Արցախի նախկին նախագահի հայցը՝ ընդդեմ ԿԳՄՍՆ և դասագրքի հեղինակների

Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի անունից դատական հայց է ներկայացվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի դասագրքի համահեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ՝ զրպարտությունը հերքելու պահանջով։

Հայցը վերաբերում է դասագրքում տեղ գտած այն պնդմանը, թե իբրև Արցախի նախագահը ստորագրել է ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր։

Փաստաբան Ռոման Երիցյանը, ներկայացնելով նախագահի շահերը, նշել է, որ նման փաստաթուղթ չի գոյություն ունեցել, և դասագրքում տեղ գտած տեղեկությունը խեղաթյուրում է իրականությունը։

Հայցի ապահովման միջնորդությամբ առաջարկվել է ժամանակավորապես արգելել դասագրքի համապատասխան ենթավերնագրի ուսուցումը ՀՀ դպրոցներում՝ մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը։

Այս իրավական գործընթացը տեղի է ունենում այն ժամանակ, երբ կրթական համակարգում ընթանում են փոփոխություններ՝ նոր չափորոշիչների ներդրման, դասագրքերի վերանայման և բովանդակային արդիականացման շրջանակում։

Մարիամ Սարգսյան

Մեկնարկում է Արեգ Բալայանի լուսանկարչության դասընթացը

ԵՊՀ Շարունակական կրթության կենտրոնը մեկնարկում է լուսանկարչության դասընթաց։ Մեկնարկը`սեպտեմբերի 29-ին, հասցե՝ ԵՊՀ Շարունակական կրթության կենտրոն (Ալեք Մանուկյան 1), շաբաթը 2 անգամ։ Դասընթացը բաղկացած է 20 դասից։
Արժեքը՝ 100,000 դրամ ամբողջ դասընթացի համար
Գրանցման հղում` https://bit.ly/4gwTSLn
Դասընթացավար՝ Արեգ Բալայանը։ Նա լուսանկարիչ և վիզուալ արտիստ է, որին շատերը ծանոթ են հատկապես իր սթրիթ արթի՝ Հայաստանի ամենատարբեր վայրերում ծվարած Բլօջիկների շնորհիվ:
Ծնվել և մեծացել է Երևանում, սակայն 2005թ. տեղափոխվել է Արցախ: 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ զորակոչվել է, ինչպես ինքն է ասում՝ որպես մոբիլիզացված զինվորիկ, մոբ: Հենց այս փորձառությունն է պատմում Արեգի “Մոբ.” Ֆոտոէսսեն, որը շատ մեծ արձագանք ունեցավ ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մրցույթներում և մեդիայում։
Պատերազմն ու պատերազմի հետևանքները դարձան Արեգի անհատական և համատեղ ծրագրերի հիմնական հետազոտության առարկան, և հենց այդ մասին է Հետևանքը՝ արտեֆակտ ծրագիրը, որը դիմանկարի միջոցով պատմում է պատերազմի հետևանքների մասին, ինչպես նաև 2020թ. պատերազմին հաջորդած Ես կամ (Ergo Sum I 2021) ծրագիրը, որտեղ կարծես Բլօջիկներն են պատմում պատերազմը:
Ունի ավելի քան 23 տարվա փորձ, աշխատել է Reuters, Al Jazeera, The Guardians, Associated Press, Esquire magazine և այլ միջազգային հարթակների հետ։
Նախագծեր
Հարցերի դեպքում դիմել ԵՊՀ շարունակական կրթության կենտրոն
☎️ Հեռ.` (+374 60) 710 212
📩 Էլհասցե` [email protected]

Տղաների հիշատակը պահելու լավագույն միջոցը նաև արցախյան ավանդույթները պահելն է

Այսօր Երևանի ԼՈՖԹը կրկին արցախահամ ու արցախահոտ էր։ Ավանդական ամենահամեղ ուտեստներից մեկի՝ ժենգյալով հացի անուշաբույրը զգացվում էր նաև շենքի պատերից դուրս։ Արցախցի Մարինե Գաբրիելյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է ժենգյալով հաց պատրաստելու վարպետաց դաս։ Մարինեն Երևան քաղաքում արդեն հայտնի է ինչպես ամենալավ ժենգյալով հաց պատրաստողներից մեկը, այնպես էլ իր հմտությունները մարդկանց փոխանցելու մեծ պատրաստակամությամբ։ Նրա <<Համով Արցախը>> լայն ճանաչում է գտել։

Շուրջ երկու տարի է, ինչ Մարինեն համագործակցում է ԼՈՖԹի հետ

-Երբ իմացա, որ այսօր երեխաների մասնակցությամբ ԼՈՖԹ-ում միջոցառում է կազմակերպվելու, որոշեցի նրանց հետ անցկացնել վարպետաց դաս, ինչը փոքրիկները մեծ խանդավառությամբ ընդունեցին։ Օրը շատ հետաքրքիր անցավ, երեխաները մեծ բավականություն ստացան և իրենց փոքրիկ քայլերը կատարեցին արցախյան ամենաճանաչված ուտեստի պատրաստման ուղղությամբ։ Թխեցինք նաև թերթերուկ, որի համը բոլորին շատ դուր եկավ։

Սեպտեմբեր ամիսը շատ ծանր ամիս է հայության համար։ 5 տարի առաջ այս օրերին Արցախում աղետալի պատերազմ էր, որը մեզանից հազարավոր կյանքեր է խլել։ 44-օրյա պատերազմում  զոհվել է եղբայրս՝ Լեռնիկը։ Այս օրերին բոլորս մեծ ցավ ենք ապրում։

Հարգանքի տուրք մատուցելու, արցունք թափելու հետ մեկտեղ մենք պետք է նաև շարունակենք ստեղծել ու արարել։ Տղաների հիշատակը պահելու լավագույն միջոցը նաև արցախյան ավանդույթները պահելն ու շարունակելն է։

Թեկուզ այսօր Արցախը մերը չէ (ժամանակավոր), բայց նա ապրում է յուրաքանչյուրիս մեջ, ու մենք պարտավոր ենք ամենուր ցույց տալ արցախյանն ու ասել՝  Արցախի անունը երբեք չի ջնջվի։

Ես, ժենգյալով հաց թխելով ու դրա պատրաստման եղանակը սովորեցնելով, պահպանում եմ ավանդականը, արցախյանը։ Երեխաներին, ինչպես նաև մեծերին սովորեցնում եմ, թե ինչպես կարելի է տարբեր բույսերից ու սովորական խմորից համեղ ուտեստ ստանալ։ Այդ ընթացքում ես նրանց հետ խոսում եմ մեր բարբառով ու նկատում, որ սիրով են լսում ինձ։ Մենք պետք է այնպես անենք, որ պահպանվի արցախյան ոչ մշակութային ժառանգությունը, երբեք չմոռացվի մեր համն ու հոտը, յուրահատուկ բարբառը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

44 օր պատերազմ և 44 օր անպաշտպանություն

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախում սկսվեց 44-օրյա պատերազմը։ Հազարավոր ընտանիքներ կորուստներ և ցավ կրեցին։ Դպրոցական զանգի փոխարեն երեխաները լսում էին հրթիռների որոտը։ Բնականոն կյանքի փոխարեն՝ խաղաղ բնակիչները հայտնվեցին անօդաչուների, հրետանու և հրթիռային համակարգերի հարձակման տակ։

Քաղաքներն ու գյուղերը ենթարկվեցին զանգվածային հրետակոծության։ Ստեփանակերտը, Հադրութը, Մարտակերտը, Շուշին, Մարտունին. ոչ մի անկյուն անվտանգ չէր։ Մարդիկ թաքնվեցին նկուղներում և ռմբապաստարաններում։ Քաղաքացիական ենթակառուցվածքների, բնակելի թաղամասերի, դպրոցների և հիվանդանոցների վրա թիրախային հարձակումները ցույց տվեցին միջազգային մարդասիրական իրավունքի անարգանքը։ Արդյունքում՝ տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, զոհվեցին կամ վիրավորվեցին, իսկ հազարավոր ընտանիքներ կորցրեցին իրենց տները։

Ադրբեջանը բացահայտորեն անտեսեց խաղաղ բնակիչների վրա հարձակումները և կասետային ու ֆոսֆորային զինամթերքի օգտագործումը արգելող միջազգային կոնվենցիաները։ Այս խախտումները փաստաթղթավորվել են մարդու իրավունքների կազմակերպությունների կողմից, բայց աշխարհի արձագանքը սահմանափակվեց չոր հայտարարություններով։

Աշխարհը անտարբեր հետևում էր։ Ոչ ոք չպաշտպանեց երեխաներին, կանանց և տարեցներին, որոնց միակ «մեղքը» այն էր, որ նրանք ապրում էին իրենց սեփական հողում։

44 օրը դարձավ ողբերգության և դավաճանության խորհրդանիշ։ Եվ հիշեցում՝ ուրիշների ցավի նկատմամբ անտարբերությունը վերածվում է մեղսակցության։

Ալվարդ Գրիգորյան

Հայտարարություն 44-օրյա պատերազմի հետևանքների ու արցախահայության իրավունքների մասին

2020 թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքներն ու արցախահայության իրավունքները
2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ու նրա դաշնակիցների կողմից ԼՂՀ դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքները տակավին մնում են չքննված, իսկ դասերը՝ չսերտված: Աղետի ծանր հետևանքների գիտակցումը, Արցախի հայաթափման ու ցեղասպանական գործողություններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանության և նրան սատարող ուժերի ուղղակի մասնակցության բացահայտումն ու դրա համար խստագույն պատժի կիրառումը կենսական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համար:
Այս պահին կարող ենք արձանագրել, որ գործող իշխանությունը՝
ա) Ոչ միայն չկանխարգելեց, այլև ուղղակիորեն սպասարկեց թշնամական ուժերի պարտադրած կանխորոշված ելքով պատերազմը, ինչը հանգեցրեց խաղաղ հայ բնակչության ցեղասպանությանը,
բ)Դիմելով տարատեսակ աճպարարությունների, հետամուտ չլինելով հայ գերիների տունդարձին ու անհետ կորածների ճակատագրերի վերաբերյալ ստույգ տեղեկություններ ձեռք բերելուն` ներկա վարչակարգը բացահայտորեն նսեմացրեց մարդ-միավորի կյանքի արժեքն ու կարևորությունը:
գ) Նիկոլ Փաշինյանի և նրա կուսակիցների հայտարարություններն ու գործողությունները փաստացի կոչված են ապահովելու ու ամրագրելու պատերազմի հետևանքներն հօգուտ ՀՀ դեմ ագրեսիվ ու զավթողական քաղաքականություն որդեգրած Բաքվի բռնապետական ռեժիմի:
դ) Իշխանության մնալու բանաձևը ներկայիս դրածո ուժերի համար այլևս դարձել է նոր պատերազմի ուրվականով սեփական քաղաքացիներին ահաբեկելը` կեղծ խաղաղության օրակարգի բացահայտ ու անթաքույց գովազդով:
ե) Անհարկի շահարկելով հայրենիքի համար իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերած հայ զինվորների ու կամավորների հիշատակը` գործող իշխանությունները միաժամանակ տապալեցին պատերազմի հետևանքների ու մեղավորների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները:
զ) Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար ստեղծված Մինսկի խմբի ձևաչափի լուծարումը և դրանում ՀՀ իշխանությունների շահագրգիռ մասնակցությունը վկայեց ցեղասպանության իրականացման գործում բացահայտ մեղսակցության մասին:
է) Արցախահայության` իր հայրենի գյուղերում ու քաղաքներում անվտանգ ապրելու իրավունքը համամարդկային ու ազատական արժեքների վրա հիմնված ձգտում է, ուստի այն պարտադիր կերպով պետք է ներառվի ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում և իրագործվի որպես միջազգային խաղաղասիրական նախաձեռնություն: Արցախահայության այդ իրավունքի իրագործումը լավագույն և միակ երաշխիքը կարող է հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման համար:
ը) Ցեղասպանական գործողությունների լեգիտիմացումը, ի հակադրումն միջազգային գործող իրավունքի ու միջազգային հարաբերություններում ընդունված կանոնների, խիստ վտանգավոր նախադեպ է ստեղծում` մարդկությանը տանելով նորանոր արհավիրքների ու զանգվածային ոչնչացումների ճանապարհով:
Ագուլյան Կարեն-ԱԻՄ
Բաբայան Նիկա – Երաժշտական պրոդյուսեր
Գաբրիելյան Մեխակ-1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր
Դադոյան Վանո-Հոգևոր մշակութաբան
Դեմոյան Հայկ -Պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր
Զոհրաբյան Ապրես-Արևելագետ
Հայրիկյան Պարույր-ԱԻՄ առաջնորդ
Հայրյան Լևոն- «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ
Մակեյան Պետրոս-Քաղաքական գործիչ
Մանուկյան Խաչիկ-Բանաստեղծ
Չուգասզյան Գարեգին-ԱԺԲ խորհրդի անդամ
Պապյան Արա-ԱԺԲ խորհրդի անդամ
Պետրոսյան Եղիշե-ԱԺԲ խորհրդի անդամ
Սեֆիլյան Ժիրայ-ԱԺԲ խորհրդի անդամ
Սիսլյան Վազգեն-«ՀԱՀԳԲ» մարտիկ
Տոնոյան Կարին-«Հայ Ասպետ» հիմնադրամի տնօրեն

Փաշինյանն ու Ֆերիդուն Սինիրլիօղլուն գոհ են․ էլ Մինսկի խումբ չկա

ՄԱԿ 80-րդ նստաշրջանի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ:

Կողմերը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու տարածաշրջանում համագործակցության խթանումը:

Հիշեցնենք, որ Հայաստանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու շրջանակներում սատարել է Սինիրլիօղլուի՝  ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտությանը։ 

Հիշեցնենք նաև, որ այս տարվա դեկտեմբերին ԵԱՀԿ կենտրոնակայանում կկայանա Մինսկի խմբի փակման արարողությունը, գրեթե տոնակատարությունը։ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է Արցախի կարգավիճակը վիճելի համարելուց և դրա շուրջ բանակցելուց, թեկուզ ավելի վաղ Փաշինյանն ասում էր, որ դա կանի Բաքվի հետ “խաղաղության պայմանագիր” ստորագրելուց հետո։

Սինիրլիօղլուն էլ մեծ պատրաստակամությամբ ցրում է Մինսկի խումբը։ Բոլորը գոհ են։

Համաշխարհային քաղաքականության հմայքը. պատժամիջոցները կիրառվել են ոչ թե Իսրայելի, այլ Իրանի դեմ

Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները վերականգնվել են այն բանից հետո, երբ Ռուսաստանի և Չինաստանի կողմից առաջարկված բանաձևը՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը վեց ամսով հետաձգելու մասին, չստացավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում աջակցություն: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախկինում քվեարկել էր պատժամիջոցները վերականգնելու օգտին՝ պարզելով, որ Թեհրանը խախտում է իր պարտավորությունները 2015 թվականի համաձայնագրով, որը սահմանափակում է իր միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցների կասեցման դիմաց:

Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները ուժի մեջ են մտել շաբաթ և կիրակի գիշերը:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, պատժամիջոցները ներառում են Իրանի նկատմամբ զենքի էմբարգո և ուրանի հարստացման և վերամշակման բոլոր գործողությունների արգելք, ինչպես նաև միջուկային զենք կրելու ունակ բալիստիկ հրթիռների հետ կապված ցանկացած գործունեություն, ներառյալ արձակումները:

Պատժամիջոցները ներառում են նաև տասնյակ իրանցի պաշտոնյաների ճանապարհորդության արգելք, տասնյակ իրանցի անհատների և կազմակերպությունների ակտիվների սառեցում և Իրանի միջուկային ծրագրում օգտագործվող ցանկացած բանի մատակարարման արգելք:

Ավելին, Իրանին կարգելվի բաժնեմաս ձեռք բերել որևէ այլ երկրում ուրանի արդյունահանման, արտադրության կամ միջուկային նյութերի և տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված որևէ առևտրային գործունեության մեջ։

Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ներկայիս նստաշրջանը տեղի է ունենում Իսրայելի վրա միջազգային «ճնշման» և ցեղասպանության մեղադրանքների, Պաղեստինյան պետության ստեղծումը թույլ չտալու նրա անհամաձայնության և ամբողջ տարածաշրջանի «ահաբեկման» պայմաններում։ Աշխարհում Իսրայելի դեմ ուղղված տրամադրությունների ալիքը ստիպեց մի քանի արևմտյան երկրների ճանաչել Պաղեստինը, որոշները դուրս եկան ՄԱԿ-ի դահլիճից Նեթանյահուի ելույթի ժամանակ։

Սակայն համաշխարհային քաղաքականության հմայքը կայանում է նրանում, որ պատժամիջոցները կիրառվել են ոչ թե Իսրայելի, այլ Իրանի դեմ։

Փաշինյանը “Ալմա-Աթայի սահմանները” գցեց Մակրոնի ջեբը

Կառավարությունը հրապարակել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Նիկոլ Փաշինյանի ելույթի ամբողջական տեքստը։

Փաշինյանը հիմնական շեշտը դրել է Բաքվի հետ կնքված փաստաթղթերի՝ Ալմա-Աթայի հռչակագրի վրա հիմնված լինելը։

“Կողմերը հղում անելով Ալմա-Աթայի հռչակագրին` հաստատում են իրենց ըմբռնումը, որ նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններ, եւ այս հենքի վրա ճանաչում և հարգում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը”։

Նա հիշեցել է, որ “2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթաժողովում էր, երբ Հայաստանն ու Ադրբեջանը, Ֆրանսիայի եւ Եվրոպական միության կազմակերպած հանդիպման արդյունքներով առաջին անգամ պայմանավորվեցին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Իմ տեքստից դուք տեսաք, թե այս պայմանավորվածությունն ինչպիսի վճռական դերակատարություն ունեցավ: Եվ չափազանց կարևոր է այդ համաձայնությունը, և Պրահայի այդ համաձայնությունների ձեռքբերման հարցում ուզում եմ ընդգծել հատկապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առանձնահատուկ դերը և անհատական ջանքը”:

Այսպիսով, Փաշինյանը Ստալինի գծած սահմաններին հավատարմությունը գցում է Մակրոնի ջեբը։

Նա նաև նախատում է Ալիևին, որի խոսույթը կարող է Հայաստանի հանրությանը ստիպի չհավատալ Փաշինյանւ հավաստումներին և մոտալուտ խաղաղությանը։

“Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է այսպես կոչված “Զանգեզուրի միջանցքի” և իբր Հայաստանի կապիտուլյացիայի մասին։

Ճիշտն ասած չեմ հասկանում, որ՞ն է ահռելի պոզիտիվ բովանդակության առկայության պայմաններում, որը ձեռք է բերվել համատեղ դժվարին ջանքերով, օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։ Միթե՞ խաղաղությունը բավարար բերկրանք եւ բավարարվածություն չի պատճառում։ Ինձ, օրինակ, պատճառում է։

Այդ խոսույթները կապ չունեն համաձայնությունների հետ, ունեն գրգռող եւ նեգատիվ ազդեցություն եւ ընկալվում են որպես ինքնիշխան երկրի նկատմամբ տարածքային պահանջ, ի հեճուկս ձեռքբերված եւ հռչակված պայմանավորվածությունների։

Բայց սա, իհարկե, մեզ ոչ մի միլիմետր չի շեղի ձեռքբերված խաղաղության նշանավորման եւ հռչակված պայմանավորվածությունների իրականացման գործելակերպից”, ասել է Փաշինյանը։

Նա նաև ասաց, որ 2026 “թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի մանդատը եւս մեկ անգամ ստանալուց հետո կնախաձեռնենք համաժողովրդական հանրաքվե` նոր Սահմանադրություն ընդունելու համար, որի արդյունքում իշխանության բոլոր ճյուղերը, եւ երկրում հաստատված իրավակարգն օրգանական կապով կկապվեն սահմանադիրի, այսինքն` ժողովրդի հետ, Հայաստանի պետականությունը դարձնելով հարատեւ ու ժողովրդակենտրոն”։

Նա չի ասել, արդյո՞ք Հայաստանը Անկախության նոր հռչակագիրկընդունի, որտեղ կամրագրվեն Ստալինի գծած սահմանները և դրանց՝ Թրամփի ու Մակրոնի հավատարմությունը։

 

«Նրանք ասում են՝ պիտի հեռանաք»․ շվեյցարահայ ռեժիսորի ֆիլմը

«Նրանք ասում են՝ պիտի հեռանաք»
Շվեյցարահայ ռեժիսոր Վարսի Բուխմաննի և Point de vue արտադրության՝ 120 000 մարդու հայրենազրկման մասին 120 կանանց կենդանի պատմություններով վավերագրական ինստալիացիայի խորագիրն է։
Հիշողության մրուրի մեջ կորստի ցավն է, անձնական վկայությունները, քրիստոնեական կղզյակի արժեքի ու նավթի գնի հակադրումը, Արցախում ապրված կյանքի ու սիրո մասունքային դրվագները հեռախոսի արխիվներից։
Այս երկու տարվա մեջ մեր թեմայով ստեղծագործական բազում մոտեցումներ ու ընթերցումներ են եղել, սակայն ապրումակցման Վարսի Բուխմաննի արվեստի լեզուն ինձ համար անօրինակ է, համենայնդեպս՝ առ այս պահը։
«Ես անդիմադրելի կարիք եմ զգում պատմել այս լռեցրած պատմությունը, լսելի դարձնել տեղահանված մարդկանց ձայնը»- ասում է շվեյցարահայ ռեժիսորը։ Եվ դա նա արել է ինքնատիպ լեզվով ու ոճով, որի համար մեր պարզ մարդկային շնորհակալությունը։
Ինչպես ասում են, պարտադիր նայելու շարքից։ Հասցրեք առաջիկա 2 օրը՝ սեպտեմբերի 27-ին և 28-ին, ժամը 14:00-ից մինչև 20:00 այցելել Latitude Art Space (հասցե՝ Աշտարակի խճուղի 7) դիտելու աուդիովիզուալ ցուցադրությունը։ Մուտքն ազատ է։

Եթե ​​պատերազմը չլիներ. այսօր Ստեփանակերտի օրն է

Սեպտեմբերի յուրաքանչյուր վերջին շաբաթ օրը նշվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի օրը։ Վերջին անգամ Քաղաքի օրը որպես իսկական տոն նշվել է 2020 թվականի սեպտեմբերի 26-ին։ Հաջորդ օրը սկսվեց 44-օրյա պատերազմը՝ բերելով ծանր փորձություններ և մեծ ազգային ողբերգություն։

Այսօր Ստեփանակերտը միտումնավոր ավերվում է։ Ադրբեջանի կառավարության նպատակը պարզ է՝ մոռացության մատնել ոչ միայն Ստեփանակերտի անունը, այլև նրա պատմությունը, հիշողությունը, Արցախում հայկական ժառանգությունը և նրա բնակիչների ունեցվածքը։

Բռնի տեղահանված Արցախի բնակիչների համար այս օրը այլևս տոն չէ, այլ կորստի և ցավի խորհրդանիշ։ Սակայն նրանց սրտերում Ստեփանակերտը հավերժ կմնա պայծառ և սիրելի քաղաք, արցախցիների կյանքի և հիշողությունների մի մասը։

Ալվարդ Գրիգորյան

 

Ալիևը ասում էր, որ Ստեփանակերտը կասետային ռումբերով ռմբակոծելը ֆեյք նյուս է

2020 նոյեմբերի 9-ին Իլհամ Ալիեւը BBC-ի Օրլա Գուերինին (Orla Guerin) հակադարձում էր, որ իր կոլեգաների լուրը՝ Ստեփանակերտը կասետային ռումբերով ռմբակոծելում մասին ֆեյք նյուս է: 

Օրլա Գուերինի: Իմ կոլեգաներն ասում են, որ Ստեփանակերտը ռմբակոծվում է, ներառյալ հիվանդանոցները, բնակելի շենք կա փլված, դրոններ կան երկնքում: Սա տեսագրել, լուսանկարել է BBC-ին, ապացույցներ կան, ինչո՞ւ եք կասետային ռուբեր կիրառում։

Իլհամ Ալիեւ: Ես կասծածում եմ, կասկածում եմ…

Օրլա Գուերինի:  Բայց նրանք այնտեղ են եղել, ապացույցներ կան, նախագահ Ալիեւ:

Իլհամ Ալիեւ: Եւ ի՞նչ, որ այնտեղ են եղել, դա ոչինչ չի նշանակում, դա ֆեյք նյուս է:
Մարութ Վանյան

Հարսանիք էինք քննարկում, իսկ առավոտյան պատերազմ էր

2020 թվականի սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտը ապրում էր սովորական շաբաթօրյա եռուզեռով։ Քննարկում էինք առաջիկա հարսանիքը. կանայք խոսում էին իրենց զգեստներիի մասին, երեխաները կատակում էին պարերի և հարսնացուի ծաղկեփնջի մասին։ Բայց հաջորդ առավոտյան՝ սեպտեմբերի 27-ին, պատերազմ էր։

Այսպես է հիշում Ստեփանակերտի բնակիչ և երկու երեխաների մայր Ալենա Աբրահամյանը 44-օրյա պատերազմի առաջին ժամերը։

«Վաղ առավոտյան լսեցի դղրդյուն։ Սկզբում կարծեցի, թե ինչ-որ մեկը քարե բլոկներ է բեռնաթափում շինարարության համար։ Բայց ձայները շարունակվում էին՝ ավելի ու ավելի ուժեղանալով։ Երբ դուրս եկա բակ, տեսա սև ծուխ քաղաքի տարբեր հատվածների վրա։ Հաջորդ պայթյունը կասկած չթողեց. Ստեփանակերտը ռմբակոծվում է», – պատմում է նա։

Ըստ նրա՝ ոչ ոք չէր կարող հավատալ, որ հրթիռները դիտավորյալ կուղղեն խաղաղ բնակիչների վրա։ Մարդիկ թաքնվում էին ապաստարաններում և սպասում, որ շուտով ամեն ինչ կավարտվի։ Բայց օրերն անցնում էին, և ռմբակոծությունները շարունակվում էին։ Տղամարդիկ առաջնագծում էին։ Միայն երբեմն էին նրանք կարողանում տուն զանգահարել։

Ալենայի ամուսինը նույնպես զանգահարեց Մարտակերտից։ Նա պնդեց, որ կինն ու երեխաները, ինչպես նաև այլ կանայք, որոնք ունեն փոքր երեխաներ, տարհանվեն Հայաստան։

Հայաստանում Ալենան ապրում էր ամուսնուց և եղբորից լուրերի անընդհատ սպասելով։ Մի քանի անգամ նա ուժեղ նյարդային լարվածություն ունեցավ, բայց փորձեց պահել իրեն՝ հանուն երեխաների։ Երբ պատերազմն ավարտվեց 44 օր անց, նա և այլ ընտանիքներ վերադարձան Ստեփանակերտ։

«Մենք հավատում էինք, որ ռուս խաղաղապահները կապահովեն անվտանգությունը առնվազն հաջորդ հինգ տարիների ընթացքում։ Բայց ադրբեջանցիները շարունակեցին առաջխաղացումը, սպանությունները, գյուղեր գրավեցին, և նրանց դրոշները հայտնվում էին նոր բարձունքների վրա։ Խաղաղապահները չէին միջամտում», – հիշում է Ալենան։

Նա խոստովանում է, որ շրջափակման և 2023 թվականի պատերազմի ժամանակ չէր կարող պատկերացնել, որ ամբողջ Արցախի ժողովուրդը բռնի կտեղահանվի։ Աբրահամյանների ընտանիքը լքեց Ստեփանակերտը սեպտեմբերի վերջին՝ թողնելով ամբողջ ունեցվածքը։ Այժմ նրանք ապրում են Գորիսում, վարձակալած բնակարանում։

«Մենք փորձեցինք հաստատվել Հայաստանի տարբեր քաղաքներում, բայց Գորիսում, չնայած սոցիալական դժվարություններին, ավելի հարմարավետ իրավիճակ էր։ Այստեղի մարդիկ բարի են, իսկ բարբառը գրեթե նույնն է, ինչ մերը», – նշում է կինը։

Ընտանիքը չի պլանավորում ընդմիշտ մնալ Գորիսում։ Նրանք չեն շտապում քաղաքացիություն ստանալ՝ բնակարանային վկայականներից օգտվելու համար։

«Երբեմն տան համար ինչ-որ գեղեցիկ բան եմ տեսնում և հազիվ եմ ինձ զսպում, որ չ​​գնեմ։ Միշտ մտածում եմ. երբ վերադառնամ Ստեփանակերտ, սա ինձ հետ կտանեմ։ Մեր տունը, ամենայն հավանականությամբ, թալանվել է։ Մենք բոլորս էլ ուզում ենք վերադառնալ և փորձում չկորցնել արդարության նկատմամբ հավատի վերջին փշրանքները», – ասում է Ալենա Աբրահամյանը։

Ալվարդ Գրիգորյան