2023-ի սեպտեմբերի հենց այս օրը Սվետլանան զանգահարել եւ սրճի էր հրավիրել ինձ

2023 սեպտեմբերի կեսերին (կարծեմ՝ հենց այս օրն էր) Սվետլանան զանգահարել եւ սրճի էր հրավիրել: «Սրանք լավ էլ հարուստ են ապրում», մտածեցի ես ու քայլեցի դեպի Ստեփանակերտի մամուլի ակումբ:

Բլոկադայի վերջին օրերն էին եւ իրոք ոչ մի բան հնարավոր չէր գտնել (ղարաբաղցու ասած` սոտը, ղորթը պռծած էր):

Մամուլի ակումբը հանգրվանել էր քաղաքի հին տներից մեկում, որի նկուղում ես որոշել էի լրագրության թանգարան սարքել: Հաստատ լավ գաղափար էր. թերթի տիրաժը, հին ստեղնաշարեր ու մոնիտորներ, տանտիրոջ սովետից մնացած իրերը եթե համադրվեր` գոնե հետաքրքիր վայր կդառնար ուսանողների համար, ովքեր գալիս էին խմբագրի մոտ պրակտիկա: Ինչեւէ, նկուղն այդպես էլ գինու «թանգարան» մնաց, որը ձաձ Ռուդիկը պատրաստում էր բակի մուսկաթ խաղողից:

Միջանցքում սեղանի վրա 5լ ջրի տարաներ էին շարած: «Ստեղ էլ չի ջուր կա», մտածեցի ես:

– Գնա հարեւանից մի հատ էլ խնդրի այս տարաներից, կաթ են բերելու, որ Արեւ տոտայի հետ կիսես, ասում է Սվետլանան:

– Չեմ կարողանալու տանել, տուն չեմ գնում, – ասում եմ ես։

– Քեզ ասում եմ գնա, տարա բեր, – «ջղայնանում է» Սվետլանան:

«Վերջին օրերին» գյուղացիներն ինչ կարողացել էին, վերցրել Ստեփանակերտ էին եկել: Շատ տարօրինակ էր ստացվում. ասենք բոլ-բոլ միս կա, բայց հաց չկա: Մի տեղ էլ հաց է գտնվում, միսը չկա, մի տեղ ոչ մեկը կա, ոչ մյուսը: Անգամ շուկայի մոտի Any food-ի լոբու հոտով ու խոշոր աղի նման այլուրով պեռաշկիներն էին վերացել:

Ինչեւէ, մինչեւ կոֆեն սեղանին հնդկաձավար, կարծեմ նախորդ օրվանից մնացած կառտոֆիլ ու մսի կտորներ էլ կար: Ես Սվետլանան, Ալբերտն ու Սամվելը համակարգիչների աթոռները մոտեցրել ենք Ծովիկի սեղաղնին ու օբեդ ենք անում (ոնց որ Խորհրդավոր ընթրիքը լիներ կիսամութ այս սենյակում): Կեր, չէ դու կեր, էս մի կտորն էլ վերցրու, չէ, ես կերա` դու վերցրու, սա թողնում ես ի՞նչ անես, – մեկս մյուսի վրա «մուննաթ» էինք գալիս:

Անկեղծ ասած, սրանից մի օր առաջ Կրիստինան ինձ ահագին հուսադրել էր, երբ ես նրանից հարցազրույց էի վերցնում. չնայած վերջին մակառոնն էր մատուցում երեխաներին, բայց ասում էր, որ նրանց խոստացել է՝ երբ խանութները կբացվեն, նա կտանի երեխաներին սուպերմարկետ եւ թույլ կտա որքան քաղցրավենիք ցանկանան` վերցնեն:

Երկու մետր ճանապարհ է մնացել, ինչպե՞ս կարող են նրանք Ստեփանակերտ չհասնել, ասում էր նա Բերձորում «խցանված» հայկական ու ֆրանսիական օգնության մասին:

Ոչ մի բաց խանութ չկար այլեւս: Էն օրն ընկերուհուս հետ անցնում էինք, ասում եմ՝ Աստված մի արասցե, եթե մի մարդ ուշաթափվի` ընկնի, մի կտոր հաց, մի շիշ ջուր հնարավոր չէ գտնել նրա համար: Հենց այդպիսի մի տեսարանի էլ ականատես եղա այսօր: Մի պապիկ աչքեներիս դեմ ընկել էր փողոցում սովածությունից: Ասում էր՝ ամբողջ օրը ոչ մի բան չեմ կերել, գլուխս պտտվում է: Ամբողջ երեսը առնաշաղախ էր, պատմում էր Կրիստինան: Հույս ունեմ, Կրիստինան իր խոստումը գոնե Կրասնոդարում կատարել է:

Սվետլանային ես ասացի, որ Կրիստինան երեկ ինձ ջեմի մի փոքրիկ տարայում «կոֆե» է նվիրել, որ նա պատրաստում էր սիսեռից: Հայտնի սիսեռիկան:

