Թրամփ․ Հայաստանը Կամբջային հաղթել է և կառուցել փոքրիկ ջրամբարը Եթովպիայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կանգնեցրել է «Կամբոջայի և Հայաստանի միջև» պատերազմը՝ այսպիսով հերթական անգամ շփոթելով Ադրբեջանը Կամբոջայի հետ։

Ըստ նրա, հակամարտությունը «միայն նոր էր սկսվում» և «կարող էր լուրջ հետևանքներ ունենալ»։ Թրամփը նաև նշել է. «Ունենք Կամբոջա, Հայաստան։ Կա Կոսովո, Սերբիա, Իսրայել, Իրան, Եգիպտոս, Եթովպիա։ Դա գեղեցկություն է, նրանք կառուցել են այդ փոքրիկ ջրամբարը Եթովպիայում, որը աշխարհի ամենամեծ ջրամբարն է»։

Երբ ցավը թնդում է ավելի ուժգին, քան հրանոթները

Մարտունի

2 օր առաջ սեպտեմբերի 19-նն էր, օր, որ բոլոր արցախցիների համար հավերժ կմնա սգի օր՝ չհայտարարված սգի։  2 տարի առաջ մեզանից ոչ ոք դեռ չէր պատկերացնում, որ լռած թնդանոթներից հետո ցավից մենք ենք թնդալու եւ էլ ցավը լռեցնել չի լինի։

Վերջին օրերին կարդում եմ նոթերս, որ կատարել էի Մարտոնու նկուղում։

«Աշնանային տաքուկ արեւը ջերմացնում էր խոնավ նկուղում սառածներիս։ 9 ամիս թերսնումից հյուծվածներիս համար ռումբերի տակ հայտնվելը անասելի սարսափ էր։ Երեխաները, որ նախորդ օրը քնելուց առաջ կերել էին փոքրիկ կտորներով հաց, սկսեցին վազել դեպի կարալյոկի ծառերը։ Արդեն ընտանիք էինք դարձել եւ օրվա համար ուտելիք էին բերում։ Որոշները սննդի որոնման, որոշներն էլ լավ լուր գտնելու անցան։

Կեսգիշերին ռումբից փրկվածներիս համար մի տող մեխվեց ուղեղումս. «ԼՂ քաղաքացիական բնակչության համար ուղիղ սպառնալիք չկա»։ Նորից ու նորից էի կարդում եւ փորձում համոզվել, որ սա սահմանի մյուս կողմում կանգնածի ասած չէ։ Ի՞նչ տարբերություն կա ռումբը նետողի եւ ռումբի տակից հարազատին օգնության ձեռք չմեկնողի միջեւ։

Արկը ծակել էր խաղողի բիսեդկան, կոտրել երկաթները, խրվել ուղիղ ասֆալտի մեջ։ Նայում ես փոսին եւ չես կարող չնկատել հետեւի ֆոնում երեխների գույնզգույն ճոճանակները, երեկվանից լվացքի քողերին մնացած մանկական սավանները՝ վարդագույն փիսիկներով։ Բեկորները խրված են ամենուր, պատուհաները, դռները փշրված են, ամենուր փոշի ու ավերածություններ։ 15 երեխա վազվզում են, շատերի հարցերին դժվար է պատասխան գտնել՝ «ե՞րբ ենք գնալու տուն»։

Ասում էին, որ ամենուր են դադարել ռումբերը եւ վաղը Եվլախում պիտի բանակցեն։

Մաքուր օդը անհագորեն շնչում էինք, մեզնից խոնավության եւ հնության հոտ էր գալիս, բայց քանի որ ամեն ինչ անորոշ էր՝ որոշեցին երկրորդ գիշերն էլ անցկացնել նկուղում։ Երեխաների ճաշը մակարոն էր, որ մանկապարտեզի պահեստից էին բերել եւ լացելով պատմում էին, որ քաղաքապետը վերջերս էր Ստեփանակերտից հայթհայթել եւ ուրախությամբ բերել։ Հիմա արտասուքը խառնվել է ճաշի հետ։

Թեեւ լսվում էին խուլ կրակոցներ, բայց նկուղցիները շտապում էին կիսելու իրենց ծանոթ-բարեկամների ցավը, սփոփելու եւ որեւէ լուր իմանալու ողջերից ու կորածներից։

Նկուղում գիշերն ու ցերեկը տարբերվում են նրանով, որ մուտքը աղոտ լուսավորված է եւ ցերեկը երեխներն արթուն են։ Երեկոյան ընթրիքը եփած կես ձուն էր։

Երբ երեխաները քնեցին, սկսեցինք ամփոփել օրը։ Զրույցը զրույցի հետեւից խոսում էինք։ Ալինան, որ 40-ին մոտ երիտասարդ կին է, հիշել էր, թե ինչպես է արցախյան առաջին պատերազմի ժամանակ մայրն իրեն բարեկամին տվել, որ գոնե 4 երեխաներից մեկը փրկվի։ Ռուզանը պատմում էր, որ մայրը հղի էր եւ ռմբակոծությունների դադարի ժամանակ գորգեր էին լվանում 30 տարի առաջ։ Արմինեն ծնվել է 94 թ, հոր զոհվելուց հետո։

Պատերազմն անցել է բոլորիս տներով եւ 30 տարի շարունակ նրա ուրվականը հանգիստ չի տալիս։ Խավարում թանձրացած մթան հետ թանձրացած մտքեր են գալիս, հիշում եմ քրոջս լացը հեռախոսի մյուս կողմից՝ «Մար, արդեն Մարտունուն շատ մոտ են», եւ աչքերիս առաջ գալիս են տառեր, որ դառնում են չմարսված միտք. «Մենք միտված ենք, որ Արցախցիներն արժանապատվորեն ապրեն իրենց տներում»։

2020 թ.-ից հետո «արժանապատիվ» բառը կարելի՞ է գործածել, եթե այո, ապա միայն «մեռնել» բայի հետ»,- կարդում եմ եւ հեգնանքի ժպիտ է գալիս դեմքիս, եթե այն ժամանակ մեզ «ոչինչ չէր սպառնում», ապա, փաստորեն սա էր այն իսկական «սպասումը քույրերին ու եղբայրներին», որոնք մտածում էին, թե հարազատի մոտ են գալիս․․․

Անձրեւ է գալիս, ուժեղ անձրեւ, եւ Կոթիում մեր տան առաստաղից ջուրը կաթում է, հարեւանն ասում է․ «Կրակոցներից են վնասվել տանիքները, գյուղի տների մեծ մասը այսպես է»։

