Ինչպե՞ս կավարտվեն Չեռնոգորիայում հակաթուրքական բողոքի ցույցերը

Նախորդ երեկոյան Պոդգորիցայում գտնվող Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցավ թուրք միգրանտների արտաքսման պահանջով մեծ բողոքի ցույց: Ցուցարարները վանկարկել են «Թուրքեր, դուրս»:

Ավելի վաղ Չեռնոգորիայի կառավարությունը արձագանքել էր միջադեպին՝ ժամանակավորապես դադարեցնելով Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը:

Հակամարտությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին Զաբյելո շրջանում, որտեղ Թուրքիայի քաղաքացիների մի խումբ հարձակվել է 25-ամյա տեղացի բնակչի վրա, որը պաշտպանել էր մի կնոջ: Տղամարդուն ծեծել և դանակահարել են: Միջադեպին մասնակցել են ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի քաղաքացիներ:

Դեպքից հետո տեղի բնակիչների մի ամբոխ հավաքվել է այն խաղատան մոտ, որտեղ փակվել էին հարձակվողները՝ այն հրկիզելու մտադրությամբ: Ոստիկանությունը գրոհել է շենքը, և տասնյակ թուրք քաղաքացիներ ձերբակալվել են:

Դեպքը կտրուկ սրել է հակաթուրքական տրամադրությունները Չեռնոգորիայում: Տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ անհայտ անձինք հրկիզել են Թուրքիայի քաղաքացիներին պատկանող մեքենաներ և սրճարաններ Չեռնոգորիայի մի քանի քաղաքներում:

Եթե բոլորը կողմ են, ո՞վ է դեմ Երևանի և Բաքվի “խաղաղության պայմանագրին”

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է իրեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերումից հետո։

«Պուտինը զանգահարեց ինձ ու ասաց՝ սա զարմանալի է։ Ասաց, որ իրենք չեն կարողացել կանգնեցել պատերազմը»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահը, փաստորեն, ասում է, որ Պուտինը լիովին սատարում է Վաշինգտոնի միջնորդությամբ Երևանի և Բաքվի խաղաղությանը, և Թրամփն արել է այն, ինչ ցանկանում էր Պուտինը։

«ԱՄՆ-ը հանձնառու է իրագործել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական հռչակագրերն ու փոխըմբռնման հուշագրերը», – փոխանցել են այսօր Պետդեպից՝ ողջունելով Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող վերջին բովանդակային երկխոսությունը և գործնական քայլերը՝ սահմանազատման, ականազերծման և TRIPP-ի աջակցության համար ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ։

Երևանում այսօր անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի մասնակիցներին ուղերձ է հղել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Վաշինգտոնում օգոստոսի 8-ին արված պատմական քայլը տարածաշրջանը բերել է ավելի մոտ կայունությանը և երկարաժամկետ խաղաղությանը։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին և ցուցաբերում բաց աջակցություն»,- ասված է ուղերձում։

Վաշինգտոնյան համաձայնությունները ողջունել է ամբողջ աշխարհը, նաև Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները։ Ոչ Հայաստանի ընդդիմությունը, ոչ Արցախի ներկայացուցիչները հանդեց չեն եկել այդ “խաղաղության” դեմ, նկատելով միայն մասնավոր բացթողումներ։

Բոլորը միայն կողմ են, բայց արի ու տես՝ “խաղաղության պայմանագիրը” չի ստորագրվի առնվազն մինչև մյուս տարվա ամառ, երբ Հայաստանում կլինեն ընտրություններ, իսկ հետո՝ նոր Սահմանադրության ընդունում և նոր Հանրապետության հռչակում։

