Շողեր Սարգսյան․ որովհետև Արցախը իմ համար քաղաքական թեմա չէ, Արցախը տուն է

2022 թվականին Արցախի Հանրային Հեռուստատեսության նախաձեռնությամբ նկարահանվեց ,,Ամանորյա զարմանք երկիրՙՙ ֆիլմը: Այն ցուցադրվեց Նոր Տարվա շեմին: Չնայած շրջափակման ծանր պայմաններին, դերասաններին հոջողվեց փոքրիկ ժպիտ ու տոնական տրամադրություն պարգևել բոլոր մեր հայրենակիցներին:

Ֆիլմի գլխավոր դերակատարներից էր լրագրող և դերասանուհի Շողեր Սարգսյանը: Step1.am հետ զրույցում  Շողերը կիսվեց արցախյան հիշողություններով և պատմեց հարկադիր տեղահանումից հետո իր կյանքի ու գործունեության մասին:

Պատմիր հիշողությունների մասին, մանկությունից, որտեղ ես ծնվել, մեծացել, ինչով ես զբաղվել, ինչ հետաքրքիր, յուրահատուկ հիշողություններ ունես արցախյան առօրյա կյանքից։

Ծնվել և մեծացել եմ Ստեփանակերտում։ Մանկությունս՝ այն ամենագեղեցիկ ու խաղաղ Արցախն է, որտեղ սիրում եմ վերադառնալ իմ հիշողություններում։ Դավիթ Բեկ փողոցում կանգնած, մուգ կարմիր դարպասներով պապական տանս մասին հիշողություններում եմ հիմա։ Իհարկե, կորստի ու կարոտի դառնությունը շատ է, սակայն դրանց առանցքում այնքան լույս ու ջերմություն կա․ տատիկի՝ պատշգամբին սկուտեղում շարված չրեր, պապիկի՝ քաոսային դասավորված գրքեր, մեծ Բաբոյի տնկած թթի ծառ ու շնչող պատեր, որ իր ձեռքով շարել է մեծ Դեդոն։

Վաղ մանկության հիշողություններիս մեծ մասը կապված է հաստաբուն թթի ծառի ու ծառի ճյուղից կախված փայտե ճոճանակի հետ։ Ավելի ուշ Ստեփանակերտը իր սահմանները ընդլայնեց ինձ համար, և մեր տան բակից բացի ընդգրկեց նաև Մանկապատանեական ստեղծագործական կենտրոնը, որտեղ ստեղծագործել էին սովորեցնում։ ՄՊՍԿ-ից դեպի տուն Ազատամարտիկների փողոցով էի իջնում, որտեղ ակացիաներ էին աճում, ու Ստեփանակերտը ինձ համար ակացիայի, մայիսի, կանաչ խոտի, անթև դպրոցական հագուստի ու մինչև նախավերջին էջը գրված տետրերի, տաք հացի ու “ածովի” պաղպաղակի, դասից ուշանալու ու ընկերուհիներով ձյաձ Սամվելի գրախանութում ժամերով նվեր ընտրելու, Կոլցեվոյի մայթերին վաճառվող կանաչու ու հրապարակում անշտապ քայլելու բույրն ունի։

Անդրադառնանք վերջին ժամանակաշրջանի դեպքերին․ բլոկադա, մեկօրյա պատերազմ, տեղահանություն: Փորձիր նկարագրել քո ու քո ընտանիքի առօրյա կյանքը ու ապրումներն այդ ժամանակաշրջանում:

Այս թեմային շատ եմ անդրադարձել հարցազրույցներում, և երևի թե չունեմ ավելացնելու նոր բան։ Հիմա հիշողություններս ավելի աղոտ են ու չնայած դրանց դաժանությանը, միշտ ակամայից ժպիտով ենք հիշում, որ գազ չկար, լույս չկար, կապը՝ բախտի հարց էր, որ ձուն փոխանակվում էր շաքարավազով, շաքարավազն էլ մանկական տակդիրներով։ Որ սիսեռից սուրճ էինք պատրաստում ու մայոնեցից թխվածքաբլիթ։ Որ հացը ամեն անգամ ավելի սև էր, ավելի պինդ ու ավելի դառը՝ ճիշտ ամեն նոր օրվա նման։ Որ մարդիկ վաղաժամ մահանում էին, որ շատ մարդիկ՝ չէին ծնվում։ Տեղահանությանը չեմ ուզում անդրադառնալ, ներողություն եմ խդնրում, բայց այլևս նույն ապրումները պատմելը անապրելի է դարձնում իմ այսօրվա կյանքը։ Միայն կասեմ, որ անգամ այդ օրերին ես չէի փոշմանել բլոկադայի ժամանակ Արցախ վերադառնալու համար։

