Հայաստանն Ասիական բանկից 250 մլն դոլար վարկ է վերցնում՝ արցախցիների բնակապահովման համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 30–ի նիստում հավանության տվեց «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությունը, որով Հայաստանն Ասիական զարգացման բանկից նոր վարկ է ստանում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների բնակապահովման պետական ծրագրի իրականացումը շարունակելու համար։

Ըստ հիմնավորման՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում ներկայում հավաստագիր է ստացել 3100 ընտանիք, որից 1140-ն իրացրել է այն։ Պետական բյուջեի միջոցներից արդեն իսկ ծրագրի շրջանակում վճարվել է ավելի քան 2 մլրդ դրամ։ Հիմք ընդունելով այս տվյալներն ու տեմպերը՝ կառավարությունը նպատակահարմար է համարում համաձայնագրի ստորագրումը։

250 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկը Հայաստանին տրամադրվելու է 27 տարի ժամկետով, որից արտոնյալ ժամկետ՝ 10 տարի։ Վարկի տոկոսադրույքը լողացող է։ Մայր գումարը ենթակա է մարման 34 հավասարաչափ կիսամյակային վճարումներով` 2035թ․ դեկտեմբերի 15-ից մինչև 2052թ. հունիսի 15-ը։

Երեխաների ծննդյան դեպքում նպաստը նախկին 300 հազ․ դրամի փոխարեն կսահմանվի 500 հազ․

Բոլոր երեխաների ծննդյան դեպքում վճարվող միանվագ նպաստի չափը նախկին 300 հազար դրամի փոխարեն կսահմանվի 500 հազար դրամ։ Այս մասին հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, պատգամավորների հարցերին պատասխանելիս հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Թորոսյանը նաև հիշատակել է ծնելիության խթանման ծրագիրը, որը վճարումներ է նախատեսում երրորդ և հաջորդ երեխաների համար։

«Մենք, ամենայն հավանականությամբ, շուտով Ազգային ժողով կներկայացնենք օրինագիծ, որով կառաջարկվի 6 տարեկանից փոքր երրորդ և հաջորդ երեխաներին 50,000 դրամ վճարելու աջակցության ծրագիրը դարձնել մշտական ​​նպաստ», – ասել է կառավարության ներկայացուցիչը։

Առաջարկում են կարգավիճակ տալ Արցախում վառելիքի պայթյունից զոհվածների ընտանիքներին

ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանն առաջարկում է կառավարության որոշմամբ կարգավիճակ տալ Արցախում 2023 թվականին վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով զոհվածների ընտանիքներին։ Ըստ Խաչատրյանի՝ կառավարությունն այս ընտանիքներին պետք է աջակցություն ցուցաբերի։

Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Արթուր Խաչատրյանն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին հարցրեց․ «Դուք ասում եք, որ պետք է ապահովել արցախցիների ինտեգրումը Հայաստանի հասարակությունում։ Ինձ հետաքրքիր է՝ դուք ինչ-որ ծրագրեր ունե՞ք մասնավորապես վառելիքա-քսուկային նյութերի պահեստի զոհերի ընտանիքների վերաբերյալ, որովհետեւ այդ մարդիկ կորցրել են իրենց կերակրողներին, շատերը կորցրել են իրենց միակ կերակրողին, բայց որեւէ աջակցություն չեն ստանում կառավարությունից»։

Արսեն Թորոսյանն ասաց, որ պայթյունի հետեւանքով տուժած 251 ընտանիքի 251 մլն դրամ է հատկացվել։ Բայց Թորոսյանը միաժամանակ խոստովանեց, որ այդ գումարները հատկացվել են Արցախի բյուջեում եղած գումարներից։

«Այսինքն՝ իրենց հաշիվներին եղած դրամական միջոցներն են ուղղվել այդ քաղաքացիներին աջակցություն տրամադրելու նպատակով։ Դրանից զատ առանձին աջակցություն է տրամադրվել նաեւ զոհված զինծառայողներին»,- ասաց Թորոսյանը։

