Փաշինյանը խոստովանեց․ 2021-ին ՔՊ-ն ընտրությունները դաշնակցական ծրագրով է հաղթել

Վերջին մի քանի օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանն իրեն հատուկ ոճով իրար հակասող մի քանի հայտարարություններ է արել, փորձելով դուրս գալ վերջին 4 տարվա քաղաքական հիմնական հարցի տակից։ Իսկ հիմնական հարցն է՝ արդյո՞ք ընտրությունները հստակ ծրագրով հաղթած և մանդատ ստացած ուժը պարտավոր է իրականացնել նախընտրական ծրագիրը։ Եւ արդյո՞ք չկատարելու դեպքում չպետք է հրաժարական տա և նոր ծրագիր առաջարկի։

Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում փորձել էր համոզել, որ «2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի ժողովուրդը ձևավորել է իր սեփական ընտրական ուղերձը և այն վստահել իշխող մեծամասնությանը, որտեղ խաղաղությունը ժողովրդի ընտրական ծրագրի կենտրոնական կետն է եղել»։

Սակայն դրանից մի քանի օր առաջ նա հակառակն էր պնդում․ «ՔՊ-ում 2021-ին դաշնակցական նախընտրական ծրագիրը գրել ենք, մտել ենք նախընտրական քարոզարշավի մեջ»։ Հիշեցնենք, որ «դաշնակցականի» տակ նա նկատի ունի, օրինակ, Շուշիի և Հադրութի դեօկուպացիան, Արցախի ինքնորոշման ապահովումը և այլ «մանր» բաներ, առանց որի ժողովուրդը խաղաղություն չի պատկերացրել և ինչի համար մանդատ է տվել։

Փաշինյանն ասում է, որ «հընթացս ժողովուրդը այդ տրամաբանությունը փոխել է։ Մեր մոտ չկա ինստիտուտ ընտրություններից հետո նախընտրական ծրագիրը փոխել, բայց նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում տեղի է ունեցել մի բան, ամբողջ քաղաքական նարատիվի և ընկալման ռազմավարության փոփոխություն է տեղի ունեցել, ինչը արտահայտված է կառավարության ծրագրում։ Այնտեղ գրված է, որ ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունը խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է»,– հայտարարեց Փաշինյանը։

Նախ, 2021թ․ Կառավարության ծրագրում հստակ նշվում է․ “Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և
համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման
իրավունքի հիման վրա”:

Երկրորդ՝ ծրագիրը փոխելու միայն մեկ ինստիտուտ կա՝ հրաժարական, նոր ընտրություններ և նոր ծրագիր։ Սակայն Փաշինյանը ձևացնում է, որ չի տեսնում փղին բաց դաշտում։ Նա ուզում է իր ամբողջ մեղքը բարդի ժողովրդի վրա, որը ընտրել է նրան մեկ ծրագրով, բայց հիմա պարզել է, որ ծրագիրը հնթացս փոխվել է։

Նիկոլ Փաշինյանի ցանկացած նման պնդում «ընբռնումով» է ընդունվում նրա զոմբի-երկրպագուների կողմից։ Եւ այդ առումով դժվար թե նա վերընտրվելուց մեծ խնդիր ունենա հայ հասարակության հետ։

Բայց նա կարող է լուրջ խնդիրներ ունենա արտաքին «գործընկերների» հետ, քանի որ արդեն կատարել է իր ֆունկցիան, մի բան էլ ավել։ Նա արդեն հայտարարել է Երրորդ հանրապետության փաստացի լուծարելու մասին։ Եւ երբ «գործընկերները» մի պահ հստակ կարձանագրեն, որ Հայաստանն այլևս չկա, կպարզվի, որ նախընտրական ծրագիր իմաստ էլ չունի։

Իքը արդեն այն վիճակում է հայտնվել, որ չի կարող պարտվել, որովհետև դա չգիտես ինչ հետևանք կունենա իր համար, ասել է Հովիկ Աղազարյանը։

«Ինքը մի շարք օրենքներ է խախտել, դրա համար պետք է պատասխան տալ։ Ես կարծում եմ, որ կարող է այնպիսի իշխանություն լինի, որ Փաշինյանը կանգնի դատարանի առջեւ։ Այո, այդ հավանականությունը կա, որ Փաշինյանը ընտրության առջեւ է, կամ հաղթում է, կամ կանգնելու է դատարանի առջեւ։ Դրա համար ինքը թիմին փչացնում է այդ իմաստով, որ բոլորին սարքում է այնպես, որ յուրաքանչյուրը պայքարի հաղթանակի համար ամեն գնով, անգամ իրենից էլ շատ», ասել է նա։

Իրական փոփոխությունները լինելու են բացառապես համախմբված ու միասնական պայքարի շնորհիվ

Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր առավել քան երբևէ կարևոր է մեր համախմբվածությունը։ Առանց միասնական ու համառ պայքարի՝ մենք չենք կարող հասնել մեր խնդիրների լուծմանը։
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության հետ ԱԻՊ խորհրդի մասնագիտական աշխատանքային խմբերի բանակցությունների ընթացքում բոլոր բարելավումները ձեռք են բերվել բացառապես հանրային ճնշման շնորհիվ։ Միայն միասնական պայքարի արդյունքում մենք կարողացանք ապահովել՝
▪️ևս երկու ամիս 50.000 դրամ աջակցության շարունակությունը,
▪️ավելի քան 150 բնակավայրերում տան գնման գումարի ավելացումը՝ 3 միլիոնից 4 միլիոնի,
▪️բազմաթիվ սահմանափակումների հանումը բնակարանային ապահովման ծրագրից և այլն։
Սակայն ի՞նչ եղավ հետո։ Երբ կառավարությունը համոզվեց, որ հանրային ճնշումը թուլացել է, խոստումները դադարեցին կատարվել։ Նրանք մեզ խաբեցին՝ տալով խոստումներ, որոնք այդպես էլ չիրականացրին։
Կառավարության որոշում կայացնողները շատ լավ տեղյակ են մեր բոլոր խնդիրներից։ Խնդիրը անտեղյակությունը չէ, այլ կամքի բացակայությունն ու խաբեությունը։ Նրանք անգամ ընդունել են, որ բնակարանային ապահովման ծրագրում լուրջ բացեր կան, որ զբաղվածության ծրագիրը անարդյունավետ է և պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։ Բայց այդ ամենը մնացել է միայն քննարկումների մակարդակում, և մինչ օրս որևէ իրական քայլ չի արվել նշված ծրագրերի էական ու համակողմանի բարելավման ուղղությամբ։
Կառավարության խոստումների մեծ մասը՝ թե՛ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ պայմանավորվածությունները, թե՛ մեր աշխատանքային խմբերի և ԱՍՀ նախարարի տեղակալների միջև արձանագրությամբ ամրագրված կետերը, մնացել են անկատար հենց այն ժամանակ, երբ հանրային ճնշումը թուլացել է։
Կոչ ենք անում լրատվամիջոցներին հարց ուղղել ՀՀ կառավարությանը և հատկապես փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, թե ինչու մինչ այսօր չեն կատարվել Խորհրդի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Սիրելի՛ հայրենակիցներ,
շնորհակալություն ենք հայտնում այն հարյուրավոր մարդկանց, ովքեր արդեն միացել են մեր շարժմանը։ Ձեր աջակցությունը մեր ամենամեծ ուժն է։
Պետք է հստակ գիտակցենք․ մեր խնդիրները չեն լուծվելու միայն բաց նամակներով կամ քննարկումներով։ Իրական փոփոխությունները լինելու են բացառապես համախմբված ու միասնական պայքարի շնորհիվ։ Միայն այդպես կարող ենք ստիպել իշխանություններին հաշվի նստել մեզ հետ։
👉Միացե՛ք մեր շարժմանը, լրացրե՛ք այս հարցաթերթիկը։ Միասին պիտի պաշտպանենք մեր իրավունքները։
Եթե ՉՄԻԱՎՈՐՎԵՆՔ ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ ԱՐԴԵՆ ԿԱՐՈՂ Է ՈւՇ ԼԻՆԵԼ

ՄԻԵԴ-ը Բաքվից պահանջում է հաշվետվություն հայ գերիների մասին մինչև նոյեմբերի 3-ը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջում է Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման և առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել՝ վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը:

Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դեռևս հուլիսին ադրբեջանական կողմը դատարանին միջնորդել էր վերացնել հաշվետվություն ներկայացնելու իր պարտականությունը: Սակայն, Հայաստանի կառավարության և եվրոպական դատարանում գերիների ներկայցուցիչների առարկություններից հետո դատարանն ի վերջո մերժել է Ադրբեջանի միջնորդությունը և պարտավորեցրել Բաքվին հայ գերիների մասին տեղեկություն ներկայացնել:

Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները շուրջ 3 ամիս է՝ հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ, որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել: Նրանց պահման, առողջական ու հոգեբանական վիճակի մասին տեղեկություն չկա:

Հունվարի 1-ից կենսաթոշակների և նպաստների քեշբեքի չափը կավելանա մինչև 20 տոկոս

2026 թվականի հունվարի 1-ից թոշակառուների և նպաստառուների համար նախատեսված քեշբեքի չափը կբարձրանա՝ ներկայիս 12%-ի փոխարեն դառնալով 20%։ Սա հնարավորություն կտա թոշակների և նպաստների չափը բարձրացնել միջինը 3000-5000 դրամով։ Այս մասին հոկտեմբերի 1-ին, կառավարության ժամի ընթացքում, հայտարարել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Նա հայտնել է, որ միջինում 12% քեշբեք ունենալու դեպքում աճը կազմում է մոտավորապես 4000 դրամ։

Պաշտոնյան պարզաբանել է, որ փոփոխությունները թույլ կտան բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները՝ անկանխիկ գնումներ կատարելիս։

Այս առումով Թորոսյանը կոչ է արել ավելի ակտիվ անկանխիկ գնումներ կատարել։

Չկա չեզոք միջազգային կազմակերպություն, որը Բաքվում կայցելեր հայերին

Ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատում է 23 հայերի՝ Ադրբեջանում անազատության մեջ գտնվելու հանգամանքը։ Այս մասին այսօր հայ գերիների թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Նա նշեց, որ սա ամենեւին չի նշանակում, որ ի սկզբանե գերեվարվել են եւ Ադրբեջանում պահվում են բացառապես 23 հայեր։

«Ցավոք, եղել են այնպիսի զարգացումներ, որոնք բացահայտում են պատերազմական հանցագործություն, մասնավորապես, գերիների սպանություններ։ Կան ապացույցներ մի կողմից Ադրբեջանում գերի լինելու վերաբերյալ, մյուս կողմից, սպանվածի մարմինը արդեն իսկ գտնվում է ՀՀ տիրապետության ներքո։ Երկրորդը, որ գերիներն ուղղակի բռնի անհետացել են, այսինքն՝ գերեվարմանը հաջորդող ժամանակահատվածում տեղի են ունեցել որոշակի զարգացումներ ,որոնցով պայմանավոված մենք կորցրել ենք տեղեկատվությունն այս անձանց վերաբերյալ։

Եվ ադրբեջանական կողմը ժխտողական մոտեցում ունի, հերքում է իր կապը բռնի անհետացած գերիների հետ ու հրաժարվում է տրամադրել տեղեկատվություն։ Ցավոք սրտի, նման անորոշության պայմաններում նաեւ չկա որեւէ անկախ կազմակերպություն, որը որոնողական գործողությունների արդյունքում կկարողանար հայտնաբերել փնտրվող բռնի անհետացած գերիներին, կստուգեր նրանց ողջ լինելը եւ մեզ տեղեկություններ կտար նրանց ողջ լինելու վերաբերյալ։ Դրա համար, այո, մենք ունենք 23 գերիներ, որոնք գտնվում են Ադրեջանում եւ ունենք մի քանի տասնյակ բռնի անհետացած գերիներ։ Բազմիցս խոսվել է 80 անձի մասին, դա իրավապաշտպանների փաստահավաք գործունեության ընթացքում հաստատված դեպքերն են, բայց փաստացի այդ թվերը կարող են շատ ավելին լինել»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Նա ասաց, որ 23 գերիների թվում 8 անձ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։ Իրավապաշտպանի խոսքով՝ ԿԽՄԿ-ն իր վերջին տեսակցությունը հայ գերիների հետ կարողացել է կազմակերպել այս տարվա հունիս ամսին, դրանից հետո մուտքն արգելափակված է, ԿԽՄԿ գործունեությունն Ադրբեջանում ամբողջովին դադարեցված է։ Եվ այս պահին չկա որեւէ չեզոք միջազգային կազմակերպությունը, որ կկարողանա այցելել հայերին եւ անմիջական դիտարկումների միջոցով պարզել նրանց իրական դրությունը։

«Մենք այս պահին ունենք տեղեկատվություն, որ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն այցելել է Ադրբեջան, եւ չենք բացառում, որ մեկանգամյա տեսակցություններ ունեցած կլինեն որոշ հայերի հետ։ Այս պահին ձեռնպահ կմնամ մանրամասներ ներկայացնելուց, բայց ապագայում մենք հայտարարությամբ հանդես կգանք այս հարցի առնչությամբ»,- հավելեց նա։

Եթե արցախցիները դիմեն ՄԻԵԴ, ասեն՝ մենք պահանջում ենք ապահովել մեր գույքը տնօրինելու իրավունքը, եւ ՄԻԵԴ-ը որոշում կայացնի, Փաշինյանն ի՞նչ է անելու

«Փաշինյանը չէ, որ պետք է որոշի արցախցիների իրավունքները։ Արցախցիներն իրենց իրավունքները չեն արտապատվիրակել Նիկոլ Փաշինյանին։ Եթե արցախցիները դիմեն ՄԻԵԴ, ասեն՝ մենք պահանջում ենք ապահովել մեր վերադարձի իրավունքը, մեր գույքը տնօրինելու իրավունքը, եւ ՄԻԵԴ-ը որոշում կայացնի, Փաշինյանն ի՞նչ է անելու՝ բանտարկելու է, որ մարդիկ չվերադառնա՞ն կամ բանտարկելու է, որ մարդիկ իրենց հարցերը չբարձրացնե՞ն միջազգային ատյաններում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց՝ ինչքան Փաշինյանը զիջումների է գնում,  ադրբեջանցիներն ավելի ագրեսիվ են դառնում։ «Ինքը հրաժարվում է խոսել արցախցիների վերադարձի իրավունքի հարցից, էլ չենք խոսում քաղաքական իրավունքների մասին, բայց մենք չենք տեսնում, որ ադրբեջանցիներն ասեն՝ դե լավ, այդ դեպքում մենք էլ այսպես կոչված «արեւմտյան արդբեջանցիների» այսպես կոչված վերադարձի հարցը չենք բարձրացնելու։ Ադրբեջանցիները պահանջել են ու շարունակում են պահանջել, եւ ես չեմ զարմանա, որ ինչ-որ մի օր դա դառնա հերթական ֆորմալ պահանջը, ճիշտ այնպես, ինչպես ֆորմալ պահանջ է դառնում Սահմանադրության փոփոխությունը»,- ասաց նա։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ արցախցիները պետք է Հայաստանում տնավորվեն, ի՞նչ է անում, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունից մազապուրծ արցախցիները Հայաստանում կարողանան բարեկեցիկ եւ արժանապատիվ կյանքով ապրեն։ «Արցախցիները դժգոհում են սոցիալական իրավիճակից,  դժգոհում են իրենց իրավունքների խախտումների վերաբերյալ, բայց իշխանությունը որեւէ բան չի անում, որովհետեւ ակնհայտ է, որ Փաշինյանը մի քաղաքականություն է իրականացնում՝ թույլ չտալ, որպեսզի արցախցիները կոմպակտ ապրեն Հայաստանում եւ իրենց իրավունքները պաշտպանեն։ Եվ դրա համար որեւէ քաղաքական իրավունքների հետամուտ չի լինում, սոցիալական խնդիրներն էլ չի լուծում»,- ասաց Խաչատրյանը։

Եթե միջազգային դատական գործընթացները հանում ես, մնալու են Բաքվի դատավարությունները․ Եղիշե Կիրակոսյան

«Չեմ կարծում, որ ճիշտ է Բաքվում ընթացող գործընթացները դատավարություն համարել, որովհետեւ այստեղ լուրջ թակարդ կա, դա վտանգավոր է նաեւ մեր մտայնության համար։ Մենք պետք է միշտ հասկանանք, թե ինչ է կատարվոմ իրականում։ Ցավոք սրտի, Ադրբեջանի համար շատ ցանկալի իրավիճակ է, եւ այդ դատավարությունները հստակ նպատակ ու սցենար ունեն»,- այս մասին այսօր հայ գերիների թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավական հարցերով նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նա նշեց, որ միջազգային դատական գործընթացները շատ կարեւոր են։ «Ինչի՞ համար են կարեւոր միջազգային դատարանները, սրա մասին շատ թերահավատորեն ենք խոսում, 2020 թվականից ի վեր ես անընդհատ տարբեր առիթներով առերեսվում եմ մի հարցի հետ, թե առհասարակ իմաստ ունե՞ն միջազգային դատական գործընթացները, միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշումները, եթե Ադրբեջանն առհասարակ որոշում է չկատարել դրանք։ Միջազգային դատական գործընթացներն առանցքային են այստեղ, որովհետեւ եթե դու միջազգային դատական գործընթացները հանում ես այս ամբողջ պատկերի միջից, մնալու են Բաքվի դատավարությունները։ Ակնհայտ է, որ Բաքվի դատավարությունները շարունակվելու են, ակնհայտ է, որ միակողմանի ճշմարտությունը պարտադրվելու է։ Իսկ այդ միակողմանի ճշմարտության պարտադրումը այնքան էլ լավ հետեւանքներ չի ունենում նաեւ երկարաժամկետ հատվածում։ Ինչի՞ մասին է խաղաղությունը, խաղաղությունը նաեւ ճշմարտության մասին պետք է լինի, որովհետեւ դժվար է սեղմել այդ ամենը՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, պատերազմական հանցագործությունները»,- ասաց նա։

Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ հույս ունի՝ միջազգային դատական գործընթացները կշարունակվեն, որովհետեւ սրանք կարեւոր անվտանգային երաշխիքներ են պարունակում։ Նա հավելեց, որ միջազգային դատարանների կայացրած դատարանների որոշումներին հետամուտ լինելու պրոցեսը պետք է անընդհատ լինի, այսինքն՝ ՀՀ իշխանությունները պետք է հետամուտ լինեն դրանց կատարմանը։ Նրա խոսքով՝ որոշումն իր կյանքն ունի նաեւ դրա կայացումից հետո, դա ազդում է քաղաքական գործընթացների ու որոշումներ կայացնողների վրա։

«Այդ իրավունքների պաշտպանության որոշումները շատ կարեւոր են, մենք ունենք ՄԻԵԴ որոշումներ՝ միջանկյալ միջոց կիրառելու մասին, բացի այդ, ունենք նաեւ Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցներ կիրառելու մի քանի որոշումներ։ Առաջինը՝ 2021 թվականի դեկտեմբերի որոշումը վերաբերում է նաեւ պահվող անձանց իրավունքների պաշտպանությանը։ Այս որոշման կարեւորություն ինչո՞վ է նաւե ընդգծվում, այն հանգամանքով, որ Արդարադատության միջազգային դատարանում քննվող գործը հիմնված է ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի տրամաբանության վրա, որի տրամաբանությունը խտրական վերաբերմունքի բացառումն է, որը հենց առանցքն է այս ամբողջ պատմության։ Այսինքն՝ այն հակահայկական մթնոլորտը, որը կա»,- ասաց նա։

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը՝ Կիրակոսյանն ասաց․ «Իմ անձնական ընկալմամբ՝ խաղաղություն առաջին հերթին նաեւ ենթադրում է հումանիտար հարցերի ուղիղ հասցեագրում։ Իրավական պրոցեսներն ինքնին խաղաղության կարեւոր անկյունաքար են, ավելին, հիմք են, դրա պատկերի կտորներից մեկն են։ Դա է նաեւ երաշխիք տալիս, որպեսզի բարդ եւ խորը պատմական հիմքեր ունեցող կոնֆլիկտի դեպքում փաստական հանգամանքներով կարողանաս ապացուցել։ Այսօրվա աշխարհում նման բարդ ու խորքային կոնֆլիկտների դեպքում նաեւ գնում է նարատիվների կռիվ, այսինքն՝ յուրաքանչյուր կողմ, հատկապես այն կողմերը, որոնք ոչ դեմոկրատական ռեժիմներ են, ավելի ագրեսիվ նարատիվային կռիվներ են տալիս։ Այդ նարատիվային կռիվները նպատակ ունեն իրենց չակերտավոր ճշմարտությունը սարքել գերիշխող, իրենց վրայից մեղադրանքը հեռացնելու նպատակ ունեն»։

Ինչ է հայտնել թուրքական հետախուզությունը Էրդողանին Հայաստանի մասին

Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ։

«Քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. ընդգծվել է տրանսպորտային գծի կարևորությունը, որը կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը և օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին, ինչպես նաև մեր ցանկությունը՝ հաստատել վերջնական խաղաղություն», – հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։

Նախևառաջ, պետք է նշել, որ Նախիջևանը չի նշվում որպես Ադրբեջանի մաս, քանի որ Թուրքիան լավ գիտակցում է, որ Ադրբեջանը շատ քիչ կապ ունի Նախիջևանի հետ։

Այնուամենայնիվ, լավատեսական հայտարարություններին հակառակ, Թուրքիան չի բացում իր սահմանը Հայաստանի հետ, որը փակել էր 1993 թվականին՝ հայկական ուժերի կողմից Քարվաճառի ազատագրումից հետո։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վրդովված է, որ Բաքուն և Անկարան ստացել են այն ամենը, ինչ ուզում էին, և այժմ, իբր, որևէ պատճառ չունեն սահմանները փակ պահելու համար: Սակայն Անկարան անզիջում է. այն ցանկանում է, որ Հայաստանը վերջապես ճանաչի Թուրքիայի ներկայիս սահմանները:

Թուրքիայի հյուսիսային սահմանների բանալին Հայաստանի ձեռքում է, և մինչև Երևանը չճանաչի հայ-թուրքական ներկայիս սահմանը, որը սահմանված է Կարսի անօրինական ռուս-թուրքական պայմանագրով, Թուրքիան տարածքային ամբողջականություն չի ունենա: Էրդողանը մտադիր է ընդունել նոր Սահմանադրություն, որը կամրագրի երկրի ներկայիս սահմանները, և դրա համար նրան անհրաժեշտ է ճանաչել այդ անօրինական սահմանները:

Նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի կողմից նպատակ ունի ճանաչել հենց Թուրքիայի սահմանները, այդ թվում՝ Նախիջևանի նկատմամբ իր իրավունքները: Թուրքիան կասկածում է, որ հայ հասարակությունը կընդունի նման Սահմանադրություն, և կասկածում է Նիկոլ Փաշինյանի հնարավորություններին, ով խոստանում է ամեն ինչ անել դա ապահովելու համար:

Թուրքական հետախուզությունը, որը աշխարհի ամենահզորներից մեկն է, դեռևս չի տվել համաձայնություն Հայաստանի հետ սահմանները բացելու համար՝ առանց Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման:

Սակայն, դատելով Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստից, հետախուզությունը հայտնել է, որ Թուրքիայի նախաձեռնողականության բացակայությունը կարող է ճակատագրական լինել: Հետևաբար, պետք է սպասել Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ նախաձեռնողական, գուցե նույնիսկ էքսպանսիոնիստական ​​քայլերի։

Օրինակ՝ թուրքական ազգային ավիափոխադրողը հայտարարեց դեպի Երևան ուղիղ չվերթներ սկսելու իր մտադրության մասին, իսկ Թուրքիայի սոցիալական հարցերի նախարարը Սերբիայում հանդիպեց իր հայ գործընկերոջ հետ՝ առաջարկելով համագործակցություն։

Պաշտոնական Երևանը կամ չի գիտակցում հայկական գործոնի լրջությունը տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի ճակատագրում, որոնց սահմանները մեծապես կախված են Հայաստանի որոշումներից, կամ դիտավորյալ զիջում է հայկական իրավունքները Թուրքիայի օգտին։

Զելենսկին խորապես անհանգստացած է Զապորոժիեի ատոմակայանի աննախադեպ վիճակով

Սեպտեմբերի 30-ի երեկոյան Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին խորապես մտահոգիչ հայտարարություն արեց Զապորոժիեի ատոմակայանի (ԶԱԷԿ) վերաբերյալ, որը գրավված է ռուսական բանակի կողմից: Նա հայտարարեց, որ օբյեկտը գտնվում է աննախադեպ վիճակում: Նախագահը պաշտոնական ալիքում տեսաուղերձ է հրապարակել։

«Սա Զապորոժիեի ատոմակայանում արտակարգ իրավիճակի յոթերորդ օրն է (և, ի դեպ, նման բան երբեք տեղի չի ունեցել): Իրավիճակը կրիտիկական է: Ռուսական հրետակոծության պատճառով կայանը անջատված է էլեկտրացանցից: Էլեկտրաէներգիան մատակարարվում է միայն դիզելային գեներատորներով», – ընդգծեց պետության ղեկավարը։

«Եվ մենք արդեն տեղեկություններ ունենք, որ գեներատորներից մեկը խափանվել է», – ասաց նա։

Նախագահը նշեց, որ ռուսական հրետակոծությունը խոչընդոտում է էլեկտրահաղորդման գծերի վերանորոգմանը, ինչը անհնար է դարձնում անվտանգության հիմնական պարամետրերի վերականգնումը։

«Սա սպառնալիք է բացարձակապես բոլորի համար։ Աշխարհում ոչ մի ահաբեկիչ երբեք չի համարձակվել ատոմակայանի հետ անել այն, ինչ հիմա անում է Ռուսաստանը։ Եվ ճիշտ է, որ աշխարհը բարձրաձայնի», – ասաց Զելենսկին։

Диалог.UA

Օդեսայում ջրհեղեղի հետևանքով 9 մարդ է զոհվել

Օդեսայում և Օդեսայի մարզում հոկտեմբերի 1-ին կշարունակվեն ծանր եղանակային պայմաններ՝ անձրևներ։ Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը այս մասին հայտարարել է իր Telegram ալիքում։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնել է, որ Օդեսայի մարզում ծանր եղանակային պայմանների հետևանքով ինը մարդ է մահացել։

Սեպտեմբերի 30-ին Օդեսայում յոթ ժամվա ընթացքում տեղացել են գրեթե երկու ամսվա տեղումներ։

Turkish Airlines-ը կանոնավոր թռիչքներ է սկսելու դեպի Երևան

Թուրքիայի խոշորագույն՝ Turkish Airlines ազգային ավիափոխադրողը հայտարարել է, որ կանոնավոր ուղիղ թռիչքներ է սկսելու դեպի Երևան:

Ավիաընկերությունը մանրամասներ չի հաղորդել՝ նշելով միայն, որ թռիչքները կիրականացվեն կախված հնարավորություններից և շուկայի պայմաններից։

Հայկական Flyone Armenia ընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Թուրքիա, այժմ գործում են միայն թուրքական Pegasus ընկերության Երևան-Ստամբուլ թռիչքները:

Աջակցությունն անհրաժեշտ է յուրաքանչյուրիս․ արցախցի

Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու չեն բոլոր արցախցիներն աջակցություն ստանում։ Ինչո՞ւմն է նույն ճակատագրի արժանացած արցախցիների միջև տարբերությունը։ Մենք բոլորս էլ նույն ճանապարհն ենք անցել, բռնի տեղահանվել, ամեն ինչ կորցրել ու հայտնվել դրսում,- ասում է Արցախից տեղահանված Սիրանուշը:

Նա չի կարողանում զսպել վրդովմունքն ու համակերպվել ՀՀ կառավարության կողմից տարվող խտրական վերաբերմունքի հետ։

 -Մեր ընտանիքը երկու հոգուց է բաղկացած։ Ես եմ ու ամուսինս։ Երկուսս էլ 60-ին մոտ ենք։ Արցախում ես գրադարանավարուհի էի աշխատում, իսկ ամուսինս՝ զինծառայող էր։ Մենք ոչ մի աջակցությունից չենք օգտվում, որովհետև չենք ընդգրկվում խոցելի խմբերի մեջ։ Իսկ ի՞նչ է փոխվել արցախահայության կյանքում։ Ո՞վ է որոշել, որ մենք կարիքավոր չենք․ հենց այդպես են պատասխանում մեր դիմումին, որ լրացրել ենք հրատապ աջակցությունից օգտվելու համար։ Երկուսով աշխատում ենք․ ես մաքրուհի եմ վարսավիրանոցում, իսկ ամուսինս՝ պահակություն է անում։ Մեր ստացած գումարը հերիքում է միայն տան վարձին ու կոմունալ ծախսերին, այն էլ՝ ոչ միշտ։ Իսկ ինչպե՞ս պետք է գոյատևենք, դռնեդո՞ւռ ընկնենք, դրսում գումար մուրա՞նք։ Ոչ, արցախցին չի գնա այդ քայլին, թեև, ցավոք, բոլորի փոխարեն արդեն դժվարանում եմ խոսել։ Մարդիկ շատ անելանելի դրության մեջ են հայտնվել։ Ի՞նչ մեղք է գործել արցախցին, որ հայտնվելով փախստականի կարգավիճակում, չի օգտվում աջակցությունից և չի կարողանում անգամ գոյատևել։ Անընդհատ լսում ենք, որ տարբեր երկրներից գումարներ են ուղարկում արցախցիների վիճակը բարելավելու համար, ու չենք հասկանում, թե ում են ուղղվում դրանք։

Սոցիալական հարթակներից տեղեկացել ենք, որ ՀՀ կառավարությունն օրերս հաստատել է 2026 թվականի բյուջեի նախագիծը, որով  նախատեսվում է, որ արցախցիների աջակցության ծրագրերը շարունակվելու են։ Մի՞թե չի կարելի այնպիսի որոշում ընդունել, որ այդ ծրագրերում ընդգրկվեն անխտիր բոլորը։ Ստացվում է այնպես, որ ում տանը երեխա, թոշակառու, կամ հաշմանդամ չկա, այդ ընտանիքները զրկված են աջակցությունից։ Նման ընտանիքները դադարո՞ւմ են տեղահանված լինել, կամ ապահովվա՞ծ են արդյոք բնակարաններով․․․․ Ինչ մնում է բնակապահովման ծրագրին, ապա այն փոքր ընտանիքների համար բացարձակ անիրատեսական ծրագիր է։

Ես ցանկանում եմ, որ վերջապես պատկան մարմինները հասկանան, որ արցախցին իր ցանկությամբ չի թողել Արցախը։ Նա փրկվել է ցեղասպանվելուց ու իր փրկությունը տեսել Մայր Հայաստանում։ Իհարկե, մենք գնահատում ենք այն վերաբերմունքը, որ զգացել ենք ի սկզբանե, սակայն արդար չեմ համարում, որ հիմա մնացել ենք անտեսված։ Այսօր, երբ դեռևս անտուն ենք, այդ աջակցությունն անհրաժեշտ է յուրաքանչյուրիս։

Սիրանուշի կարգավիճակում հայտնվել են հազարավոր հուսահատված արցախցիներ։ Մարդիկ հույս չունեն, որ կկարողանան այստեղ երբևէ տուն ունենալ, իսկ վարձավճարով ապրել արդեն ի վիճակի չեն։ Նրանք օրեր են հաշվում տուն վերադառնալու և իրենց հողում ապրելու համար, որտեղ երբեք չեն զգա որևէ մեկի աջակցության կարիքը․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