Ի՞նչ պայմաններում ես ապրում Հայաստանում ու ինչո՞վ ես զբաղվում տեղահանությունից հետո։  Պատմիր թատերական ոլորտում քո գործունեության մասին:

Երևանում ապրում եմ ընքանիքիս հետ, բարեբախտաբար մեզ հաջողվել է չբաժանվել իրարից, լինել միասին ու օգնել իրար չմնալ մշտատև սգո մեջ, ապրում ենք հանուն իրար և իրար համար։ Ընտանիքի ու սիրող մարդկանց ներկայությունը կյանքում շատ է օգնում այս փուլում։

Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա Երևանում վերադառնալ արվեստին և որ բոլոր ճանապարհները թատրնում ինձ դարձյալ կապում են Արցախին։ Սկսվեց ճանապարհը Պարոնյան թատրոնում, երբ ռեժիսորս՝ Ռուզան Խաչատրյանը բեմադրեց “Արևի մարդիկ” ներկայացումը։ Հիմքում Հերմինե Ավագյանի պատմվածքներն են, և այդ ներկայացումը ինձ հնարավորություն է տալիս 2 ժամով կրկին տանը լինել։

Այնուհետև միացա նաև Ստեփանակերտի Ռուսական դրամատիկական թատրոնին, որտեղ ստեղծագործական ազատությանը զուգահեռ գտա շատ մտերիմ ընկերներ, նոր իմաստ ու ոգեշնչում, մարդիկ, որ նոր էին ինձ համար, բայց այնքան հարազատ, որովհետև նույն ճանապարհն ու պատմությունն ենք կիսում։ Ի դեպ, այս օրերին ռուսական թատրոնը սկսում է իր պատմության նոր էջը, նոր անունով՝ “Եռ-Ակի” թատրոն, խորհուրդի հիմքում Ստեփանակերտի թատրոնի մոտ տեղակայված դիմակներով աղբյուրն է՝ իրեք կռանը։ Մեր ռեժիսոր Ժաննա Կրիկորովայի ղեկավարությամբ թատրոնը սկսում է նոր ճանապարհ՝ հավատարիմ իր գաղափարին՝ ամեն ինչի հիմքում սերն է։

Եվ իհարկե, ինձ համար շատ կարևոր ու մեծագույն ոգևորություն է, որ իր գործունեությունը Երևանում վերսկսել է Ստեփանակերտի Վ․ Փափազյանի անվան Պետական դրամատիկական թատրոնը։ Առաջիկայում ունենք մեծ առաջնախաղ, որը մեր փոքրիկ նվեր է հատկապես արցախյան բարբառը կրող, ճանաչող կամ պարզապես սիրող հանդիսատեսին։ Անհամբեր սպասւոմ եմ աշնանային առաջնախաղերիս։

Փորձերին զուգահեռ սովորում են “Գալյա Նովենց” թատերական դպրոցում՝ արցախցի երիտասարդների համար հատուկ բացված կուրսում՝ Հակոբ Ղազանչյանի ղեկավարությամբ։ Մի տեսակ հուզված եմ կյանքիս այս փուլի համար, զգացողություն է, որ վերջապես ունեմ հնարավորություն Արցախի հետ կապս ավելի ամուր և իմաստավորված ձևով պահել, որ ունեմ փոքրիկ առաքելություն։

Ի՞նչ դժվարությունների ես առնչվում Հայաստանում։

Դժվարությունները սկզբում և հիմա տարբեր են, ամենամեծ խնդիրս սովորելն էր ճիշտ արձագանքել ագրեսիվ մարդկանց քաղաքական թեմաներով, որովհետև Արցախը իմ համար քաղաքական թեմա չէ, Արցախը տուն է, որի կորուստը ես համահայկական ողբերգություն եմ համարում։ Բոլորս ենք անտուն մնացել, գոնե՝ հոգեպես։ Բայց ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր Հայաստանում են ինձ սովորեցրել սիրել ու սիրվել, ովքեր ցույց են տվել, որ ես մեծ համայքնի կարևոր մասն եմ և հասկացված եմ։

Մյուս դժվարությունը իմ համար Երևանի տեմպն ու կյանքի օրենքներն են, այստեղ հասկացա՝ ես փոքր քաղաքի մարդ եմ, ավելի կոնկրետ՝ ես մի հստակ քաղաքի՝ Ստեփանակերտի մարդ եմ։