Այս գյուղում երեւի մեզ ամենաշատն են հասկանում, որովհետեւ քանի՜ անգամ էլ իրենք են երեխաներին գրկած փախել սարի մյուս կողմից եկող հրանոթների արկերից, բայց երջանիկ են, որովհետեւ իրենց տներն են վերադարձել։

Թերթում եմ լրահոսը եւ հանրության ուշադրությունը շեղող անհեթեթ նյութերի արանքում տեսնում նպատակային փախուստը՝ ոչինչ չի եղել, մեր կյանքը նույնն է, ինչ 3 տարի առաջ։

Արարատը հանե՞նք զինանշանից, Մաշտոցի նկարը ուղարկենք խորդանոց, «Հայոց պատմություն»-ը դառնա Հայաստանի պատմություն, իսկ Հայաստանն էլ՝ «իրական Հայաստան»՝ արժեքներից զուրկ, անարմատ, հավկուր։

Մարիամ Սարգսյան

Ազգային և քաղաքացիական իրավունքների ջատագով ուժերի համախմբում

Սեպտեմբերի 19-ին Երևանում տեղի ունեցավ կլոր սեղան՝ ազգային և քաղաքացիական իրավունքների ջատագով ուժերի մասնակցությամբ, որի արդյունքում ընդունվեց հայտարարություն։ Մասնավորապես, նշվեց, որ ներկաները պատրաստակամություն հայտնեցին սկսել համակարգային օրակարգի մշակման համատեղ աշխատանքներ։
Համախմբումը նախաձեռնել է Ազգային ժողովրդավարական բևեռը, որն այժմ նաև ակտիվ լոբբիստական ​​​​աշխատանքներ է իրականացնում արտերկրում։

Ազգային – Ժողովրդավարական Բևեռ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19 սեպտեմբերի 2025 թ., Երևան
Մենք՝ 2025թ.-ի սեպտեմբերի 19-ին Երևանում կայացած կլոր սեղանի մասնակիցներս, հայտարարում ենք, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի ՝ արցախցիների դեմ իրականացված ցեղասպանության գործում հանցակից Հայաստանի դրածո կառավարության կողմից ՀՀ Սահմանադրության մեջ պարտադրվող փոփոխությունները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության անկախության մասին հռչակագրի հղումը Սահմանադրությունից հեռացնելու փորձը, ուղղված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և հայ ժողովրդի անքակտելի իրավունքների դեմ և սպասարկում է Հայաստանի Հանրապետության դեմ թշնամաբար տրամադրված երկրների օրակարգը:
Մեզ համար անընդունելի են ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքներով ՀՀ-ի դեմ իրականացվող ոտնձգությունները։ ՀՀ ներկա ապազգային ու հակապետական քաղաքականություն որդեգրած կառավարության բոլոր գործողությունները նոր սպառնալիքներ են ծնում հայության և հայկական պետականության ինքնիշխանության համար, ուստի արժանանալու են մեր միասնական դիմադրությանն ու դատապարտմանը։
Արտաքին պարտադրանքի տակ իրականացվող զիջումները բերելու են նվաստացման և պարտվողականության նոր դրսևորումների՝ առաջացնելով նորանոր աղետներ։
Մենք ընդգծում ենք, որ Հայաստանի Անկախության հռչակագիրը անձեռնմխելի հիմնարար փաստաթուղթ է: Միաժամանակ մենք պատրաստակամություն ենք հայտնում համախմբվել և համատեղ աշխատել մեր ազգային և համամարդկային իրավունքների պաշտպանության համար՝ ձևավորելով նոր համազգային օրակարգ։
………….Ստորագրողների անունները ըստ այբբենական կարգի։ Հայտարարությունը բաց է միանալու համար………..
Ագուլյան Կարեն ԱԻՄ
Բալոյան Արթուր «Արդարություն» կուսակցության նախագահ
Գաբրիելյան Մեխակ 1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր
Գասպարյան Արա «Ազգային օրակարգ» կուս․ գործ․ քարտուղար
Դեմոյան Հայկ Պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր
Զոհրաբյան Ապրես Արևելագետ
Թագուհի Թովմասյան ՀՀ ԱԺ անկուսակցական պատգամավոր
Իսրայելյան Անաստաս «Վերադարձ Արցախ» ՀԿ նախագահ
Հակոբյան Արա «Ազգային օրակարգ» կուս․խորհրդի նախագահ
Հայրիկյան Պարույր ԱԻՄ առաջնորդ
Հայրյան Լևոն «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ
Մանուկյան Խաչիկ Բանաստեղծ
Մանուկյան Նարեկ «Արմենիա 2026» նախաձեռնության ղեկավար
Մարգարյան Դավիթ «Ապրելու երկիր» կուսակցություն
Մնացականյան Վիկտոր «Հաղթանակ» կուսակցության նախագահ
Չուգասզյան Գարեգին ԱԺԲ խորհրդի անդամ
Պապյան Արա ԱԺԲ խորհրդի անդամ
Պետրոսյան Եղիշե ԱԺԲ խորհրդի անդամ
Սարգսյան Նաիրի «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար
Սեֆիլյան Ժիրայր ԱԺԲ խորհրդի անդամ
Սիսլյան Վազգեն «ՀԱՀԳԲ» մարտիկ
Տոնոյան Կարին «Հայ Ասպետ» հիմնադրամի տնօրեն
Հայտարարությունը բաց է միացողների համար։

