Ֆրանսիան կոչ է անում հիվանդանոցներին պատրաստ լինել մեծ թվով վիրավորներ ընդունելու մինչև 2026 թվականի գարունը

Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը կոչ է արել հիվանդանոցներին պատրաստ լինել ընդունել մեծ թվով վիրավորների մինչև 2026 թվականի գարունը, հաղորդում է Le Figaro-ն։

2025 թվականի հուլիսին ֆրանսիական հիվանդանոցները Առողջապահության նախարարությունից հրահանգներ են ստացել, որոնցում նշված է, որ մինչև 2026 թվականի մարտը նրանք պետք է պատրաստ լինեն ընդունել հարյուր հազարավոր վիրավոր ֆրանսիացի և օտարերկրյա զինվորների։

Սա նշանակում է, որ ֆրանսիական իշխանությունները չեն բացառում Եվրոպայում խոշոր պատերազմի հնարավորությունը, որը կարող է սկսվել առաջիկա ամիսներին։ Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը քննարկում է օդանավակայանների և նավահանգիստների մոտ բժշկական կենտրոններ ստեղծելու հնարավորությունը վիրավոր օտարերկրյա զինվորներին տուն ուղարկելու համար։

Հաշվարկվում է, որ Եվրոպայում խոշոր պատերազմի առաջին ամիսներին կարող է լինել 10-ից մինչև 50 հազար զոհ։

Ֆրանսիայի առողջապահության և համերաշխության նախարար Կատրին Վոտրենը իր հարցազրույցի ժամանակ չհերքեց հիվանդանոցների համար նման հրահանգների գոյությունը։ Նա ասաց, որ բժշկական հաստատությունները անընդհատ պատրաստվում են համաճարակների, հիվանդների ընդունման։ Նրա խոսքով՝ լիովին նորմալ է, որ իշխանությունները պատրաստ լինեն ցանկացած զարգացման։

«Արցախի կանչ» հուշակոթողը բացվեց Եռաբլուրում

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Արցախի կանչ» հուշակոթողի բացումը։

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ օրհնվեցին հուշակոթողի խաչքարերը։

Հուշակոթողը նվիրված է Արցախյան բոլոր պատերազմների զոհերի, Արցախում հուղարկավորվածների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։

Հուշակոթողի ճարտարապետներն են Վլադիմիր և Միքայել Սարգսյանները, քանդակագործը Ռոբերտ Ասկարյանն է։ Վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հիշատակը հավերժացնող քանդակի հեղինակը Վարազդատ Համբարձումյանն է։

Հուշահամալիրի ստեղծման մտահղացման հեղինակն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն է, որը նախաձեռնության է վերածել Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը։ Հուշահամալիրի կառուցումը ֆինանսավորել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն ընտանեկան միջոցներից։ Հուշարձանի տարածքը տրամադրել է իշխանությունը։

Ալիևը հպարտացավ, Փաշինյանը նույնպես գոհ էր. Մինսկի խումբը վաղուց էր խանգարում «երկկողմ խաղաղությանը»

Երեկ Շանհայի համագործակցության կազմակերպության նիստում տեղի ունեցան մի քանի նշանակալի իրադարձություններ, որոնք կարող են կանխորոշել Ալիևի և Փաշինյանի ապագան։

Նախ, Ալիևը այդպես էլ չի հանդիպել Պուտինի հետ, ի տարբերություն Փաշինյանի, որը ռուս և հայ ժողովուրդներին անվանել էր «եղբայրական»։ Ո՞վ «չի համաձայնվել» հանդիպմանը՝ Պուտինը, թե՞ Ալիևը, միայն կարելի է կռահել։

Երկրորդ, Հնդկաստանը և Պակիստանը, ինչպես հայտնի դարձավ ոչ պաշտոնական աղբյուրներից, համապատասխանաբար արգելափակեցին Ադրբեջանի և Հայաստանի անդամակցությունը ՇՀԿ-ին։ Միևնույն ժամանակ, Ալիևը անմիջապես մեղադրեց Հնդկաստանին՝ Պակիստանին աջակցելու համար Ադրբեջանից վրեժ լուծելու մեջ և շնորհավորեց Իսլամաբադին Հնդկաստանի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ։ Փաշինյանը չմեղադրեց Հնդկաստանին. գուցե նա գիտեր, որ ինչ-որ մեկը խնդրել է Հնդկաստանին վետո դնել։

Իր ելույթի ժամանակ Ալիևը նորածին«Թրամփի ճանապարհը» անվանեց «Զանգեզուրի միջանցք»՝ ասելով, որ այն շուտով կմիանա Միջին միջանցքին։ Փաշինյանը հանդիմանեց Ալիևին և հիշեցրեց նրան ճանապարհի իրական անվանումը՝ ակնհայտորեն ակնարկելով Թրամփին, որ եթե իր անունը կրող ճանապարհը չբացվի, մեղավորը Ալիևն է։

ՇՀԿ-ի եզրափակիչ հայտարարության մեջ Ռուսաստանին մեղադրանք չառաջադրվեց, ընդհակառակը, Պուտինը կրկին նշեց Ուկրաինայի հետ «խաղաղության» պայմանները, որոնք ավելի շատ կապիտուլյացիայի են նման։ Սին և Մոդին չառարկեցին։ ՇՀԿ-ն նաև դատապարտեց Գազայի օկուպացիան և ընդգծեց Իրանին հարվածելու անթույլատրելիությունը։ Ալիևը լռեց, Փաշինյանը ժպտաց։

Բայց ամենակարևորը այն էր, որ հայտարարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի փակման սկզբի մասին։ Գործընթացը կձգվի մինչև տարեվերջ, հայտարարեց Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար և այժմ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։ Ալիևը հպարտորեն շփեց ձեռքերը, Փաշինյանը նույնպես գոհ էր. Մինսկի խումբը վաղուց խոչընդոտ էր Ալիևի հետ «երկկողմ խաղաղությանը»։ Ավելին, ՄԱԿ-ը ի դեմս մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թուրքի, ևս չի առարկի արցախցի ժողովրդի իրավունքների խախտումները։

Բայց ամենա պիկանտւ Չինաստանում՝ Էրդողանի կնոջ կողմից կազմակերպված քասթինգն էր, թե որի կինն է ավելի գեղեցիկ՝ Փաշինյանինը, թե՞ Ալիևինը։ Միակ հարցը, որը մնում է բաց, այն է, թե ով ում կհրավիրի Էջմիածին թեյ խմելու։

Արցախցին տերն է իր հայրենիքի, իր պատմության, իր հոգևոր և մշակութային ժառանգության․ Հայտարարություն

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակման 34-ամյակի կապակցությամբ
Սիրելի’ հայրենակիցներ
2025 թվականի սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակման 34-րդ տարեդարձը։ Այս տարեթիվը հայ ժողովրդի համար ոչ միայն պատմականորեն հիշարժան օր է, այլև միջազգային իրավունքի հիման վրա ինքնորոշման և խաղաղ ապրելու իրավունքի վկայություն։
Համահայկական կարևորություն ունեցող այդ որոշումը կայացվեց պատմական և իրավական հիմքերի վրա։
1991 թվականի սեպտեմբերի 2-ը դարձավ Արցախի պետականության սկիզբը։ Երեսուն տարիների ընթացքում՝ սահմանադրական ամուր հիմքերով և արդյունավետորեն գործող պետական ու ժողովրդավարական հաստատություններով, Արցախի ժողովուրդը ապահովում էր հայկական երկրորդ հանրապետության զարգացումը։
Թեև Արցախի Հանրապետությունը միջազգային ճանաչում չուներ, այն կայացած պետական համակարգ էր և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության մատակարար, որի հետ հաշվի էին նստում ոչ միայն տարածաշրջանային ուժերը, այլ նաև միջազգային կշիռ ունեցող տարբեր կենտրոններ։
2020 թվականի պատերազմը, իսկ այնուհետև՝ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական գործողությունները, Արցախի Հանրապետության տարածքի ամբողջական զավթումն ու հայաթափումը մարդկության պատմության մեջ արձանագրվեցին որպես սև և ամոթալի էջ, որտեղ ինքնորոշման ու ազատ ապրելու իրավունքը զոհաբերվեց ուժի, տնտեսական և ամբողջատիրական շահերին։
Մենք հիշում և խոնարհվում ենք բոլոր նրանց առջև, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը։ Ինչպես յուրաքանչյուր ազգային մտածողությամբ օժտված անհատ, պատմական արդարության վերականգնման համար մենք պարտավոր ենք շարունակել պայքարը և զինվորագրվել հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժմանը։
Այսօր, երբ Արցախի պետական կառույցները վտարանդի են, իսկ ժողովուրդը զրկված է իր հայրենի հողից, Արցախի Ազգային ժողովը՝ որպես առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմին, արտահայտելով հանրապետության ողջ բնակչության կամքն ու դիրքորոշումը, հարկ է համարում մեկ անգամ ևս շեշտել և միջազգային հանրությանը հիշեցնել.
📌Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակումը հիմնված է այդ օրերին գործող Խորհրդային Միության օրենքների վրա, ուստի օրինական է և չի կարող կասկածի տակ դրվել բռնապետական ուժերի կողմից կիրառվող ճնշումների և կամայական մեկնաբանությունների լույսի ներքո։
📌Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության և հարակից տարածքներում հազարամյակների ընթացքում ձևավորված հայկական ազգային մշակութային և կրոնական արժեքները մաս են կազմում համամարդկային քաղաքակրթության, և դրանց պահպանումն ու խնամքը միջազգային համապատասխան կառույցների գործառույթների անբաժանելի մասն են։
📌Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է, որի անտեսումը շարունակությունն է Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության։
📌ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատում ներառված է նաև Արցախի ժողովրդի իրավունքների հարցը, ուստի այդ խմբի լուծարումը՝ առանց այդ իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների և երաշխիքների մշակման, անթույլատրելի է։
Վերը նշված հիմնավորումներից ելնելով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը պահանջում է Հայաստանի Հանրապետության իշխանություններից և կոչ է անում միջազգային իրավասու կազմակերպություններին ու միջնորդ երկրներին՝ հայ-ադրբեջանական բանակցություններում օրակարգային հարց դարձնել գերիների և պատանդների ազատումը, արցախահայության վերադարձը հայրենի բնօրրան և պատմական հայրենիքում ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը։
Տարածաշրջանում իրական խաղաղությունն ու երկարատև կայունությունը պահանջում են արդարության վրա հիմնված, հավասարակշռված և կողմերի համար ընդունելի լուծումներ, ոչ թե հարկադրանքի և աշխարհաքաղաքական առևտրի վրա կառուցված ժամանակավոր իրավիճակային պարտադրանք։
Արցախյան խնդիրը հանգուցալուծված չէ, Արցախի հարցը փակված չէ, քանի որ ցեղասպանական գործողությունների վավերացումն ու դրանց հետևանքների լեգիտիմացումը չեն կարող դիտվել որպես վերջնարդյունք՝ միջազգային գրված և չգրված, իրավական և բարոյական տիրույթներում։
Արցախցին տերն է իր հայրենիքի, իր պատմության, իր հոգևոր և մշակութային ժառանգության, իր անցյալի և ապագայի, իր իրավունքների և առաքելության։
Արցախի Հանրապետության Ազգային ժողով
02․09․2025
ք․ Երևան

Ռուսաստանում սովորական դարձած պատերազմ. կրկին Ռոստով

Դոնի Ռոստովի Լևենցովսկի միկրոշրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով երկու բնակելի շենքերի վերին հարկերը հրդեհվել են, իր Telegram ալիքում հայտնել է Ռոստովի մարզի նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը։

Մարզի ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ Տկաչևի փողոցում գտնվող 19-հարկանի շենքի ճակատային մասը և տանիքը վնասվել են, սակայն բնակիչների տարհանման անհրաժեշտություն չի եղել։ Ելյանի փողոցում վնասվել են 25-հարկանի շենքի բնակարանների ճակատային մասը և ապակեպատումը։ Գիշերը, նշել է Սլյուսարը, չորս մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, դիմել է բժշկական օգնության։ Հարձակումից հետո մասնագետները նրանց առողջությանը «լուրջ վնաս» չեն գրանցել։

Միևնույն ժամանակ, օպերատիվ աշխատակիցները բնակարաններից մեկում հայտնաբերել են պայթող արկ, ուստի սկսվել է շենքի 320 բնակիչների տարհանումը։ Բնակչության համար ստեղծվել է ժամանակավոր տեղավորման կենտրոն։

Եթե Հադրութը չվերականգնենք, Ստեփանակերտն է կործանվելու, Ստեփանակերտը չվերականգնենք, Երեւանն է կործանվելու

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը step1.am-ի հետ զրույցում արցախցիներին կոչ է անում սեպտեմբերի 2-ին մասնակցել Ազատության հրապարակում ՀՅԴ կողմից անցկացվելիք հանրահավաքին։

«2020 թվականին, երբ Արցախից տեղահանվեցինք, անընդհատ ցույցեր էինք անում ու շեշտում էինք մեր ելույթներում, որ թուրքերի նպատակակետը Հադրութը չէ, այլ Ստեփանակերտն ու Երեւանն են։ Եվ ասում էինք, որ եթե Հադրութը չվերականգնենք, Ստեփանակերտն է կործանվելու, Ստեփանակերտը չվերականգնենք, Երեւանն է կործանվելու։ Եվ այդ ճանապարհով էլ գնում է հայ ազգը հիմա։ Այսօր էլ որոշ ուժեր խոսում են Արցախ վերադարձի մասին, նույնիսկ ՀՅԴ-ն հայտարարել է, որ սեպտեմբերի 2-ին նշելու են Ղարաբաղի անկախության օրը՝ Արցախ վերադարձի պահանջով, բայց շեշտվում է արցախցիների վերադարձի հարցը, ոչ թե Արցախի վերադարձի։ Այնինչ, մենք ասում ենք, որ եթե Արցախը չվերադարձվի Հայաստանին, Մեղրիի միջանցքով կամ Սյունիքով անդառնալին, այսինքն՝ ինքնիշխանության լրիվ կորուստը մոտենում է Երեւանին»,- ասաց նա։

Հայրյանի խոսքով՝  Նիկոլ Փաշինյանը, ռուսներն ու թուրքերն ուզում են արցախցիներին ինտեգրել Հայաստանում, այդպիսով Արցախի հացը կջնջվի, արանքից դուրս գա։ Բայց միաժամանակ իրենք հիմա էլ դեմ չեն, որ արցախցինեի ինչ-որ մասին վերադարձնեն Արցախ ու ինտեգրեն Ադրբեջանին, դա Լավրովի պլանի մի մասն էր։

«Հայաստանի ռուսական կրեատուրան էլ դա անընդհատ կրկնում է՝ արցախցիների վերադարձ։ Բայց բանաձեւը մեկն է՝ արցախցիների վերադարձը մեզ պետք չէ, մեզ պետք է, որ Արցախը վերադառնա Հայաստան, լինի Հայաստանի կազմում։ Եթե Արցախի վերադարձը Հայաստանին չլինի, կրկնում եմ, անդառնալին Սյունիքով մոտենում է Երեւանին։ Հետեւաբար, սկզբունքային կողմ չլինելով սեպտեմբերի 2-ի հանրահավաքի կոչի հետ՝ այնուամենայնիվ կոչ եմ անում ժողովրդին մասնակցել այդ միտինգին։ Գոնե բողոքի մասը պետք է ապահովել, որ չստացվի այնպես, թե Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակը ռուսների ու թուրքերի առաջադրանքով փակում են Արցախի հարցը, վերացնում են Հայաստանի ինքնիշխանությունը»,- նշեց Հայրյանը։

Վատիկանում ԵՄ դեսպան. Եվրոպան պետք է ուժի լեզվով խոսի «ուժեղ տղամարդկանց»՝ Թրամփի և Պուտինի հետ

Եվրոպական Միությունը պետք է սովորի խոսել ուժի լեզվով և ցուցաբերի անսասանություն «ուժեղ տղամարդկանց»՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների՝ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի դեմ։ Այս կարծիքը հայտնել է Վատիկանում ԵՄ դեսպան Մարտին Զելմայրը երկուշաբթի երեկոյան՝ սեպտեմբերի 1-ին, Դրեզդենում Սաքսոնիայի կաթոլիկական գրասենյակի ամենամյա ընդունելության ժամանակ։ Այս մասին հայտնել է DW-ն։

«Ուժեղ մարդկանց դարաշրջանը միջազգային հարաբերություններին բերում է վաղուց չապրված անորոշություն», – ասել է նա։ «Տեղի են ունենում բաներ, որոնք մի քանի ամիս առաջ անհնար էին համարվում»։

Զելմայրի խոսքով՝ Թրամփը և Պուտինը «հասկանում են ուժի լեզուն, ինչպես նաև թուլության լեզուն». «Նրանք լուրջ չեն ընդունի նրանց, ովքեր անընդհատ զիջում են»։ Այս առումով գերմանացի դիվանագետը կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն պետք է պատասխան մաքսատուրքեր սահմանի Միացյալ Նահանգներից ներմուծվող ապրանքների վրա։ Ի վերջո, «բացի տնտեսական ուժի Եվրամիությունը ոչինչ չունի հակադրվելու «ուժեղ տղամարդկանց»։

Դատական ​​​​հայց է ներկայացվել օկուպացված Շուշիի «վերակառուցմանը» մասնակցող բրիտանական ճարտարապետական ​​​​ընկերության դեմ

Kerkonian Dajani LLP

Մեծ Բրիտանիայի Ազգային կոնտակտ կետը (NCP), որը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության խոշոր գործակալություն է, հայտարարել է, որ պաշտոնապես կգնահատի բրիտանական Chapman Taylor ճարտարապետական ​​ընկերության մարդու իրավունքների պահպանումը՝ կապված Շուշիի վերակառուցման հետ։

«NCP-ն կարծում է, որ բողոքարկողի կողմից ներկայացված մեղադրանքները ընդգծում են մարդու իրավունքների վիճակի լրջությունը այն տարածքներում, որտեղ Chapman Taylor-ը վերակառուցում է իրականացրել», – ասել է NCP-ն իր նախնական գնահատման մեջ։

Պատասխանատու բիզնեսի կազմակերպությունը ընդունել է Kerkonian Dajani LLP-ի բողոքը՝ Ավան Շուշիի գործընկերության անունից, Chapman Taylor-ի կողմից Լեռնային Ղարաբաղի պատմական Շուշի քաղաքի վերակառուցման դեմ։ Բողոքում պնդվում է, որ Chapman Taylor-ը խախտել է կորպորատիվ պատասխանատվության համաշխարհային չափանիշները՝ չմեղմացնելով կամ չվերացնելով Արցախի բնիկ հայերի հանդեպ մարդու իրավունքների խախտումները։ Մեծ Բրիտանիայի NLC-ն եզրակացրել է, որ դիմորդների կողմից մեջբերված բոլոր դրույթները արժանի են լրացուցիչ քննության և ավելի հեռու է գնացել՝ ավելացնելով երկու լրացուցիչ դրույթ՝ II գլխի 2-րդ և 15-րդ կետերը։

«Կորպորատիվ շահերը հիմնարար դեր են խաղում ճնշող ռեժիմների կողմից մարդու իրավունքների խախտումները լուսաբանելու գործում: Այս գործընթացը կարևոր է բազմազգ գործիչներին հիշեցնելու համար, որ նրանց միջազգային մարդու իրավունքների պատասխանատվությունը շատ ավելի լայն է, քան հաշվեկշիռները և կորպորատիվ նվիրատվությունները», – ասաց միջազգային իրավաբան և TO-ի համահիմնադիր Կարնիգ Քերքոնյանը:

Բողոքը ընդունելով՝ NCP-ն համաձայնվեց առաջարկել իր միջնորդական ջանքերը: Եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ միջնորդության միջոցով, NCP-ն կշարունակի իր հետաքննությունը և կկայացնի վերջնական որոշում այն ​​մասին, թե արդյոք Չեպմեն Թեյլորը գործել է ուղեցույցներին համապատասխան:

«Անհրաժեշտ է, որ բիզնեսները զերծ մնան մարդու իրավունքների խախտումներին նպաստող նախագծերին աջակցելուց: Տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից ռազմական զավթում, որը հանգեցրեց Շուշիում ապրող հայերի տեղահանմանը», – ասաց Ալեք Բաղդասարյանը՝ «Ավան Շուշի» ընկերության առաջատար գործընկերը:

Համաձայն հայցադիմումի՝ Չապմեն Թեյլորը Շուշիում իր աշխատանքն իրականացրել է մարդու իրավունքների շարունակական խախտումների պայմաններում։

Շուշիի «Ավան Շուշի» հյուրանոցի և զբոսաշրջության կենտրոնի սեփականատեր “Ավան Շուշին” պնդում է, որ Չապմեն Թեյլորը մասնակցել է Շուշիի վերակառուցմանը 2020 թվականի նոյեմբերին պատմականորեն հայկական քաղաքի նկատմամբ Ադրբեջանի կոմից վերահսկողությունը ստանձնելուց կարճ ժամանակ անց, և որ Չապմեն Թեյլորը իր աշխատանքի ընթացքում ակտիվորեն որոշել է Շուշիի ներսում գտնվող կառույցների ճակատագիրը՝ նույնիսկ նշելով քանդման ենթակա շենքերն ու տները։

Հայցադիմումը ներկայացրել են «Կերկոնյան Դաջանի» ՍՊԸ համահիմնադիրներ Կարնիգ Քըրքորյանը և Լիզ Միրզա Ալ-Դաջանին, ինչպես նաև նախկին փաստաբան-համագործակից Անի Նազարյանը։

Պակիստանն ու Հնդկաստանը արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությունը ՇՀԿ

Հայաստանը կշարունակի աշխատանքները Շանհայի համագործակցության կազմակերպության շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ: NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ–ներում տարածված տեղեկատվությանը, թե Պակիստանն արգելափակել է ՇՀԿ-ին միանալու Հայաստանի դիմումը՝ ի պատասխան Հնդկաստանի՝ Ադրբեջանի վերաբերյալ նմանատիպ որոշման

«Այս պահին գործընթացի մանրամասներին չենք անդրադառնա, բայց կարող եմ ասել, որ Հայաստանի անդամակցության հարցում տեսնում ենք բավարար կառուցողական մոտեցում, փոխըմբռնում: Այս ընկալմամբ կշարունակենք աշխատանքները ՇՀԿ շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ»,–տեղեկացրեց խոսնակը:

Ալիևը շնորհավորել է Պակիստանին՝ Հնդկաստանի նկատմամբ տարած «հաղթանակի» կապակցությամբ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, սա տեղի է ունեցել Պակիստանի վարչապետ Շարիֆի հետ հանդիպման ժամանակ։

Ալիևը վստահություն է հայտնել, որ ի պատասխան Բաքվի կողմից Պակիստանին ցուցաբերվող աջակցության՝ Հնդկաստանը «փորձում է միջազգային հարթակներում վրեժ լուծել Ադրբեջանից»:

Փաստորեն, Հայաստանին չօգնեց նաև Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը։

Մի գեղեցիկ օր թուրքերն այնտեղ կռիվ են գցելու, հայերի հետ իրար վրա կրակելու են, Թրամփը չի գալու

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին եւ Հայաստանի համար առկա ռիսկերին։

Նրա խոսքով՝ այդ պայմանավորվածությունների հետեւանքով Սյունիքով միջանցք է տրվելու Ադրբեջանին, եւ այս հարցն ունի երկու բաղադրիչ։ Մեկը գեոպոլիտիկ ենթատեքստն է, թե ինչ է իրենից ներկայացնում այդ միջանցքը, մյուսն հարցն էլ այն է, որ Հայաստանի կառավարությունը մանիպուլյացիա է անում եւ փորձում է այդ միջանցքը ներկայացնել որպես «տնտեսական հնարավորություն», որից Հայաստանն էլ կօգտվի։

«Այդ միջանցքը տնտեսական նշանակություն բացարձակ չունի, որովհետեւ կա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի ու նավթամուղ, այդ երկաթուղին իր հզորության 10 տոկոսով էլ չի աշխատում այսօր։ Այսինքն՝ «ա» կետից «բ» կետը գնացող բեռներ չկան։ Ինչ-որ մարդիկ ուզում են ձեւացնել ու ներկայանցել այդ միջանցքի տնտեսական նշանակությունը, ասում են՝ Չինաստանը ապրանքներ է բերելու։ Առաջինը, Չինաստանն այդտեղով երբեք ապրանք չի տանելու։ Չինաստանը ցանկանում է իր ապրանքները Ռուսաստանով տանել, որպեսզի Ռուսաստանին հնարավորինս տնտեսական էքսպանսիայի ենթարկի։ Այսինքն՝ այս միջանցքը տնտեսական նշանակություն չունի։

Պատմական էքսկուրս կատարենք, միջանցքի հարցը միշտ բարձրանում է, երբ տարածաշրջանում գեոպոլիտիկ տեկտոնական տեղաշարժեր են կատարվում։ Մեկ 1918 թվականին է բարձրացել այդ միջանցքի հարցը, մեկ բարձրացել է 2020 թվականի պատերազմից հետո։ 1918 թվականին միջանցքի հարցով նորից ամենամեծ շահագրգիռ կողմը թուրքերն էին, որովհետեւ Եվրոպայի հետ պրոբլեմ ունեին, աշխարհի հետ առեւտուր անելու համար այդ միջանցքն էին ուզում։ Եվ սովետական միության օրոք, եւ 1988 թվականի Շարժումից ու Հայաստանի անկախանալուց հետո միշտ այս հարցը եղել է օրակարգում։ Այն ժամանակ ոչ մեկ տնտեսությունից չէր խոսում։ Սովետական միության ժամանակ թուրքերը Մոսկվային ասել են, որ այնտեղ ավտոճանապարհ կառուցեն, տնտեսական շահ կունենան։ Մոսկվան հայերի միջոցով տնտեսական մոնիտորինգ է անցկացրել եւ ասել, որ այնտեղ տնտեսական շահ չկա։ Հետաքրքիր է, որ հայկական կողմից մոնիտորինգն անցկացրել է մեզ շատ հայտնի Իգոր Մուրադյանը»,- ասաց նա։

Հայրյանի խոսքով՝ այսինքն՝ այս միջանցքը ոչ մի տնտեսական նշանակություն չունի, ոչ Ադրբեջանն ունի բեռներ՝ այնտեղից հասցնելու Թուրքիա, ոչ հայերն ունեն բեռներ, որ Ռուսաստան հասցնեն, չնայած՝ Ադրբեջանով դեպի Ռուսաստան հայերին ճանապարհ չեն էլ տալիս։ Տնտեսապես միակ օգտվողը Իրանն է, որն ասում է՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհն ինձ հերիք է։ Այսինքն՝ սա տնտեսականը բլեֆ է՝ քաղաքական հարցերը փակելու համար, նշում է մեր զրուցակիցը։

«Իսկ այս միջանցքի գոեպոլիտիկ նշանակությունը շատ մեծ է, որովհետեւ ամբողջ տարածաշրջանում ու ամբողջ աշխարհում քաղաքականություն է փոխվում։ Իրանն ընկնում է բլոկադայի մեջ, Հայաստանն իր սուվերենությունը կորցնում է, հայկական պետությունը վերանում է, տարածաշրջանը մտնում է ռուս-թուրքական համաձայնությունների շրջան։ Ռուսներն էլ ինչ-որ առեւտոր անելով՝ այդ հարցերը կլուծեն թուրքերի հետ։ Ռուսներին միշտ ձեռնտու է եղել, որ իրենց ՝այստեղից գնալուց հետո տարածաշրջանը լինի թուրքերինը, ոչ թե Իրանինը կամ Եվրոպայինը։ Եվրոպայի հետ իրենք հետագայում չեն կարողանալու մրցակցել։

Տեսեք՝ ինչ է կատարվում․ «3+3» ֆորմատում գտնվող երեք մեծ պետություններից՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա, միայն Իրանն է, որ իր հողերի վրա է նստած։ Այն երկուսին կարելի է անվանել օկուպանտ։ Դրա համար Թուրքիան եւ Ռուսաստանը Հայաստանի սուվերենիտետը վերացնելուց հետո կցանկանան, որպեսզի տարածաշրջանն անպայման Թուրքիայինը լինի, եթե ռուսները չեն կարողանում այստեղ մնալ։ Դրա համար պետք է Հայաստանի հետ սահմանը կտրվի, եւ Իրանը բլոկադայի մեջ ընկնի։ Ռուսաստանն ու Թուրքիան Իրանի համար ավելի վտանգավոր թշնամի են, քան Իսրայելն ու Ամերիկան, որովհետեւ այդ երկու պետությունների գոյությունն այս տարածաշրջանում կախված է Իրանի թուլությունից կամ ուժից։ Իրանն իր հողերի վրա է եւ ամբողջ Անդրկովկասը պատմականորեն համարում է իրենը, իսկ Թուրքիան ու Ռուսաստանն ուրիշի հողերի վրա են եւ հանդիսանում են օկուպանտ։ Այսինքն՝ միջազգային իրավունքի տեսանկյունից Իրանի հաղթաթուղթն ավելի մեծ է, դրա համար Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են ճնշել Իրանին»,- հավելեց նա։

Լեւոն Հայրյանը եւս մեկ պատմական փաստ հիշեցրեց․ 1918 թվականին՝ Հայաստանի անկախացումից հետո, Խալիլ փաշան եկել է Արամ Մանուկյանի մոտ եւ խնդրել Մեղրիով ճանապարհ տալ իրենց։ Ասել է՝ «դրա դիմաց մինչեւ Կիրովաբադի ու Գանձակի ուղղությամբ՝ Ջիվանշիրի ուղղությամբ ինչքան ուզում եք, գրավեք, մենք էլ կօգնենք ձեզ»։ «Այսինքն՝ մի փոքր տարածքի փոխարեն առաջարկում էին գրավել հսկայական տարածքներ։ Բայց ամենահասարակ քաղաքացին էլ հասկանում է, որ այդ ներքեւի ժապավենը ամբողջ Հայաստանի ապագա կորուստն է։ Դրա համար Արամը մերժում է Խալիլին՝ չնայած այդ ժամանակ Հայաստանը շատ ծանր վիճակում էր։

Այսինքն՝ Մեղրիի ճանապարհը միայն ու միայն գեոպոլիտիկ նշանակություն ունի։ 1918 ռուսներն ու թուրքերն էլի ուզում էին այդտեղով ճանապարհ ստանալ, այն ժամանակ ո՞վ էր մտածում՝ համաշխարհային տնտեսություն կլինի, թե չի լինի, որ հիմա ասում են՝ սա համաշխարհային տնտեսությանը օգուտ է։ Դրանք մանիպուլյացիաներ են, եւ ամենավատն այն է, որ այդ մանիպուլյացիաներն անում են Հայաստանի իշխանությունները՝ ասելով, թե իբր տնտեսական շահ ենք ունենալու»,- ընդգծեց նա։

Որպեսզի ամբողջությամբ հասկանանք, թե ինչ է կատարվել օգստոսի 8-ին, Լեւոն Հայրյանի խոսքով, նորից պետք է կենտրոնանանք միջանցքի համար կռիվ տվող պետությունների ցանկի վրա։ Դրանք են՝ Թուրքիա ու Ռուսաստան։ «Ռուսներն ու թուրքերը 2020 նոյեմբերի 9-ին Նիկոլին ստիպել են կապիտուլյացիոն թուղթ ստորագրել, որի կետերից մեկը միջանցքն է։ Նոյեմբերի 10-ին ժողովուրդն ընդվզեց, դրա համար ռուսներն ու թուրքերը հասկացան, որ իրենք ախորժակը պիտի մի քիչ զսպեն, որովհետեւ կարող է պատահել, որ Նիկոլն իշխանությունը կորցնի, իրենց ծրագրերն էլ հետը կկորեն։ Եկել հասել էր մի պահ, երբ աշխարհը ռուսներին ու թուրքերին արգելել էր նորից հարձակվել հայերի վրա։ Բայց ռուսների աչքը դեռ այդ ճանապարհի վրա էր։ Երբ  եկավ Տավուշի գյուղերի հերթը, ռուսներն ու թուրքերը Նիկոլին ասացին՝ ոնց ուզում ես տուր, խոստացել ես, տուր։ Նիկոլ Փաշինյանը կարողացավ ժողովրդին ճնշել, այդ գյուղերը տալ։ Բայց Զանգեզուրի հարցում արդեն Նիկոլի «լեգիտիմությունն» էլ չէր հերիքի։ Նիկոլը չէր կարող Մեղրին տալ, այստեղ արդեն Իրանի ու Եվրոպայի շահերին էր կպնում, մանավանդ, որ երկուսն էլ ասում էին՝ չես տալու միջանցքը։ Այսինքն՝ Նիկոլ-Պուտին-Ալիեւ եռագլուխ հանցագործների պլաններն արդեն խախտվել էին, որոշեցին դիմել մեկ այլ միջազգային խուլիգանի, որը Թրամփն է։ Հաստատ համոզված եմ, որ ռուսներն են խնդրել Թրամփին, որ միջամտի։ Նախքան Վաշինգտոն գնալը նայենք Նիկոլ Փաշինյանի հետագծին՝ իր ոհմակը հավաքել գնացել էր Աբու-Դաբի ու հանդիպել Ալիեւի ոհմակի հետ, որպեսզի բոլորի խոսքը մեկ լինի։ Հետո Նիկոլին կանչեցին Ալթայ, այնտեղ դաս տվեցին ու ուղարկեցին Վաշինգտոն Թրամփի մոտ։ Ես հաստատ համոզված եմ, որ Ալիեւը եւ Պուտինը խնդրել են Թրամփին, որպեսզի միջամտի միջանցքի հարցում»,- ասաց նա։

Հայրյանի խոսքով՝ Հայաստանը ոչ միայն չի շահել այս գործընթացում, այլ նաեւ իր գեոպոլիտիկ դիրքը թուլացրել է։ Անգամ եթե քո բարեկամ պետության հետ ես քննարկում քո տարածքը, եւ անգամ եթե որոշումը քո օգտին է, էլի նշանակում է ինքնիշխանության կորուստ։ Ըստ նրա՝ Հայաստանը ոչինչ չի շահել, բայց Հայաստանի իշխանություններին թվում է, թե ինչ-որ բան են շահել, որը կարող են 2026 թվականի ընտրություններին օգտագործել, բայց դա էլ չկա։ Մտածում են՝ կօգտագործեն այդ «խաղաղության պայմանագիրը» եւ ընտրություններում հաղթեն։ Այսինքն՝ Հայաստանի իշխող վարչակազմին ոչ մի բան պետք չէ, բացի իշխանությունը պահելուց։

«Եվ շատ են եղել այդպիսի դիկտատորական իշխանություններ պատմության ընթացքում, որ իրենց իշխանությունը պահելու համար երկիրը վնասել են։ Դրա համար փորձում են երկրի սուվերենիտետը կորցնելը ներկայացնել որպես հաջողություն։ Ասում է՝ ապաշջափակում ենք իրականացնում խաղաղության դիմաց։ Այնպես են ասում՝ ապաշրջափակում, կարծես հենց հայերն են շրջափակել ու հիմա ասում են՝ կբացենք, եթե մեզ խաղաղություն տաք։ Այն դեպքում, երբ ԱՄՆ 907 բանաձեւում նշվում է, որ Թուրքիան ու Ադրբեջանն են շրջափակել  Հայաստանը»,- ասաց նա։

Այսինքն, Լեւոն Հայրյանի խոսքով՝ կատարվել է այն, ինչ 2020 թվականի նոյեմբերին ռուսներն ու թուրքերը պարտադրել են Հայաստանին: «Մի քանի անգամ արդեն ասել եմ իմ հարցազրույցներում, թե ինչ է լինելու միջանցքի ապագան։ ԱՄՆ-ն երբեք իր համար քիչ արժեք ներկայացնող որեւէ կետ զորք չի ուղարկելու։ Հռչակագիրը ստորագրելուց հետո Թրամփին հարցրել են՝ եթե պրոբլեմ լինի, ո՞նց է լուծվելու, ասել է՝ կզանգեք ինձ, կասեմ։ Հիմա ես նկարագրեմ, թե ոնց է լինելու, որպեսզի հայերը, եթե խելքները գլուխները հավաքեն, դրա դեմ պայքարեն։ Քանի որ ճանապարհը բացելու են, թուրքերը գնալ-գալու են այդ ճանապարհով։ Մի գեղեցիկ օր թուրքերն այնտեղ կռիվ են գցելու, հայերի հետ իրար վրա կրակելու են, Թրամփը չի գալու։ Այստեղ Նիկոլն ու Պուտինը հանկարծ հիշելու են, որ Հայաստանը գտնվում է ՀԱՊԿ-ում, եւ երբ ՀԱՊԿ անդամ որեւէ երկրում խժդժություն է լինում, ՀԱՊԿ-ն իրավունք ունի զորք մտցնել։ Եվ ռուսները գալու են, այդ ճանապարհի վրա կագնեն։ Ստացվելու է, որ նոյեմբերի 9-ի թուղթը 100 տոկոսով կատարվեց։ Նիկոլ Փաշինյանը բանավոր ասում է՝ նոյեմբերի 9-ի թուղթը չկա, բայց ստորագրությունը հետ չի կանչում։ Այսինքն՝ ռուսներն էլի ստանցան այն, ինչ իրենք էին ուզում՝ ճանապարհ, որի վրա իրենք են կանգնում։ Թուրքերին էլ է դա ձեռնտու, ռուսներն այդ ճանապարհն այնքան ժամանակ պիտի պահեն, մինչեւ Հայաստանն իր անկախությունն ու սուվերենությունը լրիվ կորցնի։ Հետո ռուսները կհանձնեն կգնան, ինչպես Արցախում արեցին։ Այս սցենարը կատարվել է 1989-90-ականներին Ստեփանակերտի օդանավակայանում, այդ սցենարը կրկնվել է Լաչինի միջանցքում, հիմա էլ կատարվում է Հայաստանում»,- նշեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

 

ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօրվանից լուծարված է

Մինսկի խումբն այսօրվանից լուծարված է: Ի պատասխան «Ազատության» հարցի ՝ Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրին, որ սեպտեմբերի 1-ին ստացվել է ԵԱՀԿ գործող նախագահող, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի նամակը, որով հաստատվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ որոշման համար սահմանված լռելյայն ընթացակարգը ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից չի խախտվել, և որոշումը սեպտեմբերի 1-ից համարվում է ընդունված: Այս մասին հայտնում է Ազատությունը։

ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշման մասին հայտնել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը՝ հիշեցնելով, որ կառույցը նման որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ նամակը։

Պաշտոնական Բաքուն նաև ընդգծում է, որ այդ որոշմամբ անվավեր են ճանաչվում ԵԱՀԿ շրջանակներում հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող նախկինում ընդունված բոլոր փաստաթղթերը։

ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունել են Նախարարների խորհրդի որոշումը, նշված է ԵԱՀԿ տարածած հաղորդագրությունում:

«Սա պատմական զարգացում է, որն ընդգծում է, թե ինչի կարող է հասնել դիվանագիտությունը, նույնիսկ տասնամյակների հակամարտությունից և անվստահությունից հետո։ Այն ցույց է տալիս, որ համաձայնությունը հնարավոր է, երբ կողմերի միջև կա ընդհանուր լեզու գտնելու վճռականություն», – ասել է Սինիրլիօղլուն։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խումբը լուծարելու պահանջը Ադրբեջանի իշխանություններն են առաջ քաշել՝ որպես հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախաստորագրման նախապայման։

ԵԱՀԿ գործող նախագահը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ աջակցելու այն ջանքերին, որոնք երկարատև խաղաղություն և կայունություն են բերում Հայաստանում, Ադրբեջանում և տարածաշրջանում։