Արթուր Խաչատրյանը նշեց․ «Այո, ես գիտեմ, որ այդ 1 մլն դրամը, այսինքն՝ գերեզմանի փողը տրամադրվել է, աղբյուրն էլ գիտեմ, դուք էլ ասացիք՝ դա Ղարաբաղի կառավարության գումարն է, որը սառեցված է եւ իրենք գոնե ծախսելու հնարավորություն չունեն։ Բայց կա նաեւ Վերաքննիչ դատարանի որոշում, որը հստակ գրել է, որ այդ մարդիկ դժբախտ պատահարի զոհ չեն, նրանք պատերազմական գործողությունների հետեւանքով են զոհվել»։

Խաչատրյանն առաջարկեց բյուջեում այս ուղղությամբ հատկացում անել եւ կառավարության որոշմամբ կարգավիճակ շնորհել այդ ընտանիքներին, որպեսզի այդ ընտանիքներն ունենան նույն կարգավիճակը, որն ունեն 2020 թվականի պատերազմում քաղաքացիական զոհերի ընտանիքները։

«Այո, ես նույնպես համարում եմ, որ դա պարզապես դժբախտ պատահար չէր, եւ այլ հավասար պայմաններում պայթյունը պարզապես տեղի չէր ունենա»,- հայտարարեց Արսեն Թորոսյանը՝ որեւէ՝ հսատկ բան չասելով՝ այդ ընտանիքներին կարգավիճակ կտրվի, թե՞ ոչ։

Արցախի խորհրդարանը կշարունակի՞ համագործակցությունը Օսկանյանի կոմիտեի հետ

Արցախի Ազգային ժողովի անդամները հանդիպել են Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամների հետ։ Հանդիպման ժամանակ տեղեկատվություն է տրամադրվել ԱՄՆ-ի, Բելգիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի օրենսդիր և գործադիր մարմինների հետ կայացած բանակցությունների արդյունքների մասին։ Նշվել է, որ բոլոր հանդիպումների առանցքային թեման եղել է արցախցիների վերադարձը, Բաքվի բանտերից գերիների ազատումը և մշակութային ժառանգության պահպանումը Արցախում։

Վարդան Օսկանյանը ներկա չի եղել հանդիպմանը, չնայած այդ մարմինը հիմնականում հայտնի է որպես Օսկանյանի կոմիտե։ Օսկանյանի բացակայությունը տեխնիկական խնդի՞ր էր, թե՞ կոմիտեի նպատակներն ու ձևաչափը կտրուկ վերանայվում են։

Կոմիտեի ստեղծումից և Արցախի խորհրդարանի կողմից մանդատ ստանալուց հետո առաջացել են մի շարք հարցեր, որոնք առայսօր մնում են անպատասխան։

Գլխավոր հարցն այն է, թե ինչո՞ւ են որպես հանձնախմբի հիմնական հարցեր ընտրվել Արցախում էթնիկ զտումների ճանաչումը և արցախցիների վերադարձի իրավունքը, որոնք որևէ իրավական հետևանքներ չեն ենթադրում (գերիների վերադարձը և մշակութային ժառանգության պաշտպանությունը հարցեր չեն առաջացնում)։

Միջազգային փաստաթղթերը, այդ թվում՝ Միջազգային դատարանի որոշումը, հստակ նշում են, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, և որ արցախցիները իրավունք ունեն վերադառնալու։ Հայտնի է նաև, որ վերադառնալու իրավունքի իրականացման միջազգային մեխանիզմ գոյություն չունի։ Այդ դեպքում ինչո՞ւ է Հանձնախումբը կենտրոնանում այդ հարցի վրա։

Գործնական առումով սա ոչնչի չի հանգեցրել, քանի որ արցախցիների վերադարձը կախված է քաղաքական խնդիրներից, որոնցից կոմիտեն փորձում է խուսափել։ Պարզվում է, որ կոմիտեի և հայկական լոբբիի մանրակրկիտ աշխատանքը, որը արժանի է ամենայն հարգանքի, ապարդյուն է, քանի որ քաղաքական նպատակներ չի դրվում։ Ավելին՝ արցախցիների իրավունքների մասին միջազգային աշխատանքը հանգեցվում է ապաքաղաքական գործունեության։

