Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը պաշտպանում է 2026 թ․ NDAA-ի հայանպաստ փոփոխությունները

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող 2026 թ․ «Ազգային պաշտպանական իրավասությունների ակտի» մի շարք հայանպաստ օրենսդրական նախաձեռնությունների աջակցությամբ ։ Դրանք հետապնդում են.

  • Հայաստանի անվտանգության ուժեղացում,
  • Ադրբեջանի զորքերի դուրսբերում Հայաստանի տարածքից,
  • Հայ գերիների ազատ արձակում,
  • Արցախից բռնի տեղահանված հայերի վերադարձ,
  • Հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն,
  • Ադրբեջանին տրամադրվող ամորիկյան ռազմական օգնության դադարեցում,
  • ԱՄՆ նախագահի՝ 907-րդ բանաձևի ամենամյա չեղարկման նախագահական իրավասության սահմանափակում,
  • Զենքի մատակարարման սահմանափակումներ Թուրքիային։

Մեկնաբանելով ներկայացված նախաձեռնությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Ադրբեջանը կշարունակի հայ գերիների ապօրինի պահպանումը, Հայաստանի տարածքների օկուպացիան և Արցախի քրիստոնեական ժառանգության ավերումը այնքան ժամանակ, քանի դեռ նրան պատասխանատվության չեն ենթարկում։ Կոնգրեսը պետք է վճռական քայլ կատարի՝ դադարեցնելով ռազմական օգնությունը Ադրբեջանին և ամրապնդելով Հայաստանի անվտանգությունը»։

Մի շարք փոփոխություններ վերաբերում են նաև Թուրքիային՝ արգելափակելով F-35 և F-16 ռազմական ինքնաթիռների մատակարարումն ու արդիականացումը, քանի դեռ Անկարան չի դադարեցրել ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների ինքնիշխանության խախտումները։

Սենատում, Ադամ Շիֆի ներկայացրած փոփոխությունը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանի կողմից հայ գերիների կեղծ դատավարությունները, ապահովել բոլոր գերիների և պատանդների ազատումը և կիրառել «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցներ»՝ մարդու իրավունքների խախտումներում ներգրավված ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ։

Այս երկկուսակցական նախաձեռնությունները ձևավորում են ամուր օրենսդրական արձագանք՝ Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության սպառնալիքներին և ամրապնդում են Հարավային Կովկասում անվտանգային քաղաքականության նկատմամբ ԱՄՆ վերահսկողությունը։

 ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Չկարողացանք պահել ձեր արյամբ շաղախված հողը

1996 թվականի սեպտեմբերի 4-ին Ստեփանակերտ քաղաքում մի մանուկ ծնվեց: Արզումանյանների ընտանիքը լույսով լցվեց. արու զավակ է ծնվել: Ծնողները նրան Արսեն անունը տվեցին։

Սակայն ճակատագիրը տղայի համար բոլորովին ուրիշ ուղի էր նախանշել. նա պիտի հայոց Անմահների գունդը համալրեր։

2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախում պատերազմ սկսվեց կրկին: 44-օրյա պատերազմ, որ մեզանից խլեց հազարավոր կյանքեր։ Ծնվեցին նորօրյա հերոսներ, ովքեր հայրենիքի համար չխնայեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը։

Արսեն Արամի Արզումանյանն այդ հերոսներից մեկն է։ Նա ավարտել է Ասկերանի շրջանի Իվանյանի Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցը: Այն ավարտելուց հետո ուսումը շարունակել է բարձրագույն ուսումնական հաստատությունում և 2013-2020 թվականներին սովորել Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետում:

2014-2016 թվականներին ծառայել է ԱՀ ՊԲ շարքերում։ Ցուցաբերելով օրինակելի վարքագիծ՝ նա աչքի է ընկել պատասխանատվությամբ և մարդկային բարձր արժեքներով: Ընկերների խոսքով՝ ծառայության տարիներին արդեն երևում էին երիտասարդի հայրենասիրական գաղափարներն ու հայրենիքին ծառայելու անմնացորդ նվիրումը: Նա իր մտահոգություններն էր կիսում ծառայակից ընկերների հետ և երազում, որ Արցախում հարատև խաղաղություն լինի:

2017 թվականից Արսենը ծառայության է անցել ԱՀ ԱԱԾ-ում: Կարգապահ, լրջախոհ երիտասարդն այստեղ ևս բարի համբավ ձեռք բերեց։ Թվում էր՝ սկսվել էին իրականանալ նպատակները, սակայն 2020 թվականի պատերազմն իր սև կնիքը դրեց Արսենի ճակատագրի վրա ու կիսատ թողեց ամեն ինչ։

…Առաջին իսկ օրերից նա մարտի դաշտում էր. հայրենիքի նվիրյալի համար երկրի պաշտպանությունը վեր էր ամեն ինչից: Հարազատներին ու սիրած աղջկան հորդորում էր չվհատվել․ շուտով կավարտվի պատերազմը, պատվով տուն կվերադառնա և կիրականանան բոլոր երազանքները։