Ինչպե՞ս է ստացվում, որ բոլորը կողմ են, դեմ չկա, բայց խաղաղություն չի ստացվում։ Այլ կերպ չէր կարող լինել, քանի որ խաղաղությունը կեղծ է, անբնական է, այն հակասում է Հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովրդի իրավունքներին և շահերին։ Այն հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային օրենքներին, ինքնորոշմանը, ազատ կամարտահայտությանը, Աստծո կանոններին։ Այդ խաղաղությունը ունի չափազանց բարձր գին՝ Հայաստանի արցախյան սրտի կորուստ։ Այն դեռ բաբախում է։

Պատահական չէ, որ Թրամփն ամեն անգամ ասում է, որ խաղաղություն է բերել Ադրբեջանին, չհիշատակելով Հայաստանը։ Նա շատ լավ հասկաանում է, որ Հայաստանի համար այս “խաղաղությունը” անմարսելի է և մահացու կարող է լինել։

2026-ին արցախցիների աջակցության ծրագրերը կշարունակվեն, կտրամադրվի 55 մլրդ․ դրամ

Ազգային ժողով մշտական հանձնաժողովների նիստերում այս օրերին քննարկվում է 2026 թվականի բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է Արցախից բռնի տեղահանված անձանց կեցության, այդ թվում՝ բնակարանային ապահովման եւ այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության ծրագիրը շարունակել՝ 55 մլրդ դրամ ֆինանսավորման շրջանակներում։

Բյուջեի նախագծում նշվում է, որ «2026 թվականի պետական բյուջեի առանցքում նաեւ Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բարեկեցության ապահովմանն ուղղված քայլերն են: Բյուջեն ապահովում է, որ Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները շարունակեն ստանալ պետության լիարժեք աջակցությունն ինտեգրման և բնակարանային ապահովման հարցում։ Կշարունակվի Ղարաբաղից ՀՀ բռնի տեղահանված անձանց կեցության, այդ թվում բնակարանային ապահովման և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության ծրագիրը»։

Արցախից բռնի տեղահանված բնակչության համար 2026թ նախատեսվել են տարբեր օժանդակության ծրագրեր, այդ թվում

Կրթության ոլորտի գծով՝ 1,228.1 մլն դրամի չափով, որից՝ 1,025.3 մլն դրամը՝ ՀՀ-ում կրթություն ստացող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով, 202.8 մլն դրամը՝ ուսուցիչների օժանդակության ծրագրի գծով:

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի գծով՝ 62,686.6 մլն դրամի չափով, այդ թվում.

Արցախից բռնի տեղահանվածներին կեցության ծախսերի գծով՝ 55,0000 մլն դրամ։

Արցախի  առանձին շրջաններից բռնի տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության տրամադրման գծով ՝ 7,686.6 մլն դրամ։

Նշվում է, որ Արցախից բռնի տեղահանվածները ընդգրկված են նաեւ «Կենսաթոշակային ապահովություն», «Ժողովրդագրական վիճակի բարելավում», «Սոցիալական աջակցություն անաշխատունակության դեպքում», «Անապահով սոցիալական խմբերին աջակցություն», «Զբաղվածության» ծրագրերում եւ սոցիալական ոլորտի մի շարք այլ միջոցառումներում:

Միաժամանակ կառավարությունը բյուջեի նախագծում «Լրացուցիչ ֆինանսավորման պահանջ առաջացնող այլ ներքին ռիսկեր» բաժնում նշում է, որ «նման ռիսկերի շարքում են Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ տնտեսությանը ինտեգրման դանդաղումը եւ աջակցության ծրագրերի երկարաձգումը, տարածաշրջանային անվտանգային միջավայրի վատթարացման պայմաններում անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղվող միջոցների ծավալի աճի լրացուցիչ կարիքի առաջացումը, արտահանելի հատվածի համար տնտեսական աջակցության լրացուցիչ ծրագրերի իրականացումը եւ այլ հնարավոր ծախսային ճնշումները։»։

Դավիթի պայքարը․ Տարան Եղնիկների Սուրբ Աստվածածին մատուռ, որոշելոով, թե մահացած եմ