Այսպես վերջին կոֆեն խմեցինք, վերջին սիրենան ու եկեղեցու զանգերը լսեցինք ու մի քանի օր հետո գնացինք Գորիս:

Մարութ Վանյան

 

Ու՞մ են պատկանում Արցախում գտնվող հայկական եկեղեցիները. Գարեգինը հանդիպել է Հռոմի պապի հետ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ և հրավիրել նրան Հայաստան, հաղորդում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել Հռոմի պապի ամառային նստավայր Կաստել Գանդոլֆոյի Առաքելական պալատում։

Հայոց պատրիարքը շնորհավորել է նրան գահակալության և 70-ամյակի կապակցությամբ՝ ընդգծելով Հայ առաքելական եկեղեցու և կաթոլիկ եկեղեցու միջև եղբայրական կապերի ամրապնդումը։

Գարեգին II-ը Հռոմի պապին պատմել է հայրենիքից վտարված արցախցիների խնդրի և Արցախում հայերի մշակութային ժառանգության ոչնչացման մասին։ Այցի ավարտին Ամենայն հայոց կաթողիկոսը հրավիրել է Հռոմի պապին այցելել Հայաստան։

Կաթողիկոսի այցը տեղի է ունենում Հայաստանի իշխող ուժի և Հայ առաքելական եկեղեցու միջև հակամարտության ֆոնին։ Չնայած Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ խնդիրը կաթողիկոսի մեջ է, որը իբր չի պահպանում կուսակրոնության ուխտը, ակնհայտ է, որ հակամարտության արմատները շատ ավելի խորն են։

Հայաստանի կառավարությունը մեթոդաբար հրաժարվում է հայկական էթնիկ ժառանգության հետ կապված ամեն ինչից՝ պատմությունից և հոգևոր մատրիցայից մինչև Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող անշարժ գույք ժամանակակից Հայաստանի սահմաններից դուրս։

Այս սեփականության հարցը դառնում է առանցքային տարածաշրջանում նոր աշխարհակարգի կառուցման գործընթացում, մասնավորապես՝ Իսրայելի, Թուրքիայի և այլ երկրների՝ Երուսաղեմում իշխանություն ձեռք բերելու ցանկության ֆոնին։ Պատահական չէ, որ Էրդողանը վերջերս ընդունեց Երուսաղեմի Հույն Ուղղափառ Եկեղեցու առաջնորդին, և պատահական չէ, որ Նեթանյահուն հայտարարեց, որ Երուսաղեմը միշտ կլինի իսրայելական քաղաք։

Հայ Առաքելական Եկեղեցու ներկայիս Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հսկայական սեփականությունը տնօրինելու իրավունքը պատկանում է բացառապես Ամենայն հայոց կաթողիկոսին։ Ահա թե ինչու Շվեյցարիայում հենց կաթողիկոսն էր ներկայացնում Արցախի շահերը, երբ խոսում էր Արցախում ժառանգությունը պահպանելու անհրաժեշտության մասին։ Ժառանգության զգալի մասը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն, և հենց այս մասին է խոսել Գարեգին կաթողիկոսը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։

Նույնը վերաբերում է նաև Երուսաղեմում, Պոլսում, այն տարածքում, որն այժմ կոչվում է Ադրբեջան, գտնվող Հայկական եկեղեցու սեփականությանը։ Եվ եթե երկրների մեծ մասում Եկեղեցին հասանելիություն ունի իր սեփականությանը, նույնիսկ այսօրվա Թուրքիայում, եթե Եկեղեցու սեփականության վերաբերյալ համաձայնագրեր կան տարբեր երկրների կառավարությունների հետ, նաև վիճելի խնդիրներ կան, օրինակ՝ Վրաստանի հետ, ապա Բաքվի հետ ամեն ինչ այլ է։

Հայ Առաքելական Եկեղեցին հասանելիություն չունի իր սեփականությանը։ 2.5 տարի շարունակ ռուսական զորքերը ապահովում էին Դադիվանքում մնացած հայ քահանաների անվտանգությունը, բայց հետո այս եկեղեցին էլ ստիպված եղան լքել։

Հայաստանի կառավարությունը չգիտի, թե ինչպես “լուծել” այս հարցը, բացի կաթողիկոսին փոխարինելուց և այդ պաշտոնում այնպիսի անձի նշանակելուց, ով առաջին հրամանագրով Եկեղեցու իրավունքները կզիջի այն երկրների կառավարություններին, որտեղ գտնվում է նրա սեփականությունը։

Առհասարակ հայերի եւ ադրբեջանցիների համակեցության մասին չենք կարող խոսել, որովհետեւ դա հեքիաթի ժանրից է

