Արցախցիների քաղաքացիության վերաբերյալ դատական գործով նիստ է տեղի ունեցել

Արցախի բնակիչ Մերի Ղարայանի գործով հերթական դատական նիստը Վարչական դատարանում տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին։ Այս գործը հայտնի է, որպես արցախցիների քաղաքացիության վերաբերյալ գործ, որի շուրջ համախմբվել են մի խումբ արցախցիներ։ Մերի Ղարայանի կողմից դատարան ներկայացված հայցի հիմքում այն պահանջն է, որ դատարանը պարտավորեցնի ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել հայցվոր Մերի Ղարայանին։

2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ընթացքում 120 հազար արցախցի տեղահանվել եւ տեղափոխվել է Հայաստան, որոնց թվում է եղել նաեւ Մերի Ղարայանը։ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին կառավարությունը որոշում է ընդունել, որով սահմանվել է, որ բռնի տեղահանված անձինք պետք է ստանան ժամանակավոր պաշտպանություն ու դրանից բխող փախստականի կարգավիճակ։ Արցախի բնակիչ Մերի Ղարայանը եւս դիմել է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար, բայց ստացել է մերժում։

Մերժման հիմքը հետեւյալն է․ «ԼՂ-ից բռնի տեղահանված ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը եւ դրա տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման երկրորդ կետով սահմանված է, որ տվյալ որոշումը չի տարածվում որոշման առաջին կետում նշված, բայց այլ պետության քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ։ Հիմք ընդունելով վերանշյալ իրավական կարգավորումները եւ հաշվի առնելով, որ դուք հադիսանում եք ՀՀ քաղաքացի, կառավարության որոշման շրջանակներում ձեզ ժամանակավոր պաշտպանություն տրամադրելու իրավական հիմքերը բացակայում են»։

Այնինչ, արցախցիները խնդում են, որ իրենք հանդիսանում են ՀՀ քաղաքացի, այդ հարցը չի էլ քննարկվում։ Իրենց հայցն այն մասին է, որ տարանջատում է դրվել բռնի տեղահանված տարբեր անձանց միջեւ, եւ կոնկրետ այս դեպքում անձին փախստականի կարգավիճակ չի տրվել, թեպետ նա 2023 թվականին բոլոր արցախցիների հետ բռնի տեղահանվել է։ Այսինքն՝ մարդն ապրել է Արցախում, տուն է կորցրել, բռնի տեղահանվել, եկել է Հայաստան, եւ իրեն այդ կարգավիճակը չեն շնորհում։

Արցախցիներն այդ դատավարության ընթացքում նաեւ շեշտադրում են այն հանգամանքը, որ իրենք ՀՀ քաղաքացի են 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշման համաձայն։

Մերի Ղարայանի ներկայացուցիչ Մարատ Եգանյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի կողմից նիստերը ձգձգելու միտում են նկատում։ Նախորդ նիստը տեղի էր ունեցել այս տարվա մարտին, իսկ հաջորդը նշանակվել էր հոկտեմբերին։ Մարատ Եգանյանի ներկայացրած միջնորդությունից հետո միայն դատարանը որոշել էր նիստը նշանակել սեպտեմբերի 9-ին։

Մարատ Եգանյանն ասաց, որ երեկվա նիստում դատավորն անընդունելի վերաբերմունք է դրսեւորել իրենց նկատմամբ եւ խախտել է իր վստահորդի հրապարակային դատավարության իրավունքը։ Դատավորը թույլ չի տվել, որպեսզի Մերի Ղարայանի ներկայացուցիչ Մարատ Եգանյանը ներկայացնի իրենց առարկությունները՝ դատավորի վարքագծի վերաբերյալ։ Խնդիրն այն է, որ, ըստ Եգանյանի, իրենք միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի դատարանը պարտավորեցներ, որ նախքան դատավարության ավարտը Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը Մերի Ղարայանին հաշվառի, որպեսզի նա կարողանա սոցիալական աջակցություններից օգտվել։ Այդ մասին իրենք հիմքեր են ներկայացրել, բայց այդ հիմքերը դատարանի որոշման մեջ տեղ չեն գտել։ Առարկությունները գրավոր են փոխանցել դատավորին։

«Այսինքն՝ դատավորն իր վարքագծով խախտել է իմ վստահորդի հրապարակային դատավարության իրավունքը։ Սա չտեսնված բան է, այն, ինչ տեղի ունեցավ երեկվա նիստում, սարսափելի երեւույթ էր»,- ասաց նա։

Սյունիք․ մերն է, բայց կարծես օտար․ ինչ արժե Գորիսից Կապան գնալը

Կոռնիձոր

Շատերը կհամաձայնեն, որ Սյունիքի ամենակոկիկ ու բարեկարգ քաղաքը Գորիսն է: Այսօր էլ քաղաքապետարանը շարունակում է վերանորոգել փողոցներն ու մայթերը, փորձում են պահպանել քաղաքի դիմագիծը եւ այլն: Ինչեւէ, հենց գորիսեցիներն են ասում, որ լուսանցքում են մնացել, ինչ Ղարաբաղն ու Կապան-Գորիս ճանապարհը չկա: «Ախպեր, քեզ ո՞նց ասեմ, համարիր, որ մի անկյունում ենք հայտնվել: Իրանցիները հենց այս ճանապարհով էին անցնում, շինանյութ, մթերք, ինչ ասես գնում էինք նրանցից, հյուրանոցները լիքն էին, ամբողջ Ղարաբաղն այստեղով էր անցնում, շարժ կար, բայց հիմա ինքդ ես տեսնում ինչ վիճակ է”, բոքոքում է տեղացի մի տաքսիստ:

Բայց Գորիսի «մեկուսացումը» դեռ ոչինչ, բանն այն է, որ նրա հարակից գյուղերն ու մարզկենտրոն Կապան գնալն իսկական մարտահրավեր է: Դեպի բոլորին հայտնի Խնածախ ու Խոզնավար գյուղեր տրանսպորտ չի աշխատում, իսկ տաքսիստները 4-5 հազար դրամ են պահանջում` 15 րոպե ճանապարհի համար: Գորիսից Կապան տրանսպորտը միայն կեսօրին է մեկնում (2.500֏): Ինչպե՞ս, առավոտյան Կապան տրանսպորտ չի՞ գնում, զարմացած հարցնում է եվրոպացի իմ ընկերը, այդ դեպքում տաքսիով գնանք, ասում է նա: Եւ ես սկսում եմ ծանոթ ու անծանոթ տաքսիստներին զանգել՝ք «մաթեմատիկան» հասկանալու համար: Բոլորը գրեթե նույն գինն են առաջարկում. 15-20.000֏ մինչեւ Կապան, նույնքան էլ մինչեւ Մեղրի:

