Արցախյան ՀԿ-ների կոչը․ Վերադարձի 5 սկզբունքներ

Արցախի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դիմումը հայ ժողովրդին

Սիրելի հայրենակիցներ, եղբայրներ և քույրեր,

Արցախի հայության անունից նախ և առաջ ցանկանում ենք մեր խորին ու անկեղծ շնորհակալությունը հայտնել ամբողջ հայ ժողովրդին՝ մեր նորագույն պատմության ամենածանր պահերին մեզ անփոփոխ աջակցություն ցուցաբերելու համար։ Հայաստանը և Սփյուռքը միշտ կանգնած են եղել Արցախի կողքին, հատկապես դաժան փորձությունների տարիներին, երբ հույս գրեթե չէր մնացել։

Արցախի, Հայաստանի և Սփյուռքի եռամիասնությունը միշտ եղել և մնում է մեր հենարանը, մեր ուժի, ոգեշնչման և վերածննդի աղբյուրը։ Հայաստանը՝ անկախության առաջին իսկ օրերից` եղել է մեր անվտանգության վստահելի երաշխավորը, Արցախը՝ ամուր վահան, որ պաշտպանում էր մեր ընդհանուր Հայրենիքի արևելյան սահմանները՝ ապահովելով պաշտպանության խորությունն ու ամրությունը։

Սփյուռքը մշտապես օգնել է մեզ հաղթահարել դժվարին մարտահրավերները և կառուցել պետականություն։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ագրեսիայից հետո Արցախի ժողովուրդը ստիպված եղավ լքել հայրենի հողը՝ կանխելու սպասվող ցեղասպանությունը և պահպանելու մարդկային ու ազգային արժանապատվությունը։ Ավելի քան երեք տասնամյակ մենք պայքարել ենք մեր երեխաների խաղաղ կյանքի, ազատ զարգացման և հայրենի տներում ապրելու իրավունքի համար։ Մենք դիմակայել ենք ցանկացած լուծման, որը վտանգի տակ էր դնում մեր ինքնիշխան իրավունքը՝ ապրել մեր հողում, մեր նախնիների արյամբ նվաճված ու սրբացված հողում։ Եվ այս պայքարը դեռ ավարտված չէ։

Մենք հավատում ենք, որ ճշմարտության և արդարության ուժով կկարողանանք վերադարձնել մեր Հայրենիքը

Մենք խորապես երախտապարտ ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որոնք ջերմությամբ և հոգատարությամբ ընդունեցին տասնյակ հազարավոր արցախցիների 2020–2023 թթ. ողբերգական իրադարձություններից հետո, երբ մեր փոքր Հայրենիքը ենթարկվեց էթնիկ զտման և այլ ցեղասպանական գործողությունների։ Մենք բարձր ենք գնահատում նաև Հայաստանի կառավարության կողմից բնակչության տեղահանությունից հետո՝ առաջին ամիսներին ձեռնարկված քայլերը՝ ուղղված այս ազգային աղետի սոցիալական հետևանքների մեղմացմանը։

Առանձին շնորհակալության խոսք ենք հղում բարեկամ երկրներին և միջազգային կազմակերպություններին՝ մեզ համար այդ դժվարին պահին ցուցաբերած համերաշխության և աջակցության համար։

Միևնույն ժամանակ, մեր բազմաթիվ քաղաքական-իրավական, սոցիալական և մշակութային բնույթի իրատեսական և կառուցողական նախաձեռնությունները առ այսօր շարունակում են մնալ անկատար։ Սոցիալ-տնտեսական իրավիճակի բարդացումն արդեն ստիպում է մեր շատ հայրենակիցների լքել Հայաստանը, ինչը նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հեռանկարները և խոչընդոտում օրինական իրավունքների իրագործումը։

Այսօր Հայաստանի իշխանությունները, տարբեր պատճառներով, լիարժեքորեն չեն իրականացնում այն առաքելությունը, որը նախորդ տասնամյակներին կատարում էին Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ։ Այս պայմաններում Սփյուռքի ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը ձեռք են բերում առանձնահատուկ կարևորություն։ Մենք կոչ ենք անում Սփյուռքի կազմակերպություններին և անհատներին աջակցել արցախահայությանը՝ ակտիվորեն պաշտպանել մեր հավաքական և անհատական իրավունքները, ամրապնդել մեր դիրքերը Հայաստանում, և նպաստել մեր ինքնության ու մշակութային ինքնատիպության պահպանմանը։

Արցախահայության առաջնահերթ խնդիրն է ինքնակազմակերպումը՝ ի նպաստ իր սոցիալական, տնտեսական և քաղաքական իրավունքների արդյունավետ պաշտպանության։

Կարևոր է, որ արցախցիները շարունակեն ապրել և արարել Հայաստանում՝ պահպանելով իրենց համայնքային ամբողջականությունն ու ինքնությունը։

Սա կարելի է իրականացնել՝ արցախցիների համար հիմնելով պարփակ բնակավայրեր և ստեղծելով նոր կենտրոններ՝ հասարակական, կրթական, ստեղծագործական և մարզական, որոնք կկարողանան միավորել և ուժեղացնել արցախցիներին։

Ոչ պակաս կարևոր է Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի և ինքնորոշման իրավունքի հարցը պահպանել միջազգային քաղաքական, իրավական և տեղեկատվական օրակարգի կենտրոնում։