Ըստ Արցախի հանրային հեռուստատեսության՝ վերջերս կայացած հանդիպման ժամանակ կոմիտեի անդամ Մարիո Նալպանտյանը նշել է, որ կոմիտեի, ինչպես նաև հայ համայնքի աշխատանքի արդյունքում ԱՄՆ կառավարության տարբեր ճյուղեր վերջապես արտահայտել են իրենց դիրքորոշումը արցախյան հարցի վերաբերյալ։ «Մենք դեռևս որևէ գործնական հետևանք չենք տեսել, բայց ընդհանուր առմամբ, այս դիրքորոշումները կարելի է դրական գնահատել», – ասել է նա։

Ինչպես նշել է կոմիտեի անդամ Գասպար Կարամպետյանը, Բելգիայի նոր դաշնային կառավարությունը վերջերս իր ծրագրում ներառել է արցախցիների վերադարձի հարցը՝ կոչ անելով Ադրբեջանին ապահովել դա։ Աշխարհում չկա որևէ կառավարություն, որի ծրագրում ներառված լինի նման հարց, և պետք է ասեմ, որ դրան հասնելու համար մեծ աշխատանք է կատարվել, ասաց Կարամպետյանը։

Հանձնաժողովի անդամները նաև նշեցին Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված բանաձևերի կարևորությունը, որոնք կոչ են անում Շվեյցարիայի կառավարությանը մեկ տարվա ընթացքում նախաձեռնել միջազգային ֆորում՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։

Ինչպես նշեց Արցախի խորհրդարանի խոսնակ Աշոտ Դանիելյանը, մեկ տարվա ժամկետը լրանում է մարտ ամսին, և մենք պետք է իմանանք, թե ինչ անել հաջորդըիվ Բանաձևերում կա կետ, որը պահանջում է, որ ֆորումը անցկացվի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Աշոտ Դանիելյանը նշեց, որ Հայաստանի մասին ընդհանրապես չի հիշատակվում։

Ինչպես նշվեց, հանձնաժողովն իր աշխատանքում բախվում է բազմաթիվ խոչընդոտների, այդ թվում՝ Հայաստանի կառավարության կողմից՝ դեսպանատների հետ համագործակցությունը խոչընդոտելով։

Արցախի խորհրդարանի կողմից ստեղծված հանձնաժողովը ակնկալում է նաև աջակցություն Արցախի իշխանություններից և պատրաստ է շարունակել համատեղ գործունեությունը։

Կշարունակվի՞ արդյոք կոմիտեի աշխատանքը՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության հայտարարությունները, որ արցախցիների վերադարձը անիրատեսական է։ Եվ ինչպե՞ս կընթանա այս աշխատանքը, եթե Գարեգին կաթողիկոսի Շվեյցարիայում արած հայտարարությունները Արցախում թողնված ժառանգության մասին դիտարկվել են որպես «խաղաղության դեմ» սադրանք, և կաթողիկոսին հետապնդում են։ Ավելին, ի՞նչ կլինի, եթե «խաղաղություն հաստատելու» գործընթացում ՀՀ կառավարությունը հետ վերցնի իր պահանջները միջազգային դատարաններից՝ դրանով իսկ չեղյալ համարելով արցախցիների իրավունքները։

Ո՛չ կոմիտեն, ո՛չ էլ Արցախի խորհրդարանը չեն պնդում 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունված Արցախի  և Հայաստանի վերամիավորման մասին բանաձևի իրականացումը, չնայած հենց դա կարող է դառնալ արցախցիների բոլոր խնդիրների լուծումների աղբյուր։

Տարին քանի՞ անգամ կլինի զորակոչը, երբ ծառայության ժամկետը 2 տարուց կրճատվի մինչև 1,5 տարի

Կառավարությունն այսօրվա նիկստում ընդունեց պարտադիր զինվորական ծառայությունը 2 տարվա փոխարեն 1,5 տարի սահմանելու նախագիծը։ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը ներկայացրեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«Շարքային կազմի պարտադիր զինվորչական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինվում է 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով  2026 թվականի հունվարի մեկից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի մեկի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա»,- ասաց փոխնախարարը։

Նա նշեց, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքների շնորհիվ։ «Միայն այս պահին «Պաշտպան հայրենյաց»  ծրագրի շահառուների թվաքանակը կազմում է 4220 եւ աճի միտում ունի»,- հավելեց Սարգսյանը։

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է ԱԺ կողմից այս նախագծի ընդունումը համարել անհետաձգելի։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ սա շատ լավ նախագիծ է։ «Մենք տարիներ շարունակ ունեցել ենք հետեւյալ ցիկլը՝ 2 տարի, 2 զորակոչ տարեկան, հիմա որ այդ 2 զորակոչի մեխանիզմը մնում է նույնությամբ, բայց ժամկետը դառնում է 1,5 տարի, անցման ժամանակ խզում չենք ունենա՞, կառավարո՞ւմ եք այս հարցը, չէ՞»,- հարցրեց Գրիգորյանը։

Արման Սարգսյանն ի պատասխան ասաց․ «Միանշանակ բոլոր ռիսկերը հաշվարկվել են, որեւէ խզում տեղի չի ունենա, եւ այդ ամբողջ պրոցեսը կկառավարվի շատ սահուն, ընթացքը կլինի տեսանելի, եւ կարծում ենք՝ որեւէ խնդիր չի առաջանա»։

Թորոսյան․ արցախցիների բնակապահովման ծրագրում հենց այսօր փոփոխություններ են մտցվել

Արցախից բռնի տեղահանված 3202 ընտանիք կամ 12 826 անձ բնակարանային ապահովման պետական ծրագրի շրջանակներում արդեն ստացել են հավաստագիր։ Նրանցից 1198 ընտանիք արդեն իրացրել են այդ հավաստագրերը եւ բնակվում են իրենց սեփական տներում։ Այս մասին Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ արցախցիների բնակապահովման ծրագրի ընդհանուր չափը գնահատվում է մոտ 800 մլրդ դրամ։ Թորոսյանն ասաց, որ ամենօրյա ռեժիմով աշխատում են արցախցիների հետ եւ փորձում  լուծել այն խնդիրները, որոնք ծագում են ծրագրին դիմելու ընթացքում։

«Մենք նաեւ ամենօրյա ռեժիմով մոնիտորինգի ենք ենթարկում եւ վերլուծում ենք, թե ինչպես կարող ենք ծրագիրն առավել բարելավել։ Օրինակ՝ հենց այսօր կառավարության նիստում որոշ փոփոխություններ ենք արել ծրագրում։ Սա կարեւոր է այն համատեքստում, որ հաճախ մեզ մեղադրում են, որ մենք չենք լսում մեր հայրենակիցների կողմից բարձրացված խնդիրները, ինչը հակառակն է ամբողջությամբ։ Այն, ինչ ես հիմա կարդում եմ, հենց իրենց հետ քննարկումների ու հանդիպումների ժամանակ բարձրացված խնդիրների լուծում է։

Փոփոխություններից մեկն այն է, որ ծրագրի շահառու միավորի կազմում պարտադիր լինելու պայմանը չի տարածվի ընտանիքի այն անդամների վրա, ովքեր դատարանի վճռի հիման վրա ճանաչված են անհայտ բացակայող։ Սա հնարավորություն կտա ծրագրի հիմնական պայմաններին բավարարող ընտանիքի մյուս անդամներին օգտվել ծրագրից։

Մյուս փոփոխությունը՝ շահառու ընտանիքների այն անդամները, ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ եղել են անչափահաս, սակայն դիմում-հայտարարությունը լրացնելու ժամանակ լրացել է նրանց 18 տարին, ցանկության դեպքում, հնարավորություն կունենան ստանալ հավաստագիր որպես առանձին ընտանիք։ Տվյալ դեպքում ընտանիքի միավորի կազմում պարտադիր լինելու պայմանը չի տարածվի այդ անձի վրա։

Միջգերատեսչական հանձնաժողովին դիմած ընտանիքների կողմից ներկայացվող փաստաթղթերի նվազագույն քանակը կսահմանվի 1՝ ներկայում սահմանված 2-ի փոխարեն, եթե խոսքը վերաբերվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո մինչև տեղահանումն ընկած ժամանակահատվածին»,- ասաց Թորոսյանը։

Արսեն Թորոսյանը նշեց, որ արցախցիների բնակապահովման սերտիֆիկատների իրացումները կապված են զբաղվածության հետ, այն համայնքներում, որտեղ զբաղվածությունը հնարավոր է եւ միջին աշխատավարձը բարձր է, կան բարձր իրացումներ։ Դրանք հիմնականում երեւանամերձ մարզերն ու Երեւանն են։

«Եվ այս առումով մենք փորձելու ենք դեռեւս ձեռք չտալով այդ գումարներին՝ զբաղվածությունը խթանող ծրագրեր անել, որոնք կկապվեն բնակապահովման ծրագրի հետ»,- հավելեց նա։

Նախարար․ անցած տարվա համեմատ արցախցիների աջակցությունը կավելանա 20 մլրդ․-ով

2026 թվականի բյուջեի նախագծով արցախցիների համար նախատեսված աջակցության ծրագրերի ֆինանսավորումը կավելացվի 20 մլրդ դրամով՝ կազմելով 55 մլրդ դրամ։ Այս մասին ԱԺ հանձնաժողովների նիստում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Ճգնաժամերի հակազդման եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների նվազեցման եւ վերացման նպատակով առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցությանը կուղղվի 55 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 20 մլրդ դրամով կամ 57,1 տոկոսով։ Սա հենց Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերի բյուջեն է, որի մեջ ներառված են թե բնակարանային ապահովումը եւ թե ընթացիկ աջակցությունները»,- ասաց նա։

 

“Կառավարությունը արցախցիների վերադարձի պահանջ չի ներկայացնում Ադրբեջանին”

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության ջանքերով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ նստաշրջանում ընդունված բանաձեւում չներառվեց արցախցիների վերադարձի հարցը։

ՀՀ Ազգային ժողովում այս օրերին անցկացվում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ նստաշրջանը։ Այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն ասաց, որ երեքշաբթի օրն ընդունվել է զեկույց «Արեւելյան գործընկերության ապագայի եւ ԵՄ ընդլայնման քաղաքականության ապագայի մասին՝ հանուն կայունության եւ խաղաղության տարածաշրջանում»։ Զեկույցում փոփոխություններ կատարելու նպատակով ներկայացվել էր 25 առաջարկ, դրանցից ընդունվել էր 24-ը: Ընդունված նախագիծը ներկայացվեց Եվրանեսթ ԽՎ-ում՝ որպես բանաձեւի միջնորդություն եւ քվերակությամբ ընդունվեց։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր նախքան քվեարկությունը հիշեցրեց իրենց առաջարկությունների մասին․ «Ես ցանկանում եմ հիշեցնել փոփոխության մասին, որը մենք եւ մեր գործընկերները դրել են սեղանի վրա, ձեւակերպումը վերցվել է Եվրախորհրդարանի բանաձեւերից։ Եվ շատ մեծ հույս ունեմ, որ տեղադիրքի փոփոխությունը չի փոխի մտադրությունը եւ մոտեցումները, որոնք ընդունվել են Եվրախորհրդարանի անդամների կողմից»։

ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը մանրամասնեց, թե ինչ առաջարկների մասին է խոսքը․ «Փոփոխությունները, որոնց մասին պարոն Խաչատրյանը խոսում է, հետեւյալի մասին են՝ Ադրբեջանին պարտադրել անմիջապես ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց բաց թողնել։ Մենք դեմ չենք այս նախադասությանը»։

«Մյուս առաջարկը` երաշխավորել Լեռնային Ղարաբաղից բռնի կերպով տեղահանված անձանց՝ անվտանգ կերպով վերադարձn իրենց հայրենիք։ Հայաստանի կառավարությունը, պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատում են Հայաստանի արտաքին քաղաքականության համար, այս պահին չեն ներկայացնում նման պահանջ Ադրբեջանին»,- ասաց Եղոյանը։

Քվերակությունից հետո Արթուր Խաչատրյանը տեղեկացրեց․ «ՔՊ-ականները դեմ քվեարկեցին բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը պահանջող բանաձեւին։ Երևանում անցկացվող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին իմ, Աննա Գրիգորյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի եւ Եվրախորհրդարանի երկու սոցիալիստ պատգամավորների հեղինակած առաջարկությանը (որպես ներկայացված զեկույցի փոփոխության առաջարկ), որով Ադրբեջանից պահանջվում էր միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքն իրենց բնօրրան: Տարբեր խմբակցությունների մեր եվրոպացի գործընկերների փոխանցմամբ, ՔՊ-ականները հորդորել էին եվրոպացիներին մեր փոփոխության առաջարկին կողմ չքվեարկել»։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ ավելի շատ մարդ կողմ քվեարկեց, քան դեմ․ դեմ քվեարկեցին ՔՊ-ականները, իսկ եվրոպացի պատգամավորները հիմնականում ձեռնպահ քվեարկեցին։ Բայց 50 տոկոսի շեմը չհաղթահարվեց։

 

Mediamax. «Կատարոյի աղջիկ» Վերոնիկան եւ Տողից բերված «արմատները»

«Որքան ինձ հիշում եմ, այդքան հիշում եմ Տողի մեր այգիները»,- ասում է Վերոնիկան՝ կանգ առնելով խաղողի ողկույզի մոտ, որպեսզի ցույց տա՝ ինչպես արտաքինից  տարբերել Խնդողնին խաղողի այլ տեսակներից:

«Խնդողնու հատիկները շատ խիտ են դասավորված»,- ասում է նա:

Ձորաղբյուր գյուղում ենք, որտեղ 2021 թվականից իր արտադրությունը վերսկսեց Արցախի Տող գյուղի «Կատարո» գինու գործարանը: «Կատարո»-ի նոր տարածքում մեր «գիդը» Վերոնիկան է, հիմնադրի՝ Գրիգորի Ավետիսյանի դուստրը:

«Խաղողի այգի գնալը, խաղողահավաքին մասնակցելը միշտ եղել է իմ կյանքում: Ծնունդս էլ համընկնում էր բերքահավաքի սեզոնին: Ընտանիքով գնում էինք այգի ու հենց այնտեղ էլ նշում ծնունդս»,- հիշում է նա:

Կատարո գինու ճակատագրի մասին կարդացեք Mediamax-ում

Այդ պահին ձեռնտու էր հայերին թշնամիներ ներկայացնելը

Դոնի Ռոստովի Հարավային շրջանի ռազմական դատարանի մեղադրական կողմը ցմահ ազատազրկում է պահանջել Ղրիմի կամրջի վրա ահաբեկչական հարձակման գործով բոլոր մեղադրյալների համար, հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը։

Ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 8-ին։ Առավոտյան կամրջի ճանապարհային հատվածում բեռնատար է պայթել։ Ռումբի վնասազերծման մասնագետները եզրակացրել են, որ պայթյունը հեռակառավարմամբ է պայթեցվել։ Պայթյունի հետևանքով գնացքի յոթ վառելիքի բաք է բռնկվել, և երկու ճանապարհային հատված է փլուզվել։

2024 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հաստատել է Ղրիմի կամրջի վրա ահաբեկչական հարձակման վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը։ Գործակալությունը որպես մեղադրյալներ է նշում Արտյոմ Ազատյանին, Գեորգի Ազատյանին, Օլեգ Անտիպովին, Ալեքսանդր Բիլինին, Վլադիմիր Զլոբային, Դմիտրի Տյաժելիխին, Ռոման Սոլոմկոյին և Արթուր Տերչանյանին։

Քննության ընթացքում տեղեկություններ են հայտնվել, որ այս անձինք տեղյակ չեն եղել ծրագրերի մասին. նրանց ավտոտնակներն ու մեքենաները վարձակալվել են սովորական բեռներ տեղափոխելու համար։ Սակայն այդ ժամանակ չափազանց ձեռնտու էր հայերին ներկայացնել որպես Ռուսաստանի թշնամիներ։

Սա Ջերմուկում տեղի ունեցած սեպտեմբերյան իրադարձություններից անմիջապես հետո էր, որից հետո Հայաստանը մեղադրեց Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին իրենց դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ, իսկ Ռուսաստանը հայտարարեց, որ Հայաստանը, ըստ էության, սահմաններ չունի, ուստի դժվար է որոշել, թե ինչն է օկուպացված։

Հետաքննիչները կարծում են, որ ահաբեկչական հարձակումը կազմակերպել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկը։ 2024 թվականի մարտին Բասմանի դատարանը նրան հեռակա կարգով ձերբակալեց ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով՝ նրա նկատմամբ հայտարարվելով դաշնային և միջազգային հետախուզում։

Միջուկային ուժի ցուցադրում. Պոսեյդոնից հետո Թրամփը հրամայում է վերսկսել փորձարկումները

Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Պոսեյդոն» միջուկային շարժիչով ստորջրյա ինքնավար միջոցի փորձարկման մասին մի քանի օր անց, երբ հայտարարեց «Բուրևեստնիկ» թևավոր հրթիռի, որը նույնպես միջուկային շարժիչով է, փորձարկման մեկնարկի մասին։

Ըստ էության, «Պոսեյդոնը» անօդաչու միջուկային սուզանավ է, որը կարող է գնալ ցանկացած հեռավորության վրա։

Տարբեր գնահատականների համաձայն, դրա միջուկային մարտագլխիկը կարող է ոչնչացնել ափամերձ քաղաք, խոշոր նավահանգիստ կամ ռազմածովային բազա։

Կային ենթադրություններ, որ նախկինում նմանատիպ խորհրդային նախագծերը նախատեսվում էր օգտագործել մեծ ցունամիի ալիք ստեղծելու համար, որը հետագայում կհանգեցներ ավերածությունների։ Այս ենթադրությունները երբեք չեն իրականացվել։

Անկախ նրանից, թե «Բուրևեստնիկը» և «Պոսեյդոնը» պատրաստ են, թե ոչ, դրանք ռազմավարական միջուկային զենքեր են, որոնք Արևմուտքը անպայման հաշվի կառնի։

Նման համակարգերի շրջանակը այլ տարբերակներ չի թողնում. այս հայտարարությունները արվում են՝ ապահովելու համար, որ Մոսկվայի ձայնը լսելի լինի Վաշինգտոնում։

Լսվեց։ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Պենտագոնին հանձնարարել է սկսել միջուկային զենքի փորձարկումներ։ «Քանի որ այլ երկրներն իրականացնում են փորձարկման ծրագրեր, ես հանձնարարել եմ Պաշտպանության նախարարությանը սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները հավասարության սկզբունքով։ Այս գործընթացը կսկսվի անմիջապես», – գրել է ԱՄՆ նախագահը TruthSocial սոցիալական ցանցում հինգշաբթի՝ հոկտեմբերի 30-ի գիշերը։

Ըստ Թրամփի, ԱՄՆ-ն ներկայումս ունի «ավելի շատ միջուկային զենք, քան որևէ այլ երկիր»։ «Ռուսաստանը երկրորդն է, Չինաստանը՝ երրորդը», – հավելել է հանրապետականը։

ԱՄՆ-ն լիարժեք միջուկային զենքի փորձարկում չի անցկացրել 1992 թվականից ի վեր։ Այն Նևադայի փորձարկման վայրում անցկացնում է ենթակրիտիկական ստորգետնյա միջուկային փորձարկումներ։

Մոսկվան իր վերջին միջուկային փորձարկումն անցկացրել է 1990 թվականին, երբ դեռևս գոյություն ուներ ԽՍՀՄ-ն։

Թրամփ-Սի հանդիպում. ավելի շատ տնտեսություն, քան քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը երկկողմ հանդիպում են ունեցել Հարավային Կորեայի Բուսան քաղաքում, որը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր առաջինն էր։

Հանդիպումը տևել է մեկ ժամ 40 րոպե՝ ավելի երկար, քան ԱՄՆ նախագահը նախատեսել էր։ Դրանից անմիջապես հետո հայտարարություններ չեն արվել։

Հանդիպումից առաջ Թրամփը Սիին անվանել է «երկարատև ընկեր» և «մեծ երկրի մեծ առաջնորդ»։ Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կզարգացնեն «երկարաժամկետ ֆանտաստիկ հարաբերություններ»։

