Հայաստանի նոու-հաուն. ինչ կհայտարարի Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Ասում են, որ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-ից 27-ը Նյու Յորքում է լինելու՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին մասնակցելու համար։

Գլխավոր ասամբլեայի ներկայիս նստաշրջանը սկսվել է Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Պորտուգալիայի, Մոնակոյի և մի շարք այլ երկրների կողմից Պաղեստինի պետության ճանաչման շքերթով։ Իտալիայում, որտեղ կառավարում է Թրամփին հարազատ կուսակցությունը, երեկ տեղի են ունեցել պաղեստինցիների ի պաշտպանության զանգվածային գործադուլներ, որոնք վերածվել են անկարգությունների։ Միացյալ Նահանգները չի ճանաչում Պաղեստինը, պաշտպանելով միասնական Իսրայելի գաղափարը, որը կդառնա «կայսրություն» Մերձավոր Արևելքի մի մասում՝ Թուրքիայի կողքին։

Երկու պետությունների՝ Պաղեստինի և Իսրայելի գոյության աջակցությունը Եվրոպայի վերջին փորձն է՝ փրկելու ներկայիս եվրոպա-հրեական աշխարհակարգը, որը կառուցված է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վրա։ Այս աշխարհակարգի փլուզումը աղետալի հետևանքներ կունենա Եվրոպայի համար, որն արդեն իսկ պատառոտվում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Թուրքիայի կողմից՝ դրսից և ներսից՝ միգրացիայի միջոցով։

Աշխարհակարգի փլուզումը սկսվեց փոքրիկ Արցախով և Եվրոպայի աջակցությամբ՝ Արցախյան խնդիրը ռազմական «կարգավորման» կարգավորելու հարցում՝ ագրեսիա, օկուպացիա, ցեղասպանություն, բնիկ բնակչության տեղահանություն և ճանաչված սահմանների բռնի փոփոխություն: 1990-ին Հայաստանի անկախության հռչակագիրը և Հայաստանի և Արցախի վերամիավորման վերաբերյալ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը ողջունած Եվրոպան, 2022 թվականի փետրվարից հետո (երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա), հանկարծակի կառչեց Ալմա-Աթայի հռչակագրին և Ստալինի գծած սահմաններին։

2022 թվականին Պրահայում, Լավրովի բարձր ծիծաղի ներքո, եվրոպացի առաջնորդները ծափահարեցին Փաշինյանի և Ալիևի կողմից Ղարաբաղը «Ադրբեջանի» մաս ճանաչող փաստաթղթի ստորագրմանը: Դրանից հետո Ռուսաստանը սկսեց ավելի վստահորեն «պատառոտել» Ուկրաինան. եթե Եվրոպան ճանաչել է Ադրբեջանի՝ տարածք զավթելու իրավունքը, ապա կճանաչեր նաև Ռուսաստանի կողմից Ուկրաինայի կեսի, իսկ հետագայում՝ Բալթյան երկրների և Լեհաստանի զավթումը: Թուրքիան հանգիստ գրավեց Սիրիան, հաստատվեց Հայկական լեռնաշխարհում, իսկ Իսրայելը սկսեց Գազայի, Լիբանանի և Սիրիայի մասերի լիակատար օկուպացիան։

Հենց Արցախում սկսեց քանդվել հին աշխարհակարգը, և հիմա Արցախը մատաղ արած եվրոպական երկրները փորձում են փրկվել՝ “փրկելով” Պաղեստինը։

Սակայն արդեն ուշ է. ավանդական պետությունների փլուզումը սկսվել է, կրկին Հայաստանից, և Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կհայտարարի հայկական նոու-հաույի մասին։

Սեպտեմբերի 20-ին՝ Հայաստանի անկախության օրվանից մեկ օր առաջ, վարչապետի պաշտոն զբաղեցնող  Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Երրորդ Հանրապետության ավարտի մասին, նշելեվ, որ «Հայաստանը վաղուց ապրում է Չորրորդ Հանրապետության պայմաններում»։ Այս հայտարարությունն նոնսենս էր. պետությունը հայտարարում է սահմանադրական կազուսի մասին, երբ գործող Սահմանադրությամբ իշխող կուսակցությունը առաջնորդվում է դրան հակասող սկզբունքներով, օրինակ՝ հայտարարելով երկրի սահմանների փոփոխությունների մասին առանց հանրաքվեի կամ երկրի տարածքի մի մասի “աութսորսինգով” օտարման մասին՝ առանց հստակ պայմանների քննարկման։ Սահմանադրությունն այլևս ուժի մեջ չէ, ուրեմն՝ պետությունը չի գործում։

