Էրդողան․ Նրանք, ովքեր բարբարոսաբար են գործում, կխեղդվեն իրենց թափած արյան ծովում

Անդարդառնալով Գազայում ստեղծված իրավիճակի թեմային՝ Էրդողանը նշել է, որ «ոչ ոք չի կարող Թուրքիային խանգարել աջակցելու Իսրայելի դաժան հարձակումների ենթարկվող Գազայի ճնշված ժողովրդին»:

«Ահաբեկչությունն ու կոտորածները փակուղի են, որը մեր տարածաշրջանը պատանդ է պահում: Եվ տարածաշրջանը վաղ թե ուշ դուրս կգա դրանից: Նրանք, ովքեր բարբարոսաբար են գործում, կխեղդվեն իրենց թափած արյան ծովում»,- հայտարարել է Էրդողանը։

Նիդեռլանդները 14 միլիոն եվրո կհատկացնի արցախցիների բնակարանային խնդիրները լուծելու համար

Նիդեռլանդները 14 միլիոն եվրո կհատկացնի Արցախից տեղահանված անձանց աջակցելու համար: Այս մասին Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Դեյվիդ վան Վիլը հայտարարել է X սոցիալական մեդիա հարթակում՝ իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո:

Վան Վիլի խոսքով՝ միջոցները կուղղվեն Գլոբալ արտոնյալ ֆինանսավորման գործիքի միջոցով՝ բռնի տեղահանվածներին մատչելի բնակարաններով ապահովելու համար:

Սեպտեմբերի 10-ի դրությամբ 2711 արցախյան ընտանիք ստացել է բնակարանային վկայականներ, որոնցից 823-ին արդեն տրամադրվել է բնակարան:

ԵՄ հանձնակատարը, ԱՄԷ նախագահը և ուրիշները գիտեն, որ այս տները պատկանում են հայերին

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Քոսը կայցելի Աղդամ, հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանում ԵՄ պատվիրակության հայտարարությանը։

Նախարարությունը հավելել է, որ ԵՄ ներկայացուցիչը Բաքվում բարձր մակարդակի հանդիպումներ կանցկացնի նաև նախագահի, արտաքին գործերի նախարարի և էկոնոմիկայի նախարարի հետ՝ քննարկելու «ընդհանուր ռազմավարական շահերը, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում»։

Դրանից մեկ օր առաջ Ալիևը և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը այցելել են օկուպացված Շուշի։ Նրանք ստորագրել են մի շարք փաստաթղթեր, սակայն շեյխը չի արձագանքել Ալիևի կոչերին՝ ներդրումներ կատարել «ազատագրված» Ղարաբաղում։ ԱՄԷ-ն մտադիր չէ ներդրումներ կատարել մի երկրներում, որտեղ լքված սեփականություն կա։

«Մենք անհամբեր սպասում ենք ձեռք բերված առաջընթացի և դրական զարգացումների շարունակմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Այս առումով մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք Արաբական Միացյալ Էմիրությունների պատրաստակամությունը՝ ցանկացած աջակցություն ցուցաբերելու տարածաշրջանում խաղաղության և անդորրության հաստատմանը, որպեսզի այնտեղ բնակվող ժողովուրդները կարողանան ապրել խաղաղության մեջ», – ասել է ԱՄԷ նախագահը։

Ալիևը բոլոր ջանքերն է գործադրում օկուպացված Արցախ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար, սակայն համաշխարհային բիզնեսը սպասում է «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը՝ հասկանալով, որ իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի, որ Ալիևի իրավունքը՝ օկուպացնել Արցախը, կարող է վիճարկվել, և որ կարող են ճանաչվել ցեղասպանության սպառնալիքով Արցախից տեղահանված հայերի սեփականության իրավունքները։

Ալիևը շեյխին ​​ցույց տվեց Քարին տակ գյուղը, որն ամբողջությամբ հողին էր հավասարեցվել, իսկ մեկ օր առաջ Ալիևը Հադրութում մզկիթ էր բացել՝ հայտարարելով, որ Հադրութի տների մեծ մասը բնակելի չէ և, հետևաբար, ենթակա է քանդման։