Ներկայիս իրավիճակում, երբ եկեղեցին և հոգևոր դասն ենթարկվում են հարձակման և հետապնդումների, չափազանց կարևոր է բարձրաձայնել հոգևոր արժեքների և հավատքի զորության մասին:

Դավիթ Հարությունյանը ծնվել է 1998 թվականին ք. Ստեփանակերտում: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի երիտասարդաց միության անդամ է: 44-օրյա պատերզմի ժամանակ նա ստացել է ծանր վիրավորում: Երկար ժամանակ գտնվում էր կոմայի մեջ: Նույնիսկ բժիշկները չէին հավատում, որ նա կապաքինվի, սակայն Աստծո հանդեպ հավատի և ապրելու մեծ կամքի շնորհիվ Դավիթը ապաքինվեց և այժմ, չնայած որոշ ֆիզիկական սահմանափակումների, զբաղվում է մեղվապահությամբ և ծառայում է Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում որպես սպասավոր:

“2020 թ․ սեպտեմբերի 27-ին ես մեկնեցի 7-րդ պաշպանական շրջանի Եղնիկներ կոչված զորամաս, ուշ գիշեր մեզ գրանցեցին, ստացանք մեզ հասանելիք զենք-զինամթերքը ու արդեն առավոտյան լույսը չբացված մեկնեցինք մարտական դիրքեր։ Վաղ առավոտյան ես հասա այն մարտական դիրքը, որտեղ ծառայել եմ ժամկետայինի ժամանակ։

Մարտական գործողությունների ժամանակ, Ժամը 2-3-ին, ստացա գանգուղեղային ծանր աստիճանի վիրավորում, ինչից հետո ինձ տեղափոխվեցին մոտակայքում գտնվող Եղնիկների Սուրբ Աստվածածին մատուռը, որոշելոով, թե մահացած եմ:

Որոշ ժամանակ անց ես ժամանակավոր ուշքի եկա, և ինձ տեղափոխեցին Երևան՝ Էրեբունի բուժկենտրոն։ Երկարատև բուժումից և առաջին վերականգնողական կուրսը ստանալուց հետո ինձ տեղափոխեցին Զինվորի տուն վերականգնողական կենտրոն։ Իհարկե, առաջին ամիսներին իմ համար շատ դժվար էր՝ և տեղափոխումները, և ամենօրյա կարիքներս հոգալը, բայց Զինվորի տան մասնագետները ջանք ու եռանդ չխնայելով, ինձ ոտքի կանգնեցրին։

Տարին երեք անգամ հաճախում էի Զինվորի տուն՝ մինջև Արցախյան բլոկադան։

Շրջափակման ժամանակ արդեն սկսեցի հաճախել Ստեփանակերտում գտնվող Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն ու ստանալ բուժում։ Բլոկադայի ընթացքում շատ հաճախ գնում էի եկեղեցի, աղոթում, պատարագներին ու ժամերգություններին մասնակցում, որ գոնե մի կերպ ցրվեմ ծանր մտքերից: Մինչև 2020 թիվը ես ծառայում էի Ասկերանի Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցում։

Հիշում եմ, որ արդեն չկար ջուրն ու գազամատակարարումը, արդեն վառարան էինք վառում տաքանալու և  եղած մթերքի չնչին պաշարներից ինչ-որ բան պատրաստելու համար։ Տանը մենակ ես էի ու մայրս, որն ուներ առողջական խնդիրներ, և ես հնարավորինս օգնում էի նրան ջուր բերել կամ վառարանը վառել։

Շրջափակման վերջին օրերին՝ մեկօրյա պատերազմից հետո արդեն հասկանալի դարձավ, որ էլ ելք չկա: Պետք էր թողնել ամեն ինչ՝ մեր գերեզմանները, Եկեղեցիները, հողն ու ջուրը և լքել հազարամյա հայրենիքը՝ Արցախը: Այդ օրերին մորս հետ գտնվում էի եկեղեցում: Թե տղամարդիք, թե կանայք ահռելի և անբացատրելի ցավ էինք ապրում։

