Բաքուն ինչո՞ւ պետք է թույլ տա մեզ անցնել Նախիջևանով։ Ինքն արդեն ստացել է այն, ինչ պիտի ստանար

Step1.amհարցերին պատասխանել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

-Պարոն Պապյան, Նիկոլ Փաշինյանը հստակ չպտասխանեց հարցին, թե եթե Ադրբեջանը որոշի Հայաստանի տարածքով զենք ու զորք տեղափոխել Նախիջեւան, ինչպես են վերահսկելու։ Փոխարենն ասաց․ «Մենք մեզ պետք է հարց տանք՝ մենք ուզո՞ւմ ենք, որ մեր զենքն ու զորքն անցնի Նախիջեւանի տարածքով։ Երբ որ մենք կորոշենք, որ ուզում ենք Նախիջեւանի տարածքով դեպի Մեղրի եւ հակառակ ուղղությամբ զենք տանենք, նման թեմայով բանակցություններ կբացենք»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները։

-Շատ երկիմաստ պատասխան է տվել, որ իբր թե, եթե Ադրբեջանին որոշակի իրավունք ենք տալիս, նույնն էլ մենք կունանանք Նախիջեւանում։ Այդ հավասարության նշան դնելու փորձը շարունակվում է, բայց բնավ այդպես չէ։ Իմ իմանալով՝ անխափան տարանցումը հենց այն մասին է, որ իրենք Հայաստանին հաշվետու չեն։ Գուցե Հայաստանը պոստ ֆակտում կարող է իմանալ, թե ինչ է կատարվել, բայց արգելել չի կարող։

-Սյունիքով ճանապարհի հետ կապված Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ մանրամասները դեռ հստակեցված չեն։ Սա ի՞նչ վտանգ է պարունակում հետագայի համար։

-Ընդհանրապես նման մոտեցումն անհեթեթ է, այսինքն՝ միջպետական կարեւորագույն համաձայնություն է կայացվում, բայց մանրամասները չկան։ Ոչ թե մենք տեղյակ չենք, այլ չկան, դեռ չի էլ քննարկվել։ Մարդիկ անգամ իրենց կենցաղում նման անտարբեր ձեւով չեն վարվում։ Սա նշանակում է, որ Ալիեւն այնքան վստահ է, որ իր ուզածն է լինելու, որ իր ասածն է առաջ տանում։ Ցավոք սրտի, իր ուզածը կատարվում է։ Մի բան պարզ է՝ այն, ինչ TRIPP է կոչվում, այդ անցուղին, դա ունենալու է առանձին կարգավիճակ։ Եվ դրան համարժեք որեւէ անցուղի մենք չենք ստանալու, ներառյալ Նախիջեւանի վրայով։

Զենք տեղափոխելը կարող է տեղի ունենալ միայն Ադրբեջանի համաձայնությամբ, որովհետեւ Ադրբեջանի լիարժեք տիրապետման տակ է գտնվում այդ ճանապարհը՝ ի տարբերություն TRIPP-ի, որը կառավարելու է կոնսորցիումը։ Այնտեղ հստակ գրված է, որ կոնսորցիումի կողմեր են Հայաստանը, ԱՄՆ-ն եւ երրորդ կողմերը։ Եթե կան երրորդ կողմեր, այսինքն՝ մեկից ավելի երկրներ, դա նշանակում է նրանց խոսքն է այնտեղ անցնելու։ Մենք Նախիջեւանով զենք չենք կարող տեղափոխել, Ադրբեջանը մեզ թույլ չին տա, եթե մեզ թույլ տա Նախիջեւանով Իրանից ինչ-որ բան ներմուծենք կամ արտահանենք, դա էլ մեզ ներկայացվելու է որպես լավություն։ Բայց կարծում եմ՝ դա էլ մեզ թույլ չի տալու Ադրբեջանը, ինչո՞ւ պետք է թույլ տա։ Ինքն արդեն ստացել է այն, ինչ պիտի ստանար։ Բանակցությունները սակարկություններ են, մի բան տալիս ես, մի բան ստանում։ Մենք արդեն տվել ենք այն, ինչ պետք էր Ադրբեջանին։ Հետեւաբար, Ադրբեջանի կողմից որեւէ շահագրգռություն չեմ տեսնում մեզ նման իրավունքներ տալու։ Եթե տա, ուրեմն դրա դիմաց էլի ինչ-որ բան է պոկելու։

Ռոզա Հովհաննիսյան

Արցախի Ազգային Ժողովը սեպտեմբերի 19-ը հայտարարել է Բռնի տեղահանության եւ պահանջատիրության օր

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի որոշումով սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության եւ պահանջատիրության օր: Համապատասխան փոփոխություն է մտցվել “Տոն եւ հիշատակի օրերի մասին” ԱՀ օրենքում:

Սեպտեմբերի 19-ը’ Արցախի Հանրապետության ժողովրդի բռնի տեղահանության օր
Ողջ աշխարհին է հայտնի, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից մեկնարկված լայնամասշտաբ ռազմական ագրեսիան’ընդդեմ Արցախի Հանրապետության, սկսվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։
Այդ օրը դաջված է Արցախի ժողովրդի պատմական հիշողության մեջ։
Արցախի ժողովուրդը շարունակելու է պայքարը իր իրավունքների ճանաչման և վերականգնման համար, հանուն արժանապատիվ կյանքի և գոյության։
Այդ նպատակով 2025 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվել է օրենք’ “Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին” օրենքում լրացում կատարելու մասին, համաձայն որի’ սեպտեմբերի 19-ը այսուհետ կնշվի որպես Արցախի Հանրապետության ժողովրդի բռնի տեղահանության և պահանջատիրության օր։

Կրկին «Ալբանիա» և «Աբերբեջան»․ Թրամփը դեռ ոգևորված է

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ ասուլիսի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

Ռուս-ուկրաինական պատերազմի մասին հարցին պատասխանելիս նա Վաշինգտոնի կարգավորած հակամարտության օրինակ է ներկայացրել հայ-ադրբեջանական փաստաղթղի ստորագրումը։ Դոնալդ Թրամփը դարձյալ երկրների անունները սխալ է արտաբերել՝ Հայաստանն անվանելով «Ալբանիա», Ադրբեջանը՝ «Աբերբեջան»:

«Այն տարիներ էր շարունակվում և երբեք չէր կարգավորվի: Եթե հիշում եք, վարչապետն ու նախագահը իմ գրասենյակում էին, սկզբում նրանք հեռու էին միմյանցից նստել։ Մեկ ժամ միասին աշխատելուց հետո նրանք ավելի մոտենում էին, և երբ ավարտեցինք, բոլորս գրկեցինք միմյանց»,- ասել է Թրամփը։

Նա կրկին հիշեցրեց, որ Ալիևն իշխաում է 22 տարի։

Արշավի նպատակն է Հաագայի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման իրականացումը

Step1.amհարցերին պատասխանել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

-Պարոն Խզմալյան, հայտարարել եք, որ «Հանուն ժողովրդավար պետականության» եւ Հայաստանի Եվրոպական կուսակցությունները սկսում են քաղաքական արշավ՝ Ադրբեջանին եւ նրա բռնապետ Ալիեւին միջազգային ատյաններում ռազմական հանցագործ ճանաչելու նպատակով՝ նոր Հայոց Ցեղասպանության եւ Արցախի հայաթափման, հնագույն քրիստոնեական համայնքի ոչնչացման համար։ Նաեւ այս գործի շուրջ համախմբվելու կոչ եք արել։ Ի՞նչ ճանապարհով եք իրականացնելու սա։

-Մենք դեռ 2024 թվականի սեպտեմբերին՝ մեկ տարի առաջ նախաձեռնեցինք մի շարժումը, որը պայանականորեն անվանեցինք «նոյեմբերի 17»։ Դա 2023 թվականի նոյեմբերի 17-ի ակնարկ է, երբ Հաագայի դատարանը այդ եղերական իրադարձություններից երկու ամիս անց ընդունեց հատուկ վճիռ՝ արցախահայության՝ միջազգային երաշխիքներով ազատ ու անվտանգ վերադարձի իրավունքի մասին։ Մենք առաջարկեցինք Արցախի փախստականներին՝ ինքնակազմակերպվել եւ անել այն, ինչն առաջարկում ենք նաեւ այսօր։ Հայաստանի կառավարությունն ու խորհրդարանը փաստորեն շահագրգռված են լռեցնելու այդ հարցը։ Եվ այդ պայմաններում խիստ անհրաժեշտ եմ համարում ստեղծել Արցախի վտարանդի կառավարություն եւ վտարանդի Ազգային ժողով։ Եվ գիտեմ, որ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը կտրուկ դեմ են դրան՝ ասելով, որ Երեւանում չի կարող լինել երկու կառավարություն։ Դա անհեթեթություն ու հիմարություն է, որովհետեւ այդ կառավարությունը չի վերաբերվում Հայաստանին, դա վտարանդի կառավարություն է, եւ նման շատ նախադեպեր կան աշխարհում։

Սա այն իրավական հիմքն է, որի վրա մենք ուզում ենք ստեղծել այդ արշավը։ Մենք չենք կարող սպասել, թե երբ են ինքնակազմակերպվելու արցախցիները։ Թեեւ արցախցիները Հայաստանի հասարակության մաս են կազմում, բայց մենք շատ ենք կարեւորում, որ իրենք՝ որպես փախստականների համայնք, ինքնակազմակերպվեն ինքնուրույն՝ առանց նախկինների մասնակցության ու աջակցության։ Ուստի, մենք այս հարցում մեզ համախոհ կուսակցություն գտանք, դա «Հանուն ժողովրդավար պետականության» կուսակցությունն է։ Եվ միասին այսօր հանդես եկանք հայտարարությամբ, որ Հայաստանի կառավարության, իշխանության, խորհրդարանի եւ հասարակության լռության պայմաններում մենք նախաձեռնում ենք միջազգային արշավ՝ այդ խնդիրն անընդհատ ուշադրության կենտրոնում պահելու եւ հասնելու մեր գլխավոր նպատակին։ Նպատակն է Հաագայի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման իրականացումը։ Այսինքն՝ արցախահայության վերադարձի իրավունքը։ Մենք անընդունելի եւ հանցավոր ենք համարում Հայաստանի պաշտոնյաների դիրքորոշումը առ այն, որ այդ հարցը անհնար է իրականացնել, որ պետք չէ դրանով զբաղվել։ Մենք դրա հետ չենք կարող հաշտվել, ուստի, մենք գործում ենք որպես հասարակական եւ կուսակցական նախաձեռնություն։

Ես մեկ շաբաթ անց մեկնելու եմ մի շարք եվրոպական երկրներ, հիմա հանդիպումներ եմ կազմակերպում Եվրոպական խորհրդարանում, մի շարք եվրոպական երկրների խորհրդարաններում։ Գնալու եմ Իտալիա, Բելգիա, Լեհաստան եւ վերջում նաեւ Ուկրաինա։ Մենք որոշել ենք այդ հարցը դարձնել մեր արտաքին քաղաքական գործունեության առանցքը՝ Հայաստանի առջեւ խորացող միջազգային մարտահրավերների շարքում արցախահայության իրավունքների պաշտպանության հարցն առաջնահերթ է մեզ համար։

-Դուք խոսում եք Արցախի վտարանդի կառավարություն ստեղծելու մասին, բայց Արցախի պետական ինստիտուտները շարունակում են իրենց գործունեությունը, մասնավորապես, Արցախի Ազգային ժողովը գործում է։ Փորձե՞լ եք իրենց հետ քննարկել այս հարցերը, համագործակցություն կա՞։

-Մենք շատ հոռետես ենք այն կառույցների հետ հարաբերությունների վերաբերյալ, որոնք ստեղծվել են դեռ 2023 թվականից առաջ Արցախում։ Մենք նրանց դիտարկում ենք որպես ռուսամետ եւ այդ առումով մեզ համար անընդունելի է նրանց հետ համագործակցությունը։ Սակայն մենք հասկանում ենք, որ Արցախի հասարակությունն իր մեջ ունի եւ առողջ ընդդիմություն, եւ հասարակական-քաղաքական գաղափարական ուժեր, որոնց հետ մենք պատրաստ ենք համագործակցել։ Այսինքն՝ պայմանական ասած՝ Շահրամանյանի շրջանակների հետ մենք ոչ մի կապ չենք պատրաստվում հաստատել եւ չենք ընդունում նրանց դիրքորոշումն ու կարգավիճակը։ Մենք համարում ենք, որ այն ուժերը, որոնք համաձայնել են Արցախի լուծարմանը, հանցավոր են եւ պետք է պատասխան տան հայ ժողովրդի առջեւ։

Ռոզա Հովհաննիսյան

Տեղահանված անձինք ամբողջությամբ կազատվեն տրանսպորտային միջոցի գույքահարկի տեղեկանք ներկայացնելու պարտականությունից

Կառավարությունն ընդունել է Ներքին գործերի նախարարության կողմից մշակված որոշման նախագիծը, որի նպատակն է տեղահանված մեր հայրենակիցների՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի իրացմամբ պայմանավորված սոցիալական բեռի նվազեցումը։

Ըստ այդմ՝ տեղահանված մեր հայրենակիցները կազատվեն ավտոմեքենան օտարելու, խոտանելու, ժառանգությամբ հանձնելու կամ հասցեի փոփոխության հիմքով վերահաշվառման, ինչպես նաև ցանկացած գրանցման-հաշվառման գործողության արդյունքում տրանսպորտային միջոցի գույքահարկի գծով պարտավորությունը կատարելու մասին տեղեկանք ներկայացնելու պարտականությունից։

Հավելենք, որ տեղահանման արդյունքում Հայաստան է տեղափոխվել 21.107 տրանսպորտային միջոց, որից միայն 3711-ն է վերահաշվառվել տեղահանվածի անվամբ կամ տեղահանվածի կողմից օտարվել այլ անձի։

Որոշման ընդունումը կնպաստի շահառուների համար բարենպաստ պայմանների ապահովմանն ու նրանց սեփականության իրավունքի արդյունավետ իրացմանը։

2-րդ ամիսն է, ինչ մարդիկ չեն ստանում աջակցությունը՝ ՄԱԿ-ը պետք փոխանցի Ամերիա բանկին

Երեկոյան ուշ հեռախոսազանգ ստացանք։ Զանգահարողը Արցախից տեղահանված թոշակառու, 2-րդ կարգի հաշմանդամ, զոհված զինծառայողի մայր Լաուրա Բարսեղյանն էր։ Նա ցանկանում էր, որ Step1-ի միջոցով բարձրաձայնվի մի խնդիր, որին առնչվում են նաև մի խումբ արցախցիներ։ Կինը վրդովված էր՝ նախևառաջ անտարբեր վերաբերմունքից։

-ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը արդեն երկրորդ ամիսն է, ինչ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին չի վճարել 2024 թվականի նոյեմբերի 21-ի 1833-Լ որոշմամբ սահմանված 2025 թվականի հուլիս և օգոստոս ամսիների համար սահմանված աջակցությունը։ Ես հանդիսանում եմ այդ ծրագրի շահառու, սական մինչև օրս չեմ ստացել աջակցությունը, առանց որի դժվարանում եմ գոյատևել։ Բնակվում եմ վարձով, թոշակիս գումարը հերիքում է միայն դեղերիս համար, քանի որ տարիներ շարունակ դեղերով եմ ապրում։

Դիմել եմ Գորիսի միասնական սոցիալական ծառայության ընտանիքներին տրամադրվող աջակցությունների բաժին՝ խնդրելով, որ ինձ տեղեկություն տրամադրեն, թե երբ է փոխանցվելու աջակցությունը։ Նույն բաժնի գլխավոր մասնագետի պարզաբանմամբ՝ հուլիս և օգոստոս ամիսների աջակցությունը պետք է վճարվի ՄԱԿ-ի կողմից, նա վստահեցրել է, որ աջակցության գումարն արդեն փոխանցվել է Ամերիա բանկ։

Քանի որ Գորիս քաղաքում Ամերիա բանկի մասնաճյուղ չկա, մեկնել եմ մարզկենտրոն՝ Կապան։ Ներկայանալով բանկ՝ պարզել եմ, որ միասնական սոցիալական ծառայության պատասխանն իրականությանը չի համապատասխանում։ Ոչ մի աջակցություն էլ փոխանցված չէ, ավելին՝ մասնաճյուղից զանգել են Ամերիա բանկի գլխամաս, որպեզի ՄԱԿ-ի փոխանցված ցուցակներում կրկնակի անգամ ստուգումներ իրականացնեն, և գլխամասից հայտնել են, որ շահառու Լաուրա Բարսեղյանի անունով, անձնագրով կամ սոցիալական քարտի տվյալներով որևէ փոխանցում չկա:

Ձեռնունայն Կապանից վերադարձել եմ Գորիս։ Միասնական սոցիալական ծառայության անփութության պատճառով կրել եմ 15000 դրամ գումարի չափով վնաս, որը վճարել եմ տաքսու ծառայությանը: Որպես զոհված զինծառայողի մայր, այրի կին, 2-րդ խմբի հաշմանդամ՝ Միասնական սոցիալական ծառայությանը, ՀՀ կառավարությանը, սոցապ նախարարությանը ցանկանում եմ հարց ուղղել՝ ո՞վ պիտի հատուցի ծառայության աշխատակցի թերի աշխատանքի պատճառով հասցված նյութական վնասը: Դեռ միասնական սոցիալական ծառայության աշխատակիցը արդարանում է ու իրենց անփույթ աշխատանքի հետևանքով կատարվածը բարդում Ամերիա բանկի վրա:

Ահա այս է վերաբերմունքը հանուն հայրենիքի զոհված զինծառայողի մոր հանդեպ,-ասում է Լաուրա Բարսեղյանը։

Նշենք, որ արցախցի թոշակառուի բարձրացրած հարցը եզակի դեպք չէ։ Նման խնդրի առաջ են կանգնել հարյուրավոր շահառուներ։ Սոցիալական հարթակներում կարելի է հանդիպել բազմաթիվ մեկնաբանությունների, որտեղ նույնպես նշվում է, որ 2-րդ ամիսն է, ինչ մարդիկ չեն ստանում աջակցությունը և 114-ից ստանում են նույն պատասխանը՝ ՄԱԿը պետք փոխանցի Ամերիա բանկին, կամ էլ տեխնիկական խնդիրներ են։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Տիգրան Խզմալյանը հայտարարում է արշավ՝ Ալիևին միջազգային հանցագործ ճանաչելու նպատակով

Վաղը Արցախի Հայրենազրկման երկրորդ տարելիցն է։ «Հանուն ժողովրդավար պետականության» եւ Հայաստանի Եվրոպական կուսակցությունները սկսում են քաղաքական արշավ՝ Ադրբեջանի եւ նրա բռնապետ Ալիեւին միջազգային ատյաններում ռազմական հանցագործ ճանաչելու նպատակով՝ նոր Հայոց Ցեղասպանության եւ Արցախի հայաթափման, հնագույն քրիստոնեական համայնքի ոչնչացման համար։

ՀՀ իշխանության հանցավոր լռության, անգործության, հակահայկական գործելակերպի պայմաններում մենք կոչ ենք անում այլ կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին, հայկական եւ միջազգային իրավապաշտպան կառույցներին, արցախահայերին, Հայոց Եկեղեցուն, Սփյուռքին՝ միանալու մեր պայքարին։

Մենք հենվում ենք ՄԱԿ կանոնադրության, Ցեղասպանության հանցանքի կանխարգելման եւ պատժելիության Կոնվենցիայի, ինչպես նաեւ Հաագայի միջազգային դատարանի 2023 թ. նոյեմբերի 17-ի որոշման վրա, համաձայն որի արցախահայությունն ունի միջազգային երաշխիքներով ապահոված ազատ եւ անվտանգ վերադարձի իրավունք։

Միացե՜ք։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյան

Հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյան

Երևանից Մեղրի զենք կտեղափոխվի Նախիջևանո՞վ։ Բա Երասխը կփակվի՞։

«Թրամփի ուղու» շրջանակում ամեն ինչ պետք է լինի սկզբունքների հիման վրա։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանը կարողանալու է Սյունիքով զենք և զորք տեղափոխել Նախիջևան։
«Մենք մեզ պետք է հարց տանք` մենք ուզո՞ւմ ենք, որ մեր զենքն ու զորքն անցնի Նախիջևանի տարածքով։ Որովհետև մեր իրականության մեջ կա այդ խնդիրը, որ մենք միշտ խոսում ենք ուրիշների մասին, սակայն չենք խոսում մեր մասին։ Երբ որոշենք, որ մենք ուզում ենք, որ Նախիջևանի տարածքով երկաթգծով դեպի Մեղրի և հակառակ ուղղությամբ զենք տեղափոխել, նման թեմայով բանակցություններ կբացենք։ Եթե մենք որոշենք, որ չենք ուզում, ապա կորդեգրենք համապատասխան բանաձև ու այդպես շարունակ»,– հայտարարեց նա։
Ըստ նրա` ցանկացած հարց, որ վերաբերում է տարածաշրջանային ենթակառուցվածքների բացմանը և «Թրամփի ուղուն», պետք է դիտարկել 5 հիմնական սկզբունքների հիման վրա. դրանից դուրս այլ քննարկում չի կարող լինել։
Ինչո՞ւ պետք է Հայաստանը դիտարկի Նախիջևանով զենք Մեղրի տեղափոխելու հնարավորությունը, եթե կա Երասխով, Վայոց ձորով և Սյունիքով անցնող գործող ճանապարհ։ Արդյո՞ք Նախիջևանով անցնող ճանապարհի առաջարկվող բացումը կփակի Երասխով և Տիգրանաշենով անցնող Վայոց ձոր տանող ճանապարհը։ Եվ արդյո՞ք «Թրամփի ճանապարհը» կանցնի Երասխով, այլ ոչ թե Մեղրիով։

Ներկայացուցիչների պալատն ընդունել է արցախահայերի և գերիների վերադարձը նախատեսող փոփոխությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Կոնգրեսական Գեյբ Ամոյի գլխավորած և Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի կողմից աջակցվող պետդեպարտամենտի լիազորությունների մասին փոփոխությունը։ Այն նախատեսում է հայ գերիների ազատ արձակում, արցախահայերի անվտանգ վերադարձ և հայկական մշակութային ու կրոնական հուշարձանների պաշտպանություն։ Այս մասին հաղորդվում է կոմիտեի ֆեյսբուքյան էջում։

Սզնեքի վերջին օրը․ 2023-ի սեպտեմբերի 19-ը ողբերգական էր Արցախի համար

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակման է անցել Արցախի բոլոր բնակավայրերի ու պաշտպանական դիրքերի ուղղությամբ։ Հյուծված, կիսասոված, միայնակ մնացած Արցախը կանգնել էր իրեն գերազանցող թշնամու ուժերի դեմ։ Արցախի բոլոր բնակավայրերը վտանգված էին, իսկ արցախցին կանգնած ցեղասպանության իրական վտանգի առաջ։

Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքի ղեկավար Էդվարդ Մուսայելյանը պատմում է

-Ադրբեջանական զինուժի շարժի մասին, երբ տագնապ լսեցի, անմիջապես հրաժեշտ տվեցի հորս ու կնոջս և աշխարհազորի տղաների հետ շտապեցի գյուղի վերևում գտնվող մարտական մեր դիրքը (2020-ի պատերազմից հետո դիրք էր ձևավորվել, գյուղի աշխարհազորայինների կողմից հերթապահություններ էին իրականցվում)։ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո Արցախի գրեթե բոլոր բնակավայրերը սահմանամերձ էին, այդ թվում նաև մեր գյուղը։ Երբ հասկացանք, որ վտանգը մեծ է, անտառների ու դաշտերի միջով կազմակերպվեց Սզնեքի բնակչության տարհանումը կողքի Խաչմաչ գյուղը։

Դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհներն արդեն թշնամու վերահսկողության տակ էին։ Սզնեքն ու մոտակա գյուղերը շրջափակման մեջ էին առնվում։ Ամեն ինչ շատ արագ էր զարգանում։ Թշնամին մեր գյուղով արդեն մտնում էր Խաչմաչ։ Սզնեքցիներն ստիպված էին Խաչմաչի բնակչության հետ անտառների միջով շուտ հեռանալ այնտեղից։

Սակայն մեր գյուղից 6 հոգի մնացել են Խաչմաչում և գիշերն անցկացրել այնտեղ։ Հաջորդ օրը, երբ հասկացել են, որ մենակ են մնացել գյուղում, որոշել են իրենք էլ հեռանալ և Կարմիր գյուղի տարածքով հասնել Ստեփանակերտ։ Այնպես է ստացվել, որ ճանապարհին նրանք իրարից առանձնացել են՝ արժանանալով  տարբեր ճակատագրերի։

Ցավոք, այդ ճանապարհին մեր համագյուղացու՝ Շուրա Մանասյանի հետ անհետ կորել է հայրս՝ Ռոբերտ Մուսայելյանը։ Մինչև այսօր հորիցս ու մյուս համագյուղացուց ոչ մի տեղեկություն չունենք։ Վերջին անգամ հորս հետ խոսել եմ տարհանման պահին։ Ականատեսներն ասում են, որ 83-ամյա հայրս այլևս չէր կարողանում քայլել ու մնացածներին հորդորում էր, որ իր պատճառով չվտանգեն իրենց կյանքը։ Մեր համագյուղացիներ Նվարդն ու Մավրիկը գերեվարվել են Խաչմաչից դեպի Կարմիր գյուղ տանող ճանապարհին։ Շուշիում նրանց մեկ շաբաթ պահելուց հետո վերադարձրել են մերոնց։ Երրորդին՝ վաստակաշատ մանկավարժ Արտյուշա Միքայելյանի դին գտնվել է անտառում։ Մի հոգու էլ գերեվարել են․ հիմա Բաքվի բանտում է։

Բաքվի բանտերում են շարունակվում պահվել չորս համագյուղացի երիտասարդներ, ովքեր գերեվարվել են սեպտեմբերին։ Մեր բոլորիս ցանկությունն է, որ նրանք և մյուս բոլոր մեր համերկրացիներն օր առաջ ազատ արձակվեն և վերադառնան իրենց ընտանիքները, ինչպես նաև բացահայտվեն բոլոր անհայտ կորած անձանց ճակատագրերը։

Էդվարդը շարունակում է հիշել սարսափելի այդ օրվա իրադարձությունները

-Մինչև զինադադարի պահը ես դիրքերում էի և չէի կարող անձամբ վերահսկել համագյուղացիների անվտանգ տարհանումը։  Հրահանգել եմ գյուղում գտնվող տղաներին կազմակերպել և՛ պաշտպանությունը, և՛ մարդկանց տարհանումը։ Այդ օրը մեր գյուղում շուրջ 40 մարդ կար։ Կային նորածին ու մանկահասակ երեխաներ, տարեցներ։ Մեծ ցավ եմ ապրում զոհվածների, անհայտ կորածների ու գերեվարվածների համար։ Մենք անզոր էին դիմադրել թշնամու մեծաքանակ ուժերին և հասկանալով, որ ամեն ինչ կորած է, շրջանցելով ադրբեջանցիներին, տղաներով մի կերպ հասնում ենք Ստեփանակերտ՝ ոտքով քայլելով շուրջ մեկ օր։ Չէի պատկերացնում, որ Խաչմաչից տարհանման ճանապարհին մարդկային կորուստներ կունենանք։ Գիտակցում էի, որ շատ վտանգավոր է, սակայն մտածում էի, որ բոլորն էլ ողջ ու առողջ կհասնեն Ստեփանակերտ։ Ուղղակի չեմ կարողնաում հասկանալ, թե մեր 6 համագյուղացիները ինչո՞ւ են գիշերը մնացել Խաչմաչում։

 Մինչև տեղահանությունը գյուղն ապրում էր իր առօրյա կյանքով՝ շարունակելով քարը քարի վրա դնել։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ ոչ ոք չէր պատրաստվում լքել գյուղը։

 

Աշխատասեր, բարի ու համեստ սզնեքցին հազար ու մի թելով կապված էր հարազատ գյուղի հետ: Յասամանների ու վարդերի մեջ ընկղմված մեր գյուղն ամենուր հայտնի էր իր քաղաքակիրթ, ստեղծագործ, ուսումնատենչ լինելով։ Պատահական չէր, որ գյուղը հաճախ <<Փոքր Թիֆլիս>> էին կոչում: Տարիներ շարունակ սզնեքցին անտրտունջ ապրում էր իր հողում, աշխատում, բերք ու բարիք ստեղծում:

2020-ի 44-օրյա պատերազմից հետո մենք փորձում էինք կրկին շենացնել գյուղը՝ անկախ նրանից, որ հայտնվել էինք առաջնագծում։ Սզնեքն ապրում էր իր առօրյայով․ թեև թշնամու վերահսկողության տակ էր հայտնվել մեր վարելահողերի, արոտավայրերի, խոտահարքների մի մասը, սակայն շարունակում էինք զբաղվել հողագործությամբ ու անասնապահությամբ։

Գյուղում ընտանիք էր ձևավորվում, երեխա ծնվում։  44-օրյա պատերազմից հետո Սզնեքի կրթօջախը, անվտանգության նկատառումներից ելնելով, չէր վերաբացվել, քանի որ թշնամու դիրքերը բավականին մոտ էին համայնքին, իսկ կրթօջախը ուղիղ նշանառության տակ էր։ Դպրոցահասակ երեխաներ ունեցող որոշ ընտանիքներ ստիպված հաստատվել էին մայրաքաղաքում։

Գյուղը բազմաթիվ խնդիրներ ուներ, սակայն դրանք երկրորդական էին, ամենակարևորը՝ բնակչության անվտանգությունն էր։ Ու մենք անում էինք հնարավորն ու անհնարինը։ Ապրում էինք՝ գիտակցելով, որ մշտապես թշնամու նշանառության տակ ենք։ Նրանց դիրքերն այնքան մոտ էին, որ այնտեղից երևում էր անգամ մեր տների ներսում կատարվող անցուդարձը։ Գիշերները հաճախակի լուսարձակներ էին միացնում, օդ կրակում: Նրանք դրանով փորձում էին հոգեբանական ճնշում գործադրել մեր ժողովրդի վրա, այնպես անել, որ հեռանանք գյուղից, սակայն նրանց մոտ ոչինչ չստացվեց։ Մենք չէինք հուսահատվում ու միշտ լավատեսորեն էինք տրամադրված։ Անգամ շրջափակման ժամանակ մեր համագյուղացիներից ոչ մեկը չէր պատրաստվում լքել գյուղը։ 2023-ի սեպտեմբերի 19-ի արհավիրքն ամեն ինչ արեց մեր փոխարեն։

Մի քանի պատերազմով անցած Էդվարդ Մուսայելյանի համար շատ ծանր է խոսել վերջին մեկօրյա պատերազմի մասին, քանզի այն ամենաահավոր ու ողբերգական հետևանքներն է ունեցել Արցախի հազարամայա պատմության մեջ։ Առաջին անգամ Արցախը մնացել է առանց հայի՝ գերության ու մենակության մեջ։

Սզնեքի բնակչությունը ցրված է աշխարհով մեկ։ Համայնքի ղեկավարը բնակություն է հասատել ՌԴում։ Այդ հեռավորությունը, սակայն, չի խանգարում, որ նա ապրի իր համագյուղացիների դարդ ու ցավերով, հաջողություններով ու ուրախություններով։ Միշտ կապի մեջ է սզնեքցիներից յուրաքանչյուրի հետ։ Էդվարդ Մուսայելյանը, խեղդելով հոգում ծանրացած ցավը, շարունակում է պայքարել ապրելու համար ո՞վ իմանա, գուցե մի գեղեցիկ օր կլսի Արցախ վերադարձի ավետիսը։

Վերադարձողների մեջ նա առաջիններից մեկը կլինի։

ՀԳ

Ասկերանի շրջանի փոքրիկ Սզնեք գյուղը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ տվել է 12 զոհ, մեկ հոգի համարվում է անհետ կորած։ 2020-ի 44-օրյա պատերազմում նահատակվել է 5 սզնեքցի։ 2023-ի սեպտեմբերին 4 երիտասարդ գերեվարվել են ադրբեջանցիների կողմից, գտնվում են Բաքվի բանտերում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Սև ծովից Հայաստանին է մոտենում ակտիվ ցիկլոն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.

«Սև ծովից Հայաստանին մոտեցող ակտիվ ցիկլոնը արբանյակային լուսանկարի վրա»:

Այս ցիկլոնը իր հետ հյուսիս-արևմուտքից բերում է արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ուստի վաղը ցերեկային ժամերին երկրի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը այսօրվա համեմատ կնվազի 8-ից 12 աստիճանով, բայց սեպտեմբերի 20-ից ցերեկը կբարձրանա 4-ից 5 աստիճանով։

Սեպտեմբերի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումները կպահպանվեն առանձին հատվածներում և կկրեն կարճատև բնույթ։ Սեպտեմբերի 22-ից սկսած երկրի ողջ տարածքում տեղումները կդադարեն»,–ասաց նա։

Հայաստանում կստեղծվի «բարքերի ոստիկանություն». Ցեղասպանության թանգարանի մոտի ռեստորանը կընդլայնվի

Ստեփանակերտ, 2023թ.

e-draft կայքում հրապարակվել է կառավարության որոշման նախագիծ՝ «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության հայեցակարգը հաստատելու մասին», որը պնդում է, որ ուրախ ապրելը և տոներ նշելը ավելի լավ է, քան ցեղասպանությունների և պատերազմների ժամանակ զոհվածների գերեզմաններին ծաղիկներ դնելը: Զարմանալի է, թե ինչպես հայերը մինչ օրս չեն գիտակցել, որ խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը, և որ հարուստ և առողջ լինելը՝ ավելի լավ, քան հիվանդ և աղքատ:

Միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է հասել նման հանճարեղ գաղափարի և այժմ ցանկանում է սովորեցնել հայերին, թե ինչպես ճիշտ ապրել: Բայց լավ ապրելու համար հայերը պետք է մոռանան մի քանի բան՝ իրենց տոհմային տները, որոնք մնացել են հայրենիքի կորցրած մասում, նախնիների մասին, որոնք նույնպես ցանկացել են ապրել խաղաղության մեջ, բայց ստիպված են եղել պայքարել դրա համար, նաև հայկական քաղաքակրթության մասին, որի արժեքների հիման վրա ծնվել, մահացել և մինչ օրս մեռնում են մի քանի կայսրություններ:

Նոր հայեցակարգի հիմնավորման համաձայն՝ «Հայաստանում զարգացել էր անտարբեր, իսկ երբեմն նույնիսկ զգուշավոր վերաբերմունք ուրախության և դրականության նկատմամբ. տխրությունը դիտվում էր որպես ավելի բարձր զգացմունք, քան ուրախությունն ու կյանքի նկատմամբ եռանդը»: Սա «աջակցում էր պատերազմի քաղաքականությանը, որը համահունչ է վշտի և տառապանքի թեմային», պնդում են հեղինակները։

Այսպիսով, պարզվում է, որ հայկական մոզախիզմը ծնունդ է տվել սադիզմի հայերի անմեղ հարևանների նկատմամբ, և տառապանքի կարիքը բավարարելու համար հայերը սպանել են իրենց խեղճ հարևաններին։

Հայ ժողովրդի վերածումը մանկուրտների, որոնք աշխատում են «խաղաղության խաչմերուկներում», վճարում հարկեր և մնացած գումարը ծախսում զվարճանքի վրա, կօգնի Փաշինյանի կառավարությանը հաջորդ տարի հանրաքվե անցկացնել Սահմանադրությունը փոփոխելու և վերջապես պետությունը լուծարելու վերաբերյալ։ Չէ որ պետությունն է “հիվանդ հայրենասիրության” մարմնավորում։

Միակ հարցն այն է, թե ինչպես է այս հայեցակարգը կիրառվելու մեր ժողովրդավարության բաստիոն Հայաստանում։ Ո՞վ կհետևի նրանց, ովքեր կայցելեն Ծիծեռնակաբերդ և Եռաբլուր։ Ի վերջո, շատերը կարող են դա անել գաղտնի, գիշերվա քողի տակ։

Ոչ, առանց բարքերի ոստիկանության չի ստացվի։ Պետք է ստեղծել ծիծաղող դիմակներով և գինու բաժակով ջոկերների ջոկատներ, որոնք կշրջեն քաղաքների և գյուղերի փողոցներով՝ ստիպելով սգացող մայրերին և կանանց գինի խմել և պարել։ Հետո կարելի է սահուն անցնել շարիաթի օրենքին և ստիպել չժպտացող կանանց ծածկել դեմքերը չադորով։

Նման ջոկատներ, եթե հիշում եք, ստեղծվել են կորոնավիրուսի համավարակի ժամանակ, երբ մարդկանց արգելվում էր առանց դիմակի դուրս գալ իրենց տներից։ Հիշեցնենք, թե ինչպես մի զինվորական գնդապետ բռնվեց իր մեքենան առանց դիմակի լվանալիս սեփական ավտոտնակում և հրապարակայնորեն դատապարտվեց։ Գնդապետը քիչ էր մնում սպաներ «բարքերի ոստիկաններին»։

Երևանի Ցեղասպանության թանգարանի կողքին գործում է թանկարժեք ռեստորան, որտեղ արգելված է բարձր, ուրախ երաժշտությունը։ Հիմա երաժշտությունը կարելի է թույլ տալ, և ոչ միայն հայկական, այլև հարևանների խրախուսվող երաժշտությունը, իսկ վերանորոգումից հետո հուշահամալիրում կարող են տեղադրվել գիշերային ինստալյացիաներ՝ ցեղասպանության պատկերներով։ Ի վերջո, զոհերի շնորհիվ է, ինչպես ասում են իշխանությունները, որ Հայաստանն այսօր գոյություն ունի։ Եթե նրանք չմահանային, Հայաստանը գոյություն չէր ունենա։

Ուրախությունն ու տխրությունը միշտ ձեռք ձեռքի տված են գնում. արցախցիները, որոնք ցեղասպանության են ենթարկվել և հեռացել իրենց հայրենիքից ընդամենը երկու տարի առաջ, մոխիր չեն ցանում գլխին, այլ ամուսնանում են և ուրախանում երեխաների ծնունդով։ Արցախում հարսանիքի օրը ընդունված էր այցելել եղբայրական գերեզման, և դա ծանր բեռ չէր, այլ պայծառ պարտավորություն։ Իսկ Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատան և Վարարակն եկեղեցու մոտ կար մի ռեստորան՝ «Живые и мертвые»։

Որպեսզի մարդիկ ուրախանան և զվարճանան, պարտադիր չէ ջնջել նրանց հիշողությունները, արմատները և իրավունքները, վերածելով ժպտացող հիմարների։ Ցավն ու վերքերը առաջացնում են ինքնապահպանման զգացում, դիմադրության ցանկություն։ Բայց քանի որ ներկայիս կառավարության համար դիմադրությունը մահացու է, ուստի նրանք փորձում են ջնջել ցավը։