«Խնդիրներ կան, որոնք մեզ իշխանությունները չեն ասում, կարող  է գողական «պանյատներով» են փորձում կազմակերպել»

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի կառավարությունը տարանցման համար պատրաստ է բացել սահմանը թուրքական ու ադրբեջանական բեռնատարների համար։

Մասնավորապես, Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր «Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան տարանցման սահմանափակումները։ Սա ըստ էության պատմական իրադարձություն է եւ նշանակում է ՀՀ շրջափակման հաղթահարման առաջին փուլը։ Բայց կարեւոր է նաեւ, որ Հայաստանն էլ արձագանքող լինի այդ հայտարարություններին եւ արձագանքող քայլեր անի։ Եվ այս պահին դրան մեր արձագանքը հետեւյալն է, որ հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա՝ մասնավորապես Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղիով։ Այսինքն՝ եթե ենթադրենք, որ Թուրքիայից բեռնատար է մոտենում Մարգարա անցագրային կետին՝ ուղեւորվելու համար դեպի Ադրբեջան, մենք հենց այսօր կարող ենք ապահովել դա։ Մեր ճանապարհները մինչեւ Գորիս, մինչեւ Կոռնիձոր գտնվում են լավ վիճակում»։ 

Անդրիաս Ղուկասնաի խոսքով՝ սրանք պլանավորված քայլեր են։ «Մի քանի օր առաջ Ադրբեջանը հայտարարեց, որ վերցանում է արգելքը տարանցիկ բեռներ ուղարկելու համար, հիմա հաջորդ քայլով Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ վերացնում են արգելքը Հայաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների համար։ Դրանք փոխկապակցված հայտարարություններ են։ Ըստ իս՝ խնդիրը շարունակում է մնալ այն, որ առանց խաղաղության պայմանագրի, առանց դիվանագիտական հարաբերությունների, առանց մաքսային հարաբերությունների, առանց իրավական փաստաթղթերի ո՞նց են պատկերացնում այդ բեռնափոխադրումները։ Այսինքն՝ այդպես պարզապես բեռը Ադրբեջանից դուրս է գալիս, հենց այնպես մտնում է Հայաստանի տարածք կամ ադրբեջանական ու թուրքական բեռն անցնում է Հայաստանի տարածքով առանց մաքսային հսկողությա՞ն։ Այդ հարցին պետք է պատասխան «հուժկու» քաղաքական գործիչները, որոնք եփում են այդ բորշը՝ իրենց ճաշակով ու իրենց պատկերացումներով եւ ուղղորդված հայտարարություններով, թե այդ ամենը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով է լինելու»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ վերջին օրերին իշխանության ներկայացուցիչները հայտարարություններ են անում, թե Հայաստանի ինքնիշխանության ներքո են տեղի ունենալու գործընթացները։ Բայց կամ այդ ինքնիշխանությունը պետք է վերաձեւակերպեն կամ բոլորիս պետք է բացատրեն, թե ոնց կարելի է առանց մաքասակետերի սպասրակել տրանզիտ փոխադրումները։ Քաղաքագետը հիշեցնում է, որ այսօրվա դրությամբ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան սահմանների վրա ոչ մի մաքսակետ չկա, ինչպես են իշխանություններն ասում, թե հենց այսօրվանից պատրաստ են իրագործել տարանցիկ փոխադրումները։

Քաղաքագետն ասաց, որ ամբողջ աշխարհում կան բեռնափոխադրումների, տրանզիտային հարաբերությունների կարգավորումներ։ «Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը չունեն այդ ամենը կարգավորված եւ ոնց որ թե չեն էլ ուզում դա կարգավորել ընդունված կարգով՝ խաղաղության պայմանագիր, պետական սահմանի մասին պայմանագիր, դիվանագիտական երկկողմ հարաբերություններ եւ մի շարք այլ երկկողմ պայմամագրեր՝ մաքսային վերահսկողության եւ մյուս հարցերի վերաբերյալ։ Նորմալ մարդիկ ու երկրներն այդպես են անում, իսկ այս ճարտարապետությունը, որի հետ մենք հիմա գործ ունենք, կարծես թե հակառակ տեղից են սկսել, հետեւից են սկսել այդ ամենը եւ լուրջ դեմքով ներկայացնում են, թե այդպես էլ պետք է լինի։ Մեր ժողովուրդն իր դատողությունները կարող է անել»,- ասաց նա։