Գներին ծանոթանալուց հետո եվրոպացին չի դիմանում ու սկսում է «բարկությունն» իմ վրա թափել: Բայց ես Երեւանից մինչեւ Գորիս ընդամենը 30.000֏ եմ վճարել, սա էլ այն դեպքում, երբ ինձ Զվարթնոցից մինչեւ հյուրանոց են բերել։ Ինչպե՞ս կարող է Գորիսից մինչև Մեղրի 40.000֏ լինել (Google Maps-ում նորից ճշտում է Գորիս-Կապան հեռավորությունը, ասես մի բան սխալվել է): Շփոթված՝ ուրիշ տաքսիստների սկսեցի զանգել: Հերթականն ինձ խնդրեց մի քանի րոպե սպսել իր հետզանգին և քիչ անց ասաց, որ պատրաստ է 30.000֏ տանել մինչեւ Կապան, մի այդքան էլ մինչեւ Մեղրի: 60.000֏՝ սա էլ qեզ «զեղչ»: Այդ ընցքում ես հիշեցի, որ Երեւան-Կապան չվերթն ընդամենը 20.000֏ է (պատկերացնո՞ւմ եք, եթե Գորիսից մեկնեք Երեւան ու թռնեք Կապան, ավելի էժան է ստացվում, քան պարզապես տաքսիով Գորիսից Կանապ գնաք), հիշեցի, որ ճանապարհներն այլեւս վերանորոգված է, հիշեցի, որ տաքսու մինիմալը Գորիսում 600֏ է, որ Yandex ու GG չկա ու որ տաքսիներն ամբողջ օրը կայանած հաճախորդի են սպասում քաղաքի կենտրոնում:

Ինչեւէ, այլընտրանք չունենալով, մենք որոշեցինք օգտվել տաքսու ծառայությունից եւ Կապան ու Մեղրի մեկնել: Ընդհանրապես, Տաթեւի վանքն անցնելուց հետո, տպավորություն է, որ արդեն Իրանում ես: Գրեթե միայն դեղին համարանիշերով իրանական բեռնատարներ են հանդիպում կամ իրանցի զբոսաշրջիկների ավտոբուսներ: Այդպիսի մի մեծ ավտոբուս վաղ առավոտյան կայանել էր Tatev Food Court-ի դիմաց, մենք էլ որոշեցինք սրճի համար կանգնե0լ, քանի որ հնարավոր չէ առավոտ 10-ից շոտ բաց սրճարան գտնել (10-ից հետո սուրճն ո՞ւմ է պետք, ինչպե՞ս եք պատրաստվում տուրիզմ զարգացնել, երբ բաց սրճարան չկա քաղաքում», եւս մի եվրոպական «մուննաթ» իմ վրա եմ վերցնում):

Տաթեւում իրանցի մի զբոսաշրջիկ զրույցի է բռնվում իմ հետ.

-Որտեղի՞ց եք, հարցնում է բաց շրթներկով իրանցի աղջիկը:

– Ղարաբաղից, ասում եմ ես:

– Ղարաբաղի՞ց, ճշտում է նա:

– Այո, պատասխանում եմ ես:

– Դա Եվրոպական միությունն է, չէ՞, հարցնում է նա:

– Դեռ ոչ, ասում եմ ես ու ավելացնում. Ղարաբաղը հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ է: Այնտեղ պատերազմ է եղել…

— Ա՜, Ադրբեջան…

Իրանցի աղջկա եւ անգլերենն էր վատ, եւ պատկերացումները տարածաշրջանի մասին:

Քաջարան, Կապան

 Մինչեւ Կապան հասնելն արժե մի երկու կադր էլ Քաջարանից վերցնել: Ինքնին պարզ չէ, քաղաքն է հանքի մեջ, թե հանքը քաղաքի: Բեռնատարներն ու բուլդոզորները մրջուններ են թվում, ասես իրենք չեն այդ հսկա աստիճանների «ճարտարապետները»: Ամբողջ փոշին ամպի պես կախված էր քաղաքի վրա: Տեղացիներն ասում են, որ դա իրենց միակ եկամտի աղբյուրն է եւ որ անգամ Երեւանից են գալիս` այստեղ աշխատանք գտնելու համար: Ասում են նաեւ, որ նախկինում վրացի էր հանքի տերը, հիմա` ռուս: Քաջարանի կենտրոնի թեթեղե տանիքներով հյուղակների հարեւանությամբ հնգհարկերը ինչ-որ տարօրինակ գույնով են ներկել, ինչ ներկ պահեստում մնացել էր, հավանաբար, քաղաքին աշխույժ տեսք տալու մղումով: Մի խոսքով, ցավալի է տեսնել, որ այդքան հարստություն կա Սյունիքում, իսկ նրա քաղաքներն ու գյուղերն այս տեսքն ունեն, ինչպես Ռուսաստանի կորած քաղաքները (Բեյզ մեթլզը գոնե թոզ էր փչում ղարաբաղցիների աչքերին ու փող ծախսում Դրմբոնում կամ Ստեփանակերտում՝ Վալեքս հյուրանոցն, բան):

Կապանն իրոք շփոթեցնող է: Քաղաք մտնելիս միանգամից օդանավակայանն ու ադրբեջանական դիրքերն ու դրոշներն են ուշադրություն գրավում: Պարապությամբ ու առանց ինքնաթիռների թռիչքուղի Ստեփանակերտի օդանավակայանն է հիշեցնում: Նորերս էլ պարզվեց, որ միակ օդանավը տեխնիկական սպասարկման կարիք ունի ,եւ չվերթները ժամանակավորապես դադարեցվում են:

Ողջին դադարել է գետ լինել, ինչ նրան շատրվան են դարձրել․ նրա երկայնքով տնկիները, չդիմանալով շոգին, թառամել եւ չեն պատրաստվում ծառ դառնալ, ալյումինե ֆասադներով խանութների դիմաց «ադիդաս» ու «նայկ» հագած մանեկենները հաճախորդի են սպասում, հին ավտոբուսներով քաղաքացիները կանգնած ու նստած ընդմիջման են գնում: Պետք է քանդել այս շենքերն ու նորը կառուցել, ասում է իմ ծանոթը Փարիզից: Նորը կառուցելու համար քաղաք կա, որ կոչվում է Երեւան, ասում եմ ես: Գնանք Մեղրի, քմծիծաղ է տալիս նա: Ամեն դեպքում, Կապանում ժենգալով հաց թխող կանայք ինձ ասացին, որ Երեւանից հետո Կապանն է, որ արցախցիներ այստեղ շատ կան, եւ վարձերն այստեղ գրեթե երեւանյան են: Ի դեպ, նրանք շատ գոհ էին Կապանից. «այստեղ գոնե արխային մեր լուզվավ խոսում ընք, յա մունք, յա ուրանք, քաղաքապետն էլ  հինչավ կարում ծերք ա հսցնում», ասում էին նրանք:

Մեղրի ու Ագարակ

 Դե ինչ, «Թրամփի ուղում ենք»: Կներեք, «Զանգեզուրի միջանցքում», կներեք, «Հայ-իրանական սահմանին», կներեք, «Խաղաղության խաչմերուկում», կներեք, «Մետաքսի ճանապարհին», մի խոսքով` Հայաստանի դեռ սուվերեն տարածքում:

Ոչ Թրամփի աշտարակ, ոչ ամերիկացի զինվորներ չկան այստեղ (գոնե այսօր): Վաշինգտոնյան հանդիպումից հետո ոչինչ չի փոխվել այստեղ: Նույն ժանգոտ վագոնները նույն տեղում կանգնած են, Արաքսն իր հունով հոսում է, նույն փշալարերն ու նույն ճանապարհը, Մեղրի մոլն ու Ագարակի կանգնած կառուսելը: Բոլորն իր տեղում են: Ես չէի կարող սխալվել, որ փողոցն անցնող կինն արցախցի է, չնայած արդեն քառասուն տարի է անցել, ինչ ամուսանցել եւ Հերհերից Ագարակ է տեղափոխվել:

Ագարակցիներն Իրան են գնում ճիշտ այնպես, ինչպես երեւանցիները՝ SAS ու City: Լվացքի փոշի, շաքար, մակառոնեղեն, ինչի կարիք լինում է… իրենց մոտ էժան է, աղջիկս գնում առեւտուր է անում` հետ գալիս, շատ լավ մարդիկ են, մի անգամ փողը շատ էինք տվել, հետեւներիցս կանչել են, ասում է հերհերցի տատիկը: Բոլոր հարազատներիս գերեզմաններն այնտեղ են (Հերհեր), թեման կտրուկ փոխում է նա, սիրտս ուզում է գնալ, բայց անգամ մինչեւ Կապան չեմ կարողանում գնալ, ճնշում ունեմ, սիրտս վատանում է միանգամից:

Քաղաքականությամբ էլ չի հետաքրքրվում տատին, բոլորը որ գնան, ես էլ իրենց հետեւից եմ էլի գնալու, ի՞նչ կարող եմ անել: Որ մի ղարաբաղցի եմ տեսնում, սիրտս մղկտում է, տեղ չունեմ, տղաս ինչ ամուսնացել է, տունն ավելի է նեղացել, թոռներս մեծացել են, բայց այս փոքր տանը երեք ղարաբաղցի եմ հյուրընկալել, երբ եկել են: Չեն մնացել, չգիտեմ, գնացել են բոլորը, կոֆեն խմեք, գոնե պաղպաղակը կերեք, տորթը լավն է, հաց սարքե՞մ, չի հանգստանում տատին:

Մեղրու մասին ավելին իմանալ մեզ չհաջողվեց, քանի որ համայնքապետն արձակուրդում էր, բայց եթե անգամ այդպես չլիներ, չէր ստացվի հանդիպել, քանի որ խոսնակն ասաց, որ ԱԳՆ հատուկ թույլտվություն է պետք նրա հետ զրուցելու համար:

Ի՞նչ է լինելու Մեղրիի հետ, ի՞նչ է նշանակում այս լռությունը, թողնենք երեւանյան փորձագետների «մարգարեություններին»:

Խնածախ, Խոզնավար

Ի տարբերություն Խնածախի՝ Խոզնավարն ավելի գրավիչ է թվում ապրելու համար: Գյուղ տանող ասֆալտը դեռ սեւ է, ֆրանսիացիները մշակույթի տուն են կառուցել, նոր դրոշ ու լոգո են տեղադրել գյուղի մուտքի մոտ, ջրի խնդիր կարծես չկա, անգամ հանքային ջուրն է իզուր ձոր հոսում: Գարնանը հարակից բլուրները հազար տեսակի դաշտային ծաղիկներով են ծածկվում, որ իսկական դրախտավայր է թվում, բայց արի ու տես, որ մարդիկ դրախտում ապրել չեն ուզում: Ոչ միայն արցախցիներ չեն մնացել, ավելին, գույղի ջահելները չեն այստեղ ապրում, պնդում են թե խոզնավարցիները, թե խնածախցիները: Չնայած Խոզնավար տանող ճանապարհը վերջերս են ասֆալտապատել, բայց գրեփթե անցորդ չի հանդիպում եւ անգամ «մեկուսացված» Գորիսից են մեկուսացված թվում սահմանամերձ այս գյուղերը: Կարմիր խաչից ու ԵՄ դիտորդներից բացի մեր գյուղ ոչ ոք չի գալիս, ոչ ոքի հետաքրքիր չէ՝ սաղ ենք, թե մեռած, գազի խողովակը գյուղով է անցնում, բայց մարդկանց կեսը փայտ է գնում, կիսվում է խնածախցի տարեց մի մարդ:

Խնածախում նոր դպրոց են կառուցում երկու համայնքների համար, որի պատերը դժվար են բարձրանում կամ ընդհանրապես չեն բարձրանում: Փողը չեն տալիս, բանվորն էլ թողնում տուն է գնում, պարզաբանում են տեղացիները: Հետո էլ, ինչպե՞ս են ձմռանը երեխաները Խոզնավարից այստեղ գալու եւ ընդհարապես, ինչո՞ւ են որոշել ադրբեջանցիների կողմից դիտարկվող տարածքում շինարարություն սկսել, հարցնում են նրանք:

Գյուղացիներն ասում են, որ վաշինգտոնյան հանդիպումից հետո կրակոցներ չեն լսում, բայց չգիտեն, թե հրադադարն որքան երկար կտեւի: Չեմ վախենում, բայց ձեռքս չի գնում այգի մշակել, ասում է մի խոզնավարցի: Երբ Ղարաբաղը կար, տոննաներով կառտոֆիլ ու լոբի էի վաճառում այնտեղ, հիմա այս փոքր այգին եմ մշակում միայն: Այնքան, որ սոված չմնանք, տանն ուտելու բան լինի, ասում է նա:

Իմ բոլոր նախնիներն այս գյուղում են թաղված, ասում է խնածախցի մի պապիկ: Ես նստած սպասում եմ, որ  միանամ նրանց: Այսպես որ շարունակվի, միայն մեր գերեզմաններն են որպես ապացույց մնալու, որ այստեղ հայեր են ապրել: Մի ժամանակ կյանքն այստեղ եռում էր, հիմա ծերանոց է դարձել, աշխատանք չկա, երիտասարդները գյուղում մնալ չեն ցանկանում, իսկ մենք ո՞ւր գնանք այս տարիքում, ասում է նա:

Կորնիձոր

Ինչպես Սյունիքի բոլոր սահմանամերձ գյուղերը, այստեղ էլ միանգամից դատարկություն է զգացվում: Միանգամից զգացվում է, որ ջուրը պակաս է: Գրեթե մեկ ժամ փոշոտ փողոցներով շրջելով, մեկին չհանդիպեցի, որ հարցնեմ, թե իմ սփյուռքահայ բարեկամը ում տանն է հյուրընկալվել: Պարզվեց, որ գազարագույն բաճկոններով բանվորները հնդիկներ ու իրանցիներ են, ովքեր դպրոցի հարեւանությամբ երկաթյա հիմնակմախք էին հյուսում: Դժվար թե նրանք հայերեն գիտեն: Վերջապես մի կին հանդիպեց, ով իր դռան մոտ նստած լոբի էր կեղևահանում: Այստեղ էլ արցախցիներ շատ չեն մնացել, բայց կինն ասում է, որ մի քանի ընտանիք որոշել են մնալ: Մեկը կա, շատ աշխատասեր մարդ է, հազարավոր լորեր է պահում, անգամ Երեւանից են գալիս ձու գնելու համար, հսկա կարողությունով խանութ է աշխատացնում։ Բայց հիմնականում չեն մնացել, Գորիս, Երեւան են գնացել: Զրի պակասը հաստատեց այս կինը, ամռանն ավելի է պակասում ջուրը, առավոտյան եւ երեկոյան են տալիս, մարդիկ այգի են ջրում, չի հերիքում, ասում է նա:

Գիտեք ի՞նչ, ամենկարեւորը, որ խաղաղություն լինի: Ասենք 90 թվին պատերազմ է եղել, բայց այսքան չենք վախեցել: Գրադը դիմացի տունը ավիրել է, հիշում եմ, գոմ էր վառվել: Բայց 2020 թվից հետո այստեղ կրակոց չի եղել, թե ինչու, չգիտեմ: Ընդամենը 50 մետր են ադրբեջանցիները մեզանից հեռու, բայց ոչ մի վտանգավոր բան չենք տեսել: Ամեն դեպքում, առաջվա գյուղը չէ, արոտավայր չկա, մարդիկ չեն կարողանում անասուն պահել, ինչ Ղարաբաղը չկա, մենք ենք սահման դարձել, ասում է նա:

Աշխատանք չկա, երիտասարդները չեն ամուսնանում, ասում են հարս բերեմ, որտե՞ղ պահեմ: Այստեղից գնում են Քաջարան աշխատում: Ինչ անե՞ն, ծնողների՞ց ծխախոտի փող ուզեն: Կողքի տանը Հադրութից մի ընտանիք կա, շատ դժվար են ապրում: Թեկուզ դեմ են Փաշինյանին, բայց 16 միլիոն փող է տալիս տուն կառուցելու համար, իսկ մարդիկ չեն ուզում, ասում են սահման է: Չգիտեմ, դժվար է, ասում է կորնիձորցի կինը:

Երկրորդ բնակչին, որ ես հանդիպեցի, առաջինը մոտեցավ ինձ, բարեւեց եւ սկսեց մի հարցը մյուսի հետեւց տալ: Ո՞վ եմ, ինչո՞ւ եմ եկել, որտե՞ղ եմ գնում, որտեցաղի՞  եմ, որտեղի՞ց եմ եկել: Երիտասարդին ոչ թե այս հարցերի պատասխաններն իմնալն էր հետաքրքիր, այլ զուտ հարց տալու պրոցեսը: Նույն հարցերը գրեթե մի ճաղատ մարդ է տալիս պատշգամբից, ով ենթադրում եմ՝ երիտասարդի հայրն էր:

Հենց Ստեփանակերտի՞ մեջիս ես, հարցնում է նա: Այո, ասում եմ ես: Բա ինչո՞ւ ես եկել այստեղ (տոնից զգացվում է, որ իմ ստեփանակերտցի լիները չի նրան հետաքրքիր, այլ ինչ որ բան է ուզում ասել): Եկել եմ մաքուր օդ շնչել, պատասխանում եմ ես: Ի՞ նչ է, Ստեփանակերտի օդը կեղտոտ էր, հեգնում է նա եւ ավելացնում. չտեսանք մի ղարաբաղցի գա այստեղ, Քիրսին նայե եւ ախ քաշի… թթու ասում է նա` ակնարկելով նույնը, իբր ղարաբաղցիները փախել են, չեն կռվել եւ այլն:

2023թ. հետո այսպիսի բաներ շատ եմ լսել իմ հասցեին (անգամ Սյունիքում. …այնքան զենքը ո՞նց չօգտագործեցիք, գիտե՞ս ինչ թվանոց ջիպերով են եկել մեր քաղաքով փախել… սա ասում էր մեկն, ով իր պնդմամբ միշտ Ռուսաստան է ապրել եւ եկել է հայրենի քաղաք` ամառն անցկացնելու համար): Նման դեպքերում ես միշտ կամ հումորով եմ պատասխանել, կամ ուշադրություն չեմ դարձրել, համարելով, որ Ժվանեցկին ճիշտ էր ասում. «եթե հիմարի հետ վիճում ես, ավելի շուտ նա նույնն է անում»:

2023թ. հետո սա իմ երկրորդ այցն է Կորնիձոր, երկու դեպքում էլ գործ եմ ունեցել տեղի «հակահետախուզության հետ: Ամիսներ առաջ երբ այստեղ էի, տեղացի մեկն ինձ արգելում էր Բերձորը նկարել, այս անգամ էլ մի երիտասարդ մոտեցավ, ում չափազանց հետաքրքիր էր, թե մենք ով ենք, ինչու ենք գյուղ եկել եւ այլն… Ես մտածեցի, որ միեւնույն բարբառով խոսելը կփարատի նրա բոլոր կասկածները, սակայն վերջինս պնդեց, որ պետք է լուսանկարի իմ սփյուքահայ ծանոթին: Երբ ես հարցրի, թե ինչպե՞ս է առանց մարդուն հարցնելու ուզում նկարել, նա որոշեց Իխշան Փարավոնիչի ասած չուստրիություն անել. Լավ, արի սելֆի անենք, ասաց նա: Պատկերացրեք, մարդն իր արցախցի նախնիների բարբառը սովորելու եւ բարեգործական ծրագրերով եկել է Կորնիձոր, պատին դեմ տալիս ու փորձում որպես «շպիոն» նկարել (ի՞նչ օյին բերեց մեր գլխին էս շվեյցարացի մոտոցիկլիստը):