Այս իրավունքները հիմնված են միջազգային իրավունքի անխախտ նորմերի և արդարության սկզբունքի վրա։ Դրանց ակտիվ առաջմղումը համապատասխանում է ինչպես բարոյական, այնպես էլ իրավական հիմնավորումներին, և այդ իսկ պատճառով չի վնասում Հայաստանի շահերին և անվտանգությանը։

Սա մեր պարտքն է անցյալի առաջ և մեր պարտավորությունը՝ ապագա սերունդների նկատմամբ՝ պայքարելու արդարության և հայրենի հողի վրա ապրելու մեր իրավունքի համար։

Միայն մեր միասնականությունն ու յուրաքանչյուրիս ակտիվ մասնակցությունը կարող են պահպանել արժանապատիվ ապագայի հույսը և վերադարձի հնարավորությունը մեր հայրենիք՝ հիմնված Արցախի Հանրապետության քաղաքական և քաղաքացիական ուժերի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 10-ին միջազգային հանրությանը հասցեագրված լեգիտիմ Դիմումում ամրագրված հինգ պայմանների վրա.

  1. Մենք բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո։ Ադրբեջանի զինված ուժերը, ոստիկանությունը և վարչական կառույցները պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Արցախի Հանրապետության տարածքից։
  2. Արցախի Հանրապետության ողջ սահմանագծի երկայնքով պետք է տեղակայվեն ՄԱԿ-ի բազմազգ միջազգային խաղաղապահ ուժեր և ստեղծվի ապառազմականացված գոտի։
  3. Միջազգային ճանաչում ունեցող Լաչինի միջանցքը պետք է լիարժեք փոխանցվի ՄԱԿ-ի վերահսկողության և կառավարման ներքո։
  4. Արցախի Հանրապետության տարածքը անցումային շրջանում պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը՝ բոլոր փախստականների վերադարձի պայմանների ապահովման, ժողովրդավարական և իրավական ինստիտուտների ձևավորման, տնտեսության վերականգնման համար։ ՄԱԿ-ի հովանու ներքո նոր հանրաքվեն պետք է հաստատի Լեռնային Ղարաբաղի վերջնական քաղաքական կարգավիճակը, որի արդյունքները իրավական ուժով ճանաչվելու են բոլոր պետությունների կողմից։
  5. Պետք է լիովին բացառվի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ ցանկացած քրեական հետապնդման հնարավորություն՝ հակամարտության ամբողջ շրջանի հետ կապված որևէ մեղադրանքով։ Ադրբեջանում կալանավորված և արդեն իսկ դատապարտված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։

 

Մեր ուժերին՝ հավատով, մեր ժողովրդի հանդեպ հպարտության զգացումով և երախտագիտությամբ՝ Ձեր նվիրվածության համար

  1. «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ
  2. «Արցախյան 3-րդ պատերազմի զոհվածների և անհետ կորածների հարազատների միություն» ՀԿ
  3. «Արցախից Արցախ տեղեկատվական, վերլուծական, հետաքննական, իրավապաշտպան կենտրոն» ՀԿ
  4. «Արցախի մայրություն» ՀԿ
  5. «Մեր տուն Արցախ» ՀԿ
  6. «Արցախի Արծիվներ-Կոմանդոս» ռազմզհայրենասիրական ՀԿ
  7. «Ասկերանցիների համայնքի զարգացման կենտրոն» ՀԿ
  8. «Միացյալ Հայաստան հայրենասիրական» ՀԿ
  9. «Արցախի ավագների խորհուրդ» ՀԿ
  10. «Նախնյաց հետքերով» մՀԿ
  11. «Հասարակության և բնության ներդաշնակ միություն» ՀԿ
  12. «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ
  13. «Արցախի երիտասարդական զարգացման կենտրոն» ՀԿ
  14. «Ազգային Արցախ» ՀԿ
  15. «Լուսաբաց» ՀԿ
  16. «Հայկի սերունդ» ՀԿ
  17. «Վերածնված Հայրենիք» ՀԿ
  18. «Հանուն Հադրութի» ՀԿ
  19. «Զոհվածների հարազատների միություն» ՀԿ
  20. «Շուշիից բռնի տեղահանված հայ ազգությամբ……..» ՀԿ
  21. «Արցախի հոգեբանների միություն» ՀԿ
  22. «Արցախի հունական համայնք» ՀԿ
  23. «Հոգևոր Արցախ» ՀԿ
  24. «Արմատ և Սաղարթ» ՀԿ
  25. «Արցախի կամավորների միություն» ՀԿ
  26. «Կաճառ գիտական կենտրոն» ՀԿ
  27. «Հավասար հնարավորությունների սոցիալական երիտասարդական» ՀԿ
  28. «Միտք» ՀԿ
  29. «Արցախի քրիստոնյա միություն» ՀԿ
  30. «NomarArt» ՀԿ
  31. «Գեն» ՀԿ
  32. «Կրունկ» Азерб ССР союз беженцев ОО
  33. «Արցախի Ավտոմատո ֆեդերացիա» ՀԿ
  34. «Նկարիչների միություն» ՀԿ
  35. «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ
  36. «Քաղաքացիական հասարակություն» ՀԿ
  37. «Ելարան» երեխաների ուսուցման, զարգացման և սոցիալիզացման կենտրոն ՀԿ
  38. «Վիրավոր ազատամարտիկների միություն» սոցիալ իրավական ՀԿ
  39. «Իրավական կրթություն» ՀԿ
  40. «Քարագլուխ հիմնադրամ» ՀԿ
  41. «Արցախի արդար սերունդ» ՀԿ
  42. «Ղարաբաղի կանանց ասոցիացիա» ՀԿ
  43. «Արցախի Թեքեյան միություն» ՀԿ
  44. «Դիզակ արտ» ՀԿ
  45. « Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն»/ԺԱՏԿ/ ՀԿ
  46. «Արցախի Տիգրանակերտ» ՀԿ
  47. «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ
  48. «Մենք կանք» ՀԿ
  49. «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ
  50. «Արցախի արվեստագործների միություն» ՀԿ
  51. «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ
  52. «Արցախի գրողների միություն» ՀԿ
  53. «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ
  54. «ԼՂՀ փախստականների միություն» ՀԿ
  55. «Մեր սարեր» ՀԿ

