանքով արցախցի շատ ընտանիքներ կանգնել են բնակարանի վարձի վճարման խնդրի առաջ։

Ստեփանակերտից բռնի տեղահանված Էդուարդ Հակոբյանը արցախյան 4 պատերազմների մասնակից է, 4 հոգանոց ընտանիքը՝ ինքը, կինը եւ երկու դուստրերը բնակարան են վարձակալել Երեւանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Երեւանում են տեղավորվել, քանի որ ասում են՝ մարզերում աշխատանք չեն կարողացել գտնել, Երեւանում գոնե աշխատանք գտնելու հույս են ունեցել։ Բայց ստացվել է այնպես, որ մշտական աշխատանք գտել է միայն Հակոբյանի դուստրը, որը բուժքույր է աշխատում Երեւանի բուժհիմնարկներից մեկում՝ ընդամենը 60 հազար դրամ աշխատավարձով։

«Ամսի 25-ին՝ երկուշաբթի առավոտյան մենք պետք է այս տունն ազատենք, պատճառն այն է, որ չենք կարողացել տան վարձը վճարել։ Այդ չվճարելու պատճառն էլ այն է, որ 4 հոգուց բաղկացած ընտանիքում աշխատում է մի հոգի, որի աշխատվարձը 60 հազար է։ Իսկ մեզ հասանելիք գումարի համար էլ իրենց նոր ծրագրով հայտը լրացրել ենք, երկու անգամ մերժել են, հունիս-հուլիս ամսվա նպաստները չենք ստացել, դրա համար չենք կարողացել օգոստոս ամսվա տան վարձը վճարել։ Հիմա ամսի 25-ին ես իմ վեշերը հանում դնում եմ դուրսը, նստեմ կողքը, դառնում եմ կրկնակի տեղանահանված բոմժ իմ հայրենիքում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի մեկից կառավարությունն էապես կրճատել է արցախցիների բնակվարձի աջակցության սոցիալական ծրագիրը, նախ 40+10 հազար աջակցությունը դարձավ 40 հազար, եւ հունիսի մեկից արդեն ծրագրից օգտվելու իրավունք ունեն միայն մոտ 3000 արցախցի ընտանիքներ՝ անչափահաս ու ուսանող ունեցող ընտանիքները, թոշակառուները, կերակրողին կորցրածները, առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները։

Հակոբյանների ընտանիքը դիմել է սոցիալական աջակցության նոր ծրագրի շահառու դառնալու համար։ Այս ծրագրում նրանց ընտանիքը  համապատասխանում է այն դրույթին, համաձայն որի՝ «մեկ շնչի հաշվով ամսական 55 000 դրամից քիչ եկամուտ ունեցող ընտանիքները անապահովության նպաստ կստանան ընտանիքի մի անդամի հաշվով 40 000-ական, մյուսները՝ 10 000-ական դրամ»։ Բայց, ասում են, հայտը լրացրել են եւ երկու անգամ մերժվել։ Թե ինչո՞ւ են մերժվել, Միասնական սոցիալական ծառայությունում չեն կարողանում պարզաբանել։ «Ոչ սեփականություն ունենք, ոչ մեքենա ունենք, ոչ էլ մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը հասնում է 55 հազարի, եթե 60 հազար դրամը 4 հոգու վրա ես բաժանում, դառնում է մարդա 15 հազար դրամ։ Ես ոչ ողորմություն եմ խնդրում, ոչ էլ ավել բան, այն, ինչը պետականորեն կառավարությունը որոշել է, գոնե ինձ տրամադրի, որ կարողանամ գոյատեւել։ Բայց սոցիալական ծառայությունում մեզ ասում են՝ կոմպյուտերը ձեզ չի կարողանում գտնել»,- ասաց նա։

Հակոբյանը մանրամասնեց, որ երբ եկել են Հայաստան, Գորիսում իրենց գրանցել են, ուղրակել են Ծաղկահովիտ գյուղ․ «Սկզբում այդ գյուղում ենք գրանցվել, այնտեղից գնացել ենք Գավառ, բայց աշխատանք չենք կարողացել գտնել։ Գավառում գրանցումից դուրս չենք եկել, տեղափոխվել ենք Երեւան՝ զուտ գործի համար։ Բայց ընտանիքից միայն միջնեկ աղջիկս է աշխատանք ճարել»։

Տան տիրոջից դժգոհ չեն Հակոբյանները, Էդուարդ Հակոբյանն ասում է, որ տան տերը բարեհոգի է, միշտ իրենց ընդառաջել է, բայց այլեւս չի կարող սպասել։ Ընդհանուր 167 հազար դրամ են պարտք տան տիրոջը, պլյուս կոմունալները։

Էդուարդ Հակոբյանը նշում է, որ ինքն ու կինը առողջական խնդիրներ ունեն, ծանր աշխատանք չեն կարող անել, բայց ուզում է աշխատել՝ գոնե պահակի մի գործ լիներ, կարողանար ընտանիքի ծախսերը հոգալ։  «Հիմա իմ առաջ՝ որպես տան տղամարդ, լուրջ խնդիր է դրված։ Ես պիտի կարողանամ այդ 167 հազարը վճարեմ այդ կնոջը, պլյուս կոմունալը, դրանից հետո իմ ձեռքին փող պետք է լինի, ես չեմ իմանում՝ քանի գիշեր դրսում կմնամ իմ ընտանիքով, մինչեւ մի տուն կճարեմ, էդ փողն էլ պիտի ձեռքիդ լինի, որ տամ տան տիրջոը, չհաշված բրոքերի ու դեպոզիտի փողը։ Եքա փող է, որ ես մտնեմ, մի կրիշի տակ իմ ընտանիքը տեղավորեմ»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե կառավարության բանակապահովան ծրագրից մտադի՞ր չեն օգտվել, Էդուարդ Հակոբյանը պատասխանեց, որ բացի իր ծննդականից, ընտանիքի մյուս անդամների ծննդականները մնացել են Ստեփանակերտում, չեն հասցրել վերցնել։ Պետք է ծննդականները վերականգնեն, որպեսզի կարողանան դիմել ՀՀ քաղաքացիության համար․ «էդ ծննդական վերականգնելն էլ է սաղ փողով, էդ փողն էլ չկա»։

Մեզ հետ զրույցում Էդուարդ Հակոբյանը նաեւ ասաց․ «Ինձ սերտիֆիկատ պետք չէ, ես Ստեփանակերտում 2 սենյականոց տուն ունեի, սեփականության վկայականն էլ ձեռքիս է, թող իմ տունը տան, ես չեմ իմ տունը վաճառել թուրքին»։

Oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

«Օգոստոսի 23-ին և 24-ին մեր երկիրը կշարունակի գտնվել հարավից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում»։ Այս մասին ասյօր՝ օգոստոսի 22-ին, սոցցանցերի իր էջում տարածած տեսանյութում հայտնեց ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով։ Հատկապես շատ շոգ կլինի օգոստոսի 24-ին, ամենատաք գոտին կրկին Արարատյան դաշտավայրն է և Երևանը, որտեղ օդի ջերմաստիճանը կհասնի 37-39 աստիճանի»,-նշեց Սուրենյանը։

«Քաղաքացիական դատավճիռ». «ղարաբաղյան ռևանշիզմի» փոխարեն՝ գարշահոտ անցք

Շուշի, Արայիկ Հարությունյանի երդմնակալությունը, մայիս 2020

Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հասարակությանը հեղափոխություն անել, եթե այն չի ուզում հրաժարվել Արցախից, և հասարակությունը հեղափոխություն չարեց, իշխող «Քաղաքացիական պայմանագիր՝ դատավճիռը» որոշեց հրաժարվել արտահերթ ընտրություններից և պատրաստվել հերթական ընտրություններին՝ 2026 թվականի ամռանը։ Միաժամանակ կփոխեն նաև Սահմանադրությունը, որի համաձայն Արցախն առայսօր Հայաստանի մաս է, և ժողովուրդը կողմ կքվեարկի, քանի որ պատերազմի և խաղաղության միջև նա կընտրի խաղաղությունը։ Ահա թե ինչ ասաց Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանը հաջորդ տարի չի ավելացնի պաշտպանության ծախսերը։

Մինչդեռ Ալիևը օկուպացված Քարվաճառում կրկին հայտարարեց, որ պատրաստվում է պատերազմի, որ վերջապես վռնդել է «անջատողականներին» Արցախից և փորձում է նույնը անել նաև Հայաստանում, որ գնում է նոր կործանիչներ և անօդաչուներ, և որ ոչ ոք չպետք է փորձի դիպչել Փաշինյանին։

Ալիևի և Փաշինյանի միջև չորս ձերքով խաղը կասկած չի թողնում, որ պատերազմի սպառնալիքը կամ նույնիսկ հավանական ռազմական սադրանքները մեծ խաղի մաս են կազմում, որի նպատակն է Փաշինյանին իշխանության պահելը, որպեսզի հայ ժողովուրդը «կամավոր» հրաժարվի իր իրավունքներից և արժանապատվությունից՝ Արցախից, Նախիջևանից, Կարսից և Արդահանից՝ ընդունելով նոր Սահմանադրություն։

Ավանդական «ընդդիմությունը»՝ “ղարաբաղյան կլանը”, բոլորի համար անսպասելիորեն մի կողմ քաշվեց և տեղը զիջեց նրանց, ովքեր նախկինում մեղադրել էին նախկին նախագահներին ռուսամետ «ռևանշիզմի» և պատերազմ հրահրելու մեջ: Եվ՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանն լռում են, և այդ տեղը առաջացել է մի գարշահոտ անցք, որը լրացնում են Փաշինյանից շատ չտարբերվող ուժեր։

Երրորդ Հայկական Հանրապետությունը ծագել է ազգային զարթոնքի և մասամբ վերականգնված հայերի իրավունքների հիման վրա, ինչը արտահայտվել են 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշմամբ: Այս որոշումը երբեք չի վիճարկվել աշխարհում որևէ մեկի կողմից, քանի որ այն արտահայտում է ժողովրդի կամքի բարձրագույն աստիճանը: Այս որոշման մասին հղում կա Հայաստանի անկախության հռչակագրում, և հենց դրա վրա է կառուցվում Հայաստանի Հանրապետության քաղաքական հիմքը։

Նույնիսկ 2021 թվականին, 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից հետո, խորհրդարանը ձևավորվեց «դեկտեմբերի 1-ի որոշման կողմնակիցների և հակառակորդների, «խաղաղասերների և ռևանշիստների» սկզբունքով։ Իշխող Քաղաքացիական «դատավճիռը» վերջին 4 տարիների ընթացքում ամեն ինչ արել է, որպեսզի Արցախի և Հայաստանի վերամիավորման հարցը հանվի օրակարգից, որպեսզի նույնիսկ դրա հիշատակումը դառնա քրեական հանցագործություն, իսկ «Արցախի վերամիավորմանը կողմ» սկզբունքը հավասարեցվի պատերազմի և ահաբեկչության կոչերի։

Այժմ Հայաստանի քաղաքական տարածքում տենդագին ձևավորվում է «ռևանշիզմից» անդին նոր ընդդիմություն։ Այն փորձում է “հակասության” կետեր գտնել Քաղաքացիական պայմանագրի հետ, բայց դա անհաջող է ստացվում։ Որոշ արևմտամետ ուժեր խոսում են Եվրամիությանը միանալու ցանկության մասին, մյուսները գուցե ասեն, որ ի ըարբերություն Քաղաքացիական պայմանագրի՝ ոչ թե հեծանիվ, այլ դելտապլան են սիրում։ Ու վերջ։

«Ղարաբաղյան ռևանշիստների» բացակայության դեպքում այն ​​նյութը, որի շնորհիվ գործող իշխանությունը թաքցնվում է ճշմարտությունից, անհետանում է։ Այսուհետ կառավարության և նոր ընդդիմության բոլոր քայլերը ուղղակիորեն կարտացոլվեն արցախցիների աչքերի հայելու մեջ, որտեղ յուրաքանչյուրը կտեսնի կառավարության կողմից արդեն իսկ ձեռնարկված քայլերի դառը պտուղները և իրեն մոտ ապագան։

Կառավարությունը ստիպված կլինի ուղղակիորեն պատասխանել արցախցիների պարզ հարցերին՝ որտե՞ղ է մեր տունը, որտե՞ղ է Հայաստանի Սահմանադրությունը, որտե՞ղ են մեր որդիների գերեզմանները, և ի՞նչ իրավունքով է մեկ մարդը որոշում մի ամբողջ ազգի ճակատագիրը։

Մեկնարկել է արցախյան սկաուտների բանակումը

Արցախի տեղահանությունից հետո ՀՄԸՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղը՝ Կենտրոնական վարչության որոշումով, շարունակում է իր աշխատանքներն իրականացնել Հայաստանում՝ նպատակ ունենալով համախմբել Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում բնակվող արցախցի պատանիներին ու երիտասարդներին։

Կազմակերպության հիմնական նպատակներից է ձևավորել միասնական գաղափարական հենք՝ հիմնված հայրենաճանաչության, պայքարի ոգու պահպանման, արցախյան բարբառի և մշակույթի առանձնահատկությունների փոխանցման վրա։ Այս ամենի առանցքում շարունակվում է մնալ կարևորագույն նպատակը՝ վերադարձ Արցախ։

Օգոստոսի 20-ին Բյուրականի Գառնիկ Մկրտչյանի անվան բանակավայրում մեկնարկել է համաարցախյան 3-րդ բանակումը, որին մասնակցում են ՀՄԸՄ Արցախի մեկուսի շրջանի Երևանի, Արմավիրի և Մասիսի խմբերը։

Հանդիսավոր բացման արարողության ժամանակ ՀՄԸՄ Արցախի Մեկուսի Վարչության ատենապետ Արմոնդ Թահմազյանը շնորհավորել է սկաուտներին՝ մաղթելով հետաքրքիր օրեր, համոզմունք հայտնելով, որ նրանք այս օրերի ընթացքում կկարողանան զինվել նոր գիտելիքներով։

Սկաուտներն իրենց խոսքում նշեցին, որ յուրաքանչյուր բանակում իր նպատակն ունի և իրենք հստակ քայլերով կմոտենան այդ նպատակին։

Այս բանակումը նվիրված է Բաքվի բանտերում ապօրինաբար գերեվարված մեր հայրենակիցներին։ Երբեք չպետք է մոռանալ նրանց և միջազգային բոլոր հարթակներում պետք է բարձրացնել գերեվարվածների անվնաս վերադարձի պահանջը։

Բանակումը ենթադրում է նաև հաշվետվություն․ ի՞նչ են արել անցած երկու տարիների ընթացքում։ Հավատարիմ մնալով իրենց սկզբունքներին՝ արցախցի հոմենթմենականները պատրաստ են նույն միասնականությամբ ու կարգապահությամբ շարժվել դեպի բոլոր նպատակների իրականացում՝ միշտ բարձր պահելով սկաուտական ոգին։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

«Երբ Փաշինյանն Արցախի ինքնորոշման իրավունքը մերժող հայտարարություններ արեց, ինքը խախտեց Սահմանադրությունը»

Օգոստոսի 23-ը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման օրն է։ Այսօր Բաքուն պահանջ է դնում, եւ Հայաստանի կառավարությունը չի բացառում, որ Անկախությանն հռչակարգի հղումը պետք է հեռացվի ՀՀ Սահմանադրությունից՝ նկատի առնելով առաջին հերթին 1989 թ դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին որոշումը։ Ի՞նչ հետևանքների սա կունենա Հայաստանի համար։ Այս հարցի շուրջ step1.am-ը զրուցել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ։

Հայրիկյանը նկատում է՝ Հայաստանի իշխանությունները ոչ թե գնում են Ադրբեջանի այս պահանջը կատարելու ճանապարհով, այլ արդեն գնացել են։ «Այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախի ինքնորոշման իրավունքը մերժող հայտարարություններ արեց, ինքը խախտեց Սահմանադրությունը։ Դա գործող Սահմանադրության խախտում է, դա ծանր հանցագործություն է։ Եվ դրա համար է, որ ես հանդես եմ եկել լուրջ նախաձեռնությամբ, եւ կարծում եմ, որ այս անգամ դա բավականին լավ արձագանք կստանա»,- նշեց նա։