Ղուկասյանի խոսքով՝ հավանաբար կան քաղաքական ինչ-որ խոչընդոտներ, որ իրենք նորմալ ընդունված եղանակով չեն կարողանում պարզ ձեւով աշխատել․ «Ինչո՞ւ են այսպիսի քողարկված բաներ տեղի ունենում, ինչ-որ խնդիրներ կան, որոնք մեզ հայտնի չեն, իշխանությունները չեն ասում, չեն կարող բացատրել։ Եվ տեսնում ենք, որ առանց միջպետական հարաբերությունների բազայի ու պայամանագրային հիմքերի ստեղծման, երեւի ինչ-որ պայմանավորվածություններով, չգիտեմ, կարող  է հանցավոր կամ գողական «պանյատներով» այդ ամենը փորձում կազմակերպել։ Դա այսօրվա ղեկավարության ոճն է»։

Ռոզա Հովհաննիսյան

Պետդուման օրենք ընդունեց, որ զորակոչն անցկացվի կլոր տարի

Պետդումայի պատգամավորները լիագումար նիստում երրորդ ընթերցմամբ ընդունեցին մի օրինագիծ, որը նախատեսում է զինվորական ծառայության զորակոչ ամբողջ օրացուցային տարվա ընթացքում: Այս մասին հաղորդվել է Պետդումայի կայքում։

«Զինվորական ծառայության պահեստազորում չգտնվող քաղաքացիների զորակոչը կիրականացվի Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրի համաձայն՝ ամբողջ օրացուցային տարվա ընթացքում՝ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (ներկայումս զորակոչը տեղի է ունենում տարեկան երկու անգամ՝ ապրիլի 1-ից մինչև հուլիսի 15-ը և հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը)», – ասվում է հայտարարության մեջ։

Փաստաթուղթը նաև սահմանում է զինվորական կոմիսարիատ ներկայանալու վերջնաժամկետ՝ զորակոչի գրանցամատյանում տեղադրված կանչերից հետո: Այս վերջնաժամկետը չի կարող գերազանցել 30 օրը՝ սկսած հրապարակման օրվանից։

Աշնանային զորակոչը Ռուսաստանում սկսվել է հոկտեմբերի 1-ին: Նախագահի հրամանագրի համաձայն՝ ծառայության է զորակոչվում ընդհանուր առմամբ 18-ից 30 տարեկան 135,000 տղամարդ: Սա վերջին ինը տարիների ընթացքում ամենամեծ աշնանային զորակոչն է։

Ալեքսանդր Կոչուբաևի կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով

Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին։

Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին մարդասիրական բարձր մոտեցում ցուցաբերելու համար։ Ինչպես նաև լրատվության համայնքին, հարազատներին, ընկերներին այս պահին մեր կողքին գտնվելու համար»։

Տեղումներ են սպասվում

Երևանում հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է անձրև։

Մարզերում հոկտեմբերի 28-ի և 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 29-ի ցերեկն առանձին շրջաններում, 30-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 30-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 29-ի առանձին շրջաններում հնարավոր է նաև քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-30-ին կնվազի 6-9 աստիճանով, նոյեմբերի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Ի՞նչ մահացու մեղք է գործել փաստաբան Կոչուբաևը

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց փոխել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցը (կալանքը):

Ալեքսանյանը բաց նամակ հրապարակեց՝ խնդրելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին իրականացնել իր բացառիկ լիազորությունները և վերացնել Կոչուբաևի կալանքը մինչև քրեական գործի՝ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվելը:

Նա որպես հիմնավորում նշեց այն փաստը, որ Կոչուբաևի կնոջ վիճակը կտրուկ վատացել է երեխայի ծնվելուց հետո: Պարզվեց, որ փաստաբանի կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Կոչուբաևի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել:

Նա ձերբակալվել է հոկտեմբերի 15-ին՝ «դատական ​​և քննչական մարմինների ներկայացուցիչների պատիվն ու արժանապատվությունը արատավորող» տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով:

