Հայաստանում կանցկացվի համահայկական հրաձիգների մրցույթ․ «Ազատազէն»

Սեպտեմբերի 6-ին և 7-ին Երևանում կանցկացվի համահայկական հրաձիգների մրցույթը, որը կազմակերպվում է «Ազատազէն» կրթական հասարակական կազմակերպության կողմից։ Մրցույթին կարող են մասնակցել 16 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև հայկական ծագումով օտարերկրյա քաղաքացիները։

Մասնակիցները մրցույթին կարող են ներկայանալ իրենց օրինական հիմքով պատկանող հրաձգային զենքով կամ հրաձգարանում տրամադրված մեկ այլ անձի օրինական զենքով՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան։

Բացի այդ, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ռազմականացված կազմակերպությունների ներկայացուցիչներին թույլատրվում է մասնակցել նաև իրենց ամրակցված զենքով։

Մրցույթը տեղի է ունենալու «Ազատազէն» ԿՀԿ-ի Երևանի քաղաքացիական բաց հրաձգարանում։

Արդյունքների ամփոփումից հետո տեղի կունենա պարգևատրման և փակման հանդիսավոր արարողություն։ Առաջին տեղը զբացեցրած մասնակիցը կստանա Perun AR-15 .223, երկրորդ տեղը՝ Tigr 7.62×54, երրորդ տեղը՝ Saiga 7,62×39 զենք։

Յուրաքանչուր 3 փուլերի ավարտին առավելագույն միավորներ հավաքած մասնակցին կտրվի նվեր BR2 պաշտպանական դասի սաղավարտ։

Հրաձիգների մրցույթի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանի Սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունն է։

«Մեր նպատակն է ոչ միայն կազմակերպել արդար ու թափանցիկ մրցույթ, այլև ստեղծել մի հարթակ, որտեղ մասնակիցները կկարողանան ծանոթանալ, փորձի փոխանակում իրականացնել և զարգացնել իրենց հմտությունները։ Այս միջոցառումը միավորում է մարդկանց, ովքեր սիրում են հրաձգությունը, ձգտում են կարգապահության ու ինքնավերահսկման, և ցանկանում են պահպանել հայկական զինվորական ու սպորտային ավանդույթները։ Մենք հավատում ենք, որ նման մրցույթները ոչ միայն խթանում են առողջ մրցակցությունը, այլև նպաստում են անվտանգ և պատասխանատու մոտեցման ձևավորմանը զենքի նկատմամբ», – նշում են մրցույթի կազմակերպիչները։

Մրցույթին հնարավոր է մասնակցել՝ նախապես գրանցվելով հետևյալ հղումով։

Գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 4-ն է։

Աֆղանստանում ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 800 մարդ

Աֆղանստանի արևելքում տեղի ունեցած 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 800 մարդ, մոտ 2800-ը՝ վիրավորվել, հայտնել է «Թալիբան»-ի կողմից վերահսկվող Աֆղանստանի կառավարության խոսնակը։

Գործակալության տվյալներով՝ Կունար նահանգը, որտեղ գտնվում էր երկրաշարժի էպիկենտրոնը, լրջորեն վնասվել է, սակայն դեռևս ճշգրիտ տվյալներ չկան զոհվածների և վիրավորների մասին, քանի որ տարածաշրջանում բջջային կապը խափանվել է, իսկ որոշ տարածքներ մուտք գործելը շատ դժվար է ավերածությունների պատճառով։

Փրկարարները փորձում են հասնել տարածաշրջանի հեռավոր գյուղեր, որտեղ պարբերաբար երկրաշարժեր և ջրհեղեղներ են տեղի ունեցել, Reuters-ը մեջբերում է իշխանությունների հայտարարությունը։ Դրանցից յուրաքանչյուրում զոհվածների թիվը կարող է տասնյակներով լինել։

Երկուշաբթի գիշերը Աֆղանստանի արևելքում՝ Կունար նահանգում, ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Ջալալաբադից 27 կիլոմետր հյուսիս-արևելք՝ ութ կիլոմետր խորության վրա։ Ուժգնությունը կազմել է վեց մագնիտուդ։ Երկրաշարժը զգացվել է Քաբուլում և Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։

Էրդողան. Կովկասում “կայունությունը” բխում է Թուրքիայի և Ռուսաստանի շահերից

Հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում կայուն խաղաղություն կհաստատվի։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները։

Էրդողանն ընդգծել է, որ Կովկասում կայունությունը բխում է Թուրքիայի և Ռուսաստանի շահերից:

Նա հավելել է, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության համար, Իսկ Ստամբուլում ընթացող բանակցությունները նպաստում են այդ գործընթացին:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային ու գլոբալ օրակարգի արդիական հարցեր:

Էրդողանը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի հիման վրա, իսկ նախկինում ձևավորված համագործակցության ոգին պահպանվում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, զբոսաշրջությունը, ներդրումները և էներգետիկան:

ԵՄ ներկայացուցիչը եղել է Նախիջևանում․ հարցը շատ լուրջ է

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն շնորհակալություն է հայտնել Ալիևին  և Բայրամովին՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում մտքերի փոխանակության համար։ Այս մասին ԵՄ հատուկ ներկայացուցիչը գրառում է կատարել իր X-ի էջում։

Գրոնոն Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները պատմական է որակել։

«Ադրբեջանում փոխանցեցի ԵՄ-ի ուղերձը՝ աջակցություն լիակատար կարգավորման բոլոր ասպեկտներին, այդ թվում՝ հաղորդակցությունների բացմանը, տարածաշրջանի համար խաղաղության օգուտների ստեղծմանը, ինչպես նաև մարդասիրական և անցյալի ժառանգության հարցերի լուծմանը։

Այցելեցի նաև Նախիջևան, որտեղ հանդիպեցի նախագահի ներկայացուցիչ Նաջաֆլիի հետ և ծանոթացա տեղում տրանսպորտային ենթակառուցվածքների հետ՝ ԵՄ հնարավոր ներգրավվածության նպատակով»,- գրել է ԵՄ ներկայացուցիչը։

Նախիջևանի կարգավիճակի հարցը, չնայած հրապարակայնորեն չի բարձրացվում, չափազանց լուրջ է։ Ընդամենը մի քանի ամիս առաջ է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (նախկինում՝ Հայկական) Սահմանադրությունում փոփոխություններ կատարվել, ավելի ճշգրիտ՝ հանվեց Կարսի պայմանագրին հղումը։ Ալիևը, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ԵՄ-ի լուռ համաձայնությամբ, փորձում է ամբողջությամբ տիրանալ Նախիջևանին։ Հայաստանի կառավարության համաձայնությունը՝ ճանաչել Հայաստանի տարածքը 29,8 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում, ոչ միայն հրաժարում է Արցախից, այլև, առաջին հերթին, Նախիջևանից, Կարսից, Արդահանից, որոնց կարգավիճակը դեռևս համարվում է վիճահարույց։ Հատկանշական է, որ այն վիճահարույց է համարվում առաջին հերթին Բաքվում և Անկարայում, որտեղ, ի տարբերություն Երևանի, գիտեն, թե ինչ է իրավունքը։

Երբեք ինձ չեմ համարել մոլի հայրենասեր, բայց մեծ երազանքներ ունեմ հենց իմ ծննդավայրի հետ կապված

Արտագաղթած արցախցիների թիվը գնալով աճում է: Հիմնական պատճառը՝ հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապրելու պայմանների բացակայությունն է և ապագայի հանդեպ անվստահությունը:

Գլենդելում ապրող արցախցի Նինա Քարամյանը կիսվեց Step1.am-ի հետ հայրենիքից այդքան հեռու ապրելու փորձով:

Ես Նինան եմ, ծնվել եմ Արցախում՝ քաղաքամայր Ստեփանակերտում, 1999 թվականին։ Մանկությանս մի մասը անց եմ կացրել Ասկերանի շրջանի գյուղ Սղնախում։ Հենց այնտեղ եմ անցել իմ դպրոցական կյանքի առաջին երեք տարիները՝ վայելելով տատիկիս ու պապիկիս ներկայությունը իմ կյանքում։ Այդ տարիներին հեռու եմ եղել իմ ծնողներից, որովհետև երկուսն էլ աշխատում էին։ Հետո տեղափոխվել եմ քաղաք՝ արդեն իսկ կարողանալով մենակով դպրոց գնալ։

Կյանքիս քսանչորս տարիները՝ լի իր բոլոր գույներով, անց եմ կացրել Արցախում։ Այդ իսկ պատճառով իմ բոլոր հիշողություները կապված են Արցախի հետ։ Ընկերներս կփաստեն, որ իմ կյանքի թե՛ ուրախ, թե՛ տխուր պահերը սիրում էի անցկացնել նրանց հետ՝ Ջդրդյուզում (Շուշի): Երբ 2020 թվականին Շուշին հանձնվեց՝ ես կորցրեցի իմ կյանքի մի մասը՝ այն էլ ֆիզիկապես… ու իմ կյանքը բաժանվեց երկու մասի՝ մինչև 2020 թվականը ու 2020 թվականից հետո։

Արցախահայության մի մասի մոտ 2020 թվականի պատերազմից հետո առաջացան ապագայի հետ կապված հարցեր ու մտահոգություններ։ Ես բացառություն չէի, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ օգնեց ինձ չհանձնվել, և հենց պատերազմից հետո վերադարձա ու շարունակեցի ուսումս, իսկ 2022 թվականին ստացա մագիստրոսական աստիճան։ Բայց մինչ այդ՝ 2021 թվականի հոկտեմբերին, առաջին անգամ լրացրեցի հայտ ԱՄՆ Գրին քարտի համար։ Հետաքրքիր է, բայց ես գիտեի, որ շահելու եմ՝ այդ իսկ պատճառով սկզբից չէի ցանկանում լրացնել, որովհետև Միացյալ Նահանգներում ընդհանրապես ոչ մեկին չունեի։ Բայց ընկերուհիս պնդեց ու ասեց, որ ես պետք է լրացնեմ։ Շատ երկար պատմությունը կարճ՝ Աստծո կամքով ես հիմա այնտեղ եմ, որտեղ որ պետք է լինեմ։

Ամենավատ հիշողությունը, որը ունեմ Ամերիկա գալու հետ կապված, այն է, որ մտել էի դեսպանատուն, սկսեցին ստուգել իմ փաստաթղթերը, ու աշխատողը, վերցնելով իմ անձնագիրը, ասեց. «Մեկ վայրկյան…1999 թվականին Հայաստանում Նինա Քարամյան անունով մարդ չի ծնվել», հետո հեգնանքով ավելացրեց. «Լավ, հասկացա, Ղարաբաղից եք»։

Այնուհետև ինձ տեղեկացրեցին, որ ես պետք է իմ ծննդականը թարգմանեմ ադրբեջաներեն։ Չեմ կարող բառերով բացատրել այն, ինչ եմ զգացել դեսպանատնից դուրս գալուց հետո, բայց չգիտեի, որ էլի ցավ կա, որ խոցելու է իմ սիրտը։

Ամերիկա տեղափոխվելուց հետո, երբ գնացի վերցնելու իմ գրին քարտը ու թվում էր, թե պետք է լինեի շատ երջանիկ՝ բացեցի ու տեսա, որ իմ ծննդավայրի տողում գրված է Ադրբեջան, և ուրախության փոխարեն դառնություն, կսկիծ ու արցունքներ հայտնվեցին իմ դեմքին։ Ինձ համար այդ պահին աշխարհը կանգ առավ, ես քայլում էի ու լաց էի լինում՝ չնայած, որ բոլորը հարցական դեմքով ինձ էին նայում։ Գիտե՞ք, աչքերս բաց քայլում էի, բայց աչքերիս դեմը Եռաբլուրն էր, մեր հերոսների սխրանքը, լացող մայրերը, կանայք, քույրերը, երեխաները, հայրերը, եղբայրները, ընկերները…

Ու նորից արթնացան այն ցախերը, որոնց ես խորը քնով քնացրել էի։ Իմ բերանից հնչում էր միայն մի հարց՝ «Ինչի՞ այս ամենը պատահեց մեզ հետ»։ Երբեք ինձ չեմ համարել մոլի հայրենասեր, բայց մեծ երազանքներ ունեի հենց իմ ծննդավայրի հետ կապված։ Եվ ամեն անգամ առնչվելով այնպիսի թեմաների հետ, որ վերաբերում են Արցախին՝ ես խուափում եմ, փախնում եմ, լռում եմ։ Գիտակցելով, որ փախնում եմ իմ իսկ չիրականացած երազանքներից։

Ամերիկա, էմիգրացիա, օվկիանոսից այն կողմ, երազանքների կյանք՝ լի դժվարություններով։ Առաջին իսկ դժվարությունը այս ամենի մեջ բարեկամ կամ ծանոթ չունենալն էր։ Բայց փառք Աստծուն այն մարդկանց համար, ում հետ ծանոթացել եմ առաջին իսկ օրվանից սկսած։ Ամեն մեկը իր ուրույն ներդրումն է ունեցել այն Նինայի կյանքում, ով այժմ չի վախենում ոչ մի բանից։

Մեծագույն դժվարություններից մեկն էլ լեզվի ցածր մակարդակի իմացությունն էր, և կոմպլեքսները կապված էին հենց դրա հետ։ Բայց չեմ կարող այս դժվարությունների հետ չնշել, որ Աստված ինձ սովորեցնում է ապրել։ Այդ իսկ պատճառով, թեկուզ ապրելով Գլենդելում, որը փոքրիկ Հայաստան է, ես գնում էի այնպիսի տեղեր, որտեղ կարող էի լսել, կարդալ ու թեկուզ խոսել անգլերեն։ Չեմ կարող ասել, որ բոլոր դժվարությունները վերացել են, բայց թուլացել են դրանց ազդեցությունը։ Պայքարը շարունակվում է, բայց հիմա ես կարող եմ օգտագործել դժվարությունները իմ իսկ բարօրության համար։

Արցախից դուրս գալուց հետո ծնողներս մնացել են Հայաստանում և դեռ որոշում չեն կայացրել քաղաքացիություն ստանալու և բնակարանային ծրագրից օգտվելու համար։ Չեմ կարող ասել, թե իրադարձությունները ինչպես կփոխվեն և մեկ տարի անց մեր ընտանիքը որտեղ կլինի։ Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ իմ հայրենիքի, տան կորստից հետո ավելի եմ վստահում Աստծուն և աղոթում եմ, որ Նրա կատարյալ կամքը կատարվի մեր ընտանիքում։

Ինչ վերաբերում է իմ երազանքներին ու արդյո՞ք դրանք կապված են Հայաստանի հետ, թե չէ՝ կասեմ ՄԻԱՆՇԱՆԱԿ։ Կարող է շատերը կարդան կամ լսեն ու չհավատան կամ հեգնեն, բայց միայն տարիներով իր հող ու ջրից, հայրենիքից, հարազատներից, ընկերներից հեռու ապրող մարդը կհասկանա այն, ինչի մասին ես խոսում եմ։ Հուսով եմ, որ մի օր էլ հարցազրույց կտամ ու կխոսամ իմ իրականություն դարձած երազանքների մասին։

Արցախ վերադառնալը իմ մեծագույն փափագն է, որը այս պահի դրությամբ, ինչքան էլ զարմանալի հնչի, իմ պատկերացումով անհնարին է։ Բայց եթե վերադառնալ, ապա միայն հայկական, անկախ Արցախ։

Արսեն Աղաջանյան

 

Խաղաղությունը դիմադրությունից հրաժարվելը չէ

Թեմայի մեջ լինելու և «ստատուս» ձեռք բերելու համար Նիկոլ Փաշինյանը ճամփորդում է տարբեր մայրաքաղաքներով, լուսանկարվում աշխարհի առաջնորդների հետ, ստորագրում փաստաթղթեր, ապա այս ամենը ներկայացնում որպես իր քաղաքական կապիտալ։ Այս կապիտալը նրան «թույլ է տալիս» հայ հասարակությանը վաճառել Հայաստանի հաշվին կարգավիճակ ձեռք բերելու համար իր ջանքերը՝ որպես տարածաշրջանում «խաղաղության» ձեռքբերում։

Միևնույն ժամանակ, հայ հասարակության մեջ մեթոդաբար ներարկվում է այն միտքը, որ անհրաժեշտ է ներողամիտ լինել արցախցի և այլ հայերի նկատմամբ, ովքեր փորձել, բայց չեն կարողացել պաշտպանել իրենց ազգային ինքնությունը, այդ պատճառով էլ նրանք այդքան «ագրեսիվ» են։ Վայրենիներ են, ինչ ասես, զենք են վերցրել և սպանել անմեղ մարդկանց, թեկուզ կարող էին խաղաղ ապրել նրանց հետ (Սումգայիթը չի հաշվվում)։ Բայց ոչինչ, կանցնի երկու սերունդ, և նրանք կդառնան մեզ նման՝ խաղաղասեր կոսմոպոլիտներ, որոնք փող են ստանում ժողովրդավարության համար և իրենց թշնամիներին ավելի շատ են սիրում, քան իրենց։

Ընտրարշավը Հայաստանում արդեն սկսվել է, և դրա գլխավոր թեման «խաղաղությունն» է, որի տակ, դատելով բոլոր ցուցանիշներից, հասկացվում է «դիմադրությունից հրաժարվելը»։

ԱՄՆ նախկին փոխպետքարտուղարի կողմից «գիշատիչ» անվանված երկրների առաջնորդների հետ լուսանկարներն ու ժպիտները չեն կարող խոչընդոտ դառնալ գիշատիչների աճող էքսպանսիոնիզմի համար: Կա միայն երկու ճանապարհ՝ դիմադրել էքսպանսիային կամ ընդունել այն որպես «խաղաղություն»:

Մի հետաքրքիր պատմություն կա այն մասին, թե ինչպես զրադաշտական ​​Իրանը, որը ի բիճակի չէր դիմադրել իսլամի էքսպանսիայի արաբական ռազմական ուժին, պարզապես կլանեց իսլամը և երկար ժամանակ համարվեց այս կրոնի կենտրոնը՝ խլելով արաբներից գերակայությունը: Սակայն Իրանը գոյատևեց որպես ազգ, որպես քաղաքակրթություն:

Փաշինյանի կառավարությունը խթանում է դիմադրության անիմաստությունը՝ ցուցադրելով Եռաբլուրը և անիրավ արցախցի փախստականներին՝ որպես դիմադրության և ռազմատենչության միակ «արդյունք»:

Մենք չենք ապրում միջնադարում՝ հողի կամ ազգային շահերի համար սպանելու համար, ասում է Փաշինյանը և գնում է հանդիպելու այն առաջնորդների հետ, ովքեր հենց նոր են գրավել հայկական հողերը և սպանել հազարավոր հայերի:

Աննա Հակոբյանը դեռ հնարավորություն չի ունեցել Շուշիում թեյ խմել Մեհրիբան խանումի հետ, բայց ոչինչ, քիչ է մնացել: Միայն հրավիրող կողմը կլինի Մեհրիբանը: Թեև ի՞նչ տարբերություն։ Քոնն ու իմը նոր «իրական» աշխարհում չկան։

Քննարկվել են Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման կոնկրետ քայլեր

Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 25-րդ գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նշվում է, որ Էրդողանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացի կապակցությամբ և վստահեցրել, որ Թուրքիան աջակցում է տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը՝ նպաստելով այս գործընթացին։

Չինաստանում կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում կայուն կայունությունը և Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունները։

Էրդողանը նշել, որ քննարկվել են Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման կոնկրետ քայլեր։

Փաշինյանը և Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով։

Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։

ԱՄՆ-ն ծրագրում է Գազայի ողջ բնակչության «վերաբնակեցումը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում շրջանառվող Գազայի հատվածի հետպատերազմյան ծրագիրը ենթադրում է այս տարածքի հանձնումը Միացյալ Նահանգների վերահսկողության տակ առնվազն 10 տարով: Այս ընթացքում ոլորտը պետք է վերածվի ծաղկող զբոսաշրջային հանգստավայրի և բարձր տեխնոլոգիական արտադրության կենտրոնի: Այս մասին կիրակի՝ օգոստոսի 31-ին, հայտնել է The Washington Post-ը՝ հղում անելով մի փաստաթղթի:

Նշվում է, որ 38 էջանոց ծրագիրը նախատեսում է Գազայի հատվածի ամբողջ երկու միլիոն բնակչության վերաբնակեցում, առնվազն ժամանակավորապես՝ կամ այլ երկիր «կամավոր» մեկնելու, կամ մարդկանց վերականգնման ընթացքում այս տարածքում անվտանգ գոտիներում տեղավորելու միջոցով:

Հողատերերին կառաջարկվի թվային թոքեն՝ վերակառուցում իրականացնելու իրավունքի դիմաց: Այս ակտիվը կարող է կամ օգտագործվել այլուր կյանքը ֆինանսավորելու համար, կամ հետագայում փոխանակվել Գազայի հատվածի վեցից ութ «խելացի քաղաքներից» մեկում բնակարանի հետ, որը նախագծվել և կազմակերպվելու է արհեստական ​​բանականության օգնությամբ: Միաժամանակ, յուրաքանչյուր պաղեստինցի, որը կորոշի հեռանալ, կստանա 5000 դոլար կանխիկ, ինչպես նաև չորս տարվա բնակարանային վարձավճար և մեկ տարվա սնունդ։

Երկու աղբյուրների համաձայն՝ Գազայի վերակառուցման ծրագրի հիմնական տարրերը արտացոլում են Դոնալդ Թրամփի տեսլականը տարածքը որպես «Մերձավոր Արևելքի Ռիվիերա» ներկայացնելու վերաբերյալ։ Նախատեսվում է, որ ծրագիրը կֆինանսավորվի պետական ​​և մասնավոր միջոցներով։

Մենք ուզում ենք ապրել մի երկրում, որտեղ միայն հայերեն են խոսում

Ազգանուշ Ստեփանյանն Արցախի Իվանյան համայնքից է տեղահանվել։ Նրանց 5 հոգանոց ընտանիքն առաջին իսկ օրվանից հաստատվել է Էջմիածին քաղաքում, տուն վարձակալել ու մինչև օրս բնակվում է այնտեղ։

Արցախցի կնոջ խոսքով՝ ամեն մի դժվարություն կարելի է հաղթահարել, երբ ընտանիքում փոխադարձ սեր, հարգանք ու փոխըմբռնում կա:

 -Տեղահանվելուց հետո ամուսինս՝ Գևորգը, անմիջապես աշխատանք է գտել։ Ինչպես բոլոր արցախցիները, մենք ևս փորձում էինք ամեն ինչ զրոյից սկսել։ Մեր հույսը միայն մենք էինք։ Նոր բնակավայր, նոր միջավայր ու բազմաթիվ դժվարություններ։ Հեշտ չէր, սակայն, ինչպես ասում են՝ այլընտրանք չունեինք։ Հարմարվել, աշխատել ու ապրել էր պետք: Հարմարվել ասելով, ուզում եմ ասել, որ հարմարվում ենք մեր նոր կարգավիճակին, այլ ոչ թե Արցախի կորստին։ Ես չեմ հավատում, որ կգտնվի մի արցախցի, ով կարող է իր սրտից ու մտքից հանել Արցախը, չերազել վերադառնալու մասին:

Մի քանի ամիս առաջ ես ոտքի վիրահատություն եմ տարել։ Վիրահատությունը բարդ էր, և առաջիկայում ևս պետք է կրկին վիրահատվեմ։ Քանի որ մոտ 6 ամիս պետք է վերականգնվեմ ու միշտ լինեմ հսկողության տակ, ամուսինս ազատվել է աշխատանքից, որ կարողանա խնամել ինչպես ինձ, այնպես էլ մեր երեխաներին։ Շատ դժվար ժամանակաշրջան ենք ապրում։

Սկսվել է նոր ուսումնականը։ Առաջին անգամ մեր երեխաները նոր հագուկապով չգնացին դպրոց․ մեր հնարավորոթյունները չներեցին։ Սակայն մենք չենք հուսահատվում։ Երեխաներս ասում են՝ պետք չի տխրել, մենք հին հագուստով էլ կգնանք դպրոց, միայն թե խաղաղություն լինի։ Նրանք դեռևս չեն մոռացել 2023-ի սեպտեմբերի 19-ը, երբ դասապրոցեսի ժամանակ Արցախը հանկարծ սկսեց հրետակոծվել:

Ունեմ 3 բալիկ՝ 2 տղա ու մի աղջիկ։ Որդիս փոխադրվել է 7-րդ դասարան, իսկ աղջիկս՝ 4-րդ։ Փոքրս 4 տարեկան է։

Երեխաներս հաճախում են Էջմիածնի Ռաֆայել Պատկանյանի անվան թ․ 9 դպրոցը։ Դպրոցը շատ լավն է։ Տնօրենն ու մանկավարժական կոլեկտիվն առաջին իսկ օրվանից հոգատար վերաբերմունք են ցուցաբերում արցախցի դպրոցականների հանդեպ, մեզ հետ կիսում մեր ցավը, հուսադրում, որ մի օր լույս կբացվի մեզ համար։

Շատ եմ ցանկանում, որ երեխաներս հաճախեն տարբեր խմբակներ, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չենք կարողանում նրանց ընդգրկել։ Անընդհատ հարցնում են՝ մամ, երբ հնարավորություն ունենանք, մենք էլ չէ՞ կգնանք․․․ Պատասխանում եմ՝ իհարկե, մի գեղեցիկ օր դուք էլ կհաճախեք ձեր ուզած խմբակները։ Երեխաներս համբերատար սպասում են այդ օրվան։

Չնայած բոլոր դժվարություններին փորձում ենք ուժեղ լինել և չկորցնել հույսներս։ Ուզում եմ, որ Հայաստան աշխարհում միշտ խաղաղություն տիրի, որ մեր երեխաները մեծանան անվտանգ ու ապահով երկրում։ Համոզված եմ՝ արդարությունը մի օր կվերականգնվի, և Արցախը նորից մերը լինի։ Ծանր է ապրել հիշողություններով, սակայն հենց այդ հիշողություններն են, որ ապրեցնում են մեզ, ստիպում առաջ գնալ․․․

Մեր ընտանիքը չի պատրաստվում Հայաստանից ոչ մի տեղ հեռանալ։ Որովհետև մենք ուզում ենք ապրել մի երկրում, որտեղ միայն հայերեն են խոսում, իսկ այդ երկիրը Հայաստանն է։ Արցախից հետո իմ երկրորդ տունը Հայաստանում է, այստեղից հեռու ես չեմ պատկերացնում իմ կյանքը։ Դրա համար ամեն օր աղաչում եմ Աստծուն, որ պահպանի մեր երկիրը, հայ ազգին, սահմանը պահող զինվորին։

Շնորհավորում եմ բոլոր երեխաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։ Թող սեպտեմբերի 1-ը դառնա նորանոր հաջողությունների ու լուսավոր ճանապարհի սկիզբ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