Բայց կարեորը «շպիոն» Օնիկի մոլուցքը չէ եւ բոլորովին նպատակ չկա ծաղրել այս մարդկանց (նույնն Արցախում էր ի դեպ): Հասկանալի է նրանց զգուշավորությունն ու վախերը, չնայած վատ չէր լինի, երբ շինարար ես, քո գործով զբաղվես, մենք էլ` մեր: Բայց միթե՞ սահմանամերձ գյուղերում այսպիսի մթնորոլ պետք է լինի, պետք է վախենա՞նք այնտեղ այցելել, ճոպանուղի ու վանքե՞ր միայն: Հետաքրքիր է, որ Խնածախում ու Խոզնավարում, որտեղ կրակահերթերի տակ էին քնում մարդիկ, այսպիսի երեւույթներ չկան: Շատ սրտացավ են արցախցիների հանդեպ, ասում են, որ իրենք շատ լավ են հասկանում ամեն ինչ, որ իրենք են հիմա այդ օրին եւ այլն:

Սյունիքում կառուցվող ճանապարհները դեպի գյուղեր են տանում, որտեղ կյանքն այսպիսին է:

Մարութ Վանյան

Երևանում բացվեց «Խառնել-Միացնել»՝ Ստեփանակերտի Վերնատուն ակումբ-ցուցասրահը

Վահան Շահրամանյանի նախաձեռնությամբ և մեծ էնտուզիազմի շնորհիվ Երևանում՝ Հալաբյան փողոց 34/ա հասցեում, «Խառնել-Միացնել» անվամբ վերստին իր դռները բացեց Ստեփանակերտում գործող “Վերնատուն” ակումբ-ցուցասրահը։
Այստեղ ներկայացված են արցախցի լավագույն նկարիչների ստեղծագործությունները՝ Էդմոն Պետրոսյան (Դիքեն), Վահան Շահրամանյան, Առնոլդ Մելիքսեթյան:
Կտավների և արվեստի գործերի զգալի մասը հաջողվել է փրկել Ստեփանակերտից՝ 2023 թվականի բռնի տեղահանության ժամանակ, և այժմ դրանք իրենց երկրորդ կյանքն են գտել Երևանում։
Ակումբը միավորում է երկխոսության և մտքերի փոխանակման միջավայրը՝ հիշեցնելով “Վերնատուն”-ի ավանդույթը, և միաժամանակ հանդիսանում է գեղարվեստական ցուցասրահ։ Կտավների կողքին ցուցադրված են նաև մշակութային-պատմական ու այլ արժեքավոր արտեֆակտներ, որոնք կրում են Արցախի և Հայաստանի պատմական հիշողությունն ու հոգևոր էներգիան։
Այս նախաձեռնությունը ոչ միայն պահպանում է Արցախի մշակութային ժառանգությունը, այլև նոր հնարավորություններ է ստեղծում մեր արվեստը Երևանի մշակութային կյանքում ճանաչելի ու հասանելի դարձնելու համար։

Ռուսաստանը “փորձարկում է” ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը. Լեհաստանում խոցվել են ռուսական անօդաչուներ

Սեպտեմբերի 10-ի գիշերը, երբ Ռուսաստանը սկսեց անօդաչուներով զանգվածային հարձակումը Արևմտյան Ուկրաինայի վրա, Լեհաստանը մի քանի անօդաչու խոցեց իր տարածքում։ Լեհական զինվորականները միջադեպը որակեցին «ագրեսիայի ակտ», իսկ վարչապետ Դոնալդ Տուսկը հրավիրեց կառավարության արտակարգ նիստ։

Լեհաստանի զինված ուժերի գերագույն հրամանատարությունը հայտարարեց, որ անօդաչու թռչող սարքերը բազմիցս խախտել են երկրի օդային տարածքը Արևմտյան Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարվածի ժամանակ։

Ռադարները հայտնաբերել են տասնյակից ավելի օբյեկտներ, և նրանք, որոնք կարող էին սպառնալիք ներկայացնել, «չեզոքացվել են», – ասացին զինվորականները՝ Լեհաստանի օդային տարածքի խախտումը անվանելով «աննախադեպ մասշտաբի»։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարեց, որ ինքը «մշտական ​​կապի» մեջ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեի հետ։

Տուսկը նշեց, որ սա ՆԱՏՕ-ի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ռուսական անօդաչու սարքեր են խոցվում դաշինքի տարածքում։ Նա հավելեց, որ բոլոր դաշնակիցները միջադեպին չափազանց լուրջ են վերաբերվել։

ՆԱՏՕ-ն անօդաչու սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքի խախտումը չի համարում հանրապետության վրա հարձակում, գրում է Reuters-ը՝ հղում անելով դաշինքի աղբյուրին։

Լեհաստանի տարածքային պաշտպանության ուժերին խնդրել են պատրաստ լինել հնարավոր զորակոչին ստանդարտ ընթացակարգից կարճ ժամանակահատվածում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։

ԱՄՆ-ում դեմոկրատ սենատոր Դիկ Դուրբինը հայտարարել է, որ ռուսական անօդաչուների կողմից ՆԱՏՕ-ի օդային տարածքի բազմակի խախտումները ցույց են տալիս, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «փորձարկում է մեր վճռականությունը՝ պաշտպանելու Լեհաստանը և Բալթյան երկրները»։

Ավելի վաղ Լեհաստանը հայտարարել էր, որ հինգշաբթի տեղական ժամանակով կեսգիշերին կփակի Բելառուսի հետ սահմանը՝ այնտեղ Ռուսաստանի գլխավորությամբ անցկացվող զորավարժությունների պատճառով։

Ռուս-բելառուսական «Զապադ» լայնածավալ զորավարժությունները մտահոգություն են առաջացնում ՆԱՏՕ-ի հարևան անդամ երկրներում՝ Լեհաստանում, Լիտվայում և Լատվիայում։

