Month: Հոկտեմբեր 2025
Արարատ Միրզոյան. 1991 թվականից սկսած ՀՀ տարածքը նույնն է
Նկարում՝ Շուշի, 2020 թ․ մայիս
«Ես եւ մեր հանրությունը ձեզանից երկու կարեւոր խնդրի լուծում է ակնկալում՝ մեր սուվերեն տարածքներից Ադրբեջանի դուրս գալը, օկուպացված տարածքների հարցը եւ երկրորդը՝ գերիների, պատանդառնված անձանց ազատ արձակում։ Ես այդ երկու հարցի վերաբերյալ հասարակությանը բավարարող պատասխան մինչեւ հիմա չեմ ստացել»,- ԱԺ նիստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին դիմեց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ 1991 թվականից սկսած ՀՀ տարածքը նույնն է։ «ՀՀ-ն ոնց կար, ոնց հռչակվել է, ոնց արտացոլվել էր ձերոնց կողմից ընդունված Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում, ՀՀ տարածքը լրիվ նույնն է եղել։ Այսօր էլ ՀՀ տարածքը նույնն է՝ մի փոքրիկ տարբերությամբ, որ ռազմական գործողությունների հետեւանքով ինչ-որ տարածքներ հայտնվել են Ադրբեջանի ձեռքին։ Ռազմական գործողությունների հետեւանքով մեր սուվերեն տարածքների շուրջ 200 քկմ-ն գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Նաեւ գաղտնիք չէ, որ կան միջազգայնորեն ճանաչված սահմանների առումով Ադրբեջանին պատկանող տարածքներ, որոնք գտնվում են մեր զինված ուժերի վերահսոկղության ներքո։ Եվ ուրեմն, ինչպե՞ս լուծենք այս հարցը՝ մեր խորին համոզմամբ՝ ոչ նոր ռազմական գործողությունների ճանապարհով այդ սուվերեն տարածքներն ազատագրելու ճանապարհով։ Մենք ունենք ընկալում, որ այս տարածքներն օրինական տերերին վերադարձի գործընթացը պետք է տեղի ունենա մեկնարկած եւ շարունակվող սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի շրջանակներում եւ արդյունքում։ Այ եթե այդ գործըթնացը չի արտացոլի իրավական առումով միմյանց պատկանելիքը, եկեք եւ ասեք, որ մենք ձեզ խաբեցինք»,- նշեց Միրզոյանը։
Փաշինյանը` թոշակների բարձրացման, բուժապահովագրության և քյասիբության մասին
Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Անկանխիկ եղանակով թոշակառուների ծախսերի հետվերադարձի համակարգը զարգանալու է և 2026 թվականին հասնելու է 20%-ի ներկայիս 12%-ի փոխարեն։ Սա, ըստ էության, թոշակի բարձրացում է։
Հաջորդը, մենք այս տարին ներդնելու ենք համընդհանուր հետվճարի համակարգ. անկախ առևտրի երկու տոկոսը քաղաքացիները հետվճարի ձևով կստանան”։
Ամենակարևոր նորություններից մեկը նա համարեց այն, որ 2026–ին կներդրվի առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը, և 2026 թվականին ըստ էության քաղաքացիները դրա հետ կապված որևէ ծախս չեն նկատի, որովհետև ծախսերը ամբողջը կանի կառավարությունը ադապտացիոն էս շրջանում։
«Բայց նաև հետագայում կառավարությունը նախատեսում է, որ պետք է ապահովվի մինչև 18 տարեկան երեխաների, 65 պլյուս տարիքի թոշակառուների, նաև որոշակի սոցիալական խմբերի առողջապահության ապահովագրությունը”։
Հայաստանում աղքատությունը մնում է մոտավորապես 23%, և այս ցուցանիշը վերջին տարիներին էապես չի նվազել, ասել է Նիկոլ Փաշինյանը։ «Ես եզրակացրել եմ, որ պատճառը մեր քայքայվող դպրոցներն են», – հայտարարել է նա։
Փաշինյանի խոսքով, ՀՀ-ում շատ բիզնեսներ չեն կարողանում գտնել աշխատողներ, այդ թվում՝ բարձր վարձատրվող ոլորտներում։ Փաշինյանը կարծում է, որ այն մարդիկ, ովքեր պետք է զբաղեցնեին այդ աշխատատեղերը, չեն ստացել համարժեք կրթություն։ Դրա համար Ակադեմգորոդոկի և դպրոցների կառուցումը կշարունակվի։
Երասխ-Սադարակ հատվածի բացման առաջարկին Ադրբեջանն ի՞նչ է ասել
«Պարոն Միրզոյան, եթե խաղաղության պայմանագրի տեքստն այդքան լավն է, մի հարց՝ այդ դեպքում ինչո՞ւ ադրբեջանական վերջին երկու առաջարկությունների հետ, իրենց խմբագրման հետ միանգամից չհամաձայնեցիք, այլ այն բանից հետո համաձայնեցիք, երբ Ադրբեջանը մոտ 2 ամիս հրետակոծում էր Սյունիքի՝ առնվազն երկու հայկական դիրք»,- Ազգային ժողովում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Արարատ Միրզոյանն ասաց․ «Մենք առաջարկություն ներկայացրեցինք վերջին երկու հոդվածի վերաբերյալ, որոնց շուրջ չկար վերջնական համաձայնություն։ Եվ, ահա, ինչ-որ մի պահի մենք եկանք այն համոզման, որ այդ հոդվածների հետագա կատերալագործման ուղղությամբ ջանքերը եւ ժամանակը կարող են վտանգի տակ դնել մնացած բոլոր հոդվածներով ձեռք բերված համաձայնությունները։ Ավելին, այ մտադրությունները, որրոնք մենք դնում էինք այդ դեռեւս վերջնականորեն չհամաձայնեցված երկու հոդվածների կապակցությամբ մեր առաջարկների տակ, մենք եկանք համոզման, որ այդ ուղղությամբ աշխատանքները թեւերս ավելի դյուրին կերպով կընթանան, եւ ավելի դրական լուծման հնարավորություն կունենանք արդեն հաստատված խաղաղության պայմաններում։ Այս պատճառով էր, որ մենք մարտի կեսերին հայտարարեցինք, որ տեքստն այլեւս փոխհամաձայնեցված է»։
Արթուր Խաչատրյանը նաեւ ասաց․ «Եթե չբացվի Երասխ-Սադարակ հատվածը, էս կապի բացումը, ինչ ուզում է լինի, աշխարհի ամենալավ ճանապարհն էլ լինի, Հայաստանին բացարձակապես ոչ մի բան չի տալու։ Ադրբեջանն այդ առաջարկին ի՞նչ է ասել՝ կոնկրետ այդ ուղղությամբ աշխատանք կա, թե՞ չկա»։
Արարատ Միրզոյանը նշեց. «Պարոն Խաչատրյան, հավատացնում եմ ձեզ, էդ օրն էլ կգա, սաղ կբացվի, էդ էլ կտեսնենք»։
Միրզոյան․ Բաքվի հետ բոլոր պայմանավորվածությունները փոխշահավետ են
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր խորհրդարանում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավովածություններին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ նախաստորագրված փաստաթղթին։
«Երեւի բոլորս կհիշենք, թե ինչ բարդ կոնֆիգուրացիաներով ինչպիսի ստեր եւ մանիպուլյացիաներ էին տարածվում այս պայմանագրի վերաբերյալ՝ սահմանադրությունների փոփոխություն, հարյուր հազարավոր մարդկանց շարժ այստեղից այնտեղ եւ այլն։ Փառք Աստծո, թուղթը հրապարակային է, եւ տեսնում ենք, որ այդ մանիպուլյացիաներից եւ որեւէ մեկն այդտեղ ոչ միայ չկա, այլ նաւե հեռավոր ակնարկ այդ ամեն ինչի մասին չկա»,- ասաց Միրզոյանը։
Նա հավելեց, որ այսպիսի դրսեւորումները տեսանելի են որոշակի տրամադրվածություն ունեցող քաղաքական ուժերի եւ նրանց ազդեցությա տակ գտնվող մեդիա ռեսուրսների կողմից։ «Ցավալի է, բայց փաստ է, մեզ մնում է հերթական անգամ առանց դադարելու յուրաքանչյուր հնարավորության դեպքում ցույց տալ, որ այդ ամբողջը կեղծ է։ Վաշինգտոնյան համաձայնության ենթակառուցվածքների կտորին անդրադառնամ՝ չափազանց կարեւոր է հասկանալ, արձանագրել, որ խոսքը մեծ ապաշրջափակման մասին է։ Իսկ Հայաստանը 30 եւ ավելի տարիներ գտնվում է շրջափակման ներքո, եւ հիմա երկու երկրները պայմանավորվել են ապաշրջափակել միմյանց միջեւ տրանսպորտային ենթակառուցվածքները կամ կառուցել նոր ենթակառուցվածքներ, եթե հարկ կլինի։ Սա առաջին հերթին նշանակում է Հայաստանի ապաշրջափակում մեզ համար։ Ես հասկանում եմ, որ երբեմն ցանկություն է առաջանում նեղացնել այս թեման, հանգեցնել Ադրբեջան-Նախիջեւան կապին, բայց մեծ ապաշրջափակման ջանքերը, համաձայենցված սկզբունքները ներառում են նաեւ Ադրբեջան-Նախիջեւան կապը։ Ընդ որում, ենթակառուցվածքը նույնկերպ շահագործվելու ու օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության կողմից»,- նշեց նա։
Արարատ Միրզոյանը կրկնեց, որ այդ գործընթացը տեղի է ունենալու տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության ճանաչման, երկրների լիակատար ինքնիշխանության եւ իրավազորության հարգմամբ, եւ հետադարձության սկզբունքը եւս պահպանված է։
«Այն, ինչ կապաշրջափակվի, այդ թվում՝ Ադրբեջան-Նախիջեւան հաղորդակցությունը, գործելու է ամբողջապես ՀՀ իրավազորության ներքո։ Հիշում ենք՝ ամիսների, տարիների խոսակցություններն այն մասին, որ այս ենթակառուցվածքները հանձվելու են երրորդ երկրի վերահսկողությանը, կան երկրներ, որոնք քննարկվում էին որպես թեկնածուներ, երկրներ, որոնք անվտանգային կամ զինված ուժեր էին տեղակայելու այդ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Սիրելի հանրություն, ահա տեսնում ենք, որ այդ ամբողջ մանպուլյացիաները եւս հօդս ցնդեցին։ Նույն Վաշինգտոնյան համաձայնությունների շրջանակներում Հայաստանը եւ ԱՄՆ-ն պայմանավորվել են, որ միասին կհիմնեն եւ ջանքեր կգործադրեն TRIPP ուղու իրականացման ուղղությամբ։ Սա ըստ էության կլինի հայ-ամերիկյան ուղղություն, որը կտնօրինի եւ կշահագործի այդ կապուղին»,- հայտարարեց նա։
Արարատ Միրզոյանը նաեւ հարցադրում արեց՝ ո՞րն է երաշխիքը, որ այս ամենը կպահվի կամ խաղաղությունը կշարունակվի։ «Երաշխիք ասելով՝ մշտապես նկատի է առնվել որեւէ երրորդ կողմի՝ շատ ուժեղ կամ մեծ տերությունների ստորագրությունը կամ բանավոր երաշխիքը։ Պետք է ասեմ, որ եւ մեր օրինակով, եւ բազմաթիվ այլ օրինակներով այս կարգի երաշխիքներն ընդհանրապես չեն գործել։ Եվ պատասխանելով հարցին, թե ո՞րն է այնուամենայնիվ երաշխիքը, որ կպահվի ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը, հետեւյալն է՝ բոլոր պայմանավորվածությունները, որոնք մենք ձեռք ենք բերել, ստորագրել ենք եւ հրապարակել, այդ բոլոր պայմանավորվածությունները համարում ենք փոխշահավետ։ Այս փոխշահավետությունն է, որն ապահովելու է պայմանավորվածությունների հետագա ընթացքը, կենսագործումը եւ հարատեւությունը»,- նշեց նա։
Արցախցիներին աջակցելու համար 2026-ին տրամադրվելու է 55 մլրդ․ դրամ
55 միլիարդ դրամ տրամադրվելու է Ղարաբաղի մեր քույրերի և եղբայրների բնակապահովման և այլ կարիքների խնդիրների հասցեագրման համար։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Բաքուն և Թբիլիսին հրաժարվեցին գալ Երևան՝ Եվրախորհրդարանի դիրքորոշման պատճառով
Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի «Եվրոնեստ» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը նախատեսված է հոկտեմբերի 28-30-ը Հայաստանի մայրաքաղաքում։
Պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշլին «APA» լրատվական գործակալությանը հայտնել է, որ Եվրախորհրդարանի փաստաթղթերն ու հայտարարությունները անհամատեղելի են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հետ։
Նրա կարծիքով, նման հայտարարությունները չեն նպաստում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմանը, այլ ավելի շուտ օգուտ են բերում հակամարտության երկարաձգմամբ հետաքրքրված ուժերին։
Վրաստանը նույնպես հրաժարվել է մասնակցել լիագումար նիստին։ Եվրոպական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին այս որոշումը բացատրել է Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների թշնամական հռետորաբանությամբ, ինչպես նաև այն փաստով, որ «Եվրոնեստը» խրախուսում է հակաժողովրդավարական վարքագիծը և բռնի կամ արմատական քաղաքական օրակարգերը։
Խաղաղության մասին անվերջ խոսակցությունները բացառում են միջոցները, որոնք կկանխեն գործընթացի խափանումը
Երեկ Թրամփը միջնորդեց «խաղաղության պայմանագրի» ստորագրումը ևս երկու երկրների՝ Կամբոջայի և Թաիլանդի միջև։ Թրամփը կորցրել է իր «խաղաղության նախաձեռնությունների» հաշիվը, բայց միշտ հիշում է մեկ լուծված հակամարտություն։ «Կան Ադրբեջան և Հայաստան։ Դա շատ դժվար էր։ Իրականում, Պուտինը հեռախոսով ինձ պատմեց այդ մասին։ Նա ասաց. «Օ՜, Աստված իմ, դա ցնցող էր, քանի որ բոլորը փորձում էին դա անել, բայց չկարողացան»։ Ես դա արեցի», – եզրափակեց Թրամփը։
Փաշինյանն ու Ալիևը ամեն օր պնդում են, որ Թրամփի շնորհիվ խաղաղություն է հաստատվել, և որ տարածաշրջանային համագործակցությունը վաղը չէ մյուս օրը կսկսվի։ Հայկական կողմը ռազմական բախումների և զոհերի բացակայությունն է շեշտում որպես նվաճում, մինչդեռ Բաքուն շարունակում է պնդել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը և Արցախի նկատմամբ Հայաստանի իրավունքից պաշտոնապես հրաժարվելը։ Այսպիսով, Բաքուն ցույց է տալիս, որ ո՛չ ռազմական ագրեսիան, ո՛չ օկուպացիան, ո՛չ Թրամփի միջնորդությունը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը չեն լուծել գլխավոր խնդիրը՝ հայկական Արցախի հանդեպ իրավունքի ձեռքբերումը։
Հողի հանդեպ սեփականության իրավունքն է հակամարտությունների կարգավորման բանալին, և Թրամփը փորձում է դառնալ այդ իրավունքի անվիճելի աղբյուրը ամբողջ աշխարհի համար: Թրամփը իր ստորագրությունը պատկերացնում է որպես խաղաղության երաշխիք, և նա մտադիր է օգտագործել հայկական Արցախի օրինակը որպես «նախադեպ»:
Թրամփը փորձում է այս նախադեպը տարածել ռուս-ուկրաինական հակամարտության վրա: Նրա առաջարկած ծրագիրը ենթադրում է Ռուսաստանի իրավունքի ճանաչում Ուկրաինայի օկուպացված տարածքների նկատմամբ: Միակ խնդիրը Դոնեցկի շրջանի 12%-ն է, և Թրամփը, ըստ երևույթին, որոշել է Պուտինին ժամանակ տալ այդ 12%-ը նվաճելու համար, ինչն այժմ տեղի է ունենում:
Ինչ վերաբերում է Գազայում «կարգավորմանը», այստեղ նույնպես վերջնական լուծումներ չկան. արևմտյան լրատվամիջոցները պնդում են, որ Համասը պահպանել է իշխանությունը և բոլոր իրավունքները Գազայում, մինչդեռ Իսրայելին հաջողվել է միայն ապահովել պատանդների վերադարձը: Հողի հանդեպ իրավունքի հարցը մնում է չլուծված:
Այս ֆոնին, Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը որպես «վերջնականապես հաստատված խաղաղություն» ներկայացնելը վտանգավոր է թվում, քանի որ այն բացառում է գործընթացի ռազմական ագրեսիայի վերածվելը կանխելու միջոցառումները: Նման հեռանկարը հավանական է թվում՝ հաշվի առնելով հակամարտությունների կարգավորման համընդհանուր սկզբունքների բացակայությունը համաշխարհային մակարդակով և Թրամփի կամ որևէ մեկի անկարողությունը որոշել հողերի սեփականության իրավունքը։
Գործընթացի խափանումը «հաշտեցման» և դիմադրության թուլացման պայմաններում կարող է աղետալի լինել Հայաստանի համար։
Ռուսաստանը մշակում է օկուպացված տարածքներում «անտեր բնակարանների» սեփականաշնորհման մասին օրենք