2023 թվականի սեպտեմբերի 27-ին ընտանիքներով դուրս եկանք մեր տներից, թողնելով թշնամուն մեր ամեն ինչը, և երկու օրից հասանք Երևան: Ես կրկին տեղափոխվեցի Զինվորի տուն՝ բուժումս շարունակելու նպատակով։

Երևանում ապրելը մեզ համար շատ դժվար էր, հատկապես, առաջին ամիսներին: Տան վարձերը մի քանի անգամ բարձրացրին, իսկ մենք ի վիճակի չէինք վճարել աստղաբաշխական բնակվարձը:

Որոշ ժամանակ հանց բարեբախտաբար հանդիպեցինք բարի մարդու, ով մեկ տարի ժամկետով մեզ անհատույց տրամադրեց Երևանում գտնվող իր բնակարանը: Հետագայում պարզվեց, որ տան տերը՝ Բաքվից  փախստականներից էր։

Այդ ընթացքում ես նորից վերսկսեցի իմ եկեղեցական ծառայությունը՝ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում։

Մեկ տարի անց որոշեցինք տեղափոխվել քաղաք Ստեփանավան: Չնայած այն հանգամանքին, որ 44-օրյա պատերազմում ստացել եմ լուրջ վնասվածքներ և ունեմ միակողմանի սահմանափակումներ, ես Զինվորի տանը մասնակցեցի մեղվաբուծության եռամսյա դասընթացներին։

Որոշ ժամանակ անց  գիտելիքներ ստանալուն պես իմ անձնական գումարով գնեցի չորս մեղվափեթակ: Ես սիրեցի այս գործը և այժմ ուզում եմ մեծացնել մեղվանոցս, որպեսզի ունենամ գոնե մի փոքր եկամուտ։ Միաժամանակ ծառայում եմ Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում որպես սպասավոր և ամեն օր աղոթում տունդարձի համար”, Step1.am-ի հետ զրույցում պատմեց Դավիթը:

Արսեն Աղաջանյան

Պուտինը հայտարարեց Կուպյանսկում և Պոկրովսկում ուկրաինական զորքերի շրջափակման մասին

Մոսկվայում ռազմական հոսպիտալ այցելության ժամանակ Պուտինը պնդեց, որ ուկրաինական զորքերը, իբր, «շրջափակված» են Պոկրովսկի և Կուպյանսկի տարածքներում, և նույնիսկ առաջարկեց վեց ժամով «ժամանակավոր հրադադար», որպեսզի «լրագրողները կարողանան խոսել ուկրաինացի զինվորների հետ»։

Սակայն ուկրաինական կողմը լիովին հերքեց այս պնդումները: DeepState վերլուծական պորտալի տվյալներով՝ մարտերը շարունակվում են, և Պոկրովսկը մնում է «մոխրագույն գոտի», որտեղ ուկրաինական ուժերը գործում են երկաթուղուց հարավ, իսկ ռուսական ուժերը՝ հյուսիսում։

Կրասնոարմեյսկի (Պոկրովսկ) գրավումը թույլ կտա ռուսական բանակին ստեղծել ցատկահարթակ Դոնբասի երկու խոշոր քաղաքների՝ Կրամատորսկի և Սլավյանսկի դեմ հետագա հարձակման համար, որոնք դեռևս վերահսկվում են ուկրաինական բանակի կողմից: Այս կարծիքը մեջբերում է Reuters-ը, որը Կրասնոարմեյսկն անվանում է «Դոնեցկի դարպաս»։

