Վեհափառն ընդունել է Արցախի պաշտոնյաներին

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախի պետական այրերին և քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի պետական այրերը քննարկեցին հայրենազրկված արցախցիների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը և արցախահայության իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր։

Այս առնչությամբ անդրադարձ կատարվեց նաև Մայր Աթոռի կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին և արցախցիների հետ բնակության վայրերում տարվող հոգեխնամ աշխատանքներին։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայ Եկեղեցին այս ուղղությամբ շարունակելու է ջանքեր գործադրել։

Զրուցակիցները կարևորեցին միջազգային հարթակներում համատեղ հետևողական քայլերի ձեռնարկումը՝ ի խնդիր Արցախի ժողովրդի իրավունքների բարձրաձայնման, Ադրբեջանում պահվող պատանդառվածների և ռազմագերիների ազատ արձակման, անհետ կորածների հայտնաբերման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության։

Վերջում Արցախի պետական այրերն իրենց որդիական երախտագիտությունն ու հավատարմությունը հայտնեցին Առաքելական Մայր Եկեղեցուն։

Լուսանկարում պատկերված սրբապատկերը հրաշքով փրկվել է ռմբակոծությունից

Ուղիղ հինգ տարի առաջ՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, Ադրբեջանի զինված ուժերը ուղիղ նշանառությամբ ռմբակոծեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։
Այս վայրագ գործողությունը, որն ուղղված էր ոչ միայն հոգևոր, այլև մշակութային ժառանգության դեմ, դարձավ մշակութային ցեղասպանության խորհրդանշական դրսևորում։
Հայ ժողովրդի համար հոգևոր խորքային նշանակություն ունեցող այս սրբավայրի ռմբակոծությունը միջազգային բազմաթիվ կառույցների, այդ թվում՝ Եվրոպական հանձնաժողովի, կողմից արժանացավ խիստ քննադատության։ Սակայն նման դատապարտումներն ակնհայտորեն բավարար չեն եղել՝ կանխելու մշակութային արժեքների շարունակական ոչնչացումը Արցախի օկուպացված տարածքներում։
Լուսանկարում պատկերված սրբապատկերը հրաշքով փրկվել է ռմբակոծությունից և այժմ պահվում է Երևանում՝ որպես ոչ միայն հավատքի, այլև դիմադրության խորհրդանիշ։
Մենք վերահաստատում ենք․
Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը իր հայրենի հող ու հոգևոր ժառանգություն անքակտելի է։
Իսկ միջազգային հանրությունը պարտավոր է գործնական քայլերով ապահովել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը, կանխել դրա յուրացումը և աջակցել արդար վերադարձին։

Արցախից հետո որեւէ մեկը ՀՀ-ում չի կարող վստահ լինել, որ պատերազմներ չեն լինելու, որ ինքը չի ունեզրկվելու

«Նիկոլ Փաշինյանը չէ, որ պետք է որոշի արցախցիների վերադարձի հետ կապված խնդիրները, դրանք միջազգային նորմերով, միջազգային կոնվենցիաներով սահմանված իրավունքներն են։ Նիկոլ Փաշինյանը չէ, եթե անգամ գերտերությունների ղեկավարները լինեն, չեն կարող միանձնյա այդ հարցերը լուծել։ Արցախցիներն ունեն նույնքան իրավունքներ, որքան ցանկացած այլ ժողովուրդ։ Հետեւաբար, դա Փաշինիյանն իր վրա վերցրել է ավելի շատ, քան կարող է տանել»,- step1.am-ի հետ զրույցում ասաց ՆԺԱՐ սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե արցախցիների վերադարձը իրատեսական չի համարում, քանի որ դա կարող է վտանգել «խաղաղության գործընթացը»։

Կարապետյանցի խոսքով՝ անշուշտ, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք այս հարցի դրական լուծում հնարավոր չէ։ Քանի դեռ այս իշխանությունը շարունակում է գործել, ոչ միայն արցախցիները, այլ նաեւ հայաստանցիները մեծագույն խնդիրներ ունեն։ «Հայաստանցիներից որեւէ մեկը թող վստահ չլինի, թե ապահով երկրում է ապրելու, որեւէ մեկը չի կարող վստահ լինել, որ պատերազմներ չեն լինելու, որ ինքը չի ունեզրկվելու, որ վաղը չեն գալու ինչ-ինչ գյուղեր դատարկելու։ Առհասարակ, իր պաշտոնավարման տարիներին մենք լուրջ կասկածի տակ ենք դնում ոչ միայն մեր արժեքները, այլ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների ու իրենց աջակցող սազանդարների հետ լուրջ կասկածի տակ է դնում հարցը՝ առհասարակ մենք հայ կոչվելու իրավունք ունե՞նք, թե՞ չէ։ Մենք սրբություններ, սիմվոլներ ու պատմություն ունենալու իրավունք ունե՞նք, թե՞ այլեւս շարժվելու են այնպես, ինչպես ցանկանում են հարեւան սրտնեղած երկրների ղեկավարները»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է խաղաղությանը՝ Նինա Կարեպտյանցն ասաց, որ հարաբերական հրադադար կա, բայց այդ հրադադարի բոլոր գործիքներն այսօր մեկ հոգու՝ Ալիեւի ձեռքում են։ «Անգամ Նիկոլ Փաշինյանը չի ստեղծել պայմաններ, որ իր ձեռքում լինեն այդ գործիքները։ Իրականում ԱՄՆ-ն է կարողացել ստեղծել պայմաններ, որ Ադրբեջանը չի հարձակվում Հայաստանի վրա։ Բայց ռեալ գործիքներ չկան, իրենց համար հարմար պահի Հայաստանի վրա կարող է հարձակում լինել, ինչպես Արցախի վրա եղավ հարձակում ԿՈՎԻԴ-ի ժամանակ կամ ԱՄՆ-ում ընտրությունների փուլում։ Այդ նույն տրամաբանությամբ հարվածի տակ է նաեւ Հայաստանը, եթե հարմար պահ եղավ հարձակվելու, ես վստահ չեմ, որ մենք խաղաղություն կունենանք»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Հայաստանում ընտրարշավը սկսվեց Արցախից հրաժարվելու կոնսենսուսով

Հայաստանը աստիճանաբար մտնում է ընտրարշավի մեջ, որը, դատելով մասնակիցների գործողություններից և հայտարարություններից, առաջին անգամ տեղի կունենա առանց Արցախյան հարցի։ Շատ բան իհարկե կախված է արտաքին գործոններից, բայց Հայաստանի քաղաքական ուժերի դիրքորոշումները կորոշեն Հայաստանի տեղը նոր տարածաշրջանում և աշխարհակարգում։

Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ «հակամարտության վրա կառուցված» Երրորդ Հանրապետությունը սպառել է իրեն, և կհռչակվի Չորրորդ Հանրապետություն՝ առանց Ղարաբաղի։ Նա ամենաբարձր միջազգային հարթակներից հայտարարել է, որ արցախցիների վերադարձը համարում է անիրատեսական և նույնիսկ վտանգավոր «խաղաղության գործընթացի» համար։

Այլ քաղաքական գործիչներ նույնպես ելնում են այն կանխավարկածից, որ Արցախյան հարցն անցյալում է, և չեն խոստանում «դեօկուպացիա»։ Ավելին, Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ չի հիշում 1989 թվականի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշումը, Անկախության հռչակագիրը և գործող Սահմանադրությունը, Կարսի պայմանագիրը կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, թեկուզ դրանք գործող փաստաթղթեր են։

Երեք ժամ տևած մամուլի ասուլիսի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը գրեթե չանդրադարձավ Արցախյան հարցին՝ համարելով այն փակված։ Նա միայն նշեց, որ Ալմա-Աթայի հռչակագիրը արհեստականորեն մտցվել է բանակցությունների օրակարգ։ «Ես բանակցություններ եմ վարել 1992 թվականի հուլիսից մինչև 2008 թվականը։ Ալմա-Աթայի հռչակագիրը երբեք օրակարգում չի եղել։ Ի դեպ, այն նաև ռուս-ուկրաինական ներկայիս հակամարտության օրակարգում չէ», – նշեց Քոչարյանը, երևի “պաշտպանելով” Ղրիմը։

Քոչարյանը այդքան էլ ճիշտ չէ. Ալմա-Աթայի հռչակագիրը պատահաբար չի մտցվել օրակարգ։ Դա աշխարհում միակ փաստաթուղթն է, որը կարող է գոնե հեռավոր կերպով արդարացնել Փաշինյանի և Ալիևի այն թեզը, որ «Ղարաբաղը Ադրբեջան է» և Արցախի հարցը «փակված է»։

Փաշինյանը և իրականում նրա գոյությունը պաշտպանող «ընդդիմությունը» տարածում են այն միտքը, որ Արցախի օկուպացիայից հետո ամեն ինչ անդառնալիորեն փոխվել է, որ Արցախի պատկանելությունը Բաքվին չի կարող վիճարկվել, և որ հայերի ազգային իրավունքների վերականգնման գաղափարի վրա կառուցված Երրորդ Հանրապետությունը սպառել է իրեն։

Հեռուստաալիքներով բազմաթիվ քննարկումները սովորաբար սկսվում են հետևյալ խոսքերով. «Այո՛, մենք կորցրեցինք Ղարաբաղը, բայց…»: Սակայն ոչ ոք չի բերում որևէ փաստարկ՝ հիմնավորելու այն միտքը, որ տարածաշրջանի իրավական դաշտում ինչ-որ բան է փոխվել։

Որովհետև ոչինչ չի փոխվել. Սահմանադրությունը, որը հղում է կատարում Անկախության հռչակագրին և 1989 թվականի Միացումի որոշմանը, մնում է ուժի մեջ։ Կարսի պայմանագրով սահմանված սահմանները մնում են ուժի մեջ, և ոչ ոք այն չի չեղարկել։ Նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի չեղարկվել (չնայած Փաշինյանը պնդում է, որ այն անցյալում է, Մոսկվան անմիջապես պնդում է, որ Հայաստանից որևէ ազդանշան չի ստացել այն հետ վերցնելու վերաբերյալ)։

Ապա ո՞րն է «անշրջելի փոփոխությունների» մասին պնդումների իրավական հիմքը։ Ալմա-Աթայի դատարկ հռչակագի՞րը, որը, ինչպես ասաց Քոչարյանը, նույնիսկ Մոսկվան չի ճանաչում (հակառակ դեպքում չէր օկուպացնի Ղրիմը և Դոնբասը)։

Իրավական դաշտի փոփոխությունների բացակայության դեպքում նույնիսկ Արցախի ֆիզիկական բռնազավթումը կարելի է բնութագրել որպես Հայաստանի սահմանադրական տարածքի օկուպացիա և ՀՀ քաղաքացիների արտաքսում։

Խնդիրն այն է, որ գործող իրավական հիմքը, որում Արցախը դիտարկում է որպես վերականգնված ազգային իրավունքների մարմնացում, ընտրությունների ապագա մասնակիցների համար հետաքրքրություն չի ներկայացնում: Նրանք նախընտրում են խոսել ավելի քիչ շոշափելի հարցերի՝ Ալմա-Աթայի հռչակագրի և այլ դատարկ բաների մասին։

Ալմա-Աթայի հռչակագիրը զրոյական ազդեցություն է ունեցել բանակցային գործընթացի վրա: Սա ասել է Սերժ Սարգսյանն, ով դեռևս չի հայտարարել ընտրարշավին մասնակցելու մասին և կարող է չմասնակցել: Սերժ Սարգսյանն հերքեց Փաշինյանի պնդումները, որ 1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագրի ընդունմամբ Ղարաբաղի հարցը էապես լուծվել է: Եթե դա ճիշտ էր, ապա ինչո՞ւ էր անհրաժեշտ ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահ երկրները հետագայում նախագահների մակարդակով ընդունեցին հինգ համատեղ հայտարարություն:

Նա նաև նշեց, որ իր նախագահության ընթացքում Բաքուն չի համարձակվել հիշատակել Ալմա-Աթայի հռչակագիրը: Սարգսյանը նաև նշեց, որ Ղարաբաղի հարցը փակված չէ և մնում է արդիական միջազգային հարթակներում։

Ինքը՝ Փաշինյանը, պնդում է, որ եվրոպական երկրներն են «հիշեցրել» Ալմա-Աթայի հռչակագիրը։ Նա նշել է, որ հենց 2022 թվականի Պրահայի գագաթնաժողովում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը «վերահաստատել են միմյանց ինքնիշխանությունն ու ամբողջականությունը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա»։

Այն փաստը, որ Շառլ Միշելը գրպանից հանել է հենց այս հռչակագիրը, միայն հաստատում է, որ Բաքվի ագրեսիան և ցեղասպանությունը կամ Հայաստանի կողմից Արցախից հրաժարվելը արդարացնելու համար ավելի լուրջ բան հնարավոր չէր գտնել։

Եթե ընտրարշավն անցնի հայերի իրավունքներից հրաժարվելու այս գորշ շրջանակներում, ապա տարբերություն չկա, թե ով կստանա ամենաշատ ձայները և կշարունակի Հայաստանից հրաժարվելու գործընթացը։

1044 արցախցի ընտանիք արդեն իրացրել է բնակարանային սերտիֆիկատը

Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 3020 ընտանիք, որից 1044-ն արդեն իրացրել են հավաստագիրը։ Այդ մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալակաան հարցերի նախարարությունից։

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-5 մլն դրամի շրջանակում։

Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/ հարթակում»,- նշվում է հաղորդագրությունում:

Ոչ միայն Ջալալ Հարությունյանի ողբերգությունը

«Քաղաքացիական պայմանագրի» կողմից բեմադրված ներկայացման հիման արդյունքում 44-օրյա պատերազմի մասին զեկույցը հաջողությամբ արխիվ է ուղարկվել, որպեսզի պատերազմին Հայաստանի մասնակցության մասին որևէ հիշեցում չլինի, կամ որևէ մեկը հարցեր չտա այն մասին, թե ով է իրականացրել ընդհանուր հրամանատարությունը և կայացրել կարևոր որոշումներ:

Այնուամենայնիվ, պատերազմի ընթացքում իրենց գործողությունների համար շատ զինծառայողներ, հիմնականում արցախցի, շարունակում են մնալ հետաքննության տակ, նույնիսկ բանտարկված: Օրինակ՝ նախկին պաշտպանության նախարար Միքայել Արզումանյանը մեղադրվում է Շուշիի մոտակա կարևոր բարձունքները հանձնելու մեջ: Հազարավոր մարդիկ, հաճախ առանց ապացույցի, մեղադրվում են դասալքության մեջ:

Դատական ​​որոշումներ մինչ օրս քիչ են եղել: Դրանցից մեկը կայացվել է արցախի նախկին պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի գործով:

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանը հույս է ունեցել, որ իր լռությունը Նիկոլ Փաշինյանը կգնահատի: Սակայն մի քանի օր առաջ Վճռաբեկ դատարանը անփոփոխ թողեց նրա դատավճիռը, եւ հայտնի դարձավ, որ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում։

Նա դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման եւ մեղադրվում է սխալ հրաման տալու համար։ Ըստ մեղադրանքի, նրա գործողությունների հետեւանքով է Ցորի զորամասի 20 զինվոր հայտնվել են հակառակորդի թիրախում ու սպանվել, իսկ զորամասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Վճռաբեկի որոշումից հետո Ջալալը «նեղ կռուգում» չի թաքցրել իր նեղվածությունը՝ ակնարկելով, որ եթե իր լռությունը չգնահատեցին, ապա թող պատրաստ լինեն` եթե ոչ հրապարակային, ապա արտահոսքերի տեսքով որոշ գաղտնիքների հրապարակմանը”:

Առավոտ․ Պատրաստվում ենք դիմել ՄԱԿ՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջով. Կեմերովոյի մարզի-Կուզբասի հայերի միություն

Սեպտեմբերի 23-ին Առավոտը տեղադրել է «Կեմերովոյի մարզի-Կուզբասի հայերի միություն» տարածաշրջանային կազմակերպության ուղերձ-կոչը հայ ժողովրդին

Նիդերլանդական օրագիր. 2021 թվականի մարտի 10-ին Կեմերովոյի մարզի հայերի միությունը դիմեց Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությանը՝ նախագահ Վլադիմիր Պուտինին, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին և Պետական դումայի նախագահ Վլադիմիր Վոլոդինին։

Դիմումը ստորագրել էր կազմակերպության նախագահ Գ. Ա. Անտոնովը։ Հիմնական պահանջը հստակ էր՝ չերկարաձգել և չեղյալ հայտարարել Թուրքիայի հետ կնքված 1921 թվականի Մոսկվայի և Կարսի ամոթալի պայմանագրերը, որոնք, ըստ կազմակերպության, պատմական անարդարության խորհրդանիշ են։

Միությունը հիմնավորում է իր դիրքորոշումը հետևյալ փաստերով․ պայմանագրերը կնքվել են բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև՝ առանց Հայաստանի մասնակցության, այն ժամանակ, երբ երկու պետություններն էլ չունեին միջազգային ճանաչում։

Այս համաձայնագրերը, ըստ հայ համայնքի ներկայացուցիչների, խախտել են հայ ժողովրդի իրավունքները և նպաստել պատմական հայկական հողերի կորստին։

Բացի այդ, դիմումում ընդգծվում է, որ Թուրքիան բազմիցս խախտել է պայմանագրերի դրույթները, իսկ նրա քաղաքականությունը հակառուսական բնույթ է կրել։

Կազմակերպությունը նաև դիմել է Ռուսաստանի Գերագույն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել նշված պայմանագրերը։ Սակայն առաջին ատյանի դատարանը մերժել է հայցը՝ նշելով, որ միջազգային պայմանագրերը վերանայելու կամ չեղյալ համարելու իրավասություն չունի։

Գերագույն դատարանի վերաքննիչ խորհուրդը թողել է որոշումը ուժի մեջ՝ ընդգծելով, որ Ռուսաստանի ներքին դատարանները նման հարցերի լուծման լիազորություն չունեն։ Ըստ էության, Գերագույն դատարանը պարզաբանեց, որ այդպիսի գնահատական կարող է տալ միայն միջազգային իրավասու մարմին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների միջազգային քաղաքացիական դատարանը։

Այս իրադարձությունները կրկին հիշեցրել են մեկ կարևոր փաստ․ անկախ Հայաստանի գոյության 35 տարիների ընթացքում որևէ պետական քայլ չի ձեռնարկվել 1920 թվականի նոյեմբերի 22-ի Վուդրո Վիլսոնի իրավարար որոշման գործարկման ուղղությամբ, որը միջազգային իրավունքի համաձայն մնում է միակ օրինական հիմքը հայկական հողերի հարցում։

«Կեմերովոյի մարզի-Կուզբասի հայերի միություն» տարածաշրջանային կազմակերպությանը պատրաստում է փաստաթղթերի ամբողջական փաթեթ՝ ՄԱԿ դիմելու համար՝ պահանջելով վերանայել և անվավեր ճանաչել Մոսկվայի և Կարսի պայմանագրերը և գործարկել Վուդրո Վիլսոնի իրավարար որոշումը։

Ուղերձ-կոչ հայ ժողովրդին

Մենք՝ Կեմերովոյի մարզի հայերի միության ներկայացուցիչներս, դիմում ենք Հայաստանի, և աշխարհասփյուռ հայությանը․ մեր ժողովուրդը դարեր շարունակ կրել է ծանր կորուստներ և անարդարություններ։ Այսօր եկել է միասնության պահը։

Մենք խնդրում ենք բոլոր շահագրգիռ հայկական հասարակական և քաղաքական կազմակերպություններին, մտավորականներին և հայրենասեր անհատներին միանալ մեր նախաձեռնությանը։

Սա պայքար է անցյալի պատմական արդարության վերականգման, օրենքի հանդեպ անարդար ու խայտառակ պայմանագրերը բեկանելու, մեր ժողովրդի իրավունքների վերականգնման և մեր ապագայի ամրապնդման համար։

Միասնաբար բարձրացնելով մեր ձայնը միջազգային իրավունքի հարթակներում՝ մենք կարող ենք հիշեցնել աշխարհին Վուդրո Վիլսոնի իրավարար որոշման և Սևրի պայմանագրի մասին։ Դրանք շարունակում են մնալ իրավական փաստաթղթեր, որոնք արձանագրում են մեր ժողովրդի արդար պահանջները։

Մենք հավատում ենք, որ միասնական ջանքերով հնարավոր է վերականգնել ճշմարտությունը և ամրապնդել հայության ապագան։

Թող այս կոչը դառնա մեր ժողովրդի համախմբման նոր սկիզբ։

«Կեմերովոյի մարզի-Կուզբասի հայերի միություն» տարածաշրջանային կազմակերպության նախագահ`

Գ. Ա. Անտոնով

Գայթակղությունը մեծ է. Եվրոպան և արաբական երկրները կհրաժարվե՞ն իսրայելական զենքից

Իսրայելը մշակում է առաջադեմ հարձակողական զենքեր և կիսվում դրանցով Միացյալ Նահանգների հետ, հայտարարեց վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Իսրայելը մշակում է մոլորակի ամենաառաջադեմ հարձակողական զենքերը, որոնք անգերազանցելի են որևէ գերտերության կողմից, և այն կիսվում է դրանցով Միացյալ Նահանգների հետ», – հայտարարեց նա։

Իսրայելի վարչապետը նաև նշեց, որ իր երկիրը աջակցում է Միացյալ Նահանգներին ոչ միայն հարձակողական, այլև պաշտպանական տեխնոլոգիաներով, ինչպես նաև հետախուզական տվյալներով։

2024 թվականի վերջին Իսրայելի զենքի և ռազմական տեխնիկայի արտահանումը հասել է պատմական առավելագույնի՝ 14.7 միլիարդ դոլարի, գրում է The Defense Post-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարարությանը։ «Պահանջարկը պայմանավորված է Գազայի պատերազմում օպերատիվ նվաճումներով», – նշեց Իսրայելի պաշտպանության նախարարությունը։

2024 թվականին Միացյալ Նահանգները առաջատարն էր զենքի արտահանման մեջ (42.329 միլիարդ դոլար), որին հաջորդում էին Ռուսաստանը (13.75 միլիարդ դոլար) և Ֆրանսիան (7.698 միլիարդ դոլար)։ Փաստորեն, Իսրայելը տեղափոխվեց երկրորդ տեղ, դուրս մղելով Ռուսաստանին։

Եվրոպական երկրները, արաբական միապետությունները և այնպիսի երկրներ, ինչպիսին է Ադրբեջանը, ներկայումս Իսրայելից գնում են առաջադեմ զենք։ Վերջերս անօդաչուների հարձակումներից հետո եվրոպական երկրները հերթ  են կանգնում Իսրայելի մոոտ, որն ունի անօդաչուների դեմ պայքարի տեխնոլոգիաներ։

Միևնույն ժամանակ, Գազայում պատերազմը շատ երկրների ստիպում է ձևացնել, թե հրաժարվում են Իսրայելից զենք գնելուց։

Իսպանիան, Սլովենիայից հետո, հայտարարեց Իսրայելի հետ զենքի առևտրի լիակատար արգելքի մասին, սակայն խոսքերից գործի անցնելը աննկատ չի մնացել բանակի և իրավապահ մարմինների կողմից, որոնք, ի թիվս այլ բաների, Իսրայելից ստացել են որակյալ զինամթերք, հրթիռային կայանքներ և տվյալների փոխանցման համակարգեր։

Իսպանիան ուժեղացրել է իր հռետորաբանությունը Իսրայելի դեմ՝ Գազայի հատվածում տեղի ունեցող մարտական ​​գործողությունների վերաբերյալ, որոնք այն համարում է ցեղասպանություն։ Մադրիդը խոստացել է ավելացնել համաեվրոպական զենքի արգելք։ Առայժմ որոշ երկրներ (բացառությամբ Սլովենիայի – խմբ.) համաձայնվել են Իսրայելի հետ առևտրային հարաբերությունների մասնակի սահմանափակումների։

2024 թվականին Իսրայելը արտահանել է 14 միլիարդ դոլարի զենք, որի մոտ կեսը բաժին է հասել եվրոպական երկրներին։ Այս երկրները գնում են զենիթային հրթիռներ, հակատանկային հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր, փոքր և թեթև զենքի համար նախատեսված զինամթերք, էլեկտրոնային համակարգեր և այլն։ Euronews-ի տվյալներով՝ տեսականին բավականին բազմազան է. հաճախորդների թվում են Ռումինիան, Գերմանիան, Դանիան և Էստոնիան։

Forbes-ի տվյալներով՝ Գերմանիան շարունակում է զենք գնել Իսրայելից։ Ուկրաինան ևս հաստատել է, որ Իսրայելը նրան տրամադրել է ամերիկյան MIM-104 Patriot PAC-2 համակարգեր, որոնք անցյալ տարի դուրս է բերվել շահագործումից։ «Իսրայելական համակարգը գործում է Ուկրաինայում արդեն մեկ ամիս։ Աշնանը մենք կստանանք ևս երկու Patriot համակարգ. սա է այն ամենը, ինչ կարող եմ ասել», – սեպտեմբերի 27-ին լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Իսրայելի՝ Միացյալ Արաբական Էմիրությունների, Բահրեյնի և Մարոկկոյի հետ կնքված համաձայնագրերը 2023 թվականի 3%-ից աճել են մինչև 12%։

Սակայն, այս տարի իսրայելական պաշտպանական ընկերությունները զրկվեցին Դուբայի առաջիկա ավիաշոուին մասնակցելուց՝ «տեխնիկական վերանայումից» հետո, հաղորդում է AFP-ն։

ԱՄԷ-ն զգուշացրել է Իսրայելին, որ Արևմտյան ափի ցանկացած անեքսիա կլինի կարմիր գիծ Աբու Դաբիի համար, որը լրջորեն կխաթարի Աբրահամի համաձայնագրերի ոգին, որոնք կարգավորել են երկու երկրների միջև հարաբերությունները: Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում ստորագրված Աբրահամի համաձայնագրերը թույլ տվեցին ԱՄԷ-ին, Բահրեյնին և Մարոկկոյին կարգավորել դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ՝ ԱՄՆ միջնորդությամբ։

«Իսկզբանե մենք համաձայնագրերը դիտարկում էինք որպես պաղեստինյան ժողովրդին և նրանց անկախ պետություն ունենալու օրինական ձգտումներին մեր շարունակական աջակցությունն ապահովելու միջոց», – Reuters-ին ասել է ԱՄԷ քաղաքական հարցերով նախարարի օգնական և արտաքին գործերի նախարարի դեսպան Լանա Նուսեյբեհը: «Սա մեր դիրքորոշումն էր 2020 թվականին, և այն մնում է մեր դիրքորոշումն այսօր»։

«Պատերազմը, որ չի ավարտվել Սվետլանայի համար»

«Հասկանում էի, որ պատերազմ անպայման լինելու է։ Եթե չես պատրաստվում պատերազմին՝ պարտվելու ես, այն էլ շատ վատ ձևով», — ասում է Սվետլանա Մովսիսյանը՝ աղջիկ, ով 2020 թվականի պատերազմից հետո մնաց առանց հայրենի գյուղի։ Սակայն նույնիսկ ամենածանր օրերին նա չհեռացավ իր պարտականությունից․ բլոկադայի ընթացքում էլ հասկանում էր, որ միակ ճանապարհը գործելն է։

Պատերազմի առաջին օրն Սվետլանան տանն էր՝ փոքր եղբոր հետ։ Մայրը աշխատանքի էր։ «Եթե մայրս մի քիչ էլ ուշանար, ստիպված էի եղբորս թողնել, որովհետև գիտեի՝ հիվանդանոցում իմ օգնության կարիքը կա», – հիշում է նա։

Այդ ժամանակ Սվետլանան ընդամենը 18 տարեկան էր, առաջին բուժօգնության մասնագետ։ Մայրը վաղուց էր հասկացել՝ աղջկան կանգնեցնելն անիմաստ է․ նրանք նույնիսկ միասին սավաններից վիրակապեր էին պատրաստում։

«Լավ գիտեի, որ իմ գիտելիքները նախևառաջ մարտադաշտում են պետք գալու», – ասում է նա։

Երբ իրենց մասով հստակ անելիք չկար բունկերներում, Սվետլանան ու իր գործընկերները զինվորներից հեռախոսահամարներ էին վերցնում, որ ծնողներին ասեն՝ իրենց որդին ողջ է։ «Մի տղա կար, դեմքը ծանոթ էր։ Մի օր ընկերներիցս մեկը գրում է, որ եղբայրը կորել է, խնդրում եմ՝ նկար ուղարկի։ Պարզվեց՝ հենց նա էր։»

Նա պատմում է, թե ինչպես բանակի կազմալուծման օրերին ամենացավոտը հենց այդ տեսարանն էր՝ երբ զինվորները վառում էին իրենց համազգեստները։

«Ես չհանեցի։ Դա իմ արժանապատվությունն էր, միակ բանն էր, որ մնացել էր, նույնիսկ կողքիս կանգնածներին ուժ էր տալիս։»

Սվետլանան դեռ չի մոռացել 2023-ի սեպտեմբերի օրերը։

«Երբ 24-ին դուրս եկա, աշխարհը փլվեց ինձ վրա։ Ասացին՝ պիտի դուրս գանք Արցախից։ Ինձնից մեծերը հարցնում էին՝ ի՞նչ ենք անում։ Պատասխան չունեի։ Դա անզորության մի ահավոր պահ էր։»

Հաջորդ օրը՝ 25-ին, նա ականատես եղավ բենզինի պայթյունից այրվածների հոսքին։ «Նայեցի ու մտածեցի՝ խոշտանգված են։ Հետո ինձ ահավոր մեղավոր զգացի։ Մեղավոր՝ որ իրենք այս վիճակում են, իսկ ես՝ ողջ։»

Օրեր շարունակ հիվանդանոցում էր։ Մի անգամ բարձրացավ երրորդ հարկ՝ հեռախոսը լիցքավորելու, նստեց աստիճաններին ու քնեց հենց տեղում։

Պատմում է իր տեսած դժոխքից ու զարմանում ես, թե ինչպես 18 տարեկան աղջիկը կարողացավ տեսնել, տանել եւ օգնել դժվարին այդ պայմաններում։

Ծանր պահերը շատ էին։ «Ամենադժվարը, սակայն, առաջին մահն էր։ Տասնհինգ տարեկան երեխա էր։ Երբ սպիտակ սավանով ծածկած բերեցին, գրկեցի մարմինը, դրեցինք մեքենայի մեջ, տեսա հարազատներին… Այդ պահին հասկացա՝ մեռնելուց էլ ցավոտ բան կա՝ հարազատիդ մահը տեսնելը։»

Հիշում է նաև մի մարդու, ով խնդրեց թելադրի, ես էլ հավաքեմ իր հաղորդագրությունը․ տեքստը ռուսերեն էր, ամեն բառի հետ մտածում էի ու՞մ է գրում։ «Թելադրում էր, ու ես մտածում էի՝ գուցե թանկ բան է թաքցրել։ Բայց երբ հասկացա, որ նամակում հարցնում է՝ «վիրավոր դիակները հասցրե՞լ եք դուրս բերել», ինձ աշխարհի ամենավատ մարդը զգացի։ Հետո պարզվեց՝ նա այն առաջին տղայի հայրն էր, որի մահը ես տեսել էի։ Նա նույնիսկ հրաժեշտ չէր կարողացել տալ որդուն»,- վերհիշում է նա։

Տեղահանման ճանապարհից շատ խոսել չի ուզում, բայց հասկանում է, որ դա նվաստացման ու ցավի ճանապարհ էր։ Նոր կյանքը, միջավայրը, մարդիկ անհասկանալի էին, ինչ-որ կարեւոր բան բացակայում էր։

Իր գործընկերների թիմը հաստատվել էր Տաշիր քաղաքում, իսկ , ինչպես ինքն է ասում՝ «սիրտը լեռներ էր կանչում», դրա համար Սվետլանան հաստատվել է Սյունիքում՝ Գորիսում, որտեղ ինչպես ինքն է ասում՝ «քամիները Արցախից են փչում»։

Ամեն օր աշատանքի գնալիս հայացքով Արցախն է փնտրում։

Առաջին շրջանում, հետպատերազմական օրերին ու տեղահանությունից անց անընդհատ պատերազմի մեջ էր՝ մտքում, երազում, ենթագիտակցորեն։

«Կարծես մի քանի տարվա հակադեպրեսանտ էի խմել․ ոչինչ չէի զգում։ Երկար ժամանակ նույնիսկ ֆիլմերում էի տեսնում կռիվներ, երազներումս էլ էի կռվում։ Ամեն ինչ փոխվեց, երբ եկա Կապան։ Սա իմ փրկությունն էր։ Սառը օդը կարծես գիտակցության էր բերում։»

Ամեն առավոտ, երբ անցնում է Ադրբեջանի դրոշի մոտով, իրեն հիշեցնում է՝ սա վերջը չէ․ «Դա պարտավորեցնում է, որ ևս մեկ քայլ անեմ դեպի Արցախ։»

«Իմ համար հայրենասեր մարդն այն չէ, ով միայն խոսքերով է սիրում հայրենիքը։ Հայրենասերը նա է, ով հայրենատեր է», – ասում է Սվետլանան։

Նա երազում է ունենալ յոթ տղա։ «Իմ որդիների պայքարը պիտի Արցախի համար լինի։ Ես հավատում եմ՝ մի օր նորից կզգամ ոչ թե Սյունիքից, այլ իմ տնից՝ Արցախից կզգամ մեր քամիները»։

Մարիամ Սարգսյան

Հոկտեմբերի 8-ին՝ տանկիստի օրը, զոհվեց տանկիստ Արմենը

2020-ի 44-օրյա պատերազմի դաժան օրերն էին։ Ասկերանում քիչ մարդ էր մնացել՝ ծերերը, երեխաներն ու կանայք տարհանվել էին ու տեղափոխվել Հայաստան։ Ասկերանում մնացած բնակչությունը պատսպարվում էր ապաստարաններում։ Քաղաքի շրջակայքն անընդհատ ռմբակոծվում էր, արկերն ընկնում էին ծայրամասերը, երբեմն էլ՝ կենտրոնական տարածքները։ Հոկտեմբերի սկիզբն էր։ Խոսակցություններ էին պտտվում, որ շուտով կավարտվի պատերազմը, ժողովուրդն էլ հավատում էր։ Ամենուր՝ <<Հաղթելու ենք>> կարգախոսն էր: Թշնամու հրետանին չէր դադարում հրետակոծել, ձայներն այնքան մոտ էին լսվում, որ թվում էր՝ ուր որ է արկերը գլխիդ են թափվելու: Ամեն մի զարկի հետ հասկանում ես, որ մարդկային կայնքեր են կործանվում և աղաչում ես Աստծուն, որ շուտ վերջանա արհավիրքը։ 

 Հանկարծ բոթը հասավ Ասկերան․ Արմենն է զոհվել՝ Ասկերանի նշանավոր տանկիստը: Մեզանից ոչ ոք չէր կարողանում հավատալ․ յուրաքանչյուրս մտածում էինք, գուցե սխալմունք է, գուցե վիրավորվել ու ողջ է դեռ:

Անտեսելով վտանգը՝ Ասկերանում գտնվող մարդիկ գնացին վերջին հրաժեշտը տալու հերոսին: Բակը մարդաշատ էր. գլխիկոր կանգնած էին Արմենի հարազատները, մարտական ընկերները:

Աղաջանյանները կորցրել էին մեծ գերդաստանի հպարտություն դարձած զավակին: Նրանք գիտեին, որ իրենց որդին Հայրենիքի անմնացորդ նվիրյալն էր․ հայրենասիրությունը դեռևս մանկուց էր սերմանված նրա մեջ: Արմենը շատ էր հպարտանում Արցախյան առաջին պատերազմում հերոսի մահով ընած Շահրաման հորեղբորով և իր եղբայրներին ու 3 որդիներին պատգամում էր նրա արժանի հետնորդները լինել:

 

Երբ Շահնազար և Մանյա Աղաջանյանների ընտանիքում ծնվեց առաջնեկ որդին՝ Արմենը, նրանց օջախը լուսավորվեց, ցնծություն ապրեց: Հետո ծնվեցին մյուս զավակները: Ի՞նչ իմանար մայրը, որ տարիներ հետո պիտի ողբար որդու մահը, որ երեք տարի հետո կարոտ կմնա որդու գերեզմանին ու մայր հողին, որի համար զոհվել է զավակը:

Արմենը հոգատար հայր էր, օրինակելի ամուսին, սիրասուն զավակ ու եղբայր։ Ծառայության հետ մեկտեղ նա ակտիվ մասնակցում էր Ասկերանի և Իվանյանի համայնքային կյանքին։ Բնակվում էր Իվանյանում, սակայն սիրտն ու հոգին իր ծննդավայր Ասկերանում էին: Պարկեշտ, ազնիվ ու հայրենասեր՝ ահա այդպես են ճանաչում նրան բոլորը:

Արմեն Շահնազարի Աղաջանյանը ծնվել է 1977 թվականի մայիսի 13-ին: Ավարտելով Ասկերանի էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը՝ զինվորական պարտքն է կատարել ԼՂՀ ՊԲ-ի շարքերում, ապա անմնացորդ նվիրվել  Հայրենիքի ծառայությանը:

2010 թվականի հունիսից ԼՂՀ ՊԲ  Ն զորամասի 2 տգմ 5տվ հրամանատարն էր: 2013 թվականին ավարտել է ՀՀ ՊՆ ՎՍ սպայական դասընթացները և հուլիսից զբաղեցրել 3 տգմ ՀՆՏԱԳ տեղակալի պաշտոնը: 2018 թվականի սեպտեմբերից պատվով զբաղեցրել է 3 տգմ ՀՍԳ տեղակալի պաշտոնը:

Ծառայության ողջ ընթացքում նա արժանացել է բազմաթիվ խրախուսանքների, պետական և գերատեսչական մի շարք մեդալների ու պատվոգրերի: Մասնագիտական գիտելիքներին լավ էր տիրապետում և կարողանում էր դրանք լիարժեք կիրառել առօրյա ծառայության ընթացքում: Ճիշտ և ժամանակին կատարում էր վերադաս հրամանատարության հրամանները և մշտապես աշխատում իր մասնագիտական գիտելիքների բարձրացման ուղղությամբ:

Արմեն Աղաջանյանը մասնակցել է 2016 թվականի քառօրյա պատերազմին՝ որպես գումարտակի ՀՆՏԱԳ տեղակալ:

2020 թվականի ռազմագործողություններին Արմենը՝ որպես երրորդ տանկային գումարտակի սպառազինության գծով տեղակալ, գումարտակի հետ մարտնչել է տարբեր բնակավայրերում՝ մասնավորապես լինելով Ջրականի և Վարանդայի մարտերում։ Հոկտեմբերի 8-ին տանկիստ Արմեն Աղաջանյանը Վարանդայի հատվածում էր։ Թշնամին օդային հարված է հասցնում տանկիստների ուղղությամբ։ Արմենը ստանում է բազմաբեկորային ծանր վիրավորում և շտապ օգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին կտրվում է նրա կյանքի թելը։ Իսկ այդ օրը տանկիստի մասնագիտական օրն էր…

Արմեն Աղաջանյանը հուղարկավորվել է հոկտեմբերի 9-ին, հարազատ Ասկերանի (Ղլիժբաղի) գերեզմանատանը։ Նա ընկավ քաջի մահով՝ իր կատարած սխրանքների մասին թողնելով լեգենդներ, որոնք կհիշվեն տարիներ շարունակ, որոնցով կհպարտանան սերունդները:

Արմենի ընտանիքը, ծնողներն ու հարազատները բնակություն են հաստատել Երևան քաղաքում։ Այսօր նրանք ծաղիկներ կխոնարհեն Եռաբլուրում կառուցված <<Արցախի կանչ>> հուշահամալիրում։

Փառք ու պատիվ քեզ, Արմեն։ Քո հիշատակը միշտ վառ կմնա  ապրողներիս սրտերում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Էրդողանը պահանջել է արագացնել ընդհանուր թյուրքական այբուբենի ստեղծումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել է արագացնել ընդհանուր թյուրքական այբուբենի ստեղծումը։

«Մենք պետք է արագացնենք ընդհանուր թյուրքական այբուբենի ձևավորման գործընթացը», – ասել է նա Թուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում, որը տեղի է ունենում Ադրբեջանում։

Նա նշել է, որ ընդհանուր թյուրքական այբուբենով արդեն հրատարակվել են Չինգիզ Այթմատովի ստեղծագործությունները, ինչպես նաև «Օղուզնամեն» և այսօր յուրաքանչյուր ղեկավարի կհանձնվի այդ հրատարակություններից մեկական օրինակ. «Առաջարկում եմ դեկտեմբերի 15-ը սահմանել որպես Ընդհանուր թյուրքական լեզվի օր»։

Հռոմի պապը նոյեմբերին կայցելի փյունիկյան և հայկական քաղաքակրթությունների ծննդավայր

Վատիկանը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը նոյեմբերի վերջին կայցելի Թուրքիա և Լիբանան, հաղորդում է Reuters-ը։

Սա կլինի 1,4 միլիարդ անդամ ունեցող կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդի առաջին այցը, որը կատարվելու է Իտալիայի սահմաններից դուրս:

ԱՄՆ-ից առաջին Հռոմի պապը՝ Լևոնը Թուրքիա կայցելի նոյեմբերի 27-ից 30-ը, իսկ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը կմեկնի Լիբանան։

Ինչպես սպասվում է, այցի ընթացքում նա ելույթ կունենա Մերձավոր Արևելքում քրիստոնյաների աղետալի վիճակի մասին և խաղաղության կոչեր կանի ողջ տարածաշրջանում:

Լիբանանը համարվում է փյունիկյան քաղաքակրթության ծննդավայրը, իսկ Փոքր Ասիան և Միջագետքը՝ հայկական քաղաքակրթության ծննդավայրը։