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ կառավարության օրենսդրական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինայի օկուպացված շրջաններում «անտեր գույքի» պետական սեփականության փոխանցումը: Այս կատեգորիան կներառի այն բնակարանները, որոնց սեփականատերը պաշտոնական սեփականության վկայականներ չունի կամ որոնց սեփականատերին դժվար է նույնականացնել, ըստ Astra փաբլիկի։
Այս բոլոր «բռնագրավված» տներն ու բնակարանները կփոխանցվեն նրանց, ովքեր նոր շենքերում բնակարան չեն ստացել: Նման գույքը կփոխանցվի նաև ռուս զինծառայողներին, ոստիկանության աշխատակիցներին, պետական պաշտոնյաներին, ինչպես նաև բժշկական աշխատողներին և ուսուցիչներին: Росреест-ի տվյալներով՝ 2025 թվականի օգոստոսի դրությամբ օկուպացված տարածքներում հայտնաբերվել է 550,000 «անտեր» գույք: Ռուսաստանի Պետդուման պատրաստվում է քննարկել «լքված» բնակարանների մասին օրինագիծը։
Արցախում մնացել է զգալի անշարժ գույք, որի մի մասը Բաքվի իշխանությունները արդեն ոչնչացրել են, իսկ մյուսները զբաղեցրել են այն անձինք, ովքեր կապ չունեն տվյալ գույքի հետ: Ալիևն արդեն ակնարկել է, որ այդ տները կարող են համարվել տիրազուրկ և բռնագրավվել:
Ռուսաստանի «անտեր» տների մասին օրենքը կարող է նախադեպ ստեղծել Բաքվի համար։ Սա հատկապես հնարավոր է, քանի որ Հայաստանը չի ճանաչում արցախցիների սեփականության իրավունքը Արցախում գտնվող իրենց սեփականության նկատմամբ, չնայած նրանք ունեն նույն կապույտ անձնագրերը, ինչ մյուս ՀՀ բնակիչները։ Արցախի բնակիչների արտաքսումից և իրենց սեփականությանը մուտք գործելու փաստացի կորստից հետո Հայաստանը հրաժարվեց իրականացնել կորցրած սեփականության փոխհատուցման ծրագիրը, որը կներառեր սեփականության գույքագրումը և փոխհատուցման համար միջոցների հայթայթումը։ Հայաստանի կառավարությունը ընդունեց արցախցիների համար վարձավճարների փոխհատուցման ծրագրեր, որոնց հաջորդեց բնակարանային ծրագիրը, որը հիմնված է ընտանիքի անդամներին բնակարան գնելու համար 3-5 միլիոն դրամ վճարումների վրա։
Այլ կերպ ասած, արցախցիների՝ իրենց լքված սեփականության իրավունքը լիովին անտեսվել է։
Ոչ կառավարական ուժերը առաջ են մղում արցախցիների վերադարձի գաղափարը՝ որպես իրենց սեփականության իրավունքը վերականգնելու միջոց։ Սակայն Հայաստանի կառավարությունը այս ուղին անիրատեսական է համարում։
Սեփականության իրավունքը վաղեմության ժամկետ չունի, բայց մինչ Ուկրաինայի դեպքում սեփականության վկայականը տրվել է ուկրաինական պետության կողմից, Արցախի դեպքում դրանք չճանաչված Արցախի Հանրապետության կողմից տրված փաստաթղթեր են։ Հայաստանը հրաժարվում է ճանաչել այս սեփականությունը որպես իր քաղաքացիների սեփականություն։
Ի՞նչ կլինի, եթե Լիտվան փակի Կալինինգրադի տարանցիկ ճանապարհը
Լիտվայի իշխանությունները պատրաստվում են վճռական պատասխան Բելառուսից եկող հիբրիդային հարձակումներին, որը կարող է ներառել Ռուսաստանի Կալինինգրադ տանող տարանցիկ ուղիների կտրումը:
Լիտվայի ղեկավար Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ կառավարությունը պետք է քննարկի խիստ միջոցներ ձեռնարկելու հարցը՝ ի պատասխան Բելառուսից օդերևութաբանական օդապարիկների հետ կապված կրկնվող միջադեպերի: Հնարավոր քայլերի թվում են Բելառուսի հետ սահմանի երկարաժամկետ փակումը և Կալինինգրադ տանող տարանցման սահմանափակումները, հաղորդում է Delfi-ն:
Ռուսաստանը իր կիսաանկլավ Կալինինգրադի (Կյոնիգսբերգ) հետ ցամաքային կապ է հաստատում Բելառուսի և Լիտվայի միջոցով, չնայած ունի ծովային կապեր:
Հայաստանը միակողմանի՞ կբացի սահմանները Անկարայի և Բաքվի համար
Առաջին անգամ է, երբ մենք Հայաստանի բյուջեն քննարկում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում, ըստ էության, առաջին անգամ է, որ մենք բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, կարևոր է, որ նոր փաստեր, հանգամանքներ է ի հայտ բերում հաստատված խաղաղությունը. «Մասնավորապես, նկատի ունեմ Ադրբեջանի այն հայտարարությունը, որով Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան տարանցման սահմանափակումները։ Սա, ըստ էության, պատմական իրադարձություն է, նշանակում է Հայաստանի շրջափակման հաղթահարման առաջին փուլը։ Կարևոր է նաև, որ Հայաստանն էլ արձագանքող լինի այդ հայտարարություններին, համապատասխան քայլեր անի։
Այս պահին դրան մեր արձագանքը հետևյալն է՝ հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան, Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղիով։ Սա ընդգծում եմ, որովհետև սա այս պահին միակ տարբերակն է, որ հենց այսօր կարող ենք իրականացնել»,- ասաց Փաշինյանն՝ ընդգծելով, որ ինչպես Ադրբեջանը մեզ համար վերացրել է տարանցման սահմանափակումները, նույնկերպ և մենք վերացնում ենք տարանցման սահմանափակումները։
Ալիևը չի վերացրել դեպի Հայաստան տանող տարանցիկ սահմանափակումները. Հայաստանի համար նախատեսված բեռները, որոնք նա թույլատրել է տեղափոխել իր տարածքով, իրականում կմտնեն Հայաստան Վրաստանի միջոցով: Սա նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանային անցակետերը կմնան փակ:
Այժմ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատրաստ է ապահովել Թուրքիայից (Մարգարա) տարանցումը Երասխով, Վայոց ձորով դեպի Գորիս և Ադրբեջան: Սա ենթադրում է, որ Հայաստանը ոչ միայն միակողմանիորեն կբացի իր սահմանը «երրորդ երկրների համար», այլև պարտավոր կլինի ապահովել անվտանգ միջանցք Երասխով, Վայոց ձորով և Սյունիքով, ինչը գործնականում կկտրի Վայոց ձորը և Սյունիքը Հայաստանից: Առնվազն, երբ այս ճանապարհով երթևեկեն թուրքական մեքենաները, հայկական մեքենաներին կարգելվի երթևեկել:
Պուտինը շտապ մարդ է ուղարկել ԱՄՆ, սակայն այցը անհաջող էր
Կրեմլի դեսպան Կիրիլ Դմիտրիևի Վաշինգտոն կատարած շտապ այցը, որը տեղի ունեցավ ռուսական նավթային ընկերությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումից հետո, կարծես թե անհաջող ավարտվեց։
Օրինակ՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, Face the Nation-ի եթերում ելույթ ունենալով, Դմիտրիևին անվանեց «քարոզիչ»՝ մեկնաբանելով նրա պնդումները, որ պատժամիջոցները, իբր, որևէ ազդեցություն չունեն Մոսկվայի վրա։
«Դուք իսկապե՞ս պատրաստվում եք մեջբերել ռուս քարոզչի։ Ուրիշ ի՞նչ պետք է նա ասի։ Որ ամեն ինչ սարսափելի է, և դա կստիպի Պուտինին բանակցություններ վարել։ Իհարկե՝ ոչ», – ասաց նախարարը՝ պատասխանելով հաղորդավարի մեջբերմանը։
Բեսենթը հայտարարեց, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակում են արդյունավետ լինել և արդեն իսկ ունենում են շոշափելի հետևանքներ։ Պաշտոնյան նշեց, որ Ռուսաստանի նավթային եկամուտները նվազում են, քանի որ Չինաստանը և Հնդկաստանը աստիճանաբար կրճատում են գնումները։ Նա հիշեցրեց, որ նավթի արտահանումը մնում է Պուտինի ռազմական մեքենայի ֆինանսավորման հիմնական աղբյուրը, ուստի ԱՄՆ-ի նպատակն է սահմանափակել այս հոսքը։
«Աճը (ռուսական տնտեսության – խմբ.) գործնականում զրոյական է։ Իմ կարծիքով՝ գնաճը գերազանցում է 20%-ը», – հավելել է նախարարը՝ մեկնաբանելով Ռուսաստանի տնտեսության վիճակը, հաղորդում է Dialog-ը։