Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-5-ը կնվազի 5-8 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ սեպտեմբերի 3-ին կեսօրին երկրի շրջանների մեծ մասում կլինեն կարճատև անձրևներ։
Սեպտեմբերի 3-5-ը օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով։
Այսպիսով, Շիրակում և Կոտայքում սեպտեմբերի 3-ին սպասվում է +31°C, Գեղարքունիքում՝ +28°C, Լոռիում՝ +29°C, Տավուշում՝ +35°C, Արագածոտնում՝ +33°C, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում և Սյունիքում՝ +36°C։
Երևանում սեպտեմբերի 3-ին նույնպես սպասվում է անձրև և ամպրոպ։ Հայաստանի մայրաքաղաքում օդը կտաքանա մինչև +37°C։

Մեծ ռազմական շքերթ Պեկինում․ մասնակցում են նաև լոգիստիկ աջակցության ուժերը

Պեկինի Տյանանմեն հրապարակում տեղի է ունեցել ռազմական շքերթ՝ Ճապոնիայի կապիտուլյացիայի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի առթիվ: Հիմնական հյուրերն էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։

Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի խոսքով՝ «չինական ազգի վերածնունդը չի կարող կասեցվել», և աշխարհի երկրները պետք է «լուծեն պատերազմի արմատական ​​պատճառները և կանխեն պատմական ողբերգությունների կրկնությունը»։

«Ընդհանուր անվտանգությունը կարող է ապահովվել միայն այն դեպքում, երբ աշխարհի երկրները միմյանց վերաբերվեն որպես հավասարների, ապրեն ներդաշնակության մեջ և աջակցեն միմյանց», – ասաց նա զորքերին զննելուց առաջ։

Շքերթի սկսվելուց անմիջապես հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում գրառում կատարեց, որում, ըստ էության, մեղադրեց Ռուսաստանին, Չինաստանին և Հյուսիսային Կորեային դավադրություն կազմակերպելու մեջ։

«Մեծ հարցը, որին պետք է պատասխանել, այն է, թե արդյոք նախագահ Սին կհիշատակի այն հսկայական աջակցությունն ու «արյունը», որը Միացյալ Նահանգները տվել է Չինաստանին ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ձեռք բերելու համար՝ խորապես թշնամաբար տրամադրված օտարերկրյա զավթիչից։ Շատ ամերիկացիներ զոհվել են Չինաստանի հաղթանակի և փառքի համար պայքարում։ Հուսով եմ, որ նրանք կարժանանան արժանի պատվի և կհիշվեն իրենց քաջության և զոհաբերության համար», – ասաց նա։

Նա նաև մաղթեց Չինաստանի առաջնորդին և չինացի ժողովրդին «հիանալի և անմոռանալի տոն»։

«Խնդրում եմ փոխանցեք իմ ամենաջերմ մաղթանքները Վլադիմիր Պուտինին և Կիմ Չեն Ընին, մինչ դուք դավադրություն եք կազմակերպում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ», – ավելացրեց Թրամփը։

Փաշինյանն ու Ալիևը նույնպես ներկա էին շքերթին:

Տյանանմեն հրապարակով երթով անցան նաև չինական «լոգիստիկ աջակցության» զորքերը, այսինքն՝ զորքեր, որոնք պետք է պահպանեն այն ճանապարհները, որոնցով Չինաստանն իրականացնում է իր խաղաղ ընդլայնումը ամբղջ աշխարհում: Արդյո՞ք հենց նրանք կկանգնեն «Թրամփի ճանապարհին» և կվերահսկեն Հայաստանի հարավը: Բառացիորեն մեկ օր առաջ Ալիևն ասաց, որ «Զանգեզուրի միջանցքը» շուտով կդառնա Միջին միջանցքի մաս, ինչի համար Փաշինյանը նրան հանդիմանեց և հիշեցրեց, որ միջանցքը պետք է կոչվի «Թրամփի ճանապարհ»:

Ֆանտաստիկ որոշում կլինի՝ չինական (կամ հյուսիսկորեական) լոգիստիկ աջակցության զորքեր Թրամփի ճանապարհին, որի միջոցով Ռուսաստանը կկապվի Թուրքիայի հետ Հայաստանի օկուպացված հարավի միջոցով:

Կարծում եմ՝ այդ անդառնալի գիծը դեռ չենք անցել, բոլոր հնարավորությունները կան

«Իհարկե, հույս կա»,- Ազատության հրապարակում Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ հրավիրված հանրահավաքից հետո լրագրողներին ասաց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախ վերադառնալու, ինչո՞ւ ոչ՝ նաեւ հայկական Արցախը վերադարձնելու հույս կա՞։

«Որեւէ հույս չկա այս իշխանության գոյության պայմաններում միայն»,- հավելեց Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝  Նիկոլ Փաշինյանը, լվանալով Էրդողանի եւ Ալիեւի արյունոտ ձեռքերը, փորձում է լեգիտիմացնել Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումն ու ցեղասպանությունը, մեր կորուստները դարձնել անդառնալի։ «Բայց ես կարծում եմ՝ այդ անդառնալի գիծը դեռ չենք անցել, բոլոր հնարավորությունները կան։ Առաջին հերթին պետք է աշխարհին ցույց տալ, որ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում ու ցեղասպանություն ու այդտեղից բխեցնել հավաքական վերադարձի իրավունքը։ Անշուշտ, Արցախի հարցը փակված չէ»,- նշեց Սաղաթելյանը։

Անդրադառնալով Արցախյան շարժումը չշարունակելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Արցախյան շարժումը Նիկոլը չի սկել կամ ՔՊ-ն չի սկսել, որ հիմա էլ փակեն, դա այս ժողովրդի անցյալն է»։

Նա նշեց, որ հայ ժողովրդի հավաքական կերպարը Նիկոլ Փաշինյանը կամ Ալեն Սիմոնյանը չեն։ Թեեւ պատերազմը ծանր է եղել հայ ժողովրդի համար, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես են առաջնորդում այս ժողովրդին։ «Հիմա այս պարտված, նվաստացած ադրբեջանական ու թուրքական գործակալներն անընդհատ փորձում են ճնշել, ժողովրդին ներարկել, թե այլեւս ամեն ինչ ավարտված է։ Բայց ես մեր ժողովրդի մասին այն կարծիքին չեմ, որ միայն ստամոքսի մասին մտածող ժողովուրդ է, այս ժողովուրդը նույն 1990-ական թվականներին՝ ցրտին, մթին, ամենածանր պայմաններում առանց տրտունջի կռվել ու Արցախ է ազատագրել»,- հավելեց Սաղաթելյանը։

 

Մենք նորահայտ փրկիչների կարիք չունենք․ Ռուստամյան

«Մենք այստեղ ենք՝ վճռականորեն ասելու «ոչ» դանդաղ մահվանը դատապարտելու այս ծրագրերին։ Այստեղ ենք նաեւ ասելու՝ այո, հայ ժողովուրդը կարող է եւ ունի հնարավորություն՝ իր ինքնությունն ու սեփական պետականությունը պահպանելու։ Մնում է միայն հեռացնել այս իշխանություններին, ունենալ այդ հնարավորությունների տեղն իմացող եւ դրանք իրականություն դարձնող իշխանություն։ Մենք նորահայտ փրկիչների կարիք չունենք, մեր միասնությանը եւ հարատեւությանը հասնելու լավագույն բանաձեւը մեզ փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցու սպասավոր մեր սուրբ հայրերի կողմից՝ միություն, պայքար, հաղթանակ, սա է մեր ճիշտ ճանապարհը»,- Ազատության հւապարակում Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ հրավիրած հանրահավաքում ասաց ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը։

Նա հայտարարեց, որ այս իշխանություններին պետք է հեռացնել, քանի որ նրանք կատարում են թուրք-ադերբեջանական տանդեմի ծրագրերը, Հայաստանի պետականությունը հարվածի տակ են դնում։ Փոխարենը, Ռուստամյանի խոսքով, անտեսված են Արցախում իրականացված էթնիկ զտման եւ ցեղասպանության, Բաքվում ընթացող կեղծ դատավարությունների, հայ գերիների եւ Հայաստանի տարածքների բռնազավթման հետ կապված բոլոր հարցերը։

Արցախցիները հավատում էին միջազգային իրավունքի ուժին և ինքնորոշման իրավունքին

Սեպտեմբերի 2-ը՝ Հանրապետության օրը, հույսի տոն էր արցախցիների համար։ Նրանք անկեղծորեն և անկասկած հավատում էին միջազգային իրավունքի ուժին, որ ինքնորոշման իրավունքը միայն խոսքեր չեն, այլ ապագայի երաշխիք։ Մենք կարծում էին, որ աշխարհը կլսի մեզ և կճանաչի մեր հողում ազատ ապրելու  իրավունքը։