«Մենք որոշ քննարկումներ կունենանք։ Կարծում եմ՝ մենք արդեն շատ բաների շուրջ համաձայնության ենք եկել, և հիմա ավելի շատ բաների շուրջ կհամաձայնեցնենք», – ասել է ԱՄՆ նախագահը։

«Բնական է, որ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև ժամանակ առ ժամանակ հակասություններ են առաջանում», – ասել է Սի Ցզինպինը, նշելով, որ «Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է լինեն գործընկերներ և ընկերներ»։ «Ես միշտ կարծում եմ, որ Չինաստանի զարգացումը համընթաց է Ամերիկան ​​կրկին մեծ դարձնելու ձեր տեսլականին», – շարունակել է Սին։

Նա հավելեց, որ ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունները վերջերս բանակցություններ են վարել տնտեսական և առևտրային հարցերի շուրջ: «Նրանք հիմնարար համաձայնության են հասել մեր հիմնական խնդիրների լուծման հարցում», – ասաց Չինաստանի նախագահը։

Սի Ցզինպինը շնորհակալություն հայտնեց Թրամփին Գազայում հրադադարի և Թաիլանդի ու Կամբոջայի միջև հակամարտության կարգավորման գործում ունեցած ներդրման համար: Սին հավելեց, որ Պեկինը ևս խաղաղություն է փնտրում աշխարհի տարբեր տարածաշրջաններում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ավարտեցին իրենց հանդիպումը, որը «հրաշալի» էր՝ մի շարք «ակնառու» որոշումներ կայացնելով, ասաց ամերիկացի նախագահը Air Force One-ում Հարավային Կորեայից մեկնելուց հետո, որտեղ տեղի ունեցան բանակցությունները։

«Ինչպես գիտեք, ես 20 տոկոս մաքսատուրք էի սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա՝ ֆենտանիլի պատճառով: Դա մեծ մաքսատուրք է: <…> Ես այն կրճատել եմ 10 տոկոսով», – ասաց Թրամփը: Նա ասաց, որ Պեկինը կաշխատի կանխել նարկոդեղամիջոցի հոսքը: Նա պարզաբանեց, որ Չինաստանի համար մաքսատուրքերը ներկայումս կազմում են 47%:

Ավելին, նախագահը ասաց. «Սոյայի և այլ գյուղատնտեսական ապրանքների հսկայական քանակություն կգնվի անմիջապես, հենց հիմա»:

Թրամփը նշել է, որ ապրիլին նախատեսում է այցելել Չինաստան, և որ Սին կարող է այցելել Միացյալ Նահանգներ դրանից հետո։

Չինաստանի զարգացումն ու վերածնունդը «ձեռք ձեռքի» են գնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Ամերիկան ​​կրկին մեծ դարձնելու» նպատակի հետ, ըստ «Սինհուա»-ի՝ Հարավային Կորեայում հանրապետական ​​թեկնածուի հետ հանդիպման ժամանակ ասել է Սին։

Չինաստանը և Միացյալ Նահանգները պետք է լինեն գործընկերներ և ընկերներ. նրանք կարող են օգնել միմյանց զարգանալ և «միասին բարգավաճել», կարծում է Չինաստանի առաջնորդը։

«Ես պատրաստ եմ շարունակել աշխատել նախագահ Թրամփի հետ՝ Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների համար ամուր հիմք դնելու և մեր զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար», – ասել է նա։

Սի Ցզինպինը ընդգծել է, որ Թրամփի ընտրությունից ի վեր նրանք երեք անգամ հեռախոսազրույց են ունեցել, բազմաթիվ անգամ նամակներ են փոխանակել և սերտ կապ են պահպանել։

Անցյալ շաբաթ Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենգը Կուալա Լումպուրում հանդիպել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի հետ։

Մալայզիայի մայրաքաղաքում երկօրյա բանակցություններից հետո Չինաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները «հիմնական կոնսենսուսի» են հասել առևտրային և տնտեսական հարցերը լուծելու համաձայնագրերի վերաբերյալ։