Հայաստանի առանձին վայրերում հոկտեմբերի 1-ին սպասվում է անձրև, տեղ-տեղ հնարավոր է մառախուղ։ Քամին արևմտյան է, 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, սակայն, ուրբաթ օրվանից սկսած, մինչև շաբաթվա վերջ այն նույնքանով կբարձրանա նորից։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետից», Երևանում հնարավոր է անձրև։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +22+24։
Month: Սեպտեմբեր 2025
Արցախ, պայքար և կորուստ․ «Ծեծը ինձ համար էնքան ցավոտ չէր, ինչքան «Карабах — это Азербайджан» ասելը»
by
ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ. ՊԱՅՔԱՐ ԵՎ ԿՈՐՈՒՍՏ
Հայրս ծնվել եւ մեծացել է Նախիջեւանում։ Հաճախ եմ լսել պատմություններ նրանց գյուղի, տան եւ անցած օրերի մասին։ Հատկապես վառ են տպավորվել տատիկիս խոսքերը. «Ամեն ինչ էլ ունեցել ենք, մինչեւ մի օր մտան գյուղ (խմբ. ադրբըջանցիները), ասացին՝ կա՛մ գնում եք, կա՛մ մեռնում»։
Չէի ուզում հավատալ, որ օտարները կարող են քեզ զրկել ունեցածիցդ, մինչեւ սեփական աչքերովս տեսա՝ ինչպես իմ խաղաղ գյուղից մոտ 350 կմ հեռու գտնվող Արցախ աշխարհում պատերազմ բռնկվեց, ինչպես հազարավոր զոհերի գնով պայքարեցինք, բայց մի օր ամբողջովին կորցրինք Արցախը։
Ես երբեք Արցախում չեմ եղել եւ միայն կարող եմ սգալ նրա կորուստը…
Արցախի մասին կխոսեն իմ հերոսները՝ մարդիկ, որոնք տեսել, ճանաչել, զգացել ու գործով սիրել են այն։
ՄԱՆԱՎԱԶԴ ՍՐԿ. ՄԿՐՏՉՅԱՆ — ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ
«Բոլորը Դադիվանք գալիս էին այն ժամանակ, երբ արդեն այն մերը չէր, բայց Դադիվանքը եւ Արցախը մեր այցելությունների եւ աղոթքների կարիքը միշտ ունեին»։
Պատերազմի լուրը ուղիղ ենք ստացել. արթնացանք թշնամու հրետակոծությունների ձայնից։ Ամեն ինչ պարզ էր, քանի որ Արցախում էինք բնակվում։
Իմ գլխավոր նպատակն էր զորմասի բոլոր ստորաբաժանումներով շրջելը և առաջնագիծ մեկնող զինվորներին ոգևորելը, որպեսզի նրանք պատրաստ լինեն ոչ թե զոհվելու հանուն հայրենքի, հանուն ազատության այլ, պայքարելու, կռվելու և ապրելու։ Մենք փորձում էինք զինվորներին այն հավատը փոխանցել, որ Աստված մեզ հետ է և մշտապես աջակից է լինելու մեզ։ Եվ սա մեր պայքարն է՝ հանուն ազատության, սրբությունների պահպանման և մեր հայրենիքը թշնամուց փրկելու։
Ինչո՞ւ է Քրիստոսը պատվիրում սիրել մեր թշնամիներին։
Քրիստոնեական պատգամները մեզ շատ բաներ են սովորեցնում ։
Սա սիրելու պատվիրանի մեկ քայլ բարձրացում է, ավելացում, սիրո տարածքի ընդլայնում, քանի որ մինչ այդ Քրիստոսը տվել էր մի քանի այլ պատվիրաններ. «Սիրի՛ր ընկերոջդ այնպես, ինչպես ինքդ քեզ, և սիրի՛ր Աստծուն, ինչպես սիրում ես քո ընկերոջը, ում ամեն օր տեսնում ես»։ Քրիստոսը այս պատվիրանով փորձում է սերը դարձնել առանց պայմանների։
Մյուս բացատրությունը, թե ինչ է նշանակում այս պատվիրանը: Սիրելով թշնամուն՝ մենք նմանվում ենք Աստծուն, որովհետև Աստված անխտիր բոլորին սիրում է։
Եվ հետո, սիրել, քրիստոնեական տեսանկյունից, նշանակում է աղոթել։
Երբ մենք մեկին սիրում ենք, աղոթում ենք Աստծուն՝ խնդրելով, որ այդ մարդու ապրելակերպը, վարքը, վարվելաձեւը փոխվի դեպի լավը։ Սա, իսկապես, շատ մեծ քրիստոնեական պատվիրան է։ Իհարկե թշնամուն սիրելը եւ նրա համար աղոթելը չի նշանակում դառնալ պացիֆիստ, թույլ տալ հայրենիքի եւ սրբությունների ոտնահարում: Թշնամին, եթե գալիս է մեզ ոչնչացնելու, եւ մենք թույլ ենք տալիս դա, մենք ակամա խախտում ենք ինքներս մեզ սիրելու պատվիրանը։
Պատերազմից հետո գիտակցեցի, որ մեզանից շատերը չեն ճանաչում ու չեն սիրում Արցախը։ Վերջին օրերին, երբ Դադիվանքում էինք, մարդկանց մեծ հոսք կար՝ խցանումներ առաջացնող. բոլորը Դադիվանք գալիս էին այն ժամանակ, երբ այն արդեն մերը չէր, բայց Դադիվանքը եւ Արցախը մեր այցելությունների եւ աղոթքների կարիքը միշտ ունեին։
Ես չէի պատկերացնում, որ վերջին անգամ եմ Արցախում։ Այնտեղից դուրս եմ եկել շրջափակումից ընդամենը մի քանի օր առաջ։ Երբ շրջափակումը սկսվեց, ամեն օր սպասման մեջ էի, որ ի վերջո վերադառնալու եմ Արցախ… Ես Արցախին ցտեսություն չեմ ասել և չեմ այցելել ինձ համար թանկ վայրերը։ Միգուցե սա լա՞վ է, միգուցե սրա մեջ վերադարձի հույսը կա՞, որ վերադառնալու եմ Արցախ և այն կրկին ազատ ու անկախ եմ տեսնելու։
ԷՎԱ ՄԻՐԶՈՅԱՆ — ԿԱՄԱՎՈՐ
«Ամենածանր ապրումները այդ ժամանակ եմ ունեցել, որովհետեւ մենք գրեթե նույն տարիքի էինք, բայց մեր կյանքերը ու ապրումները անսահման տարբեր էին»։
Մայրս այստեղ էր աշխատում՝ Արտաշատի սպորտդպրոցում: Հենց իրենից իմացա Արցախից բռնի տեղահանվածների ժամանակավոր կացարանի մասին ու եկա միանգամից։ Նպատակը մեկն էր՝ օգնել մարդկանց հնարավոր բոլոր ձեւերով։
Կացարանում կամավորության ժամանակ հիմնականում երեխաների հետ էի զբաղվում. փախչում էի մեծահասակների հետ շփումից, որովհետեւ չգիտեի՝ ինչ խոսեմ, ինչ արձագանք տամ, երբ իրենց կորցրած տան, հայրենիքի, հողի ու հարազատների մասին էին պատմում։
Բոլոր օրերը բարդ էին, ծանր, ցավոտ, բայց գիտակցում էի՝ իմ զգացածը այդ մարդկանց կորցրածի դիմաց ոչինչ է։
Երբեմն նյարդերը տեղի էին տալիս, ու անգամ կամավորներով իրար հետ վիճում էինք, որովհետեւ, ճիշտ է, բոլորս համախմբվել էինք մի գաղափարի շուրջ, բայց տարբեր պատկերացումներ ունեինք՝ ինչպես վարվել այս կամ այն իրավիճակում։
Էվա Միրզոյանը՝ Արտաշատի սպորտդպրոցում, որը կացարանի էր վերածվել 2023-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին
Հիշում եմ՝ կացարանում ամենաակտիվ երեխաները Աբելն ու իր քույր Արաքսյան էին։ Հենց կացարանի դուռը բացում, մտնում էի դահլիճ, վազելով գալիս, ասում էի. «Ե՛կ խտտիմ», ու փաթաթվում էին: Մի քանի օր հետո հասկացա, որ «խտտելը» գրկելն է, ու քիչ-քիչ բառապաշարումս ավելացան արցախյան բարբառից մի քանի բառեր, որ հաճախ էի լսում՝ «լոխդ ղաշանգ ըք», «չայ ածիմ», «տյուս եկ» եւ այլն։ Մտերմացել էինք կացարանի բնակիչների հետ ու ընկերություն էինք անում։ Կամավորության հենց առաջին օրվանից գիտեինք՝ բնակիչների համար ամենալավ քաղցրեղենի սեղանը պիտի միշտ պատրաստ լինի խոհանոցում։ Օրեր հետո կացարանում բնակվող կանայք էին մեզ համար սուրճ ու թեյ պատրաստում, քաղցրեղենը դնում ափսեների մեջ ու կանչում նստել-հանգստանալու։
Երբ քիչ-քիչ սկսեցի մեծահասակների հետ շփվել, աշխատում էի չխոսել իրենց անցած օրերի մասին. բոլոր հարցերս վերաբերում էին ներկա պահին. և՛ իրենց համար էր դժվար, և՛ ինձ։ Ամենադժվար օրն էր, երբ Մարատն ու իր եղբայրը պատմում էին՝ ինչեր են տեսել իրենց աչքով, ինչեր են կորցրել, ոնց են փրկվել։ Ամենածանր ապրումները այդ ժամանակ եմ ունեցել, որովհետեւ մենք՝ Արցախն ու ես, գրեթե նույն տարիքի էինք, բայց մեր կյանքերը ու ապրումները անսահման տարբեր էին։
ԱՆԱՆՈՒՆ (ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ)
«Կարոտել եմ ինքս ինձ պատերազմից առաջ, Արցախը ու Արցախում մնացած մեր պայքարը»։
Վիրավորվելուց հետո ուշագնաց էի եղել: Զարթնեցի, տեսա Հադրութից հեռացող տանկեր, մտածեցի՝ հաղթել ենք… Շատ ուրախացա։ Հետս էլի վիրավորներ կային՝ ոտքից, մեջքից… Ընկերոջս երկու ոտքը կտրվել էր։ Էնպիսի վիճակում էինք՝ չէինք կարող փախչել կամ կռվել, որովհետեւ կրակող զենք էլ չունեինք։ Մեզ հետ ոչ վիրավոր տղաներ էլ կային։ Պայմանավորվեցինք, որ իրենք փախչեն, որովհետեւ շրջափակման մեջ ընկնելու վտանգ կար, մեզ օգնող ուժեր ուղարկեն։ Մի քանի ժամ մնացինք սպասելով։ Եկան, բայց, ցավոք սրտի, հայեր չէին։ Ուժ չէր մնացել, ու ձեւ չկար դիմադրելու. բոլորիս գերեվարեցին։
Հետո տարան ինչ-որ գյուղ, որտեղ մեզ շատ վատ էին վերաբերվում, 10-12 հոգով ծեծում էին մի հոգու, վերքերը սեղմում, ծաղրում, նվաստացնում։ Ծեծը ինձ համար էնքան ցավոտ չէր, ինչքան «Карабах — это Азербайджан» ասելը, որովհետեւ մենք պայքարել էինք ու ընկերներ կորցրել հանուն մեր հայրենիքի, ու հիմա մեզ ստիպում են նման բան ասել, բնականաբար մենք չէինք ուզում։ Մարդիկ տեսնում էին, որ հայ զինվորը չոքած էդ բառերն է ասում, բայց չէին տեսնում՝ կամերայի մյուս կողմում քանի հոգի է զենքը վրադ պահել։
Գերեվարության ընթացքում ինքս ինձնից ու իմ մտքերից էի վախենում։
Անընդհատ մտածում էի՝ տեսնես ինչի՞ չեկան մեզ օգնելու, ինչի՞ էինք մենակ, ո՞նց ամեն ինչ մեզ հակառակ շրջվեց։
Ադրբեջանական բանտում տանջանքները քիչ էին, շատ զգույշ էին մեզ հետ, ու անգամ ինքնասպան լինելու հնարավորություն չկար։ Հաց ուտելուց հետո գդալը դնում էին դռան բռնակին էնպես, որ բացելիս ընկներ, ձայն գար, նոր առաջանան խուց, որովհետեւ իրենք էլ գիտեին՝ գդալը կարող է դանակի վերածվել։
Բանտարկված լինելը իմ կյանքում շատ բան փոխեց. մտածելակերպ, ապրելակերպ, կյանքի իմաստ:
Որ նայում եմ արեւին, ընտանիքիս, դուրս եմ գալիս փողոց ու հայերեն լսում, մտածում եմ՝ ինչքան լավ էր, որ մեզ տանջելու համար անգամ չէին թողնում` ինքնասպան լինենք…
Կարոտել եմ ինքս ինձ պատերազմից առաջ, Արցախը ու Արցախում մնացած մեր պայքարը։
Բանտում եղած ժամանակ լիքը բաներ վերանայել եմ, անիրական թվացող երազանքներիս վերադառնալուց հետո հասել եմ, բայց մի բան չեմ կարողացել անել՝ ներել մեզ մենակ թողած, փախած մեր ընկերներին։ Աստվա՛ծ իրենց հետ…
ԼԵՌՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ — ՊԱՏՄԱԳԵՏ
«Արցախը դրախտ էր թե՛ հնագետների, թե՛ հուշարձանագետների համար, որովհետեւ ամեն քայլափոխին մի նոր դամբարան կամ հուշարձան էր բացահայտվում»։
Տարբեր տեղերից մարդիկ զանգահարում, հայտնում էին՝ հուշարձան են գտել. դա 2021-2023 թվականի մայիսին էր՝ մինչեւ բլոկադայի սաստկացումը։
Ես վստահ եմ, եթե գործունեությունը շարունակեինք, Արցախում 7000-8000 հուշարձան կգտնվեր: Շատ գործ կար անելու, ափսոս՝ չհասցրինք։ Մեր հազարամյակների պատմությունը, ժառանգությունը մնաց թշնամուն։
Հայ ժողովուրդը իր պատմական հայրենիքից բացի կորցրել է նաեւ շատ մեծ պատմամշակութային ժառանգություն, որի հետեւանքները հետո ենք զգալու։ Մենք կորցրել ենք մեր ինքնության հիմնական գրավականը…
Այստեղ հարմարվելու խնդիր չունեմ, 11 տարի Երեւանում եմ ապրել, եւ երբ հարցնում են՝ հարմարվե՞լ եք, ինձ վատ եմ զգում։ Ես հայրենիքիս մի հատվածում եմ գտնվում, ի՞նչ կա այստեղ հարմարվելու կամ չհարմարվելու։
Շատ դժվար է բաժանումը ոչ միայն այն պատճառով, որ ինքս մասնակցել եմ հայրենիքի ազատագրմանը եւ հարազատներ կորցրել… Ես կապված էի այդ հողին։ Ամբողջ Արցախում ոտքով շրջել եմ: Դրանով շատ քիչ մարդիկ կարող են հպարտանալ։
2009 թվակամից վարել եմ «Մեր երկիրը» հաղորդաշարը։ Գնում էինք նկարահանման, հենց տեղում նկարում էինք. պատմում էի հուշարձանի մասին։ Մեկը մյուսից հրաշք տեսարաններ, հուշարձաններ ու կառույցներ էին։ Օպերատորը՝ Բենիամին Վարդանյանը, որ կանգնած էր Արցախի հեռուստատեսության ստեղծման հիմքում, արդեն տարիքով էր, բայց միասին քայլելով՝ գնում էինք ճանապարհներով, որ մեքենան չէր կարող բարձրանալ։ Մեզ շատ հաճախ միանում էր նաեւ Դադիվանքի վանահայր տեր Հովհաննեսը։ Գրկում էինք նկարահանման անհրաժեշտ տեխնիկան եւ անցնում ճանապարհը…
Արցախի հայաթափման եւ բռնազավթման հետեւանքով թշնամու տիրապետության տակ մնաց 5000 հուշարձան, 385 եկեղեցի, 59 վանական համալիր, 2385 խաչքար։
Խոսում ենք նյութական մշակութային կորստից, բայց մարդիկ զրկվել են ոչ նյութականին հաղորդ լինելու հնարավորությունից։
Արցախյան բարբառը, ավանդույթներն ու սովորությունները, արցախցիների վարած ապրելակերպը այսօր մոռացվելու վտանգի տակ են։
ԱՆԺԵԼԱ ԱՍՐՅԱՆ — ԵՐԿՈւ ՈՐԴԻՆԵՐԻՆ ԿՈՐՑՐԱԾ ՄԱՅՐ
- Սուրճը դա՞ռն եք խմում։
— (Գլխով դրական շարժում եմ անում.- հեղ.)։
— Հա՞։ Է՜հ, Սասունս էլ էր դառը խմում»։
Գրիգորը՝ մեծ տղաս, փոքր ժամանակ շա՜տ չար էր։ Երբ հարցնում էինք՝ ինչ անենք քեզ համար, որ մի քիչ խելոքանաս, ասում էր.
— Ինձ փոքր ախպեր եմ ուզում։
Հաջորդ բալիկս ծնվեց: Հիվանդանոցից դուրս գրման ժամանակ տեսա Գրիշան (տանը Գրիգոր չէինք ասում, այլ Գրիշա) վազ տալով գալիս է։ Շատ ուրախ էր: Նայեց երեխային, բայց հենց իմացավ՝ աղջիկ է ծնվել, նեղացավ, շրջվեց ու փախավ։
Սիրտը շահելու համար շատ նվերներ էինք գնում, բայց ոչինչ չէր հավանում։ Մի անգամ եղբայրս շա՜տ մեծ կարմիր մեքենա էր բերել։ Գրիշը եկավ տուն, տեսավ մեքենան, բայց էլի չուրախացավ. ոտքով խփեց մեքենային ու շատ լուրջ ասաց.
-Ես ախպեր եմ ուզում, եթե ինձ ախպեր չեք բերելու, ուրեմն էլ ոչ մի նվեր չբերեք։
Վերջապես ծնվեց Սասունս։ Մենակ տեսնեիր՝ ոնց գլխիվայր շրջվեց Գրիշաս. էն չար, չաչանակ տղան միանգամից մեծացավ, լրջացավ։ Ախպերներով իրար շատ կապված էին, իրարից անբաժան էին մինչեւ վերջ։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սովորականի պես գնացի դպրոց՝ դասի։ Էնտեղ ուսուցիչները ասացին՝ սկսվել է կռիվը։
Ընկա գետնին….
Սասունս հետախույզ էր, իր մասին ոչինչ չէր պատմում: Երբ զանգում էի, անհասանելի էր։ Հոկտեմբերին մի անգամ եկավ տուն, տեսա՝ մի քանի տեղից վիրավոր։ Իրականում չպիտի հետ գնար, բայց նստեց, կոֆեն խմեց, վերքերը կապեց ու գնաց։
Շատ խնդրեցի, ասացի՝ մի՛ գնա, Սասուն ջա՛ն, բայց ո՞վ էր լսողը։
Սասունս կոֆե շատ էր սիրում. հենց աչքերը բացում էր, կողքին սուրճ դրված չէր լինում, գոռում էր՝ մամա՛։ Ես էլ, հարեւաններն էլ արդեն գիտեինք, որ սուրճի ժամն է։ Հիմա նկարի կողքին միշտ դառը կոֆե եմ դնում։
Գրիշաս եղբոր մասին ասում էր՝ երազանք էր, երազանք դարձավ, բայց հիմա մի երազանք էլ ինքն է…
Մեկին պատերազմը տարավ, մյուսին՝ պայթյունը։
Գրիշաս շատ լարված էր (դե, հինգ երեխա ունի). ուզում էր շուտ դուրս գանք։ Չհամբերեց՝ զանգեն մեզ. դուրս գալու համար որպես զոհվածի հարազատ բենզին էին տալիս, ընկերը զանգեց, գնացին՝ եսիմ որտեղից բենզին գտնեն։
Դուրս գալուց առաջ տղայիս ասացի, որ անպայման զանգի, շատ անհանգիստ էի։ Ասաց.
-Դե լավ էլի, հո չեմ կորելու։
Գնաց, կորավ, բալա ջա՛ն, 42 տարեկան էր….
Ո՞նց կարամ ախր մնամ էստեղ միշտ։ Սասունս ու ծնողներս Արցախում են, սպասում են՝ երբ եմ գնալու իրենց մոտ։
Մանե Մնացականյան
Վայ մամա ջան)
Իր ելույթի ժամանակ Թրամփն առաջին անգամ արտաբերեց Ադրբեջանի անունը՝ այն արտասանելով վանկ առ վանկ, բայց չհիշատակեց Հայաստանը։ Նա Ալիևին անվանեց Ադրբեջանի առաջնորդ, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ «էն մյուս տղան»։
Արցախցիների անվճար բժշկական օգնությունը՝ նոր անձնագիր ստանալուց հետո
Շատ արցախցիներ, ովքեր արտաքսումից հետո հնարավորություն ունեին օգտվելու անվճար բժշկական ծառայություններից Հայաստանում, նոր անձնագիր ստանալուց հետո բախվեցին տեխնիկական, բայց լուրջ խնդրի։ Խնդիրն այժմ լուծվում է, բայց շատերն արդեն տուժել են։
Արցախցուն նոր անձնագիր տրամադրելուց հետո, նրա կարգավիճակը Armmed համակարգում ավտոմատ կերպով փոխվում է, և նրան այլևս չեն նույնականացվում որպես արտոնություն ունեցող տուժած անձ։ Պոլիկլինիկաները հրաժարվում են տրամադրել անվճար ծառայությունների ուղեգրեր՝ պահանջելով միգրացիոն վարչությունից տեղեկանք, որ նրանք նախկին փախստական են, սակայն միգրացիոն վարչությունները պնդում են, որ իրենք իրավասու չեն տրամադրել նման վկայական։
Առողջապահության նախարարի հրամանով, նոր անձնագիր ստացող արցախցիները կարող են դրանից հետո մեկ տարի օգտվել բժշկական ծառայություններից արտոնյալ հիմունքներով, այսինքն՝ անվճար։ Step1.am-ի հարցմանը ի պատասխան՝ Առողջապահության նախարարությունից նշել են, որ հրամանը մնում է ուժի մեջ, և արցախցիները մեկ տարի իրավունք ունեն օգտվելու անվճար բժշկական օգնությունից։
Պոլիկլինիկայում մեզ տեղեկացրին, որ քանի որ Armmed կայքում տեղեկատվությունը փոխվել է, նրանք հիմքեր չունեն նոր անձնագիր ստացած փախստականին ուղեգիր տալու համար։
Իր հերթին, Միգրացիոն ծառայությունից մեզ հայտնեցին, որ իրենք պատշաճ կերպով փոխանցում են քաղաքացիության վերաբերյալ բոլոր տվյալները Armmed-ին։
Ստացվում է արատավոր շրջան. նախարարի հրամանով Արցախի բնակիչները մեկ տարի անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեն, սակայն տեխնիկական անհամապատասխանությունների պատճառով նրանք զրկված են այդ իրավունքից։
Armmed-ից և Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ ներկայումս փորձում են լուծել տեխնիկական խնդիրը։ Անհատական լուծումնարդեն կա, դեռ չգիտենք, կա՞ արդյոք համակարգային լուծումը։
Փաշինյանը ԵԽԽՎ-ում արցախցիների վերադարձի և փոխհատուցման հարցը «վտանգավոր» է որակել
1915 թ․ Ցեղասպանության ժխտումը բերեց ցեղասպանության Արցախում
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածում՝ խստացնելով քրեական պատասխանատվությունը ցեղասպանությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ժխտման, հրապարակային հերքման եւ դրանց արդարացման վտանգավորությունը նսեմացնելու դեպքում։
ԱԺ այսօրվա նիստում ընդդիմադիր պատգամավորները Նիկոլ Փաշինյայնին ու ՔՊ-ականներին մեղադրեցին Հայոց ցեղասպանությունը հերքելու քաղաքականություն վարելու մեջ։ «Ձեր իշխանության օրոք ցեղասպանությունը շարունակվեց Արցախի նկատմամբ։ Այսօր եւ Թուրքիան, եւ թուրք-ադրբեջանական տանդեմը, փոխանակ հայտնվեն մեղադրյալի, հանցագործի կարգավիճակում, Հայաստանի նկատմամբ դարձել են մեղադրող կողմ։ Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության մեջ գրված է, որ Հայաստանն ամեն ինչ անելու է՝ Արցախի ժողովրդի բռնագաղթը կանխելու համար, բայց դուք դա չեք իրականացրել»,- իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով՝ գործող իշխանության օրոք հավանակությունը շատ մեծ է, որ կարող են հեշտությամբ կատարվել ցեղասպանության ժխտմանը վերաբերող հանցագործություններ ու արդարացվել։ Նա հայտարարեց, որ պետք է խիստ պատիժ սահմանել այդ դեպքերի համար։
«Հայաստան» խմբացկության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մեջբերեց ցեղասպանությունների կանգարգելման Լեմկինի ինստիտուտի գնահատականները Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության վերաբերյալ։ Նա հիշեցրեց, որ ըստ Լեմկինի անվան ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարություններում Նիկոլ Փաշինյանը կրկնում է թուրքական ժխտողական խոսույթը։ «Բա դա ի՞նչ է, եթե ոչ ժխտում»,- հարցադրում արեց պատգամավորը։
Պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ, դիմելով ՔՊ-ականներին, ասաց․ «Եթե դուք ցեղասպանության ուրացման քաղաքականությունը չեք իրականացնում, եթե թշնամիների նախապայմանները չեք կատարում, ի՞նչ խնդիր ունեք, ի՞նչն է ձեզ այդպես անհանգստացրել, որ այսպիսի հերոսական պայքար եք մղում ԱԺ խրամատներում այս օրենքի դեմ։ Եթե դուք այս տեմպերով շարունակեք, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳՆում Հայաստանի հարցերով զբաղվող բաժինները կարող են լուծարվել․ Մարիա Կարապետյանի պես մարդ ունեն Հայաստանում, ի՞նչ խնդիր ունեն»։
Պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ հիշեցրեց Արցախի ու Հայոց ցեղասպանության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները․ «Հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանի հայտնի արտահայտությունները՝ Շուշին դժգույն եւ դժբախտ քաղաք էր, բա մեզ պե՞տք էր Շուշին։ Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը դա ասաց՝ դե ասում ենք՝ ի՞նչ ենք կորցրել որ, բա իմաստ ունի՞ դրա համար թուրքերի հետ հարաբերությունները փչացնել։ Սա է ձեր քաղաքականության էությունը, եւ այդ քաղաքակությունը կանխելու համար ենք մենք այս փոփոխությունն առաջարկում»։
Ռուսաստանը հանգիստ է․ 102-րդ բազան կմնա՞ Չորրորդ հանրապետությունում
Կոպիրկինը Հայստանում ռուսական ընկերությունների համար վտանգ դեռ չի տեսնում։ Թեկուզ կան ենթադրություններ, որ “ազգայնացվող” «Էլսեթի»-ի նման ճակատագիրը կարող է արժանանալ նաև այլ ռուսական ընկերությունների, ինչպիսիք են «Գազպրոմը», «Հարավկովկասյան երկաթուղին» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։
Սակայն նույնիսկ ՀԷՑ-ը, որը մասնավոր սեփականություն է, Հայաստանի կառավարությունը չի կարողանում խլել սեփականատիրոջից։ Իսկ Ռուսական երկաթուղիների կամ Գազպրոմի հետ պայամանագիրը խզելու համար այլ կարգի ջանքեր կպահանջեն։
Երրորդ հանրապետության “փակումը, “Չորրորդ Հանրապետությունը” և 1992-ից ի վեր պետական ակտերի ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծումը կարող է բերել սեփականության և ազգային ակտիվների վերաբաբաշխման և Ռուսաստանի իրավունքների կասեցման։
Հայկական շատ ակտիվներ, մասնավորապես՝ երկաթուղիները և գազատարի ցանցը, պատկանում և կոնցեսիոն կերպով տրամադրված են ռուսական պետական կորպորացիաներին: Ավելին, համաձայնագրերը պարունակում են կետեր, որոնք արգելում են ոչ ռուսական երկաթուղիների կամ խողովակաշարերի ստեղծումը Հայաստանում: Նույնիսկ 2007 թվականին գործարկված Իրան-Հայաստան գազատարը շատ շուտով դարձավ «Գազպրոմի» սեփականությունը։
Այսպիսով, դժվար է պատկերացնել, թե ում են պատկանելու երկաթուղիները, եթե դրանք կառուցվեն Սյունիքում: Դժվար է նաև հասկանալ, թե ով է պաշտպանելու հայ-իրանական սահմանը, եթե այն մնա հայ-իրանական: Ռուս-հայաստանյան պայմանագրի համաձայն, ռուս սահմանապահները պաշտպանում են «ԽՍՀՄ արտաքին սահմանները», այսինքն՝ Հայաստանի սահմանները միայն Իրանի և Թուրքիայի հետ: Սակայն, եթե դա լինի հայ-ադրբեջանական սահման, ռուս սահմանապահներն այտեղ չպետք է լինեն:
Ինչպիսին կլինի սահմանը, երբ հայ-իրանական սահմանի երկայնքով ստեղծվի 6 կիլոմետր լայնությամբ միջանցք, ոչ ոք չի կարող կռահել: Արդյո՞ք դա կլինի հայ-իրանական սահման, թե՞ հայ-ադրբեջանական, թե՞ հայ-ամերիկյան սահման: Կախված դրա կարգավիճակից՝ անհրաժեշտ կլինի որոշել, թե արդյոք այնտեղ կտեղակայվեն ռուս, թե՞ հայ սահմանապահներ:
Ինչ վերաբերում է Սյունիքին, այն հարուստ է մետաղներով, և հանքավայրերի մեծ մասը շահագործվում է ռուսական ընկերությունների կողմից: Քանի՞ հանք կմնա միջանցքի ներսում, և ինչպիսին կլինի Սյունիքի տնտեսությունն ընդհանուր առմամբ, առեղծված է:
Սոցիալական աջակցությունը կշարունակվի, բայց սթրեսը ժանտախտի պես կործանում է արցախցիներին
Արդեն երեք տարի է, ինչ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես չի պաշտպանում Արցախի ժողովրդի քաղաքական իրավունքներն ու շահերը, փոխարենը տրամադրելով նվազագույն սոցիալական աջակցություն, որը անխուսափելիորեն նվազում է։
Կառավարությունը չի ճանաչում Արցախի ընտրված իշխանություններին, փորձում է խլել Արցախի ներկայացուցչության շենքը, իսկ ՀՀ Արտաքին գործերի նախարարության կայքի «Արցախ» բաժինը, որը «թարմացվում» է արդեն ինը ամիս, դատար է։ Համաձայնեցված «խաղաղության փաստաթղթերում» ոչ մի հիշատակում չկա Արցախի ժողովրդի իրավունքների մասին։ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը չի արձագանքում մի շարք երկրներում ընդունված խորհրդարանական բանաձևերին, որոնք պարտավորեցնում են նրանց կառավարություններին չանտեսել Արցախի ժողովրդի իրավունքները։ Հայաստանի խորհրդարանը հրաժարվում է նույնիսկ քննարկել 44-օրյա պատերազմի մասին զեկույցը։
Միևնույն ժամանակ, Հայաստանի կառավարությունը կրճատում է արցախցիներին տրամադրվող սոցիալական օգնությունը, չնայած նրան, որ նրանց ժամանակավոր պաշտպանության տակ է առել և պարտավորվել է ապահովել նրանց արժանապատիվ գոյությունը Հայաստանում։ Ամսական մեկ շնչի հաշվով տրամադրվող 50,000 դրամը օգնել է արցախցիներին գոյատևել մեկուկես տարի։ Այնուհետև ծրագիրը կրճատվեց մինչև 30,000 և վերահասցեագրվեց միայն բնակչության խոցելի խմբերին։
Ներկայիս աջակցության ծրագիրը կավարտվի դեկտեմբերի վերջին՝ հուսահատության մեջ թողնելով արցախցիներին, մասնավորապես՝ տարեցներին և հիվանդներին. ինչպե՞ս են նրանք ապրելու: Հուսահատությունն ու հոգեբանական սթրեսը ժանտախտի պես կործանում են արցախցիներին, և չնայած չկան թվեր, որոնք ցույց կտան, թե քանի արցախցի է՝ տարեց, հիվանդ կան նախկինում առողջ, մահացել տեղահանությունից հետո: Սակայն հիշատակի արարողությունների սարսափեցնող թիվը, որոնք դարձել են արցախցիների գործնականում միակ հանդիպման վայրը, ինքնին խոսուն է: Մարդիկ, որոնց չի հաջողվել հաղթել, հանձնվում են և լուռ մահանում:
Անցյալ շաբաթ Հայաստանի կառավարությունը հաստատեց 2026 թվականի բյուջեի նախագիծը, որը ներառում է մի քանի կետեր, որոնք վերաբերում են արցախցիներին: Մասնավորապես, 1.2 միլիարդ դրամ կհատկացվի ուսանողների ուսման վարձի փոխհատուցմանը, իսկ 202.8 միլիոն դրամ՝ ուսուցիչների աջակցության ծրագրին:
7.7 միլիարդ դրամ կհատկացվի որպես պետական աջակցություն՝ արցախցիներին մատչելի բնակարաններով ապահովելու համար: 55 միլիարդ դրամ կհատկացվի արցախցիների բնակարանային ծախսերը հոգալու համար:
Այսպիսով, արցախցի ուսանողների ուսման վարձի և տան վարձավճարի փոխհատուցման ծրագիրը կշարունակվեն, չնայած ձևաչափը և շրջանակը դեռևս անհասկանալի են։
Արցախցիների նկատմամբ իր բարենպաստ վերաբերմունքով հայտնի Արսեն Թորոսյանին սոցիալական հարցերով նախարար նշանակվելուց հետո լուրեր էին շրջանառվում, որ աջակցության ծրագրերը, հավանաբար, չեն շարունակվի, ինչը արցախցիներին կզրկի ամեն ինչից։
Արսեն Թորոսյանը վերջերս հանդիպել է Լիաննա Պետրոսյանի հետ, ով, հասարակական կարծիքի հարցումների հիման վրա, ներկայանում է որպես արցախյան համայնքի ներկայացուցիչ։ Step1.am-ի հետ հարցազրույցում Լիաննան ասել է, որ նախարարի հետ հանդիպման ժամանակ զգացել է նրա հանձնառությունը՝ բարելավելու արցախցիների սոցիալական ծրագրերը։ Արդյո՞ք սա կապված է առաջիկա ընտրությունների և իշխող կուսակցության՝ արցախցիներին իր կողմը գրավելու մտադրության հետ։
Նա նաև հայտնել է, որ սկսել է բաշխվել ֆինանսական օգնությունը, որը երկու ամսով հետաձգվել էր, քանի որ ՄԱԿ-ը չէր հատկացրել միջոցները։ Լիաննա Պետրոսյանը նաև ասել է, որ ներկայացրել է բնակարանային ծրագրի առաջարկներ, որոնք կոչված են պարզեցնել արցախցիներին բնակարաններով ապահովելու գործընթացը։ Նա նշել է, որ կառավարությունը բաց է քննարկումների համար։
Ապրիլից ի վեր արշավ ծավալած, այդ թվում՝ երկու հանրահավաք կազմակերպած Արցախցինրի իրավունքների խորհուրդը դեռևս չի հանդիպել սոցիալական հարցերով նախարարի հետ։ Խորհուրդը հանդիպումներ է անցկացնում շրջաններում և դեռևս կոնկրետ գործողությունների ծրագիր չի ներկայացրել։
Չնայած Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը վերջերս հայտարարել է, որ Արցախի խորհրդարանն ու կառավարությունը շարունակում են գործել, գարնանը Արցախի պետական նախարար նշանակված Նժդեհ Իսկանդարյանը նույնպես դեռևս չի հանդիպել սոցիալական հարցերով նախարարի հետ։
Եվ անհասկանալի է, թե ինչպես են, հաշվի առնելով ՀՀ կառավարության և Արցախի հասարակական կառույցների միջև կապերի բացակայությունը, գնահատվում արցախցիների կարիքները, վերահսկվում ծրագրերի արդյունավետությունը և լուծվում ձագող խնդիրները։
Օրինակ, որոշ եվրոպական երկրներ միջոցներ են հատկացրել Հայաստանին կանաչ բիզնեսի զարգացման համար, որոնք փոխանցվում են հայկական առևտրային բանկերին՝ արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելու պայմանով, այդ թվում՝ արցախցիներին։ Մասնավորապես, մի քանի բանկեր առաջարկում են բարենպաստ «կանաչ բիզնեսի» վարկեր՝ քեշբեքով, բայց մեր տեղեկություններով՝ արցախցիները տարբեր պատճառներով չեն կարողանում օգտվել ծրագրից։ Արդյո՞ք ծրագրերի արդյունավետությունը վերահսկվում է։
Բնակարանաշինության ծրագիրը նույնպես իրականացվում է արևմտյան դոնորների կողմից ֆինանսավորվող միջազգային հիմնադրամի միջոցով: Ղարաբաղի բնակիչները առաջարկում են միջոցներն օգտագործել սոցիալական բնակարանաշինության, ինչպես նաև “կարճ” ծրագրերի համար: Փոխարենը միջոցներ են հատկացվում արցախցիներին՝ Հայաստանում երկրորդային շուկայում բնակարաններ ձեռք բերելու համար: Ու՞մ հետ են քննարկվում այս առաջարկները:
Կառավարությունը պնդում է, որ արցախցիների վերադարձը անիրատեսական է, իսկ Փաշինյանն առաջարկում է, որ արցախցիները ինտեգրվեն և դառնան Հայաստանի հպարտ քաղաքացիներ: Սակայն անհասկանալի է, թե ինչու հայկական անձնագրեր ունեցող արցախցիները 2023 թվականի սեպտեմբերից անմիջապես հետո չճանաչվեցին որպես Հայաստանի հպարտ քաղաքացիներ: Արդյո՞ք դա արվել է նրանց իրավունքները պաշտպանելու և կորցրած գույքի համար փոխհատուցում վճարելու պարտավորությունից խուսափելու համար:
Նաիրա Հայրումյան
Ի՞նչ Արցախ։ Որտե՞ղ է դա
Թրամփը և Նեթանյահուն համաձայնեցրել են ծրագիրը։ Իրանը կմիանա՞ Աբրահամի համաձայնագրերին
Նախագահ Դոնալդ Թրամփը, որը երկուշաբթի օրը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել էր Գազայի հարցով նոր խաղաղության ծրագիրը, շնորհակալություն հայտնեց Նեթանյահուին ծրագիրն ընդունելու համար, նրան անվանեց «մարտիկ» և խոստացավ իր ողջ աջակցությունը՝ ապահովելու համար, որ Իսրայելի առաջնորդը «անի այն, ինչ պետք է անի»։
«Սա, հնարավոր է, քաղաքակրթության պատմության մեծագույն օրերից մեկն է», – հավելեց Թրամփը։ «Այսօր աշխարհի համար պատմական օր է»։
Երկու առաջնորդների մամուլի ասուլիսից կարճ ժամանակ առաջ Սպիտակ տունը հրապարակեց առաջարկվող 20 կետից բաղկացած ծրագիրը։
Թրամփը հայտարարեց, որ արաբական և մուսուլմանական երկրները պարտավորվել են հնարավորինս շուտ «ապառազմականացնել Գազան»՝ որպես ծրագրի մաս: Նա նաև նշեց, որ նախատեսվում է Համասի թունելների և արտադրական օբյեկտների լիակատար ոչնչացումը: Բոլոր պատանդները՝ կենդանի և մահացած, պետք է վերադարձվեն 72 ժամվա ընթացքում: Նրանց վերադարձից հետո Իսրայելը կազատի ցմահ բանտարկության դատապարտված հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների: Համասի անդամներին, որոնք կընդունեն խաղաղության համաձայնագիրը, կառաջարկվի համաներում և անվտանգ անցում Գազայից, խմբավորումն ինքը որևէ դեր չի խաղա տարածքում առաջիկայում: Իսրայելի պաշտպանության ուժերը աստիճանաբար կհեռացնեն իրենց զորքերը Գազայի հատվածից: Անցումային շրջանում Գազայի հատվածը կկառավարվի տեխնոկրատական կոմիտեի կողմից, մինչև Պաղեստինի կառավարության ներսում բարեփոխումներ իրականացվեն: Այս կոմիտեն կկազմավորվի պաղեստինցիներից և աշխարհի տարբեր երկրներից ժամանած փորձագետներից: Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը, ի թիվս այլոց, մտադիր է մասնակցել: ԱՄՆ նախագահն ինքը ցանկանում է նախագահել կոմիտեն:
Միջազգային կայունացման ուժերը կտեղակայվեն Գազայում՝ ոստիկանությանը աջակցելու համար: Իսրայելը հաստատում է, որ չի օկուպացնի Գազայի հատվածը: Ծրագիրը նաև նախատեսում է երկխոսություն պաղեստինցիների և իսրայելցիների միջև, մինչդեռ Պաղեստինի պետականության հարցը հետաձգվում է մինչև մյուս դրույթների իրականացումը:
Այս ծրագիրը, կարծես թե, ներկայացնում է Թրամփի վարչակազմի դիրքորոշման զգալի փոփոխություն, որը նախկինում պաշտպանում էր Գազայի ամբողջ բնակչության (մոտավորապես 2.1 միլիոն մարդ) վերաբնակեցումը և դրա վերածումը ԱՄՆ-ի կողմից վերահսկվող «Մերձավոր Արևելքի Ռիվիերայի»։
Նեթանյահուն, Թրամփի խնդրանքով, զանգահարել է Կատար և ներողություն խնդրել սեպտեմբերի սկզբին Դոհայում Համասի թիրախների վրա Իսրայելի հրթիռային հարվածի ժամանակ կատարցի զինվորի պատահական մահվան համար։ Կատարը հաստատել է, որ կշարունակի իր միջնորդական ջանքերը։
Նեթանյահուն հայտարարել է, որ եթե Համասը մերժի ծրագիրը կամ բանավոր ընդունի այն, բայց չկատարի այն, Իսրայելը «կավարտի աշխատանքը»։
Պաղեստինցիները դժվար կյանք են ունեցել Համասի օրոք, բայց եթե նրանք չհամաձայնվեն ամերիկյան ծրագրի հետ, ապա միայն իրենց կմեղադրեն, ասել է Թրամփը։
Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է բարելավել հարաբերությունները Իրանի հետ։ Նրա խոսքով՝ հնարավոր է, որ այս երկիրը ապագայում նույնպես ցանկանա միանալ Աբրահամի համաձայնագրերին (Իսրայելի և մի շարք արաբական/մուսուլմանական պետությունների միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրերի շարք)։
Արա Աբրահամյանից կխլե՞ն Գոլիցինի կալվածքը։ Ինչ կլինի Հայրապետյանի, Վարդանյանի և Կարապետյանի ունեցվածքի հետ
Ռուսաստանում հարստանալու “թույլտվություն” ստացած հայերի համար առաջին “զանգը” եղավ, երբ Լևոն Հայրապետյանի «Բաշնեֆտ»-ի բաժնեմասը բռնագրավվեց, իսկ նրան գցեցին բանտ, որտեղ էլ մահացավ։ Նրա բարեգործական գործունեությունը հայրենի Արցախում և իր կապիտալը Հայաստան տեղափոխելու փորձերը անհաջող էին. Ռուսաստանի կառավարությունը զրո հանդուրժողականություն ունի հարուստ հայերի նկատմամբ։
Ռուսաստանում հարստացած ևս երկու հայ՝ Ռուբեն Վարդանյանը և Սամվել Կարապետյանը, բանտարկված են Բաքվում և Երևանում։ Ռուբեն Վարդանյանի Ռուսաստանում մնացած ակտիվների ճակատագիրը անհայտ է, բայց Հայաստանում «Ամերիաբանկ»-ը այլևս նրան չի պատկանում։ Սամվել Կարապետյանի «Հայկական էլեկտրական ցանցեր»-ը բռնագրավվում է, իսկ ինչ վերաբերում է նրա Ռուսաստանում գտնվող ունեցվածքին, որտեղ նա հայտնի է որպես «անշարժ գույքի թագավորներից» մեկը, Մոսկվան աչք չի թարթի՝ այն ամբողջությամբ կխլի։
Հերթում Արա Աբրահամյանն է։ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը հաղորդում է, որ «Գոլիցին իշխանի Նիկոլսկոե-Ուրյուպինո» կալվածքի գլխավոր տան ճակատային մասը, որը վերապրել էր հեղափոխությունը և երկու Հայրենական պատերազմները, փլուզվել է վերականգնման ժամանակ։ Ժառանգության պաշտպանները և տեղի բնակիչները կարծում են, որ սա կալվածքի նոր սեփականատիրոջ խորամանկ ծրագրի մի մասն է՝ տարածքը կառուցապատելու համար։
Նիկոլսկոե-Ուրյուպինո կալվածքը տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության վայր է։ Կալվածքի սեփականատերը՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է։ 18-19-րդ դարերի ճարտարապետական հուշարձանի վերականգնման քողի տակ կալվածքի գլխավոր տունը վերածվել է ավերակների։
Հարուցվել է քրեական գործ, և կասկած չկա, որ Գոլիցինի կալվածքը կխլվի Արա Աբրահամյանից։
Այսօրվա Ռուսաստանում սեփականության իրավունքը մեռած տառ է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հայերի իրավունքներին: Ռուսաստանում հայերը պետք է ծառայեն կայսրությանը. Լավրով/Քալանթարյան, Մարգարիտա Սիմոնյան, Սերգեյ Կուրղինյան, Կարեն Շախնազարով: Հենց նրանց անուններն է Ռուսաստանն օգտագործում իր արյունալի կայսերական նկրտումները քողարկելու համար՝ ատելություն առաջացնելով հայերի նկատմամբ, նրանց վրա բերելով բոլոր անեծքները։
Հերթն անխուսափելիորեն մոտենում է Հայ Առաքելական Եկեղեցու սեփականությանը։
Լիաննա Պետրոսյան․ Մեր առաջարկությունները ենթադրում են մատչելի տարբերակ բնակծրագրից օգտվելու համար
Step1.am-ի զրուցակիցն է արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը։
–Դուք օրերս հանդիպել եք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ, արցախցիներին վերաբերող ի՞նչ հիմնական խնդիրներ եք բարձրաձայնել։
– Ամենաառաջնայինը բնակապահովման ծրագրի խնդիրն է։ Քանի որ այն երկարաժամկետ լուծում է ենթադրում, առաջնահերթ այդ ծրագրի հետ կապված խնդիրներն ենք քննարկել, թե ինչ պատճառներ կան, որ ծրագիրը լիարժեք չի իրականացվում։ Այդքան փոփոխություններ եղան, բայց այնուամենայնիվ իրացվող սերտիֆիակտների քանակը քիչ է։ Հիմնական շեշտը հենց բնակապահովման ծրագրի փոփոխություններին էր վերաբերում։ Մենք առաջարկություն ենք ներկայացրել։ Իհարկե, առաջնահերթ ունենք փոքր կազմով ընտանիքների՝ այս ծրագրից օգտվելու խնդիր, բայց մեր այդ առաջարկը վերաբերում է ոչ միայն փոքր կազմով ընտանիքներին, այլ բոլոր այն ընտանիքներին, որոնք կցանկանան օգտվել ծրագրից։ Մեր առաջարկությունները եթնադրում են մատչելի տարբերակ ծրագրից օգտվելու համար։ Այդ առաջարկություններն առաջիկայում մանրամասն կքննարկվեն, արդյունքների վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն։
Այս պահին բնակավարձերի հետ կապված խնդիր ունենք, հենց մեր հանդիպման օրն էլ բռնի տեղահանված արցախցիների խոցելի խմբերից ահազանգեր ունեինք, որ արդեն երկու ամիս է՝ բնակվարձը չի տրամադրվում, հիմնականում առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց։ Բայց այդ գումարները պետք է տրամադրվեին ՄԱԿ-ի Փախստականների գծով հանձնակատարի կողմից, եւ այսօր արդեն հայտարարվեց, որ վճարումները սկսվել են։ Այսօրվանից մեկնարկել է ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից 2025 թվականի հուլիս ամսվա բնակվարձի չվճարված գումարների վճարման գործընթացը, օգոստոս ամսվա վճարումները կլինեն մյուս շաբաթ։ Այսինքն՝ կարեւոր հարցերից մեկը այս պահին հենց դա է, որ ծրագիրը գործում էր, բայց խոցելի խմբերը չէին ստանում աջակցությունը։
Խոսվել է նաեւ զբաղվածության ծրագրի մասին։ Արցախցիների համար գործում է զբաղվածության ծրագիր, եւ այդ ծրագիրն ունի որոշակի սահմանափակումներ, այսինքն՝ 2020 թվականին տեղահանվածները չեն կարողանում այդ ծրագրից օգտվել։ Խոսվել է այն մասին, որպեսզի այդ ծրագիրն ավելի հասանելի ու կիրարկելի լինի տեղահանվածների համար, որպեսզի ավելի մեծ թվով մարդիկ օգտվեն, եւ պետական աջակցությամբ զբաղվածության հարցն ավելի հեշտ լուծվի։
-Կառավարությունն օրերս հաստատեց 2026 թվականի բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է, որ արցախցիների համար աջակցության ծրագրերը շարունակվելու են․ մի քանի տասնյակ միլիարդ դրամ է նախատեսվում հատկացնել տարբեր ծրագրերի իրականացմանը։ Դուք ի՞նչ տեղեկություն ունեք, աջակցությունը ի՞նչ չափով է շարունակվելու։
-Այս պահին մանրամասները չկան, բայց ընդհանուր առմամբ աջակցությունը շարունակվելու է։ Բյուջեի նախագծի քննարկման ժամանակ տեսանք, որ, օրինակ, 55 մլրդ դրամ է ուղղվում բնակարանային ապահովման եւ այլ ծախսերը հոգալու սոցիալական աջակցության ծրագրին։ Այսինքն՝ կառավարության համար տեղահանվածների սոցիալական խնդիրների լուծումն առաջնային է այս պահին։
– Դուք արդարացիորեն ասում եք, որ բնակապահովման ծրագրով իրացվող սերտիֆիակտների քանակը քիչ է, բայց կառավարությունից վերջին շրջանում պարբերաբար ասում են, որ ծրագրին դիմողների թիվն աճել է։ Ի՞նչ է ստացվում։
-Ես ավելի շատ իրացված սերտիֆիկատների մասով եմ միշտ գնահատական տալիս։ Եվ իրացված սերտիֆիկատների թիվը մեծ չէ, այս պահին չեմ կարող կոնկրետ գնահատական տալ, քանի որ 25 հազար շահառու ընտանիք ունենք, բայց նրանցից գոնե 2500-ը սերտիֆիկատները չեն իրացրել։ Մինչեւ առկա խնդիրները չվերացվեն, մինչեւ սերտիֆիկատների իրացվածության տոկոսը չաճի, մենք դրական գնահատական չենք ունենա։
–Իսկ ի՞նչ եք նկատում՝ կառավարության կողմից կա՞ տրամադրվածություն՝ լսելու արցախցիների բարձրաձայնած խնդիրները ու լուծումներ տալու դրանց։
-Այո, հանդիպման ընթացքում այդ տրամադրվածությունն ընդհանուր առմամբ զգացի, բայց ժամանակի ընթացքում ավելի ճիշտ կհասկանանք, թե ինչ ընթացք կստանան այդ քննարկումները։
Ռոզա Հովհաննիսյան