Ալվարդ Գրիգորյան
Սեպտեմբերի 2։ Ստեփանակերտ։ Պյատաչոկ (լուսանկար)

«Կոտրվիք վեչ, հանձնվիք վեչ, համակերպվիք վեչ, ասում են՝ արցախցու ճակատը պինդ ա»

«Արցախը հետ բերենք, որ պահենք Հայաստանը, Արցախը հետ բերենք, որ արժանապատիվ ապրենք, Արցախը հետ բերենք, որ անվտանգ ապրենք, Արցախը հետ բերենք, որ իրապես խաղաղ ու ինքնիշխան լինենք»,- Ազատության հրապարակում Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ հրավիրչած հանրահավաքում ասաց արցախցի իրավապաշտպան Նարե Սիմոնյանը։

«Այս ամոթից, անպատիվ ու անհաշտ վիճակից դուրս գալու ելք է լինելու՝ չհանձնվելով, համախմբվելով, համառությամբ եւ աննահանջ դիմադրությամբ։ Չի կարող թշնամին ավելի սկզբունքային լինել մեր հայրենիքի հարցում, չի կարող ոչ ոք ավելի շատ սիրել մեր հող հայրենին, քան մենք։ Հասկանալով, գիտակցելով, որ հեշտ չի լինելու վերադարձի ճանապարհը՝ պետք է լինենք պատրաստ, համառ ու վճռական։ Պետք է գիտակցենք, որ Տավուշը պահելու, Սյունիքը պահելու, Ջերմուկն ու Երեւանը հայկական պահելու ճանապարհը դեպի Արցախ վերադարձի ճանապարհն է»,- հայտարարեց նա։

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը պետք է ցույց տա այսօրվա իշխանություններին, որ հայրենիքի դավաճանական հանձնման հետ չենք համակերպվելու, թշնամուն արվող անպատիվ զիջումների հետ, հազարավոր զոհերի սխրանքը ոչնչացնելու հետ չենք համակերպվելու։

«Կոտրվիք վեչ, հանձնվիք վեչ, համակերպվիք վեչ, ասում են՝ արցախցու ճակատը պինդ ա, համառ ա։ Ուրեմն, ինչքան էլ դժվար լինի, պիտի քինանք, ճակատներս պնդացնելով, պիտի քինանք, տեր կանգնինք մեր հողին ու ջրին։ Հանձնվիք վեչ, որ մի օր նորից ազատ ու անկախ Արցախը ողջունի մեզ»,- կոչ արեց նա։

Մինչ վերադարձը առաջնորդվենք կարեւորագույն պատգամով՝ չհուսահատվենք, չկորցնենք մեր ազգային դիմագիծը

«Սեպտեմբերի 2-ը Արցախի հանրապետության անկախության օրն է, հայի արժանապատիվ ոգու օրն է։ Այդ պետությունը դարձավ համայն հայության իղձերի ու երազանքների մարմնավորումը, նրա հպարտությունը եւ իսկական օջախ աշխարհասփյուռ յուրաքանչյուր հայի համար։ Արցախի յուրաքանչյուր թիզ հող դրոշմված է հայի արյունով։

Այսօր ծանր ծշրջան է հայ ժողովրդի համար, մենք կարոտում ենք հեռվում մնացծ, մեզնից խլված Արցախի հողին։ Համոզված եղեք՝ Արցախն է կարոտում է մեզ։ Արցախի անկախության օրը կդառնա վերադարձի օր, մինչ այդ, առաջնորդվենք կարեւորագույն պատգամով՝ չհուսահատվենք, չկորցնենք մեր ազգային դիմագիծը։ Մենք իրավունք չունենք ծնկելու, կասկածելու, կոտրվելու, հայն իր լեռների պես համառ է ու անկոտրում եւ դա ապացուցել է իր պատմությամբ։ Մենք ազգովի նորից կծածանենք հայոց եռագույնը Արցախի հողում»,- Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

Նա նշեց՝ Արցախի անկախության օրվան նվիրված այս հանրահավաքում պարտավոր ենք հիշել նահատակված բոլոր հերոսներին, անհետ կործաներին ու Բաքվի բանտում պահվող մեր հայրենակիցներին։