Պոկրովսկը, Կուպյանսկը, Կրամատորսկը և Ստավյանսկը Դոնեցկի մարզի այն հատվածի ամենամեծ բնակավայրերն են, որը մնում է Ուկրաինայի վերահսկողության տակ։ Ռուսաստանի կողմից Դոնեցկի մարզի մնացած մասի գրավումը կարող է հարթել խաղաղության ճանապարհը, քանի որ Արևմուտքն ու Ուկրաինան համաձայն են կանգ առնել առաջնագծում, իսկ Մոսկվան պահանջում է, որ այս գիծը անցնի Դոնեցկի մարզի սահմանների երկայնքով։

Անկախության հռչակագրի “խնդիրը”․ ոչ մի քաղաքական ուժ չպահանջեց ի կատար անել 1989 թ․ որոշումը

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի Անկախության հռչակագրում որոշակի խնդիրներ է տեսնում: Այս մասին, նա ասաց այսօր՝ հոկտեմբերի 29–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես կարծում եմ, որ Անկախության հռչակագրում կան որոշակի խնդիրներ»,-նշեց Հարությունյանը:

Որոշակի խնդիրը, բնականաբար, Անկախության հռչակագրում Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թ․ որոշման հղումն է։ Փաստորեն, ստացվում է, որ 34 տարի Արցախն ու Հայաստանը միավորված են։ Բոլորը ձևացնում էին, որ նման բան չկա, Փաշինյանն նույնիսկ 2022-ին հայտարարեց, ու Ղարաբաղը Ադրբեջան է։ Բայց Ալիևը պնդում է, որ Արցախը Հայաստան է, և վերջ։

2023-ի սեպտեմբերից հետո Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ չպահանջեց ի կատար անել 1989 թ․ միավորման մասին որոշումը։ Հիմա էլ ոչ մի ուժ սատար չի կանգնում Անկախության հռչակագրին և առանց Արցախ Չորրորդ հանրապետություն ստեղծելու ներկայիս իշխող ուժի մտադրությանը։

Երրորդ Հանրապետության արձակումը անխուսափելի է, քանի որ Անկախության հռչակագիրը հնարավոր չէ փոխել, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Անկախության հռչակագրին։ Հետևաբար, միակ ելքը՝ Հռչակագրից հրաժարումն է։ Դրանից հետո կամ նոր Սահմանադրություն կընդունվի՝ առանց Արցախի “խնդրի” և Ցեղասպանության հետևանքների վերացման մասին հիշատակման, կամ Հայաստանը կլուծարվի, ինչպես Արցախը։

Արցախի ԱԺ նախագահի հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ

Արցախի Հանրապետության անունից խոր մտահոգություն եմ հայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների, հասարակության բևեռացման և ազգային ինստիտուտների՝ մասնավորապես, իշխանական հռետորաբանության և գործողությունների միջոցով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակության թուլացման փորձերի կապակցությամբ։ Այս մասին ասված է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հայտարարության մեջ:

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հոգևոր, մշակութային և ազգային ինքնության հիմնասյուներից մեկը։ Վերջին շրջանում Եկեղեցու շուրջ ծավալվող քննարկումները և հակաեկեղեցական գործողությունները բացասաբար են անդրադառնալու ազգային համերաշխության վրա։ Օրվա հրամայականն է խուսափել այնպիսի գործողություններից կամ արտահայտություններից, որոնք կարող են խաթարել հասարակական խաղաղությունն ու փոխադարձ հարգանքը։

Միաժամանակ մտահոգություն են առաջացնում ազատությունների սահմանափակման և քաղաքական բնույթի հետապնդումների վերաբերյալ հնչող հրապարակային գնահատականները։ Այս համատեքստում առանձնապես անհանգստացնող է Մասիս համայնքի ղեկավար, ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի երեկվա կալանավորումը, ինչպես նաև այն քաղաքացիների նկատմամբ իրականացվող քրեական վարույթները, որոնք հանրային շրջանակներում դիտարկվում են որպես քաղաքական ենթատեքստ ունեցող։

Ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանությունը մեր ընդհանուր ազգային արժեքներն են, և բոլոր կառույցները՝ թե՛ պետական, թե՛ հասարակական, պարտավոր են գործել բացառապես իրավական և արդարության սկզբունքներով։

Այս համատեքստում կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին զերծ մնալ այնպիսի գործողություններից և հռետորաբանությունից, որոնք խաթարում են հասարակության ներսում վստահության վերականգնումը և միտված չեն ազատությունների լիարժեք երաշխավորման և ազգային համախմբմանը։ Միայն համախմբված, իրավական և արժեհամակարգային միասնական հասարակություն ձևավորելով հնարավոր կլինի կերտել ուժեղ, անվտանգ և ժողովրդավարական Հայաստան՝ ի շահ ամբողջ հայ ժողովրդի և մեր պետականության ապագայի, ի շահ Արցախի ժողովրդի հավաքական և անվտանգ վերադարձի»:

Արյունոտ ոստիկանական գործողություն Ռիո դե Ժանեյրոյի ֆավելաներում

Ռիո դե Ժանեյրոյի հյուսիսային արվարձաններում «Կարմիր հրամանատարություն» խմբավորման դեմ ուղղված ոստիկանական գործողության ընթացքում զոհվել է առնվազն 64 մարդ։

Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Կլաուդիո Կաստրոն հայտարարել է, որ Ալեմաո և Պենյա ֆավելաներում «Զսպման» գործողության ընթացքում զոհվածների թվում են չորս ոստիկաններ։ Ձերբակալվել է ավելի քան 80 մարդ։ Գործողությանը մասնակցում են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ոստիկաններ։

Երեքշաբթի առավոտյան մոտ 2500 ոստիկաններից բաղկացած ոստիկանական ուժեր մտել են ֆավելաներ, և շուտով բախումներ են սկսվել։ «Կարմիր հրամանատարությունը» (Կոմանդո Վերմելյո) պատասխանել է կրակոցներով, բարիկադների հրկիզմամբ և անօդաչու թռչող սարքերով ռումբեր նետելով։

Հաղորդվել է նաև տասնյակ վիրավորների մասին, այդ թվում՝ խաչաձև կրակոցների տակ հայտնված քաղաքացիական անձանց մասին։

Ռիո դե Ժանեյրոյի օդանավակայանի մոտ գտնվող ֆավելայի գոտին համարվում է Բրազիլիայի ամենաազդեցիկ հանցավոր խմբավորումներից մեկի գործողությունների կենտրոնը։

BBC-ի տվյալներով՝ ֆավելաներում՝ լեռնալանջերին աղքատ և անապահով թաղամասերում, ապրում է մոտ 300,000 մարդ։ Տեղացի բնակիչները ասում են, որ այնտեղ իրավիճակը այժմ նման է «պատերազմական գոտու»։

«Կարմիր հրամանատարությունը» վերջերս ընդլայնել է իր տարածքը Ռիո նահանգում՝ ստեղծելով թմրանյութերի մաքսանենգության ուղիներ և ուժեղացնելով իր վերահսկողությունը ֆավելաների նկատմամբ։

«Զսպման» գործողության սկզբից ի վեր ոստիկանությունը հայտնել է, որ առգրավվել է ավելի քան 200 կիլոգրամ թմրանյութ և տասնյակ հրազեն։

Հռոմի պապը միավորում է Քրիստոսի եկեղեցին. նա նաև կայցելի Կոստանդնուպոլսի հայկական եկեղեցի

Վատիկանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ 2025 թվականի նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը կայանալիք Հռոմի պապ Լևոն XIV-ի առաջին առաքելական ճանապարհորդության ընթացքում Նորին Սրբությունը կայցելի Թուրքիա և Լիբանան՝ Նիկիայի Առաջին ժողովի 1700-ամյակի առթիվ։ Դա առաջին քրիստոնեական տիեզերական ժողովն էր։

Ըստ ժամանակացույցի՝ նոյեմբերի 28-ին Հռոմի պապ Լևոնը կայցելի Կոստանդնուպոլսի հայտնի Կապույտ մզկիթ, որից հետո նա մասնավոր հանդիպում կունենա տեղական եկեղեցիների և քրիստոնեական համայնքների առաջնորդների հետ Մոր Եփրեմ սիրիական ուղղափառ եկեղեցում։

Կեսօրին նա կմասնակցի Սուրբ Գևորգ պատրիարքական եկեղեցում՝ Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքության նստավայրում, խորհրդանշական պատարագին։ Պատարագից հետո Հռոմի պապ Լևոն XIV-ը կհանդիպի Տիեզերական պատրիարք Բարթողոմեոս I-ի հետ, և երկու առաջնորդները կստորագրեն համատեղ հռչակագիր Պատրիարքական պալատում։

Նոյեմբերի 30-ը կսկսվի Հայ առաքելական տաճարում աղոթքի այցելությամբ։

Երկրորդ Հռոմ, ինչպես հայտնի է Կոստանդնուպոլիս, ուղևորությունը կհետևի Վատիկանում Հռոմի պապի և Բրիտանիայի թագավոր Չարլզի, ով նաև Անգլիկան եկեղեցու գլուխն է, միջև պատմական հանդիպմանը։ Սա 500 տարի առաջ Ռեֆորմացիայից ի վեր առաջին նման հանդիպումն էր։ Այժմ Հռոմի պապը կհանդիպի ինչպես Հույն Ուղղափառ եկեղեցու Տիեզերական Պատրիարքի, այնպես էլ Արևելյան Եկեղեցիների հոգևորականության հետ։

Լևոն պապը, ըստ երևույթին, փորձում է վերականգնել Քրիստոսի Եկեղեցու միասնությունը, որն իր 2000-ամյա պատմության ընթացքում առնվազն երեք խոշոր պառակտում է ապրել՝ մոնոֆիզիտ-դիֆիզիտ պառակտումը, որի արդյունքում հին արևելյան եկեղեցիները, այդ թվում՝ Հայկական, Սիրիական և մի քանի այլ եկեղեցիներ, անջատվեցին։ Այնուհետև, 11-րդ դարում, պառակտում տեղի ունեցավ Հռոմի կաթոլիկ և Հույն Ուղղափառ եկեղեցիների միջև։ Իսկ 500 տարի առաջ, Ռեֆորմացիայի արդյունքում, ի հայտ եկան այսպես կոչված բողոքական եկեղեցիները, այդ թվում՝ Անգլիկան եկեղեցին։

Ներկայիս Հռոմի պապ Լեոն ծնունդով ամերիկացի է և, ըստ երևույթին, վայելում է նախագահ Թրամփի հովանավորությունը, որը բողոքական է, բայց իրեն հռչակում է աշխարհի բոլոր քրիստոնյաների պաշտպան։ Սակայն Թրամփը չի կարող լինել բոլոր քրիստոնյաների պաշտպան, եթե նրանք բաժանված են։ Այս բաժանման ապացույցը հստակ զգացվում է Երուսաղեմի Սուրբ Գերեզմանի տաճարում, որտեղ յուրաքանչյուր միջանցքը պահպանում է եկեղեցիներից մեկը, իսկ Տաճարի բանալիները պահում է մուսուլման ընտանիքը։ Միևնույն ժամանակ, Իսրայելը Մեծ տաճարը համարում է հրեական ժառանգություն, չնայած դրա տեղում արդեն մզկիթ է կանգնած։

Թուրքիան նույնպես հավակնում է քրիստոնեական ժառանգությանը՝ պնդելով, որ Երուսաղեմը դարձել է բոլոր աստվածների քաղաքը Օսմանյան կայսրության օրոք, երբ ծաղկում էր Երկրորդ Հռոմը։

Այս ֆոնի վրա, Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապված խնդիրները, որոնք գեներացվում են Հայաստանի կառավարության կողմից, կարծես թե աշխարհը բաժանելու ավելի լայն գործընթացի մաս են կազմում, որը, հնարավոր է՝ դավանանքային գծերով կլինի։ Այս գործընթացի արդյունքը անհայտ է, բայց մոտ ապագայում այս համատեքստում ամենահավանական արդյունքը Հայ Առաքելական Եկեղեցու կենտրոնի Էջմիածնից Կոստանդնուպոլիս տեղափոխումն է և նրա դաշինքը Հռոմի հետ։

Չնայած այս 2000 տարիների ընթացքում քրիստոնեական եկեղեցու պառակտումների արմատը պաշտոնապես աստվածաբանական տարաձայնություններն էին, իրականում դրանք բխում էին իշխանության և հողի բաժանումից: Իշխանության և հողի նոր բաժանում չի կարող տեղի ունենալ առանց աշխարհի ամենաազդեցիկ եկեղեցու, և որպեսզի դա տեղի ունենա, այն պետք է միավորվի:

«Խաղաղության» վե՞րջը Գազայում։ Նեթանյահուն հրամայում է «հզոր հարված» հասցնել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, զինվորականների հետ խորհրդակցելուց հետո, հրամայել է նոր հարվածներ հասցնել Գազայի հատվածին՝ Համասի կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներին ի պատասխան, հայտարարել է նրա գրասենյակը։

«Անվտանգության խորհրդակցությունների ավարտից հետո վարչապետ Նեթանյահուն հրահանգել է զինվորական ղեկավարությանը անհապաղ հզոր հարվածներ հասցնել Գազայի հատվածին», – ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Համասը, կարծես թե, չի կարողանում վերադարձնել մահացած իսրայելցի պատանդների մնացած մարմինները։ Այսօր պարզվել է, որ հայտնաբերված մնացորդները չեն պատկանում այն ​​պատանդին, որի անունը նշվել է։

Մասնագետները զգուշացրել են, որ Իսրայելը կարող է վերսկսել ռազմական գործողությունները պատանդների վերադարձից հետո։

Լավրովը հանգստացնում է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին ու համոզում “տալ” Ուկրաինան Ռուսաստանին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրներին չհարձակվելու երաշխիք տալ՝ վերահաստատելով, որ Ռուսաստանը մտադրություն չունի հարձակվել ներկայիս անդամներից որևէ մեկի վրա։

«Մենք պատրաստ ենք այս դիրքորոշումը ներառել Եվրասիայի այս հատվածի ապագա անվտանգության երաշխիքներում», – ըստ պաշտոնական հաղորդագրության, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրասիական անվտանգության ֆորումում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։

Եվրոպան, որն ակտիվորեն օգնում է Ուկրաինային դիմադրել Ռուսաստանին և նրա օկուպացիոն պայմաններին, դա անում է այն կանխավարկածով, որ եթե Ուկրաինան «զիջվի», ապա հաջորդ թիրախը կլինեն եվրոպական, առաջին հերթին՝ Բալթյան երկրները: Լավրովը, ըստ էության, ասում է, որ Ռուսաստանը կարող է երաշխիքներ տրամադրել եվրոպական երկրներին, եթե նրանք համաձայնվեն ճանաչել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի մի մասի օկուպացիայի և մնացած մասի «դենաֆիֆիկացման» օրինականությունը:

 

Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին «Զվթարոց» օդանավակայանում

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին «Զվթարոց» օդանավակայանում։ 

Համբարձումյանի հարազատները, մտերիմներն ու աջակիցները հավաքվել էին «Զվարթնոց» օդանավակայանում` նրան դիմավորելու։ Օդանավակայանում նաև մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կուտակել։

Հիշեցնենք, որ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: