Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդը կվերսկսի ակտիվ աշխատանքը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկայում խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ եւ կվերսկսի աշխատանքը։

Նա նշեց, որ մի փոքր դադար էին վերցրել, որպեսզի կարողանային շարժումն ու խորհրդի կազմը վերափոխել։ «Բայց շուտով հանդես կգանք հայտարարությամբ, որ մեր շարժումը հանրային շարժում է, եւ արցախցիների իրավունքների հարցը մինչեւ Արցախ վերադարձը լինելու է արդիական։ Մենք չենք թողնելու, որպեսզի այդ հարցը կամ փակվի, կամ իջեցվի։ Մեր հայտարարությունից հետո սկսելու ենք ակտիվ փուլ՝ շարունակելով մեր հանդիպումները բնակիչների հետ՝ իրենց ասելու՝ ձեր իրավունքները կարող եք պաշտպանել միան դուք, ուրիշը ձեր փոխարեն չի անելու։ Մարտի 29-ի հանրահավաքը վառ օրինակ է, որ մարդիկ գալով, իրենց իրավունքների մասին բարձրաձայնելով՝ կառավարությունը գնաց որոշ քայլերի, եւ երկու ամսով երկարաձգվեց արցախցիների սոցիալական աջակցությունը։ Այսինքն՝ ինչ-որ դրական քայլեր արցախցիների համար իրականացրեցին։ Իսկ մյուս հանահավաքին որ քիչ մարդ եկավ, տեսաք, որ ոչ մի առաջընթաց ու փոփոխություն չեղավ»,- ասաց նա։

Ըստ Արտակ Մկրտչյանի՝ մարդիկ պետք է հասկանան, որ Արցախի հարցը պետք է դառնա համայն հայության հարցը, ինչպես 1988 թվականի Շարժումը դարձավ համայն հայության հարց, եւ այդ միասնությունը տարավ հաղթանակի։ «Այդ խորհրդանիշը՝ Արցախ, Հայաստան, Սփյուռք, կար եւ լիարժեք իրեն արդարացնում էր։ Հիմա դա չենք տեսնում, մենք Արցախի հարցը պետք է դարձնենք համահայկական հարց, վստահ եմ, որ այդ դեպքում հասնելու ենք հաղթանակի»,- ընդգծեց նա։

ՀՀ ԱԱԾ տնօրենը կգնա Բաքու. “խաղաղությունը” սկսվում է

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-ից 21-ը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:

ԱԱԾ հաղորդագրությունում այլ մանրամասներ չեն նշվում: Սակայն ակնհայտ է, որ դորումի օրերը պատահական չեն ընտրված։ 2023-ի սեպտեմբերի 19-ին Բաքուն նոր ագրեսիա սկսեց Արցախի նկատմամբ, որը ավարտվեց օկուպացիայով և հայերի ցեղասպանությունով։

ՀՀ կառավարությունը ասում է, որ Արցախի հանձնմամբ Հայաստանն անկախություն է ձեռք բերել։ Այսօր՝ Արցախի դեմագրեսիայի սև օրը Հայաստանի դպրոցներում նշվում է ՀՀ Անկախության օրը, որը դեռ կլինի սեպտեմբերի 21-ին։

Սեպտեմբերի 19-ից 21-ը ՀՀ ԱԱԾ ղեկավարը կլինի Բաքվում։

 

Ամեն անգամ, երբ Եռաբլուր ենք գնում, որդուս և Տիգրանի շիրմաքարերը թարմ ծաղիկներով են պատված

Օրս լուսանում ու մթնում է Արսենիս հետ։ Որդուս կորցնելուց հետո իմ տեղը չեմ գտնում, ու երբեմն թվում է, թե ապրելս բոլորովին իմաստ չունի փորձում եմ ուժ հավաքել, որ դստրերիս ու ամուսնուս կարողանամ թիկունք լինել։ Երևի Աստված շատ համարեց իմ երջանկությունը, իր մոտ տարավ մինուճար որդուս,-ասում է 2023-ի սեպտեմբերի 19-ին զոհված Արսեն Առստամյանի մայրը՝ Մարգարիտան։

Մինչև Արցախյան վերջին պատերազմն ու չարաբաստիկ տեղահանությունը, Առստամյանների ընտանիքն ապրում էր երջանիկ կյանքով։ Ստեղծող ու արարող այս ընտանիքում դաստիարակվում էին երեք երեխաներ՝ Արսենը, Աննան ու Մարիամը։ Սակայն սեպտեմբերի 19-ը քարուքանդ արեց ընտանիքի խաղաղ անդորրը։

Ընտանիքի առաջնեկն էր Արսենը․ աշխույժ, կարմրաթշիկ, ծիծաղկոտ ու բարի աչքերով։ ։ Յուրահատուկ, մեծավարի քայլվածք ուներ, ասես ասում էր՝ մեծանամ, կտեսնեք, թե ի՜նչ մեծ մարդ եմ դառնալու։

Արսենը սովորել է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում։ Ուսման հետ մեկտեղ հաճախել է Ասկերանի արվեստի դպրոցի դհոլի բաժինը։ Նրա մեջ սեր էր նկատվում նաև սպորտի հանդեպ։ Սիրողական զբաղվում էր բռնցքամարտով ու լողով։ Հիմնական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի Գրիգոր Լուսավորչի անվան քոլեջը, ապա ուսումը շարունակել Գրիգոր Նարեկացի համալսարանի ֆիզկուլտուրայի և ռազմագիտության բաժնում։

Արսենի մանկությունն ու պատանեկությունն անցել է մի այնպիսի միջավայրում, որտեղ մշտական թեման հայրենիքի հանդեպ սերն էր։ Փոքրուց սիրում էր նստել մեծերի (Արցախյան պատերազմի վետերաններ) մոտ ու լսել նրանց պատմությունները, որոնք կապված էին Արցախյան պատերազմների, հայոց պատմության ու հայրենիքի պաշտպանության հետ։ Բոլոր պատերազմներում նրա հարազատներից զոհեր են եղել։ Արսենի համար հերոսության կերպար էր հայրը, ով երկար տարիներ ԱՀ ՊԲ-ում ծառայում էր որպես ականազերծող և 2000 թվականին ականազերծման ժամանակ, պայթելով ականի վրա, կորցրել է աջ ոտքը։

2023-ի հունվարի 9-ին Արսեն Առստամյանը զորակոչվել ԱՀ ՊԲ շարքերը։ Ծառայում էր Ասկերանի հայտնի D20 դիրքում։ Հրետանավոր էր։ Վեց ամիս հետո շարունակել է զինծառայությունը՝ որպես պայմանագրային զինծառայող։ 9 ամսվա ծառայող էր, երբ Արցախում կրկին պայթեց պատերազմը։

Մայրը պատմում է

-Երբ սկսվեց պատերազմը, ավագ դուստրս դպրոցում էր, փոքրը՝ մանկապարտեզում, իսկ Արսենը՝ դիրքերում։ Ասկերանի շրջակայքն ուժգին հրետակոծվում էր։ Երկինքը դղրդում էր․ թվում էր, թե ուր որ է՝ փուլ կգա։ Չէի կարողանում ոտքերս շարժել, որ երեխաներիս տեր կանգնեմ։ Որոշ ժամանակ հետո բոլորս հավաքվեցինք մեր շենքի նկուղում։ Մարդիկ խուճապի մեջ էին․ հրետակոծությունները ոչ մի րոպե չէին դադարում։ Կեսօրից հետո հրահանգ եկավ, որ պետք է տարհանվենք Ասկերանից և ռուս-խաղաղապահների միջոցով մեկնեցինք Ստեփանակերտի օդանավակայան։ Այնտեղ լսեցի, որ որդիս վիրավորվել է։ Զանգեցի ամուսնուս, սակայն նա չպատասխանեց։ Հետո իմացա, որ Արսենի մոտ էր․ սպասում էր մեր որդու վիրահատության ավարտին։ Արսենը վիրավորում էր ստացել ոտքերի շրջանից։ Վիրահատության ժամանակ տղայիս սիրտը չի դիմացել։ Դիրքի 7 տղաներից 6-ը զոհվել են՝ հայտնվելով անօդաչու թռչող սարքի թիրախում։ Ինչպես եմ ապրում, չգիտեմ, միայն մի բան գիտեմ, որ առանց որդուս իմ ամեն մի օրը պարզապես տանջանք է, կարոտ ու մրմուռ․․․

Սեպտեմբերի 19-ին զոհվել է նաև Արսենի հորաքրոջ որդին՝ Տիգրանը, ով ընտանիք էր կազմել ամիսներ առաջ։ Երկու եղբայր անմահացել են նույն օրը և սեպտեմբերի 29-ին հուղարկավորվել Եռաբլուրում։ Ավանեսյանների և Առստամյանների ընտանիքները կորցրել են մինուճար որդիներին, ովքեր պետք է օջախների շարունակողը լինեին։

-Երբ այցելում եմ Եռաբլուր և խոսում որդուս հետ, ինձ թվում է՝ նա լսում է ինձ։ Ամեն անգամ, երբ Եռաբլուր ենք գնում, որդուս և Տիգրանի շիրմաքարերը թարմ ծաղիկներով են պատված։ Արսենիս դասղեկ Լուսինե Խաչատրյանի գլխավորությամբ որդուս ընկերները միշտ այցելում են նրան։ Ուրախ եմ, որ հիշում են, գնահատում։ Ասկերանի միջնակարգ դպրոցի աշակերտներն ուսուցիչների, ծնողների հետ ևս այցելում են, հարգանքի տուրք մատուցում հերոսացած տղաներին։ Մատաղ սերունդը հայրենասիրական դասերը տղաների մոտ է անցկացնում։ Երախտապարտ եմ բոլորին։  Ցանկությունս մեկն է՝ թող ոչ մի մայր այլևս արտասուք չտեսնի ու երբեք չզգա՝ ինչ է որդի կորցնելը, ասում է Մարգարիտան։

-Արցախում մենք շատ նպատակներ ունեինք, որոնք կապված էին մեր երեխաների համար բարեկեցիկ կյանք ստեղծելու հետ։ Անընդհատ աշխատում էինք՝ մտածելով, որ Արցախում ենք ապրելու միշտ ու պետք է հենց այդտեղ ստեղծենք ու արարենք։ Ցավոք, Արցախյան պատերազմներից ոչ մեկն անտարբեր չի անցել մեր կողքով։ Սակայն ամեն անգամ կարողացել ենք ուժ հավաքել, առաջ շարժվել։ Այս անգամ ցավը շատ ավելի խորն է։

Բնակություն ենք հաստատել Երևանում։ Աննան սովորում է, Մարիամը այս տարի հաճախել է առաջին դասարան։ Երբ առաջին դասի ժամանակ ուսուցչուհին հարցրել է, թե երեխաներն ի՞նչ երազանք ունեն, բալիկս պատասխանել է՝ շուտ վերադառնանք Ասկերան և ապերներս էլ գան տուն։ Շատ եմ կարոտել նրանց։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

«Իրենք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ չեն ունեցել»

ԱԺ պատագամավոր Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Արցախի հայաթափման պատասխանատուն անձամբ Նիկոլ Փաշինյանն է։

«Նիկոլ Փաշինյանը մինչեւ հիմա լեգիտիմացնում է Ալիեւի քայլերն ու գործողությունները, փորձում է լվանալ նրա արյունոտ ձեռքերը։ Հիշեք, որ այդ ամենը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ինքն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում»,- այսօր Եռաբլուրում լրագրողներին ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա հիշեցրեց, որ այս իշխանությունները 2021 թվականին ներկայացրել էին Շուշին ու Հադրութը դեօկուպացնելու ծրագիր, բայց խաբել են հայ ժողովրդին։

«Իրենք ոչ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ են ունեցել, ոչ էլ Հայաստանի տարածքները Ադրբեջանին հանձնելու»,- ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը մի օր պետք է պատմի, թե 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա հարձակումից առաջ ի՞նչ է պայմանավորվել ու խոսել Ալիեւի ու Էրդողնի հետ։ Արդյոք ինքն ամբողջությամբ տեղյա՞կ էր 2023 թվականի հարձակման մասին եւ արդյոք ինքը երաշխի՞ք էր տվել, որ Հայաստանը որեւէ կերպ չի միջամտելու, լուռ նստելու է ու նայի, թե ինչպես են ցեղասպանություն իրականացնում Արցախում։

«Ես վստահ եմ, որ ինքն այդ պայմանավորվածությունն ունեցել է եւ այդ երաշխիքը տվել է»,- հավելեց Սաղաթելյանը։

«Այն, որ այսօր մենք որեւէ պաշտոնյա չենք տեսնում Եռաբլուրում, արդեն ամեն ինչ ասում է»

Արցախի հարցը պետք է իրավական ճանապարհով պահել օրակարգում։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողներին ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։

«Արցախի հարցը օրակարգ բերելը չի նշանակում, որ պետք է պնդում անել, որ վաղը կամ մյուս օրը ռազմական ճանապարհով ազատագրելու ենք Արցախը կամ էլ հաջորդ տարի Արցախում ենք լինելու։ Արցախի հարցն օրակարգ բերելը իրավական ճանապարհով պետք է լինի, ուրիշ ճանապարհ չկա, որովհետեւ եթե հետագայում Հայաստանը հնարավորություն ունենա անգամ ուժային ճանապարհով ինչ-որ հարց կարգավորելու, եթե չկա իրավական հիմք եւ չկա արձանագրված խնդրի գոյության փաստ, այդ ամենն ավելի դժվար է իրագործել»,- ասաց նա։

Աղաբեկյանը հավելեց, որ աշխարհի կողմից ճանաչվել է Արցախի էթնիկ զտումը, ինչպես նաեւ միջազգային հանրությունը ստեղծել էր Մինսկի խումբը, որը պետք է լուծեր Արցախի հիմնախնդիրը։

«Այն իշխանությունը, որը պետք է հաջորդի Փաշինյանին, իր առջեւ պետք է խնդիր դնի՝ առնվազն միջազգային իրավական տեսանկյունից հարցի գոյության իրավունքն ապահովելու։ Եթե հարցի գոյության իրավունքը չես ապահովում, ուրիշ որեւէ մեկից ինչ-որ բան պահանջելու բարոյական իրավունք էլ չունես»,- նշեց նա։

Աղաբեկյանը հավելեց, որ ՀՀ իշխանության կողմից այսօր ամեն ինչ արվում է՝ մերժման քաղաքականությունը մինչեւ վերջ տեղ հասցնելու համար․ «Առնվազն այն փաստը, որ այսօր ամսի 19-ն է, եւ մենք որեւէ իշխանական պաշտոնյա չենք տեսնում Եռաբլուրում, արդեն ամեն ինչ ասում է»։

Արցախի իշխանությունները կապի մեջ են եղել Նիկոլ Փաշինյանի հետ. Շահրամանյան

«Արցախցն ամենաթանկն է վճարել, որպեսզի այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենա»,- այսօր Եռաբլուրում լրագրողներին ասաց Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների հայտարարություններին Արցախի մասին։

Նա նշեց, որ Արցախի հարցը փակ չէ, այն միայն արցախցիների հարցը չէ, համահայկական հարց է։ «Եվ մենք ակնկալում ենք, որ այս հարցի շուրջ կունենանք կոնեսնսուս, որն այս պահին չկա, տեսնում ենք տարբեր հայտարարություններով, որ կոնսենսուս չկա։ Արցախի հարցը չի կարող փակվել, քանի դեռ արցախցին զրկված է իր հայրենիքից, իր գերեզմաններից, իր սրբություններից։ Մենք համարում ենք, որ շուտ թե ուշ պետք է համապատասխան գնահատական ստանա այդ հարցը»,- նշեց Շահրամանյանը։

Նա այսօր անդրադարձավ նաեւ 2023 թվականի իրադարձություններին, ասաց, որ Արցախի հայաթափման օրերին Արցախի իշխանությունները կապի մեջ են եղել Նիկոլ Փաշինյանի հետ։

«Մենք կապի մեջ էինք, ինչքան որ կապ կար այդ օրերին եւ փորձում էինք համաձայնեցնել մեր գործողությունները։ Տարբեր հարցեր ենք քննարկել, հիմնականում հայտարարությունների ու որոշումների հետ կապված»։

Սամվել Շահրամանյանի խոսքով՝ այսօր Հայաստանի պատմության դասագրքերում պատմությունը խեղաթյուրվում է, դասագրքերում կեղծիքներ են տեղ գտնում։

«Մենք հայտարարել ենք, որ այդ հարցը իրավական ճանապարհով ենք վիճարկում։ Մեր նպատակն այն է, որ մեր սերունդները ստանան իրական տեղեկություն եւ մենք այդ դատական պրոցեսի ընթացքում կներկայացնենք անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, որոնք կհիմնավորեն մեր ասածները»,- նշեց նա։

66 զոհված անձանց հարազատները պահանջում են նրանց մարմիններն Արցախից տեղափոխեն Հայաստան

Արցախի վերջին պատերազմի հետեւանքով զոհված եւ Արցախում հուղարկավորված 66 անձանց հարազատները պահանջում են, որպեսզի նրանց մարմիններն Արցախից տեղափոխվեն Հայաստան։

Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս հարցը ինքը բարձրացրել է 2023 թվականի բռնի տեղահանությունից անմիջապես հետո։

«Նրանք այն անձինք ենք, ովքեր զոհվել են վերջին ագրեսիայի հետեւանքով, հուղարկավորված են եւ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում, եւ շրջաններում։ Մենք հարցը բարձրացրել ենք, որպեսզի արտաշիրմում իրականացվի, եւ տեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն, հուղարկավորվեն Եռաբլուրում»,- ասաց նա։

Ըստ Շահրամանյանի՝ հարցը քննարկել են եւ Հայաստանի իշխանությունների հետ, եւ Ադրբեջանի ներկայացուցիչների։

«Ստացել ենք նախնական համաձայնություն, բայց ցավոք սրտի մինչ օրս այդ գործընթացը տեղի չի ունեցել։ Ինչպես նաեւ գործընթաց պետք է տեղի ունենա մեր գերիների վերադարձի հետ կապված, անհետ կորածների ճակատագրերը պարզելու համար, բայց մինչ օրս այդ հարցերը լուծում չեն ստացել»,- հավելեց նա։

Թշնամին հիմնական թիրախ է դարձրել քաղաքացիական բնակչությունն ու հասարակական ենթակառուցվածքները

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի հայտարարությունը

2023 թվականի սեպտեմբերի 19-ին թուրք-ադրբեջանական տանդեմը սանձազերծեց լայնածավալ պատերազմ ամբողջովին շրջափակված Արցախի դեմ։ Արցախյան մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի խոսքով՝ ադրբեջանական զինուժի հիմնական թիրախ են դարձել ոչ թե ռազմական օբյեկտները, այլ քաղաքացիական բնակչությունն ու հասարակական ենթակառուցվածքները, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է և դասվում է ռազմական հանցագործությունների շարքին։

Ավանեսովը ընդգծում է, որ պատերազմի հետևանքով Արցախը բռնազավթվեց, իսկ արցախահայությունը բռնի կերպով տեղահանվեց իր հազարամյակների պատմություն ունեցող բնօրրանից․ «Բաքվի բռնապետական վարչակարգը ոչ միայն իրականացնում է ցեղասպանություն, այլև նպատակաուղղված հարվածում է հայ ժողովրդի ինքնության հիմքերին»։

Նրա խոսքով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանը աննախադեպ ծավալներով իրականացնում է Արցախի պատմամշակութային հուշարձանների համակարգված ոչնչացում․ եկեղեցիներ, խաչքարեր, տապանաքարեր, բնակելի թաղամասեր, ամբողջական գյուղեր ու մշակութային կենտրոններ։

«Այս հուշարձանները միայն հայ ժողովրդի սեփականությունը չեն, այլ համաշխարհային քաղաքակրթության անքակտելի մասն են։ Նրանց ոչնչացումը դասվում է մշակութային ցեղասպանության ամենաաղաղակող օրինակներից մեկի շարքին»,- ասում է Ավանեսովը։

Նա հավելում է, որ փաստագրված դեպքերի ծավալը հնարավորություն է տալիս պնդելու․ Արցախում Ադրբեջանը իրականացնում է համաշխարհային մակարդակով խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկը՝ որդեգրելով հայ ժողովրդի պատմական ներկայության հետքը վերացնելու ռազմավարություն։

Միաժամանակ, օմբուդսմենը մատնանշում է միջազգային հանրության անգործությունը․ «Միջազգային կառույցները շատ դեպքերում սահմանափակվում են ձևական հայտարարություններով՝ խուսափելով կատարվածը անվանել իր անունով՝ ցեղասպանություն և մշակութային ցեղասպանություն։ Այս լռությունը ոչ միայն խրախուսում է Բաքվի հանցավոր քաղաքականությունը, այլև վտանգավոր նախադեպ է ստեղծում ապագա հանցագործությունների համար»։

Մարիամ Սարգսյան

Դավիթ Մելքումյան․ Արցախի հայաթափումը գերտերությունների կայացրած քաղաքական որոշման հետեւանք էր

«Երկու տարի առաջ այս օրը բնականոն ու սովորական աշխատանքով հանդիպումներ էինք ունենում տարբեր շրջաններում, քանի որ արդեն իսկ կային որոշակի տեղեկություններ, մասնավորապես, խոսքը գնում էր այն մասին, որ պետք է գնալ կոմպրոմիսի եւ բացել ճանապարհը, օգտվել այդ հումանիտար օգնությունից։ Որեւիցե պայմանավորվածություն չէր խախտվել կոնկրետ այս ժամին, եւ մենք ավելի շատ կենտրոնացած էինք դեպի դրականը, փորձում էինք մեր հանրությանը բացատարել, թե հրաժարվելու հետեւանքները ինչ կարող են լինեն։ Եվ գրեթե բոլորը համաձայն էին, տրամադրված էին, որպեսզի հումանիտար կորիդորը բացվեր, բայց մի քանի ժամ հետո տեղի ունեցավ այն, ինչին բոլոր ականատես էինք»,- այսօր Եռաբլուրում լրագրողներին ասաց Արցախի ԱԺ պատգամամովր Դավիթ Մելքումյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ իրավիճակ էր 2023 թվականի սեպտեմբերի 19-ին այս ժամերին Արցախում։