ԵՄ հանձնակատարը, ԱՄԷ նախագահը և ուրիշներ գիտեն, որ այս բոլոր տները պատկանում են հայերին և գիտեն, որ իրենք դառնում են ցեղասպանության հանցագործությունների մեղսակից։

Արտակ Բեգլարյանը հայտարարել է Edu Angel կրթական խորհրդատվական կենտրոնի բացման մասին

Edu Angel կրթական խորհրդատվական կենտրոը հայտարարում գործունեության մեկնարկի մասին որը կօգնի երիտասարդներին ընդունվել աշխարհի լավագույն համալսարաններ և ստանալ որակյալ կրթություն: Կենտրոնի հիմնադիր Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Artak Beglaryan-ը իր ֆեյսբուքյան էջում գրում է:

Ընկերներ ջան,

Ուրախությամբ հայտարարում եմ Edu Angel կրթական խորհրդատվական կենտրոնի պաշտոնական մեկնարկը։

Ես բավականին լուրջ ու դժվարին կրթական ճանապարհ եմ անցել, սովորել եմ աշխարհի մի քանի առաջատար համալսարաններում և այդ ճանապարհին շատ բան եմ սովորել, շատ խնդիրների եմ բախվել, բայցև կարողացել եմ հաղթահարել դրանք: Եվ առ այսօր իմ ստացած կրթությունը ծառայեցնում եմ իմ արժեքներին ու ժողովրդին:

Այս տարիների ընթացքում բազմաթիվ ծանոթ ու անծանոթ երիտասարդների եմ աջակցել իմ անցած ճանապարհն անցնելու, որակյալ կրթություն ստանալու և օգտակար լինելու իրենց հայրենակիցներին և այլ մարդկանց: Տեսել եմ, թե որքան շատ երիտասարդներ են ցանկանում նման կրթություն ստանալ, բայց շատ դեպքերում չեն կողմնորոշվում, թե որտեղից սկսել, ինչպես պատրաստվել, ինչպես դիմել ու կրթաթոշակ գտնել, և այլն, և այլն:

Թեև դաշտում արդեն որոշ կայացած խորհրդատվական կենտրոններ կան, բայց անհրաժեշտությունն ավելի մեծ է և նոր խոսք ասելու կարիքը կա: Ուստի, ես և իմ թիմակիցները որոշել ենք հիմնելու Edu Angel խորհրդատվական կենտրոնը՝ որպես երիտասարդներին աջակցելու բիզնես մոդել:

Հետաքրքրված անձինք կարող են գրանցվել անվճար խորհրդատվության ստորև տրված հղմամբ, իսկ վճարովի ծառայություններով հետաքրքրության առկայության դեպքում՝ մանրամասները կներկայացնենք խորհրդատվության ժամանակ:

https://eduangel.am/

Edu Angel Armenia– Թևեր ենք տալիս՝ հասնելու քո կրթական երազանքներին:

Էլեոնորա Գոտտիի «Catharsis»-ը. միջոցները կուղղվեն արցախցիների կրթական նախագծերին

Սեպտեմբերի 19-ին Երևանում կբացվի «Կատարսիս» ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն նկարչուհի Էլեոնորա Գոտտիի (Սաղաթելյան) աշխատանքները։

Յուրաքանչյուր նկար պարզապես արվեստի գործ չէ, այլ Արցախից բռնի տեղահանված մարդկանց հետ խորը հոգեթերապևտիկ աշխատանքի արդյունք։

Էլեոնորա Սաղաթելյանը կլինիկական հոգեբան և հոգեթերապևտ է։ 2024 թվականի հունվարից ի վեր շատ արցախցիներ դիմում են նրան, և այսօր նրանք կազմում են նրա հիվանդների զգալի մասը։

Լսելով նրանց շրջափակման, պատերազմի և տեղահանության մասին պատմությունները՝ նա զգում է, որ վերապրում նրանց տրավման՝ ցավն ու հիշողությունները վերածելով արվեստի լեզվի։ Կտավը դառնում է կատարսիսի տարածք, իսկ աբստրակտ էքսպրեսիոնիզմը՝ միջոց արտահայտելու այն, ինչը չի կարող փոխանցվել բառերով, որտեղ ժեստը, գույնը և շարժումը դառնում են ներքին վիճակի անմիջական արտահայտություն։

Էլեոնորայի համար այս փորձառությունը հատկապես անձնական է. նա գիտի, թե ինչ է նշանակում լինել փախստական։ Չորսուկես տարեկան հասակում նա իր ընտանիքի հետ հրաշքով փրկվեց Գանձակի (Խորհրդային Կիրովաբադ) հայկական ջարդերից։ Նա պահպանեց վախի, խոցելիության և հայրենի միջավայրից մեկուսացման հիշողությունները։

Այսօր, տասնամյակներ անց, նա արվեստի լեզվով խոսում է այն մասին, ինչը անհնար է մոռանալ։ Նրա նկարները երկխոսություն են տրավմայի հետ, փորձ՝ այն վերածելու ուժի, տառապանքը՝ իմաստի, հույզերը՝ հիշողության, իսկ ներկն ու վրձնի հարվածները դառնում են միջնորդ ցավի և բուժման միջև։

«Ես լսում եմ նրանց պատմությունները։ Ես զգում եմ նրանց ցավը։ Եվ եթե իմ նկարները կարող են օգնել ինչ-որ մեկին, ապա նրանք իմաստ ունեն», – ասում է նկարչուհին։

Առաջիկա ցուցահանդեսի հատուկ նշանակությունը կայանում է դրա առաքելության մեջ. նկարների վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի արցախցի երիտասարդների՝ նրանց համար նախատեսված կրթական նախագծերին, մարդկանց, ովքեր պետք է վերակառուցեն իրենց կյանքը նոր վայրում։

Ցուցահանդեսը կբացվի սեպտեմբերի 19-ին, ժամը 19:00-ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան փողոց 2/2)։ Մուտքն անվճար է։

Ցուցահանդեսը բաց կլինի սեպտեմբերի 20-21-ը՝ ժամը 10:00-ից մինչև 18:00-ն։

Ալվարդ Գրիգորյան

Երիտասարդական երթ-հանրահավաք հանուն ինքնության և արժեքների

Արարատը մեր ազգային ինքնության համար ամենակարևոր նշանակություն ունեցող սիմվոլն է։ Հայ ազգը դեռ անհիշելի ժամանակներից իրեն համարել է Արարատյան ազգ։ Արարատ լեռան ստորոտին են ձևավորվել հայկական ամենահին քաղաքակրթությունները, իսկ Արարատը՝ որպես սրբություն, արտահայտվել է մեր բոլոր ժամանակների տարբեր խորհրդանիշներում։ Արարատի մասին գրվել և գրվում են երգեր, բանաստեղծություններ, պոեմներ։ Իսկ փոքրիկները իրենց առաջին նկարներում, երբ նկարում են իրենց ամուր տունը ծխացող ծխնելույզով, անպայման պատկերում են նաև Արարատը։ 🏔️
«Հայքի շառավիղներ» կրթական ծրագրի երիտասարդները հաշտ չեն գործող իշխանությունների հակաազգային քաղաքականության հետ և բոլորիդ հրավիրում են Հաղթանակի կամուրջի մոտից քայլերթ իրականացնելու դեպի Ծիծեռնակաբերդ, որի ընթացքում կհայտնենք մեր դիրքորոշումը իշխանության կայացրած հակահայկական որոշումների մասին։ Սա քաղաքական հարց չէ․ այս հարցը վերաբերում է բոլոր հայ մարդկանց։ Մենք հայ ենք մեր խորհրդանիշներով, որոնցով էլ կերտվել է մեր ինքնությունը։ 🇦🇲
Բոլոր իշխանավորները ժամանակավոր են, իսկ այն, ինչի դեմ պայքարում է ներկայիս իշխանությունը, հավերժական է։
Տեր եղի՛ր հավերժականին, հայ մարդ։
📆Սեպտեմբերի 20-ին՝
🕙Ժամը 16։30-ից՝ երթ Հաղթանակի կամուրջի մոտից,
🕙Ժամը 18։00-ին՝ Ծիծեռնակաբերդում։

Դիզակ-արտը հրավիրում է մասնակցելու «Դիզակի գույները» սիմպոզիումի փակմանը

Սեպտեմբերի 28-ին Ճամբարակի կենտրոնական այգում կբացվի «Դիզակի գույները» 5-րդ միջազգային նկրչական սիմպոզիումի փակմանը նվիրված ցուցահանդես։

Դիզակ-արտը հրավիրում է բոլորին մասնակցելու։

Խաղաղությունը հավերժակա՞ն է․ Թրամփի, Փաշինյանի և Ալիևի “պնդումները” ավելացնում են կասկածները

Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ադրբեջանի հետ «պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չի հասել»: Փաշինյանը նման կերպ արձագանքել է Թրամփի գրառմանը:

«Վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ աշխատելու խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրականացման ուղղությամբ»,- գրել է վարչապետ Փաշինյանը:

Ինչպես հայտնում է Ազատությունը, Միացյալ Նահանգների նախագահը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը իր, Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարը: Թրամփը կից գրել է. «Մեծ պատիվ էր օգնել՝ կարգավորելու Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը և միաժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների ու մարդկանց՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»։

Թրամփին արձագանքել է նաև Ալիևը. «Ես խորապես գնահատում եմ Ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման և Վաշինգտոնում պատմական գագաթնաժողովի անցկացման գործում»:

Ալիևը շեշտել է, որ Թրամփը Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև «հավերժական բարեկամության և ձևավորվող ռազմավարական գործընկերության ճարտարապետն է»:

Երբ հավերժական խաղաղության մասին չափազանց հաճախ են խոսում, դա միայն մեծացնում է կասկածները ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ: Թրամփը, ըստ երևույթին, ակնկալում էր արագ քայլեր և «հեքիաթային» հաշտեցում Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև իր անունը կրող ճանապարհի ցնցող բացում: Սակայն համաձայնագրերի կնքումից մեկ ամսից ավելի անց պարզվեց, որ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Ավելին, ինչպես ասել են Թուրքիայում, Թրամփի ներկայությամբ նախաստորագրված համաձայնագիրը կարող է ստորագրվել 2026 թվականի առաջին կեսից ոչ շուտ: Սա չափազանց ուշ է Թրամփի համար, ով, ըստ երևույթին, առաջընթաց է ցանկանում ոչ այնքան համաձայնագրի, որքան «միջանցքի» բացման հարցում:

Ռուբեն Վարդանյանը Բաքվում «միջնորդել է հարցաքննել» ռուսական զորքերի հրամանատարին

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվում դատական նիստի ժամանակ «միջնորդել է հարցաքննել» վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Ըստ «Ազերթաջ» գործակալությունը՝ Վարդանյանը ներկայացրել է նաև այլ միջնորդություն։ Նա նշել է, որ զինվորական չէ և համաձայն չէ իր գործը Բաքվի ռազմական դատարանում քննելու որոշման հետ։

Հաղորդվում է, որ նախկին պետնախարարը նաև միջնորդել է դատարանում հարցաքննել Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարներին՝ ասելով, որ համաձայն չէ սահմանը հատելու ապօրինի մեղադրանքի հետ:

Վարդանյանը մեղադրվում է չորս տասնյակից ավելի հոդվածներով՝ ահաբեկչությունից, պատերազմ կազմակերպելուց մինչև զանգվածային սպանություններ։ Նախկին պաշտոնյային մինչև ցմահ ազատազրկում է սպառնում Բաքվում։

Բրեդ Շերմանը առաջարկել է արգելափակել ԱՄՆ աջակցությունը Թուրքիային և Ադրբեջանին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը ներկայացրել է մի փոփոխություն, որը արգելափակում է ԱՄՆ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IDFC) աջակցությունը Թուրքիային և Ադրբեջանին՝ այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի վերացրել Հայաստանի շրջափակումը, իսկ Ադրբեջանը չի ազատ արձակել հայ ռազմագերիներին, հայտնում է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն (ANCA)։

Շերմանը երկրորդ փոփոխությունն ունի՝ այս անգամ Պետդեպարտամենտի թույլտվության մասին օրենքի վերաբրեյալ, որը չեղարկում է նախագահի՝ 907-րդ հոդվածը չեղյալ հայտարարելու լիազորությունները՝ փաստացի արգելափակելով Ադրբեջանին տրվող ԱՄՆ-ի ռազմական օգնությունը, հայտնում է ANCA-ն։

Ստացվում է, որ իմ կամքին հակառակ, իմ տունը նվիրվել է Ադրբեջանին․ իրավաբան

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 2023 թվականի սեպտեմբերի 30-ին արցախցի երիտասարդ իրավաբան Ժորա Հայրապետյանի ընտանիքը Ստեփանակերտից տեղահանվել է Հայաստան և բնակություն հաստատել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։

Երիտասարդ իրավաբանը խոսում է այն դժվարությունների ու անարդարությունների մասին, ինչի միջով անցնում է արցախցին։

-Մեր ընտանիքին ՀՀ-ում ճանաչել են փախստական: Որպես տեղահանված ընտանիքի՝ ՀՀ կառավարության կողմից որոշակի աջակություններ են տրամադրվել մեզ։ Սակայն 2025 թվականի մայիս ամսից հետո այդ աջակցությունները դադարեցվել են ու տրամադրվում են միայն որոշակի խմբերի։ Այդ խմբերում ընդգրկված յուրանքանչուր անձի սկզբից տրամադրվել է 40000 դրամ, հետո՝ 30000  դրամ, այն էլ մինչև 2025-ի թվականի դեկտեմբեր ամիսը: Ես, որպես տեղահանված արցախցի և այդ խմբերում չներգրավվող, ձեռքերս ծալած չեմ նստել։ Ինձ և ինձ նման կարգավիճակում գտնվող մարդկանց անունից տարբեր ատյաններից բարձրացրել ենք տեղահանված անձնանց սոցիալական խնդիրները, սակայն ՀՀ կառավարությունը՝ հանձին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանի անուշադրության է մատնել մեր բողոքները։ Խնդիրներին որևէ լուծում չեն տվել, փոխարենը 2025 թվականի ապրիլի 10-ին կառավարությունը ընդունել է իր թիվ 417- Լ որոշումը, ըստ որի տեղահանված սոցիալական անապահով ընտանիքները պետք է լրացուցիչ աջակցություն ստանան։ Դե, իհարկե մարդիկ սկսել են դիմել, որովհետև բոլորն էլ խոցելի ու անապահով են։ Սակայն անհիմն պատճառաբանությամբ մեծ մասի դիմումները մերժվել են՝ իբր ընտանիքը չի համարվում կարիքավոր:

Հայրապետյանների դիմումը ևս մերժվել է նույն պատճառաբանությամբ

 -Մեր ընտանիքի դիմումն էլ է մերժվել նույն պատճառաբանությամբ։ Կատարված ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ Միասնական սոցիալական ծառայությունը ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1833 Լ որոշմամբ սահմանված սոցիալական 2025 թվականի ապրիլ ամսվա համար նախատեսված աջակությունը վճարել է 2025 թվականի մայիս ամսին և նշված աջակցությունը դիտարկել ընտանիքի մայիս ամսվա եկամուտի մեջ, ինչն արհետականորեն բարձրացրել է ընտանիքի եկամտի չափը և հիմք հանդիսացել դիմումը մերժելու համար:

Որպես տեղահանված ընտանիք՝ հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան, որպեսզի Միասնական սոցիալական ծառայությանը պարտավորեցնի մեր ընտանիքին վճարել 2025 թվականի ապրիլի 10-ի թիվ 417-Լ որոշմամբ սահմանված սոցիալական աջակցությունը:

Ուզում եմ նշել, որ կառավարությունը տեղահանված անձանց վերաբերող բոլոր որոշումներում ցուցաբերում է խտրական մոտեցում, տեղահանված անձնանց տարանջատում, տարբերակելով արցախցիներին՝ հաշմամդամ, անչափահաս, թոշակառու և այլն։ Կառավարությունը պետք է հասկանա, որ բոլորն էլ տեղահանված են։ Եթե աջակցություն է տրամադրվում, ապա բոլոր տեղահանված անձանց պետք է տրամադրվի՝ առանց որևէ խտարականության։

Բազմաթիվ որոշումներում այդ ամենն արձանագրվել է՝ օրինակ 2024 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1833 Լ որոշման մեջ 2025 թվականի հունիս ամսվանից աջակցություն են ստանում հաշմանդամները, թոշակառուները, անչափահասները, կերակրողին կորցրած անձինք, իսկ ինչո՞ւ մնացած տեղահանված անձանց չեն աջակցում։ Մնացածներն արդեն ապահովվա՞ծ են բնակարաններով կամ կայուն աշխատանքով: Սոցապը հայտարարում է՝ գնացեք աշխատեք, իսկ որտեղ դիմում ենք՝ ազատ հաստիք չկա, կամ տարիքային սահմանափակումների ենք հանդիպում։ Թող մեզ աշխատանքի ուղարկողները մեզ համար ազատ աշխատատեղեր գտնեն։

Ժորա Հայրապետյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ ՀՀ կառավարության բնակապահովման ծրագիրը խայտառակ և ոչ իրական ծրագիր է։

-Ինչ վերաբերում է կառավարության կողմից տեղահանված ընտանիքներին բնակարանային ապահովման ծրագրին, ապա, այո, այն խայտառակ ծրագիր է, կազմված անտրամաբանական ու սխալ մոտեցումներով։  Մեր ընտանիքը Ստեփանակերտում անշարժ գույք է ունեցել դեռևս 1983 թվականից՝ բնակելի տուն իր տնամերձ հողամասով։ Ամեն ինչ թողել ենք, մազապուրծ տեղահանվել։ Ստացվում է այնպես, որ իմ կամքին հակառակ, իմ տունը նվիրվել է Ադրբեջանին։ Ուրեմն, թող փոխահատուցվի կորցրած անշարժ գույքիս արժեքը՝ կոպեկ առ կոպեկ։

Ոչ ՀՀ կառավարությունը, ոչ էլ ՀՀ ԱԺ պատգամավորները չեն եկել աշխատել Ստեփանակերում, տուն կառուցել, որ հիմա էլ իրենց վարած քաղաքականության պատճառով մեր կորցրած անշարժ գույքի դիմաց առաջարկեն տուն գնելու հավաստագիր՝ այն էլ ընտանիքի շնչին համապատասխան 3-5 մլն դրամ գումար։  Տրամադրվող գումարով հնարավոր չէ ոչ բնակարան, ոչ էլ բնակելի տուն ձեռք բերել, քանի որ անշարժ գույքի շուկան չի վերահսկում բնակարանների գների օրեցօր աճը։ Վաճառքի ենթակա տների գների հետ մեկտեղ աճում են նաև վարձակալությամբ տրվող տների վարձավճարները։ Ամեն ինչ բարձիթողի վիճակում է և անվերահսկողության թողննված։

Մի խոսքով ՀՀ-ը պաշտոնապես հրաժարվում է տեղահանված Արցախցիների խնդիրները լուծել, հատկապես սոցիալական, ինչն էլ արցախահայության մոտ առաջացնում է դժգոհության ու հուսալքության ալիքներ:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

ԱՄՆ պետդեպը նշել է․ Երասխով ճանապարհորդելը թույլատրվում է, բայց կանգառ անելն արգելվում է

Երասխ, որտեղ պետք է կառուցվեր, բայց չկառուցվեց հայ-ամերիկյան գործարան

ԱՄՆ Պետդեպարտամենտը թարմացրել է Հայաստանի համար ճանապարհորդական նախազգուշացումները։

Հատուկ մտահոգություն են առաջացնում Ադրբեջանին սահմանակից տարածքները, քանի որ «տարածաշրջանում կարող են նոր ռազմական գործողություններ տեղի ունենալ»։ Հայաստանում պաշտոնական գործերով գտնվող ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է այցելել՝ Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսից արևելք ընկած տարածք, Սյունիքի մարզում՝ Գորիսից արևելք ընկած տարածք և նույն մարզում Կապանից հարավ ընկած տարածք։

«Երասխ գյուղով ճանապարհորդելը թույլատրվում է, բայց կանգառ անելն արգելվում է», – ասվում է վերջերս հրապարակված հուշագրում։

Նշվում է, որ անցյալում հայ-ադրբեջանական սահմանին տեղի են ունեցել ռազմական գործողություններ և զինված հակամարտության վերաբերյալ հավանականությունը մնում է։

«Զգուշացե՛ք հայ-ադրբեջանական սահմանին մոտ գտնվող ճանապարհներին։ Որոշ հատվածներ կարող են հատել միջազգային սահմանը՝ առանց նախազգուշացման։ Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ փակվել իշխանությունների կողմից առանց նախնական ծանուցման»։