Ինչո՞ւ փաստաբանի սովորական գրառումը առաջացրեց նման կատաղի արձագանք։ Փաստն այն է, որ Կոչուբաևը անդրադարձավ գործող համակարգի ամենաթույլ և ամենացավոտ կետին՝ դիմելով իրավապահ մարմինների աշխատակիցներին, ովքեր, մոռանալով իրենց առաքելությունը, գործում են իշխող խմբի շահերից ելնելով։

Նա որպես օրինակ բերեց իրեն՝ նշելով, հանել է իր ուսադիրները, երբ հասկացել է, որ այսպես վաստակելն անարժան է։

Իրավապահ համակարգը գործող կառավարության հիմնական գործիքն է իր քաղաքականությունն իրականացնելու համար։ Եթե այս համակարգը ճաքեր տա, կառավարությունը հիմք չի ունենա ապավինելու։ Ահա թե ինչու այս համակարգի ամբողջականության նկատմամբ ցանկացած «ոտնձգություն», «բարոյախրատոում» իրականացնելու փորձեր ընկալվում են որպես հակակառավարական գործունեություն։

Օրինակ՝ Հովհաննավանք եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մատուցված վերջին պատարագը կարող էր տեղի չունենալ առանց հարյուրավոր ոստիկանների։ Ինչպես ասաց Հայր Տեր Եսային. «Հովհաննավանքը առավոտից մինչև երեկո իրավապահ մարմինների հսկողության տակ է, և ոչ մեկին թույլատրված չէ մոտենալ դրան։ Ի՞նչ կարող է անել հոգևորականը նման անօրինական պայմաններում»։

Հիշեցնենք, որ 2018 թվականին, երբ Հայաստանում բողոքի ցույցերը հասան իրենց գագաթնակետին, Հայաստանի ոստիկանությունը պաշտոնապես հրաժարվեց բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ, ինչը շրջադարձային կետ դարձավ իշխանափոխության գործընթացում: Գործող կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ՝ նմանատիպ սցենարը կանխելու համար:

Շոյգուն մեղադրեց Արևմուտքին «Ռուսաստանը մասնատելու» մտադրության մեջ, բայց չհիշատակեց Էրդողանին

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Արևմուտքը ագրեսիվ ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա և ձգտում է երկիրը բաժանել տասնյակ անկախ պետությունների: «Նրանց նպատակը մեր երկրի ինքնիշխանությունից զրկելն է: Նրանք ցանկանում են մեր հայրենիքը բաժանել տասնյակ փոքր պետական ​​կազմավորումների, այնուհետև ենթարկեցնել դրանք, շահագործել և օգտագործել իրենց սեփական եսասիրական շահերի համար», – գրել է Շոյգուն «Արգումենտի ի Ֆակտի» թերթում հրապարակված հոդվածում:

Նրա խոսքով՝ արևմտյան երկրները սկսել են «հզոր հակառուսական քարոզչություն» և հարձակվում են Ռուսաստանի պատմության, մշակույթի և «հոգևոր արժեքների» վրա: Ավելին, Շոյգուն նշել է, որ շարունակվում են «սեպ խրել մեր երկրի և ԱՊՀ երկրների ժողովուրդների ներդաշնակության և եղբայրության մեջ»:

Ինքը՝ Սերգեյ Կուժուգետ-օղլի Շոյգուն, Տուվայից է և սերտ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ: Հիշեցնենք, որ ռուս-թուրքական «սրացումներից» մեկի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ կարող է քանդել Ռուսաստանը այնտեղ բնակվող «25 միլիոն մուսուլմանների» օգնությամբ:

Շոյգուն չի հիշատակում Էրդողանի սպառնալիքները, ինչպես նաև չի հիշատակում, թե ինչպես է Ռուսաստանն ինքը վանում ԱՊՀ «երկրները». բավական է հիշել Արցախում ռուս-թուրքական կենտրոնը և Ռուսաստանի շարունակական ագրեսիան Ուկրաինայում։

Սակայն Շոյգուն մեղադրում է միայն Արևմուտքին։

Փոքրիկ Տիգրանին որոնում են հարյուրավոր մարդիկ

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրի հատվածում այս պահին 3–ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են, ներգրավված են ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։ Որոնողա-փրկարարական աշխատանքները կատարվում են ինչպես գյուղի տարածքում, հարակից անտառներում, այնպես էլ Սևանա լճի ափին։

Մեր տեղեկություններում Տիգրանի ընտանիքում 5 երեխա են. վարկածներից մեկն այն է, որ 5–ամյա եղբոր հետ է փոքրիկ Տիգրանը դուրս եկել տնից, սակայն տուն վերադարձել է միայն 5–ամյա եղբայրը, Տիգրանից որեւէ լուր չկա։

Փաշինյանի վտանգավոր որոշումը․ Թրամփի ճանապարհը այլևս իմաստ չունի՞

Նիկոլ Փաշինյանը այս շաբաթ մի կարևոր հայտարարություն է արել․ նա ասել է, որ Հայաստանը պատրաստ է բացել Թուրքիա-Ադրբեջան տրանզիտի համար իր ավտոմոբիլային ճանապարհը և նշել երթուղին՝ Մարգարա, Երասխ, Սիսիան, Գորիս։ Նա նաև նշել է, որ այս պահին միայն այդ ճանապարհը կարող է բացվել։

Այս ճանապարհի մասին խոսք չկա ոչ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ոչ էլ Թրամփի ճանապարհի մասին 2025-ի օգոստոսի 8-ի հուշագրում։

Այսինքն՝ Հայաստանը միակողմանի տրամադրում է իր տարածքը թուրք-ադրբեջանական տրանզիտի համար, ոչ մի բան չստանալով։ Ընդ որում, եթե այս ճանապարհը օգտագործվի թուրքական տրանզիտի համար, ապա այն բառացիորոն կկտրի Հայաստանի հարավը՝ Վայոց ձորն ու Սյունիքը կենտրոնական Հայաստանից։ Եւ քանի որ Թուրքիան և Ադրբեջանը բազմաթիվ հաղորդակցություններ ունեն միմյանց կապվելու համար՝ Վրաստանով և Իրանով, ապա ստացվում է, որ Հայաստանով այդ երթուղու իմաստը՝ միայն Հայաստանի հարավը կտրելն է։

Այս ճանապարը 2022 թ․ սեպտեմբերին Ջերմուկի վրա հարձակման փորձի իմաստն էր։ Բաքուն պետք է մտներ Ջերմուկ և գրավեր Սիսիան-Երասխ ճանապարհը։ Այն ժամանակ դա չստացվեց՝ հայ զինվորների սխրանքի, այդ թվում՝ Արցախից հասած օգնության, նաև ԱՄՆ դիրքորոշման շնորհիվ։ Եթե հիշում եք, հենց այդ օրերին Հայաստան եկավ Նենսի Փելոսին։

Այս ճանապարհը՝ Հայաստանը խեղտող պարանն է, և պատահական չէ, որ հենց այդ երթուղին է առաջարկվում որպես միակ հնարավորը։ Մնացածը Անկարային և Բաքվին պետք չեն։

Հետաքրքիր է, որ հենց այս օրերին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեցին, որ Թրամփի ուղին առանց բոլոր կոմունիկացիաները բացելու իմաստ չունի։ Քանի որ դեռ ոչ մի նշան չկա, որ Բաքուն կբացի Նախիջևանը, կամ որ Հայաստան-Ադրբեջան անցակետերը կբացվեն, ստացվում է, որ ՀՀ Կառավարությունը խոստովանում է Թրամփի ճանապարհի անիմաստ լինելը։

«42-ից 43 կմ հատվածի առումով խոսքը գնում է երկաթգծին, որովհետև երկաթգծի ուղին այլևս պարզ է, ինքը փոփոխելու խնդիր չունի, որովհետև, խոսքը գնում է Խորհրդային Միության ժամանակվա երկաթգծի վերականգնման մասին։ Բայց ըստ պայմանավորվածությունների՝ խոսքը գնում է ենթակառուցվածքային ռեգիոնալ ինտեգրացիայի մասին, նշանակում է՝ բոլոր հնարավոր կապերը պետք է իրականություն դառնան, հակառակ դեպքում՝ ենթակառուցվածքի ֆրագմենտը չի կատարի այն դերը, չի ունենա այն դերը, որի մասին մենք խոսում ենք։Պետք է սինխրոն բացվեն բոլոր ճանապարհները, հակառակ դեպքում ինքը ուղղակի չի աշխատի լիարժեք։, երեկ ասել է Մհեր Գրիգորյանն «Ազատությանը»։

