Արցախցիների համար տներ կկառուցեն Մեղրի և Քաջարան քաղաքներում

Սյունիքի մարզի Սվարանց գյուղում արցախցիների համար նախատեսված 20 մասնավոր տների կառուցումը կավարտվի մինչև 2026 թվականը։ Այս մասին հայտարարեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը

Նրա խոսքով՝ այդ տների կեսն արդեն ավարտված է։ Շինարարությունը ֆինանսավորում է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը։

Բացի այդ, Գորիսում և Գորիսի շրջանի գյուղերում կառուցվում են մի քանի տներ, շինարարություն է նախատեսվում սկսել Քաջարան և Մեղրի քաղաքներում։

Բաքուն անվստահություն է հայտնում Փաշինյանին և կսպասի Հայաստանի լուծարմանը

Բաքվի լրատվամիջոցները հաղորդում են, որ Ալիևը չի վստահում Հայաստանին և մտադիր չէ խաղալ Փաշինյանի խաղը, ով հրապարակավ հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն այլևս հաստատված է։ Բաքուն հաղորդում է, որ Ալիևը չի պատրաստվում մեկնել Երևան՝ Եվրոպական քաղաքական ֆորումին մասնակցելու, քանի որ չի ցանկանում ստեղծել տպավորություն, որ ամեն ինչ նորմալ է, և խաղաղություն հաստատված է։ Էրդողանի վարչակազմը ևս հայտարարել է, որ Էրդողանի՝ Երևան այցի հարցն անորոշ է։

Բաքուն կոնկրետ պայմաններ է դնում՝ Հայաստանի Սահմանադրությունից հանել Հայաստանի հռչակագրի, համապատասխանաբար, 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշումի հղումը։ Թուրքիան ևս մտադիր չէ բացել հաղորդակցությունները, մինչև Հայաստանը պաշտոնապես չհրաժարվի Թուրքիայի նկատմամբ իր պահանջներից. Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները հաստատված են 1921 թվականի Կարսի ապօրինի պայմանագրով, իսկ ՀՀ Անկախության հռչակագրում գրված է Ցեղասպանության հետևանքների վերացման մասին։

Երևանը պնդում է, որ մտադիր է ընդունել նոր Սահմանադրություն, որը կամրագրի Հայաստանի խորհրդային սահմանները՝ առանց Արցախի, Նախիջևանի, Կարսի, Արարատ լեռան և Արդահանի։

Երեկ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը խոստովանեց, որ «խնդիրներ կան Անկախության հռչակագրում»։ Սակայն Փաշինյանն ասում է, որ նախ խետք է ընտրություններ անցկացվեն 2026 թվականի հունիսին, որից հետո կընդունվի նոր Սահմանադրություն։ Փաշինյանն առաջարկում է Ալիևին մինչ այդ ստորագրել «խաղաղության պայմանագիր», բայց Ալիևը հրաժարվում է. նրան անհրաժեշտ են երաշխիքներ, որ Հայաստանի հաջորդ կառավարությունը չի պահպանի գործող Սահմանադրությունը և չի պնդի Հայաստանի իրավունքները։

Ալիևը մտադրություն չունի բացել Հայաստանի հետ հաղորդակցությունները, մինչև իրավական հարցերը չլուծվեն։ Ի տարբերություն Հայաստանի, որը մի կողմ է նետում իր իրավունքները, Բաքուն հասկանում է փաստաթղթերի արժեքը. ուժային որոշումները, ագրեսիան և օկուպացիան ոչ մի իրավունք չեն տալիս։

Միևնույն ժամանակ, Ալիևի օգնականը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» մինչև Հայաստանի սահմանը գրեթե ավարտված է։ Այսօր Ալիևը 50 երկրների դեսպաններ է բերել Զանգիլան՝ հայտարարելու, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Եվրոպան և Ասիան՝ Ադրբեջանը դարձնելով տրանսպորտային հանգույց և TRACECA երթուղիներից մեկը։

Հայաստանը պնդում է տարածաշրջանի բոլոր ճանապարհների բացումը, սակայն ապարդյուն։ Բաքուն և Անկարան այդպես էլ չեն արձագանքել Նիկոլ Փաշինյանի Մարգարա-Երասխ-Սիսիան-Գորիս-Բերձոր ճանապարհը բացելու պատրաստակամությանը։ Մինչդեռ, Հայաստանն ինքը 2026 թվականի բյուջեում միջոցներ չի հատկացրել Երասխից մինչև Նախիջևանի սահմանը ձգվող երկաթուղու վերանորոգման համար։

Ռուսաստանը իր հերթին ակնարկում է, որ Հայաստանի ցանկացած ճանապարհ կպատկանի «Ռուսական երկաթուղիներին»։

Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովի խոսքով՝ Հայաստանի հարավով երկաթուղին, որը «Թրամփի երթուղի» նախագծի շրջանակներում կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ, կարող է վերականգնվել մոտավորապես երկու տարվա ընթացքում։

«Ճանապարհը ավելի քան 40 կմ երկարություն ունի։ Ռուս մասնագետները ստուգել են այն։ Ճանապարհը կարող է վերականգնվել մոտավորապես երկու տարվա ընթացքում, քանի որ թունելները չեն քանդվել, և երկաթուղային համալիր անհրաժեշտ չէ», – ասել է Եվդոկիմովը։

Ռուս դիվանագետի խոսքով՝ հարցը, թե ով և ինչպես կվերականգնի այս ճանապարհը, գլխավորը չէ։

Մինչ օրս հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված որևէ աշխատանք չի իրականացվում: «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու նախապատրաստական ​​աշխատանքներ ևս չկան: Վերլուծաբանները կարծում են, որ Ալիևն ու Էրդողանը սպասում են Հայաստանի վերջնական կապիտուլյացիային՝ Երրորդ Հանրապետության լուծարմանը: Հայաստանի կողմից իր իրավունքներից հրաժարվելուց հետո կսկսվի Հայաստանի բաժանումը միջանցքների և պատասխանատվության գոտիների:

Monument watch․ Օկուպացված Մարտունու Սբ. Ներսես Մեծ եկեղեցու վիճակի մասին

Monument watch-ը ահազանգում է․

«Ադրբեջանական թելեգրամյան որոշ ալիքներ լուսանկարներ են տարածել օկուպացված Արցախի Մարտունի քաղաքից: Լուսանկարներից երևում է, որ քաղաքի կենտրոնում գտնվող Սբ. Ներսես Մեծ եկեղեցին վերջին երկու տարիներին կրել է վնասներ՝ ջարդված են պատուհանները, կան կրակահերթի հետքեր: Եկեղեցին և նրա շրջակայքը ադրբեջանական զինված ուժերի կողմից միտումնավոր թիրախավորվել էր դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Մարտունի քաղաքն անխնա ռմբակոծվել է: Արկեր են ընկել և պայթել նաև եկեղեցու անմիջական հարևանությամբ, ինչի վկայությունը եկեղեցու հարավային ճակատի վրայի հետքերն են:

Եկեղեցին կառուցվել է 2004 թվականին բարերար Ալիս Օհանյանի կողմից:

ԱՄՆ-ն և Հնդկաստանը ստորագրել են 10-ամյա պաշտպանական պայմանագիր։

DW

ԱՄՆ-ի և Հնդկաստանի պաշտպանության նախարարներ Փիթ Հեգսեթը և Ռաջնաթ Սինգհը ստորագրեցին պաշտպանության ոլորտում կարևոր համաձայնագիր: ԱՄՆ-Հնդկաստանի պաշտպանական գործընկերության ամրապնդման 10-ամյա շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է Մալայզիայում՝ Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովում, ուրբաթ՝ հոկտեմբերի 31-ին։

Հեգսեթի խոսքով՝ համաձայնագիրը «տարածաշրջանային կայունության և զսպման անկյունաքարն» է և կնպաստի երկու երկրների միջև ավելի խորը համակարգմանը, հետախուզական տվյալների փոխանակմանը և տեխնոլոգիական համագործակցությանը։

«Սա մեր զինված ուժերի համար նշանակալի քայլ է, ճանապարհային քարտեզ՝ հետագա, ավելի խորը և ավելի իմաստալից համագործակցության համար», – ստորագրումից հետո լրագրողներին ասաց Պենտագոնի ղեկավարը։

Իր հերթին, հնդիկ նախարարը գովաբանեց իր ամերիկացի գործընկերոջ հետ «արդյունավետ հանդիպումը»։ Նա ընդգծեց, որ համաձայնագիրը կօգնի «թևակոխել նոր դարաշրջան» Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանական հարաբերություններում։ Ստորագրված փաստաթուղթը արտացոլում է երկու երկրների միջև «աճող ռազմավարական մերձեցումը» և կարևոր նշանակություն ունի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար, հավելեց Սինգհը։

Սյունքիում շուրջ 3500 արցախցի կա կամ 1016 ընտանիք. մարզպետ

Սյունքիում շուրջ 3500 արցախցի կա կամ 1016 ընտանիք։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Անդրադառնալով արցախցիների զբաղվածության խնդրի լուծմանը՝ մարզպետն ասաց․ «Արդեն մեկ տարի անց, գրեթե բոլոր այն մարդիկ, ովքեր մասնագիտություն ունեն, իրենք արդեն աշխատում էին։ Սա նաեւ պայմանավորված է այն հանգամանքով, որ Սյունիքի մարզում են գտնվում խոշոր հարկատուները՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ հարակից շատ կառույցներ»,- ասաց նա։

Նա ասաց, որ բոլոր այն դեպքերում, երբ հնարավոր է եղել արցախցիներին աշխատանքի տեղավորել պետական կամ մասնավոր հաստատություներում, դա իրականացվել է։

«Բնականաբար, կան խնդիրներ, ոմանց աշխատանքի հետ կապված ունեն խնդիրներ, բայց այդ հարցը լուծում ենք այն ձեւաչափով, որ մասնագիտական մոտեցում ցույց տանք։ Կան նաեւ անհատ ձեռնարկատերեր, շատերին մենք օգնել ենք, որպեսզի իրենք ԱՁ-ներ ստեղծեն, արտադրութամբ զբաղվեն»,- հավելեց Ղուկասյանը։

Նա նաեւ ասաց, որ արցախցիները ներքին ինտեգրման հետ կապված խնդիրներ Սյունիքի մարզում ի սկզբանե չեն ունեցել, քանի որ մշակույթը սերտ է եղել ԼՂ հետ։

3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ

3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Աշխատանքներին ներգրավված են փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցները։ Այս մասին հայտնեցին ՆԳՆ–ից։

Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից կամավորներ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։

Մասիսի ձերբակալված քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուց

Դավիթ Համբարձումյանի ուղերձն է հղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։

«Մասիս խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, հարգելի հայրենակիցներ,

Դիմում եմ ձեզ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բանտախցից, որտեղ գտնվում եմ անթաքույց քաղաքական հետապնդման հետևանքով։ Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում ձեր սատարման, ձեր ջերմության, ձեր հավատի և ուշադրության համար, որ դրսևորել եք իմ նկատմամբ։

Տարիներ շարունակ ես և իմ քաղաքական թիմը, վայելելով մասիսցիների և Մասիս խոշորացված համայնքի բնակիչների վստահությունը, ջանքեր ենք գործադրել մեր համայնքի պատմության նոր էջ բացելու համար և ապացուցել ենք աշխատանքով մեր հարգանքն ու նվիրվածությունը դեպի ձեզ և առ մեր փոքր հայրենիքը։

Մեր երկրում մոլեգնող քաղաքական բռնաճնշումները չեն շրջանցել ոչ միայն ինձ, այլև տասնյակ և հարյուրավոր մեր այլ հայրենակիցների։

Սակայն գործող ռեժիմի բիրտ ճնշումները և աղաղակող ապօրինություններն ի վիճակի չեն կոտրել մեզ և զրոյացնել ավելի լավ, ավելի ուժեղ և ավելի արժանապատիվ հայրենիք ունենալու մեր ցանկությունն ու երազանքը։

Գործող վարչախումբը, օգտագործելով պետական համակարգի ռեպրեսիվ գործիքները, չի մարսել մեր պատվախնդրությունը և հայրենասիրությունը՝ միաժամանակ ջանքեր գործադրելով՝ զավթել երկրում ամեն ինչ։

Ես, որպես Մասիս խոշորացված համայնքի գործող ղեկավար, քաջ գիտակցելով ձեր հանդեպ իմ ստանձնած պատասխանատվությունը, ընդգծելով իմ նվիրվածությունը ձեզ, Մասիսին և իմ թիմին, հավատարիմ մնալով նախընտրական ժամանակահատվածում իմ տված խոստումներին, զերծ պահելու համար համայնքի ղեկավարի պաշտոնը իշխանությունների կեղծ իրավական և վարչական խարդավանքներից, այսօր դիմել եմ դադարեցնելու ավագանու անդամի իմ լիազորությունները։

Սակայն շարունակելու եմ իմ հոգածության և, ուժերիս ներածին չափով, ջանքերի կենտրոնում պահել ձեր հոգսերը և իմ համայնքի ապագան։

Այն քաղաքական թիմը, ում ձեր քվեով դուք կրկին վստահեցիք համայնքի ղեկավարումը, շարունակելու է գործել մեր տված նախընտրական խոստումների շրջանակներում՝ իրականացնելով ձեր կյանքը բարելավելուն ուղղված բազմաթիվ ծրագրեր։

Ես ուժեղ եմ ձեզանով, իմ հարազատ Մասիսով, և չեմ կարող թույլ տալ, որ իմ բանտարկության առիթով դուք թուլանաք, որ գործող ռեժիմն այդ պատրվակով զավթի իշխանությունը մեր համայնքում։

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից։ Խնդրում եմ համայնքային իշխանությունների հետ միասին շարունակել արարել, աշխատել, ապրել և արժանապատիվ հայ մնալ՝ հանուն մեր համայնքի և մեր երկրի ապագայի»:

Սիմոնյան․ Երևան գալու Ալիևի մերժման մասին պաշտոնական տեղեկություն չկա

«Պատրաստ եղեք, հարգելի ժողովուրդ, որ ադրբեջանական պատվիրակություններն այցելելու են Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի պատվիրակություններն այցելելու են Ադրբեջան։ Իհարկե, կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես, մեր գերիների, պահվող անձանց մասին հարցը, բայց այնուամենայնիվ շփումները շարունակվելու են, եւ մենք այդ շփումները խորացնելու ենք»,- այսօր խորհդրարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա անդրադարձավ ադրբեջանական կողմի այն տեղեկատվությանը, թե Ալիեւը չի այցելի Հայաստան եւ չի մասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ նման պաշտոնական տեղեկատվություն չկա։ «Հրավերը բոլոր երկրներին է ուղարկվել, եւ մենք ակնկալում ենք, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահներն այդ միջազգային մեծ կոնֆերանսին ներկա կգտնվեն։ Մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք, որ իրենց համար այստեղ հանգիստ լինի»,- նշեց Սիմոնյանը։

Նա ասաց, որ Ադրբեջանի Մեջլիսի նախագահն իր հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրենք ՀՀ գալու հետ կապված որեւիցե խնդիր չունեն։

Ալեն Սիմոնյանը չի նշել, թե երբ են ադրբեջանցիները խնդիրներ ունեցել Հայաստան մուտք գործելու հարցում: Երևանը երբեք չի արգելել Բաքվի պաշտոնյաներին, լրագրողներին կամ քաղաքացիական հասարակության ակտիվիստներին այցելել Հակաստան, այդ թվում Արցախ, սակայն այցելածների մեծ մասը հետագայում բանտարկվել են Բաքվում հայերի հետ համագործակցելու մեղադրանքով կամ ստիպված են եղել լքել երկիրը: Հետևաբար, ոչ թե Երևանը պետք է անվտանգության երաշխիքներ տրամադրի Հայաստան այցելողներին, այլ Բաքուն, որը, իր սեփական նպատակներին հասնելու համար, նման երաշխիքներ կտրամադրի միայն նրանց, ովքեր կրում են որոշակի ուղերձ: Օրինակ՝ «էկոակտիվիստին», որը մասնակցել է Արցախի շրջափակմանը:

Մեծ-Մեծ խոսելով չէ. Ալեն Սիմոնյանն արցախցիների վերադարձի մասին

«Եկեք մի բան հասկանանք՝ էդ որ ըտենց դրոշակ եք սարքել վերադարձի հետ կապված հարցը, ուզում եմ հասկանալ՝ դուք կամ էդ, ով տարածում է, ասում է՝ ՔՊ-ականների հորդորով են դեմ քվեարկել, իրենք պատրա՞ստ են ապահովել էդ մարդկանց հետվերադարձը, անվտանգությունը։ Լո՞ւրջ եք ասում, կա՞ մարդ, որը հիմա կարող է հայտարարել, որ ինքն ապահովում է հայ մարդու վերադարձը Ղարաբաղի որեւիցե բնակավայր։ Մեծ-Մեծ խոսելով չէ, կենացներ ասելով չէ էլի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության ջանքերով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ նստաշրջանում ընդունված բանաձեւում չներառվեց արցախցիների վերադարձի հարցը։ Այս առաջարկն արել էին խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները։ ՔՊ-ական Արման Եղոյանն ասել էր․ «Հայաստանի կառավարությունը, պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատում են Հայաստանի արտաքին քաղաքականության համար, այս պահին չեն ներկայացնում նման պահանջ Ադրբեջանին»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասել էր, որ Տարբեր խմբակցությունների մեր եվրոպացի գործընկերների փոխանցմամբ, ՔՊ-ականները հորդորել էին եվրոպացիներին մեր փոփոխության առաջարկին կողմ չքվեարկել»։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ բնական է՝ ինչ-որ ժամանակ անց, երբ հարաբերությունները կնորմալանան, ինչ-որ մարդիկ կարող են գնալ Արցախ, գուցե իրենց տներում ապրել, եթե այդ հնարավորությունը լինի։ «Բայց էսօր խոսել, էդ ի՞նչ կենաց է, ո՞ւմ եք ձեռ առնում։ Այսինքն՝ հիմա Ղարաբաղի բնակիչներ կա՞ն, մարդիկ կա՞ն, որ ուզում են գնան, Հայաստանի իշխանություններն ասում են՝ չէ, մի գնացեք, մենք դե՞մ ենք»,- ասաց նա։

Սիմոնյանը նշեց, որ «Մենք կարայինք երկրորդ Գազան դառնայինք, կդնեին Գազայի կվերածեին մեր տարածքը»։

«Գեղարքունիքի մարզում հիմա ունենք Ղարաբաղից տեղահանված 653 ընտանիք»․ մարզպետ

«Գեղարքունիքի մարզում հիմա ունենք Ղարաբաղից տեղահանված 653 ընտանիք։ Նախորդ ժամանակներում ավելի շատ էին ընտանիքները, բայց չգիտես խի մեր մարզից իրենք ցավոք տեղափոխվեցին։ Այս պահին ունենք 653 ընտանիք, որոնք ապրում են մեր մարզում»,- Ազգային ժողովում այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Նա անդրադարձավ խնդիրներին, որոնք բարձրաձայնում են արցախցիները։