«Չկորցնենք մեր հույսն ու հավատը, սերունդները մեզ չեն ների։ Արժանի լինենք մեր անվանը, արյանը, կոչումին։ Հայ լինելը պատիվ է, աստվածային օրհնություն, մեր ժողովրդի արմատները ձգվում են դարերի խորքից, հնագուն ազգ ենք, Աստծո կողմից օրհնված, որ դիմացել ենք ամեն մի փորձության։ Զինվենք հավատով, խոհեմությամբ, լինենք միասնական, այս փորձությունը եւս հաղթահարենք։ Արցախի վերադարձը մի ողջ ժողովրդի պատվի գերխնդիր է, փորձություն՝ ուժեղների համար է, ոչ թե թույլերի։ Զինվենք հավատով, այս փորձությունը եւս հաղթահարենք, թող Արցախը նորից վերածնվի ազատ ու անկախ»,- ասաց Նժդեհ Իսկանդարյանը։

«Սկզբում Սյունիքում լինելու է շատ լավ, բայց երկարաժամկետ կտրվածքով Սյունիքը հայթափավելու է»

«Սյունիքին սպասվում է հետեւյալ ճակատագիրը՝ սկզբնական շրջանում Սյունիքում լինելու է շատ լավ, բայց երկարաժամկետ կտրվածքով Սյունիքը հայթափավելու է»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը։

Նա անդրադարձավ Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթին․ «Նախաստորագրված փաստաթուղթում կա փոխադրաձության սկզբունք, այդ փոխադարձության սկզբունքը շատ վտանգավոր է։ Դա ներկայացնում են որպես դրական, բայց այդ փոխադրաձությունը վերաբերելու է ուրիշ բանի։ Ենթարդւոմ եմ, որ փոխադարձության սկզբունքով Ադրբեջանի քաղաքացիները հատելու են ՀՀ ինքնիշխան տարածքը, հայերին էլ ասում են՝ դուք էլ կարող եք հատել Ադրբեջանի սահմանը։

Եթե մարդ աշխարհագրությունից տեղյակ է եւ հասկանում է մեր բնակչության բաշխվածությունն ու տնտեսության վիճակը, պիտի հասկանա, որ դա մեկը 20 հազարի հարաբերակցություն է։ Բայց կա եւս մեկ բայց․ Ադրբեջանի քաղաքական իշխանությունը չի հրաժարվում ուժի սպառնալիքից։ 2022 թվականի ռազմական գործողությունների արդյունքում իրենք այնպիսի բնագծերում են գտնվում, որտեղից հնարավոր է ապահովել իրենց քաղաքացիների անվտանգ տեղաշարժը Հայաստանում»։

Եթե ​​Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է, ինչո՞ւ է Ալիևը զենք գնում

Այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը անշրջելիորեն է, որ Արցախի հարցը լուծվել է և դրան վերադարձ չի լինելու, որ Մեղրիի միջանցքը լինելու է Հայաստանի ինքնիշխանության ներքո, այնքան բարձրաձայն և այնքան շատ է խոսվում, որ կասկածներ է առաջացնում։

Եթե Զանգեզուրի միջանցքը լինելու է Հայաստանի ինքնիշխանության ներքո, ինչո՞ւ էր անհրաժեշտ այն տալ ամերիկացիներին, միամտորեն հարցնում է քաղաքագետը, որը սովոր է լսել աչքերով, այլ ոչ թե ականջներով։

Եթե Արցախի հարցը լուծվել է, ինչո՞ւ արցախցիները չեն կարող վերադառնալ իրենց տները։

Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն կա, ինչո՞ւ է Ալիևը զենք գնում։

Իհարկե, այլևս իմաստ չունի նման միամիտ հարցեր տալ, քանի որ պատասխանները կտա միայն Հայկական ռադիոն։ Բայց իրականությունը այլևս չի կարող թաքցվել նույնիսկ ամենասրամիտ Հայկական ռադիոն․

Ստեփանակերտում՝ Արցախի անկախության և Մինսկի խմբի լուծարման օրը, Արցախի արտաքին գործերի նախարարության շենքը քանդվում է բուլդոզերով։ Թշնամին փորձում է իրավունքը հաղթահարել քարերի դեմ պայքարելով։

Ավելի քան 16 հազար արցախցիներ արդեն (պաշտոնապես) անդառնալիորեն լքել են Հայաստանը, և սա կազմում է տեղահանված բնակչության գրեթե 15%-ը։

Արցախցիների մեծ մասը ստիպված է եղել փոխել հայկական անձնագրերը, վերցնել անհասկանալի սերտիֆիկատներ, բայց դեռևս չի կարողացել բնակարան գնել։ Ոչ ոք նրանց չի առաջարկել փոխհատուցում կորցրած գույքի համար։

Արցախցիների ինքնակազմակերպման փորձերը, մի կողմից, բախվել են Հայաստանի իշխանությունների կոշտ արձագանքին, մյուս կողմից՝ «բաժանման» քաղաքականությանը. այժմ արցախցիների մեջ կան սևեր, սպիտներ, մոխրագույններ, կարմիրներ, և նրանք չեն կարող նստել միմյանց հետ նույն սեղանի շուրջ և խոսել։

Ռուսամետ շրջանակները դեռևս հույսը դնում են Պուտինի վրա, ով շուտով կհարձակվի Ադրբեջանի վրա հյուսիսից, իսկ հայերը կգան հարավից։ Չնայած Թրամփը, Պուտինը, Էրդողանը բացահայտ խոսում են ընդհանուր շահերի մասին, Թրամփը և Էրդողանը վատն են, իսկ Պուտինը՝ լավը։

Թուրքիան և Ադրբեջանը պահանջում են, որ Հայաստանը հրաժարվի Անկախության հռչակագրից՝ այդպիսով բացահայտորեն խոստովանելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» բանալիները գտնվում են Երևանում։

Այսօր Եռաբլուրում բացվեց «Արցախի կանչը» հուշահամալիրը։ 30 տարի շարունակ Արցախում և Հայաստանում ոչ մի հուշարձան չի կանգնեցվել ի պատիվ Արցախյան պատերազմում հայերի հաղթանակի և հազարավոր զոհերի հիշատակի։ Շատ տարիներ առաջ Ստեփանակերտի զինվորական հիվանդանոցի մոտ տեղադրվեց մի քար, որի վրա գրված էր, որ շուտով այնտեղ հուշարձան կտեղադրվի։ Մեկ տարի անց քարը հանվեց և տեղափոխվեց Պապիկ-Տատիկի հետևում գտնվող ինչ-որ տեղ, և դրա փոխարեն կանգնեցվեց գեներալի տուն։

Այսօր Երևանի Ազատության հրապարակում կկայանա ՀՅԴ-ի կողմից կազմակերպված հանրահավաք՝ ի պատիվ Արցախի անկախության օրվա։ Դաշնակցությունը «բաց թողեց» օգոստոսի 23-ը և չանցկացրեց հանրահավաք Անկախության հռչակագրի օրը, որտեղ նշվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշումը։ Արցախի անկախությունը մեծ նվաճում էր, բայց դա միայն միացումի ուղղությամբ քայլ էր։

«Եթե ոչ մեկ-երկու, ապա 5 տարի հետո Ղարաբաղի վերադարձի իրավունքը ապահովված է լինելու». Կիմ Բալայան

«Որեւիցե տարբերակ չկա, որ Արցախի հարցը չլուծվի, որովհետեւ այն սկզբունքները, որոնք ձեւավորվել են միջազգային իրավունքում, ասում են՝ ուժի միջոցով որեւիցե խնդիր չի կարելի լուծել։ Ոչ միայն ուժի միջոցով, այլ ցեղասպանության միջոցով է լուծվել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այսօր դժբախտաբար եւ Թրամփը, եւ Պուտինը դարձան ցեղասպանական գործողություններին աջակցողներ՝ համաձայնելով լուծարել Մինսկի խումբը»,-այսօր «Արցախ. չլուծված հակամարտություն, վերադարձի իրավունք» միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողներին ասաց Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանը։

Նա նշեց, որ ինքնորոշման իրավունքն այնպիսի իրավունք է, որը ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներից է։ Հետեւաբար, արցախցիների ինքնորոշման իրավունքը չի կարող մոռացվել։

«Ղարաբաղի հարցը լուծվելու է, բայց այսօր մի խնդիր կա՝ ի՞նչ երաշխիքով պետք է Ղարաբաղի ժողովուրդը հավաքականորեն վերադառնա Ղարաբաղ։ Խոսքը հավաքական վերադարձի մասին է, սեփականության իրավունքից զրկվել են նրանք։ Եթե մենք ունենայինք գոնե մեկ տոկոս մտածելակերպ ունեցող իշխանություն, այսօր այսպես չէր լինի։ Այսօր Հայաստանի իշխանությունները բոլոր պայմանները ստեղծում են, որ ղարաբաղցիները Հայաստանում էլ չմնան։ Նիկոլ Փաշինյանի գլխում ոչ մի բան հենց այնպես չի ծնվում։ Համաշխարհային հզոր ինստիտուտներ կան՝ պրոթուրքական, որոնք աշխատում են իր ծրագիրը մշակելու ուղղությամբ։ Բայց Վազգեն Սարգսյանը մի խոսք ուներ, ասել էր՝ ղարաբաղցիներից վախեցեք այն ժամանակ, երբ զենքով կտեղափոխվեն Հայաստան։ Նիկոլ Փաշինյանն այդ կարգախոսը հաշվի առնելով՝ պոստ դրեց Ղարաբաղից տեղափոխվողների համար, որպեսզի որեւիցե զենք չկարողանան տեղափոխել Հայաստան։ Ամեն ինչ մտածված է իր կողմից։ Եթե ոչ մեկ-երկու, ապա առնվազն 5 տարի հետո, ես կարծում եմ, Ղարաբաղի վերադարձի իրավունքը ապահովված է լինելու»,- ասաց Կիմ Բալայանը։

 

Նարինեն երկու երեխաների հետ օգոստոսի 31-ին է ՌԴ-ից վերադարձել Հայաստան

Արցախից տեղահանված և Ռուսաստանի Դաշնություն արտագաղթած Նարինեն երկու դպրոցահասակ երեխաների հետ օգոստոսի 31-ին է վերադարձել Հայաստան։ Ընտանիքին չի հաջողվել երեխաներին տեղավորել դպրոցում։ Նարինեի խոսքով՝ դպրոց ընդունվելու համար մի քանի անգամ թղթերը հանձնել են ու ամեն անգամ, տարբեր պատճառաբանություններով մերժում ստացել։ Անգամ օգոստոսի 30-ին է դիմել՝ հույս պահելով, որ երեխաները կկարողանան ընդգրկվել, սակայն անմիջապես եկել է բացասական պատասխանը, այս անգամ արդեն նշելով, որ դպրոցում սպառված են բոլոր տեղերը։

-Գուցե այդպես պետք է լիներ, ու իմ երեխաները Մայր Հայաստանում պետք է դպրոց գնան, հայերեն սովորեն։ Կրթությունը շատ կարևոր է մարդու համար, առանց որի մարդ չի կարող կյանքում իր տեղը գտնել։ Այստեղ առանց որևէ խնդրի ու ավելորդ քաշքշուկի ընդառաջեցին, երեխաներին ընդունեցին դպրոց։ Ռուսաստանում ամիսներով չարչարվեցինք, ոչինչ չստացվեց, իսկ Հայաստանում անմիջապես լուծվեց հարցը։ Միևնույն է, օտար հողը միշտ օտար է մնալու մեզ համար։ Ճիշտ է, ոչ բոլորն են այնտեղ կանգնում խնդիրների առաջ, մի մասը գտնում է իրեն, լուծում հարցերը, սակայն ամեն քայլափոխի պետք է զգույշ լինի, որովհետև ինքն այնտեղ տեղացի չէ։

Հետ դառնալու ժամանակ օդանավակայանում մի քանի ընտանիքներ կային, որոնք նույն խնդրի պատճառով վերադառնում էին Հայաստան։ Պատահական լսեցի, որ խոսում են հարազատ բարբառով, մոտեցա ու սկսեցինք զրուցել մեր խնդիրների շուրջ՝ ևս մեկ անգամ համոզվելով, որ աշխարհում ամենահրաշալի տեղը դա Արցախն էր, որտեղ ամեն ինչ հեշտությամբ էր լուծվում ու ամեն ինչ չափազանց հարազատ էր։

Նարինեն ապագայի հանդեպ դեռևս ոչ մի ծրագիր չունի, չի կողմնորոշվել՝ մնալու է Հայաստանում, թե կրկին մեկնելու է ՌԴ, որովհետև ամուսինը մնացել է այնտեղ՝ աշխատելու։ Այս պահին նրա համար կարևորը երեխաների կրթությունն ու հայեցի դաստիարակությունն է։ Հաստատվել են Էջմիածին քաղաքում։

 Նույն խնդրի առաջ է կանգնել Ստեփանակերտից տեղահանված Մերին։ Արցախից տեղահանվելուց հետո միանգամից մեկնել են ՌԴ Միտիշի քաղաքը։ Ունի 3 երեխա երկուսը դպրոցահասակ են։

-2023-ի հոկտեմբերին օնլայն հանձնել եմ աղջկաս փաստաթղթերը, ով սովորում էր 3-րդ դասարանում։ Դիմումս ընդունվել է, ու աղջիկս գնացել է դպրոց։ Սակայն 2024-ին, երբ արդեն մյուս երեխաս պետք է գնար առաջին դասարան, իմ դիմումը մերժվել է՝ անհեթեթ պատասխանով, որովհետև մեր բոլոր փաստաթղթերն օրենքով էին գրանցված։ Ստիպված երեխաներիս հետ վերադարձել եմ Հայաստան։ Ուսումնական տարին ավարտելուց հետո կրկին մեկնել ենք ՌԴ, քանի որ ամուսնիս աշխատանքի պատճառով մնացել էր այնտեղ։ Երեք ամիս շարունակ մենք պայքարում էինք, որ երեխաների դպրոցի հարցը լուծվի, սակայն այդպես էլ չստացվեց։ Նորից վերադարձանք ու ապրում ենք կիսված ընտանիքով։ Փոքրիկներիս համար շատ ծանր է, կարոտում են հորը, սակայն  ամուսինս այստեղ համապատասխան աշխատանք չի գտնում ու ստիպված է մնալ ՌԴ-ում։ Նորից տուն ենք վարձակալել ու մնալու ենք մինչև ուսումնական տարվա վերջը։ Հույս ունեմ, որ հաջորդ տարի մեր ընտանիքը կարողանա միավորվել։

Նմանատիպ խնդիրներ ունեն բռնատեղահանված շատ ընտանիքներ, որոնք Արցախից տեղահանվելուց հետո, ՀՀում չկարողանալով ինտեգրվել, ստիպված արտագաղթել են տարբեր երկրներ մի մասը նորից վերադառնում է։ Ի՞նչ է սպասվում արցախցի ընտանիքներին մինչև երբ պետք է փորձությունները հետապնդեն մարդկանց։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

«Դուրս են բերվել 10 հազարից ավել զինված ուժեր, ուժային կառույցների ներկայացուցիչներ»

«Մեր ծննդավայր, մեր հայրենիք վերադառնալու հարցը միջազգային տեսանկյունից մեր իրավունքն է եւ մենք չենք պատրաստվում դրանից հրաժարվել։ Արցախցին իրավունք ունի վերադառնալու իր հայրենիք, իր տուն, իր գերեզմանների ու սրբությունների մոտ, դա մեզ համար փակ թեմա չէ։ Երեւի հարց կառաջանա՝ ինչպե՞ս, դա քննարկումների հարց է։ Եվ պետք է այս հարցի շուրջ ստեղծվի հնարավորություն՝ այդ բնակացություններն իրականացնելու համար»,- այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։

Նա հիշեցրեց, որ Շվեյցարիայի խորհրդարանը ստեղծել է նման հնարավորություն։ Եվ հույս ունեն, որ այդ հնարավորությունից կօգտվեն։ Ըստ Շահրամանյանի՝ բացի Շվեյցարիայից, նաեւ այլ միջազգային խաղաղացողներ ու պետությություններ, տեսնելով 100 հազարից ավելի արցախցիների բռնի տեղահանությունը, կնախաձեռնեն նման հնարավորություն եւ կապահովեն արցախցիների խաղաղ ու արժանապատիվ վերադարձը հարցը։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը եւ հարցին, որ եթե Մինսկի խումբը չկա, ի՞նչ ձեւաչափով է շարունակվելու Արցախի հարցի քննարկումը, Շահրամանյանն ասաց․ «Մենք դեմ ենք արտահայտվել Մինսկի խմբի լուծարմանը, քանի որ դա միակ միջազգային մեխանիզմն էր Արցախի կոնֆլիկտով զբաղվելու համար։ Բայց Մինսկի խմբի գոյության պայմաններում եւս հնարավոր է եղել արցախցիներին բռնի տեղահանել իրենց հայրենիքից։ Եվ մենք հույսով ենք, որ կստեղծվեն այլ մեխանիզմներ՝ այդ հնարավորությունից օգտվելու համար»։

Շահրամանյանն ասաց, որ հույս ունի՝ առաջիկա ընտրությունների ժամանակ Հայաստանի քաղաքացին իր խոսքը կասի եւ ըստ դրա՝ արցախցիները եւ Արցխաի իշխանությունները եւս կկողմնորոշվեն։

Անդրադառնալով պատմության նոր դասագրքում տեղ գտած այն ձեւակերպմանը, թե Սամվել Շահրամանյանը ստորագրել է Արցախի լուծարման փստաթուղթը, Սամվել Շահրամայնանն ասաց, որ դա իրականության հետ աղերս չունի։ «Փաստաբան Ռոման Երիցյանն անդրադարձել է այս հարցին, կգնանք իրավական ճանապարհով, կտրվի իրավական գնահատական։ Մենք տեղափոխվելուց հետո այդ փաստաթուղթն անվավեր ենք ճանաչել։ Եթե որեւիցե մեկը համարում է, որ գոյություն ունի նման փաստաթուղթ, նույն մարդը պետք է հաշվի առնի, որ գոյություն ունի փաստաթուղթ, որը դա անվավեր է ճանաչել։ Մեզ համար այդ թեման փակ է, եւ ով կուզի, Արցախը կտեսնի, ով չի ուզի, կփնտրի նման փաստաթղթերից կառչելու պատճառներ»,- ասաց Շահրամանյանը։

«Ես այդ գործերով ունեմ վկայի կարգավիճակ, Քննչական կոմիտեից հրավիրելու պարագայում, կներկայանամ։ Հաշվի առնելով, որ քրեկաան գործի շրջանակներում գաղտնիությունը պետք է ապահովվի, չեմ կարող մանրամասն բացատրել, բայց դա վերաբերում է Արցախում վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններին»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Հարցին՝ կան տեղեկություններ, որ հնարավոր է իրեն կալանավորեն, պատրա՞ստ է դրան, Սամվել Շահրամանյանը պատասխանեց․ «Մենք ամեն ինչի պատրաստ ենք»։

Հարցին, թե ճի՞շտ է, որ Սամվել Բաբայանն է իր դեմ հաղորդում տվել, Շահրամանյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, թե ինքը ինչ հաղորդագրություն է տվել, կամ ինքն է տվել, թե չէ։ Եթե չլիներ նման քրեական գործ, ես գտնում եմ, որ դա պետք է նախաձեռնվեր, որպեսզի դրա շրջանակներում պարզվեր ճշմարտությունը»։

Անդրադառնալով Արցախի ներկայացուցչության շենքի շուրջ ծագած իրավիճակին, Սամվել Շահրամանյանն ասաց․ «Արցախի ներկայացուցչությունը օրինական ճանապարհով վերցնել անհնար է»։

Շահրամանյանը նաեւ ասաց, որ Արցախի իշխանության բոլոր ճյուղերն այսօր գոյություն ունեն՝ օրենսդիր, գործադիր եւ դատական։ «Արցախի նախագահ ունենալու հարցը փակ չէ, դա բաց է։ Եվ ըստ իրավիճակի անհրաժեշտության դեպքում մենք այդ հարցը կլուծենք»,- նշեց նա։

Սամվել Շահրամանյանը նաեւ նշեց, որ շատ շահարկումներ կան Եվլախի այսպես կոչված բանակցությունների հետ կապված․ «Ուզում եմ տեղեկացնել, որ ես Եվլախում չեմ եղել երբեւիցե, որւեիցե բանակցություն չեմ վարել։ Եվլախ գնացող մարդիկ որեւիցե փաստաթուղթ չեն ստորագրել, այնտեղ իրականացվել է զուտ հումանիտար բնույթի հարցերի քննարկում՝ հոսանքի, գազի վերականգնում, վիրավորների հետ կապված հարցեր, անվտանգ դուրս բերելու հարցեր»։

Այդ փաստաթուղթը միակ հնարավորությունն է եղել՝ ապահովելու արցախցիների անվտանգ դուրս բերումը շրջափակումից։ Դուրս են բերվել 10 հազարից ավել զինված ուժեր, ուժային կառույցների ներկայացուցիչներ՝ իրենց նախարարներով, ղեկավարներով, ասել է նա։