Եվրամիությունը չի բացառում, որ ռուսական անօդաչուների ներխուժումը Լեհաստանի օդային տարածք չորեքշաբթի՝ սեպտեմբերի 10-ի գիշերը, միտումնավոր է եղել։ «Կան նշաններ, որ դա արվել է միտումնավոր, և ոչ թե սխալմամբ», – գրել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Կայա Կալլասը Bluesky սոցիալական ցանցում։

Նա միջադեպը անվանել է «Եվրոպական օդային տարածքի ամենալուրջ խախտումը Ռուսաստանի կողմից պատերազմի սկզբից ի վեր»։ «Ռուսաստանի պատերազմը սրվում է, ոչ թե ավարտվում։ Մենք պետք է բարձրացնենք գինը Մոսկվայի համար, մեծացնենք աջակցությունը Ուկրաինային և ներդրումներ կատարենք Եվրոպայի պաշտպանության մեջ», – ընդգծել է Կալլասը։

Ռուսաստանը փորձարկում է ՆԱՏՕ-ի և «5-րդ հոդվածի» ուժը՝ իրականացնելով «անմեղ» ագրեսիայի գործողություններ։ ՆԱՏՕ-ն ամեն ինչ անում է 5-րդ հոդվածը չկիրառելու համար, մասամբ այն պատճառով, որ Դաշինքի որոշ անդամներ, այդ թվում՝ Հունգարիան, Թուրքիան և նույնիսկ Միացյալ Նահանգները, կարող են վետո դնել հոդվածի կիրառմանը։ Վերլուծաբանները նշում են, որ եթե Ռուսաստանը համոզվի, որ ՆԱՏՕ-ն չի պաշտպանի իր անդամ պետությունների անվտանգությունը, Ռուսաստանի կողմից Բալթիկան «վերադառձնելը» կդառնա ժամանակի հարց։

Ռուսաստանը խստացնում է միգրացիոն քաղաքականությունը. Արցախիները մտածում են այլ ուղղությունների մասին

2 տարի առաջ տեղահանված արցախցիների նկատմամբ ՀՀ կառավարության քաղաքականությունը փորձագետներին հանգեցնում է այն եզրակացության, որ կառավարությունն ամեն ինչ անում է արցախցիներին Հայաստանից վտարելու համար: Չկա հայ՝ չկա խնդիր. 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում «հաջողությամբ» փորձարկված այս սկզբունքն այժմ կիրառվում է արցախցի հայերի նկատմամբ։

Պաշտոնական տվյալներով՝ մոտ 16 հազար արցախցի լքել է Հայաստանը: Ոչ պաշտոնական տվյալները, դատելով ընկերների, հարազատների և հարևանների մասին լուրերից, շատ ավելի բարձր են։

Եթե տեղահանությունից անմիջապես հետո Ֆրանսիան մի փոքր անցք բացեց արցախցիների համար, ապա մի քանի ամիս անց այդ անցքը փակվեց: Իսկ այն բանից հետո, երբ Հայաստանը ստանձնեց արցախցիների «ժամանակավոր պաշտպանությունը», մյուս երկրները կտրուկ հրաժարվում են ընդունել նրանց՝ վկայակոչելով այն փաստը, որ Հայաստանը թշնամական պետություն չէ արցախցիների համար: Համաշխարհային հակամիգրացիոն քաղաքականության ֆոնին, արցախցի փախստականների նկատմամբ վերաբերմունքը դառնում է էլ ավելի կոշտ։

Մեր պատմությունների հերոսները փաստում են, որ վերջերս Ռուսաստանում չեն կարողացել իրենց երեխաներին դպրոցում գրանցել, և ստիպված են եղել վերադառնալ Հայաստան։ ԱՄՆ գրին-քարտ շահած արցախցի փախստականը պատմում է, որ իրեն ստիպել են թարգմանել իր ծննդյան վկայականը ադրբեջաներեն, չնայած ինքը ծնվել է 90-ականների վերջին և կյանքում ադրբեջանցի չի տեսել։

Խոսում են հունգարական նախագծի մասին, որը գործում է 2019 թվականից և խրախուսում է արցախցիների արտագաղթը: Նախագծի համաձայն՝ Հունգարիան մեկ տարի կհոգա դիմող հայերի ծախսերը, որոնք այնուհետև պետք է գտնեն ապրելու և ինքնուրույն գոյատևելու միջոցներ։

Մեր հերոսներից շատերն ասում են, որ օգտվել են կամ մտադիր են օգտվել բնակարանային վկայականներից, քանի որ չեն ցանկանում լքել Հայաստանը: Բայց կան նաև շատերը, ովքեր երկու տարի փորձում են, բայց չեն կարողանում տեղ գտել Հայաստանում՝ ավելի ու ավելի շատ մտածելով հեռանալու մասին: Շատերը դեռ հույս ունեն կառավարության վերաբերմունքի փոփոխության, բայց քաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ արցախցիների պարանոցին օղակը միայն կսեղմվի։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը, որտեղ արցախցիները կարող են մեկնել առանց վիզաների, խստացնում է միգրացիոն քաղաքականությունը։

Պետական ​​դումա է ներկայացվել օրինագիծ, որն առաջարկում է արգելել միգրանտների ընտանիքների մուտքը Ռուսաստան:

Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը, ևս մեկ անգամ հիշեցնելով միգրանտների հետ կապված հանցագործությունների և «սփյուռքների միջև հաշվեհարդարների» մասին, կոչ էր արել քաղաքացիներին աջակցել օրինագծին: Առցանց նախաձեռնությանը հավանություն տված քաղաքացիների թիվն արդեն գերազանցել է 440 հազարը։

Բացի այդ, վաղը կսկսվի Ռուսաստանից անօրինական միգրանտների արտաքսումը։

Ռուսաստանում գտնվելու իրենց իրավական հիմքերը կորցրած օտարերկրյա քաղաքացիները կարող են այս օրվա ընթացքում ազատորեն կարգավորել իրենց իրավական կարգավիճակը երկրում, սակայն սեպտեմբերի 11-ից այդ հնարավորությունը այլևս հասանելի չի լինի. նրանք կարտաքսվեն երկրից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության աղբյուրին։

Սեպտեմբերի 11-ից օտարերկրյա խախտողներին կարգելվի գրանցել ամուսնությունը կամ ամուսնալուծության դիմում ներկայացնել, նրանք չեն կարողանա իրենց երեխաներին գրանցել մանկապարտեզներում կամ ուսումնական հաստատություններում, վարել տրանսպորտային միջոց կամ ստանալ այլ ծառայություններ, որոնք յուրաքանչյուր մարդու համար անհրաժեշտ են առօրյա կյանքում։