Հայտարարությանը միանում է նաև MediaStep լրագրողական կազմակերպությունը։

Սանկտ Պետերբուրգում մահացած են գտել Արցախի փրկարարական ծառայության նախկին պետի տեղակալին

Բորիս Ավագյանը, որը նախկինում աշխատել է «Ռոսրեեստր» և «Ռոսիմուշչեստվո» տարածաշրջանային գրասենյակներում և մեղադրվում է մաքսանենգության գործով, մահացած է հայտնաբերվել Սանկտ Պետերբուրգում գտնվող Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքում, հաղորդում են RT-ն և «Ֆոնտանկան»՝ հղում անելով աղբյուրներին։

Ավագյանը զբաղեցրել է Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ և Արցախի ՆԳՆ պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության փոխտնօրենի (նա այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2021 թվականի ապրիլը) պաշտոնները։ Նրա անունը կապվել էր բազմաթիվ սկանդալների հետ։

RT-ի տվյալներով՝ Ավագյանի մարմինը հայտնաբերվել է դիվանագիտական ​​​​ներկայացուցչության զուգարանում։ «Ֆոնտանկա»-ի տվյալներով՝ նախնական հաղորդագրություններում նշվում է, որ նա ինքնասպան է եղել։ Թերթը նշում է, որ միջադեպի հանգամանքները դեռևս քննվում են։

2009 թվականին 43-ամյա Ավագյանը համահիմնադրել է «Պորտ Սանկտ Պետերբուրգ» մաքսային միջնորդական ընկերությունը։

Ռուսաստանում Հայաստանի քաղաքացին մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում 4,2 միլիարդ ռուբլուց ավելի մաքսային տուրքերից խուսափելու մեջ (Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 4-րդ մաս): Մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 23-ին, Կրոնշտադտի դատարանում նախնական կալանքի միջոցի քննարկման ժամանակ Ավագյանը փախել է: Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմինների աղբյուրը ՌԲԿ-ին հայտնել է, որ նա թաքնվել է Վասիլևսկի կղզու Բոլշոյ պողոտայում գտնվող Հայաստանի հյուպատոսության շենքում:

Դատավարությունը սկսվել է 2024 թվականի ապրիլին, բայց կասեցվել է 2025 թվականի օգոստոսին, երբ Ավագյանը պայմանագիր է կնքել Պաշտպանության նախարարության հետ: Ավագյանի ռազմական գործողությունների գոտի մեկնելուց հրաժարվելու պատճառով պայմանագրի խզումից հետո դատարանը որոշել է վերսկսել դատավարությունը:

Ավագյանն ինքը «Փաստինֆո»-ին ասել է, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգի հյուպատոսարանում: «Վերջին մեկ ամսվա ընթացքում ինձ ձերբակալել են Ռուսաստանի հատուկ նշանակության ոստիկանության աշխատակիցները և տարել ոստիկանական բաժանմունք՝ անձը հաստատող փաստաթղթերի ստուգման համար, քանի որ Հայաստանում իմ հանդեպ հետախուզում են հայտարարել», – ասել է նա: Նա ցանկանում էր արտահանձնվել Հայաստան, որտեղ նրան որոնում են սահմանի անօրինական հատման և փողերի լվացման համար։ «Թող ինձ Հայաստանում կալանավորեն և հետաքննություն անցկացնեն, իսկ հետո դատարանը կորոշի՝ մեղավոր եմ, թե ոչ», – ասել էր Ավագյանը։

Եվրոպայի «դեսուվերենիզացիայի» «հայկական մոդելը»

Մինչ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելոըու համար Նյու Յորք մեկնելը, Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց հին աշխարհակարգի քանդման «հայկական մոդելը»։

Նա առաջինը հայտարարեց, որ իր երկիրը ճանաչված սահմաններ չունի, ինչը նշանակում է, որ ինքնիշխանության ցանկացած խախտում չի կարող համարվել խախտում, քանի որ խախտելու բան չկա։

Նա առաջինը հայտարարեց, որ գործող Սահմանադրությունը վաղուց դադարել է լինել Հայաստանի Հանրապետության գոյության իրավական հիմքը, քանի որ «մենք վաղուց ապրում ենք Չորրորդ Հանրապետության պայմաններում»։ Նա նաև հայտարարեց, որ «Հայաստանի քաղաքացիները ատում են իրենց Սահմանադրությունը»։ Սահմանադրական կարգի բացակայությունը բացում են ճանապարհ կամայական կառավարման և ամենաթողության համար։

ՀՀ վարչապետը նաև առաջինն էր, որ հայտարարեց ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած հանրապետություններից մեկի փաստացի լուծարման մասին։

Այս բոլոր հայտարարությունները ներկայացնում են «հայկական մոդելը»՝ Եվրոպայում սառը պատերազմից հետո ստեղծված իրավիճակը վերանայելու համար։

Սոցիալիստական ​​բլոկը Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունք էր, որը գոյություն ուներ մինչև 1990-91 թթ․, երբ սոցիալիստական ​​բլոկի փոխարեն ի հայտ եկան անկախ պետություններ: Միայն ԽՍՀՄ-ի և Վարշավայի պայմանագրի փլուզումից հետո 1992 թվականին հնարավոր դարձավ Մաաստրիխտի պայմանագրի ստորագրումը և Եվրամիության ստեղծումը: Այժմ ԵՄ-ի մոտ 500 միլիոն բնակիչները ստեղծում են համաշխարհային ՀՆԱ-ի գրեթե մեկ քառորդը: ԵՄ-ն դարձել է կարևոր համաշխարհային դերակատար, որի գոյությունն ինքնին մարտահրավեր է նետում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգին:

ԵՄ-ի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և նախկին ԽՍՀՄ-ում անկախ պետությունների ստեղծումը դարձավ ունիկալ մոդել՝ աշխարհակարգը փոխելու առանց մեծ պատերազմի և ՄԱԿ-ի լուծարման:

Այժմ կառուցվում է այլ աշխարհակարգ, և արդեն խոսվում է այն մասին, որ ՄԱԿ-ը կկրի Ազգերի լիգայի ճակատագիրը, որը լուծարվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը կանխելու անկարողության պատճառով:

ՄԱԿ-ը լուծարելու և նոր աշխարհակարգ կառուցելու համար կրկին անհրաժեշտ է մեծ պատերազմ։ Դոնալդ Թրամփի, Պուտինի և ԵՄ-ի մյուս հակառակորդների քաղաքականությունը նպատակ ունի հրահրել մեծ պատերազմ, որին կներգրավվի Եվրոպական Միությունը։ Ռուսաստանը ծաղրում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անօդաչուներով և կործանիչներով՝ հրահրելով ՆԱՏՕ-ի արձագանքը և մեծ պատերազմը։ ԱՄՆ նախագահը կոչ է անում Եվրոպային «օգնել» Ուկրաինային վերադարձնել կորցրած տարածքները և «նույնիսկ ավելի հեռու գնալ»։ Թրամփը նաև կոչ է անում ԵՄ-ին հրաժարվել ռուսական էներգակիրներից և գնել ամերիկյանը, հրաժարվել կանաչ տնտեսությունից, փակել սահմանները և սկսել արտաքսել միգրանտներին։ Ամփոփելով՝ սկսել մեծ պատերազմ։

Փաշինյանն առաջարկում է իր սեփական, խաղաղ «մոդելը»՝ կամավոր հրաժարվել պետական ​​սահմաններից և ինքնիշխանությունից, որոնք առաջացել են սոցիալիստական ​​դաշինքի փլուզումից հետո։

Փաշինյանը հայտարարել է Չորրորդ Հանրապետություն կառուցելու իր մտադրության մասին, որը ենթադրում է սեփականության խոշոր վերաբաշխում: Մասնավորապես, Հայաստանում դա կարող է ենթադրել հայկական ենթակառուցվածքների նկատմամբ ռուսական սեփականության վերանայում: Կառավարությունը, որը մտադիր է ազգայնացնել ՀԵՑ-ը, անհաղթահարելի խնդիրների առջև է կանգնել, և այդ օրինակը ենթադրում է, որ հայկական ենթակառուցվածքները կարող են Ռուսաստանից վերցվել և փոխանցվել ուրիշներին միայն հանրապետությունը լուծարելու միջոցով։

1990-91 թվականներին ստեղծված Հայաստանի Հանրապետության «լուծարումը» կարող է «դեսուվերենիզացիայի» շքերթ առաջացնել ամբողջ Եվրոպայում։

Սպանվել է Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը

Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, նախնական տվյալներով՝ կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, հաղորդում է ՆԳՆ ոստիկանությունը:

Դեպքի մասին ահազանգը ոստիկանություն ստացվել է սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին:

Փարաքար համայնքում ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանը մարտին հաղթանակ էր տարել ընտրություններում: Գրիգորյանի առաջնորդած «Միասնություն» դաշինքը ստացել էր ձայների ավելի քան 57 տոկոսը:

Այստեղ արտահերթ ընտրություններ նշանակվեցին, երբ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ, այդ ժամանակվա համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական տվեց արյունալի մի միջադեպի ներկա գտնվելու պատճառով:

Մերձավան գյուղում հնչած կրակոցների հետևանքով սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նրա փոխանցմամբ՝ ոստիկանը սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է եղել և այդ պահին նրա հետ միասին է եղել։

Թրամփ. Ուկրաինան կարող է վերականգնել իր տարածքները, բայց առանց ԱՄՆ-ի` Եվրոպայի օգնությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ զրույցից հետո հայտարարել է, որ Ուկրաինան՝ Եվրոպայի օգնությամբ, կարող է վերադարձնել Ռուսաստանի կողմից գրավված բոլոր տարածքները։
«Այն բանից հետո, երբ ծանոթացա Ուկրաինայի եւ Ռուսաստանի ռազմական ու տնտեսական ոլորտների իրավիճակին եւ ամբողջովին այն հասկացա, ինչպես նաեւ տեսա տնտեսակական դժվարությունները, որոնք դա պատճառում է Ռուսաստանին, ես գտնում եմ, որ Ուկրաինան՝ ԵՄ աջակցության շնորհիվ, գտնվում է այնպիսի դիրքում, որպեսզի պայքարի եւ ՎԵՐԱԴԱՐՁՆԻ իր ամբողջ տարածքը նախկին սահմաններում.
«Ժամանակի, համբերության եւ Եվրոպայի, եւ հատկապես ՆԱՏՕ-ի ֆինանսական աջակցությամբ՝ սկզբնական սահմանների, որոնք գոյություն ունեին այս պատերազմից առաջ, վերականգնումը իրատեսական է. Ինչու ոչ: Ռուսաստանը արդեն երեք ու կես տարի վարում է անհապաղ եւ անիմաստ պատերազմ, որը իրական ռազմական տերությունը կարող էր շահել ոչ ավելի ուշ քան մեկ շաբաթում. Դա Ռուսաստանի համար պատիվ չէ. Իրականում դա նրան ցույց է տալիս որպես «թղթե վագր»:
«Երբ Մոսկվայի եւ բոլոր մեծ քաղաքների, բնակատեղիների եւ շրջանների բնակիչները ամբողջ Ռուսաստանում նախապես իմանան, թե ինչ իրականում կատարվում է այս պատերազմում, երբ նրանք կհասկանան, որ գրեթե անհնար է բենզին ձեռք բերել՝ երկար հերթերի պատճառով, եւ կհանդիպեն ռազմական տնտեսության բոլոր մյուս խնդիրներին, որտեղ մեծ մասը միջոցների ծախսվում է Ուկրաինայի դեմ պայքարին, որը ունի մեծ ոգի եւ միայն ուժեղանում է, — Ուկրաինան կկարողանա իր երկիրը վերադարձնել նախկին տեսքով եւ, ով գիտե, ⚡️⚡️⚡️գուցե նույնիսկ առաջ գնալ:
«Պուտինն ու Ռուսաստանը լուրջ տնտեսական դժվարությունների մեջ են, եւ հիմա ժամանակն է, որ Ուկրաինան գործի: Ինչևէ, ես հաջողություններ եմ մաղթում երկու երկրներին նույնպես. Մենք կշարունակենք զինամթերք տրամադրել ՆԱՏՕ-ին, որպեսզի ՆԱՏՕ-ն նրա հետ անի այն, ինչ անհրաժեշտ է համարում. Հաջողություն բոլորին!», գրել է նա իր սեփական սոցցանցում։

Ֆրանսիայի Ազգային ժողովն ու Սենատը մի քանի բանաձեւեր են ընդունել՝ ի նպաստ արցախահայության

Step1.am-ի զրուցակիցն է Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը։

-Պարոն Գեւորգյան, Արցախի էթնիկ զտումից երկու տարի անց Ֆրանսիայի խորհրդարանում տեղի ունեցան լսումներ Արցախի հարցով։ Ի՞նչ մանրամասներ կարող եք հայտնել, ի՞նչ հարցեր են բարձրացվել, ի՞նչ արդյունք կարող է ունենալ քննարկումը։

-Սեպտեմբերի 18-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի ունեցավ խորհրդաժողով՝ արցախահայության բռնի տեղահանության 2-րդ տարելիցը նշելու եւ վերջիններիս իրավունքների պաշտպանության թեման քննարկելու նպատակով: Խորհրդաժողովը կազմակերպվել էր պատգամավոր Էմանուել Մանդոնի նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի եւ Եվրախորհրդարանի պատգամավորներ, դիվանագետներ ու փորձագետներ, ովքեր վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկել՝ աջակցելու Արցախից բռնի տեղահանված բնակչության վերադարձի իրավունքին: Ակնկալվում է, որ վերոնշյալ երկրների խորհրդարանները, եւ հնարավորության դեպքում այլ երկրների խորհրդարաններ եւս, կշարունակեն ճնշումը սեփական կառավարությունների վրա, որպեսզի վերջիններս գործեն Արցախից տեղահանված հայերի իրավունքների իրականացման ուղղությամբ՝ ապահովելով նրանց անվտանգ ու համախմբված վերադարձը: Այս իրավունքն ընտրություն չէ, այլ՝ պարտավորություն: Բոլոր նշված խորհրդարանները նախկինում ընդունել են բանաձեւեր՝ ուղղված իրենց գործադիր մարմիններին այս նպատակով:

– Եվրոպայում Արցախի հարցը հիմա ի՞նչ տեղ ունի, համարում են Արցախի հարցը լուծվա՞ծ, թե՞ ուժով պարտադրված այս լուծումն ընդունելի չէ եվրոպական համայնքի համար։

-Եվրոպայի տարբեր երկրների կառավարություններ պնդում են, որ չեն կարող «Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինել»: Այլ կերպ ասած՝ վերջիններս հղում են անում Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ հարցից խուսափելու նպատակով։ Չնայած Եվրամիության երկրների կառավարությունները չունեն հարցի վերաբերյալ համաձայնեցված ընդհանուր քաղաքական դիրքորոշում, ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստում Ադրբեջանը Եվրոպայի ռազմավարական հակառակորդը չէ. այն համարվում է էներգիայի «վստահելի» մատակարար, կապի միջոց Թուրքիայի հետ եւ հնարավոր հակակշիռ Իրանի ու Ռուսաստանի դեմ։ Այս համատեքստում է նաեւ, որ 2023թ. Արցախի հայ բնակչության բռնի տեղահանությունն ու էթնիկ զտումը, որն ի դեպ համարվում է մարդկության դեմ հանցագործություն, մնացել են անպատիժ։

Ըստ իս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկա դիրքորոշումը չի կարող արդարացում հանդիսանալ՝ այս հանցանքը եվրոպական երկրների կողմից մոռացության մատնելու համար։ Այդ պատճառով մենք սերտորեն համագործակցում ենք այն խորհրդարանականների հետ, ովքեր հանձն են առել պաշտպանել մարդու ու ժողովուրդների հիմնարար իրավունքները, միջազգային իրավունքի հիմնարար դրույթները։ Ֆրանսիայի Ազգային ժողովն ու Սենատը մի քանի բանաձեւեր են ընդունել՝ ի նպաստ արցախահայության վերադարձի իրավունքի: Նույնը տեղի է ունեցել Եվրախորհրդարանում, Բելգիայի, Շվեյցարիայի եւ եվրոպական այլ երկրների խորհրդարաններում: Ի դեպ Շվեյցարիայի խորհրդարանի բանաձեւը պարտադիր ուժ է կրում Շվեյցարիայի կառավարության համար: Հակադրական է, երբ եվրոպական կառավարություններն իրենց հռչակում են ժողովրդավարության պաշտպաններ եւ միաժամանակ չեն հետեւում սեփական խորհրդարանների` ժողովրդի ներկայացուցիչների կողմից ընդունված բանաձեւերին:

Որքանո՞վ է կարեւոր Եվրոպայում կամ ցանկացած այլ երկրում Արցախի ներկայացուցիչ ունենալը։

-Արցախահայերը սոսկ փախստականներ չեն, նրանք մարդկության դեմ հանցանքի զոհեր են։ Նրանց զրկել են իրենց հողերից, բնակարաններից, իրենց ապագայից: Այս ամենը տեղի է ունեցել իրենց ժողովրդավար, մարդու իրավունքների պաշտպան համարող պետությունների լռության եւ անտարբերության պայմաններում։ Այս համատեքստում է կարեւորվում Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցչության առկայությունը։ Այսoր որեւէ պետություն, այսինքն՝ որեւէ պետության գործադիր մարմին, փաստացի չի պաշտպանում հայրենազուրկ արցախահայության քաղաքական իրավունքները: Մինչդեռ նրանց ձայնը պետք է լսելի դարձնել: Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչությունը ստանձնել է այս առումով իր բաժին պատասխանատվությունը եւ շարունակելու է իր ծառայությունը՝ որպես հենարան ունենալով բարի կամքի տեր բոլոր անձանց եւ ուժերին:

Ռոզա Հովհաննիսյան

Արցախցի երիտասարդները՝ առաջին հորիզոնականում

Օրերս Երևանում կազմակերպված <<Ոսկե գավաթ-2025>> մրցույթում արցախցի բարբերներ Մհեր Աղաջանյանը և Բենիկ Գաբրիելյանը զբաղեցրել են մրցանակային առաջին հորիզոնականը։

Ամենամասշտաբային բյութի առաջնությունը լայն  հնարավորություն էր բյութի մասնագետների համար ցույց տալ իրենց հմտությունները, յուրահատուկ գործերը և հաղթել մրցույթում։ Առաջնությանը մասնակցել են վարսահարդարներ, դիմահարդարներ, բարբերներ, մատնահարդարներ և գեղեցկության բնագավառի այլ մասնագետներ, ովքեր ներկայացել էին ինչպես Հայաստանից, այնպես էլ տարբեր երկրներից։

Արցախցի Մհերն ու Բենիկը մասնակցել են փակ աչքերով կտրվածքի մրցույթին, որտեղ Մհերը կտրվածք անողն էր, իսկ Բենիկը՝ հուշողը։ Տղաները կարողացել են ցույց տալ իրենց բարձր պատրաստվածությունը և պատահական չէ, որ զբաղեցրել են առաջին տեղը։

Արցախցի երիտասարդների համար մեծ պատիվ է միշտ առաջնային լինել ու ամեն տեղ բարձր պահել Արցախի անունը։

Նշենք, որ Մհերն Ասկերան քաղաքից է, իսկ Բենիկը՝ Խնապատ գյուղից։ Նրանք աշխատում են Երևանի Փափազյան 12 հասցեում գտնվող <<Բարբեր հաուս>> սրահում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն նվաճեց «Ոսկե գնդակը»

«Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն արժանացել է «Ոսկե գնդակին»` դա ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական ​​մրցանակն է, որը ամեն տարի շնորհվում է France Football շաբաթաթերթի կողմից, հաղորդում է BBC-ն։

Երկրորդ տեղը գրավեց «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ ֆուտբոլային հանճար Լամին Յամալը։ Որպես մխիթարություն և հավանաբար պայծառ ապագայի նախերգանք՝ հուլիսին 18 տարեկան դարձած Յամալը ստացավ տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (մինչև 21 տարեկան) Ռեյմոնդ Կոպայի մրցանակը։

Երրորդ տեղը գրավեց ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։

Անցյալ մրցաշրջանում 28-ամյա Ուսման Դեմբելեն, ՊՍԺ-ի համար սովորական ներքին առաջնության և գավաթի տիտղոսներից բացի, ակումբի հետ նվաճեց Չեմպիոնների լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, ինչպես նաև հասավ ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ։

Ուսման Դեմբելեն դարձավ վեցերորդ ֆրանսիացին, ով արժանացավ այս հեղինակավոր մրցանակին։ Նախկինում դափնեկիրների թվում են Ռայմոն Կոպան (1958), Միշել Պլատինին (1983, 1984, 1985), Ժան-Պիեռ Պապենը (1991), Զինեդին Զիդանը (1998) և Քարիմ Բենզեման (2022)։

Մոլդովայի «հիբրիդային զավթումը». Սեպտեմբերի 28-ը կարող է ճակատագրական լինել Եվրոպայի համար

Մոլդովայում խուզարկություններից հետո ձերբակալվել է 74 մարդ, որոնց կասկածում են ռուսական հետախուզության աշխատակիցների կողմից Սերբիայում՝ զանգվածային անկարգություններ և բռնություն հրահրելու համար մարզված լինելու մեջ։ Դա սեպտեմբերի 28-ի խորհրդարանական ընտրություններից առաջ երկիրը անկայունացնելու փորձեր են, հաղորդում է IPN-ը։

«Կրեմլը հարյուր միլիոնավոր եվրոներ է ներդնում Դնեստրի երկու ափերին և արտասահմանում հարյուր հազարավոր ձայներ գնելու համար», – տեսաուղերձում ասել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ «Մարդիկ ամեն օր թունավորվում են ստերով։ Հարյուրավոր մարդիկ գումար են ստանում անկարգություններ, բռնություն հրահրելու և վախ սերմանելու համար»։

Ինչպես նշում է Bloomberg-ը, Ռուսաստանը գարնանը մշակել է Մոլդովայի ընտրություններին միջամտելու ծրագիր՝ Սանդուին իշխանությունից հեռացնելու և նրա կառավարության ԵՄ անդամակցության ջանքերը խափանելու նպատակով։

Մոլդովայում խորհրդարանական ընտրությունները կկայանան սեպտեմբերի 28-ին: Հարցումների համաձայն՝ երկրի իշխող եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը կարող է կորցնել խորհրդարանական մեծամասնությունը։

NewsMaker-ի հաղորդմամբ՝ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն իր ելույթում նշել է, որ Մոսկվան փորձում է Մոլդովան վերածել Ուկրաինայի Օդեսայի մարզ հնարավոր ներխուժման ցատկահարթակի։

«Այսօր ես ձեզ ամենայն լրջությամբ հայտարարում եմ, որ մեր ինքնիշխանությունը, անկախությունը, ամբողջականությունը և եվրոպական ապագան սպառնալիքի տակ են», – ընդգծել է նա։

Մոլդովայի նախագահը զգուշացրել է, որ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ վերահսկողության հաստատումը աղետալի կլինի ոչ միայն մոլդովացիների, այլև ամբողջ տարածաշրջանի համար։

«Եվրոպան կավարտվի Մոլդովայի հետ սահմանին։ Եվրոպական միջոցները կանգ կառնեն Պրուտ գետի վրա։ Տեղաշարժի ազատությունը կարող է դադարեցվել։ Մեր հողը կարող է դառնալ Օդեսայի մարզ ներթափանցման ցատկահարթակ։ Մերձդնեստրյան տարածաշրջանը կապակայունացվի», – հայտարարել է Սանդուն։

Նա ընդգծել է, որ Կրեմլը գործում է տեղացի քաղաքական գործիչների և գործարարների միջոցով, որոնք պատրաստ են վաճառել երկիրը անձնական շահի համար։ Պետության ղեկավարը նշեց, որ իրենք չեն հավատում ո՛չ Քիշնևին, ո՛չ Բրյուսելին, բայց հավատում են փողին։

Հրապարակ. ԱԱԾ ղեկավարը Բաքվին է հանձնել 10 գերիների ցուցակ՝ ազատ արձակման խնդրանքով

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ մանրամասներ են հայտնի դարձել Անդրանիկ Սիմոնյանի` Բաքու կատարած այցի մասին։ Վստահելի աղբյուրը փոխանցում է, որ այցի ընթացքում ԱԱԾ տնօրենն ադրբեջանական կողմին է փոխանցել ռազմագերիների ցուցակ` 10 անունից կազմված, որոնց հայկական կողմն ուզում է վերադարձնել հայրենիք` երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակներում։

Այդ անուններն են. Էրիկ Ղազարյան, Լեւոն Բալայան, Դավիթ Ալավերդյան, Մելիքսեթ Փաշայան, Գարիկ Մարտիրոսյան, Վասիլի Բեգլարյան, Լյուդվիգ Մկրտչյան, Ալյոշա Խոսրովյան, Գուրգեն Ստեփանյան, Մադաթ Բաբայան: Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության` Բաքվում դատվող եւ խոշտանգվող 8 պետական գործիչների ազատ արձակման եւ վերադարձի մասին Սիմոնյանը բառ անգամ չի արտասանել այս այցի ժամանակ:

Բայց այս 10 հոգուն ազատ արձակելու դիմաց էլ ադրբեջանական կողմը հակընդդեմ ցանկ ու պայմաններ է դրել` պահանջել է ազատ արձակել Սիրիայի Արաբական Հանրապետության երկու քաղաքացու` Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին եւ Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին, որոնք, որպես վարձկան ահաբեկիչներ, մասնակցել են 2020 թվականի պատերազմին, բազմաթիվ սպանություններ են իրականացրել հայ քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում եւ 2021 թվականին ցմահ ազատազրկման են դատապարտվել Հայաստանում։