«Պարբերաբար իրենց հետ հանդիպումներ ենք ունենում, իրենց վեր հանած խնդիրներին լուծում ենք տալիս։ Իրենց խնդիրները տարբեր են՝ անձնագրերի հետ կապված, քաղաքացիության հետ կապված, իրենց տրված վկայականների ծախսման հետ կապված։ Տարբեր են խնդիրները, բայց որեւէ մեկ վայրկյան իրենց խնդիրները մեր աչքից չի վրիպում»,- ասաց մազրպետը։

Հետհայկական Ստեփանակերտ․ արևմտյան լրագրողի լուսանկարները

Շոնը՝ հոր, տոնը՝ հոր:
Արցախյան ասույթ

RFE/RL ֆոտոշարք է հրապարակել Արցախից, անվանելով այն  «սյուրռեալիստական»:

Մատեո Չիվիլինին (Matteo Civillini) այն քիչ արևմտյան լրագրողներից է, ով մուտք է գործել Լեռնային Ղարաբաղ: Իտալացին ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղից՝ 2024 թվականի ապրիլին COP 29 կլիմայական գագաթնաժողովից առաջ պաշտոնական այցից հետո, գրում է Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը:

Չիվիլինին ասում է, որ լրագրողների շրջագայությունն անցել է մի քանի անվտանգության կետերով, որտեղ նրանց փաստաթղթերը մանրակրկիտ ստուգվել են մուտք գործելուց առաջ։

Նա պատմում է, որ այնտեղ տիրում էր սյուրռեալիստական, մի փոքր դիստոպիկ մթնոլորտ, որը նման էր հսկայական շինհրապարակի։ «Զարմանալի էր, թե որքան քիչ մարդիկ էին իրականում ապրում այնտեղ: Ճանապարհին միայն մի քանի մեքենաներ էին, հստակ անհամապատասխանություն էր կառուցվող շենքի մասշտաբների եւ տեղական ակնհայտ կարիքների միջեւ», ասել է լրագրողը

Հայաստանում էլ ճիշտ հակառակն է` շինարարություն «չկա», բայց մարդիկ կան (արցախցիներն իհարկե), որոնք տան կարիք ունեն: Երեւանի դատարկ նորակառույցները նույնքան սյուրռեալիստական են թվում, ինչպես Չիվիլինին է նկարագրում Արցախում տեղի ունեցող շինարարությունն այսօր: Տունը չորս պատը չէ, այլ մարդիկ, ինչպես հայտնի է:

Ամեն դեպքում, Ալիեւն ասում է, որ «մեծ վերադարձ» ծրագրով 50,000 ադրբեջանցիներ են վերդարձել «ազատագրված տարածքներ», ովքեր ապրում, սովորում եւ աշխատում են: Իսկ Էխո Բաքուն էլ ասում է, որ հինգ տարի անց ընդամենը 20,000 ադրբեջանցի է վերադարձել Լեռնային Ղարաբաղ:

Մարութ Վանյան

Azerbaijan News 24 հրապարակած լուսանկարները Ստեփանակերտից:

Ռեալ Ստեփանակերտը, 25 դեկտեմբեր 2022

Պատմական պարադոքս. Գերմանիայի կանցլերը կողմ է, իսկ Էրդողանը դեմ է ցեղասպանությանը Իսրայելում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Անկարայում կհիշվի համատեղ ճեպազրույցի ժամանակ լարված դրվագով։ Bild-ը հաղորդում է, որ առաջնորդները բացահայտ վիճաբանել են Գազայում պատերազմի մասին։