Պատրաստվո՞ւմ ես արդյոք մասնակցել արցախցիների բնակապահովման ծրագրին։

Իմ ընտանիքը դեռ քննարկում է հնարավոր տարբերակները, բայց որևէ հստակություն այս պահին չկա։

Ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունես։ Որտեղ ես պատկերացնում քո ապագան՝ Հայաստանո՞ւմ, թե՞ կան արտագաղթի մտադրություններ։

Ես, ցավոք, դադարել եմ երկարաժամկետ ծրագրեր կազմել, բոլոր ծրագրերս ամենաշատը մեկ տարվա մասշտաբով են։ Աշխատում եմ սվորել ապրել այստեղ և հիմա, գիտակցված, կենտրոնացած, առանց ափսոսանքի։ Իհարկե, միշտ չի ստացվում, ավելի հաճախ մտքերս անցյալում են դեգերում։ Ապագայի մասին վախենում եմ մտածել կամ երազել։ Բայց այս պահին Հայաստանում ապրելու և գործելու ցանկությունս հստակ է՝ Արցախ վերադառնալու հույսով։

Կվերադառնայի՞ր արդյոք Արցախ, և ի՞նչ պայմանների դեպքում։

Ազատագրված հայկական Արցախ իմ ընտանիքը կվերադառնա առաջին իսկ հնարավորության դեպքում։ Ցավոք, սա դեռ երազանքների մասին է։

Արսեն Աղաջանյան

Երբ արցախյան խոհանոցն ու հիշողությունները տանում են «տոն»

Կիրակին արցախյան շնչով էր լցված «Տոն» երիտասարդական ռեսուրսային կենտրոնը։ Տարածքում, որտեղ միշտ արցախյան բարբառն է լսելի, այս անգամ համախմբողը նաև արցախյան խոհանոցի երկու անփոխարինելի «տիտաններն» էին՝ ժենգյալով հացն ու կուրկուտը։

Օրը կազմակերպվել էր YMCA Արցախի և Armenians Unified կազմակերպությունների կողմից։ Նպատակը՝ տեղահանված արցախցիներին նորից իրենց ուժերին հավատալու հնարավորություն տալը, արդեն իսկ ֆինանսավորված ծրագրերն ու հաջողված ստարտափերը ներկայացնելը, արցախյան խոհանոցի ավանդույթները պահպանելն ու վերջապես՝ իսկական տոն ունենալը։

Ինչպես Step1-ի հետ զրույցում նշեց «Տոն» երիտասարդական ռեսուրսային կենտրոնի պատասխանատու Արտակ Մկրտչյանը, կենտրոնի անունը պատահական չէ․ «Ցանկացել ենք, որ այստեղ բոլորը իրենց տանը զգան»։

Փառատոնի ընթացքում ներկաները հյուրասիրվեցին ավանդական կուրկուտով, ժենգյալով հացով ու գինով։ Մշակութային մասը ապահովեց «Մենք ենք մեր սարերը» համույթը՝ ստեղծելով իսկական արցախյան տրամադրություն։

Բոլոր կողմերում նկատելի էր երիտասարդական աշխուժությունը․ ծանոթ դեմքեր, տարիների հիշողություններով տարված մարդիկ, ժպիտներ, տաք գրկախառնություններ։

Կենտրոնը լցված էր ջերմությամբ ու միասնականության զգացումով՝ հիշեցնելով, որ Արցախը ոչ միայն տարածք է, այլև միասնություն հիշողություն ու երազանք։

Արտակ Մկրտչյանի խոսքով՝ հենց այսպես է հնարավոր կենդանի պահել մեր արժեքներն ու համախմբվել մի տանիքի տակ, որը մեզ շատ է պակասում։

Մարիամ Սարգսյան

ՀՕՄ-ը 115 տարեկան․ դարձյալ երիտասարդ

Հոկտեմբերի 19-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ ՀՕՄ-ի 115-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին աշխարհի 26 երկրներից ժամանած շուրջ 200 հօմուհիներ, հյուրեր։

Միջոցառումն սկսվեց ՀՀ, Արցախի, ՀՕՄ-ի դրոշների ներս բերմամբ, ապա հնչեցին օրհներգները և կատարվեց միասնական աղոթք։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանի ատենապետ Մարո Քեշիշյանը։ Նա բոլորին շնորհավորեց հիշարժան օրվա առթիվ, մեծ գնահատանքով ներկայացրեց հօմուհիների անխոնջ ու նվիրական աշխատանքը, որի մասին է վկայում 115 տարիների անցած ուղին։

Արցախի Հայոց Թեմի Առաջնորդ Վրթանես Արքեպիսկոպոս Աբրահամյանը ներկայացրեց ՆՍՕՏՏ Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը, իսկ ՆՍՕՏՏ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի օրհնության գիրը կարդաց Գերաշնորհ Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանը։

Միջոցառումն ուղեկցվում էր մշակութային ծրագրով։ Հանդես եկան <<Հայկազունք>> դհոլահարների համույթը, Շուշիի <<Վարանդա>> երգչախումբը, <<Նովա>> ժողովրդական անսամբլը, Գագիկ Գինոսյանի <<Կարին>> պարախումբը, մենակատար Մավր Մկրտչյանը։

Շնորհավորական ուղերձով ու մաղթանքներով  հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

Ներկաները դիտեցին նաև ՀՕՄ-ի անցած պատմության մասին տեսաֆիլմը։

Հուզիչ ու ոգևորիչ էր ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Արուսյակ Մելքոնյանի խոսքը։ Նա, կարևորելով ու գնահատելով ՀՕՄ-ի անցած ճանապարհն ու հօմուհիների գործունեությունը, համոզմունք հայտնեց, որ ՀՕՄ-ը կշարունակի լինել ժողովրդի հետ ու կգործի ժողովրդի համար՝ հավատարիմ մնալով իր կարգախոսին՝ <<Միշտ լինել այնտեղ, որտեղ օգնության կարիք կա>>։

Միջոցառման վերջում կատարվեց պարգևատրման արարողություն։

Նշենք, որ ՀՕՄ-ի 115-ամյակին նվիրված տոնակատարությունների շարքում տարբեր միջոցառումներ են իրականացվել։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Թրամփ. Թագավո՞ր է, թե՞ ոչ։ Գերագույն իշխանությունը Աստծուց է

Ավելի քան 100,000 մարդ կիրակի օրը երթով անցել է Նյու Յորքի փողոցներով՝ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքելու համար: Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև երկրի այլ խոշոր քաղաքներում՝ Վաշինգտոնում, Չիկագոյում, Մայամիում և Լոս Անջելեսում։

«Ոչ մի թագավոր» բողոքի ցույցերի հիմնական սկզբունքը բռնության բացակայությունն է, հայտարարել է համանուն կազմակերպությունը իր կայքում՝ կոչ անելով բոլոր մասնակիցներին խուսափել հնարավոր բախումներից։

«Գիտեք, նրանք ինձ թագավոր են անվանում: Ես թագավոր չեմ», – ասել է Թրամփը։

Միևնույն ժամանակ, երկրով մեկ տեղի ունեցող «Ոչ մի թագավոր» բողոքի ցույցերի ֆոնին, ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հրապարակել է արհեստական ​​բանականության կողմից ստեղծված տեսանյութ, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թագ է կրում։

Տեսանյութում Թրամփը ոչ միայն թագ ու զգեստ է հագնում, այլև սուր է բարձրացնում։

Թրամփը մի քանի ամիս առաջ ևս տարածել էր իր լուսանկարը, որտեղ նա թագ էր կրում։

Դեմոկրատական ​​Եվրոպայում միապետությունները մինչ օրս գոյություն ունեն միայն մեկ նպատակով՝ և ոչ ազգային ավանդույթները պահպանելու համար։ Միապետները համարվում են Աստծո ներկայացուցիչները երկրի վրա, և Տիրոջ անունով ու կամքով նրանք իրավունքներ են շնորհում սեփականության և հողի նկատմամբ։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում անհնար է հող գնել առանց միապետի հաստատման. այն միայն կարող է վարձակալվել առավելագույնը 99 տարով։

Ի դեպ, Իսրայելի ղեկավարությունը ևս արդարացնում է Պաղեստինում իր նվաճումները՝ հղում անելով Աստծո կողմից հրեաներին Ավետյաց երկիրը տալուն և դրա նկատմամբ իրավունք շնորհելուն։

Երկու դար է միապետների և ժառանգական արիստոկրատիաների իրավունքները բողոքարկվում են ժողովրդավարական կանոններով: Սակայն այս կանոնները չեն տալիս ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդներին Աստծո կամքից բխող իրավունքներ:

Մինչդեռ, աշխարհում ի հայտ է եկել մարդկանց մի ամբողջ դաս, որոնց առասպելական հարստությունը բախվում է հողատիրության բացակայության հետ: Նրանց պայքարը ժառանգական արիստոկրատների հետ, ի վերջո, հանգում է ազնվական և թագավորական տիտղոսներ խնդրելուն կամ ինքնահռչակման:

Աշխարհի ամենահզոր երկրի նախագահը, որը տարիներ առաջ է անջատվել բրիտանական թագից, Թրամփը հասկանում է, որ ոչ մի ընտրություն նրան չի տա այն իշխանությունը, որն, ինչպես ասում են, Աստված տվել է թագավորներին: Նրա փորձերը կրկին բաժանելու աշխարհը՝ Հայաստանը, Մերձավոր Արևելքը, Ուկրաինան, մեծ վստահություն չեն ներշնչում, քանի որ նա չունի հողային տիտղոսներ տրամադրելու բարձրագույն իրավունքը:

Այս տարվա հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր Թրամփը բազմաթիվ փորձեր է արել «որոշելու», թե ում է պատկանում այս կամ այն հողը: Նա «մեծահոգաբար» Հայաստանի մաս Արցախը նվիրեց իր «ուժեղ» ընկեր Էրդողանին: Իսկ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ նա ասաց, որ սեփականության սահմանները որոշվում են պատերազմով և կամքի ուժով: Բայց ո՞վ պետք է ճանաչի այդ սահմանները:

Կվերականգնվի՞ արդյոք միապետությունը ամբողջ աշխարհում, և ինչպե՞ս կդասավորվի Հայաստանի ճակատագիրը այս առումով։ Թագը կրող Փաշինյանի նկարներն արդեն հրապարակվում են։ Սակայն ինքնահռչակների ճակատագիրը հայտնի է։

Թրամփը առաջարկել է բաժանել Դոնբասը

Պատերազմն ավարտելու համար Ուկրաինայի Դոնբաս շրջանը պետք է «բաժանվի», և մեծ մասը մնա Ռուսաստանի վերահսկողության տակ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս հայտարարությունն արեց ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ կիրակի՝ հոկտեմբերի 19-ին։

«Թող այդպես մնա։ Այն արդեն բաժանված է։ Կարծում եմ՝ տարածաշրջանի 78%-ն ​​արդեն Ռուսաստանի վերահսկողության տակ է», – լրագրողներին ասաց Թրամփը Air Force One ինքնաթիռում։

«Նրանք կարող են ինչ-որ բանի շուրջ բանակցել ավելի ուշ։ Բայց առայժմ հակամարտության երկու կողմերն էլ պետք է կանգ առնեն առաջնագծում՝ գնան տուն, դադարեցնեն կռվելը, դադարեցնեն մարդկանց սպանելը», – ասաց Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը նաև հերքեց The Financial Times-ում հոկտեմբերի 19-ին ավելի վաղ հրապարակված հոդվածը, որտեղ պնդվում էր, որ ԱՄՆ նախագահը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ նրան հորդորել է հանձնել ամբողջ Դոնբասը Ռուսաստանին՝ հավելելով, որ հակառակ դեպքում Պուտինը «կկործանի» Ուկրաինան։

Թրամփը նախկինում հայտարարել էր, որ սեփականության սահմանները որոշվում են պատերազմով և կամքի ուժով։ Հետևաբար, նրա կարծիքով, սահմանները պետք է գծվեն այնտեղ, որտեղ բախվում են Ռուսաստանի ռազմական ուժը և ուկրաինացիների անկոտրում կամքի ուժը։

Իսրայելը կրկին ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հարավում գտնվող Ռաֆահին՝ մեղադրելով Համասին «հրադադարի կոպիտ խախտման» մեջ։ Կիրակի օրը ավելի ուշ իսրայելական զինվորականները հայտարարել են, որ հարվածներ են հասցրել Գազայի հարավում գտնվող Համասի թիրախներին։ Հետագայում Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վերադառնում է հրադադարին։

Իսրայելական զինվորականները հայտարարել են, որ Համասը «մի քանի հարձակումներ է իրականացրել իսրայելական զորքերի վրա՝ «Դեղին գծից» այն կողմ, որտեղ, նրանց պնդմամբ, իսրայելական զորքերը նահանջել են ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի առաջին փուլի համաձայն։ Կիրակի առավոտյան Համասի հարձակման հետևանքով զոհվել է երկու իսրայելցի զինվոր, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը, չնայած Համասը հերքում է իր մասնակցությունը։

Խմբավորումը մեղադրել է Իսրայելին համաձայնագրի բազմակի խախտումների մեջ՝ պնդելով, որ Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով արդեն սպանվել է առնվազն 46 պաղեստինցի։ Համասը նաև պնդում է, որ Իսրայելը թույլատրել է համաձայնագրով նախատեսված մարդասիրական օգնության և վառելիքի միայն մի փոքր մասը։

Կողոպուտ Լուվրից. թագը գտնվել է

Կիրակի առավոտյան՝ հոկտեմբերի 19-ին, անհայտ անձինք թալանել են Փարիզի Լուվրը։ Գողերին յոթ րոպե է պահանջվել Նապոլեոն Բոնապարտին պատկանող զարդերը և այլ արժեքավոր իրեր գողանալու համար։ Սա թանգարանում կատարված ամենաանամոթ կողոպուտն է 1911 թվականից ի վեր, երբ գողացվել էր Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցը՝ «Մոնա Լիզան»։

TF1-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին հայտարարել է, որ գողացված իրերից մեկը հայտնաբերվել է թանգարանի մոտակայքում։

Մի քանի ֆրանսիական լրատվամիջոցներ հաղորդում են, որ դա 19-րդ դարի թագ է, որը պատկանել է Ֆրանսիան կառավարող Նապոլեոն III-ի կնոջը՝ կայսրուհի Եվգենիային։ Այն կոտրված է գտնվել։

Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ երեք կամ չորս գողեր օգտագործել են բեռնատար մեքենայի բարձրավանդակը։

Ներսում գողերը գողացել են զարդեր ցուցափեղկերից, ապա փախել են սքութերներով։ Կողոպուտը տևել է յոթ րոպե։ Նրանց դեռ չեն գտել։

Հայ օգնության միության ծրագրի շրջանակներում Շիրակում բնակարանով ապահովվեց 10 արցախյան ընտանիք

Ինչպես հայտնում է 301-ը, Հայ օգնության միության (ՀՕՄ) «Հույսի երկիր» ծրագրի շրջանակներում Արցախից տեղահանված 10 ընտանիք ապահովվել է բնակարանով։

Շիրակի մարզում իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել արցախցիների համար երկարաժամկետ բնակարանային պայմաններ և կայունություն։

Հոկտեմբերի 16-ին Բենիամին գյուղում տեղի ունեցավ բնակարանամուտի և տնօրհնեքի արարողություն՝ ՀՕՄ-ի 115-ամյակի տոնակատարությունների շրջանակներում, որին մասնակցեցին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ավելի քան 200 ՀՕՄ անդամներ։

«Հույսի երկիր» ծրագրի շրջանակներում Բենիամին, Ախուրիկ, Սարիար, Հացիկ և Բասեն գյուղերում կառուցվել կամ գնվել է մոտ 15 տուն։ Շահառուները պարտավոր են ապրել տներում և մշակել հարակից հողատարածքները առնվազն տասը տարի, որից հետո գույքը կփոխանցվի նրանց։ Յուրաքանչյուր տուն վերանորոգվել և կահավորվել է փոխանցումից առաջ։

«Հույսի երկիր» նախաձեռնությունը ստացել է սփյուռքի աջակցությունը։ Շնորհիվ շարունակական նվիրատվությունների՝ ՀՕՄ-ը նախատեսում է շարունակել ծրագիրը այլ շրջաններում, այդ թվում՝ Սյունիքում, որպեսզի օգնի տեղահանված արցախցի ընտանիքներին մնալ իրենց հայրենիքում՝ Հայաստանում։

Դավիթ Ղահրամանյան

Նարեկ Կարապետյանը հայտարարեց Հայաստանի “վերակառուցման շարժում”

Ազատության հրապարակում կայացել է «Մեր ձևով» շարժման հանրահավաքը՝ ի աջակցություն կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի ու հոգևորականների:

Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը հայտարարեց. «Այսօր «Մեր ձևով» շարժումը սկսում է երրորդ շարժումը՝ Հայաստանի վատ շրջանի ավարտի շարժումը և վերակառուցման շարժումը»:

Կարապետյանը շարունակեց. «Մեր պայքարը լինելու է խաղաղ, բայց հետևողական: Մենք հետևողական գնալու ենք առաջ. ինչքան հետևողական հարձակվեն մեր եկեղեցու վրա, այնքան հետևողական էլ մենք կպաշտպանենք մեր եկեղեցին, ինչքան հետևողական փորձեն ինչ-որ ձև թուլացնել մեր հասարակության ակտիվ մասին, այդքան հետևողական էլ մենք ցույց կտանք մեր ուժն ու միասնականությունը»:

Նա ներկայացրեց Հայաստանում խաղաղ իշխանափոխության ծրագիր։

«Առաջին քայլ. մենք բոլորս պետք է պատրաստ լինենք ընտրություններին։ Մենք կարծում ենք, որ հայ ժողովուրդը հնարավորություն ունի ազատ ընտրությունների միջոցով իշխանությունից հեռացնել այս փոքր խմբին (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմին – խմբ.)», – ասաց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա կարծում է, որ անհրաժեշտ է ապահովել, որ իշխանությունների կողմից չօգտագործվի վարչական ռեսուրսներ։

Կարապետյանը նշեց, որ նախկինում եղել են բազմաթիվ ընդդիմադիր շարժումներ, որոնց գործունեությունը, այս կամ այն ​​պատճառով, անհաջող է եղել։

Հանրահավաքից հետո Սամվել Կարապետյանի աջակիցները քայլերթով հասան ԱԱԾ շենքի առջև՝ պահանջելով ազատ արձակել կալանավորված Սամվել Կարապետյանին:

Փաշինյանը Վատիկանում կմասնակցի 1915-ին սպանված հայ կաթոլիկ հոգեւորականների սրբադասմանը

Հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա կգտնվի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լևոն XIV-րդ Պապի հանդիսապետությամբ:

Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը:

Տեղի կունենա նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պառոլինի հետ:

1915 թվականի ապրիլի 30-ին թուրք զինվորները շրջապատում են Մարդինի հայ կաթոլիկ եկեղեցին, հիմնավորելով, թե այն զենքի թաքստոց է։

1915 թվականի հունիսի 3-ին թուրք զինվորները եպիսկոպոս Մալոյանին շղթայակապ բերում են դատարան ուրիշ քսանյոթ այլ հայ կաթոլիկ քահանաների ու հավատացյալների հետ։ Հաջորդ օրը քսանհինգ քահանաներ և 862 հավատացյալներ շղթայված պահվեցին։ Դատավարության ժամանակ ոստիկանապետ Մամտուհ Բեկը եպիսկոպոսին անխնա գանակոծելով ստիպում է ընդունել իսլամ։ Սրբազանը հրաժարվում է դրանցից ասելով, որ երբեք չի դավաճանի Քրիստոսին և Նրա Եկեղեցուն։

Մամտուհ Բեկը կրկին առաջարկում է Մալոյանին խնայել կյանքը և ընդունել մահմետականություն: Քրիստոսի զինվորը պատասխանում է. «Ես քեզ ասացի, որ կապրեմ և կմեռնեմ իմ ճշմարիտ հավատքիս համար, իսկ Քրիստոսի Խաչը իմ հպարտանքս է, Աստծո և Տիրոջ»: Մամտուհը ավելի շատ ջղայնանալով, հանում է ատրճանակը ու կրակում Սրբազանի վրա։ Սրբակյաց եպիսկոպոսը մինչ վերջին շունչն բարձրաձայն աղաղակում է. «Աստված իմ, ողորմի՛ր ինձ, քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին» ու ավանդում հոգին։

Հայտնի չէ, Սրբադասման արարողությանը ներկա կլինե՞ն Հայ Առաքելական եկեղեցու հայրերը, որոնց Հայաստանում զանգվածաբար ձեռբակալում են։

Մեր ձևով» շարժման աջակիցների հոկտեմբերի 19-ին ժամը 17:30-ին կլինեն Էջմիածնում, ուր կկատարվի ուխտագնացություն Երևանից։

Միրզոյան․ Բաքուն ուզում էր “միջանցքում” ռուսական զորքեր լինեն

Մենք այն տպավորությունն ունենք, որ մի քանի ամսվա և տարվա բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմը փորձում էր այս տարածքի համար (Սյունիքի – խմբ.) ստեղծել ինչ-որ արտատարածքային միջանցք, դրա մասին DW-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Օրինակ, նրանք պահանջում էին, որ այս երկաթուղու երկայնքով տեղակայվեն երրորդ երկրի զինված ուժեր։ Հիշում եմ, թե ինչպես էին նրանք ասում, որ երկաթուղու երկայնքով պետք է տեղակայվեն ռուսական զորքեր։ Սա, իհարկե, մեզ համար անընդունելի էր։ Միջանցք չկա, այլ կա «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի»»,- նշել է նախարարը։