Մեր աղբյուրն ասում է, որ Անդրանիկ Սիմոնյանը համաձայնել է կատարել Ադրբեջանի պահանջը։

Միրզոյանն ու Բայրամովը հանդիպել են Նյու Յորքում և պայմանավորվել շարունակել երկխոսությունը

Նյու Յորքում ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են խաղաղության օրակարգի առաջմղման հնարավոր ուղիները՝ հիմնվելով այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Խաղաղության գագաթաժողովի արդյունքների վրա, փոխանցում է Հայաստանի արտաքին գերատեսչությունը։

Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկխոսությունը՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանը։

Տուսկի կոշտ հայտարարությունը. Էրդողանը կոչ է անում խոցել ռուսական ինքնաթիռները

Լեհաստանը վճռականորեն կարձագանքի իր օդային տարածքի խախտումներին, հայտարարեց վարչապետ Դոնալդ Տուսկը երկուշաբթի՝ սեպտեմբերի 22-ին։

«Մենք կորոշենք խփել թռչող օբյեկտները, երբ դրանք խախտեն մեր տարածքը և թռչեն Լեհաստանի վրայով՝ դրանում կասկած չկա», – ասաց վարչապետը մամուլի ասուլիսում։

«Երբ մենք գործ ունենք այնպիսի իրավիճակների հետ, որոնք լիովին պարզ չեն, ինչպիսին է ռուսական կործանիչների վերջին թռիչքը Petrobaltic հարթակի վրայով, բայց առանց որևէ խախտման, քանի որ դրանք մեր տարածքային ջրերը չեն, մենք իսկապես պետք է երկու անգամ մտածենք, նախքան այնպիսի գործողություններ ձեռնարկելը, որոնք կարող են սրել հակամարտությունը», – մեջբերում է նրա խոսքերը Reuters-ը։

ՆԱՏՕ-ի 32 երկրների ներկայացուցիչներ սեպտեմբերի 23-ին Բրյուսելում կհանդիպեն Հյուսիսատլանտյան խորհրդի նիստում, որը հրավիրվել է Էստոնիայի խնդրանքով։ Խորհրդակցությունները կանցկացվեն Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, որը նշում է, որ «կողմերը միշտ պետք է խորհրդակցեն միմյանց հետ, եթե նրանցից որևէ մեկի կարծիքով սպառնալիքի տակ է որևէ կողմի տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը»։

Սեպտեմբերի 19-ին Էստոնիան մեղադրեց Ռուսաստանին Վայնդլո կղզու մոտ իր օդային տարածքը խախտելու մեջ՝ երեք ՄիԳ-31 ինքնաթիռներով։ ՆԱՏՕ-ի կործանիչները օդ բարձրացան, բայց ինքնաթիռները չխոցվեցին։

Վերլուծաբանները նշում են, որ Մոսկվան «փորձարկում» է ՆԱՏՕ-ի ամրությունը՝ Թրամփի և Դաշինքի փլուզմամբ և Եվրոպայի պարտությամբ շահագրգռված այլ երկրների խրախուսմամբ։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը սեպտեմբերի 22-ին հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի օդային տարածքի խախտումը՝ Էստոնիայում և Լեհաստանում, կարող է հանգեցնել դաշինքի և Ռուսաստանի միջև ուղղակի բախման։

Միևնույն ժամանակ, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի Հյուսիսային Եվրոպայի ամենամեծ՝ Կաստրուպ օդանավակայանը, երկուշաբթի երեկոյան ստիպված էր մի քանի ժամով դադարեցնել բոլոր թռիչքները տարածքում անհայտ անօդաչու թռչող սարքերի պատճառով։

Լիտվայի պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն հիշեցրել է ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցումը Թուրքիայի կողմից։ Նա այս մասին գրել է X-ում, այն բանից հետո, երբ Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու մեջ։ «Մենք պետք է լուրջ լինենք։ Հ.Գ. Թուրքիան օրինակ ծառայեց 10 տարի առաջ։ Մտածելու տեղիք է տալիս», – գրել է Շակալիենեն Էստոնիայում տեղի ունեցած միջադեպի մասին։

2015 թվականի նոյեմբերին թուրքական կործանիչը խոցեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը սիրիա-թուրքական սահմանի վրա։

ՆԱՏՕ-ն պետք է հետևի այն օրինակին, թե ինչպես է Թուրքիան կառուցում հարաբերությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, ասել է երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Fox News-ի հատուկ ռեպորտաժին տված հարցազրույցում։ Այդպիսով նա ակնարկել է, որ ռուսական ինքնաթիռի խոցումը չի հանգեցրել Մոսկվայի և Անկարայի միջև հակամարտության, այլ հաստատել է Թուրքիայի վճռականությունը՝ դիմադրելու ցանկացած ագրեսիային։

Միևնույն ժամանակ, Էրդողանը կցանկանար, որ եվրոպացիները հայտարարեն Ռուսաստանի ագրեսիայի մասին։ Այս դեպքում ՆԱՏՕ-ն ստիպված կլինի կիրառել 5-րդ հոդվածը, և Թուրքիան իրավունք կստանա ազդել պատասխան հարվածի մասին որոշման վրա, այդ թվում՝ վետոյի իրավունք։