Սա իսկապես նոու-հաու է. Հայաստանն աշխարհում առաջինը հայտարարեց, որ չունի ճանաչված սահմաններ և, հետևաբար, պաշտպանելու ոչինչ չունի, որ լավագույն դիմադրությունը՝ «խաղաղությունն» ու «խաչմերուկն» են, որ մերժում է Արարատը և մյուս բոլոր ազգային ուղենիշները: Հայաստանն առաջինն էր, որ հայտարարեց ԽՍՀՄ փլուզումից հետո ծնված հանրապետության լուծարման և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգի հետ կապերի լիակատար խզման մասին։

Այս նոու-հաուն միանշանակորեն կաջակցվի ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իսրայելի կողմից, մինչդեռ Հունգարիան և Սլովակիան՝ Հայաստանի ներկայումս եվրոպական լավագույն ընկերները, կօգտագործեն այն ԵՄ-ն քանդելու համար։

Մի հայտնի փիլիսոփայի տարիներ առաջ ասել էր, որ ներկայիս գլոբալ պարադիգմի պայմաններում Հայաստանը ոչ մի շանս չունի գոյատևելու որպես ավանդական պետություն՝ որոշակի տարածքում ապրող որոշակի բնակչությամբ: Հայաստանը կարող է գոյատևել միայն որպես ցանցային պետություն՝ ինչ-որ վիրտուալ բան, առանց տարածքի, բայց ֆորմակ կառավարվող մեկ կենտրոնից։

Սեպտեմբերի 20-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց նման նախագծի մասին, և դա նախադեպ կստեղծի աշխարհի շատ երկրների համար, որոնք կդադարեն գոյություն ունենալ որպես ազգային պետություններ։

Ֆրանսիան, Բելգիան, Մոնակոն, Մալթան և Լյուքսեմբուրգը հայտարարեցին Պաղեստինը ճանաչելու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին։ Ֆրանսիացի առաջնորդը ելույթ ունեցավ երկուշաբթի՝ սեպտեմբերի 22-ին, Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում, որտեղ Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ տեղի է ունենում պետությունների և կառավարությունների ղեկավարների համաշխարհային գագաթնաժողով։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ֆորումի գլխավոր նպատակն է փորձել վերակենդանացնել երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի, լուծումը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում։

«Այսօր Ֆրանսիան ճանաչում է Պաղեստինի պետությունը», – ասաց Մակրոնը։ Նա ասաց, որ դա արվում է «իսրայելցի և պաղեստինցի ժողովուրդների միջև խաղաղության անվան տակ»։

Ժամանակն է «ազատ արձակել Համասի կողմից պահվող 48 պատանդներին» և վերջ դնել «պատերազմին, Գազայի ռմբակոծություններին, կոտորածներին և բնակչության արտագաղթին», հաղորդում է AFP-ն։

Ավելի ուշ՝ նույն հանդիպման ժամանակ, Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը, Մոնակոյի, Մալթայի և Լյուքսեմբուրգի առաջնորդների հետ միասին, հայտարարեց Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մասին։

Միացյալ Թագավորությունը, Կանադան, Ավստրալիան և Պորտուգալիան սեպտեմբերի 21-ին ճանաչեցին Պաղեստինի պետությունը։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը կոչ արեց այս երկրներին հետևել օրինակին։ «Մենք կոչ ենք անում մյուս բոլոր երկրներին նմանատիպ պատմական քայլ կատարել», – ընդգծեց նա։ Այս միջոցառումը «զգալի ազդեցություն կունենա երկու պետությունների լուծման իրականացման ջանքերի վրա», – հավելեց նա, հայտնում է DW-ն։

Ցավ է․ արցախցիների շրջանում մեծացել են անժամանակ մահվան դեպքերը

Ապրեցե՛ք մարդիկ, գնահատեք ձեր առողջությունը

Երկու տարի է, ինչ արցախցին իր տանը չէ․ նա իր կամքին հակառակ հեռացել է իր երկրից։ Մի երկիր, որտեղ ամեն ինչ դրախտային էր։ Արցախում մարդիկ պարզապես երջանիկ էին և հոգ չէր, որ թշնամին ցանկացած բնակավայրից ընդամենը մի քանի հարյուր մետր էր հեռու, իսկ Արցախն էլ լիովին շրջափակման մեջ էր։ Ոչինչ չէր խանգարում, որ արցախցին իրեն լիարժեք երջանիկ զգար։

Բռնատեղահանությունից հետո արցախցիներից ոչ մեկն իր տեղը չի կարողանում գտնել, և օրեցոր կորստի ցավն ավելի է սաստկանում, իսկ երբ գումարվում է սոցիալական ծանր վիճակը, ապա մարդ պարզապես ի վիճակի չէ դիմանալ․ նա այլևս ուժասպառ է և պայքարելու ուժից զրկված։ Ցավն ու կարոտը մաշում են մարդկանց հոգիները։ Կարծում եմ՝ մեր հոգեբանները բավարար աշխատանք ունեն կատարելու տեղահանված արցախցիների հետ․ չէ՞ որ շատ դեպքերում հոգեկան առողջության քայքայումը բերում է ողբերգական հետևանքների։

Այնպես է ստացվել, որ տեղահանությունից ի վեր շարունակում եմ համակարգել <<Բերդ Թերթ>>  ֆեյսբուքյան էջը, որը հաղորդակցվելու լայն հարթակ է տեղահանված արցախցիների, ինչու չէ նաև հայաստանյան լսարանի համար։ Սոցիալական այդ էջը մարդկանց համախմբման, իրար ուրախություն, դարդ ու ցավ կիսելու, միմյանց մասին տեղեկություններ իմանալու տեղ է, որի ամեն մի գրառմանը մարդիկ սպասում են սրտի թրթիռով, իհարկե ակնկալելով միայն բարի լուրեր կարդալ։ Սակայն, ցավոք, շատ հաճախ նրանց սպասելիքները չեն արդարանում։ Վերջին ժամանակներս արցախցիների շրջանում մեծացել են անժամանակ մահվան դեպքերը․ մարդիկ մահանում են հանկարծակի։ Շատերի մոտ գրանցվում է սրտի կանգ, կամ էլ չեն կարողանում հաղթահարել հիվանդությունները։ Ցավալի փաստ է, որ արցախցիների շրջանում մահը երիտասարդացել է։

Ամեն անգամ, երբ հեռախոսահամարիս անծանոթ զանգ է գալիս, տագնապով եմ լցվում։ Մինչև պատասխանելը մտածում եմ՝ դարձյա՞լ երիտասարդ մարդու մահվան մասին եմ լսելու։ Շատ դեպքերում սիրտս չի սխալվում։ Իսկ գիտե՞ք՝ ինչքան դժվար է մահախոսական գրել, այն էլ այն մարդկանց մասին, ովքեր դեռ երիտասարդ կամ միջին տարիքի են և որոնց շատ լավ ես ճանաչում։

Ո՛չ, այլևս չեմ ուզում մահվան լուր հայտնել, բա՛վ է։ Ապրեցե՛ք մարդիկ, գնահատեք, պահպանեք ձեր առողջությունը։ Ինչքան էլ դժվար է, հաղթահարե՛ք դժվարությունները․ չէ՞ որ մենք անցել ենք մեծ արհավիրքների միջով ու դեռ մեծ նպատակ ունենք, որը պետք է իրականացնենք միասին։

Ապրեցե՛ք մարդիկ, թունելի վերջում միշտ էլ լույս կա։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Արցախցիներն իրենց պատմությունը, փաստաթղթերն այրեցին ու հեռացան

2023թ. սեպտեմբերի 19-ի կեսօրին սկսած հրետակոծությունը շարունակվել է մինչեւ լույս 20-նն առանց 5 րոպե դադարի (առանց չափազանցության): Պարզ էլ չէր, ով ում վրա է կրակում եւ ինչ տեսակի զինատեսակներից: “Թարսի պես” էլ հենց այդ ժամանակ BBC-ից զանգում են հարցնում, իբր կարո՞ղ եմ բացատրել, թե ի՞նչ է կատարվում: Ես հեռապոսը բռնած ձեռքս հանում եմ պատուհանից ու առաջարկում` ավելի լավ է ինքներդ լսեք: “Go to a safe place, please”, ասում է իմ կոլեգան: Լսվում էին բոլոր հնարավոր զենքերի ձայներ` դրոններից մինչեւ ավտոմատներ: Մի տեսակ անիմաստ էր դարձել նկուղներ գնալ անգամ:

Հիշում եմ, Արցախ թաղամասում մի աղջիկ նստել էր բեսեդկայում, ու ինչ-որ անորոշ բաներ էր ասում ու լացում. “ինձ համար մեկ է այլեւս, կրակում են` թող կրակեն” – ասում էր նա: Հարեւաններից մեկն ասում էր՝ ցնորվել է, մեկը պնդում էր՝ ալկոհոլի ազդեցության տակ է, մեկն ասում էր՝ ամուսինն է զոհվել:

Նույն թաղամասի նկուղներում իսկական քաոս էր. մայրերը երեխաների տրտունջն ու լացը զսպելու ոչ մի ելք չգտնելով, ստիպված միանում էին նրանց. “Աստված իմ…”: Ամեն նկուղում զենքով մի տղամարդ կար․ մարտերն արդեն քաղաքում էին եւ ոչ մի երաշխիք չկար, որ Շուշիից ադրբեջանցի զինվորները քաղաք չեն մտել (բոլորի մտքում էլ հենց դա էր, չնայած հոսանքից էին խոսում):