Քայլող թրիգեր․ Տաթևիկ Խաչատրյանի պատումները

Ինչ խոսք, դժվար է լինել քայլող թրիգեր պարտության մասին ամեն կերպ մոռանալ փորձող հանրության մեջ… երբ քեզ տեսնում են որպես հիշեցում պարտության և հաճախ նաև` դրա մեղավոր…
Էս ու էլի մի քանի ինձ համար ցավոտ թեմաներով եմ գրել…
caucasusedition.net
ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ՔԱՅԼՈՂ ԹՐԻԳԵՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
Գրելուս պահին կողքի սենյակում գործընկերս լացում է, ու ես ոչնչով չեմ կարող իրեն օգնել, անտանելի զգացում է… Գործի ճանապարհին ծանոթ դեմք էր նկատել՝
մոտավորապես 70 տարեկան տղամարդու և հարցրել. «Արցախի՞ց եք»: Մարդն ասել էր՝
այո ու սկսել բարձր լացել… Գործընկերուհիս՝ նրա հետ միասին… Նույն պատճառով՝ ոչնչով չէր կարող օգնել: Առհասարակ ինչպե՞ս է հնարավոր օգնել մարդուն, ումից խլել են իր կյանքը: Ես չգիտեմ: Ես միայն կարող եմ իր հետ միասին լացել, բայց գոնե չկրկնել նրան նույն «խորհուրդները», ինչ ինձ են տալիս սովորաբար` «լացելով ոչինչ հետ չես բերի», «կյանքը շարունակվում է», «համակերպվիր ու առաջ նայիր» և այլն:
Այսպես մենք լացում ենք մեր կորցրած իսակական կյանքը ու շարունակում ապրել ուրիշի կյանքով: Մեր կյանքը մնացել է մեզնից մոտավորապես 300 կիլոմետր հեռավորության վրա, մեկինը՝ մի քիչ ավել, մեկինը՝ պակաս:
ԱՆԴԵՄ ՔԱՂԱՔ
300 կիլոմետր առաջ ես քայլում էի իմ փոքր քաղաքում, որտեղ ամեն քայլափոխի մեկը մյուսի որպիսությունն էր հարցնում, քաղաքի մի կեսը մյուս կեսին բարևելով գործի էր գնում ու գալիս: Բայց այստեղ՝ մեծ քաղաքում, ամեն բան անդեմ է, բոլորը լուռ ու մտահոգ են քայլում: Եվ եթե հանկարծ մի ծանոթ դեմք ես տեսնում, աշխարհը քոնն է դառնում, հատկապես՝ եթե ծանոթ դեմքդ նաև ծանոթ բարբառով է խոսում…
Երբ Երևանի մասին խոսելիս ասում եմ՝ մեծ քաղաք, երևանյան ընկերներս ծիծաղում են, նրանց համար այն կոմպակտ քաղաք է: Մինչդեռ Երևանը համարյա 8 անգամ մեծ է Ստեփանակերտից և, տարուց ավելի այստեղ ապրելով, ես միևնույն է մոլորվում եմ փողոցներում, շփոթում ավտոբուսների համարներն ու մտքում Թամանյանի հետ կռվում. «Տնաշեն, բա սա անելու բա՞ն էր»:
Ստեփանակերտում Երևանի պես եռանիշ թվերով ավտոբուսներ չկային, նույնիսկ՝ միանիշ չկար, ամեն բան հստակ էր ու երկնիշ`
10-ը գնում էր Հանրապետական
հիվանդանոց,
13-ը՝ Էնգելս,
14-ը՝ Կրկժան,
16-ը՝ Օբուվնի,
իսկ 17-ը՝ Արմենավան. Google maps-ի կարիք չկար:
ՄԵԾ ԱՇԽԱՐՀԻ ՓՈՔՐԻԿ ԱՆԿՅՈՒՆ
Դեմքի արտահայտությունները Ստեփանակերտում փոխվում էին մեծ մասի մոտ ու միանգամից: Եթե սահմանից վատ լուրեր կային, մարդկանց դեմքերը մտահոգ էին ու միմյանց հարցնում են՝ բա սրա վերջն ինչ կլինի, թոթվում ուսերը, ու օդում սինքրոն շարունակում էր պտտվել պատերազմի տագնապը:
Եթե քաղաքի օրն էր ու սահմանին էլ պայմանական խաղաղություն էր, ապա «Պիտաչյոկի» (քաղաքի կենտրոնական պուրակի ոչ պաշտոնական անունն է) շատրվանները երգում էին՝ «Ստեփանակերտ, մեծ աշխարհի փոքրիկ անկյուն, միշտ քո գրկում ստիպում ես մեզ դառնալ զգայուն»:
Հիմա էլ ենք զգայուն, բայց դա արդեն այլ զգայունություն է, ավելի շատ խոցելիություն է՝ ուրիշի տանը ուրիշի կյանքով ապրողի խոցելիություն, ում գլխավերևում կախված է
անօթևանության վտանգը…
300 ԿԻԼՈՄԵՏՐ ՁԳՎՈՂ ՀՈՒՍԱԼՔՈՒԹՅՈՒՆ
Մոտավորապես 300 կիլոմետր այնկողմ մեռյալ շենքեր են, որոնցում մինչև վերջերս կյանք կար՝ դժվար, հակասական, պատերազմական, բլոկադային, ցուրտ, անօգնական, բայց իսկական, բայց մերը: Երևանում էլ մեռյալ շենքերի պակաս չկա: Ես քայլում եմ մեծ քաղաքում ու ամենուր տեսնում չդադարող շինարարություն, հարյուրավոր բարձրահարկ շենքեր՝ դատարկ կամ, լավագույն դեպքում, կիսադատարկ: Բայց դրանք 300 կիլոմետրանոց կարոտը ափաչափ սրտում տեղավորածների համար չեն:
Մեզ համար բնակարան կամ տուն ձեռք բերելը շարունակում է ֆանտաստիկայի ժանրում մնալ, թեև Հայաստանի Հանրապետությունն ունի թղթի վրա ծրագիր Արցախից բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու: Որոշ ընտանիքներ նույնիսկ սերտիֆիկատներ են ստացել, միայն թե դրանք իրացնել դեռևս չի հաջողվում:
ՋՆՋՎՈՂ ԿՅԱՆՔ
2023-ից հետո Արցախն այլևս ասոցացվում է պարտության հետ, որը մարդիկ չեն սիրում: Մարդկանց հոգեբանությունը պայքարում է ու ամեն ինչ անում մոռանալու համար պարտության մարմնացումը: Միայն մի խնդիր է շարունակում ակտուալ մնալ՝ մարդիկ՝ Արցախից եկած մարդիկ, ովքեր խոսում են Արցախի բարբառով և թրիգեր են պարտությունից փախչողների համար:
Ստացվում է՝ ես էլ եմ քայլող թրիգեր, ով ամեն դեպքում փորձում է հիշեցնել մոռանալու ճիգեր գործադրողներին, որ Արցախը միայն կորստի ու պարտության մասին չէ, այն «քայլող թրիգերների» համար ինքնության անքակտելի մաս է, նրանց վերադարձի հասցեն ու վերստին երջանիկ ապրելու հույսը:
«ԲԱ ԻՐԵՆՔ ՏՈՒՆ ՉՈՒՆԵ՞Ն»
Երբ 6-ամյա տղայիս հետ քայլում ենք քաղաքում ու հանկարծ լսում է Արցախի բարբառ, շատ է ուրախանում, ասում է. «Տես մամ, մեզ նման ղարաբաղցի են»: Իսկ տխրում է ամեն անգամ, երբ հարցնում է, թե երբ կգնանք տուն ու ես սրտի կսկիծով խոստովանում եմ, որ չգիտեմ: Նա նաև հարցնում է, թե ի՞նչ պիտի անենք, որ հնարավոր լինի գնալը և ինչու են ադրբեջանցի զինվորները այնտեղ այսքան ժամանակ մնում: Հարցնում է. «Մամ, բա իրենց տուն չունե՞ն: Իրենք իրենց տունը չե՞ն կարոտում, որ գնան իրենց տները, մենք էլ՝ մերը»…
ՆԱԽՈՐԴ ԿՅԱՆՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ
Տղաս նաև ընկերներին է կարոտում, ինչպես՝ ես, ինչպես՝ բոլոր բռնի տեղահանվածները, որ ցաքուցրիվ ապրում են ՀՀ տարբեր մարզերում: Ասում է. «Մամ, որ ծնունդս լինի, ուզում եմ իմ Ղարաբաղի ընկերների հետ նշել»: Ասում եմ՝ լավ ես անում, այդպես էլ կանենք, բայց գիտեմ, որ մի քիչ ստում եմ իրեն… Իր ամենամոտ ընկերը հիմա Ռուսաստանում է ապրում, ու իրար հետ օնլայն են «ընկերություն անում», շփվելու լեզուն էլ մի քանի ամսում արագ հայերենից փոխվեց ռուսերենի, որից տղաս մի քիչ կաղում է, բայց ամեն դեպքում կարողանում է ունեցած աղքատիկ բառապաշարով կարոտն առնել ընկերոջից:
Մյուս մտերիմ ընկերն էլ ապրում է Աբովյանում, բայց ինչ տեղահանվել ենք, ընդամենը 2 անգամ ենք կարողացել կազմակերպել իրենց հանդիպումը, որոնք ինձ համար շատ ծանր էին… Առաջ զանգում էի նրա մայրիկին ու ասում՝ ուղարկիր երեխային, թող գա խաղան (նախորդ կյանքում հարևաններ էինք): Հիմա չկա մայրիկը. նա այրվել է 2023-ի Ստեփանակերտի բենզինի պայթյունի ժամանակ: Եվ հիմա երեխայիս ընկերը «նոր մայրիկ» ունի, ում ձեռքը բռնած ժամանակ առ ժամանակ գնում է իսկական մոր շիրմաքարին ծաղիկ դնելու…
caucasusedition.net

Եթե Երրորդ հանրապետությունը չկա, Չորրորդն էլ դեռ ստեծված չէ, ապա ի՞նչ Հայաստանում ենք մենք ապրում

Տպավորությունն այնպիսինն է, որ այսօր Հայաստանում հայտարարվեց փաստացի սահմանադրական հեղաշրջման մասին։ Իշխող կուսակցության համագումարում Նիկոլ Փաշինյանը կարդաց ապագա Չորրորդ Հանրապետության «անկախության հռչակագիրը» և հայտարարեց Երրորդ Հանրապետության ավարտի մասին։ Նա նաև նշեց, որ մենք երկար ժամանակ արդեն ապրում ենք Չորրորդ Հանրապետությունում։

Այսպիսով, չնայած գործող Սահմանադրության և 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրի ուժի մեջ լինելուն, իշխող կուսակցությունը ձեռնարկել է քայլեր, որոնք հակասում են Երրորդ Հանրապետության հիմնադիր փաստաթղթերին։ Մասնավորապես, Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի բանաձևի կետը ճանաչվել է անվավեր, կառավարությունը փոխել է Հայաստանի սահմանները առանց հանրաքվեի՝ սահմանազատման պատրվակով, և համաձայնել է ինքնիշխան հայկական տարածքի աութսորսինգի առանց որևէ համաձայնեցված պայմանի։

Ավելացրեք, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվում է իրականացնել իր սեփական ծրագիրը, որի համար «Քաղաքացիական պայմանագիրը» քվե է ստացել, իսկ դա կարելի է հենց թավշյա ​​հեղաշրջում անվանել: ՔՊ-ն ոչ միայն պահպանում է իշխանությունը՝ դադարեցնելով սեփական ծրագրի իրականացումը, այլև պնդում է՝ Երրորդ Հանրապետության Անկախության հռչակագրին և Սահմանադրությանը հակառակ, որ Հայաստանի քաղաքացիները վաղուց ապրում են Չորրորդ Հանրապետությունում։

Կառավարությունը չի նշում այն ​​փաստաթղթերը, որոնց հիման վրա գոյություն ունի Չորրորդ Հանրապետությունը։

Այսօր Բաքվի արտաքին գործերի նախարարությունը կրկին հայտարարեց, որ մինչև Հայաստանը չփոփոխի Սահմանադրությունը, «խաղաղության պայմանագիր» չի ստորագրվի: Հայաստանը պետք է ոչ միայն փոփոխի Սահմանադրությունը, այլև հրաժարվի 1990 թվականի Անկախության հռչակագրից, որը սահմանում է հայ ժողովրդի հիմնարար և անօտարելի իրավունքները: Հռչակագրից հրաժարվելը չի ​​կարող տեղի ունենալ առանց Երրորդ Հանրապետության լուծարման: Եվ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, այսօր հայտարարեց հանրապետության լուծարման մասին:

“Չորրորդ Հանրապետությունը հաստատված է խաղաղությամբ, Ալմա-Աթայի հռակագրով, հռչակագրի վերահաստատմամբ: Չորրորդ Հանրապետությունը ստեղծված է Կիրանցով և Ոսկեպարի եկեղեցով և մենք քաղաքական այդ տրամաբանությունն ու բովանդակությունը պետք է դարձնենք մեր իրականության անբաժանելի մաս”,-նշել է Փաշինյանը։

Հարցին, թե ինչո՞վ է խոչընդոտում դրան Երրորդ Հանրապետությունը, Փաշինյանը պատասխանեց. «Երրորդ Հանրապետությունը մեզ ոչ մի բանով չի խանգարում և չի խանգարել, խնդիրն այն է, որ մենք արդեն երկար ժամանակ ապրում ենք չորրորդ հանրապետության պայմաններում»:

Ուղիղ երկու տարի առաջ Արցախում փորձարկվեց «հարկադրված խաղաղության» և «պետության լուծարման» մոդելը։ Այդ ժամանակվանից ի վեր Արցախյան նախադեպը հաջողությամբ կիրառվում է Ուկրաինայում, Պաղեստինում, շուտով նաև Մոլդովայում, Էստոնիայում և այլուր։ Արցախյան նախադեպը, ինչպես սեպը, ոչնչացնում է տարածքային ամբողջականության հայեցակարգը՝ նախկին երկրները վերածելով ֆորմալ կարգավիճակ ունեցող տարածքների։

Այժմ սկսվել է ծրագրի երկրորդ փուլը՝ տարածքների վերածված երկրների հավաքագրումը կայսերական միավորներում, և Հայաստանը կրկին դառնում է նախադեպ։ Նիկոլ Փաշինյանը, որը հայտարարեց Երրորդ Հանրապետության ավարտը՝ մինչև Չորրորդ Հանրապետության պաշտոնական հռչակումը, Հայաստանը վերածում է մոխրագույն գոտու՝ առանց կարգավիճակի և տարածքի։ Այդպիսով նա հիմք է ստեղծում աշխարհի փոքր պետությունների ինքնիշխանությունից զրկելու և կայսրությունների կողմից դրանց միավորելու նախապատրաստման համար։

Հայաստանը ամենայն հավանականսությամբ, ռեգիոնալիզացիայի շրջանակներում, պատրաստվում է միանալ Օսմանյան կայսրությանը, որտեղ սնուցող մայրերը տոլմա կփաթաթեն, իսկ տղամարդիկ կաշխատեն «խաչմերուկում», սպասարկելով մոդալ և այլ տրանսպորտային ծառայություններ՝ հայացք չնետելով Նախիջևանին, Արարատին կամ Արցախին։

Փաշինյանը գոհ է, որ արցախցիները “չսպանեցին հայտնի մարդուն”

Այսօր Հայաստանի ժողովուրդ ասելով, հավասարապես նկատի ունեմ Ղարաբաղի մեր ժողովրդին, ովքեր ի հեճուկս բոլոր փորձերի, ի հեճուկս աննկարագրելի ողբերգության, չներքաշվեցին հակահայաստանյան, հակապետական օրակարգերի մեջ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ՔՊ համագումարի իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը։

2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները արցախցիներին ներկայացնում են որպես պոտենցիալ ահաբեկիչներ, որոնք ուր որա կգան և բռնի իշխանափոխություն կանեն Հայաստանում: Նույնիսկ 2023 թվականի շրջափակման ժամանակ իշխանությունները պնդում էին, որ եթե Բերձորի միջանցքը բացվի, զինված ղարաբաղցիները կհեղեղեն Հայաստանը և կշարժվեն ուղիղ դեպի Հանրապետության հրապարակ: Նույնիսկ մի պատմություն կար, երբ բոլոր լրատվամիջոցները հաղորդեցին, իբր երեք մարդ Արցախից գալիս են «հայտնի մարդուն սպանելու համար»: Հետագայում ոչ ոք չհետաքրքրվեց, թե ինչ է պատահել այս մարդկանց հետ:

2023 թվականի սեպտեմբերից հետո կառավարությունը թշնամական վերաբերմունքը Արցախի ժողովրդի նկատմամբ «արդարացնուն էր» նաև այն պնդմամբ, որ արցախցիները ռուսամետ են, ավելի սերտորեն կապված են հայկական ընդդիմության հետ և հակված բռնության:

Հիմա Փաշինյանն ասում է, որ արցախցիները ընդդիմությանը չմիացան, ինչը նշանակում է, որ եթե նրանք քվեարկեն «Քաղաքացիական պայմանագրի» օգտին առաջիկա ընտրություններում, կստանան քաղցրավենիք:

Հյուսիսային Արցախի Բանանց գյուղի բնակիչների դեպի Սուրբ Վեհամոր Ավետարան ուխտագնացությունը

Այսօր Մատենադարանում տեղի ունեցավ Հյուսիսային Արցախի Բանանց գյուղի բնակիչների դեպի VII դարի Սուրբ Վեհամոր Ավետարան չորրորդ ուխտագնացությունը։

Մարիամ Ավագյանի գլխավորությամբ բանանցիների խմբի կողմից կազմակերպված ուխտագնացությունը դարձել է մի առիթ, որտեղ հանդիպում են նախկին համագյուղացիներ՝ մի փոքր ավելի ծերացած, բայց դեռևս նույն երիտասարդ ցանկությամբ՝ մի օր վերադառնալ հայրենի գյուղ և այնտեղ աղոթել կենարար Ավետարանին։

Այսօր ուխտագնացությանը մասնակցեց նաև 102-ամյա Սերգեյը Տերյանը։ Նա ասաց, որ մեծ երկրներն այժմ կառավարվում են գազան առաջնորդների կողմից, բայց մի օր ամեն ինչ կփոխվի։

Մարիամ Ավագյանը նշեց, որ Վեհամոր Ավետարանը միակ բանն է, որը ներկայումս կապում է Բանանցի բնակիչներին հայրենիքի հետ, և այն մեզ կուղեկցի կրկին մեր երկրին տիրանալու։

Բանանցի Ծեր Ավետարանը պահվում է Մատենադարանում։

Ըստ հնագրական տվյալների՝ Ավետարանը ենթադրաբար թվագրվում է 7-րդ դարով։ Ձեռագիր մատյանը 16-րդ դարից սկսած պահվել է Գարդման գավառի Մեծ Բանանց գյուղում, որտեղ այն կոչել են «Ծեր» կամ «Պահապան» Ավետարան։

Գանձակի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Տերյանը 1975 թ. հունվարին ձեռագիրը նվիրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ին՝ հետևյալ մակագրությամբ. «… վասն հիշատակի հանգուցյալ Տիրամոր՝ Սիրանույշ Պալճյանի, որը նվիրեց մեր ազգին շինարար, հայրենասեր, բարի և անբիծ Հայրապետին…»: Վազգեն Ա կաթողիկոսը նույն թվականի հուլիսին ձեռագիրը ընծայել է Մատենադարանին, որտեղ այն, ի հիշատակ Հայրապետի մոր, կոչվել է «Վեհամոր Ավետարան»:

Մատյանի հնությամբ պայմանավորված՝ հենց այս Ավետարանի վրա են երդվում ՀՀ նախագահները երդմնակալության ժամանակ։

Սպասվում է անձրև, բայց եղանակը կտաքանա

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-22-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-9 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։

Վերջ Երրորդ Հանրապետությանը․ նոր Սահմանադրություն կլինի

Նիկոլ Փաշինյանը ՔՊ համագումարում ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հռչակագիրը

«– Ապավինելով Հայաստանի Հանրապետության ժողովրդին,

– առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պետական շահերով,

– առաջնորդելով Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության ամրապնդման ՀՀ քաղաքացիների մղումը,

– վերլուծելով Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմությունը,

– հավատալով եւ հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության հարատեւությանը ծառայելու իր պատմական առաքելությանը,

– ողջունելով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ հաստատված խաղաղությունը,

– ապահովելու համար Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը եւ երջանկությունը,

– ամրապնդելու համար ժողովրդի իշխանությունը,

– հենվելով Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա՝

ՀՌՉԱԿՈՒՄ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

ՈՐՊԵՍ ԱՌԱՋԻԿԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՆԵԼԻՔ

Այս նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը․

1․ 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրություններում Հայաստանի Հանրապետության Կառավարման իր մանդատը եւս 5 տարով երկարաձգելու հայցով դիմելու է ժողովրդին, ակնկալելով ձեւավորել սահմանադրական մեծամասնություն:

2․ Ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։

3․ Հենվելու է 1991 թվականի Ալմա Աթայի Հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի եւ այդ տարածքը ներառող սահմանների թե ներսից, թե դրսից անձեռնմխելիության հայեցակարգի վրա։

4․ Ակտիվացնելու է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամագրվելուն ուղղված ջանքերը, դա չհակադրելով տարածաշրջանացման, ինչպես նաեւ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությանը։

5․ Շարունակելու է բոլոր հարեւանների հետ խաղաղություն եւ բարիդրացիություն հաստատելու ժողովրդի կողմից ձեւակերպված պատգամի իրագործումը, ջանքեր է գործադրելու խաղաղությունն ու բարիդրացիությունը շարունակաբար ինստիտուցիոնալ դարձնելու ուղղությամբ, հիմնված միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։

6․ Քաջալերելու է ապօրինի գույքի բռնագանձման, պետական եւ համայնքային շահերի պաշտպանության եւ դատավարական այլ գործիքներով ապօրինի գույքի վերադարձի մեկնարկած եւ հաջողությամբ ընթացող գործընթացը, խորացնելու է հակակոռուպցիոն պայքարը եւ զարգացնելու է հակակոռուպցիոն մեխանիզմները;

7․ Շարունակելու է ժողովրդավարական բարեփոխումները, ուժեղացնելով ժողովրդի իշխանությունը, ակտիվացնելով թափանցիկ, ներառական, մասնակցայինեւ արդյունավետ կառավարման գործիքները, անկախ դատական համակարգի զարգացմանն ուղղված ջանքերը, ժողովրդավարական մյուս ինստիտուտների հետագա զարգացման եւ ուժեղացման գործընթացը։

8․ Խթանելու է կրթության եւ աշխատանքիմիջոցով բարեկեցություն կառուցելու քաղաքացիների գործելակերպը ,աջակցելու է կրթության բովանդակային բարեփոխումների եւ ֆիզիկական ենթակառուցվածքների նորացման քաղաքականությանը, ընդգծելով Ակադեմիական քաղաքի համակարգաստեղծ նշանակությունը։

9․ Խրախուսելու է ներառական, արտադրողական, ստեղծարար, ազատ եւ մրցակցային տնտեսական գործունեությունը, շարունակելու է քաջալերել ապաշրջափակման մեկնարկած գործընթացը եւ համակողմանի աջակցություն ցուցաբերել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ տնտեսական զարգացումը դիտարկելով որպես պետական շահ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7–րդ հերթական Համաժողովի պատվիրակները, ընդունելով սույն Հռչակագիրը, ծնկի են գալիս հայ ժողովրդի բոլոր ժամանակների բոլոր նահատակների առաջ՝ խաղաղությամբ, ինքնիշխանությամբ, տարածքային ամբողջականությամբ Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատումը համարելով նրանց հիշատակը ոգեկոչելու ամենապատկառազդու միջոցը եւ նրանց զոհողություններին մատուցվածամենաարժեքավոր տուրքը։

Փառք նահատակներին եւ
կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

ԵՄ-ն էլ է հանցակից․ օկուպացված Արցախը Եվրոպայի սրտում

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Բաքվի և Երևանի միջև մի շարք փաստաթղթերի ստորագրումից և այդ փաստաթղթերը Մոսկվայի կողմից «հավանելուց» հետո, Եվրամիությունը փորձում է իր տեղը գտնել «խաղաղ» Հարավային Կովկասում:

ԵՄ-ն արդեն կորցրել է մի քանի կարևոր դիրքեր. Ադրբեջանից Թուրքիա տանող միջանցքը կկոչվի «Թրամփի ճանապարհ», այլ ոչ թե Շառլ Միշելի, Ֆրանսիայի կողմից համանախագահվող ԵԱՀԿ Մինսկի խումբը փակվում է, իսկ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Թուրքիան ակնհայտորեն հաջողության են հասել Եվրոպային Հարավային Կովկասից դուրս մղելու հարցում: Նրանք նաև հմտորեն թրոլինգ են անում Եվրոպային՝ խուճապ առաջացնելով և ստիպելով բոլոր միջոցները շտապ նախապատրաստվել պատերազմին, որը կլինի առանց ՆԱՏՕ-ի ։

Այս ֆոնին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը, որը նախկինում այցելել էր Բաքու և նույնիսկ օկուպացված Արցախ, ժամանեց Հայաստան: Եվրահանձնակատարը ստիպված էր աջակցություն հայտնել Ռուսաստանի, Թուրքիայի և Միացյալ Նահանգների կողմից 2020, 2023 և 2025 թվականներին կնքված խաղաղության համաձայնագրերին: Եվ չնայած 2023 թվականի սեպտեմբերի 17-ին ԵՄ ներկայացուցիչը մասնակցել է Կոստանդնուպոլսում կայացած գաղտնի հանդիպմանը, որտեղ որոշում է կայացվել Արցախի ցեղասպանության և հայաթափման վերաբերյալ, ԵՄ-ն ի պատասխան Ռուսաստանից ստացել է հիբրիդային ագրեսիա, Թրամփի ծափահարությունները ՆԱՏՕ-ի անզորության կապակցությամբ և Հայաստանի ԵՄ անդամակցության դիմումի ցուցադրական բացակայությունը։

Թրամփն արդեն հայտարարել է, որ «ուժով խաղաղության պարտադրումը» արդեն գործում է՝ որպես օրինակ բերելով Հայաստանն ու Ադրբեջանը։ Այս մեթոդն արդեն իսկ գործարկվել է Եվրոպայում՝ Ուկրաինայի, իսկ շուտով՝ Մոլդովայի, Լեհաստանի, Հունգարիայի և վերջապես Գերմանիայի միջոցով։ Եվրամիությունը, որը աջակցել է Բաքվի ռազմական գործողությանը քրիստոնեական աշխարհի սրտում՝ Ղարաբաղում, ստիպված կլինի նույն մեթոդին բախվել Եվրոպայի սրտում։

Մարթա Կոսն այցելել է օկուպացված Արցախ․ «Իմ այցը Աղդամ և ընդհանրապես Ղարաբաղ՝ խորը տպավորություն թողեց իմ վրա։ Ձեր կառավարության կողմից այս շրջաններում իրականացվող վերականգնման և վերակառուցման աշխատանքները, երկարատև պատերազմից վնասված և ավերված հողերի վրա նոր կյանք կառուցելու ջանքերը իսկապես գովելի են։ Ես բարձր եմ գնահատում ձեր կառավարության վճռականությունը՝ նոր քաղաքներ, ժամանակակից ենթակառուցվածքներ և սոցիալական հաստատություններ կառուցելու, ինչպես նաև մարդկանց իրենց հայրենի հողեր վերադարձնելուն ուղղված քայլերը», – ասել է նա օկուպացված Արցախ։

Մարտա Կոսը չի հարցրել, իսկ ո՞ւր են հայերը, ի՞նչ եվրոպական իրավունքով են նրանց տները քանդվում և տեղը նորը կառուցվում։ Ավելին՝ նա համաձայնագիր է ստորագրել՝ ԵՄ ֆինանսական օգնության մասին, որը կնպաստի “տարածաշրջանի զարգացմանը, մասնավորապես՝ առողջապահական համակարգի ամրապնդմանը»։

Հայաստանին հասավ 200 մլն․ եվրո, որպեսզի Երևանը թույլ տա ԵՄ-ին գոնե ներկա լինել Հայաստանում։

Եվրահանձնակատարի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին տրանսպորտի, թվայնացման, առևտրի, էներգետիկայի և ենթակառուցվածքային նախագծերում՝ համահունչ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ ԵՄ հանձնակատարը նշեց, որ 2021 թվականից ի վեր արդեն մոբիլիզացվել է ավելի քան 2,5 միլիարդ եվրո ներդրում Հայաստանի համար։

Հայաստանի կառավարությունը սիրով ընդունում է բոլոր ներդրումները և շնորհավորանքները՝ Արցախը կորցնելու կապակցությամբ։

Նախագահ Վահագն Խաչատրյանը, ողջունելով հյուրին, նշել է․ «Ձեր այցը կարևոր է, որովհետև օգոստոսի 8-ից մեր իրականության մեջ էական փոփոխություն է տեղի ունեցել։ Այսօր (խոսքը ասվել է սեպտեմբերի 19-ին, երբ 2 տարի առաջ Արցախը ենթարկվեց ագրեսիայի), երբ նշում ենք մեր անկախության 34-րդ տարեդարձը, ըստ էության հնարավորություն ունենք լիարժեք խաղաղ կյանքով ապրելու։ Այս ճանապարհին մենք կարևոր առաջընթաց ենք գրանցել նաև ԵՄ աջակցության շնորհիվ։ Վերջին տարիներին մեր համագործակցությունը հատկապես սերտ է եղել, և դրա տրամաբանությունն ուղղված է տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ Գնահատելի է այն աջակցությունն ու օգնությունը, որ ԵՄ-ն ցուցաբերում է Հայաստանին»։

Հայաստանը հիշում է, որ ԵՄ-ն էլ է հանցակից։

Արցախի ցեղասպանությունն ու դրա արդարացումը դարձել են անեծք, հողը այրվում է նրանց ոտքերի տակ, ովքեր Արցախը խլեցին հայերից

Ստեփանակերտ, 2023 թվականի սեպտեմբերի 19, լուսանկարը՝ Մարութ Վանյանի

ՀՀ իշխանությունները ոչ մի խոսք չեն ասել այն մասին, որ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, 120,000 մարդ ենթարկվել է ցեղասպանության, զրկվել հազարամյա հայրենիքից, և ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրել։

Այսօր հայկական դպրոցներում նշվել է ՀՀ Անկախության օրը, հնչել է երաժշտություն, ծածանվել են դրոշներ՝ կարծես ի շարունակություն Նիկոլ Փաշինյանի խոսքերին այն մասին, թե ինչպես, կորցնելով Արցախը, մենք ձեռք ենք բերել անկախ Հայաստան։

Անկախ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարն այսօր Երևանից թռել է Բաքու՝ մասնակցելու միջազգային անվտանգության ֆորումին։ Հետաքրքիր է, թե ումի՞ց են Բաքուն և Երևանը համատեղ պաշտպանվելու։

Եռաբլուրում արցախյան պատգամավոր Դավիթ Մելքումյանը հայտարարել է, որ Արցախի կորուստը գերտերությունների միջև կոնսենսուսի արդյունք է։ Նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 19-ին Արցախի ղեկավարությունը մշտական ​​կապի մեջ է եղել Նիկոլ Փաշինյանի հետ և համակարգել է գործողությունները։ Արդյո՞ք Փաշինյանը ցանկանում էր, որ հայերը լքեն Արցախը, թե՞ նա պատրաստ էր «երաշխիքներ» տրամադրել, որ նրանք մնան։

Այսօր Արցախի խորհրդարանը սեպտեմբերի 19-ը ավելացրեց հիշատակի օրերի ցանկին՝ որպես Արցախի հիշատակի և պահանջատիրության օր։

ԱՄՆ Կոնգրեսում արդեն մի քանի օր է շրջանառվում են Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագծեր, կոնգրեսականները պահանջում են պաշտպանել արցախցիների իրավունքները, ազատ արձակել Բաքվում պահվող գերիներին և պահպանել հայ մշակութային ժառանգությունը Արցախում։

Կաթողիկոս Գարեգին II-ը Հռոմի պապի հետ խոսել է Արցախում հայկական ժառանգությունը պահպանելու անհրաժեշտության մասին, իսկ կաթողիկոս Արամ I-ը խնդրել է Ռուսիո պատրիարք Կիրիլին նպաստել Բաքվից հայ բանտարկյալների ազատ արձակմանը։

Արցախցիները չգիտեն, թե ինչպես են վճարելու բնակարանային վարձը Հայաստանում. սոցիալական նպաստները գրեթե դադարեցվել են, մոտենում է ձմեռը և հետը կոմունալ վճարումները։ Նիդեռլանդները 14 միլիոն եվրո է հատկացրել արցախցիների բնակարանային կարիքները հոգալու համար, բայց ոչ ոք չգիտի, թե ով է որոշում նրանց ճակատագիրը։

Մոսկվան ուրախանում է, որ վերջապես խաղաղություն է հաստատվել Ղարաբաղում։

Թրամփը հայտարարում է, որ «ուժով խաղաղության պարտադրումը» գործում է, և արդյունքները հստակ են՝ խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։

ԱՄԷ-ի նախագահը, որը այցելել էր Շուշի՝ ի պատասխան Ալիևի կոչի՝ ներդրումներ կատարել Ղարաբաղի «վերակառուցման» համար, ասում է, որ նախընտրում է սպասել «խաղաղության համաձայնագրի» ստորագրմանը՝ ով գիտի, թե ինչ կարող է պատահել։ Արաբների մոտ ընդունված չէ ներդրումներ կատարել ուրիշի լքված սեփականության մեջ։

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը, որը այցելել էր Արցախ, Բաքվից ուղևորվել է Երևան՝ մին այդ շնորհակալություն հայտնելով Ալիևին Ղարաբաղը վերականգնելու համար։ ԵՄ հանձնակատարը չգիտի, թե ինչպիսին էր Ղարաբաղը երկու տարի առաջ՝ այն հիմա վերակառուցման կարիք չէր ունենա, եթե Ալիևը չավերեր այն։

Մարդիկ և երկրները, որոնք տոնում են «խաղաղությունը» ցեղասպանության ենթարկված Արցախում, արդեն իսկ մինչև ծնկները խորասուզված են արյան մեջ՝ Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են միմյանց սպանել, Իսրայելը հազարավոր արաբների է սպանում և վտարում Պաղեստինից, մինչդեռ հակասեմիտիզմը աճում է Եվրոպայում՝ սպառնալով վերաճել նոր ֆաշիզմի։ Միացյալ Նահանգները քաղաքացիական պատերազմի եզրին է, Ֆրանսիան՝ ճգնաժամի մեջ, իսկ Եվրոպան ու ՆԱՏՕ-ն փորձության են ենթարկվում Բելառուսի կողմից, որի հետ Միացյալ Նահանգները հատուկ հարաբերություններ ունի։ Թուրքիան՝ ևս ներքաղաքական ճգնաժամի եզրին։ Հայաստանից խլում են Սյունիքը և բաժանում Սևանը։

Արցախի ցեղասպանությունը և դրա արդարացումը դարձել են անեծք, և հողը այրվում է նրանց ոտքերի տակ, ովքեր Արցախը խլեցին հայերից։

«Վալյոն դարձավ իմ եղբայրը, նրա կորուստը՝ կյանքի ամենամեծ հարվածը»

2020 թվականի պատերազմից հետո Վաչե Վարդանյանը որոշեց տեղափոխվել Արցախ։

«Արցախ գնալս ինքնանպատակ չէր։ Աշխատում էի մի քանի տեղում, բայց տեղափոխվելը դարձել էր կարեւոր առաքելություն։ Գնում էի՝ օգնելու նպատակով, ինչով կարող էի», – հիշում է նա։

Արցախում ապրելը 2020-ից հետո հեշտ չէր։ «Չէի պատկերացնում, թե ինչ է ինձ սպասում։ Զինվորների հետ միասին ամեն ինչ անում էինք՝ դիրքեր գնում, օգնում։ Սկզբում նույնիսկ զինվորների հագուստ էի լվանում։ Բայց երբ տեսա, թե որքան շատ զոհվածների ընտանիքներ կան, հասկացա՝ պետք է գործել։ Կարմիր շուկայում ստեղծեցինք «Խոխա» կենտրոնը։ Հիմա որ հիշում եմ, հասկանում եմ՝ որքան սեր կար այն ժամանակ։ Երանի եմ տալիս այդ օրերին, թե որքան լիարժեք էի… Նկար էլ չեմ արել։»

Վաչեն տուն էր ուզում վարձել Սարուշենում։

«Վալյոն ասաց՝ պիտի գաս։ Նրանց տունը հենց սահմանին էր, ամենավերջինը։ Սկսեցի ապրել իրենց տանը՝ երեք երեխաների հետ։ Մնացինք միսենյականոց սրահում։ Երբ հաճախ ամաչում էի խնդրել, որ որեւէ զինվորի օգնենք, նա ավելի շուտ էր արձագանքում, պահանջում, որ բերենք տուն։ Մի քանի ամիս ապրեցի իրենց տանը։ Ամենամոտ հարազատիդ մոտ անգամ այդքան հանգիստ չես լինի»,- ասում է նա։

Սահմանային դարձած Սարուշենում Վաչեն եւ Վալյոն ապրում էին եղբայրների պես։ Ոչ մի հարազատ չուներ Արցախում, Վալյոի ընտանիքի անդամները դարձան իր լավագույն հարազատները, ընտանիքի անդամներ։

«Տարբեր դրդապատճառներով տեղափոխվեցի։ Եւ ամենակարեւորը հենց «Հայորդի» հիմնադրամն էր, որը ստեղծվեց, քանի որ բավարար ուշադրություն չէի տեսնում պետական կառույցների կողմից՝ առ զոհվածների ընտանիքները»,-աում է Վաչեն։

Վալյոի ընտանիքի հետ կապը միշտ կար, նույնիսկ այն ժամանակ, երբ Վաչեն ակտիվորեն իրականացնում էր հիմնադրամի աշխատանքները։

Եկավ չարաբաստիկ սեպտեմբերի 19-ը եւ ամեն ինչ փոխվեց։ Հանկարծակի սկսված պատերազմը եւ կապի բացակայությունը անորոշություն էին տարածում։

«Սարուշենի մասին երեւէ տեղեկություն չունեի։ Ամեն տեղից կցկտուր լուրեր լսում էի, բայց չգիտեի, թե ինչ վիճակում են իմ արդեն հարազատները։ Վալյոյից որեւէ տեղեկություն չկար, հեռախոսն անհասանելի էր։ Ես գիտեի, որ նա տեղը հանգիստ նստողներից չէ, որ նա հաստատ առաջնագծում կլինի»,-ասում է Վաչեն եւ մի կերպ զսպում արցունքները։

Վաչեն մի պահ լռում է։

«Պարզ դարձավ, որ Վալյոն զոհվել է։ Դա իմ կյանքի ամենամեծ հարվածն էր։ Արցախում ինձ սկզբում հեշտ չէին ընդունում։ Բայց նրա շնորհիվ ես ամբողջական ապրեցի։ Ես արդեն պլաններ ունեի, թե ինչպես տեղահանությունից հետո աշխատանք պիտի գտնեմ եւ ինչպես ես ընդունեմ իրենց։ Ընտանիքին չէին ասել, այդ ծանր լուրը ես պիտի ասեի»,-ասում է Վաչեն։

Ընտանիքին հայտնեց եւ ամեն ինչ արեց, որ Վալյոյի մարմինը տեղափոխվի Հայաստան։ Այդ ճանապարհը եւ պայքարը եւս շատ ծանր էր։

Վաչեն, որ ընտանիքի անդամ էր դարձել եւ հարազատ, հիմա փորձում է լինել մի կերպարում, որին Արցախում «ամի»՝ հորեղբայր են ասում եւ ոչ միայն Վալյոյի երեխաների համար դարձավ «ամի», այլ բոլոր այն տղաների, որոնք իրենց կյանքի գնով էին փորձում հայրենիք պահել։

Սարուշենում գտնված եղբայրությունն ու ցավով ամրացած կապերը Վաչեին սովորեցրին ամենակարևորը․ հողը պահվում է սիրով ու զոհողությամբ։ Իսկ այդ զոհողության հիշողությունը երբեք չի լքելու նրան։

Մարիամ Սարգսյան