Արցախի ժողովրդին քաղաքական «հակառակորդ» համարող Հայաստանի կառավարությունը ամեն ինչ անում է, որպեսզի արցախցիները իրենց լիովին օտարված զգան Հայաստանում։

Հիմա արդեն բացահայտվում են Թուքիայի իրական նախապայմանները Հայաստանին

«Ես կարծում եմ, որ կա քաղաքական սցենար, որի վրա հիմա աշխատում են Հայաստանը եւ Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը, Հայաստանը եւ ԱՄՆ-ն, Հայաստանը եւ Եվրամիությունը։ Եվ թուրքական կողմի այս այեցլությունը մտնում է այդ օրակարգի մեջ։ Վաշինգտոնի հանդիպումից հետո տեսնում ենք, որ մեկ ամսվա ընթացքում արդեն ուրվագծվեցին հայ-թուրքական կոնսուլտացիաներ։ Հետագան պարզ է՝ սահմանի բացումն է»,- step1.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով Հայաստանում կայանալիք հայ-թուրքական հանդիպմանը։

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի հանդիպումը։ Թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն՝ Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը, ենթադրաբար, Հայաստան կժամանի Մարգարայի սահմանային անցակետով:

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ Թուրքիան այս դասավորության պայմաններում սահմանը փակ պահելու պատճառ չունի։ «Հիմա, երբ նախաստորագրված է հայ-ադրբեջանական՝ ոչ թե խաղաղության համապարփակ պայմանագիրը, այլ շրջանակային պայմանագիրը, Թուրքիան ուրիշ պատրվակ չունի սահմանը փակ պահելու համար։ Պետք է լինեն ինչ-որ բանակցություններ սահմանի բացման շուրջ, եւ հիմա արդեն բացահայտվում են Թուքրայի իրական նախապայմանները։ Թուրքիան ունի նախապայմաններ հայոց ցեղասպանության ժխտման հետ կապված եւ այլն։ Հավանաբար այդ հարցերը Թուրքիան հիմա կուզենա բերել առաջին պլան։ Մինչ այդ ինքը թաքնվում էր Արցախյան առաջին պատերազմում տեղի ունեցած իրադարձությունների թիկունքում, սահմանը փակ պահելու իրական պատճառները քողարկում էր։ Հիմա այլեւս չի կարող քողարկել, պետք է բաց մատուցի իրենց ցանկությունները։ Մենք գիտենք իրենց ցանկությունները՝ հանձնաժողով ստեղծել ցեղասպանության հարցն ուսումնասիրելու համար՝ եղել է, չի եղել ցեղասպանություն կամ ինչ է եղել»,- նշեց Ղուկասյանը։

Հարցին, այսինքն՝ ցեղասպանության հա՞րցն են սակարկման առարկա սարքելու, քաղաքագետը պատասխանեց․ «Այդ մասին պարոն Փաշինյանն արդեն մեզ նախապատրաստել է իր ելույթներով։ Մեկ-երկու անգամ այդպիսի ռեպլիկներ թողեց, որ հարկավոր է հասկանալ, գույքագրել, թե ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ ինչ է տվել։ Ըստ էության, դա այս հաջորդ փուլի անոնսն էր, նախապատրաստումն էր, երբ պետք է քննարկեն այդ հանձնաժողովը ստեղծելու հարցը»։

Անդրադառնալով այս գործընթացներում Ռուսաստանի դերին՝ Անդրիաս Ղուկասյանն ասաց․ «Այս ամբողջ գործընթացը չի հակասում Ռուսաստանի ռազմավարական շահերին։ Ռուսաստանը վերջին 7 տարիներին քաջալերում է Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին՝ Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու, Արցախը հանձնելու հարցում։ Այսինքն՝ այս ամենը մտնում է Ռուսաստանի քաղաքական գծի մեջ»։

Ռոզա Հովհաննիսյան

Մինչև տեղահանությունը Արցախում լիարժեք գործում էր մոտ 80 եկեղեցի

Մարտակերտի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (լուսանկարներ)

1930-ականների սկզբին Ադրբեջանը և խորհրդային կառավարությունը ամբողջությամբ լուծարեցին Արցախի թեմը՝ փակելով բոլոր եկեղեցիներն ու վանքերը։ Հոգևոր կյանքը խստորեն դատապարտվեց։ Միայն Ղարաբաղյան շարժման սկիզբին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն I-ի հրամանագրով, Արցախի թեմը վերսկսեց իր գործունեությունը որպես Հայ Առաքելական եկեղեցու մաս։

Արցախի Հանրապետության գոյության տարիներին վերակառուցվել և վերականգնվել է 93 հայկական կրոնական հուշարձան, և մոտ 80 տաճար և եկեղեցի լիովին գործել են։

Մարտակերտի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին վերականգնված եկեղեցիներից մեկն է։

Ալվարդ Գրիգորյան

Հայաստան-Իռլանդիա 2:1

Հայաստանի հավաքականը Աշխարհի առաջնության որակավորման փուլի երկրորդ փուլում 2:1 հաշվով հաղթեց Իռլանդիային՝ Պորտուգալիայից կրած ծանր պարտությունից հետո։

Սպերցյանը բացեց հաշիվը 11 մետրանոց հարվածով, իսկ Գրանտ-Լեոն Ռանոսը խփեց երկրորդ գոլը։
Ռոմայի հարձակվող Էվան Ֆերգյուսոնը խփեց պատասխան գոլը։

Սա առաջին հաղթանակն է նոր գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ։

Իսրայելը հարված է հասցրել Համասի գլխավոր գրասենյակին Կատարի մայրաքաղաքում. այլևս սահմաններ չկան

Օգոստոսի 9-ին Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) և Շին Բեթ անվտանգության ծառայությունը (Shabak) հայտնեցին, որ հարվածել են Համասի առաջնորդներին Կատարի մայրաքաղաք Դոհայում։

Ըստ Al Arabiya-ի և Channel 12-ի՝ հարձակման հետևանքով զոհվել են Համասի առաջնորդ Խալիլ ալ-Հայան, որը ղեկավարում էր խմբավորումը 2024 թվականի հոկտեմբերից, դրա քաղաքական բյուրոյի ղեկավար Խալեդ Մաշալը և Համասի անդամ Զահեր Ջաբարինը։