Լսելով, որ հարակից կիսակառույցի նկուղում “քաղաքացիական պաշտպանության ջոկատ” է ձեւավորվել եւ որ այնտեղ գեներատոր կա, ես որոշեցի գնալ այնտեղ եւ հեռախոսս լիցքավորել: Այստեղ նույնպես քաղաքացիական հագուստով ու զենքով մի երիտասարդ կար: Զորամասային մահճակալներին տեղ չկար. տատիկներ, կանայք ու աղջիկներ վերմակներով փաթաթված նստած քնել էին, իսկ արթունները ջուր էին եռացնում դիզելային գեներատորից ստացած հոսանքով, սեղանին կիսադարակ ջեմի, մուրաբաների, մեղրի տարաներ էին, որ հավանաբար գյուղացիներն էին քաղաք բերել: Աղջիկները թեյ չեն հյուրասիրում, կարիք էլ չկար խնդրել, պարզ է, որ “պարենային մթերքները” միայն ներսի անձնակազմի համար էր: YouTube-ում ես մի միքս էի հանդիպել, որի հեղինակը հրետանու ձայներից երաժշտություն էր ստեղծել, իսկ Ստեփանակերտում դրա “live” էր գնում ըստ էության: Ցեմենտաբետոնի շերտերի տակ “երաժշտությունն” աղոտ էր լսվում, բայց երբ դուրս եկա` “համերգի” իսկական մասնակից դարձա: “Պա՛տի տակ, պա՛տի տակ”, ասում եմ ես մորաքրոջս որդուն:

Տուն հասնելով, ես նրան մի զվարճալի պատմություն պատմեցի առաջին ղարաբաղյան պատերազմից, թե ինչպես էր այն ժամանակ մեր հարեւաններից մեկը պիդջակով գլուխը ծածկել, երբ գրադը սկսել էր խփել: Մեր նկուղում ոչ տեղ կար, ոչ էլ իմաստ անյնտեղ մնալ: Այսպես մենք որոշեցինք երրորդ հարկում քնել` ինքներս մեզ հույս տալով, որ մերոնք են կրակում: Հուժկու ձայները շատ մոտիկ էին լսվում, բայց քունը մեզ հաղթեց:

Սեպտեմբերի 21-ին Եվլախում Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչների միջեւ հանդիպումից հետո հոսանքը քաղաքում վերականգնվել եւ իրավիճակի կարգավորման մասին սուտ լուր էր տարածվել: Ի՞նչ լավ լուրի մասին կարող էր խոսք լինել, երբ մարդիկ արդեն կապում էին իրերը::

Չնայած արդեն հոսանք կար, չնայած երեխաները նկուղներից բակ էին դուրս եկել, բայց կանայք փայտե վառարանների վրա էին թեյ տաքացնում, ճաշ պատրաստում, որին մի տհած հոտ էր միախառնվել:

Վառարաններից զատ ինչ-որ խարույկներ էին բակերում: Ես չէի հասկանում, մինչեւ տիկին ֆլորան չպարզաբանեց. “փաստաթղթերն ու զինվորական համազգեստներն են վառում” (Արցախ թաղամասում հիմնականում զինվորականների ընտանիքներ էին բնակակվում):

Կրակի այս “պաշտամունքը” դեռ գիշերն էր սկսվել, երբ մարդիկ վառում էին իրենց սովետական սեւ-սպիտակ լուսանկարները (ձեզ ո՞վ է ճանաչելու այդ լուսանկարներում), հիմնարկներն՝ իրենց արխիվները: Ամենամեծ “խարույկը” Արցախ թաղամսում էի նկատել նույն գիշերը եւ զանգել Փրկարար ծառայունթյուն, մտածելով որ թաղամասը տաքացնող ջերմակայանում է հրդեհ բռնկվել:

Անգամ այդ քաոսի մեջ Արցախի փրկակարար ծառայությունից հենց առաջին զանգից հետո պատասխանեցին եւ ասացին, որ հասնում են: Բանակի արխիվները վառելու ամենահարմար տեղն Արցախ թաղամասի կաթսայատունն էր եւ բոցն էլ հենց դրանից էր բորբոքվել: “Վտանգավոր բան չկա”, հավաստիացրին փրկարարներն ու գնացին, չնայած եռման ջուր էր ֆշշացնում խողովակներից եւ թվում էր թե, ուր որ է պայթյուն կլինի:

Այս օրերին ես արտասահմանյան մի լրատվամիջոցի ասել էի, որ եթե այսպես շարունակվի, սա “վերջի” “սկիզբ” է նշանակելու Արցախի համար: Արցախցիներն իրենց պատմությունը, փաստաթղթերն այրեցին ու հեռացան: Բուլգակովն էլ ասում էր՝ ձեռագրերը չեն վառվում: Արդյո՞ք սա վերջն է:

Մարութ Վանյան

Արցախցիների բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարացվել է մինչև 2028 թ. դեկտեմբերի 31-ը

Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։  Ծրագրի շրջանակում այս պահի  դրությամբ հավաստագիր է ստացել 2823 ընտանիք, որից 907-ն արդեն իրացրել է հավաստագիրը։

Հիշեցնենք, որ բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

  • բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
  • անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
  • գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։

Միջոցառման շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, ովքեր՝

  • տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո,
  • ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • չունեն սեփականություն,
  • չեն հանդիսանում Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել https://housing.socservice.am/ հարթակում։

Իտալիայում զանգվածային գործադուլ է՝ ի պաշտպանություն Գազայի ժողովրդի

Ազատություն

Իտալիայում ի պաշտպանություն Գազայի ժողովրդի զանգվածային գործադուլ է մեկնարկել, որի հետևանքով կաթվածահար են եղել միջքաղաքային գնացքները, հանրային տրանսպորտը խոշորագույն քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում և Միլանում։

Գործադուլին են միացել նաև դպրոցներ, համալսարաններ, մի շարք քաղաքներում զուգահեռ նաև ցույցեր են կազմակերպվել։

USB արհմիության գործադուլի մասնակիցները դատապարտում են Գազայի հատվածում վատթարացող մարդասիրական ճգնաժամն ու պահանջում պատժամիջոցներ Իսրայելի դեմ:

Թուրքիան հայ-թուրքական սահմանի բացման հարցով նախապայմաններ առաջ չի՞ քաշում

Երեւանում այսօր եւ վաղը անցկացվում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ խորհրդաժողովը, որին մասնակցում են նաեւ պատվիրակներ Թուրքիայից ու Ադրբեջանից։

Թուրք պատվիրակների թվում է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ֆաթմա Աքսալը, որը լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց, թե Թուրքիան հայ-թուրքական սահմանի բացման հարցով նախապայմաններ առաջ չի քաշում։ «Ոչ, սահմանը բացելու որեւէ նախապայման մենք չունենք, այս պահին գործընթացը տեղի է ունենում երկխոսությամբ, հուսով ենք՝ շուտով սահմանը կբացվի»,- հայտարարեց նա՝ անդրադառնալով հարցին, որ Թուրքիան հայ-թուրքական սահմանի բացումը մշտապես կապել է նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։

Թուրք պատգամավորը նաեւ ասաց, թե «Թրամփի ուղու» գործարկման շնորհիվ տարածաշրջանի երկրները կզարգանան։ «Այդ ուղին շատ-շատ կարեւոր է առեւտրի եւ երկրների տնտեսական զարգացման համար։ Թուրքիան նույնպես պատրաստվում է օգտվել այդ ամենից, միայն Հայաստանը չէ, որ օգտվելու է այս ապաշրջափակումից»,- ասաց նա։

Լրագրողները հարցրին՝ ինչո՞ւ են թուրքերն ու ադրբեջանցիները Սյունիքի ճանապարհը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» անվանում, տարածքային պահանջնե՞ր ունեն Հայաստանի նկատմամբ։ «Ոչ, «Զանգեզուրի միջանցք» ասելով՝ տարածքային պահանջ չկա Հայաստանի նկատմամբ»,- պատասխանեց նա։

Թուրք պատգամավորը հայտարարեց, թե խաղաղությունը իրատեսական է․ «Ոչ մի երկիր չի կորցնում խաղաղությունից, եւ ոչ ոք դեռ չի շահել պատերազմից։ Այնպես որ, եկեք սպասենք եւ լինենք լավատես, քանի որ ես լավատես եմ»։

Երեւանում ՆԱՏՕ-ի վեհաժողովին մասնակցում են պատվիրակներ Թուրքիայից ու Ադրբեջանից

Երեւանում այսօր եւ վաղը անցկացվում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ խորհրդաժողովը, որին մասնակցում են նաեւ պատվիրակներ Թուրքիայից ու Ադրբեջանից։

Ադրբեջանցի պատվիրակ Մուրադ Մուրադովը լրագրողների հետ զրուցյում հայտարարեց, թե Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ, փոխարենը Հայաստանին մեղադրեց, որ ՀՀ Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։

«Ըստ Հայաստանի Սահմանադրության՝ Հայաստանն ունի տարածքային պահանջներ Ադրբեջանից, դա պոտենցիալ իրավական հիմքեր է ստեղծում, որն այս պահին խոչընդոտ է հանդիսանում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ հենց Ադրբեջանի Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ, ադրբեջանցի պատվիրակը պատասխանեց․ «Մեր Սահմանադրությունը չունի որեւէ տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ, ավելի շատ Ադրբեջանի՝ Հարավային Կովկասի արեւելյան տարածաշրջանի մաս կազմելու մասին է խոսքը»։

Լրագրողները հիշեցրին, որ Ադրբեջանից հայտարարություններ են հնչում այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» մասին՝ նկատի ունենալով Հայաստանի ամբողջ տարածքը,  ի՞նչ է սա, եթե ոչ տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ։

Մուրադովն արձագանքեց․ ««Արեւմտյան Ադրբեջան» ասելով՝ մենք նկատի ունենք, որ միմյանց տարածքային ամբողջականությունը պահպանում ու հարգում ենք։ «Արեւմտյան Ադրբեջանը» դա հասարակական կազմակերպություն է, որը սպասարկում է ժողովրդի շահերը եւ ավելի շատ մշակութային ժառանգությանն է վերաբերում։ Մարդիկ երկար տարիներ ապրել են տվյալ տարածքներում, ցանկանում են այցելել իրենց հարազատների գերեզմաններին, եւ դա ավելի շատ ժողովրդի շահերն ու մշակութային ժառանգությունը սպասարկող կոնցեպտ է»։

Ադրբեջանցուն հարց ուղղվեց նաեւ այն մասին, որ ադրբեջանական զորքն օկուպացրած է պահում ՀՀ տարածքները, ինչո՞ւ դուրս չեն գալիս ՀՀ տարածքներից։ Նա ասաց, որ եւ Հայաստանը, եւ Ադրբեջանն ամբողջովին ճանաչում եւ գնահատում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ինչ վերաբերում է ադրբեջանական օկուպացիային, ասաց, որ դելիմիտացիայի ու դեմարկացիայի շրջանակներում այդ հարցին պետք է անդրադառնալ։ «Ժամանակի ընթացքում պետք է տեղի ունենա որոշակի անկալվների կամ տարածքների փոփոխություն, որոշ տարածքներից Հայաստանը կամ Ադրբեջանը պետք է դուրս գան, տարածքների փոփոխություն պետք է տեղի ունենա»,- ասաց նա։

Մյուս հարցին, թե ինչո՞ւ Բաքուն ազատ չի արձակում հայ գերիներին, նա պատասխանեց, թե «կան մեղադրյալներ, որոնք, ըստ Ադրբեջանի օրենսդրության, համարվում են օրինախախտներ, այդ պատճառով Բաքվի բանտերում են պահվում»։ «Գործընթացն ընթացքի մեջ է, զինվորներին ամբողջությամբ բաց ենք թողել, ինչ վերաբերում է ռազմաքաղաքական ղեկավարությանը, այդ գործքերը քննվում են,  որովհետեւ նրանք մեղադրյալ են համարվում»,- հավելեց նա։

Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչի հոդվածը

Ֆրանսիական առաջատար «Մարիան» հանդեսը հրապարակել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի հոդվածը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման երկրորդ տարելիցի առթիվ: Փաստորեն, Արցախը Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում պաշտոնական ներկայացուցիչ ունի, իսկ Հայաստանում՝ ոչ։ 1 տարի առաջ փակվել է նաև Ռուսաստանում ներկայացուցչյունը:

Հոդվածի ամբողջական տեքստը ներկայացվում է ստորև:

Արդեն երկու տարի է անցել այն օրից, երբ շուրջ 120․000 Լեռնային Ղարաբաղի հայեր, ավելի քան տասը ամիս տևած շրջափակումից հետո, զենքի ուժով, բռնի արտագաղթեցին իրենց հայրենի հողից՝, միջազգային հանրության գրեթե լիակատար անտարբերության պայմաններում։ Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը դատապարտում է այս անպատիժ հանցագործությունը և ահազանգում Վաշինգտոնում օգոստոսի 8-ին՝ Դոնալդ Թրամփի հովանավորությամբ ստորագրված խաղաղության հռչակագրի պատրանքային բնույթը։

2023 թ․ սեպտեմբերի 19-ին՝ երկու տարի առաջ, Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի փոքրիկ հայկական հանրապետության վրա՝ ավելի քան տասը ամիս տևած լիակատար շրջափակումից հետո։ Քաղցած և ուժասպառ խաղաղ բնակչության դեմ դաժանության բազմաթիվ գործողություններից հետո ադրբեջանական բռնապետության զինված ուժերը ստիպեցին այս ժողովրդավարական կղզու ինքնապաշտպանական փոքրաթիվ ուժերին զենքը վայր դնել ընդամենը քառասունութ ժամում։

Մի քանի օր անց՝ երկրի ողջ հայ բնակչությունը, թողնելով ամեն ինչ իր հետևում, բռնեց տեղահանման ճամփան։ Նախապես ծրագրված և համակարգված կերպով իրականացված այս էթնիկ զտումը վերջ դրեց հայերի ավելի քան երկու հազարամյակների անընդմեջ ներկայությունն այս հողում։ Այդ ժամանակից ի վեր՝ չնայած Արդարադատության Միջազգային դատարանի կողմից ընդունված որոշմանը՝ ոչ մի գործնական մեխանիզմ չի ստեղծվել բռնի տեղահանված անձանց վերադարձն ապահովելու և նրանց անվտանգությունը երաշխավորելու համար։ Մինչդեռ շարունակվում է նրանց պատկանող գույքի կողոպուտը, շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։