Նա նշեց, որ Արցախի հայաթափումը գերտերությունների կայացրած քաղաքական որոշման հետեւանք էր։ «Հումանիտարն ընդամենը ձեւական բնույթն էր կրում, դա մի մեծ շիրմա էր՝ փակելու քաղաքական հարցը։ Կարծում եմ՝ որոշումները կայացված էին գերտերությունների կողմից, ուղղակի մենք տեղեկացված չէինք այդ գործընթացների մասին, քանի որ անմիջապես այդ հնարավորությունը չունեինք՝ ինքներս մասնակցելու մեծ գործընթացներին»,- հավելեց Մելքումյանը։

Նա նաեւ ասաց, որ Արցախի ԱԺ-մ փոփոխություններ է կատարել տոների եւ հիշատակների օրերի մասին օրենքում, եւ սեպտեմբերի 19-ը հռչակել որպես հիշատակի ու պահանջատիրության օր։

Տոպրակով կյանք․ Հայկ Հարությունյանի պրոյեկտը

Երբ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին պատրաստվում էինք դուրս գալ տնից, ուշադրություն դարձրեցի շքամութքում դրված մի քանի ճամպրուկներին և տոպրակներին։ Այդ պահին հասկացա, որ իմ ամբողջ 21 տարվա կյանքը տեղավորվել է դրանց մեջ։ Անցած տարի, հիշելով այդ դեպքը, որոշեցի անել այս փոքրիկ պրոյեկտը` տեսնելու, թե այլ մարդկանց կյանքերը ինչի՞ մեջ են տեղավորվել Արցախը լքելու ժամանակ։ 

Հայկ Հարությունյան

Պատմություն 1

Ստեփանյան Ալլան միայնակ մայր է, ով 2023 թվականի մեկօրյա պատերազմում կորցրել է 2 որդիներին։

Ալլան ծնունդով Մատաղիսից է, 2020 թվականի պատերազմից հետո իր որդիների` 21 ամյա Սամվելի և 19 ամյա Արսենի հետ ստիպված եղավ տեղափոխվել Մարտակերտ։ 2006 թվականից Ալլան ծառայում էր Արցախի պաշտպանության բանակում, որպես դիվիզիոնի կապավոր։ 2023 թվականի պատերազմի պահին նրա  տղաները նույնպես ծառայում էին Արցախի ՊԲ-ում. «Երբ սկսվեց պատերազմը, մենք մարտական հերթապահություն էինք իրականացնում։ Մեր դիվիզիոնի մի մասը արդեն դիրքերում էր, իսկ մյուս մասը տագնապով բարձրացավ դիրքեր։ Մենք մնացինք զորամասում։ Առաջինը փորձեցի զանգել տղաներիս։ Բազմաթիվ  փորձերից հետո չկարողացա կապի դուրս գալ Արսենի հետ, և ամսի 19-ին ժամը 13:30-ին ինձ ասացին, որ թշնամին գրավել է Ճանկաթաղը, որտեղ դիրքերն էր պահում Արսենը։ Հետո միանգամից զանգեցի Սամվելին․ նա ասաց, որ նոր է խոսել Արսենի հետ, և ամեն ինչ լավ է։ Այդ օրը մինչև 20:30 Սամվելի հետ խոսում էի, հետո նրանց ուղղությամբ մի քանի ինքնաթիռ է շարժվել, և կապը կտրվել է»,- պատմում է Ալլան։

Ամբողջ գիշերն Ալլան անցկացրել է զորամասում` առանց տղաների մասին որևէ ինֆորմացիա ունենալու։ 20-ի առավոտյան պատկերը չփոխվեց։ Պատերազմը շարունակվում էր, ռմբակոծությունները չէին դադարում, տղաներից լուր չկար։ Երբ 20-ի կեսօրին հրադադար հայտարարվեց, Ալլան փորձեց կապվել տղաների հետ. հույսով ինչ-որ տեղեկության էր սպասում` հեռախոսազանգի կամ լուրի։

Որդիներից լուր չունենալով՝ սեպտեմբերի 20-ի երեկոյան 10-ին Ալլան գնաց զորամասի հրամանատարի մոտ` խնդրելով, որ Սամվելին իջեցնի դիրքերից, որպեսզի գտնեն Արսենին, որի հետ 2 օր է` կապ չէին կարողանում հաստատել։ Հրամանատարը գիտեր Սամվելի մահվան մասին, բայց լռեց, Ալլային տուն ուղարկեց և ասաց, որ վաղն առավոտյան տղան կգա։

 

Սեպտեմբերի 21-ի առավոտյան Սամվելի դին բերեցին Մարտակերտի հիվանդանոցի դիահերձարան։

“Առավոտյան Սամվելից լուր չունենալով, մայրս գնում է Սամվելի ծառայակիցների մոտ, ովքեր մեր բակում էին ապրում։ Մորս տեսնելով՝ նրանք սկսում են լացել, և այդտեղից հասկանում ենք, որ Սամվելը զոհվել է”,- պատմում է Ալլան 

Սեպտեմբերի 22-ին ժամը 6:30-ին էլ իմացան Արսենի զոհվելու մասին։

Սամվելի մարմինը դիրքերից իջեցնելուն պես տանում են Ստեփանակերտ, հետո էլ` սեպտեմբերի 24-ին, Ալլայի ընտանիքը դուրս է գալիս Մարտակերտից։ Մինչև սեպտեմբերի 27-ը Ալլան Արսենի դիակի մասին լուր չուներ։  Այս ընթացքում նա հասցրել էր դիմել գրեթե բոլորին՝ սկսած Եղնիկների հրամանատարությունից, մինչև մարդու իրավունքների պաշտպան, բայց ոչինչ չօգնեց։ Սեպտեմբերի 27-ին ժամը 17:00-ին փրկարար ծառայությունից Ալլային տեղեկացրին Արսենի գտնված դիի մասին։

Սեպտեմբերի 28-ին վաղ առավոտյան Ալլան իր զոհված տղաների դիերի հետ ճանապարհվեց Երևան։ Հոկտեմբերի 9-ին Սամվելն ու Արսենը հուղարկավորվեցին Եռաբլուրում։ Մինչ օրս Ալլան իր ամեն օրը անցկացնեւմ է իր տղաների գերեզմանների մոտ` անկախ եղանակային պայմաններից, որովհետև կյանքում էլ իմաստ չի մնացել։ Չկա մեկը, ում համար նա պատրաստ կլինի աշխատել, գումար վաստակել և ինչ-որ բան անել։ 

“Կյանքս երկու փակ դագաղով բերել և հասցրել եմ այստեղ”,- ասում է Ալլան։

Ալլան ապրում է Երևանում, վարձով բնակարանում, որտեղ գրեթե չի լինում։ Ամեն առավոտ նա գնում է եռաբլուր և իր ամբողջ օրը անցկացնում է այնտեղ։ 

 Պատմություն 2

Վերդյան էռնան միայնակ մայր է Ստեփանակերտից և իր 2 զավակների ու մոր հետ ապրում էր ծովակալ Իսակովի փողոցում։ Երեխաները` Վրույրն ու Վանեսսան, 13 և 16 տարեկան են։ 

“Պատերազմը սկսելուց մոտ կես ժամ առաջ աշխատավայրում ինձ զգուշացրել էին, որ սահմանին լարվածություն կա, թշնամին պատրաստվում է հարձակման, և ինձ ուղարկել տուն։ Ես գնացի ընկերուհուս խանութ` Վանեսսային սպասելու, որ դասերից հետո միասին տուն գնանք։ Հենց սկսվեց Ստեփանակերտի ռմբակոծությունը, ես խանութից դուրս վազեցի դպրոցի ուղղությամբ, մինչդեռ Վանեսսան իր հերթին վազում էր դեպի խանութ։ Մենք իրար գտանք ճանապարհին և միմյանց ձեռք բռնած եկանք տուն։ Վրույրն ու մայրս շենքի շքամուտքում կանգնած էին”,- պատմում է Էռնան։ 

Արցախից դուրս եկան սեպտեմբերի 27-ին, իրենց հարևանի ՈւԱԶ-ով և Նիվայով։ Իրենց հետ վերցրեցին 3 ճամպրուկ հագուստ և սպասքի 2 հավաքածու, Վրույրի հեծանիվը, որը վերջին պահին դրեցին հարևանի մեքենայի վերևում, և բազմաթիվ հուշեր Արցախից` երեխաների մեդալները (Կարատեյի մրցումներից), Վանեսսայի նկարները, Արցախի դրոշը, Արցախյան նախշերով 2 բաժակ, Վրույրի կրակայրիչների հավաքածուից 3 հատ, պապիկի թզբեխը և տան բանալին։ 

“Արցախում վերջին օրը երեկոյան դուրս եկա հեծանիվ քշելու։ Տուն գնալուց բակում ընկած քար տեսա և վերցրեցի հետս. այն պահում եմ մյուս բերած հուշերի հետ մի տոպրակում”,- ասում է Վրույրը։

Էռնան իր մոր և Վրույրի հետ ապրում է Դիլիջանում, վարձով բնակարանում, իսկ Վանեսսան ապրում և սովորում է Երևանում` ԱՅԲ դպրոցում։ 

*Վանեսսան չկա նկարում 

 

Պատմություն 3

Բաղդասարյան Գոհարը Արցախի Մարտունի քաղաքից է, ապրում էր իր 4 սենյականոց բնակարանում։ Աշխատում էր փրկարար ծառայությունում որպես դիսպետչեր։ Միայնակ մայր է, ունի 2 երեխա` 9 տարեկան Վիկտորիան և 7 տարեկան Գոռը։

“Երբ Վիկան իր ընկերուհու հետ դպրոցից վերադարձավ տուն, մայրս տան վերջին 3 կարտոֆիլը տապակեց, և հենց նստեցինք հաց ուտելու, սկսվեց քաղաքի ռմբակոծությունը, և այդ կարտոֆիլը այդպես էլ մնաց սեղանին”,- պատմում է Գոհարը։

Պատերազմը սկսելու պահին Գոռը բակում էր, Գոհարը միանգամից վազեց դուրս, մի կերպ գտավ վախից կապտած Գոռին և երեխաների հետ գնաց աշխատանքի վայր` մտածելով` “Եթե մեռնելու լինենք, գոնե միասին մեռնենք”։

Պատերազմի ամբողջ ընթացքուն Գոհարն իր երեխաների հետ գտնվում էր աշխատանքի վայրում` շարունակելով ծառայությունը հայրենիքին` երեխաներին իր մոտ պահելով: Նա չէր կարող թողնել ո՛չ աշխատանքը, ո՛չ էլ` երեխաներին։ Գոհարի մայրը տանն էր։

Գոհարը իր մոր և երեխաների հետ Արցախից դուրս եկավ սեպտեմբերի 27-ին իր գործընկերոջ բեռնատար Ֆորդով։ 

“Մեքենայում 18 մարդ կար, նստատեղ չկար, ոչ մեկս չկարողացանք մեզ հետ շատ բան վերցնել։ Ես 3 տոպրակ եմ վերցրել, լցրել ինչով, որ պատահել է` հիմնականում երեխաների ձմեռային շորերով”,- պատմում է Գոհարը։ 

Հիմա նրանք ապրում են Դիլիջանում, վարձով բնակարանում։ Գոհարը աշխատում է որպես մատնահարդար, Գոհարի մայրը` Մարիետան, մաթեմատիկայի դասատու է։ Գոռը զբաղվում է ֆուտբոլով, Վիկան` ծանրամարտով, ծանրամարտի միջազգային մրցույթում զբաղեցրել է 2-րդ տեղը։

Գոհարի կյանքը տեղավորվել է 3 դեղին տոպրակի մեջ։

 

P.S. Պրոյեկտը անավարտ է, և անավարտ էլ կմնա։ Ամբողջ աշխատանքը արվել է 2024 թվականին։ Բոլոր լուսանկարները արվել են 55 տարեկան օբյեկտիվով։ 

Արցախի վերջին խաղաղ օրերը․ Մարիամ Սարգսյանի աչքերով

Մարտունու վերջին խաղաղ մայրամուտներից

Աղջիկս ու մայրս մեր տան շեմին։ Սեպտեմբերյան վերջին երջանիկ օրերից։

Սեպտեմբերի 9-ին մի կերպ թխված կեքսը, որ դարձավ վերջինը

Միակ նկարը, որտեղ աղջիկս մեր հաղթանակի խորհրդանիշ Ավոյի արձանի մոտ է

Մարտունին ու խոսող փողոցները

Արդեն անհնար էր սուրճ գտնելը, իսկ կոնֆետի տուփում ինքնաշեն «քաղցրավենիք» էր

Ստեփանակերտ։ Խանութներ, որ պարզապես դատարկ էին

Մարիամ Սարգսյան