Արցախի դեմ իրականացված ահաբեկչության դեմ միջազգային հանրությունը պետք է համատեղ պայքարի

Օգոստոսի 21-ը Ահաբեկչության զոհերի հիշատակի և հարգանքի տուրք մատուցելու միջազգային օրն է՝ հաստատված 2017 թ․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (A / RES / 72/165) բանաձևով, որը ևս մեկ առիթ է՝ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված ահաբեկչությունների և համակցված բռնությունների մասին։
Թեև ՄԱԿ-ի այս և այլ միջազգային փաստաթղթեր նպատակ ունեն բոլոր հնարավոր լծակները կիրառել հետագա հնարավոր ահաբեկչությունները կանխելու և դրանցից խուսափելու համար, բայց փաստերը ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Ադրբեջանի կողմից շարունակաբար ենթարկվել է ահաբեկչական գործողությունների, հրահրվել է լարվածություն, պատերազմներ՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության 2․4՝ ուժի կիրառումից զերծ մնալու և 33-րդ՝ միջազգային անվտանգության պաշտպանության նորմերը, զանգվածային բռնություններ են գործադրվել, որոնք դիտարկվում են որպես ակաբեկչական գործողություններ։
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 2023 թվականի սեպտեմբերին մարդկային բազմաթիվ զոհերի, սեփականության և կյանքի իրավունքի համատարած խախտումների ֆոնին ենթարկվել է ահաբեկումների․ դիտավորյալ թիրախավորվել են քաղաքացիական անձինք, սպանվել ու խոշտանգվել են ծերեր և երեխաներ, հոգեկան սուր ցավ է պատճառվել ողջ հասարակությանը, առևանգվել, պատանդ են վերցվել, ապօրինաբար ազատությունից զրկվել են զինվորականներն ու քաղաքացիական անձինք, հրկիզվել ու պայթեցվել են Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքնեը, ոչնչացվել է պատմական ժառանգության զգալի մասը։ Այս համակցված բռնությունները հարկադրանքի միջոց են հանդիսացել մի ողջ ժողովրդի տեղահանության համար։
Այս հարցը վերաբերում է նաև հայ գերիներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանի բանտերում՝ ենթարկվելով անմարդկային կտտանքների, կյանքի, ֆիզիակական անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգությունների, դաժան վերաբերմունքի, տանջահարության և խոշտանգումների։ Այս համատեքստում Ադրբեջանի վարած քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն և զանգվածային բռնություն։
Ու թեև ՄԱԿ-ը, հաստատելով այս օրը, ընդգծում է անդամ պետությունների՝ այդ թվում Ադրբեջանի պարտավորությունները՝ օրենսդրական հատուկ նախագծեր մշակելու ահաբեկչության զոհերի/տուժածների և նրանց ընտանիքների կարիքները հոգալու և մարդկանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ, բայց իրականության տիրույթում մենք առերեսվում ենք ամենաթողության և անպատժելության հետևանքով բռնությունների չդադարող շղթայի։
Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը խստորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում, որոնք իրականացվում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, և շեշետում, որ ահաբեկչական ցանկացած գործողություն անընդունելի ծանր հարված է ՝ ուղղված ողջ մարդկությանը։ Միությունը կոչ է անում միջազգային հանրությանն ու կազմակերպություններին գործադրել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները ահաբեկչության կանխման, այն հրահրող պետություններին համապատասխան պատժի ու պատասխանատվության կիրառման ուղղությամբ։
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված ահաբեկչությունն ու համակցված հանցագործությունները մարտահրավերներ են, որի դեմ միջազգային հանրությունը պետք է համատեղ պայքարի, քանզի ահաբեկչության ողբերգական հետևանքները սերունդները կրում են երկարաժամկետ հեռանկարում։ Այս համատեքստում մենք ընդգծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հարգման ցանկացած հետընթաց քայլ անթույլատրելի է և սեպ՝ միջազգային իրավունքի գոյությանը։

Արցախցիների՝ 2023 թ. սեպտեմբերին չստացված զինվորական կենսաթոշակների վճարումը կլինի սեպտեմբերին

Լիաննա Պետրոսյանը գրում է․ 

2023 թ. սեպտեմբերին չստացված զինվորական կենսաթոշակների և պարգևավճարների վճարումները ՀՀ Կառավարության կողմից կիիրականացվեն ս.թ. սեպտեմբեր ամսից։

ՀՀ նախագահն ու ԿԳՄՍ նախարարն այցելել են Արգավանդի մոտի թուրքմենական դամբարանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մահմեդգելդի Այազովի ուղեկցությամբ այցելել է Փարաքար խոշորացված համայնքի Արգավանդ բնակավայրում գտնվող թուրքմենական դամբարան: Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Հայ վարպետների ձեռքով կառուցված հուշարձան-դամբարանը միջնադարյան հայ և իսլամական ճարտարապետական տարրերի սինթեզ է։ Տուֆակերտ, երեք հավասար մասերի բաժանված, աշտարականման, գմբեթաձև շինություն է, որի գմբեթը կառուցված է թրծված աղյուսից։ Դամբարանի ճակատային մասում արաբատառ արձանագրության մեջ ասվում է, որ այս սրբազան գմբեթավոր դամբարանը կառուցվել է 1413 թվականին:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախնական կալանքը։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ խոչընդոտելու և հանցանք կատարելու ռիսկերը բարձր են, և այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։

«Լիդիա Մանթաշյայնի կալանավորումը երկարաձգելուց հետո ես գետնի տակը պիտի մտնեի, ամոթ ինձ, եթե դուրս գայի այդ միջավայրից։ Շնորհակալ եմ, որ չարեցիք այդ քայլը»,- ասաց Բագրատ սրբազանը՝ դիմելով դատարավորին։

Մակրոնը և Էրդողանը քննարկել են Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները

Ֆրանսիայի և Թուրքիայի առաջնորդներ Էմանուել Մակրոնը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Փաշինյանի և Ալիևի միջև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո կայացած հանդիպումը։ Մակրոնը այս մասին հայտնել է X-ում։

Մակրոնը նշել է, որ Էրդողանի հետ զրույցում քննարկվել է միջազգային իրավիճակը, այդ թվում՝ Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքները։

«Մենք քննարկել ենք օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հովանու ներքո Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման հետ կապված սպասումները», – գրել է նա։

Նրա խոսքով՝ կարևոր է, որ ձեռք բերված առաջընթացը շարունակվի, հանգեցնի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։

Անհետ կորածների, զոհվածների եւ գերիների հարազատների բողոքի ակցիան

Անհետ կորածների, զոհվածների եւ գերիների հարազատներն այսօր դարձյալ բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի մոտ։

Արցախցի Բելլա Գալստյանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակման հետեւանքով Արցախում զոհված զինծառայող Սասուն Ավանեսյանի քույրն է։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ կառավարությանը նամակ են փոխանցել։ Նրա խոսքով՝ բարձրաձայնում են ոչ միայն մարտական գործողությունների ժամանակ անհետ կորածների հարցը, այլ նաեւ վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով անհետ կորածների հարցերը։ «Պայթյունն էլ հանդիսանում է պատերազմի հետեւանք, նույնն է, ոչ մի տարբերություն։ Հստակ թիվ չենք կարող ասել, որովհետեւ տարբեր է, կոնկրետ պայթյունի հետեւանքով անհետ կորածների թիվը 21 կամ 22 է, պատերազմի հետեւանքով 14 է»,- ասաց նա։

Բելլան նշեց՝ իրենց խնդրանքն այն է, որ անհետ կորածների հարցով գործընթացն ավարտին հասցնեն, գործի մեջ ընդգրկեն նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Աբազյանին, քանի որ Աբազյանը ասել էր անհետ կորածների հարազատներին, որ 8 թե 9 կետով պայմանավորվածություն կար Ադրբեջանի հետ։ Անհետ կորածների հարազատների պնդմմամբ՝ հունիսին արդեն պետք է ստորագրություններով հաստատվեր այդ պայմանավորվածությունը, բայց այդպես էլ չկայացավ այդ հանդիպումը։ «Հիմա մեր խնդրանքն այն է, որ պարոն Աբազյանին ընդգրկեն այդ գործի մեջ, որովհետեւ մենք քաջ գիտակցում ենք, որ նա ավելի տեղեկացված է, մեր այս գործի հետ անմիջական կապ է ունեցել»,- նշեց նա։

Զոհվածների հարազատները բարձրաձայնում են արտաշիրմում իրականացնելու հարցը։ «Շեշտել ենք նաեւ այն հանգամանքը, որ եթե հանկարծ մեզ բախտ վիճակի եւ հնարավորություն ընձեռնվի թույլտվություն ունենանք արտաշիրմում իրականացնելու, իրականացվի 2023 թվականին զոհված անձանց մարմինները տեղափոխելու համար։ Խոսքը չի վերաբերում եղբայրական գերեզմանոցում հուղարկավորվածներին, այլ 2023 թվականին զոհվածներին»,- նշեցին նրանք։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը եւս մասնակցում էր ակցիային, նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր գնալու են նաեւ ԱԱԾ՝ ԱԱԾ տնօրենին ուղղված նամակը փոխանցելու։ Ըստ Ստեփանյանի՝ զոհվածների, անհետ կորածների ու գերիների հարազատները հանդիպել են նաեւ ԱԱԾ ներկայիս տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ, բայց դժգոհ են մնացել, որովհետեւ տպավորություն են ստացել, որ նա գործընթացից տեղյակ չէ ու քայլեր չի իրականացնում այդ ուղղությամբ։

«Մարդկանց ակնկալիքն այն է, որ վերականգնվեն աշխատանքները, այսինքն՝ մարդիկ տեսնեն, որ այս ուղղությամբ պետությունը կոնկրետ գործառույթներ է իրականանցնում։ Այստեղ կան նաեւ գերիների ծնողներ, նրանց հետ անձնական շփումներում այդ մարդիկ իրենց դժգոհությունն արտահայտում են, չեն տեսնում զգալի աշխատանք։ Առնվազն ծնողներն ու հարազատները պետք է զգան, որ որոշակի աշխատանք է տարվում, եթե չեն զգում, ուրեմն ոչինչ էլ չի արվում»,- ասաց նա։

Գեղամ Ստեփանյանն ասաց, որ գերիների հարցն Ալիեւի համար քաղաքական հարց է, դրանում կասկած չկա։ «Եվ հավանաբար գերիներն այնտեղ պահվում են նաեւ այն պատճառով, որպեսզի ունենան այդ լծակը հայ ժողովրդի վրա ճնշումներ գործադրելու կամ այդ հարցն անընդհատ շահարկել՝ Հայաստանից զիջումներ կորզելու համար։ Չնայած՝ մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանություններն էլ հոժարակամ անում են այդ զիջումները եւ պոկելու անհրաժեշտություն չկա» ,- նշեց Ստեփանյանը։

Փաշինյանն ու Ալիևը վճռական խաղաղություն են հաստատում, որը հասկանում են յուրովի

Այսօր Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը, ինչպես միշտ, միաժամանակյա հայտարարություններ արեցին և ներկայացրին իրենց տեսլականը գալիք «խաղաղության» վերաբերյալ։

Փաշինյանը շոշափեց ամենացավոտ թեմաները․

Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են ԽՍՀՄ փլուզման ժամանակ գոյություն ունեցող սահմանները, բայց եթե լինի տարածքներ փոխանակելու ցանկություն, ապա դա պետք է որոշի ժողովուրդը, ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ունեն քարտեզներ, որոնք գրանցում են նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները։ Չնայած դեռևս անհրաժեշտ է պարզաբանել, թե ինչ է «տարածքային ամբողջականությունը»՝ հիմնվելով իրավական փաստաթղթերի վրա, և սա վերաբերում է նաև էքսկլավներին և անկլավներին։

«Մենք կպարզեցնենք ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանի անցակետերը, այլև մեր բոլոր սահմանային կետերը՝ բիզնես միջավայրը, արտահանումը, տարանցումը և ներմուծումը հնարավորինս պարզեցնելու համար», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ նախաստորագրված և, ի վերջո, ստորագրված խաղաղության համաձայնագիրը հակասում է Սահմանադրությանը, ես ինքս կձեռնարկեմ սահմանադրական փոփոխություններ։ Հիմա դրա մասին մտածելու կարիք չկա», – ասաց Փաշինյանը։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը հիշեցրեց, որ «մենք նաև օրակարգ ունենք նոր Սահմանադրություն ընդունելու»։

«Մենք այժմ աշխատում ենք նոր սահմանադրության նախագծի վրա, և երբ այն պատրաստ լինի, մենք, ամենայն հավանականությամբ, կանցկացնենք հանրաքվե, բայց դա ոչ մի կերպ կապված չէ այս գործընթացի հետ, չնայած կարող է ռազմավարական առումով ազդել դրա վրա», – ընդգծեց նա։

Հարցին. «Եթե ժողովուրդը դեմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին, դա կազդի՞ խաղաղության համաձայնագրի ստորագրման վրա», Փաշինյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ժողովուրդը դեմ կքվեարկի, եթե պարզվի, որ սա կարող է ինչ-որ կերպ ազդել խաղաղության գործընթացի վրա»։

1990-ականների սկզբից ի վեր Հայաստանից և Ադրբեջանից փախստական ​​դարձած քաղաքացիների վերադարձը, ըստ Հայաստանում և Ադրբեջանում ներկայումս օգտագործվող տրամաբանության, շատ լուրջ սպառնալիք է ներկայացնում խաղաղության օրակարգի համար, քանի որ այս օրակարգի քննարկումը դառնում է քաղաքական շահարկումների առարկա և ոչինչ չի բերի փախստականներին, ասել է Փաշինյանը։

Միևնույն ժամանակ, նա բացատրեց, որ խաղաղ ժամանակ յուրաքանչյուրը կարող է այցելել ցանկացած վայր որպես զբոսաշրջիկ։

Նա կարծում է, որ առաջիկա ընտրություններում քաղաքացիները ստիպված կլինեն ընտրություն կատարել խաղաղության և ոչ խաղաղության միջև: «Ես չեմ ուզում ասել՝ խաղաղության և պատերազմի միջև», – ասաց Փաշինյանը։

Քաղաքացիները հեղափոխություն չարեցին, քանի որ նրանք, ինչպես ես, հասկացան, որ առանց ղարաբաղյան շարժումը փակելու որոշման, խաղաղությունը անհնար է ո՛չ գործնականում, ո՛չ էլ տեսականորեն, ասաց նա։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գրեթե ավարտված է, և ստորագրված փաստաթղթերը լիովին ապահովում են Բաքվի շահերը», – ասաց Ալիևը Արցախից։

«Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք: Ատելի Մինսկի խումբն ապրում է իր վերջին օրերը: Իրականում այն ​​որևէ ակտիվություն չէր ցուցաբերում և չէր կարող դա անել: Սակայն այն գոյություն ուներ իրավաբանորեն, և հիմա նրա վերջը մոտ է», – ասաց Ալիևը։

Նա նաև ասաց, որ Նախիջևանի երկաթուղին ամբողջությամբ կարդիականացվի, և նրա խոսքերով՝ նախատեսվում է նոր երթուղիներ կառուցել Հայաստանի տարածքում։ Ալիևն ասաց, որ «Երևանը պարտավորություն է ստանձնել, և սա Ադրբեջանի համար ևս մեկ պատմական հաղթանակ է»։

«Արցախի ներկայացուցչության շենքի շուրջ իրավական պայքարը պետք է տանել մինչև վերջ». Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով՝ Վիեննայի կոնվենցիայի և այլ միջազգային փաստաթղթերի ուժով դիվանագիտական ներկայացուցչությունները համարվում են այն պետության տարածքը, որին ծառայումէ։

«Սա նշանակում է, որ Արցախի ներկայացուցչության շենքը մեր տիրապետության տակ մնացած միակ հողն է, և մենք պարտավոր ենք թույլ չտալ, որ այն վերցնեն մեր ձեռքից»,- նշեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ Արցախի ներկայացուցչության շենքը հատկացվել է դեռևս 1997 թվականին։ «Դատախազությունն այժմ հայց է ներկայացրել՝ պնդելով, թե 1997-ին շենքի հատկացումից հետո պայմանագիր չի կնքվել։ Բայց այստեղ անտեսվում է այն հանգամանքը, որ այդ տարիներին նման պայմանագիր պահանջող օրենք պարզապես գոյություն չուներ։ Ստացվում է՝ դատարան ներկայացվել է անհիմն և իրավական տրամաբանությունից զուրկ հայց, որը, ցավոք, դատարանն էլ ընդունել է՝ ժամկետների բացթողմամբ»,- ընդգծեց Երիցյանը։

Նրա համոզմամբ՝ գործը քաղաքական պատվեր է, սակայն դա չի նշանակում, որ պետք է ձեռքերը ծալած նստել։

«Իմ պարտքն է այս հարցում անել առավելագույնը։ Եթե երկու տարի անց իշխանությունը փոխվի, այս գործը միևնույն է վերաբացվելու է, և ես չեմ ցանկանում ապագայում զղջալ, որ մինչև վերջ չեմ պայքարել։ Ես երբեք չեմ առաջնորդվում այն մտքով, թե եթե այս կամ այն քաղաքական ուժն է իշխանության, ապա իրավաբանության դաշտում անելիք չունեմ։ Օրենքի ու իրավունքի գերակայության համար պայքարն անկախ է քաղաքական իրավիճակից»,- նշեց փաստաբանը։

Մարիամ Սարգսյան

Ուկրաինան կարող է միացնել Դոնեցկի մարզի չօկուպացված հատվածը Խարկովի մարզին

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հստակեցրել է, որ Կիևը իրավաբանորեն չի ճանաչում ուկրաինական որևէ տարածք որպես Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված։

Թրամփի հետ զրույցի ժամանակ Ուկրաինայի ղեկավարը հստակեցրել է, որ Պուտինը օկուպացրել է Դոնեցկի մարզի տարածքի 69%-ը, հաղորդում է UNIAN-ը։ Վլադիմիր Զելենսկին նաև հիշեցրել է Դոնալդ Թրամփին, որ Ղրիմը չի գրավվել 2022 թվականին, այլ անեքսիայի է ենթարկվել Ռուսաստանի կողմից դեռևս 2014 թվականին։ Փաստորեն, պարզվում է, որ պատերազմի երեք տարվա ընթացքում Պուտինի բանակին հաջողվել է գրավել Դոնեցկի մարզի միայն 1/3-ը, այդ իսկ պատճառով Կրեմլը մինչև 2025 թվականի վերջը հաստատ չի գրավի տարածաշրջանի մնացած մասը։

Պուտինին նույնքան ժամանակ կպահանջվի ամբողջ տարածաշրջանը գրավելու համար, ասել է Ուկրաինայի նախագահը։ Կրեմլը նաև չի կարողանում գրավել ոչ միայն ամբողջ Սումիի մարզը, այլև նույնիսկ սահմանի վրա գտնվող այն տարածքները, որոնք ներկայումս վերահսկվում են Ռուսաստանի զինված ուժերի կողմից։ Այսօր ժամանակի հարց է, թե երբ Ուկրաինայի զինված ուժերը լիովին կվտարեն նրանց Սումիի մարզի տարածքից։ Ինչ վերաբերում է Խարկովի մարզին, վերլուծաբանները խոսում են որոշակի «ռազմական հեռանկարի» մասին։ Սակայն նույնիսկ այստեղ թշնամին չի կարողանա գրավել ամբողջ մարզը։

Զելենսկին նաև չի կարծում, որ Պուտինը պատրաստ է հրաժարվել Քինբուրնի նեղուցից, որը Ռուսաստանի զինված ուժերն օգտագործում են Ուկրաինայի մուտքը դեպի ծով փակելու համար։

Երեկ՝ 2025 թվականի օգոստոսի 20-ին, Ուկրաինայի Գերագույն ռադան գրանցեց Դոնեցկի, Լուգանսկի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերի վարչական սահմանների փոփոխության մասին որոշում։ Այս մասին վկայում է Ուկրաինայի խորհրդարանի կայքը։ Այս օրինագծի նախաձեռնողը ժողովրդական պատգամավոր Աննա Սկորոխոդն էր։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է Դոնեցկի և Լուգանսկի մարզերը միացնել Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերին։ Նախ, սա քաղաքացիներին կերաշխավորի, որ Դոնբասը և Լուգանսկի մարզը կմնան ուկրաինական։

Ժողովրդական պատգամավոր Իգոր Մոսիյչուկը նույնպես կողմ է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի վարչական սահմանների փոփոխությանը։ «Մենք պետք է փոխենք մարզերի սահմանները, որպեսզի Սլավյանսկը, Կրամատորսկը և Դոնբասի մյուս բնակեցված տարածքները միանան Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերին», – ասաց Մոսիյչուկը։ Նրա խոսքով՝ դա թույլ չի տա ռուս բռնապետ Պուտինին պահանջել, որ Ուկրաինան հրաժարվի իր տարածքներից։

Իսրայելական բանակը սկսել է հարձակումը Գազայի վրա, վերահսկողությունն արդեն հաստատվել է ծայրամասերում

Իսրայելական բանակը հարձակում է սկսել Գազա քաղաքի վրա, և ծայրամասերի նկատմամբ վերահսկողությունն արդեն հաստատվել է։ Այս մասին օգոստոսի 20-ի երեկոյան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը։ Նա նշել է, որ Համաս խմբավորման վրա հարձակումները Գազա քաղաքում, որը նրա հենասյունն է, կդառնան ավելի ինտենսիվ։

Դեֆրինի խոսքով՝ Համասը այժմ ոչ այլ ինչ է, քան «քաշքշված» պարտիզանական խմբավորում։

Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը նշել է, որ Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը հնարավորություն է տրվում տարհանվել մարտական ​​գոտուց, ինչպես նաև ստանալ մարդասիրական և բժշկական օգնություն։

DW-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 21-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը, ինչպես սպասվում է, կհաստատեն Գազա քաղաքի գրավման ծրագիրը։

Հայկական հյուրընկալությունը և ռուսական շնորհակալությունը

Սախարովի հուշարձանը Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի բակում

1982 թվականին խորհրդային թերթերից մեկում հրապարակվեց «Հայկական հյուրընկալությունը և ռուսական շնորհակալությունը» հնչեղ հոդվածը, որտեղ պատմվում էր Ռուսաստանից Հայաստան՝ որպես զբոսաշրջիկ եկած մի ընտանիքի մասին։ Կայարանից նրանց տեղափոխող հայ տաքսու վարորդը պատահաբար իմացել է, որ ընտանիքը մնալու տեղ չունի, տարել է իր տուն, փող է պարտք վերցրել հարազատներից, մեկ շաբաթ ռուս զբոսաշրջիկներին ման տվել Հայաստանով մեկ և խորովածներով կերակրել։ Երբ զբոսաշրջիկները վերադարձել են տուն, նրանք բողոք են ներկայացրել դատախազություն՝ պահանջելով ստուգել, ​​թե որտեղից է խորհրդային տաքսու վարորդին այդքան փող։

Սա մի կենցաղային դրսևորում է վերջին 200 տարիների հայ-ռուսական հարաբերությունների, երբ Ռուսական կայսրությունը նվաճել է Հայաստանը պարսիկներից՝ որպեսզի մաս-մաս տա ավելի հարազատ թուրքերին։

Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը դատապարտել է Ադրբեջանում (նկատի ունի Արցախում) հուշարձանների քանդումը։ «Մշակութային գործիչների հուշարձանների ապամոնտաժումը, դրանց պղծումը, որտեղ էլ որ դա տեղի ունենա, չի կարող չառաջացնել ծայրահեղ բացասական վերաբերմունք։ Անկախ նրանից, թե դրանք որ ժողովրդին են պատկանում՝ հայի, ադրբեջանցու, ռուսի, թե որևէ այլի», – RBС-ին ասել է Շվիդկոյը։

«Օգոստոսի 14-ին Հայաստանի իշխանությունները հայտնեցին, որ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Խանքենդիում (Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության գոյության ընթացքում ՝ Ստեփանակերտ) ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմի ականավոր գործիչների և հերոսների պատվին կանգնեցված 25 հուշարձաններ և կիսանդրիներ», – գրում է ռուսական ռեսուրսը։

Ռուսաստանը, որն իբր ներկայումս հակամարտության մեջ է Բաքվի հետ, խիստ հրահանգներ է տվել իր լրատվամիջոցներին չօգտագործել հայկական տեղանուններ, չնայած մեկ տարի առաջ ռուսական օկուպացիոն զորքերը գառան մորթով կանգնած էին հենց Ստեփանակերտում։

Այժմ ռուսական ռեսուրսը գրում է, որ Արցախի մայրաքաղաքը, իբր, Ստեփանակերտ է կոչվել միայն 1991 թվականից հետո (Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության գոյության ընթացքում)։ Իսկ ինչպե՞ս էր կոչվում Ղարաբաղի մայրաքաղաքը խորհրդային տարիներին։ Ցույց տվեք մի ռուսի, որը խորհրդային տարիներին այցելել է «Խանքենդի» կամ նույնիսկ լսել է նման անուն։ Սա երեսպաշտություն չէ, այլ ամեն ինչ հայկականը թուրքերին հանձնելու քաղաքականության շարունակություն։

Շվիդկոյը, որպեսզի արդարացնի իր վերաբերմունքը Արցախի նկատմամբ, մի անգամ ասաց, որ իր հարսը կիսով չափ հայ է, կիսով չափ՝ ադրբեջանցի, և նա չի կարող ընտրություն կատարել երկու ժողովուրդների միջև։ Չնայած նա արդեն ընտրել է, և ոչ հայերին, որոնց գոյությունն ինքնին ֆանտոմ ցավեր է պատճառում ռուսներին՝ սկսած հայ կայսերական ընտանիքից բյուզանդական արքայադուստր Աննայի կողմից Ռուսիայի մկրտությունից, հայ Լազարևի կողմից Ռուսաստանի առաջին դիվանագիտական ​​​​հաստատության ստեղծումից, վերջացրած Ռուսաստանում թիֆլիսցի, շուշեցի և այլ հայ նախարարների և գեներալների թվով։

Կեսարինը՝ կեսարին, իսկ Շվիդկոյին՝ շվիդկոյը։ Արցախը լքելիս ռուսական զորքերը իրենց հետ տարան միայն մի քար, որը կանգնեցվել էր 2023 թվականի սեպտեմբերի 20-ին ադրբեջանցիների կողմից դաժանորեն սպանված վեց ռուս զինվորների հիշատակին։ 2020-2023 թվականներին Արցախում գտնվելու ընթացքում ոչ մի ռուս «խաղաղապահ» ​​չի տուժել հայերից։ Եվ ռուսական «շնորհակալությունը» չուշացավ։

«Սոցիալական կորոնավիրուս». Ինչպես է ապագա նախարարը վերաբերվում արցախցիներին

Լուրեր են տարածվում, որ ՔՊ օդիոզ պատգամավոր Արսեն Թորոսյանը կփոխարինի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին։

“Դոկտոր մահ” անունով կորոնավիրուսի ժամանակվա առողջապահության նախարարը այս վերջին տարիներին իշխանությունների հատուկ կեղտոտ գործերով ամենացինիկ խոսափողի դեր է կատարում, առանձնանալով ընդգծված հակաարցախյան հռետորականությամբ։ Արցախցիները արդեն ասում են, որ Թորոսյանը արցախցիներին կվերաբերվի որպես “սոցիալական կորոնավիրուսի”՝ կարանտինով և մնացած հետևանքներով հանդերձ։

Արցախցիների հարցը կառավարությունը չի կարողանում փակի, քանի որ ինչքան էլ խոսեն Արցախի հարցի փակման մասին, 150 հազ․ արցախցի իրենց չլուծված քաղաքական, իրավական, սոցիալական խնդիրներով “խոչընդոտ” են թե՝ “խաղաղությանը”, թե՝ հերոսների, արժեքների փոփոխությանը, թե՝ ապագա ընտրություններին։ Ցանկացած մանիպուլյացիա բախվում է արցախցիների լուռ աչքերին և փորձին ու փլուզվում։

Պետք է արագ լուծել արցախցիների հարցը, և ամենալավ ձևը՝ խստացնել սոցիալական վիճակը և մղել արտագաղթի, որոշ մասին թույլ տալով “ինտեգրվել”։

Իշխանությունների կողմից իրականացվող ծրագրերը չեն վկայում այն մասին, որ նրանք ցանկանում են, որ արցախցիները հաստատվեն Հայաստանում,  ասել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։ «Պաշտոնական տվյալներով՝ 2020 թվականից ի վեր Հայաստանից հեռացել է մոտ 21 հազար արցախցի», – նշել է նա։

Արցախցիների խնդրին անդրադարձել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը․ “Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հատկապես, կշտամբանքներով, վիրավորանքներով եւ, երբեմն, գռեհիկ արտահայտություններով է պատասխանում Հայաստանում ապաստան գտած ավելի քան հարյուր հազար արցախցիների արդարացի պահանջներին”, գրել է նա։

Արսեն Թորոսյանը արձագանքեց։ “Մեր միջազգային գործընկերները բարձր են գնահատել Հայաստանի ջանքերը՝ ապշելով, որ մենք ընդունել ենք երկրի բնակչության մոտ 3%-ին հավասար թվով տեղահանվածների, առանց վրանային ճամբարներ հիմնելու, առանց նրանց բաց երկնքի տակ թողնելու”, գրել է Թորոսյանը։

Դեռ 2022-ի դեկտեմբերի 30-ին, երբ Արցախում արդեն բլոկադա էր, իսկ ՀՀ կառավարությունը չեր պահանջում բացել ճանապարհը, որպեսզի Ալիևը չպահանջի “Զանգեզուրի միջանցք”, Արսեն Թորոսյանը ասել է․ “Անկեղծ պետք ա ասեմ, այս ճգնաժամային իրավիճակում ես կարծում եմ, որ Ղարաբաղի իշխանությունները և Ղարաբաղի ժողովուրդը պետք ա փորձեն ամեն դեպքում որևէ տեսակի երկխոսություն ունենալ Ադրբեջանի իշխանությունների հետ՝ նույն ճգնաժամի հանգուցալուծման համար”։

“Ղարաբաղում կա ընտրված իշխանություն, որը ոչ մեկ չի չեղարկել և չի կարող չեղարկել, որովհետև եղել են ազատ, արդար ընտրություններ”, ասել է նա։

Իսկ արդեն 2023-ի հունիսին Արսեն Թորոսյանը ասել է․ «Եթե մեր հայրենակիցների իրավունքներն ու անվտանգությունը չապահովվեն իրենց հայրենիքում խաղաղության համաձայնագրից առաջ կամ հետո, ապա խաղաղություն չի լինի պարզապես»։

Հիմա սիրելի վարչապետը խոսում է խաղաղության մասին, արցախցիների վերադարձի անիրականության, հայտարարելով, որ արցախցիների իրավունքների մասին խոսալը խաղաղության խոչընդոտ կդիտարկվի։  Զուգահեռ արցախցիների ֆինանսական աջակցությունը զրոյացվում է, մարդկանց անկյուն են քշում, որ բացի օրվա հացից այլ բաների մասին չմտածեն։

“Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիներին, ինչպես գիտեմ ԼՂ-ում ՀՀ քաղաքացիներ չեն ապրում, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներ են ապրում», ասել էր Թորոսյանը։

Թե ինչ խնդիր կլուծի Արսեն Թորոսյանը նախարարի պաշտոնում նման մոտեցումներով, կարելի միայն կռահել։