Մի քանի օր առաջԱԳՆ խոսնակը սակայն հայտարարեց, որ անկախ Թրամփի ճանապարհից ռուսական սահմանապահները կմնան հայ-իրանական սահմանին։ 

Crystal Shine․ Անահիտը օրվա հացը վաստակում է ձեռքի աշխատանքներով

Անահիտ Հարությունյանն Արցախից է։ Նրա ամուսինը՝ Ռաֆիկը, զոհվել է 2023-ի սեպտեմբերի 19-ին։ Շուրջ երկու տարի Անահիտը փորձում է հոգում խեղդել ծանր ցավը, որ կարողանա ոտքի կանգնեցնի երկու անչափահաս երեխաներին։ Օրվա հացը վաստակում է ձեռքի աշխատանքներով։ Նրա խոսքով՝ միայն աշխատելու ընթացքում է կարողանում կտրվել ծանր մտքերից։

Անահիտը պատմում է, թե ինչպես է ծագել բյուրեղապակիներով ներդիրներ պատրաստելու գաղափարը ու ստեղծվել Crystal Shine բրենդը։

 

-Աղջիկս մի սիրած շորիկ ուներ, որի վրա մի փոքրիկ թերություն կար։ Ոչ ցանկանում էր ազատվել այդ շորից, ոչ էլ հագնում էր։ Որոշեցի ինչ որ ձևով շտկել շորի թերությունը և ուրախացնել դստերս։ Բյուրեղապակիներով դիզայն կատարեցի․ արդյունքը շատ գեղեցիկ ստացվեց։ Դա իմ առաջին աշխատանքն էր։

Այդ ժամանակ իմ մոտ միտք ծագեց՝ ինչո՞ւ չզբաղվել հենց այդ աշխատանքով, որն ինձ հոգեհարազատ է ու նաև եկամուտ կտա։

Նոր հմտություններ ձեռք բերելու համար հետաքրքրվեցի, թե որտեղ կարող եմ դասընթացների մասնակցել, որպեսզի կատարելագործվեմ ու փորձ ձեռք բերեմ։ 2024 թվականին մասնակցել եմ Shecan ծրագրին, ստացել եմ դրամաշնորհ, որի շնորհիվ ձեռք եմ բերել համապատասխան հումք ու սկսել աշխատել։

Մեծ բավականություն եմ ստանում իմ աշխատանքից, շատ եմ սիրում աշխատել բյուրեղապակիների հետ։ Իհարկե, հեշտ չէ, քանի որ պետք է շատ նրբորեն մոտենալ գործին, այնպես անել, որ պատվիրատուների սրտով ու ճաշակով լինի։ Լինում են օրեր, որ մինչև խոր գիշեր աշխատում եմ, քանի որ չեմ կարողանում կտրվել գործից՝ ցանկանալով ավարտին հասցնել։

Դիզայն եմ անում տարբերի իրերի վրա՝ բաժակների, պայուսակների, հագուստի, կոշիկների, շրջանակների, աքսեսուրաների վրա։ Crystal Shine ֆեյսբության էջի միջոցով եմ ներկայացնում աշխատանքներս, առցանց պատվերներ ստանում։ Ունեմ պատվիրատուներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Հայաստանի տարբեր բնակավայրերից։ Մեկ պատվեր արդեն փոստի միջոցով ուղարկել եմ ԱՄՆ։

Նպատակ ունեմ ընդլայնել իմ գործունեությունը։ Նախատեսում եմ հետագայում տարածք վարձակալել, նոր սարքավորումներ ձեռք բերել ու ավելի մեծ ծավալով աշխատել և ինչու չէ նաև նոր աշխատուժ ներգրավել։ Այս պահին աշխատում եմ մորս հետ։ Նա կար ու ձևի դասընթացների է մասնակցել, ունի հավաստագիր։ Համատեղում ենք մեր աշխատանքները։ Նրա կարած հագուստի վրա դիզայն եմ կատարում։ Մեծ սիրով պատրաստ ենք պատվերներ ընդունել։

Անահիտը ավելացնում է, որ այս պահին զբաղված է հավաստագրով բնակարան ձեռք բերելու հարցերով։ Նա չի պատրաստվում հեռանալ Հայաստանից, քանի որ Եռաբլուրում ամուսինն է, ում չի կարող մենակ թողնել։ Երեխաները՝ Վիկտորիան ու Սերգեյը, հաճախում են դպրոց, տարբեր խմբակներ, մասնակցում են մշակութային ու մարզական միջոցառումների և մրցույթների։   

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