Արսենը հերոսաբար կռվում էր Եղնիկների, Ջրականի, Հադրութի համար մղվող մարտերում: Նա պայքարում էր անմնացորդ նվիրումով, նախնիների արյան կանչով:

Ավա՜ղ, նոյեմբերի 3-ը նրա կյանքի վերջին օրը դարձավ: Արսենը զոհվեց Սղնախ գյուղի համար ընթացող մարտերում:

Հայրենիքի պաշտպանության գործում իր առջև դրված բոլոր մարտական խնդիրները գերազանց կատարելու համար Արսեն Արզումանյանը հետմահու պարգևատրվել է <<Արիության համար>>  և <<Մարտական ծառայություն>> մեդալներով:

Այսօր հայոց քաջորդու երկնային ծննդյան օրն է։ Նա կդառնար 29 տարեկան, սակայն բոլորիս համար մնաց հավերժ 24։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո անցել է 5 տարի։ Արցախը տեսել է նաև 2023-ի սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմ ու հայաթափում։ Այսօր արցախահայությունը սփռված է աշխարհով մեկ՝ հոգու խորքում հույս ունենալով, որ մի օր կվերադառնա Արցախ, որտեղ սպասում են մեր սուրբ շիրիմները, հերոսների արյամբ շաղախված մայր հողը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

11 259 արցախցի ստացել են ՀՀ նոր անձնագրեր, դիմել են 16 հազարից ավելին

Սեպտեմբերի 2-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 16 հազարից ավելի մարդ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։

«Ունենք 11 259 անձ, ովքեր հանրապետության նախագահի հրամանագրով ստացել են ՀՀ քաղաքացիություն, եւ 5000-ից ավելի անչափահաս, ովքեր անձնագրի փոփոխությամբ ձեռք են բերել քաղաքացիություն։ Երբ ծնողները ձեռք են բերում ՀՀ քաղաքացիություն, անձնագրի փոփոխությամբ անաչափահասները ձեռք են բերում քաղաքացիություն, ինչը նշանակում է, որ ԼՂ մեր հայրենակիցներից արդեն 16 հազարից ավելին ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն»,- ասաց Ղազարյանը։

Նա անդրադարձավ հարցին, թե ի՞նչ են անում՝ դյուրացնելու եւ ավելի ակտիվացնելու պրոցեսները։

«Գիտեք, որ քաղաքացիության գործերը վարվում են կենտրոնացված համակարգի միջոցով։ Հիմա մենք փորձում ենք տարածել այդ համակարգը, մարզերում մեր բոլոր ստորաբաժանումներն արդեն ընդունում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից քաղաքացիցության դիմումներ։ Երեւանում ավելացրել ենք եւս մեկ կետ, աշխատում ենք էլի ավելացնել, որպեսզի Երեւանի բոլոր տարածքային ստորաբաժանումները եւս ընդունեն դիմումներ։ Շրջիկ ծառայությունը, որը գործարկել ենք, վերջին տվյալներով մեկ օրում 50-ից ավելի դիմում էր հավաքագրել ու ներկայացրել»,- ասաց նա։

Արմեն Ղազարյանի խոսքով՝ ԼՂ-ից տեղահանված անձինք ստանդարտ ընթացակարգերի համեմատ առնվազն կիսով չափ ավելի արագ ժամանակահատվածում են ձեռք բերում քաղաքացիություն․ «Մեր ստանդարտ ընթացակարգերը ենթադրում են 90 աշխատանքային օր, մոտավորապես 4 ամիս, ԼՂ-ից տեղահանված անձանց մասով առնվազն երկու ամսվա ընթացքում մենք կարողանում ենք լուծել հարցը»։

Ստրելկովը բանտից պահանջեց պատերազմը պարտվածների տապալումը

Իգոր Ստրելկովը (Գիրկին), որը կանգնած էր Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի ակունքներում և այժմ գտնվում է բանտում, կասկածում է, որ Կրեմլը պատրաստվում է կապիտուլյացիայի պատերազմում և կոչ է անում տապալել Ռուսաստանում կառավարությունը: Ստրելկովի նամակը, որը նա գրել էր ռուսական բանտում, հրապարակվել է նրա համախոհների կողմից սեպտեմբերի 4-ին, հաղորդում է Dialog.UA-ն:

Իր նամակում Ստրելկովը, ըստ էության, նշել է այսպես կոչված «ՍՎՕ»-ի ձախողման մասին՝ նշելով, որ «ձևաչափը սպառել է իրեն» և Ռուսաստանին տանում է դեպի պարտություն պատերազմում: Ստրելկովը նշել է, որ Կրեմլն արդեն, ըստ էության, զիջումների է գնացել՝ հրաժարվելով Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվող Խերսոնի և Զապորոժիեի շրջանների որոշ մասերի նկատմամբ իր պահանջներից: Նրա խոսքով՝ սա Ռուսաստանի զինված ուժերի կողմից մարտադաշտում նշանակալի արդյունքների հասնելու անկարողության արդյունք է: Նա կասկածում է, որ Ռուսաստանի իշխանությունները նույնպես զիջումների կգնան Դոնեցկի մարզի հետ:

Ըստ Z-patriot-ի՝ Մոսկվան այժմ կանգնած է ընտրության առաջ՝ կամ պատրաստվել կապիտուլյացիայի, կամ սկսել «տոտալ» պատերազմ։ Եվ նա վստահ է, որ Պուտինի ռեժիմը անկարող է վերջին սցենարի։

«Առանց բարձրագույն պետական ​​ապարատում լայնածավալ կադրային փոփոխությունների, մենք ոչ միայն չենք կարողանա դիմակայել ժամանակի մարտահրավերներին, այլև կջարդվենք և կուլ կգնանք- գրել է Ստրելկովը։ Նա նաև կասկածանք է հայտնել, որ ռուսական «էլիտան» բաղկացած է թշնամու գործակալներից, որոնք ձգտում են ոչնչացնել Ռուսաստանը։

Պուտինը դարձել է իր սեփական Z-պրոպագանդայի պատանդը։ Եթե հրադադար հաստատվի, Ռուսաստանը ստիպված կլինի բախվել արմատականների «հեղափոխության», որոնք արդեն իսկ վճռականորեն տրամադրված են Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի հաղթական նվաճմանը։

Ուկրաինայում կարող են լինել մինչև 30 հազար խաղաղապահներ 10 երկրներից

Ուկրաինայում կարող են լինել մինչև 30,000 խաղաղապահներ 10 երկրներից։ Սա հայտնի դարձավ երեկ Փարիզում կայացած «Վճռականների կոալիցիայի» գագաթնաժողովից հետո։ Փարիզում եվրոպացի առաջնորդները համաձայնություն տվեցին ամրապնդել Ուկրաինայի պաշտպանական կարողությունները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

20-ից ավելի եվրոպական երկրներ նույնիսկ խոստացան մի շարք կոնկրետ քայլեր այս ուղղությամբ։ Եվրոպացի դիվանագետները, անանուն մնալու պայմանով, նշեցին, որ անվտանգության երաշխիքների հարցերն ավելի ինտենսիվ են առաջ շարժվում։ Միևնույն ժամանակ, 21 եվրոպական երկրների առաջնորդները համաձայնություն տվեցին աշխատել անվտանգության երաշխիքների վրա։ Սակայն դրանցից միայն 10-ն է պատրաստ պատերազմի ավարտից հետո իրենց զորքերը ուղարկել Ուկրաինա։

Ուկրաինայում անպայման կլինեն զինվորականներ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Ավստրալիայից, Նիդեռլանդներից, Բալթյան երկրներից և Հյուսիսային Եվրոպայի երկրներից։ Լեհաստանը, Իտալիան և Ռումինիան դեմ են իրենց զորքերը ուղարկելուն Ուկրաինա, բայց կօգնեն այլ ձևերով։ Գերմանիան դեռևս խաչմերուկում է և չգիտի, թե այս կողմերից որին միանա։ Երկրի օրենսդրության համաձայն՝ այս հարցը պետք է որոշի խորհրդարանը։

Դեռևս պարզ չէ, թե ինչ դեր կխաղա ԱՄՆ-ն այս ամենում։ Եվրոպան պնդում է խաղաղապահների հետախուզական և օդային պաշտպանություն ապահովել։ Թուրքիան պատասխանատու կլինի ծովի, իսկ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան՝ ցամաքի համար։ Բոլորը պատասխանատու կլինեն երկնքի համար։

Աղբյուրը նշել է, որ խաղաղապահների առավելագույն թիվը չի գերազանցի 30 հազարը, սակայն նրանց վերջնական թիվը դեռևս որոշված ​​չէ։ Միևնույն ժամանակ, խաղաղապահների գործառույթները դեռևս համաձայնեցված չեն։ Հնարավոր է, որ սա լինի «ուսուցողական առաքելություն»՝ Ուկրաինայի զինված ուժերին Արևմուտքում կամ Ուկրաինայի կենտրոնում մարզելու համար։

Նաև պարզ չէ, թե ինչպես կվարվի Եվրոպան, եթե Պուտինի բանակը սադրի խաղաղապահներին։

Կարդացեք ավելին «Диалог.UA» կայքում։

«Հայորդի». ընտանիք, որտեղ կարոտը չի խլում ուրախության իրավունքը

«Հայորդի»-ն ճամբարից վերափոխվեց ընտանիքի, որտեղ բոլորն անցել են նույն ցավի միջով եւ հույզերը բացատրելու անհրաժեշտություն չկա։

Վաչե Վարդանյանը 2020թ․ պատերազմից հետո, երբ զոհերի ընտանիքները անասելի շատ էին, որոշեց ինչ-որ կերպ օգնել այդ ընտանիքներին։ Փոքրիկ նախաձեռնությունը վերաճեց կարեւոր ու կայուն առաքելության։ «Հայորդի» հիմնադրամն այժմ բոլոր այն ընտանիքների կողքին է, որոնք հայր կամ մայր են կորցրել պատերազմների պատճառով։

«Հայորդիի» հաջողության գաղտնիքը, ըստ Վաչեի, այն է, որ հիմնադրամը հասարակությանը եւ զոհվածների ընտանիքներին սովորեցնում է․ անկախ կորստից ու դժվարություններից, յուրաքանչյուր երեխա ունի երջանիկ լինելու իրավունք։

Նա պատմում է, որ դժվար էր հասնել այդ կետին․ առաջին տարվա ճամբարում զոհված ծառայողների կանանց համար գրեթե անհնար էր ընդունել ուրախության իրավունքը։

«Ես ասում էի՝ պիտի պարեք։ Եթե չպարեք, ձեր երեխաները երբեք չեն համարձակվի պարել։ Եվ նրանք՝ արցունքները աչքերին, դուրս էին գալիս պարի։ Դա արդեն հաղթանակ էր։ Նրանք իրենց օրինակով ցույց էին տալիս, որ երեխաները չպետք է ընկճված մեծանան, որ ուրախություններն էլ են իրենցը»,- հիշում է Վաչեն։

Զոհված զինծառայողների ընտանիքների մասին հաճախ ընկալվող կարծրատիպեր փոխելը դարձավ ճամբարի կարեւոր մի մասը, որովհետեւ ծնողներ կորցրած երեխաները ամենաշատն իրավունք ունեն երջանիկ լինելու՝ վստահ է Վաչեն։

«Ես կարոտում եմ պապային ու ուզում եմ ապրել երջանիկ ու լիարժեք։ Նրանք իսկապես կարոտում են իրենց հայրերին եւ անիմաստ են դառնում բոլոր հանուններն ու պաթոսը»,-ասում է Վաչեն, ով արդեն 5 տարի է աշխատում է երեխաների ու նրանց մայրերի հետ։

«Հայորդի»-ում արդեն սերնդափոխություն է։ 18-19 տարեկան երիտասարդները, ովքեր 5 տարի առաջ նոր էին առերեսվել ցավին, հիմա օրինակ են դառնում այն ընտանիքների երեխաներին, ովքեր դեռ չեն ընդունել կորուստը։

Վաչե Վարդանյանը վստահ է, որ ցավի, տրավմայի հետ պետք է ճիշտ աշխատել, քանի որ հակառակ դեպքում այն մի օր կպայթի ու կվերածվի չարության, որը մեր հասարակությանը շատ է խանգարում։

Վաչեն Վստահ է, որ «Հայորդի»-ում ընտանիքները սովորում են հաշտ ապրել իրենց ցավի ու կորստի հետ եւ չունենալ ակնկալիքներ այլ անձանցից, փորձել լիարժեք ապրել մնացյալ կյանքը։

«Արդեն ավանդույթ է դարձել՝ ճամբարի վերջին օրը հազարավոր ծաղիկներ են բերվում եւ երեխխաները ծաղկեփնջեր են պատրաստում իրենց մայրիկների համար, ովքեր վերջին տարիներին ծաղիկներ չեն ստանում, այլ միայն տանում են․․ գերեզմանոոց։ Սա առաջին փոփոխությունն է լինում, որ մայրերը տեսնում են իրենց երեխաների մեջ»,- ասում է Վաչեն։

«Հաճախ , երբ հյուրեր ենք ունենում զարմանում են՝ զոհված ծառայողների ընտանիքները կարո՞ղ են այսպես լիարժեք ապրել։ Այո, որովհետեւ նրանք դրա իրավունքն ամենաշատը ունեն եւ առողջ հասարակության եւ ամուր հայրենիքի համար սա շատ կարեւոր է»,- հաստատում է «Հայորդի»-ի ղեկավարը։

Մարիամ Սարգսյան

Ես իմ առաջին մկրտությունն ստացա 2016 թվականին. օտար երկրում կյանքը շաքար չէ

Հայաստանից արտագաղթող արցախցիների թիվն օրեցօր աճում է։ Գարնանը, սոցիալական աջակցության դադարեցման պատճառով, իրավիճակը վատթարացավ։ Մեր հայրենակիցները մեկնում են՝ փնտրելով արժանապատիվ կենսապայմաններ, աշխատավարձ, բնակարանի համար ընդունելի վարձավճար և այլն։ Սակայն օտար երկրում նրանք հաճախ բախվում են բազմաթիվ խնդիրների, որոնցից մեկը արժանապատիվ աշխատավարձի բացակայությունն է։

Վալերա Մեհրաբյանը Ստեփանակերտից է։ Մարտական ​​սպա, ապրիլյան պատերազմի ակտիվ մասնակից, առաջին արցախյան պատերազմի հերոս Իվան Մեհրաբյանի որդին։

«Մանկուց երազում էի հորս հետքերով գնալ և զինվորական դառնալ։ Այսպիսով, դպրոցն ավարտելուց երկու տարի անց ընդունվեցի Վազգեն Սարգսյան անվան ռազմական ինստիտուտ։ 4 տարի սովորելուց հետո, ստանալով լեյտենանտի կոչում, վերադարձավ Արցախ և ծառայության անցա ՑՕՐ-ում՝ որպես դասակի հրամանատար։ Մի քանի տարի ծառայելուց հետո ինձ ուղարկեցին Ակադեմիա սովորելու։ Ավարտելուց հետո վերադարձա հայրենիք և կամավոր մեկնեցի ծառայելու շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, որտեղ նշանակվեցի գումարտակի հրամանատար։

Ես այնտեղ ստացա իմ մարտական մկրտությունը՝ 2016 թվականի ապրիլին։ Ապրիլի 4-ի առավոտյան, մարտի ժամանակ, առաջին անգամ վիրավորվեցի՝ պարանոցի շրջանում։ Հիվանդանոց գնալու ճանապարհին, ռադիոյով լսելով թշնամու նոր հարձակման և մարտական ​​​​հենակետի գրավման մասին հաղորդագրությունը, վերադարձա մարտադաշտ։ Թեժ մարտերի ընթացքում մեզ հաջողվեց վերագրավել հենակետը, բայց ես երկրորդ անգամ ծանր վիրավորվեցի, և ինձ տեղափոխեցին հիվանդանոց։

3 ամիս անցկացրի վերակենդանացման բաժանմունքում՝ կոմայի մեջ, որից հետո սկսվեց բուժման և վերականգնման երկար, տանջալից գործընթաց։ Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի բժիշկների և անձնակազմի ջանքերի շնորհիվ ես ոտքի կանգնեցի և, չնայած որոշակի սահմանափակումների, ապրում եմ լիարժեք կյանքով։

Արցախից հարկադիր արտաքսումից հետո ես, ինչպես բոլոր արցախցիները, տեղափոխվեցի Հայաստան, բայց արժանապատիվ կենսապայմանների բացակայության պատճառով որոշեցի մեկնել Ռուսաստան։ Այնտեղ հաստատվելով՝ տարա նաև ընտանիքս։ Մենք ապրում ենք Ռուսաստանի հարավի քաղաքներից մեկում՝ վարձակալելով բնակարան։ Ես ստիպված եմ աշխատել որպես բեռնակիր՝ ընտանիքս պահելու համար։ Ի վերջո, երեք երեխա ունեմ։

Առավելությունն այն է, որ քաղաքում շատ հայեր կան, որոնք այստեղ հաստատվել են դեռ 1988 թվականի իրադարձություններից հետո։ Բացի այդ, բնակարան վարձակալելը շատ ավելի էժան է, քան Երևանում։ Բայց միևնույն ժամանակ, կան մի շարք դժվարություններ, որոնց մասին ես հատկապես չեմ սիրում խոսել։ Միայն մեկ բան կասեմ՝ օտար երկրում ապրելը այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է։ Ես երազում եմ որքան հնարավոր է շուտ վերադառնալ հայրենիքս՝ նախկին հայկական Արցախ, և հույս ունեմ, որ մի օր երազանքս կիրականանա», – Step1.am-ին ասաց Վալերան։

Արսեն Աղաջանյան

Երուսաղեմի հայ համայնքը սպասում է այդ ժողովի արդյունքին

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը սեպտեմբերի 24-ին ընդհանուր միաբանական ժողով է գումարելու՝ քննարկելու հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքի հարցը։ Այս մասին step1.am-ին տեղեկացրեց Երսուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Բեդիգ Գիրագոսյանը՝ հավելելով, որ հայ համայնքի ներկայացուցիչները սպասում են այդ ժողովի արդյունքին։

Վերջին օրերին հայ համայնքի ներկայացուցիչները եռօրյա նստացույց են անցկացրել Սուրբ Հակոբ տաճարի բակում՝ պահանջելով պատրիարքից չեղարկել Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքը 99 տարով վարձակալության տալու պայմանագիրը, ինչպես նաեւ նոր պայմանագիր չկնքել։ Ի՞նչ նոր պայմանագրի մասին է խոսքը։ Պարզվում է՝ հայ համայնքը տեղեկություններ ունի պարտրարքի կողմից նոր պայամանագիր կնքելու մասին, որի բովանդակությունը, նրանց խոսքով, թաքցվում է հանրությունից։

Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքը հայոց պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Հետագայում հայ համայնքի ճնշման ներքո պատրիարքը հայտարարել էր, որ չեղարկում է այս պայմանագիր Երուսաղեմի Հայոց պատրիարքն իսրայելական «XANA CAPITAL» ընկերությանը նամակ էր ուղարկել վարձակալության պայմանագիրը չեղարկելու մասին։ Հայկական համայնքի ներկայացուցիչները, սակայն, տեղեկություն են ստացել, թե պատրիարքարանը երկրորդ պայմանագիրն է նախատեսում կնքել տարածքի վերաբերյալ։ Նրանք պահանջում են չեղարկել առաջին պայմանագիրը եւ չկնքել նորը։ Հայոց պատրիարքարանն էլ իր հերթին հերքել է նոր պայմանագրի կնքման մասին տեղեկությունները։

Բեդիգ Գիրագոսյանն ասաց, որ հայկական համայնքը սպասում է պատրարքարանի ընդհանուր միաբանական ժողովի արդյունքներին։

«Թե ինչ են քննարկելու այդ ժողովում, այսօր գաղտնի է պահվում։ Բայց մեկ բան գիտենք, որ որեւէ փաստաթուղթ, որը պետք է կնքվի կամ քննարկվի, եթե դրա վերջավորությունը նախորդ պայմանագիրը չեղարկելը չէ, դա դավաճանություն է ազգի, Եկեղեցու ու Սուրբ Հակոբի նկատմամբ։ Ավելի վաղ պատրիարքն ասել էր, որ գնալու է դատարան՝ չեղարկելու այդ պայմանագիրը։ Չգիտեմ՝ հիմա ինչ է կատարվել, որ երկրորդ պայմանագիր պիտի ստորագրեն։ Արդեն երկու տարի է՝ մենք պայքարում ենք եւ երկու ամիսը մեկ ասում ենք՝ թափանցիկություն ապահովեք, մեզ տեղյակ պահեք, բայց մինչեւ այսօր ոչ ոք ոչինչ չի ասում մեզ, պարզապես ամեն ինչ գաղտնի են պահում։ Կասկածները շատ բարձր են, որ երկրորդ պայմանագիր են կնքելու, իրենք ասում են՝ լավ կլինի, բայց մեր փաստաբանները փաստեցին, որ դրա հետեւում ուրիշ գործարք է գնում։ Չգիտենք, թե ինչ գործարք է, բայց մենք կրկնում ենք մեր տեսակետը, եթե որեւէ ուրիշ փաստաթուղթ գա մեջտեղ, դա լավ չէ»,- ասաց նա։

Բեդիգ Գիրագոսյանը նշեց, որ հայ համայնքը մարտական է տրամադրված․ «Մենք ոչ մի սանտիմետր չենք զիջելու այս հողից»։ Նա նշեց, որ ակցիան հիմա դադարեցրել են, բայց մտադիր են շարունակել։ «Իրենք ասացին, որ ընդհանուր միաբանական ժողով պետք է լինի, դրա համար մենք դադարեցրեցինք այդ ակցիան։ Ասացին, որ այդ ժողվովին ժամանելու են Սուրբ Հակոբի բոլոր միաբանները՝ Ամերիկայից եւ Եվրոպայից»,- հավելեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

 

Սաիդա Պողոսյան․ 617 երեխայի ապահովել ենք գրենական պարագաներով, պայուսակներով, հագուստով

Սայիդա Պողոսյան

Սիրելի ընկերներ,վերջին ջիգերը

Մեր համատեղ ջանքերով արդեն հասցրինք 617 երեխայի ապահովել գրենական պարագաներով, պայուսակներով, հագուստով և դպրոցական այլ անհրաժեշտ իրերով։ Բայց սեպտեմբերի 1-ից մինչ այս պահը մեզ դիմել է ավելի քան 150 ընտանիք, որոնց փոքրիկները դպրոց չեն հաճախում հագուստ, պայուսակ կամ անհրաժեշտ պարագաներ չունենալու պատճառով։ Ոմանք էլ գնում են դպրոց, բայց չեն կարողանում գնել անգամ ամենահասարակ տետրերը։

Այս խնդիրը հատկապես զգալի է բազմազավակ ընտանիքներում։

Մենք որոշեցինք մեր մոտ մնացած իրերը բաժանել, սակայն դրանք բոլորին բավարար չեն։

Խնդրում ենք միացեք և օգնեք, որ այս բալիկներն էլ դպրոց գնան ուրախ սրտով, իսկ մենք էլ մեր առօրյա գործերին անցնենք հանգիստ խղճով։

IDram

077207219

4318 2700 0055 6090

IDBank

4083 0600 1534 0876

AmeriaBank

ՀՀ 1570069545620100

Ամերիա Բանկ

Sayida Poghosyan

5454 7900 0066 2235

Converse Bank EUR

4847 0300 0012 4962

Converse Bank AMD

19300918737101 USD

Converse Bank

Converse Bank RUB

19300077594358

Եթե ՔՊ-ական լիներ, էլի այդպե՞ս կվարվեիք

Տաթեւ համայնքի կալանավորված ղեկավար Գոռ Մինասյանի դուստրը բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին եւ իրավապահ կառույցների ղեկավարներին։

Նամակը ներկայացնում ենք ստորեւ.

«Այսօր գիշերվա 4:30 էր։ Արթնացել եմ տղամարդկանց բարձր ձայներից, մինչև բացել եմ աչքերս, գլխավերևումս տեսել եմ 4 տղամարդկանց, բարձր ձայներից արթնացել են նաև ինձնից փոքր քույրերս և 3 տարեկան եղբայրս։ Սկսել են տակնուվրա անել սենյակը, գնացել կողքի սենյակ, դուրս եմ եկել հյուրասենյակ, որտեղ ևս 3 տղամարդիկ քաշքշում էին պապիկիս, ով հիմա տառապում է մահացու հիվանդության ցավերից և ով հիմա իմ խնամակալն է։ Տուն ներխուժած տղամարդիկ չեն ներկայացրել տան խուզարկման որևէ փաստաթուղթ, ներկայացել են որպես ինչ-որ 6-րդ վարչության ներկայացուցիչներ։ Հայհոյախառն խոսակցություններից ու բարձր ձայներից վախեցած քույրերիս ու եղբորս մինչև հիմա չեմ կարողանում հանգստացնել։ Ասում էին, որ ամեն ինչ խլելու են մեզանից, որ հայրս փտելու է բանտում ։

Հայրս արդեն 78 օր է, ինչ գտնվում է անազատության մեջ՝ ապօրինի։ Ես 78 օր է մտածում եմ, թե ինչու եմ ծնվել մի երկրում, որտեղ արդարություն, արդարադատություն չկա։

Բժիշկս ասում է, որ անհապաղ  պետք է վիրահատվեմ, 2 տարվա ընթացքում թվով 3-րդ անգամ։ Լինում են օրեր, երբ ոտքերս չափից դուրս թուլանում են, քայլելը դառնում է ցավոտ բեռ ինձ համար։ Բայց ես հրաժարվել եմ վիրահատությունից, հրաժարվելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ հայրս կողքիս չէ, որովհետև ինձ պետք չէ քայլել միայնակ, առանց հորս։ Հիմա միգուցե մտածեք, որ խաղում եմ կյանքիս հետ, վտանգի տակ դնում, բայց իմ կյանքն ու ապրելու իմաստը հայրս է….Հորս ապօրինի կալանավորելուց հետո, մենք մնացել ենք միայնակ, բոլորը փորձում են ամեն կերպ մեր կյանքը վերածել քաոսի, և ասեմ, որ նրանց մոտ ստացվում է. Ինձ, քույրերիս ու եղբորս միշտ ինչ-որ սև մեքենա է հետապնդում, որը ես ֆիքսել եմ տարբեր օրերի։

Հորս գործով վերջին դատական լսման ժամանակ հասկացել եմ, որ մենք միայնակ ենք, դատարանը, որ  պետք էր պաշտպաներ արդարին՝ հորս, ակնհայտ անարդար որոշումներ էր կայացնում։

Ես այլ ելք չունեմ, դիմում եմ իմ այս գրածը կարդացող յուրաքանչյուրիդ, օգնե’ք ինձ, որպեսզի մեր երկրի Վարչապետը, Գլխավոր Դատախազը, Արդարադատության նախարարը և բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում են , որ մեր երկիրը դարձնեն ավելի արդար, ավելի ապահով, ավելի լավը, կարդան իմ գրածը ու ինձ վերադարձնեն հորս և ապահովեն, որ ես, քույրերս ու եղբայրս առանց վախի, առանց սթրեսի ապրենք մեր մանկությունը….»։

Դեռ պարզ չէ, Գոռի մեղավորությունը հաստատվե՞լ է, թե՞ ոչ։

Հետքը ներկայացնում է իր տարբերակը, ենթադրելով, որ խոսքը գնում է քաղաքական հետապնդման մասին։ Գոռը պարզվում է ընդդիմադիր է, իսկ տուժող կողմը՝ Կառավարության աջակից։ Հարց է, արդյո՞ք իրավապահները նույնկերպ կվարվեյին, եթե մեղադրյալը ՔՊ-ական լիներ։

Փոփոխություններ վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացում

ՀՀ–ում սեպտեմբերի 1–ից ուժի մեջ են մտել վարորդական իրավունքի, ինչպես նաև մեքենաների առքուվաճառքի հետ կապված մի շարք օրենսդրական փոփոխություններ։
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հիշեցրեց, որ սեպտեմբերի 1–ից վարորդական իրավունքի վկայականը կլինի ոչ միայն պլաստիկ քարտով, այլև թվային տարբերակով։
Այսպիսով, պարեկները տեխնիկապես կարող են անձի դեմքի նույնականացմամբ թվային հարթակում` պլանշետներում տեսնել նրա վարորդական ամբողջ կենսագրությունը։ Նախատեսվում է հաշվառման և վարորդական վկայականների թվային տարբերակների դեպքում նաև լրացուցիչ բոնուսներ ապահովել քաղաքացիների համար` տարբեր ծառայություններից օգտվելու դեպքում։
Սեպտեմբերի 1–ից ուժի մեջ է մտել նաև հավելյալ գումարի դիմաց վարորդական իրավունքի քննությունը նաև հաջորդ օրը վերահանձնելու իրավունքը։ Այսպիսով, եթե անձը հաջորդ օրն է ուզում վերահանձնել քննությունը, ապա հավելյալ գումարը կկազմի 45 հազար դրամ, եթե 3–րդ օրը, ապա` 30 հազար դրամ։

Հայաստանը նպաստեց Մինսկի խմբի փակմանը և Սինիրլիօղլուի՝ որպես ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ընտրությանը

Մոսկվան Ղարաբաղյան կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը համարում է արդարացված՝ տարածաշրջանում իրավիճակի արմատական ​​փոփոխությունների պատճառով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին և գործել է Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահությամբ։ 2022 թվականի ապրիլին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Փարիզը և Վաշինգտոնը հրաժարվում են համագործակցել Մոսկվայի հետ խմբի շրջանակներում՝ «հայտարարելով, որ չեն շփվելու այս ձևաչափով»։ Բաքուն ևս սկսեց խոսել Մինսկի խմբի անարդյունավետության մասին։

Կազմակերպությունը լուծարելու կոչը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Սա դարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համատեղ հռչակագրի մաս։ Կազմակերպությունը լիովին կդադարի գործել մինչև 2025 թվականի դեկտեմբերը։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունել է ԵԱՀԿ նախարարական խորհրդի կողմից Մինսկի խմբի և հարակից կառույցների գործունեությունը կասեցնելու որոշումը։

«Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ այս կոնկրետ քայլի համար, որը դիվանագիտության արդյունավետության հստակ ցուցիչ է», – գրել է թուրք գործիչը իր X էջում։

Ֆերիդուն Սինիրլիօղլուն ԵԱՀԿ ղեկավար է ընտրվել 2024 թվականի դեկտեմբերին՝ Թուրքիայի, Հունաստանի և Հայաստանի միջև գործարքի արդյունքում։

ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստում հայտարարվել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման մասին։ Միաժամանակ, Հունաստանից Մարիա Թելալյանը նշանակվել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն։

Թուրք-հունական «փոխզիջումը» քննարկվում էր հուլիսից. Էրդողանը համաձայնել է, որ եթե Թուրքիայի ներկայացուցիչը դառնա ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, Հունաստանը կառաջարկի իր թեկնածուն ԺՀՄԻԳ-ի ղեկավարի պաշտոնի համար: Աթենքը առաջարկել է ազգությամբ հայի։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը, թվարկելով Թուրքիայի հետ շփումների փաստերը, որպես գլխավոր նվաճում նշել էր Հայաստանի աջակցությունը Թուրքիայի նախկին արտգործնախարար Սինիրլիօղլուին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար նշանակելու գործում: Մեկ այլ «ձեռքբերում» էր Թուրքիայի հետ համագործակցությունը Սիրիայում։

Այդ ժամանակ փորձագետները սկսեցին արդեն խոսել այն մասին, որ Մինսկի խումբը շուտով կփակվի: Այս ֆոնին Սինիրլիօղլուն 2025 թվականի ապրիլին ժամանեց Երևան, ըստ երևույթին, որպեսզի հարցնի Հայաստանի ղեկավարությանը, թե ինչպես հաղթահարել Ֆրանսիայի վետոն՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը լուծարելու կամ փոխելու համար:

Նիկոլ Փաշինյանը նախկինում խոստովանել էր, որ անձամբ խնդրում է իր արտասահմանցի գործընկերներին չանել հայամետ հայտարարություններ և դա անելու է ավելի կոշտ։

Իսկ դրանից առաջ, իր ընտրվելուց անմիջապես հետո, Սինիրլիօղլուն այցելեց Մոսկվա։ Նա ընդունեց, որ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը ճիշտ էր՝ վերջին տարիներին կազմակերպությունը «լավագույն վիճակում չէր»։ Լավրովը հիշեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ արևմտյան համանախագահները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ։

«Այժմ իրավիճակը, անշուշտ, փոխվել է։ Սակայն դժվար է պատկերացնել, թե ինչ ձևաչափով կաշխատի ԵԱՀԿ ՄԽ-ն, երբ մեկ համանախագահը իրականում ռուսաֆոբ դիրքորոշում է ընդունում, երկրորդը վերագնահատում է իր դիրքորոշումը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Բացի այդ, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատի, պետք է համաձայնություն լինի բոլոր կողմերից։ Անմիջապես ներգրավված երկրները պետք է համաձայնության գան այս հարցում», – ընդգծեց Լավրովը։

Լավրովը նկատի ուներ, որ եթե Ադրբեջանը չի ցանկանում համագործակցել ԵԱՀԿ ՄԽ-ի հետ, ապա ինչու՞ պարտադրել այն։ Իսկ եթե Հայաստանը նույնպես միանում է…

Հայաստանը միացավ, և բոլորը գոհ են, հատկապես Ռուսաստանը և Թուրքիան։