Մի քանի ժամ առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Դոհայում տեղի ունեցած պայթյունները ուղղված էին Համասի առաջնորդներին։ «ՀԱՄԱՍԻ ահաբեկչական առաջնորդների դեմ այսօրվա գործողությունը լիովին անկախ իսրայելական գործողություն էր։ Իսրայելն է նախաձեռնել այն, Իսրայելն է իրականացրել այն, և Իսրայելը կրում է ամբողջ պատասխանատվությունը», – ասել է նա։

Al Jazeera-ի Համասի աղբյուրները հայտնել են, որ իսրայելական հարվածը թիրախավորել է «ՀԱՄԱՍԻ պատվիրակությանը», որը Դոհայում էր՝ բանակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկների շուրջ՝ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ։

Աշխարհի լրատվամիջոցները քննարկում են, թե ինչ կլինի այս հարվածից հետո, որի մասին, ըստ լուրերի, ԱՄՆ-ն տեղյակ էր։ Արդյո՞ք Կատարը կմնա բանակցությունների հիմնական հարթակը, և ո՞ւմ հետ են տեղի ունենալու բանակցությունները։ Բայց ամենակարևորը՝ Իսրայելի “բացառիկ” իրավունքն է հարվածել ինքնիշխան երկրներին, որտեղ նա սպառնալիք է տեսնում իր համար։

Քաոս Նեպալում. իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել սոցցանցերի փակումից հետո

Նեպալի կառավարությունը վերացրել է սոցիալական ցանցերի արգելքը բողոքի ցույցերի պատճառով։ Նախորդ օրը ցույցերի ճնշման ժամանակ զոհվել է առնվազն 19 մարդ։ Սակայն, չնայած վարչապետի և նախագահի հրաժարականին, ցուցարարները չեն լքում փողոցները։ Այժմ նրանք խոսում են կոռուպցիայի դեմ։

Սեպտեմբերի 9-ին ցուցարարները հրկիզել են նախագահական նստավայրը, խորհրդարանը, կառավարական համալիրը, Գերագույն դատարանի շենքը, իշխող կուսակցության գրասենյակը և մի քանի այլ օբյեկտներ։ Նրանք նաև հրկիզել են Նեպալի նախկին վարչապետի տունը։ Նախկին վարչապետը ծեծի է ենթարկվել, իսկ նրա կինը փակված է եղել տանը։ Հետագայում պարզվել է, որ նա մահացել է ստացած այրվածքներից։

Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, և տարբեր երկրներ փորձում են տարհանել իրենց քաղաքացիներին։

Բաքու vs Թեհրան. Կլինի՞ արդյոք Մեղրիի միջանցք

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը որևէ պարզություն չբերեցին Հարավային Կովկասի տարածաշրջան։ Լավրովը երեկ հայտարարեց, որ փաստաթղթերի հրապարակումից հետո պարզ դարձավ, որ ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է։ Իրանը պնդում է, որ վստահում է Հայաստանի կառավարությանը, որը վստահեցնում է, որ հայ-իրանական սահմանը կպահպանվի, և միջանցք չի լինի։ Իսկ Թուրքիան և Ադրբեջանը ծրագրեր են կազմում և արդեն բաժանում են ապագա միջանցքից ստացված եկամուտը։

Այն փաստը, որ ապագա «միջանցքը» ոչ մի տնտեսական նշանակություն չի ունենա, հատկապես Հայաստանի համար, վաղուց է հայտնի։ Սակայն այն մեծ աշխարհաքաղաքական նշանակություն ունի Թուրքիայի և Ռուսաստանի համար, որոնք այդպիսով միմյանց հետ կկապվեն մոխրագույն գոտու միջոցով՝ Հայաստանը վերածելով կոճղի։

ՀՀ կառավարությունը չի մանրամասնում, թե արդյոք Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը կիրականացվեն միաժամանակ։ Ինչպես հայտնի է, Բաքուն պնդում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը «խաղաղության համաձայնագրի» ստորագրման համար, ինչը անհնար է մինչև 2026 թվականի վերջը։ Միևնույն ժամանակ, չի բացառվում, որ մինչ այդ կիրականացվի «Թրամփի ճանապարհի» կամ «Թուրանի միջանցքի» բացման մասին հռչակագիրը։ Եվ կպարզվի, որ Հայաստանը հանձնել է Սյունիքը՝ դրա դիմաց նույնիսկ «խաղաղության» մասին անիմաստ թուղթ չստանալով։

«Ես կասկած չունեմ, որ Զանգեզուրի միջանցքը, որպես Միջին միջանցքի երթուղիներից մեկը, մոտ ապագայում կխաղա մայրցամաքները կապող կարևոր տրանսպորտային օղակի դեր», – այսօր ասաց Ալիևը՝ ըստ էության «միջանցքը» ներկայացնելով որպես Ադրբեջանի մաս։

«Միջանցք չի լինի, ուժով ոչինչ չի արվում։ Միջանցքի մասին խոսք լինել չի կարող, ո՛չ խաղաղության պայմանագրում, ո՛չ էլ ստորագրված եռակողմ փաստաթղթում միջանցքի մասին չի խոսվում», – լրագրողներին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին Երևանում՝ խորհրդարանում։

Իսրայելը կոչ է արել պաղեստինցիներին լքել Գազա քաղաքը և շարժվել դեպի հարավ

Իսրայելական զինվորականները կոչ են արել բոլոր պաղեստինցիներին լքել Գազա քաղաքը և շարժվել դեպի հարավ, հաղորդում է Associated Press (AP)-ն՝ հավելելով, որ իսրայելական բանակը շարունակում է իր հարձակումը մարտական ​​գործողությունների ենթարկված տարածքի հյուսիսում, հարավում և կենտրոնում։

Ըստ Financial Times-ի՝ իսրայելական զինվորականները հայտարարել են, որ Գազայում «և նրա բոլոր տարածքներում» գտնվողները պետք է «անմիջապես» շարժվեն դեպի հարավ։ Նրանք հայտարարել են, որ կգործեն «ավելի մեծ վճռականությամբ»։ Իսրայելը Գազայի բնակիչներին տեղեկացրել է տարհանման մասին՝ թռուցիկներ տարածելով, որոնցում կոչ է արվում քաղաքի բոլոր բնակիչներին ընտրել երկու «անվտանգ ճանապարհ» դեպի հարավ՝ Դեյր էլ-Բալահ քաղաք։ Նշվել է, որ Գազան «կշարունակի մնալ վտանգավոր պատերազմական գոտի»։

Ըստ Reuters-ի՝ Գազա քաղաքի բնակչությունը մոտ 1 միլիոն մարդ է։ Նրանցից քանիսն են մնացել այնտեղ մի քանի տարվա մարտերից հետո, ճշգրիտ հայտնի չէ։