«Առնվազն մինչև Գյումրի չհասնելու պարագայում «Թրամփի ուղին»՝ TRIPP-ը,  ուղղակի իմաստը կորցնում է»: Սա էլ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Այսինքն եթե արևելքից ենք շարժը նկարագրում, եթե չի մտնելու Հայաստան, անցնի Հայաստանի հարավով, եթե երկաթուղին մտնում է Հայաստանի հարավ, անցնում է Հայաստանով, մտնում է Նախիջևան և չի շարունակվում Իջևանով և Երասխով չի մտնում, նորից Հայաստանում հասնում ինչ-որ մի տեղ, ապա իմաստ չունի», ասել է նա։

Պատասխանելով հարցին, կբացվի՞ Երասխ-Նախիջևան երկաթուղին, Արարատ Միրզոյանն ասաց, որ դա էլ կտեսնենք։ Որպես երաշխիք նա նշեց միայն «փոխշահավետությունը։»

Գրիգորյանի և Միրզոյանի հայտարարությունները հակասում են Նիկոլ Փաշինյանի խոսքերին․ փաստորեն, նա պատրաստ է բացել մեկ ճանապարը՝ առանց մնացած կոմունիկացիաների բացման երաշխիքի։

Կրթաթոշակի հնարավորություն Արցախցի երիտասարդների համար

Արցախ Միությունը հայտարարում է Արցախից տեղահանված անձանց համար բացառիկ կրթական հնարավորության մասին՝ հինգ լրիվ կրթաթոշակներ Գյումրիում գտնվող Շվեյցարա-հայկական հյուրընկալության ակադեմիայում (SAAH) սովորելու համար:

SAAH-ն հիմնադրվել է 2025 թվականին ՀԲԸՄ Կենտրոնական խորհրդի անդամ պրն Վահե Գաբրաշի կողմից՝ Հայաստանում  համաշխարհային մակարդակի հյուրընկալության ուսումնական կենտրոն ստեղծելու համար, որը կրում է շվեյցարական գերազանցության բոլոր առանձնահատկությունները և միաժամանակ արձագանքում է Հայաստանի զարգացող զբոսաշրջության և ծառայությունների ոլորտի կարիքներին։ Ակադեմիայում կրթությունը հիմնված է գործնական փորձի և մասնագիտական հմտությունների ձևավորման վրա։

SAAH-ն առաջարկում է EHL շվեյցարական դիպլոմ Հայաստանում, որը ճանաչված է ամբողջ աշխարհում որպես լավագույնը այդ ոլորտում:

EHL – École hôtelière de Lausanne (Լոզանի հյուրընկալության դպրոց) ճանաչվում է հյուրընկալության ոլորտում որպես լավագույն վարկանիշը ունեցող ուսումնական հաստատություն աշխարհում:

Ծրագիրը մասնագիտական կրթության տեսակ է (VET by EHL), որը համատեղում է միջազգային ակադեմիական բարձր չափանիշները և գործնական մասնագիտական պատրաստումը՝ երկակի կրթության սկզբունքով։

Ծրագրի նկարագրություն

Ծրագիրը տրամադրում է մասնակիցներին գործնական կարողություններ, գիտելիքներ և մասնագիտական կարողություններ, որոնք անհրաժեշտ են հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտներում հաջողության հասնելու համար ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Տևողությունը՝ մինչև 18 ամիս (երեք մակարդակ՝ հիմնական, միջին և բարձր)

Մասնագիտական աստիճան՝ դասընթացի ավարտից հետո դուք կկարողանաք ստանձնել վերահսկիչ-կառավարչական պաշտոններ

Ուսուցման ձևաչափը՝ աշխատանքի միջոցով սովորելը(յուրաքանչյուր մակարդակում 3 ամիս տեսական և գործնական պարապմունքներ Գյումրիի «Ծիրան» հյուրանոցում, ապա 3 ամիս պրակտիկա միջազգային աստիճան ունեցող հյուրանոցներում)

Ուսուցման լեզուները՝ անգլերեն և/կամ ֆրանսերեն (անհրաժեշտության դեպքում՝ հայերեն բացատրություններով)

Վայրը՝ Գյումրի, Հայաստան

Մասնագիտացումներ

Մասնակիցները կարող են մասնագիտանալ հետևյալ մասնագիտական ուղղություններից մեկում.

Խոհարարական արվեստ –  մասնագիտական պատրաստում միջազգային չափանիշներին համապատասխան խոհանոցային աշխատանքների և սննդի պատրաստման բնագավառում

Սննդի և ըմպելիքների սպասարկում – հմտություններ ռեստորանային կառավարման, սպասարկման գործընթացների և միջոցառումների կազմակերպման ոլորտում

Հյուրանոցային կառավարում – պատրաստում վարչարարության, հաղորդակցության և հյուրանոցային ծառայությունների կազմակերպման բնագավառում

Կրթաթոշակի վերաբերյալ մանրամասներ

SAAH-ի և նրա գործընկերների նախաձեռնությամբ հատկացվել են հինգ լրիվ կրթաթոշակ հատուկ Արցախից տեղահանված երիտասարդների համար։ Այս կրթաթոշակները նախատեսված են ուսման ամբողջ արժեքը ծրագրի ողջ ընթացքում ֆինանսավորելու համար ։

Նախապայմաններ

Դիմորդները պետք է լինեն Արցախից բռնի տեղահանված և 18 տարին լրացած կամ ավելի բարձր

Նրանք պետք է ունենան անգլերենի առնվազն B1 մակարդակ։

Հյուրընկալության ոլորտում նախկին աշխատանքային փորձ չի պահանջվում հիմնական մակարդակ մուտք գործելու համար

Դիմորդները պետք է ցուցաբերեն մոտիվացիա, նվիրվածություն և հետաքրքրվածություն հյուրընկալության կամ զբոսաշրջության ոլորտում կարիերա կառուցելու նկատմամբ

Դիմելու կարգը

Թեկնածուները պետք է ներկայացնեն մոտիվացիոն նամակ անգլերենով (առավելագույնը 300 բառ) և ինքնակենսագրական (СМ) մինչև նոյեմբերի 3-ը, ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011-202-500 հեռախոսահամարով։

Միքայել Արզումանյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ44-օրյա պատերազմի օրերին Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է գեներալ լեյտենանտի փաստաբան Երեմ Սարգսյանը՝ առանց այլ մանրամասներ նշելու։

Նա կալանավորվել էր 2022-ի սեպտեմբերին: Միքայել Արզումանյանը մեղադրվում է պատերազմի առաջին օրերին Թալիշի Արեգա բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջի» հրաման տալու համար։ 

Մյուս մեղադրանքն արդեն Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութությանն է առնչվում։

Միքայել Արզումանյանը մեղադրանքը չի ընդունում: 

3 տարի քննությունը չի կարողանում ոչ ապացուցել մեղադրանքը, ոչ էլ իր մեջ ուժ գտնել՝ հրաժարվել մեղադրանքից։ Այդ 3 տարվա ընթացքում քաղաքականություն է փոխվել․ Արցախը 2023 թ․ հայաթափվել է, 2022-ին Փաշինյանը “ճանաչել է” Արցախը Ադրբեջանի մաս, իսկ վերջերս ՀՀ խորհրդարանը հրաժարվել է հրապարակավ քննարկել 44-օրյա պառերազմի մասին 3 տարի պատրաստած զեկույցը։   

Հոկտեմբերի 27-ը, Արամ Սարգսյանը, Մեղրիի գործարքը և Թրամփի ճանապարհը

Այսօր՝ հոկտեմբերի 27–ին, լրագրողների հետ զրույցում Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանն ասաց. «Արտաքին քաղաքականության հետ կապված վարկածը, կապված Մեղրիի տարբերակի հետ, ստուգված չէ»,–ասաց նա։

Վազգեն Սարգսյանն ուզում էր հասնել նրան, որ Հայաստանի բանակն իր սպառազինությամբ որևէ կերպ չզիջի Ադրբեջանին, ասել է Արամ Սարգսյանը։

«Նա Սամվել Բաբայանի հետ մտել են Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ և ասել, թե մնացած 5 շրջաններով ինչ ուզում ես՝ կարող ես զիջել, բայց Քելբաջարն ու Լաչինը պահում ես, Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելուց հետո տալիս ենք նաև Քելբաջարը։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ նման տարբերակ չունի։