Step1.am-ի զրուցակիցն է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

-Պարոն Ստեփանյան, ձեր տեղեկություններով՝ քանի՞ հայ է մնացել օկուպացված Արցախում։

-Իմ ունեցած տեղեկություններով՝ Արցախում 13 հայ է մնացել։ Դա վերջանական ու ստույգ թիվ չէ, բայց դատելով պարբերաբար ստացված տեղեկություններից եւ ոմանց վկայություններից՝ այդ թիվն է։ Բայց բոլորի անուն-ազգանուններով ամբողջական ցուցակը ես չունեմ։ Արցախում մնացած հայերը հիմնականում տարեցներ եւ առողջական որոշակի խնդիրներ ունեցող անձինք են։

-Բաքվի լրատվամիջոցները հաղորդեցին, թե Արցախի բնակիչ Կարեն Ավանեսյանը ձերբակալվել է Ստեփանակերտում։ Իբր, նա զինված է եղել «Կալաշնիկով» ինքնաձիգով, չորս լիցքավորված պահեստատուփով եւ հինգ նռնակով, երեք ձեռքի նռնակ է նետել ոստիկանների ուղղությամբ եւ կրակ բացել ինքնաձիգից։ Ի՞նչ մանրամասներ եք պարզել այդ դեպքի հետ կապված։

-Քանի որ մենք ամբողջական տեղեկություն չունենք եւ տեղեկությունը ստանում ենք բացառապես ադրբեջանական աղբյուրներից, իսկ ադրբեջանական աղբյուրներին չենք վստահում, հետեւաբար, չենք կարող հստակ ասել, որ այդ դեպքը տեղի է ունեցել կամ հենց այդպես է տեղի ունեցել, ինչպես ներկայացնում են ադրբեջանական աղբյուրները։ Մի ուշագրավ հանգամանք կա, որի վրա կուզեի ուշադրություն դարձնենք։ Մենք ունենք տեղեկություն, որ Ստեփանակերտում որեւէ միջոցառումից առաջ այնտեղ գտնվող հայերին հավաքում էին մեկ ապաստանում։ Զարմանալի է՝ բա այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ այնտեղ միջոցառում է կազմակերպվել, բայց նույն Կարեն Ավանեսյանը չի տարվել այդ ապաստան, այլ ունեցել է հնարավորություն՝ հանգիստ շրջելու Ստեփանակերտում։ Մենք ունենք տեղեկություն, որ նրանց շարժը սահմանափակված է, գտնվում են վերահսկողության ներքո։ Հիմնվելով քիչ թե շատ ունեցած տեղեկատվության վրա՝ ես այս պատմությունն այնքան էլ արժանահավատ չեմ հարմարում։

-Իսկ ո՞րն է ադրբեջանցիների նպատակը, երբ նման սցենար են բեմադրում։

-Նպատակն ադրբեջանական քարոզչության հիմնական թեզերի սպասարկումն է՝ ներկայացնել արցախցիներին որպես «ահաբեկիչներ», «սեպարատիստներ», մարդիկ, որոնցից մշտապես հանցագործություն պետք է սպասել, եւ դա ներկայացնում են միջազգային հարթակներում։ Քանի որ մանրամասներին չեմ տիրապետում, այդ տեղեկությունը մեզ հասանելի չէ, ավելի շատ գնահատականներ չեմ կարող տալ, բայց մենք ադրբեջանական մեդիայում տեսանք, որ հարցն այդ համատեքստում է ներկայացվում, որ Արցախում մնացած հայերն անգամ իրենցից վտանգ են ներկայացնում։ Ես կարծում եմ, որ սա հենց այդ քարոզչական նպատակն է հետապնդում։ Երեկ հետեւեցի տեղեկատվական հոսքին, կային մարդիկ, ովքեր անձամբ ճանաչում էին Կարեն Ավանեսյանին եւ փաստում են, որ նրանից նման արարք ընդհանրապես սպասելի չէ, նա ի զորու չէ նման քայլ կատարել։ Այսինքն՝ երբ տարբեր աղբյուրներից ստանում ենք այս ինֆորմացիան, գալիս ենք այն եզրահանգման, որ միգուցե սա Ադրբեջանի կողմից հերթական բեմականացրած քայլն է։

-Արդյոք սա եւ նմանօրինակ դեպքերը նաեւ փաստո՞ւմ են, որ հայերը չեն կարող Արցախում ադրբեջանցիների ենթակայության տակ ապրել։

-Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ անգամ մարդիկ, ովքեր որոշում են կայացրել մնալ Արցախում, այդ մարդկանց լիարժեք կյանքի մասին խոսել չենք կարող։ Նրանք գտնվում են ամբողջական վերահսկողության ներքո, նրանց ցանկացած քայլը վերահսկվում է։ Նաեւ երկրորդ ուշագրավ հանգամանքի վրա ուշադրություն դարձնենք՝ չէ՞ որ ադրբեջանական մեդիայում տարածվեց տեսանյութ, որ Կարենի ամեն քայլափոխը նկարահանված է ինչ-որ տեսախցիկներով։ Փաստորեն այնպիսի իրավիճակ ունենք, որ հայերի յուրաքանչյուր քայլը գտնվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո։ Իսկ առհասարակ հայերի եւ ադրբեջանցիների համակեցության մասին չենք կարող խասել, որովհետեւ դա հեքիաթի ժանրից է։ 30 տարի Ադրբեջանում մեծացած սերնդի համար հայատյացությունը կարեւոր գաղափարախոսություն է եւ իրենց ինքնության անբաժան մասը։ Խոսել համակեցության մասին, դա ընդհանապես տեղին չէ, դա իրականության հետ որեւէ աղերս չունի։ Նաեւ այս դեպքը միգուցե գալիս է ապացուցելու, որ, այո, ադրբեջանական վերահսկողության ներքո հայ մարդու կյանքն ուղղակի դժոխք է։

 

ՄԱԿ-ի հանձնաժողով. Գազայում Իսրայելի գործողություններում կան ցեղասպանության նշաններ

ՄԱԿ-ի միջազգային հետաքննչական հանձնաժողովը, որը զբաղվում է Պաղեստինի օկուպացված տարածքների, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմի և Իսրայելի հարցերով, կոչ է արել Իսրայելի իշխանություններին «վերջ դնել ցեղասպանությանը» Գազայի հատվածում: Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվել են երեքշաբթի՝ սեպտեմբերի 16-ին, ՄԱԿ-ի մամուլի ծառայության կողմից։

«Ակնհայտ է, որ կա Գազայում պաղեստինցիներին ոչնչացնելու մտադրություն՝ Ցեղասպանության մասին կոնվենցիայով սահմանված չափանիշներին համապատասխանող գործողությունների միջոցով», – ասել է հանձնաժողովի նախագահ Նավի Փիլլայը։

Ժնևում կայացած մամուլի ասուլիսում հանձնաժողովի անդամները, որոնք ՄԱԿ-ի աշխատակիցներ չեն, բայց նշանակվել են Մարդու իրավունքների խորհրդի 47 անդամ պետությունների կողմից, կարծիք են հայտնել, որ Իսրայելի իշխանությունները և անվտանգության ուժերը «կատարել են 1948 թվականի կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հինգ գործողություններից չորսը»։

Հանձնաժողովի տվյալներով՝ սա ներառում է «սպանություն, լուրջ ֆիզիկական կամ մտավոր վնաս հասցնելը, պաղեստինցիների ոչնչացմանը նպաստող կենսապայմանների դիտավորյալ ստեղծումը և ծնելիության կանխարգելմանն ուղղված միջոցառումների կիրառումը»։

«Հայորդի»-ի ավանդույթը․ անվճար ծաղիկներ հերոսների շիրիմներին

Սեպտեմբերի 19-ին, 20-ին և 27-ին «Հայորդի» հիմնադրամը կլինի Եռաբլուրում՝ անվճար ծաղիկներ տրամադրելով բոլոր նրանց, ովքեր այցելում են հերոսների շիրիմներին․ այն մարդկանց, ովքեր ընկան հանուն խաղաղ հայրենիքի և կռվեցին մինչև վերջին շունչը։

«Սա որոշել ենք ավանդույթ դարձնել․ հիշատակի օրերին լինելու ենք Եռաբլուրում և անսահմանափակ ու անվճար ծաղիկներ ենք բաժանելու»,- ասում է «Հայորդի» հիմնադրամի ղեկավար Վաչե Վարդանյանը։

Նրա խոսքով՝ արդեն երկրորդ տարին է, ինչ նախաձեռնությունը կյանքի է կոչվում․ «Իհարկե, բոլորը կարող են ծաղիկ գնել, բայց երբ զոհվածի ընտանիքը գալիս է և տեսնում, որ իր որդու, եղբոր կամ ամուսնու հիշատակին ծաղիկ են նվիրում անվճար, դա շատ մեծ ասելիք ունի իր մեջ»։

Մարիամ Սարգսյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Երեքշաբթի օրը ամբողջ Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում, հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Կանխատեսման համաձայն՝ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։ Միաժամանակ, երկրի որոշ շրջաններում կտեղան անձրևներ։ Ամպրոպների ժամանակ կանխատեսվում է քամու պոռթկումների ուժեղացում մինչև 17-20 մ/վրկ արագություն։

Այսպիսով, սեպտեմբերի 16-ին Շիրակում կլինի +23°C, Կոտայքում՝ +25°C, Գեղարքունիքում՝ +20°C, Լոռիում՝ +19°C, Տավուշում՝ +22°C, Արագածոտնում՝ +27°C, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում՝ +29°C, Սյունիքում՝ +24°C։

Սեպտեմբերի 16-ին Երևանում տեղումներ չեն լինի։ Հայաստանի մայրաքաղաքում օդը կտաքանա մինչև +28°C։

Անդրանիկ Քոչարյանն ու Ալեն Սիմոնյանը քաջություն կունենա՞ն արցախցիներից ներողություն խնդրելու

Ըստ լրատվամիջոցների՝ խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անպայման ցանկանում է քննարկման ներկայացնել իր ղեկավարած հանձնաժողովի կողմից պատրաստված 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցը, սակայն խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է։

Լրատվամիջոցները սա բացատրում են նրանով, որ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին՝ ընդամենը 6 ամիս ժամկետով՝ ևս 6 ամսով երկարաձգելու իրավունքով։ Այսինքն՝ հանձնաժողովը օրենքով չի գործում 2023 թվականի փետրվարից։ Սակայն այն շարունակել է աշխատել՝ «արտահոսքեր» տալով, և այս ամռանը Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ ցանկանում է զեկույցը ներկայացնել սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի սկսվելու հինգերորդ տարելիցին, և կլինեն նոր ձեռբակալություններ։

Ինչո՞ւ է Անդրանիկ Քոչարյանը անպայման ցանկանում ներկայացնել զեկույցը, չնայած՝ ոչ ոք նրան չի խնդրում։ Եվ ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը, ինչպես ասում են, խանգարում դրան։ Այս հարցերի պատասխանները կարելի է տեսնել ներիշխանական պայքարի և Քոչարյանի և Սիմոնյանի իրական խնդիրների համատեքստում, որոնք էապես տարբեր են։

Անդրանիկ Քոչարյանը 2020 թվականից հետո կրկին սկսեց ինքնահաստատվել՝ կատարելով կոնկրետ խնդիր՝ Նիկոլ Փաշինյանից հեռացնել պայմանավորված պարտության մեղադրանքները և դրանք բարդել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

Նրա “նավոդկայով”, օրինակ, Շուշիի հանձնման մեջ մեղադրանքով ձերբակալվել է Արցախի նախկին պաշտպանության նախարար Միքայել Արզումանյանը, որը 3 տարի գտնվում է բանտում՝ իբր հետաքննության տակ։ Արցախի մեկ այլ պաշտպանության նախարար՝ Ջալալ Հարությունյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, հարյուրավոր նախկին զինվորականներ հետաքննության տակ են կեղծ մեղադրանքներով՝ դասալքություն և այլն։

Կարելի է ենթադրել, որ Անդրանիկ Քոչարյանի զեկույցը կազմվել է հենց այս տրամաբանությամբ. այն կոչված  է հաստատելու, որ Հայաստանը ազնվորեն պաշտպանել է Արցախը, բայց պարտվել է, Հադրութն ու Շուշին «հանձնվել են», բայց ոչ թե Փաշինյանի, այլ արցախյան զինվորականների կողմից։

Պրահա 2022-ից հետո Ալեն Սիմոնյանը մեկ այլ խնդիր ունի՝ ապացուցել, որ պարտություն չի եղել, որ Հայաստանի կառավարությունը որևէ կապ չունի 2020 թվականի ռազմական գործողությունների հետ, որ Հայաստանը պարզապես թույլ է տվել Ադրբեջանին «վերադարձնել» այն, ինչ իրեն «պատկանում է» Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ 2020 թվականից ի վեր Արցախի ժողովուրդը ինքնուրույն է որոշումներ կայացրել, իսկ 2023 թվականին կամավոր լքել է Արցախը, և սա ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի խնդիրն է, ասում է Սիմոնյանը։

2020 թվականից հետո Հայաստանի իշխանությունները քաղաքական գնահատական ​​չեն տվել Արցախում տեղի ունեցածին։ «Վարկածները» և մեղավորները փոխվում էին ինչպես ձեռնոցները՝ կախված քաղաքական իրավիճակից, և հիմա հասել է այն կետին, որ կառավարությունը ֆեստիվառներ և այլ զվարճանքի միջոցառումներ է անցկացնում հատկապես Արցախի և նորմալ հայերի համար հիշատակի օրերին։

Եթե ճիշտ է, որ Անդրանիկ Քոչարյանը չի կարողանում հասնել իր զեկույցի քննարկմանը, ապա նա պետք է դուրս գա և հրապարակավ ներողություն խնդրի բոլոր արցախցիներից և զինվորականներից, որոնց դեռևս մեղադրում են չկռվելու և մինչև վերջին հայը չզոհվելու մեջ՝ «փչացնելով» նոր ցեղասպանությունը Հայաստանի կառավարության համար։ Ներողություն խնդրի բոլոր նրանցից, ովքեր դատվում են՝ Երևանում և Բաքվում՝ ազգային-ազատագրական պատերազմին մասնակցելու և դիմադրելու համար (չէ” որ նրանց կոռուպցիայի համար չեն դատում)։

Կարո՞ղ է Անդրանիկ Քոչարյանը ուժ գտնել ներողություն խնդրելու։ Կարո՞ղ է Ալեն Սիմոնյանը հիշել, որ Աստված կա, և ներողություն խնդրել՝ որ թշնամուն թույլ են տվել Արցախը նվաճելու, արցախցիների և կռված տղաների վրա ցեխ լցնելու համար, միայն այն պատճառով, որ նրանք դիմադրել են մինչև վերջին րոպեն։

Այդ պատերազմը դեռ երկար հանգիստ չի տալու Հայաստամի իշխող ուժին։

Սրբազան․ Ես ասել եմ, Փաշինյանը սպառնալիք է այս երկրի համար, այսօր էլ եմ ասում

Ավելի քան 2 ամիս անազատության մեջ գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը մեղադրվում է իշխանության զավթման կոչի համար, երեկ դատարանում իր խոսքում, որը տևեց մոտ 1 ժամ, պնդեց, որ իր հանդեպ քաղաքական հետապնդումը «նաև մտնում է ընդհանուր եկեղեցահալած իրենց թվացյալ այս քաղաքականության մեջ: Անշուշտ, նպատակն ինձ վարկաբեկելն էր, հասարակության լայն զանգվածին ցույց տալու, որ տեսեք, այն հոգևորականը, որին այսքան տարի հարգել եք, հանցագործ է»: 

Նա ասել է, որ Փաշինյանը հույս ուներ “Նոր Հայաստան, նոր եկեղեցի” շարժման առաջնորդ ընտրել հենց իրեն՝ սրբազանին, սակայն սխալվեց։ Սրբազանը, որը աջակցեց “հեղափոխությանը”, դադարեց դա անել, երբ 2 օր հետո Փաշինյանն ասաց՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ այս երկրում վարչապետ չի լինի։

«Հետո իրեն գերագույն, գլխավոր հրամանատար կարծող անձը հարբած վիճակում ասաց՝ ո՞վ է, որ կասկածում է իմ կարողությունների վրա։ Եվ դրանից հետո ու միշտ լրագրողները պարբերաբար ինձ անհանգստացնում էին՝ ի՞նչ կասեք այս մասին։ Եվ ես երբևէ չեմ կանչել որևիցե մի լրագրողի, ասել՝ արի, քեզ բան ունեմ ասելու, երբևիցե չեմ մտել ուղիղ եթեր՝ ինչ-որ բան ասելու։ Եվ երբ դրանից հետո լրագրողները հարցրել են՝ ի՞նչ կասեք, ասել եմ՝ պետք է ռազմական հեղաշրջում»,- ասաց Միքայել Աջապահյանը։

Նա նշեց, որ այդ խոսքերը 2020 թվականին ասել է, քանի որ Նիկոլ Փաշինյանը սպառնալիք է եղել այս երկրի համար, և այդ սպառնալիքը պետք է չեզոքացվի, վնասազերծվի։ «Եվ սա է, որ ասում եմ առայսօր, ասում եմ նաև այսօր»,- ասաց Աջապահյանը։

Լուսանկարը՝ Հետքից

Դոհայի մուսուլմանական գագաթնաժողովից հետո Իսրայելը սկսել է Գազայի վրա հարձակումը

Իսրայելական և արաբական լրատվամիջոցների, ինչպես նաև ամերիկյան Axios հրատարակության տվյալներով՝ երեքշաբթի գիշեր Իսրայելի բանակը հարձակում է սկսել Ղազա քաղաքի վրա՝ շաբաթներ տևած ռմբակոծություններից հետո։

Axios-ը՝ հղում անելով իսրայելցի բարձրաստիճան զինվորականի, հաղորդել է, որ ցամաքային ուժերը երկուշաբթի օրը մտել են Գազայի կենտրոն, և շուտով դրանց կհաջորդեն լրացուցիչ ուժեր։

Հարձակումը սկսվել է Դոհայում տեղի ունեցած արաբական և մուսուլմանական գագաթնաժողովից անմիջապես հետո։ Վերլուծաբանները պնդում էին, որ այս գագաթնաժողովում կարող են կարևոր որոշումներ կայացվել, ինչը կոչնչացնի ԱՄՆ-ի կողմից կառուցված իսրայելա-արաբական դաշինքը, մասնավորապես՝ Իրանի դեմ։

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրները սեպտեմբերի 15-ին Դոհայում կայացած արտակարգ գագաթնաժողովում դատապարտել են Իսրայելին անցյալ շաբաթ Կատարի մայրաքաղաքի վրա հարձակումը ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության առաջնորդներին սպանելու փորձի համար և կոչ են արել «իրավական և արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ Իսրայելին զսպելու համար»։

Գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ, որը մեջբերել է dpa լրատվական գործակալությունը, խոսվում է, ի թիվս այլ բաների, Իսրայելին զենքի վաճառքն արգելելու և այդ պետության դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին: Բացի այդ, ԻՀԿ անդամ 57 երկրները կոչ են արել համակարգված ջանքեր գործադրել՝ ՄԱԿ-ում Իսրայելի անդամակցությունը սառեցնելու համար։ Ի թիվս այլ բաների, գագաթնաժողովի մասնակիցները դատապարտել են Իսրայելի կողմից Հորդանան գետի Արևմտյան ափին բնակավայրերի կառուցումը և մեղադրել են նրան «ցեղասպանության, էթնիկ զտումների և սովի հրահրման» մեջ:

Ստորագրողների խոսքով՝ Իսրայելի գործողությունները «խաթարում են Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու ցանկացած հեռանկար»:

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները հայտարարել է Իսրայելին իր լիակատար աջակցության մասին՝ փաստորեն հրահրելով Մերձավոր Արևելքում գլոբալ հակամարտություն, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում նոր սահմանների ի հայտ գալուն: Մինչ օրս ոչ մի արաբական երկիր պաշտոնապես չի մտել հակամարտության մեջ Իսրայելի հետ:

Axios-ի հետ զրուցած երկու իսրայելցի պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վարչապետ Նեթանյահուին ասել է, որ Թրամփի վարչակազմը աջակցում է Գազա քաղաքում գործողությանը, բայց ցանկանում է, որ այն տեղի ունենա որքան հնարավոր է շուտ: «Սա Թրամփի պատերազմը չէ, սա Բիբիի [Նեթանյահուի մականունը] պատերազմն է, և ինչ էլ որ պատահի հետո, նրա վրա կլինի», – ամերիկացի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Axios-ը։

Անօդաչուներ Վարշավայի օդում. ինչ-որ մեկը կազուս բելլի է փնտրում

Լեհաստանում գրանցվել է անօդաչուների նոր միջադեպ։ Այս անգամ՝ Վարշավայի կառավարական շենքերի մոտակայքում։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը։

Նրա խոսքով՝ անօդաչուն նկատվել է Վարշավայի Պարկովա փողոցի և Բելվեդերե պալատի վերևում։ Պետական ​​անվտանգության ծառայությունը արագորեն չեզոքացրել է անօդաչու թռչող սարքը՝ կանխելով հնարավոր հետևանքները։ Տուսկն ընդգծել է, որ միջադեպի կապակցությամբ ձերբակալվել են Բելառուսի երկու քաղաքացիներ։ Նրանց գործողությունները ներկայումս ստուգվում են լրտեսության փորձի կամ սադրանքի մասնակցության համար։

Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի կողմից Լեհաստանի տարածքում վերջերս իրականացված “թռոլինգի” ֆոնին, երբ տասնյակ անօդաչուներ խախտել են ՆԱՏՕ-ի անդամ երկրի օդային տարածքը։ Նաև հարկ է հաշվի առնել, որ Բելառուսում, լեհական սահմանների մոտակայքում, տեղի են ունենում Ռուսաստանի և Բելառուսի բանակների համատեղ զորավարժություններ։

Մինչդեռ, Ֆրանսիան Լեհաստան է ուղարկել երեք Rafale կործանիչներ: Ինչպես պարզաբանում է Defense Express-ը, սրանք այն ինքնաթիռներն են, որոնք մաս են կազմում ASMP-A հրթիռների մարտավարական միջուկային զենք կրելու համար հավաստագրված ստորաբաժանումների: Նման ինքնաթիռների տեղակայումը Բելառուսի հետ սահմանից 115 կմ հեռավորության վրա հստակ քաղաքական և ռազմական ակնարկ է Փարիզի և ՆԱՏՕ-ի՝ որպես ամբողջության, պատրաստակամության մասին՝ ուժեղացնելու Ռուսաստանի կողմից հետագա ագրեսիայի դեմ զսպումը:

Լոնդոնը կանչել է Ռուսաստանի դեսպանին և զգուշացրել, որ ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Դաշինքի օդային տարածքի հետագա խախտումները կարժանանան ուժային պատասխանի: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ընդգծվել է, որ Մոսկվան պետք է գիտակցի, որ Ուկրաինայի դեմ իր ագրեսիան չի թուլացնում, այլ ընդհակառակը, ամրապնդում է ՆԱՏՕ-ի միասնությունը:

Ռուսական և բելառուսական անօդաչուների թռիչքները Լեհաստանի երկնքում նման են պատերազմի պատճառի՝ կազուս բելլի որոնմանը՝ որպես ՆԱՏՕ-ին խոշոր պատերազմի մեջ ներգրավելու պատրվակ: Ուկրաինայի բաժանումը չի կարող «վերադարձնել» Ռուսաստանին այն ակումբ, որը պետք է բաժանի աշխարհը: Անհրաժեշտ է ավելի մեծ մասշտաբի խառնաշփոթ:

Արարատը պատկերված է պետական ​​զինանշանի վրա, պատգամավորը ստում է

Հայաստանը առաջնորդվում է իր պետական ​​խորհրդանիշներով և ՀՀ անձնագրերում տեղադրվող դրոշմանիշը պետք է արտահայտի Հայաստանին և նրա պետականությանը վերաբերող խորհրդանիշեր։ Այս մասին սեպտեմբերի 15-ին հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով ՀՀ մուտքի կամ ելքի ժամանակ սահմանապահների կողմից տեղադրված դրոշմանիշը փոխելու վերաբերյալ հարցին։

Մասնավորապես, իշխանությունները որոշել են նշված կնիքից հանել Հայաստանի Հանրապետությունը խորհրդանշող Արարատ լեռը։

Արթուր Հովհաննիսյանը կտրականապես ստում է, քանի որ Արարատը գտնվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր խորհրդանիշի՝ պետական ​​զինանշանի վրա։

ՀՀ զինանշանը՝ կենտրոնում, վահանի վրա պատկերված է Արարատ լեռը Նոյան տապանով և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները՝ վերևի ձախ անկյունում՝ Բագրատունիներ, վերևի աջ անկյունում՝ Արշակունիներ, ներքևի ձախ անկյունում՝ Արտաշեսյաններ, ներքևի աջ անկյունում՝ Ռուբինյաններ։

«Արցախ, էթնիկ զտումից երկու տարի անց». խորհրդաժողով Ֆրանսիայի Ազգային ժողովում

2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում գործեց Արցախի Հանրապետության վրա՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները, ինչի հետևանքով եղան բազմաթիվ զոհեր։ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը և այլ բնակավայրեր ենթարկվեցին ռմբակոծման։ Տասը ամիս տևած ամբողջական շրջափակման ավարտից հետո ադրբեջանական զինված ուժերը բռնակցեցին Լեռնային Ղարաբաղը, ինչը հանգեցրեց արցախահայերի բռնի տեղահանման և էթնիկ զտման։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչությունը։

Այս ողբերգական իրադարձությունները հիշելու և դրանց քաղաքական ու իրավական հետևանքները քննարկելու նպատակով Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի կունենա խորհրդաժողով «Արցախ /Լեռնային Ղարաբաղ/, էթնիկ զտումից երկու տարի անց» թեմայով։ Միջոցառումն իրականացվում է պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Էմանուել Մանդոնի նախաձեռնությամբ։

Խորհրդաժողովին կմասնակցեն Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, համալսարանականներ, լրագրողներ :

Խորհրդաժողովը նպատակ ունի բարձրաձայնել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, փաստարկել տեղի ունեցած էթնիկ զտումը և քննարկել տարածաշրջանի ապագայի վերաբերյալ քաղաքական ու իրավական հեռանկարները։

Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմից հետո Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունեցին բանաձևեր, որոնք դատապարտում էին ագրեսիան և Արցախի մի մասի օկուպացիան և կոչ էին անում վերադառնալ 1994 թվականի իրականությանը։

2023 թվականի աշնանային իրադարձություններից հետո Ֆրանսիան նույնպես արձագանքեց, իսկ Արցախի շրջափակման ժամանակ ֆրանսիացի պատգամավորներն ու մունիցիպալիտետների ղեկավարները փորձեցին օգնել հայերին։ Ստեփանակերտում այդ ժամանակ տեղի ունեցան միջոցառումներ, որոնց մասնակիցներն ասումէին՝ մերսի, Ֆրանսիա։

2020 և 2023 թվականներին Ֆրանսիան մի քանի անգամ փորձեց գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և առաջ քաշել Արցախի ի պաշտպանություն բանաձևեր։ Սակայն հայկական կողմին «հաջողվեց» համոզել Ֆրանսիային «չմիջամտել»։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը գնաց Փարիզ՝ համոզելու ՄԱԿ-ին ռուսական զորքերին Արցախում խաղաղապահ մանդատ տրամադրել։ Բազմաթիվ դեպքեր էին եղել, երբ հայ պաշտոնյաները համոզել էին Ֆրանսիային և ուրիշներին չպաշտպանել հայերի իրավունքները՝ սպառնալով մեղադրել պատերազմի հավանական վերսկսման համար։

Իսկ հետո Փաշինյանը Մակրոնին և Շառլ Միշելին առաջարկեց սահմանները որոշել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ Ֆրանսիային դարձնելով ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորը։ Ռուսները դա չէին կարող անել՝ չէ որ Մոսկվան առաջինն է խախտել Ալմա-Աթայի պայմանագիրը Ուկրաինայում։

Հիմա Եվրոպան էլ է խոստովանում, որ Ուկրաինայի սահմաններն այլևս չեն լինի Ալմա-Աթայի հռչակագրով։ Բայց Հայաստանի համար որոշումը երկաթյա է։