Այս ողբերգությունը մաս է կազմում Ադրբեջանի կողմից վաղուց որդեգրած հայերի բնաջնջման ռազմավարությանը, որը մեծ թափ ստացավ 2020-ին Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման ժամանակ։ Հայաստանը, որը պատերազմի մեջ էր մտել՝ պաշտպանելու Ստալինի որոշմամբ Ադրբեջանին բռնակցված Արցախի հայ բնակչությանը, կրեց արյունալի պարտություն։ 2022-ի սեպտեմբերին նա չկարողացավ կանխել իր ինքնիշխան տարածքի դեմ կատարված խոշոր հարձակումը, որի հետևանքով կորցրեց մի շարք տարածքներ։ Հաջորդական պարտությունները և նոր հարձակումների սպառնալիքը դրդեցին վերջինիս 2025 թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության հռչակագիր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանավորությամբ, որը ներկայացվում է իբրև «պատմական իրադարձություն»։

Կրկնակի խաղ Ռուսաստանի և Եվրոպայի միջև

Իրականում սա պարտություն է, ուժի և էթնիկ զտման միջոցով պարտադրված խաղաղեցում, միջազգային իրավունքի արհամարհում։ Հռչակագրի արդյունքում նավթային բռնապետության դիրքերն էլ ավելի են ամրանում։ Էներգիայի մատակարար, Թուրքիայի դաշնակից, Իրանի դեմ հավանական հակակշիռ, այն կրկնակի խաղ է խաղում Ռուսաստանի և Եվրոպայի միջև։ Իսկ Եվրոպան ձևացնում է, թե չի նկատում, թե ում հետ է կնքել ռազմավարական գործընկերություն։ Կարևոր չէ, որ Բաքուն իր ընդդիմադիրներին հետապնդում ու ոչնչացնում է անգամ Ֆրանսիայում, քաղցած է պահում իր ժողովրդին, լռեցնում մամուլը, տանջում բանտերում։ Նույնիսկ Եվրոպայում, աշխարհաքաղաքական շահերը գերադասվում են բարոյական արժեքներից և արդարությունից։

Այս «խաղաղության» ճարտարապետները մեզ առաջարկում են պատկերացնել, որ Ադրբեջանին զիջելով մի ճանապարհ, որն «անխոչընդոտ» անցնելու է հայկական տարածքով՝ նրան կապելով ոչ վաղ անցյալում հայերով բնակեցված Նախիջևանի և այնուհետև Թուրքիայի հետ, կբացի նոր դարաշրջան՝ ։ Պատկերացնել, որ ճանապարհը, որը կոչվելու է Դոնալդ Թրամփի անունով, կդառնա բարգավաճման ուղի : Պատկերացնել, որ միջազգային առևտուրը կկարողանա զսպել հայերի դեմ բնաջնջման քաղաքականությունը, որին մենք զոհ ենք դարձել սկսած XIX դարի օսմանյան կոտորածներից, 1915 թ․ ցեղասպանությունից մինչև Զմյուռնիայի (1922), Շուշիի (1920), Սումգայիթի (1988) և Բաքվի (1990) կոտորածները։

Վերադարձի իրավունք

Ինչպե՞ս հավատալ այս խոստումներին, անգամ ամենահզոր երևակայությամբ։ Տևական խաղաղությունն ավելի հավանական չէր լինի արդյոք, եթե ադրբեջանցի ղեկավարները պատժվեին իրենց ոճրագործությունների համար, եթե Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված բնակիչները կարողանային իրացնել իրենց վերադարձի իրավունքը, եթե դադարեցվեր հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և վերջապես՝ եթե Եվրոպան հրաժարվեր աչք փակելու բնակչության բռնի տեղահանման վրա, որը մարդկության դեմ գործած հանցագործություն է։

Խաղաղությունը անարդարության ընդունումը չէ։ Խաղաղությունը սպառնալիքին հնազանդվելը չէ։ Իրական խաղաղությունը, տևական խաղաղությունը ծնվում է մարդու և ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգանքից։ Այն ծնվում է այդ իրավունքները պաշտպանելու համարձակությունից, նույնիսկ երբ այն դժվար է թվում։

Եթե քաղաքականությունն ունի ուժ՝ պատկերացնելով և վճռական գործողությամբ փոխել իրականությունը, ուրեմն համարձակվենք պատկերացնել իրավունքի հաղթանակը ուժի նկատմամբ, իրավունքի հաղթանակը վախի նկատմամբ, ժողովուրդների ինքնիշխանությունը՝ սպառնալիքների նկատմամբ։ Ահա այն ապագան, որ առաջարկում եմ միասնաբար պատկերացնենք։

ՔՊ-ն ազատվել է երկրապհներից որպես կեղծ հայրենասերներից

ՔՊ վարչության կազմում այլևս չկա Երկրապահների նախագահ Սասուն Միքաելյանը։ Ասում են, նա չի ընտրվել, չնայած մեծ աջակցություն է ցուցաբերել Փաշինյանի թիմին։

Ինչի՞ պիտի ընտրվեր, եթե մինչ օրս Երկրապահների գրասենյակի դարպասի վերեվում նաև Արցախի դրոշն է ծածանվում։ Իսկ Երկրապահի ներկայացուցիչը այլևս Եռաբլուր է այցելում ոչ թե հպարտությամբ, այլ գլուխը կախ։

Երկրապահը ո՞նց կարող էր լինել մի իշխանության մեջ, որը երկրապահությունը սխալ և կեղծ հայրենասիրություն է համարում։ Փաշինյանը փարք է տալիս նահատակներին, բայց մերժում է ողջ մնացածներին։

Բարսելոնայում քննարկվել է Արցախի էթնիկ զտման երկրորդ տարելիցը

Սեպտեմբերի 17-ին Բարսելոնայում, CIEMEN կենտրոնի հրավերով, կայացել է Արցախի էթնիկ զտման երկրորդ տարելիցին նվիրված միջոցառում։

Միջոցառմանը մասնակցել է նաև Արցախից բռնի տեղահանված լրագրող Սիրանուշ Սարգսյանը, որը լայնորեն հայտնի է Արցախում շրջափակման, պատերազմի և հայաթափման ժամանակ իր ակտիվ լուսաբանումներով։ Նա հատկապես ճանաչում է ձեռք բերել «X» հարթակում (նախկին Twitter) իր գրառումներով, ինչպես նաև արտասահմանյան լրատվամիջոցներին հասցեագրված հոդվածներով ու մեկնաբանություններով։

Քննարկման ընթացքում Սիրանուշ Սարգսյանը մյուս բանախոսների հետ անդրադարձել է ոչ միայն երկու տարի առաջ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման ողբերգությանը, այլև այն խնդիրներին ու դժվարություններին, որոնց առ այսօր առնչվում են բռնի տեղահանված հայերը։ Նրա խոսքով՝ այդ խնդիրները գրեթե մոռացության են մատնված միջազգային հանրության կողմից և պատշաճ արձագանք ու լուծումներ չեն ստանում նաև Հայաստանի իշխանությունների կողմից։

Բանախոսները կարևորել են նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ռազմական ճանապարհով հակամարտություններ լուծելու քաղաքականությունը լուրջ հակազդեցության չի արժանացել ոչ տարածաշրջանային, ոչ էլ միջազգային դերակատարների կողմից։

«Սա ոչ միայն անդառնալի հետևանքներ ունեցավ Արցախի համար, այլ նաև վտանգավոր նախադեպ ստեղծեց, որ աշխարհում այլ հակամարտություններում ռազմական լուծումները կարող են դիտարկվել որպես ընդունելի ու սովորական»,- շեշտվել է միջոցառման ընթացքում։

Այցի շրջանակում Սիրանուշ Սարգսյանը հարցազրույցներ է տվել Կատալոնիայի հանրային ռադիոյին և El Salto պարբերականին։ Հարցազրույցների հղումները հրապարակված են նրա էջում։

Մարիամ Սարգսյան

Նեթանյահուն կրկին խոսեց Իսրայելի գոյությանը սպառնացող վտանգի մասին. երեք երկիր ճանաչեց Պաղեստինը

Կանադան, Ավստրալիան և Միացյալ Թագավորությունը հայտարարեցին Պաղեստինյան պետության ճանաչման մասին։

Մի քանի արևմտյան երկրներ՝ Ֆրանսիան, Բելգիան, Պորտուգալիան և Իսպանիան, նույնպես հայտարարել էին Պաղեստինյան պետության ճանաչման մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան նստաշրջանի ժամանակ, որը բացվում է երկուշաբթի օրը։ Պաղեստինն արդեն ճանաչվել է հարյուրից ավելի երկրների կողմից, բայց սա առաջին դեպքն է, երբ նման ճանաչում է արձանագրվում առաջատար համաշխարհային տերությունների կողմից։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նման քայլը վտանգ է Իսրայելի «գոյության համար»։

«Մենք ևս ստիպված կլինենք պայքարել ՄԱԿ-ում և այլուր մեզ ուղղված կեղծ քարոզչության և Պաղեստինյան պետության ստեղծման կոչերի դեմ, որոնք կվտանգեն մեր (Իսրայելի – խմբ.) գոյությունը և կլինեն ահաբեկչության համար անհեթեթ պարգև», – շարունակել է Իսրայելի վարչապետը։

Իսրայելի գոյության հարցը գնալով ավելի հրատապ է դառնում, չնայած Թրամփի վարչակազմի կողմից Նեթանյահուի գործողություններին գրեթե անվերապահ աջակցությանը։

Արևմտյան լրատվամիջոցներն արդեն հաղորդում են, որ Նեթանյահուի կառավարությունը հասել է անդունդի եզրին, դեռ ժամանակ կա կանգ առնելու, բայց հաջորդ քայլ չկա։

Եվրոպայում Իսրայելի դեմ տրամադրությունների աճի ֆոնին Նեթանյահուն խոսում է Պաղեստինի ճանաչման սպառնալիքի մասին ոչ թե իր կառավարությանը, այլ Իսրայելի գոյությանը։