Էրդողանը Իսրայելի գործողությունները Գազայում Համասի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հարձակումից հետո «ցեղասպանություն» է անվանել։ Ի պատասխան՝ Գերմանիայի կանցլեր Մերցը կրկին նշել է, որ Գերմանիայի դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ անփոփոխ է մնում. Բեռլինը աջակցել է հրեական պետությանը դրա հիմնադրումից ի վեր։

Թուրքիայի առաջնորդը, որի երկիրը իրականացրել է Հայոց ցեղասպանությունը և ժխտում է իր մեղքը, վիճում է Գերմանիայի առաջնորդի հետ, որը ոչ միայն ընդունում է իր մեղքը հրեաների ցեղասպանության մեջ, այլև միլիարդավոր դոլարների փոխհատուցում և առայսօր կենսաթոշակներ է վճարում Հոլոքոստի զոհերին։

Գերմանիայի մեղքի բարդույթը հրեաների նկատմամբ այնքան խորն է, որ նույնիսկ Պաղեստինում տասնյակ հազարավոր մարդկանց սպանությունը չի կարող ստիպել Բեռլինին մեղադրել Իսրայելին։ Քաղաքական նպատակահարմարությունը թույլ չի տալիս Մերցին նաև մեղադրել Թուրքիային Հայոց ցեղասպանության մեջ։ Թեկուզ Իսրայելը նույնպես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ համագործակցելով Արևմուտքի հետ՝ հրեական օգնությամբ հիմնադրված Թուրքական Հանրապետությունը միջազգային մեղադրանքներից հուսալիորեն պաշտպանելու համար։

2016 թվականին Գերմանիայի խորհրդարանը ճանաչեց նաև իր մեղքը 1915 թվականի հայոց ցեղասպանության մեջ, սակայն այդ ժամանակ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ դա չի ազդի կառավարության դիրքորոշման վրա։

Թուրքիան ոչ միայն հրաժարվում է լուծել Հայոց ցեղասպանության հետևանքների հարցը, այլև 2020-2023 թվականներին Ադրբեջանի և Ռուսաստանի հետ միասին օկուպացրեց հայկական Արցախը, պարտադրեց Հայաստանին ամոթալի կապիտուլյացիա, և այժմ աշխատում է վերացնել Հայկական Հանրապետությունը, որի Անկախության Հռչակագրում ներառված էր նաև ցեղասպանության հետևանքների լուծման հարցը։

Եվրոպան ձգտում է ճանաչել Հայաստանի խորհրդային սահմանները՝ առանց հարցնելու, թե որ պայմանագրով են սահմանվել Հայաստանի ներկայիս սահմանները Թուրքիայի և Նախիջևանի հետ։ Եվրոպան ո՛չ ճանաչում է, ո՛չ էլ վիճարկում է 1921 թվականի ռուս-թուրքական Կարսի պայմանագիրը։

Ավելին, Եվրոպան հաշվի չի առնում Թուրքիայի դերը 2023 թվականի հոկտեմբերի 7-ի իրադարձություններում, երբ Թուրքիայի կողմից բացահայտորեն աջակցվող ՀԱՄԱՍ-ը հարձակվեց Իսրայելի վրա, որը 2 տրի է ոչնչացնում է Գազան։

Չի նկատվում, որ սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վերջին հայը լքեց հայկական Արցախը՝ ռուս խաղաղապահների և թուրք կոմանդոսների հսկողությամբ։ Եվրոպան հաշվի չի առնում այն ​​փաստը, որ Արցախում և Գազայում իրադարձությունները թույլ տվեցին Թուրքիային բառացիորեն վերահսկողություն հաստատել Սիրիայի նկատմամբ 2024 թվականի դեկտեմբերին։

Թուրքիան հաջորդ թիրախն է շոշափում, իսկ ամենաշատ թուրքեր Եվրոպայում ապրում են Գերմանիայում։