Ըստ Հայրիկյանի՝ դրա հետեւանքներն այսօր արդեն առկա են, մենք տեսնում ենք, թե ինչպես է փորձ արվում բարոյապես ոչնչացնել մի ամբողջ ժողովրդի։ «Եվ հենց սա է հիմնական պատճառը, որ իրենք երբեք չխոսեցին այն մասին, որ Ալիեւը դիկտատոր է։ Ինչպե՞ս կարող է իրեն դեմոկրատ ներկայացնող մարդը հակասության մեջ լինել բռնապետի հետ եւ երբեւէ չասել՝ գիտե՞ք, նրա մոտեցումները բռնապետական են։ Դա ցույց է տալիս, որ իր համար բռնապետությունը ողջունելի երեւույթ է։ Եվ քաղաքակիրթ աշխարհն էլ այդ տեսանկյունից է նայում՝ երկու բռնապետություններ իրար հետ կռվում են, ով ուժեղ է, թող նա էլ հաղթի»,- ասաց Պարույր Հայրիկյանը։

«Մենք օգոստոսի 23-ը պատշաճ կնշենք Հայրիկյանի առաձնատանը՝ ապագա ժողովրդավարության եւ անկախության թանգարանի տարածքում»,- ասաց նա։

Պարույր Հայրիկյանը շարժում է սկսել, նա մանրամասնեց, թե ինչ նպատակ են հետապնդում իր այդ գործողությունները։ «Այնպես չէ, որ միայն սահմանադրական օրենքը խախտելու հարցով եմ այս շարժումն սկսում, այլ նաեւ Արցախի նկատմամբ քամահրական վերաբերմունքի, գերիների եւ այլն, այդ բոլոր հարցրեը միասին են»,- ասաց նա։

Հայրիկյանի խոսքով՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ կուսակցությունների կողմից ուղարկված անհատական եւ կոլեկտիվ դիմումները պետք է անպայման քննարկվեն պետական կառույցների կողմից։ «Նիկոլ Փաշինյանը 4, նույնիսկ 5 անգամ մեզանից եւ Ազատ հայրենիք կուսակցությունների դաշինքիցն սահմանադրական նախագիծ ու հայեցակարգ է ուզել եւ չի քննարկել։ Դա նշանակում է խախտել սահմանադրական օրենքը։ Երբ դու սահմանադրական օրենք ես խախտում, եւ դա ունի նյութական հետեւանքներ՝ մոտ 400 մլն կամ ավելի դրամ ծախսվել է այս ոչ բարով գործած սահմանադրական հանձնաժողովների աշխատողներին վճարելու  եւ այլ կարիքների համար, եւ գործը չի արվել, սա ունեցել է ծանր հետեւանքներ։ Չի կարելի ասել, թե դա անփութության հետեւանքով է տեղի ունեցել, որովհետեւ մեկ անգամ չէ։ Ուրեմն, տեղի է ունեցել իշխանության չարաշհմամբ։ Եվ ես կոչ եմ հրապարակել իմ ֆեյսբուքյան էջում ու կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին աջակցել այդ հարցում։

Առայժմ աջակցույթունը միայն դիմումների, հեռախոսազանգերի կամ անմիջական այցելությունների միջոցով կարող է լինել։ Հետո արդեն ես առաջիկա մի քանի օրերին դիմելու եմ Ազգային անվտանգության ծառայությանը եւ Ներքին գործերի նախարարությանը, որպեսզի իրենք Գլխավոր դատախազի եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նկատմամբ օրենքով նախատեսված քայլեր ձեռնարկեն, որովհետեւ իրենք պարտակում են եւ դրանով հովանավորում են կոռուպցիոն հանցագործությունը»,- նշեց Պարույր Հայրիկյանը։

Նա ասաց, որ սա համազգային կարեւորության նախաձեռնություն է, եւ ինքը հանդես է գալիս ոչ թե որպես ԱԻՄ եւ անկախության պայքարի առաջնորդ, այլ հանդես է գալիս որպես 1991 թվականին անկախ ու ժողովրդավար Հայաստանի գաղափարի հեղինակ, որին ձայն էր տվել 2 մլն 400 հազար քաղաքացի։

Ռոզա Հովհաննիսյան

Ալիևը մեզ հետ խոսում է շատ ուղիղ և առանց ձևականության․ Տաթևիկ Հայրապետյան

Ալիևը երեկ մեկ ժամանոց ելույթ է ունեցել օկուպացված Քարվաճառում։ Որոշեցի առանց ժամանակ կորցնելու ծանոթանալ ելույթին, քանի որ Թրամփի մոտ լավ դերասանություն էր անում, որ խաղաղության է ձգտում։ Պարզվեց ինչ, ելույթում հայ ժողովրդի նկատմամբ 4 անգամ կիրառում է «թշնամի» տերմինը, էական առաջընթաց է, ինչ խոսք, նախկինում 14 անգամ կկիրառեր։ Ուզում եմ նաև բառացի որոշ հատվածներ թարգմանել ելույթից, քանի որ ոչ բոլոր մասերն են ներկայացվում հայ հանրությանը։
«Մենք շարժվում էինք դեպի այն նպատակը, որ մեր հողերում ոչ մի սեպարատիստ չմնա։ Սեպարատիզմը պետք է արմատախիլ արվի և ոչնչացվի դեռ վաղ փուլում, և մենք հենց դա էլ արեցինք։ Մի քանի ժամ տևած հակաահաբեկչական գործողության արդյունքում սեպարատիստական խունտան ստորագրեց կապիտուլյացիայի ակտ։ Ստորագրվեց մի փաստաթուղթ, որը արտացոլում էր կեղծ «հանրապետության» ենթադրյալ փլուզումը։
Մեզ համար 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը նույնքան փառավոր և պատմական օրեր են, որքան նոյեմբերի 8-ը։ Այդ օրվանից ի վեր ադրբեջանական ժողովուրդը ապրում է խաղաղության մեջ և, համոզված եմ, շարունակելու է ապրել խաղաղության պայմաններում։
Դուք գիտեք, որ Հայաստան-Ադրբեջան հաշտեցման գործընթացը գրեթե ավարտված է, և ստորագրված փաստաթղթերը լիովին համապատասխանում են մեր շահերին։ Մենք հասել ենք մեր ուզածին, արգահատելի Մինսկի խումբը ապրում է իր վերջին օրերը։ Իրականում այն ոչինչ չէր արել և չէր էլ կարող անել։ Սակայն այն իրավաբանական առումով գոյություն ուներ, իսկ այժմ դրա վերջը հստակ տեսանելի է»։
«Մենք թշնամուց վրեժ լուծեցինք մարտադաշտում։ Մենք կրկին ցուցադրեցինք մեր ժողովրդի մեծությունը։ Մենք նրանց հետ չվարվեցինք այնպես, ինչպես նրանք՝ մեզ հետ։ Սակայն այն, ինչ նրանք արեցին, երբեք չի ջնջվի մեր հիշողությունից, ներառյալ Քելբաջարի ժողովրդի դեմ գործած պատերազմական հանցագործությունները։ Ցեղասպանությունը, Խոջալուի ցեղասպանությունը, մեր ժողովրդի դեմ այլ շրջաններում դրսևորված թշնամանքն ու վայրագությունը երբեք չեն մոռացվի, և չպետք է մոռացվեն։
Ես սա ասում եմ որպես պատերազմի հաղթանակած երկրի Գերագույն գլխավոր հրամանատար և որպես Հայաստանի հետ՝ պարտված Հայաստանի հետ հաշտության գործընթացի մասնակից։
Մենք չենք ուզում պատերազմ։ Մենք ուզում ենք խաղաղություն։ Բայց այդ արյունալի պատմությունը երբեք չպետք է մոռացվի։ Մենք չպետք է մոլորվենք քաղցր խոսքերով և միշտ պետք է զգոն լինենք։ Իհարկե, մեր Զինված ուժերը ամեն վայրկյան, ամեն օր պաշտպանում են մեր պետության շահերն ու անվտանգությունը։ Մենք հետևում ենք, տեսնում ենք և կբացահայտենք հնարավոր բոլոր վտանգների աղբյուրները։
Մենք շարունակում ենք հզորացնել մեր ռազմական ներուժը։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո մենք հազարավորներով ավելացրել ենք մեր հատուկ նշանակության ուժերի թիվը թե՛ Կասպից ծովում, թե՛ մյուս բոլոր զինված ուժերում — ես չեմ ցանկանում նշել հստակ թիվը, բայց այն մեծ է։ Ստեղծվել են նոր կոմանդո ուժեր»։
«Ադրբեջանական պետությունը և ադրբեջանական ժողովուրդը միավորվեցին բռունցքի պես։ Եվ մենք ընդամենը 44 օրվա ընթացքում ստիպեցինք Հայաստանին ստորագրել կապիտուլյացիայի ակտը։ 44-օրյա Հայրենական պատերազմը մեր փառավոր պատմությունն է։ Մենք ամեն օր առաջ էինք շարժվում։ Ոչ մի մարդ չէր լքում մարտադաշտը։ Չկար ոչ մի դասալիք։ Այսինքն՝ սա ցույց է տալիս մեր ժողովրդի բարձր հատկանիշները։ Սա վկայում է, որ մեր ողջ ժողովուրդը և Զինված ուժերը պատրաստ էին մահանալու Հայրենիքի համար։
Նրանց իսկ գնահատմամբ՝ հայկական բանակում եղել է 12,000 դասալիք։ Երբ ավարտվեց Հայրենական պատերազմը, Քելբաջարի, Լաչինի և Աղդամի մեծ մասը դեռ օկուպացված էր։ Սակայն կապիտուլյացիայի ակտի արդյունքում մենք Հայաստանին ստիպեցինք վերադարձնել այդ շրջանները մեզ, և նա ստիպված եղավ դա անել։ Այսինքն՝ Քելբաջարը ազատագրվեց առանց մի կրակոցի»։
«Եթե որևէ մեկի հիվանդ ուղեղում ծագի Ադրբեջանի դեմ սադրանք կատարելու մտադրություն, կարծում եմ՝ կրկին կզղջան դրա համար։ Այսուհետ մենք ապրելու ենք որպես հաղթանակած ժողովուրդ և հաղթանակած պետություն»։
«Նույնիսկ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո նրանք միջնորդների միջոցով ժամանակ էին խնդրում մեզանից՝ իրենց իրերը հավաքելու համար։ Եվ մենք իսկապես ժամանակ տրամադրեցինք։ Իսկ ի՞նչ արեցին նրանք։ Նրանք ամեն ինչ այրեցին և ծառերն կտրեցին։ Ինչպե՞ս կարող է մարդ նման բան անել։ Չէ՞ որ դա արեցին ոչ միայն սեպարատիստների ղեկավարները։ Նրանք դա արեցին զանգվածաբար։ Այսինքն՝ մենք պետք է հստակ գիտակցենք, թե ում դեմ ենք կանգնած և ով է մեր հարևանը։ Մենք երբեք չպետք է մոռանանք մեր անցյալը և միշտ զգոն լինենք։
Վստահ եմ, որ բոլոր այս գործոնները մեզ հնարավորություն կտան մշտապես լինել առավելության դիրքում։ Կրկին ասում եմ՝ մենք սա հայտարարում ենք որպես հաղթանակած ժողովուրդ։ Մենք չենք մոռանալու այդ չարությունն ու վայրագությունը։ Բայց մենք մտադիր չենք այլևս պատերազմել որևէ մեկի հետ։ Եթե բախվենք սպառնալիքի, ապա բոլորը կրկին կտեսնեն մեր երկաթե բռունցքը»։
Իբր պատերազմ չցանկացող Ալիևը վաշինգտոնյան հանդիպումից անմիջապես հետո լծվում է թշնամանքի ու ռազմատենչության նոր քարոզի։ Մարդը, ով «խաղաղության աղավնի» էր ձևանում Թրամփի մոտ, արդեն վերադառնալիս խոսում է, որ հայերը «թշնամի» են, «վայրագ», «մարդ չեն» ու ադրբեջանցի ժողովուրդը չպետք է մոռանա, թե ովքեր են իրենց հարևանները։ Խոսում է նաև, որ մշտապես պետք է լինեն առավելության դիրքերում Հայաստանի հանդեպ՝ նաև զարկ տալով հետագա ռազմականացմանը, ընդ որում, երբ ՀՀ իշխանություններն ասում են, որ այլևս չեն ուզում ընդլայնել ռազմական բյուջեն, քանի որ երանելի «խաղաղոթյունը» իբր եկել է։
Ու այս տրամաբանությամբ էլ ՀՀ ներկայիս իշխանությունները հայ հանրությանը առավոտից երեկո համոզում են, որ խաղաղությունը եկել է, պետք է այլևս չդիտել Ադրբեջանին որպես հակառակորդ։ Ալիևն էլ խոստանում է, որ եթե անգամ մեզ համոզեն մոռանալ, որ մենք հայ ենք, մոռանալ մեր ինքնությունը, պատմությունը, իրենք ոչինչ մոռանալ չեն ցանկանում։
Ահա այսպես էթնիկ զտում, բռնի տեղահանություն, ագրեսիվ պատերազմ ձեռնարկած Ալիևը իրեն թույլ է տալիս խոսել թշնամանքի լեզվով ու դառնալ «խաղաղության աղավնի»։ Մեծավ մասամբ՝ շնորհիվ հենց նույն Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի, ովքեր թե՛ հայ հանրության համար, թե՛ միջազգային գործընկերների հետ շփումներում օգնում են Ալիևի կոծկել իր իրական ու շատ վտանգավոր նպատակները, իսկ այդ նպատակների հետևանքների հետ բախվելու ենք մենք՝ հայերս, նաև մեր պետությունը ու դա լինելու է մեր խելքից, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունից, քանի որ Ալիևը մեզ հետ խոսում է շատ ուղիղ և առանց ձևականության։

Ծառ տնկի, տուն կառուցի, ընտանիք կազմի․ Արցախում ես կարողացա իրականացնել երեքն էլ

Արցախից տեղահանված Արման Ավանեսյանի հինգ հոգանոց ընտանիքը հաստատվել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում։ Արմանն ու կինը՝ Տաթևը, ուսուցիչներ են։ 2023-ի հոկտեմբերից Արմանն աշխատանքի է անցել Շահումյանի միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ, իսկ կինը՝ Լուսագյուղի միջնակարգ դպրոցում հայոց լեզու և գրականություն է դասավանդում։

Արցախում Արմանն իր ձեռքերով տուն էր կառուցել շինարարությունը մեծ թափ էր ստացել 2020-ի 44-օրյա պատերազմից հետո, ավարտվել մինչև տեղահանությունը

-Արցախում ապրում էինք Ասկերան քաղաքում։ Ես՝ որպես զինղեկ, աշխատում էի Խնապատի միջնակարգ դպրոցում, իսկ կինս, որ մինչև 2020-ի 44-օրյա պատերազմը վերաբնակեցված Ուղտասար համայնքի դպրոցի հայոց լեզվի և գրկանության ուսուցչուհին էր, համայնքը թշնամու վերահսկողության տակ անցնելուց հետո ևս աշխատանքի է անցել Խնապատի դպրոցում։ Այդ կրթօջախում աշխատած տարիներն ինձ համար ոչ միայն երջանիկ, այլ նաև ուսուցողական տարիներ էին։

Որպես երիտասարդ ընտանիք՝ 2010 թվականին, պետական ծրագրից օգտվելով, Ասկերանի նորակառույց շենքերից մեկում ձեռք ենք բերել բնակարան։ Հետո որոշել եմ իրականացնել իմ վաղեմի երազանքը և իմ ձեռքերով տուն կառուցել։ Հայ ժողովրդի մեջ խոսք կա՝ ծառ տնկի, տուն կառուցի, ընտանիք կազմի․ Արցախում ես կարողացա իրականացնել երեքն էլ։ 2020-ից հետո մեծ թափով շարունակում էի տան կառուցումը։ Մարդիկ մոտենում էին, ասում՝ ինչո՞ւ ես իզուր չարչարվում, միևնույն է, Արցախը հանձնված է։ Ես հակադարձում էի՝ հոգուս խորքում ցավ զգալով մարդկանց մտատանջությունների համար։ Անկախ ամեն ինչից, շարունակում էի կառուցել, քարը քարի վրա դնել և իմ քայլով հույս էի ներշնչում  հարազատներիս, համաքաղաքացիներիս, ցանկանալով ցույց տալ, որ կյանքը շարունակվում է պատերազմի հետևանքով ծվատված, կոտրված Արցախի վրա, և այն հանձնված չէ։ Մինչև վերջին օրը ես աշխատում էի իմ տան վրա, միաժամանակ այգի հիմնում։ Ոչ մի աշխատանքից չէի վախենում։

Դպրոցում աշխատելուս հետ մեկտեղ իրականացնում էի նաև հանդիսավարական ծառայություններ։ Ինձ դուր էր գալիս ուրախացնել մարդկանց, հույս տալ, ոգևորել նրանց։

Արցախի կորուստը ծանր հարված էր Ավանեսյանների ընտանիքի համար, որտեղ դաստիարակվում են երեք երեխաներ։ Արմանի կինը՝ Տաթևը, ով Հայաստանից Արցախ էր տեղափոխվել մանուկ հասակում, իրեն լիարժեք արցախցի է զգում։ Ամուսնու հետ, թիկունք թիկունքի, նրանք ստեղծել, արարել ու մի ակնթարթում կորցրել են ամեն ինչ։ Արմանն ու Տաթևը, սակայն, վստահ են իրենց ուժերի վրա տրամադրված են վճռականորեն։

Արմանի համար ամենակարևորը հավատալն է

-2023-ի սեպտեմբերի 27-ին ընտանիքիս հետ հարկադրված լքեցի իմ օջախը, իմ ծննդավայրը։ Ծանր էր շատ։ Երբ հետևում մնաց Ասկերանի Բերդ-ամրոցը, հոգուս մեջ խոր ցավ զգացի, միանգամից թևաթափ եղա։

Տեղահանվելուց հետո հաստատվեցինք Ջրառատ համայնքում։ Կարճ ժամանակահատվածում ես ու կինս անցանք մանկավարժական աշխատանքի, որովհետև միայն աշխատանքի մեջ կարող էինք մի փոքր կտրվել դաժան իրականությունից։

Լինել ռազմագիտության ուսուցիչ, դա չի նշանակում միայն զենքի ու զինամթերքի հետ կապված ուսուցում տալ։ Ռազմագիտության ուսուցիչը պետք է ռազմահայրենասիրություն սերմանի աշակերտի մեջ։ Ու դա ինձ հաջողվեց անել նաև նոր կրթօջախում։ Դասապրոցեսներն սկսում եմ Գարեգին Նժդեհի խոսքերով՝ խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը պարտադրում են։

Հաճախակի եմ կազմակերպում հանդիպումներ շեֆ զորամասի հետ, անցկացնում հայրենասիրական դասեր, բազմաբնույթ միջոցառումներ։ Երբեք չեմ կորցնում պահը, որ խոսեմ Արցախի, տարիներ շարունակ այնտեղ տարվող պայքարի, հանուն հայրենիքի ընկած հերոսների մասին։ Սերունդներին հասանելի եմ դարձնում Արցախի կարևորությունը, որ այն միշտ հայկական է եղել ու երբեք չպետք է ուրանալ Արցախը։

Իմ կարծիքով Արցախի և ՀՀ դպրոցների միջև տարբերությունը շատ մեծ է՝ ռազմագիտություն առարկայի դերի ու նշանակության առումով։ Կարճ ժամանակահատվածում կարողացա դրսևորել ինձ նոր միջավայրում, իհարկե, կոլեկտիվի օգնությամբ։  Ձևավորեցի թիմ, ու սկսեցինք մասնակցել տարբեր մրցույթների։ Արմավիրի մարզը ներկայացնող մեր թիմը հրաձգության հանրապետական մրցույթում գրավեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն Տավուշի թիմին։

Մոտենում է նոր ուսումնականը, որին պատրաստվում եմ նոր եռանդով, կրկնապատկված պատասխանատվությամբ, նույն սկզբունքներով։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր գիտակից հայ պիտի անի ամեն ինչ, որ սերունդներն իմանան Արցախի մասին, հասկանան հայկական լինելու նրա կարևորությունն ու դաստիարակվեն այդ ոգով։ Միշտ պետք է հիշենք Մեծն Շիրազի խոսքերը՝ <<Այն ինչ մերն է եղել, մերը կլինի>>։

Ինչպես Արցախում, Հայաստանում ևս Արմանը հանդիսավարական ծառայություններ է իրականացնում։

 -Շարունակում եմ հանդիսավարական ծառայություններ մատուցել Երևանում և Հայաստանի տարբեր բնակավայրերում, ինչի համար շնորհակալ եմ ինձ վստահողներին։ Ցանկացած միջոցառման ժամանակ ես պահը բաց չեմ թողնում կրկին խոսելու Ացախի մասին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին։ Իհարկե, Հայաստանում ամեն ինչ տարբերվում է Արցախից, դժվարություններ շատ կան, սակայն դրանք պետք է հաղթահարել, որ կարողանաս ապրել ու առաջ գնալ։ Հաճախակի եմ համեմատականներ անցկացնում․ անգամ արևածագն ու մայրամուտը տարբեր են։

Երբ միջոցառումներ եմ վարում, որոնց մասնակիցների մեծ մասն արցախցիներ են լինում, Արցախի բարբառով մեջբերումներ եմ անում, մարդիկ մոտենում են ու խնդրում հանդիսությունները վարել մեր բարբառով։ Նրանց աչքերում այնքան ոգևորություն ու միաժամանակ կարոտ եմ տեսնում, որ ինքս ավելի շատ եմ ոգևորովում։ Միջոցառումների ժամանակ արցախյան բարբառով ասված ամեն մի խոսք ապրեցնում է յուրաքանչյուրին, տանում դեպի Արցախ։

Հորդորում եմ արցախցի հանդիսավարներին շատ օգտագործել մեր բարբառը, որ երբեք չմոռացվի այն, իսկ միջոցառումներն սկսել՝ պարավըք եկալ խոսքերով։

Արմանի ընտանիքը մտադիր է մշտապես հաստատվել Հայաստանում, օգտվել բնակարանային ծրագրից

 -Ուզում ենք օգտվել բնակարանային ծրագրից։ Իհարկե, մեր ընտանիքի համար նախատեսված գումարը բավարար չէ պատշաճ պայմաններով բնակարան ձեռք բերելու համար։ Տների գներն օրեցօր ավելի են բարձրանում, ինչն էլ մեծ խնդիր է դառնում մարդկանց համար։ Մեր ընտանիքն առանց հիփոթեքային վարկավորման չի կարող բնակարան ձեռք բերել։ Այժմ այդ գործընթացի մեջ ենք։ Ոչ մի պարագայում չենք հեռանալու Հայաստանից։ Ավելին ասեմ, երբ լսում եմ, որ որևէ արցախցի ընտանիք ստիպված լքում է երկիրը, մեծ ցավ եմ ապրում։ Կարծես թե մարում է վերադարձի հույսը, սակայն ես փորձում եմ իմ մեջ հավատալու ուժ գտնել, հուսալ, որ հավաքական վերադարձ լինելու է։ Աշխատում ենք օրուգիշեր, որ ունենանք հզոր Հայաստան, միայն այդ դեպքում կունենանք անվտանգ երկիր։

Ցանկանում եմ շնորհակալություն ասել հայաստանցի մեր այն հասարակ հայրենակիցներին, ովքեր շատ սրտացավ են արցախահայության հանդեպ, օգնում են, որ կարողանանք գտնել մեր տեղն այստեղ ու չմտածենք արտագաղթի մասին։

Հաճախ հարց է տրվում՝ հարմարվե՞լ եք արդյոք։ Ո՛չ, հնարավոր չէ հարմարվել։ Ինչպես կարող ենք հարմարվել հայրենիքի կորստի հետ։ Երբ մարդ մի բաժակ կամ մի ափսե է կորցնում, ափսոսանք է ապրում, հիշում, թե որտեղից է ձեռք բերել այն, կամ ով է նվիրել։ Իսկ ինչպես կարող է հարմարվել տուն ու տեղ, հայրենիք կորցրած մարդը։ Ուղղակի մենք փորձում ենք վերստին ստեղծել, որովհետև մեր երեխաները ոչ մի բանի համար մեղավոր չեն։ Նրանք պետք է լիարժեք ապրեն, իսկ դրա համար օրուգիշեր աշխատել է պետք։

Ինձ և ինձ նման մտածելակերպ ունեցող մարդկանց համար Արցախի թեման փակված չէ։ Ես չեմ հասկանում ու չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր պնդում են, որ Արցախի թեման փակված է, ու արդեն կարող են հանգիստ ապրել։

Եթե մի գեղեցիկ օր իմ առջև պահանջ դնեն, ասելով՝ կամ պիտի չխոսես Արցախի մասին, կամ աշխատանքից ազատման դիմում ներկայացնես, ես անվարան կընդունեմ երկրորդ տարբերակը։

Իմ հայրենակիցներին ասում եմ՝ լոխ լյավա ինյան, պիտի տեմ կենանք, վեր տոն քինանք։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Թրամփ. Հնարավոր չէ պատերազմում հաղթել՝ առանց ագրեսորի վրա հարձակվելու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է հրապարակել իր պաշտոնական «Թրուզ» սոցիալական ցանցում։

«Շատ դժվար է, եթե ոչ անհնար, հաղթել պատերազմում՝ առանց ագրեսոր երկրի վրա հարձակվելու։ Դա նման է ուժեղ սպորտային թիմի, որն ունի հիանալի պաշտպանություն, բայց նրան թույլ չեն տալիս խաղալ հարձակման մեջ։ Հաղթելու հնարավորություն չկա։ Նույնը վերաբերում է Ուկրաինային և Ռուսաստանին։ Հետաքրքիր ժամանակներ են սպասվում», – ասվում է Թրամփի հայտարարության մեջ։

Թրամփը խոսում է Ուկրաինայի մասին, բայց ընդհանուր առմամբ։ Որքանո՞վ են նրա խոսքերը վերաբերում Բաքվին, որը օկուպացրել է Արցախը, և Իսրայելի քայլերին Գազայում։

Սեպտեմբերի առաջին օրերին Չինաստանում կարևոր հանդիպումներ են սպասվում

Ինչպես հայտնում է nеws.am-ը, ավելի քան 20 երկրների և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ կմասնակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին և դրա հետ կապված միջոցառումներին կենտրոնական ենթակայության Տյանցզին քաղաքում (Հյուսիսային Չինաստան)։ ՇՀԿ Տյանցզինի գագաթնաժողովը կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ 

Հրավերով գագաթնաժողովին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հիշեցնենք, որ փորձագետները խոսում են սեպտեմբերի 2-ին ԱՄՆ նախագահ Թրամփի Չինաստան այցելության մասին, ինչպես նաև Պուտինի հետ նրա հնարավոր հանդիպման։