Այսինքն՝ Վազգեն Սարգսյանի մոտեցումներին՝ պահեցին, չպահեցին, հիմա հաշտ եմ, հաշտ չեմ… լիքը բաների հետ հաշտ չեմ, ձեր հարցերի հետ էլ հաշտ չեմ, իմ խղճի հետ էլ հաշտ չեմ, կորցրածի հետ էլ հաշտ չեմ»,-ասաց Արամ Սարգսյանը։

Այսօր, հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերի 26-րդ տարելիցին, բազմաթիվ անգամ է հնչել, որ հանցագործությունը բացահատված չէ, քանի որ պարզ չեն պատվիրատուները։ Թեկուզ կուլիսներում Ռուսաստանի անունն են տալիս, ասում են, որ ողբերգությունը կապված էր Վազգեն Սարգսյանի և Դեմիրճյանի՝ ԱՄՆ-ի հետ ինչ-որ պայմանավորվածությունների հետ, պաշտոնապես այդ հարցը չի բարձրացվել, այդ թվում Փաշինյանի 7 տարվա կառավարման ընթացքում։ 

Ավելին, նույիսկ Թրամփի ճանապարհի մասին պայմանավորվածությունից հետո, որը Մեղրիի ուղու մոդիֆիկացիան է, հոկտեմբերի 27-ը մնում է չբացահայտված։    

Դավադրության տեսություններ Բրիջիտ Մակրոնի տրանսգենդերության մասին. դատավարություն

RFI

Դատարանի առաջ կկանգնեն ութ տղամարդ և երկու կին, որոնց տարիքը 41-ից 60 տարեկան է։ Նրանք մեղադրվում են Բրիջիտ Մակրոնի հասցեին ուղղված բազմաթիվ չարամիտ հրապարակային արտահայտություններ անելու մեջ։ Այդ արտահայտությունները, մասնավորապես, վերաբերում էին նրա սեռին։ Մեղադրյալները նաև Բրիջիտ Մակրոնի և նրա ամուսնու միջև տարիքային տարբերությունը նույնացրել են «պեդոֆիլիայի» հետ։ Նրանց սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում։

Առցանց ոտնձգությունների հետաքննությունը սկսվել է Բրիջիտ Մակրոնի կողմից 2024 թվականի օգոստոսի 27-ին ներկայացված բողոքից հետո։ Այս գործի կապակցությամբ մի քանի ձերբակալություններ են իրականացվել։

Մեղադրյալների թվում է 51-ամյա «մեդիում» Դելֆին Ժ.-ն, որը հայտնի է Ամանդին Ռոյ կեղծանվամբ։ Նա զգալիորեն նպաստել է այն դավադրության տեսության տարածմանը, որ Բրիջիտ Մակրոնը, ենթադրաբար, ծնվել է որպես տղամարդ՝ Ժան-Միշել Տրոնյո անունով, որը Բրիջիտ Մակրոնի եղբոր անունն է։ Այս տեսությունը հաստատող որևէ ապացույց չկա։ Դրա անհեթեթությունն ընդգծվում է այն փաստով, որ Ժան-Միշել Տրոնյոն կենդանի է՝ 80 տարեկան հասակում։

Բրիջիտ Մակրոնի տրանսգենդեր լինելու տեսությունը հատկապես լայն տարածում է գտել Միացյալ Նահանգներում: Ֆրանսիայի նախագահական զույգը ԱՄՆ-ում դատի է տվել ծայրահեղ պահպանողական թրամփիստ բլոգեր Քենդիս Օուենսին, որը հրապարակել է «Դառնալով Բրիջիտ» վերնագրով տեսանյութերի շարք: Դրանցում Օուենսը պնդում է, որ Բրիջիտ Մակրոնը ծնվել է որպես տղամարդ: Տեսասագան միլիոնավոր դիտումներ է ստացել։

Քենդիս Օուենսի դեմ հայցի շրջանակներում Բրիջիտ Մակրոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում «ենթարկվել ֆիզիոլոգիական թեստերի»՝ հաստատելու համար, որ ինքը կին է, ըստ զույգի փաստաբան Թոմ Քլերի: