Ինչու Վրթանես սրբազանը հանդիպեց Փաշինյանի հետ, նա ի՞նչ կապ ունի Արցախում եկեղեցինրի հետ

Արցախի թեմի առաջնորդարանի դուռն այսօր փակ է, իսկ մի խումբ մարդիկ հավաքվել են այնտեղ՝ պահանջելու թեմի առաջնորդից ներողություն խնդրել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու համար։

«Արցախի թեմի առաջնորդը բարոյական իրավունք չունի հանդիպելու այն մարդուն, ով պատասխանատու է Արցախի հանձման գործում։ Վրթանես Սրբազանի դեմ հնարավոր է կոմպրոմատներ կան, թե ինչպիսիք, ես չգիտեմ։ Գուցե շանտաժ են արել, պարզաբանում պետք է ներկայացնի, թե ինչ է եղել»,– լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։

Նրա խոսքով, արցախցիները չեն կարող ունենալ այսպիսի հոգեւոր առաջնորդ, որը կիսում է այս իշխանությունների տեսակետն Արցախի վերաբերյալ։

Թեկուզ ակցիային այդքան էլ շատ մարդ չի հավաքվել, բայց արցախցիների զայրույթը, որը արտահայտվել է նաև սոցցանցերում, ակնհայտ է։ Մարդիկ հիշում են, որ Վրթանեսը արցախցիների հետ չէր ծանր օրերին, նաև չեն կարողանում մտաբերել, թե ինչ գործունեություն է նա ծավալել Արցախում մնացած եկեղեցիների պաշտպանության ուղղությամբ։

Արցախում մնացել է 5658 հուշարձան, որից 385 եկեղեցի, 60 վանական համալիր, 2835 խաչքար, 400 գերեզմանոց, որոնք մինչեւ 19-րդ դարն էին ձեւավորվել։

Հիշատակվում է նաև, որ Կաթողիկսի հետ Փաշինյանի խնդիրները ամենյան հավանականությամբ կապված էին Արցախում մնացած եկեղեցիների ճակատագրի հարցը միջազգային ատյաններում բարձրացնելու հետ։

Սա իսկապես եզակի իրավիճակ է. էթնիկ և կրոնական առումով գրեթե միատարր տարածաշրջանը  օկուպացված է, բնիկ բնակչությունը տեղահանված, իսկ ազգային և կրոնական սեփականության նկատմամբ վերահսկողությունը փոխանցվել է թշնամական պետությանը: Գարեգին Բ կաթողիկոսը միջազգային ֆորումում բարձրացրեց Հայ Առաքելական Եկեղեցու՝ Արցախում գտնվող եկեղեցիների նկատմամբ սեփականության հարցը: Նա պահանջեց ապահովել դրանց մուտքը և միջազգային առաքելություն՝ դրանք պաշտպանելու համար:

Սա վրդովմունք առաջացրեց թե՛ Բաքվում, թե՛ Հայաստանի կառավարությունում: Փաշինյանի կինը վիրավորանք հնչեցրեց կաթողիկոսի հասցեին: Սակայն հարցը մնում է անպատասխան. եթե միջազգային հանրությունը ճանաչում է Հայ Եկեղեցու իրավունքները Արցախում լքված սեփականության նկատմամբ, ապա ինչպե՞ս կարող են դրանք «փոխանցվել» Բաքվին Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ: Ընդ որում, Փաշինյանը կապ չունի ոչ Արցախի հետ, ոչ եկեղեցու։

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհուրդը չի կիսում վերջին օրերին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կեցվածքն ու դիրքորոշումը, որն առաջացրել է մեր ժողովրդի արդարացի ցասումն ու զայրույթը. այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԵ Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

Թեմական խորհրդի ատենապետը հայտնեց նաև, որ նոյեմբերի 28-ին թեմական խորհրդի անդամները հանդիպել են Արցախի թեմի առաջնորդին և հորդորել հայտարարությամբ հանդես գալ և ներողություն խնդրել իր բռնագաղթյալ ժողովրդից։ Այդուհանդերձ, չնայած թեմի առաջնորդի հավաստիացումներին, հայտարարության մեջ ներողության խոսք չի չհնչել։ Ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի` փաստացի Արցախի թեմի առաջնորդը չցանկացավ ներողամտություն հայցել իր ժողովրդից։ Դեռ ավելին, իր հայտարարություններով ավելի խորացրեց վրդովմունքն ու ափսոսանքը։

Նեթանյահուն ներման խնդրանքով դիմել է Իսրայելի նախագահին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ներման պաշտոնական խնդրանք է ներկայացրել նախագահ Իսահակ Հերցոգին, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է Իսրայելի նախագահի գրասենյակը։

«Նախագահի գրասենյակը գիտակցում է, որ սա արտակարգ խնդրանք է, որը կրում է էական հետևանքներ։ Բոլոր համապատասխան կարծիքները ստանալուց հետո նախագահը կքննարկի խնդրանքը», – հայտնել է Հերցոգի գրասենյակը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է նամակ հղել Իսրայելի նախագաhին՝ հորդորելով քննարկել վարչապետ Նեթանյահուին ներում շնորհելու հարցը:

Կարևոր աղոթք Պոլսո Հայ առաքելական տաճարում․ Լևոն պապի ուղերձը

Հռոմի պապ Լևոն XIV-ը ավարտեց իր այցը Թուրքիա, որի ընթացքում նա նաև աղոթք մատուցեց Կոստանդնուպոլսի Հայ Առաքելական տաճառում: Չնայած Հռոմի պապը խնդրեց իր ողջույնները փոխանցել Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, Էջմիածնի հակառակորդները Հայաստանում փորձեցին այս այցը ներկայացնել այնպես, կարծես Հռոմի պապը Պոլիսն է ճանաչում որպես Հայ Առաքելական եկեղեցու կենտրոն։

Ընդհանուր առմամբ, Փաշինյանի գլխավորությամբ Գարեգին Բ-ի դեմ ավելի ու ավելի տարածվող պայքարը դիտվում է որպես Եկեղեցին պառակտելու և Էջմիածնի՝ որպես Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնի դերը խաթարելու փորձ: Ենթադրվում է, որ Էջմիածինը Ռուսաստանից կախված կենտրոն է և ռուսական գաղութացման հենասյուն։

Այս կարծիքում կա ճշմարտության բավականին մեծ չափաբաժին, բայց պաշտոնապես, ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախությունից ի վեր, Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունը կապված չի եղել Մոսկվայի հետ: Մինչդեռ Պոլսո հայոց պատրիարքը նշանակվում է միայն Ստամբուլի քաղաքապետի հաստատմամբ:

Թուրքիա կատարած առաքելական ճամփորդության չորրորդ և վերջին օրը Հռոմի պապ Լևոն XIV-ն առավոտը սկսեց Պոլսո Հայ առաքելական տաճարում աղոթքով։

Ըստ Վատիկանի մամուլի ծառայության, իր ուղերձում Հռոմի պապը ողջունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես նաև Թուրքիայի ողջ հայ առաքելական համայնքին։

Նա գոհություն է հայտնել Տիրոջը ողջ պատմության ընթացքում՝ հաճախ ողբերգական հանգամանքներում, հայ ժողովրդի քաջարի քրիստոնեական վկայության համար։

Հռոմի պապը նաև երախտագիտություն է հայտնել Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիները միավորող և ամրապնդվող եղբայրական կապերի համար։ Նա հիշեցրել է, որ Հռոմի պապի և Արևելյան ուղղափառ պատրիարքի միջև առաջին համատեղ հռչակագիրը 1970 թվականի մայիսին ստորագրել են Պողոս VI պապը և Վազգեն Ա կաթողիկոսը։

«Այդ ժամանակվանից ի վեր, Աստծո ողորմածությամբ, մեր Եկեղեցիների միջև «գթասրտության երկխոսությունը» ծաղկում է ապրել»,- ասել է նա։

Ըստ Հռոմի պապի, Թուրքիա իր այցը նվիրված է Նիկիական հանգանակին, քանի որ Եկեղեցին նշում է Նիկիայի տիեզերաժողովի 1700-ամյակը, և հիշեցնում է Եկեղեցու գոյության առաջին դարերում Արևելքի և Արևմուտքի միջև տիրող միասնության մասին։

«Մենք պետք է ոգեշնչվենք վաղ Եկեղեցու փորձից՝ վերականգնելու լիակատար հաղորդությունը, որը ենթադրում է ոչ թե կլանում կամ գերիշխանություն, այլ մեր Եկեղեցիների՝ Սուրբ Հոգուց ստացած պարգևների փոխանակում՝ ի փառս Հայր Աստծո և ի շինություն Քրիստոսի մարմնի»,- ասել է Լևոն XIV-ը։

Նա հույս է հայտնել, որ Կաթոլիկ և Արևելյան ուղղափառ եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միացյալ միջազգային հանձնաժողովը շուտով կկարողանա վերսկսել լիակատար հաղորդության հասնելուն ուղղված աշխատանքը։ Հռոմի պապը հիշատակել է 12-րդ դարի հայ կաթողիկոս սուրբ Ներսես Դ Շնորհալուն և «եկեղեցիների հաշտեցման, բոլորի միասնության մասին Քրիստոսի աղոթքն իրականացնելու» ուղղությամբ նրա անխոնջ աշխատանքը։

«Թող սուրբ Ներսեսի օրինակը ոգեշնչի մեզ, իսկ նրա աղոթքը զորացնի դեպի լիակատար միասնություն տանող ճանապարհին»,- ընդգծել է նա։

Եզրափակելով՝ Լևոն XIV-ը շնորհակալություն է հայտնել Կոստանդնուպոլսի պատրիարք Սահակ Բ-ին՝ Հայ առաքելական եկեղեցու պատրիարքական տաճարում ջերմ ընդունելության համար։

«Եկեք բաց սրտերով ընդունենք ի վերուստ տրված այդ պարգևը, որպեսզի լինենք Ավետարանական ճշմարտության էլ ավելի համոզիչ վկաներ և Քրիստոսի միասնական Եկեղեցու առաքելության լավագույն սպասավորներ»,- ասել է նա։

Պապոյանը թուրք նախարարի հետ քննարկել է Կարս–Գյումրի երկաթուղու վերաբացման հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ։

 Երկուստեք կարևորեցինք Հայաստան-Թուրքիա կանոնավոր շփումները և վերահաստատեցինք երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։
Իր հերթին Թուրքիայի նախարարը բարձր գնահատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցելությունը Թուրքիա՝ ընդգծելով դրա դրական ազդեցությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համար։
Քննարկեցինք Կարս–Գյումրի երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորությունները, TRIP ծրագրի միջոցով առաջացող տնտեսական, լոգիստիկ և առևտրային նոր հնարավորությունները երկու երկրների համար։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել շուկաների դիվերսիֆիկացման, լոգիստիկ նոր ուղիների ձևավորման, փոխադարձ տնտեսական հետաքրքրությունների ընդլայնման հնարավորություններին։
Քննարկվել են նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր, մասնավորապես՝ գյուղապահովագրության, կարկտահարության և կենդանիների հիվանդությունների դեմ համատեղ պայքարի վերաբերյալ։
Հանդիպմանը մասնակցել է նաև BSEC-ում ՀՀ-ի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը։

Մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ արեցին Ամենայն հայոց կաթողիկոսին հրաժարական տալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» հրապարակել է Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսների նոր հայտարարությունը։

«Սիրելի եղբայրներ ի Քրիստոս, սիրելի հայորդիներ.

Շատ ենք ցավում վերջին աﬕսներին մեր Եկեղեցու ներսում և մեր Եկեղեցու շուրջ առկա անառողջ մթնոլորտի համար, որ փոթորկում է մեր բոլորի հոգիները։ Այս ամենը գուցե չլիներ, եթե արդար, առանց ահաբեկումների լիներ 1999թ. Կաթողիկոսական ընտրությունը:

Հայ Եկեղեցու սխալ կառավարման հետևանքով և՛ եկեղեցու ներսում, և՛ եկեղեցի-պետություն հարաբերություններում հատկապես վերջին ամիսներին առավել ահագնացած ճգնաժամը աննախադեպ վտանգավոր իրավիճակ է ստեղծել ինչպես Հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում՝ խաթարելով մեր ժողովրդի անդորրը, հավատն ու միասնությունը։

Բազմաթիվ նվիրյալ հոգևորականների չարդարացված, հակականոնական կարգալուծությունները հաճախ տեղի են ունեցել անարդար կերպով, բացարձակապես Կաթողիկոսի միահեծան որոշումներով կամ պարտադրանքով։

Հաճախ նախընտրաբար հոգևոր աստիճան են ստացել և պաշտոնի կոչվել միջակություններ, բարոյական կասկածելի վարքագիծ ունեցողներ, անարժաններ, կամակատարներ:

Կաթողիկոսի սխալ, կամայական կառավարման, հրամանների, նշանակումների, անարդար պատիժների, անհարկի միջամտությունների, կարգալուծությունների հետևանքով հաճախ փոթորկվում են Սփյուռքի մեր թեմերն ու առանձին հովվություններ ու վիճակներ, երբեմն ստիպված լինելով խզել կապերը Մայր Աթոռի հետ։

Կաթողիկոսի հասցեին տարատեսակ լրատվամիջոցներով և տարբեր հարթակներից ու ամբիոններից պարբերաբար հնչող երբեմն ծանր մեղադրանքները Կաթողիկոսի կամ Մայր Աթոռի համապատասխան կառույցների կողմից անուշադրության են մատնվում, չեն մեկնաբանվում, չեն հերքվում, այդ կերպ ինքնին կասկածի տեղիք տալով դրանց իսկության վերաբերյալ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու թողտվությամբ եկեղեցականների ներգրավումը ներքաղաքական գործընթացներում, հոգևորականների կողմից հնչեցված քաղաքական կոչերն ու հայտարարությունները, քաղաքական հանրահավաքներին մասնակցելն ու կազմակերպելը անընդունելի է, դատապարտելի է և հարիր չէ մեր Եկեղեցու ոգուն ու կանոններին, հակասում է ժողովրդի միասնությունը պահելու մեր Եկեղեցու առաքելությանը։

Եկեղեցու Կանոնադրության ստեղծման տևական, դիտավորյալ ձախողումները և ի վերջո այդ աշխատանքների վերջնական դադարեցումը հնարավորություն են տվել Կաթողիկոսին անցնող քսանվեց տարիների ընթացքում երբեմն Եկեղեցին կառավարել սեփական պատկերացումներով, կամայականորեն:

Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողով, Ազգային Եկեղեցական ժողով կամ Ներկայացուցչական ժողով, որ պիտի գումարվեր յուրաքանչյուր տարի կամ երկու տարին մեկ՝ քննելու և լուծումներ գտնելու Հայ Առաքելական Եկեղեցու առաքելության, կառավարման, ֆինանսական, տնտեսական գործունեության, ինչպես նաև համազգային նշանակության հարցերի վերաբերյալ, միտումնավոր կերպով նախատեսված պարբերականությամբ չի իրականացվել։

ՀՀ պետակամ մարմինների, պետական գործիչների կողﬕց Կաթողիկոսի ընթացքի ու գործունեության վերաբերյալ բազմիցս հնչում են մտահոգություններ, քննադատություններ, մեղադրանքներ, որոնք մնում են անպատասխան։ Ի դեմս Կաթողիկոսի և իր հետ համագործակից որոշ հոգևորականների՝ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից Հայրենիքին ու Հայրենի պետությանը չպետք է և չի կարող որևէ վնաս, վտանգ սպառնալ:

Այս խախտումների, սխալների, բացթողումների, թերացումների շարքը կարելի է երկար շարունակել։

Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայիս ընթացքը հակականոնական, վտանգավոր, վնասակար և կորստաբեր է և չի կարող այլևս շարունակվել։ Դիմում ենք Երուսաղեﬕ և Կոստանդնուպոլսի Սրբազան Պատրիարքներին, Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց դասին, հոգևորականությանը, Հայրենի Պետական մարմիններին և պետական գործիչներին, ﬔր հավատավոր ժողովրդին.

Սրբազան Պատրիարքներ, որպես մեր եկեղեցու բարձրաստիճան գահակալներ և ժողովների Ատենապետներ, գլխավորեք կամ առնվազն կոչ ուղղեք, միացեք ու նպաստեք՝ ստեղծված իրավիճակից շուտափույթ ելք գտնելու համար:

Սիրելի Սրբազաններ, հոգևոր եղբայրներ, վստահ ենք, որ այս մտահոգությունը կիսում եք շատերդ: Եթե ցանկանում եք օր առաջ տեսնել Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին կրկին իր Աստվածահաճո ու ժողովրդանվեր առաքելության մեջ, առանց հապաղելու կապ պահեք Հանձնախմբի անդամների հետ, Ձեր դիրքորոշումն ու վերաբերմունքն արտահայտեք:

Մենք՝ մի խումբ եպիսկոպոսներս, գիտակցելով հանդերձ ստեղծված իրավիճակում մեղավորության մեր բաժինը, այս նախաձեռնությամբ նպատակ ունենք սկիզբ դնել Հայ Եկեղեցու բարեկարգման, որպեսզի մեր Սուրբ Եկեղեցին կարողանա հետ այսու կատարել մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից նախանշված իր անփոխարինելի առաքելությունը մեր ժողովրդի կյանքում, այս վտանգավոր ժամանակաշրջանում նպաստի հայրենի պետության ամրապնդմանը, որպեսզի Ամենայն Հայոց Կաթողիկոսը լինի բոլոր հայերի Կաթողիկոսը՝ նրանց քաղաքական ու կրոնական հայացքներից անկախ, որպեսզի մեր Մայր Եկեղեցին իրապես Մայրություն անի և համախմբի տարբեր կրոնական կառույցներում հավատք որոնող, խարխափող մեր ազգի զավակներին։ Անհրաժեշտ է մշակել և առաջին իսկ Ազգային եկեղեցական ժողովի կողմից ընդունել Հայ Առաքելական Եկեղեցու մի կանոնադրություն, որ հետ այսու Կաթողիկոսների ու Առաջնորդների հոգևոր ու իմացական կարողություններով, որակական հատկանիշներով միայն չպայմանավորվի մեր Եկեղեցու հեղինակությունը, ընթացքը, կանոնականությունը, իր Սուրբ Առաքելության իրականացումը։

Հարազատ մեր ժողովրդի միասնության ու բարգավաճման, մեր Հայրենիքի ու մեր Պետության հզորացման, անվտանգության ու հարատևության, մեր Մայր Եկեղեցու Աստվածահաճո առաքելության իրականացման համար մեր այս անձնուրաց քայլը որոշ մեր հոգևոր եղբայրների, իրավիճակից անտեղյակ որոշ լրագրողների, քաղաքական ու հասարարական գործիչների կողմից հանիրավի քննադատվում է։ Կոչ ենք անում սթափ դատել և իրատես լինել, որովհետև մենք կանգնած ենք Եկեղեցու ամբողջական հեղինակազրկման, պառակտման, մեր ժողովրդի կրոնական մասնատման վտանգի առջև։

Մենք ակնկալում ենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսը, ի սեր մեր եկեղեցու և մեր ժողովրդի, սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի տանի մեր ազգն ու մեր Եկեղեցին ավելորդ ցնցումների, կամովին հանգստյան կկոչվի և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպելու:

Եվ թող ամենատես ու ամենակալ Աստված առաջնորդի մեզ: Ամեն։

1. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան
2. Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
3. Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան
4. Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
5. Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյան
6. Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան
7. Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան
8. Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
9. Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյան
10. Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան»:

Պետությունը մեծ գումարներ է ծախսելու, բայց արցախցիների բնակարանի խնդիր չի լուծելու

Արցախից բռնի տեղահանված, մինչև երեք անձից բաղկացած ընտանիքները կարող են տասը տարի ժամկետով բնակարանի վարձավճարի մասնակի հատուցում ստանալ:  ՀՀ կառավարությունը  շրջանառության մեջ է դրել նման որոշման նախագիծ:

Ըստ նախագծի, աջակցության ծրագրի մեկնարկը կտրվի 2026 թվականի հուլիսի 1-ից: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել վարձակալության վճարի երկարաժամկետ մասնակի փոխհատուցման եղանակով՝ 120 ամսվա ընթացքում, ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ ամսական 40,000 դրամ։

Նոր ծրագիրը ներկայում գտնվում է հանրային քննարկման փուլում՝ e-draft․am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Եթե կառավարությունն ընդունի նախագիծը, ապա այս պետական աջակցությունից կօգտվեն հատուկ կարիքներ ունեցող մինչև երեք անդամից բաղկացած ընտանիքները, որտեղ կան առաջին կամ երկրորդ խմբի անժամկետ հաշմանդամություն ունեցող անձինք և 60 տարին լրացած անձինք: Ինչպես նաև 2-3 անդամից բաղկացած այն ընտանիքները, որոնց տարիքային հանրագումարը  կկազմի 115 և ավելի երկու անդամ ու 175 և ավելի երեք անդամ ունեցողների դեպքում՝:

ՙՙԱյս ծրագիրն այլընտրանք է փոքր կազմով այն ընտանիքների համար, որոնք չեն կարող մասնակցել բնակարանի գնման գործող ծրագրին: Մինչև երեք անդամ ունեցող ընտանիքները հնարավորություն չունեն պետության աջակցությամբ բնակարան գնելու իրենց ընտրած բնակավայրում: Առաջարկվող այս նոր նախագծի համաձայն՝ նրանք կարող են ընտրել վարձավճարի երկարաժամկետ՝ 10 տարով հատուցման տարբերակը։

Միևնույն ժամանակ, որոշման մեջ դրված է մեխանիզմ, որի համաձայն ծրագրի շահառնուները պետք է հաշվառվեն սոցիալական բնակարանային հերթացուցակում և ազատ սոցիալական բնակարաններ ունենալու պարագայում անգամ տասը տարին լրացած չլինելու դեպքում նրանց կառաջարկվի տեղափոխվել այդ բնակարաններ՚՚ ասում է աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արսեն Թորոսյանը:

Ծրագրի պայմաններով՝ ընտանիքի անդամի 90 օր երկրից բացակայելու դեպքում նրա աջակցությունը կդադարեցվի և կվերականգնվի միայն 180 օրվա մեջ վերադարձի պարագայում: Եվս մեկ պայմանի համաձայն՝ ծրագրի շահառու չեն հանդիսանում այն ընտանիքները, որոնք արդեն օգտվել են բնակարանային ծրագրից կամ որոնոք ունեն բնակարան, որի բնակմակերեսը չի համապատասխանում ծրագրի պահանջներին:

Ծրագրին հնարավոր կլինի դիմել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31 օնլայն հարթակի միջոցով, որտեղ պետք է լրացնել ընտանիքի անդամների անձնական տվյալները և հաշվեհամարը, ինչպես նաև վարջձակալվող տան տիրոջ անուն ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը։

Այս որոշման նախագիծը արցախցիների շրջանում մեծ մտահոգություններ է առաջացնում: Արցախից տեղահանված փոքրակազմ ընտանիքները մտահոգված են իրենց հետագա ճակատագրով, քանի որ պետության կողմից առաջարկվող նախագիծը առարկայական չի ծածկում նրանց վարձավճարները, հատկապես մեծ քաղաքներում, և ընտանիքն, այնուամենայնիվ, լրացուցիչ բեռ ունենալու է:

Ավելին՝ շահառուները տասը տարի մնալու են որպես վարձակալ՝ կախված կամ տանտիրոջից, կամ շուկայական փոփոխություններից, ու դրան գումարած նաև այն, որ իրենք արդյունքում չեն ունենալու սեփականություն, այսինքն՝ պետությունը մեծ գումարներ է ծախսելու երկարաժամկետ կտրվածքով, բայց արդյունքում բնակարանի խնդիր չի լուծելու շահառուների  համար, և տրամադրած գումարը հոսելու է դեպի վարձակալության շուկա:

Արսեն Աղաջանյան

Նորմալ մարդիկ հարցնում են, ինչո՞ւ խաղաղությունը պետք է հաստատվի Ադրբեջանի նախապայմաններով

Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, հայկական պատվիրակության կազմում Բաքու մեկնած Արեգ Քոչինյանը Երեւան վերադառնալուց հետո հայտարարել է, թե «ով ՀՀ քաղաքական դաշտում դեմ է խոսում ՀՀ-Ադրբեջան կարգավորմանը, կամ օտարերկրյա գործակալ է, կամ ապաքաղաքական ապուշ»։ Կա՞ն ուժեր, որոնք դեմ են այս գործընթացներին եւ ինչպե՞ս է արտահայտվում այդ դեմ լինելը։

-Անշուշտ, կան այդպիսի ուժեր։ Դա քարոզչական հնարք է «ապուշ» հռչակել բոլոր նրանց, ովքեր համամիտ չեն քեզ հետ։ Դա վկայում է գաղափարական թուլության մասին։ Ձեր նշած անձը տարիներ շարունակ Հայաստանում տարածում է ադրբեջանական եւ թուրքական նարատիվներ։ Եվ սխալ է ասել, որ դա կարող է հանրության կողմից ընկալվել ու ընդունվել։ Իմ կարծիքով՝ նման քարոզչությունը հակադարձ էֆեկտ է առաջացնում։ Դրա համար էլ այսպես են մատուցում՝ եթե համաձայն չեք, ուրեմն դուք եք ապուշ։ Բայց իրականում Հայաստանում բազմաթիվ մարդիկ այդ հարցը տալիս են՝ ինչո՞ւ պետք է հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ խաղաղությունը հաստատվեն Ադրբեջանի նախապայմաններով։ Եվ ինչո՞ւ Հայաստանը պետք է անտեսի էթնիկ զտման հանգամանքը, ինչո՞ւ պետք է հրաժարվի պաշտպանել Արցախի ինքնորոշման իրավունքը։ Այսինքն՝ այդ ամենը մարդկանց համար միանշանակ չէ։

Իրականում բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղություն կարող է լինել միայն Արցախի հարցի արդար լուծմամբ, այսինքն՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա եւ ազատ ու ազնիվ հանրաքվեի միջոցով Ղարաբաղի կարգավիճակը որոշելու արդյունքում։

Նույնը վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, այդ հարաբերությունները կարող են հաստատվել եւ կայուն ապագա ունենալ Թուրքիայի կողմից օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչելու դեպքում։ Նրանք, ովքեր փորձում են համոզել հայերին, որ այդ ամբողջը կարելի է թողնել մի կողմ ու Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կառուցել իրենց նախապայմաններով, իրականում լուրջ պատասխանատվություն են վերցնում իրենց վրա հայ ժողովրդի առջեւ, որովհետեւ իրենք բնականաբար չեն կարող երաշխավորել ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի հետագա քայլերը։

Բայց փաստը մնում է փաստ՝ եթե հանցագործությունը հրաժարվում են ճանաչել, խոսքն այս դեպքում Արցախում տեղի ունեցած ցեղասպանության ու էթնիկ զտման մասին է, դա ճանապարհ է բացում նոր հանցագործություններ կատարելու համար։ Ճանաչումը սիրողական բան չէ, դա անվտանգության լուրջ գործոն է, այն, ինչը մեր ժողովրդի համար դիտակվում է որպես պատճառ, որ երկու հարեւան պետություններին դիտարկում ենք որպես էկզիստենցիալ սպառնալիք։ Եվ Հայաստանի անվտանգության դոկտրինը տարիներ շարունակ իր հիմքում ուներ հենց այդ գլխավոր թեզը, որ Հայաստանի համար ռազմական սպառնալիքը գալիս է հենց Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, ոչ Իրանի, ոչ էլ Վրաստանի, այլ կոնկրետ այդ երկու պետությունների կողմից։

Պատճառը Հայաստանը չէ, Հայաստանը թե Արցախի հարցում, թե Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու հարցում միշտ ցուցաբերել է թե զսպվածություն, թե ճկունություն։ Եթե առ այսօր ճիշտ ուղիով չեն գնում հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները, դա Հայաստանի պատճառով չէ, այդ երկու պետությունների պատճառով է։ Այսինքն՝ սպառնալիքը շարունակում է մնալ, եւ նրանք, ովքեր փորձում են հայերին համոզել, թե ոչ մի սպառնալիք էլ չկա, վաղը յուրաքանչյուր թափված արյան համար ավելի մեծ պատասխանատվություն են ունենալու, քան նրանք, ովքեր անմիջապես այդ արարքների կատարողը կլինեն։ Նա, ով փորձում է հանրության զգոնությունը թուլացնել եւ սպառնալիքը քողարկել, ավելի մեծ վնաս է պատճառում անվտանգությանը, քան նրանք, ովքեր ասում են՝ եկեք բաց աչքերով նայենք, տեսնենք այդ սպառնալիքները եւ պատրաստ լինենք ցանկացած բացասական զարգացման, նախապես կանխարգելիչ գործողություններ անենք։

Ասում եք՝ կան դեմ ուժեր, այդ դեպքում՝ ինչո՞ւ հուժկու դիմադրության օջախներ չեն ձեւավորվում, կոնկրետ գործողություններ չկան իշխանության այս քաղաքականության դեմ։

-Ինչո՞ւ չեն ձեւավորվում, ձեւավորվում են։ Տեսեք, խորհրդարանական ընդդիմությունը քննադատում է այսօրվա իշխանություններին իրենց վարած քաղաքականության համար, արտախորհրդարանական ընդդիմությունը եւս քննադատում է։ Պարզապես կան տարբեր հարթություններ, խորհրդարանական ընդդիմությունը՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համարում են, որ Հայաստանի ապագա անվտանգությունն ապահովելու համար հարկավոր է ամրապնդել Ռուսաստանի հետ կապերը։ Իրենք անտեսում են, որ Արցախի էթնիկ զտման գլխավոր հեղինակը հենց ՌԴ-ն էր։ Իսկ կա նաեւ արտախորհրդարանական ընդդիմություն, որը համաձայն չէ այն թեզի հետ, որ Ռուսաստանն ապագայում կարող է Հայաստանի համար ինչ-որ դրական դեր ունենալ անվտանգության հարցերում։

Արտախորհրդարանական ընդդիմությունը եւս չի ընդունում այն քաղաքականությունը, որ միակ ձեւը Թուրքիայի եւ Ադրբեջանի վերջնագրերն ընդունելն ու իրենց նախապայմաններով խաղաղություն կնքելն է։ Դա պրիմիտիվ բանաձեւ է, որը եւ իշխանությունները, եւ նրանց այս քարոզիչները փորձում են առաջ տանել։ Նորմալ մարդիկ դրա հետ համաձայն լինել չեն կարող, որովհետեւ կա նաեւ միջազգայնորեն ճանաչված դրույթ, որ ազգային արժանապատվությունը հանդիսանում է անվտանգության կարեւոր գործոն։ Եթե ինչ-որ պայմաններ են թելադրվում ազգին, որ ինքն իր արժանապատվությունը պետք է մի կողմ դնի, դա արդեն խարխլում է անվտանգությունը։

Այսօր, այո, կա երկրորդ տեսակետը, որ Հայաստանի նոր անվտանգության համակարգը պետք է կառուցվի Եվրոպական միության հետ, եւ Հայաստանը հարկադրված չէ Թուքրիայի ու Ադրբեջանի վերջնագրերն ի կատար ածել, կարող է ընտրել այլ ճանապարհ։ Ընտրել ԵՄ անդամության ճանապարհը եւ դրանով Թուրքիային ու Ադրբեջանին պարտադրել խաղաղություն։ Պարզ տրամաբանություն է դա, Թուրքիան չի կարող փակ պահել Եվրամիության հետ սահմանը։ Եթե Հայաստանը կանգնի ԵՄ անդամի թեկնածու դառնալու ճանապարհին, Թուրքիան ստիպված կլինի առանց նախապայմանների բացել սահմանը, եւ ավելի ուժեղ կլինի Հայաստանի գործոնը Թուրքիայի կողմից ցեղասպանությունը ճանաչելու հարցում։

Նույնը վերաբերում է Ադրբեջանին․ պատկերացրեք, որ եթե Հայաստանը ստանա ԵՄ անդամ դառնալու թեկնածուի կարգավիճակ, դա իսպառ վերացնում է Ադրբեջանի կողմից որեւէ ռազմական սպառնալիք, որովհետեւ Ադրբեջանը լուրջ տնտեսական կախում ունի Եվրամիությունից։ Եթե Հայաստանը դառնա ԵՄ անդամ, նաեւ կարող է Ադրբեջանին քաղաքական պայմաններ թելադրել ԵՄ մյուս անդամների հետ միասին։ Այսինքն՝ այս այլընտրանքը գոյություն ունի, եւ շատ կարեւոր է այդ այլընտրանքը մարդկանց հասցնել։

Մարդկանց մոտ պետք է վերանա պատկերացումը, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի վերջնագրերով միայն կարող է խաղաղության պայմանագիր կնքվել եւ հարաբերությունները կարգավորվել։ Դա, իմ կարծիքով, կեղծիքի վրա հիմնված եւ այլ գեոպոլիտիկ շահեր սպասարկող քարոզչություն է, որը, ցավոք սրտի, մեզ մոտ այսօր ամենաբարձր մակարդակով հյուծում է Հայաստանը։

Ռոզա Հովհաննիսյան

Վրթանես սրբազանը ասել է, որ Փաշինյանի հետ հանդիպումը կապ չուներ Արցախի հետ

Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ,
Ս.թ. նոյեմբերի 28-ին մի խումբ եպիսկոպոսների հետ մասնակցել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Տեղյակ եմ, որ այդ հանդիպումը ոչ միանշանակ գնահատականի է արժանացել մեր հայրենակիցների, և հատկապես արցախահայության կողմից։ Նկատի ունենալով այդ հանգամանքը՝ իմ պարտքն եմ համարում հայտնել հետևյալը․
1. Հանդիպմանը ես մասնակցել եմ որպես Մայր Աթոռի եպիսկոպոսաց հանձնախմբի անդամ, և այն որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ Արցախի հիմնախնդրի և մեր հայրենակիցներին հուզող հիմնահարցերի հետ։
2. Եղել եմ, կամ և միշտ լինելու եմ իմ հոտի կողքին՝ իր ոտնահարված իրավունքների համար տարվող պայքարում։
3. Ես հավատարիմ եմ իմ առաջնորդական ուխտին արցախահայության հանդեպ և հավատում եմ, որ Ամենազոր Աստծու ողորմածությամբ, մեր հայրենակիցների միասնական անկոտրում կամքով, Արցախի պետական, հասարակական իմաստուն այրերի համախոհությամբ կիրականացնենք մեր բաղձալի երազանքները։
Համոզված եմ, որ մենք միասին կշարունակենք մեր պայքարը հանուն մեր ոտնահարված իրավունքների պաշտպանության և հայրենիք վերադառնալու բաղձալի երազանքի իրականացման։
Վրթանես եպս․ Աբրահամյան

Քրիստոնեության միավորում. ինչ է Փաշինյանը ուզում «բարեփոխել» Հայ եկեղեցում

Հռոմի պապ Լևոն XIV-ը ժամանեց Թուրքիա՝ Նիկիայի ժողովի 1700-ամյակի առթիվ: Այս ժողովը խորհրդանշում էր քրիստոնեական եկեղեցիների միասնությունը: Հետագայում նրանք սկսեցին բաժանվել՝ նախ մոնոֆիզիտների և դիֆիզիտների, ապա՝ արևմտյան և արևելյան, և 500 տարի առաջ բողոքականները անջատվեցին եկեղեցուց։

Լևոն XIV-ը առաջին «ամերիկացի» պապն է. նրան աջակցում է Դոնալդ Թրամփը, ով, լինելով բողոքական, քրիստոնյաների պաշտպանությունը համարում է իր հիմնական գաղափարախոսությունը։

Սեմյուել Հանթինգտոնը, խոսելով քաղաքակրթությունների ապագա բախման մասին, ասել է, որ դա կլինի հակամարտություն՝ հիմնված կրոնի և մշակույթի վրա, այդ թվում՝ քրիստոնեության և այլ կրոնների միջև։

Հռոմի պապի ժամանումը ժամանակակից Թուրքիա, որտեղ գտնվում է Նիկիա քաղաքը, և բոլոր քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ աղոթքի անցկացումը խոսում է Լևոն XIV-ի քրիստոնեական եկեղեցին վերամիավորելու մտադրության մասին։

Այս ուղղությամբ կարևոր քայլերից մեկը Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզի, ով նաև բողոքական Անգլիկան եկեղեցու ղեկավարն է, վերջերս Վատիկան կատարած այցն էր։ Սա 500 տարվա ընթացքում առաջին նման այցն էր։

Ինչպե՞ս են քրիստոնեական եկեղեցիների ղեկավարները տեսնում նոր միավորման հնարավորությունը։ Եվ որտե՞ղ կարող է լինել քրիստոնեության ապագա կենտրոնը՝ Վատիկանում, թե՞ Երուսաղեմում։

Հայ առաքելական եկեղեցին վեց հին արևելյան եկեղեցիներից մեկն է, որոնք պահպանել են իրենց անկախ կարգավիճակը քրիստոնեության 2000 տարվա ընթացքում։

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք ուղղված են Հայ առաքելական եկեղեցու պառակտմանը (կառավարությունը սա անվանում է բարեփոխում), կարող են լինել քրիստոնեական եկեղեցիները մեկ տանիքի տակ «միավորելու» գլոբալ քաղաքականության մի մասը՝ միաժամանակ նվազեցնելով յուրաքանչյուրի «ինքնիշխանությունը»։

Այս համատեքստում կառավարությունը չի ասում, թե ինչն է ուզում «բարեփոխել» Եկեղեցում։ Փաշինյանը ներկայացրել է կաթողիկոսի հեռացումից հետո տեղապահ նշանակելու, եպիսկոպոսների համար կուսակրոնության պահանջը վերացնելու, Եկեղեցական կանոնադրությունը ժամանակակից հայերեն թարգմանելու և պետության ներգրավվածությունը եկեղեցական գործերում մեծացնելու ծրագիր։

Որո՞նք են Փաշինյանի կառավարության և նրա խորհրդատուների իրական նպատակները։ Հիպոթետիկորեն, սա կարող է ներառել Հայ Առաքելական Եկեղեցու կենտրոնը Էջմիածնից Կոստանդնուպոլիս կամ Երուսաղեմ տեղափոխելը, ինչպես նաև եկեղեցական անշարժ գույքի կառավարման կարգի փոփոխությունը և այլն։

Փաշինյանի հակառակորդները նույնպես փորձում են կապեր հաստատել քրիստոնեության ամերիկացի պաշտպանների հետ։ Օրինակ՝ Թաքեր Կարլսոնի հետ երկար հարցազրույցի ժամանակ Նարեկ Կարապետյանը խոսել է բացառապես քրիստոնեության մասին։ Հայ Ազգային Դեմոկրատական ​​Բևեռը ևս բավականին ազդեցիկ լոբբինգ է իրականացնում այս ուղղությամբ Միացյալ Նահանգներում։

Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով առաքյալների տոնը նաև հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

Միածնաէջ Մայր Տաճարում ժամը 10։30-իc մատուցվում է Սուրբ Պատարագ, որի ընթացքում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը և հավատացյալների երկրպագության համար Մայր Տաճարում կմնա մինչև 18։00։

Հայաստանի Անկախության նոր հռչակագիր կընդունվի, հետո Սահմանադրություն

«Հրապարակ» թերթը գրում է, որ իշխող թիմում չեն բացառում․ եթե խորհրդարանական ընտրություններում իրենք մեծամասնական մանդատ ստանան, նոր Սահմանադրության ընդունման համար հանրաքվեի անհրաժեշտություն էլ չառաջանա, եւ փոփոխությունները խորհրդարանով կանցկացեն: Սակայն ամեն ինչ կարող է ավելի պարզ լինել։

Երեկ արդարադատության փոխնախարարը «Ազատության» հետ զրույցում փաստացի խոստովանեց, որ Փաշինյանի կարծիքը հաշվի կառնվի նոր Սահմանադրությունից գործող Անկախության հռչակագրի հղումը հանելու հարցում։ Այլ կերպ ասած, նոր Սահմանադրությունում հղում չի լինի գործող հռչակագրին։ Սակայն սահմանադրական տրամաբանությունն ինքնին թելադրում է, որ եթե կա Սահմանադրություն, ապա պետք է լինի Հանրապետություն, և, հետևաբար, դրա ստեղծման հռչակագիր։

Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Երրորդ Հանրապետությունն այլևս գոյություն չունի, քանի որ իրողությունները փոխվել են։ Նա նաև խոսում է Չորրորդ Հանրապետության ստեղծման մասին, որի սահմանները կանցնեն 29,000 քառակուսի կիլոմետր սահմանագծի երկայնքով։ Փաշինյանի խոսքով՝ ներկայիս հանրապետությունն իրականում ինքնիշխան չէ. այն ռուսական գաղութ է։

Դատելով այս հայտարարություններից՝ Չորրորդ՝ «անկախ» հանրապետության գաղափարը կդրվի Փաշինյանի կուսակցության նախընտրական քարոզարշավի հիմքում, ինչը նշանակում է Անկախության նոր հռչակագրի ընդունում։ Դրանից հետո նոր Սահմանադրության ընդունումը տեխնիկայի հարց կլինի։

Հրազդանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ տվյալների կենտրոն

Հրազդան քաղաքում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ տվյալների կենտրոն։ Շինարարության մասին սոցիալական ցանցերում հայտարարել է Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը։

«Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի և մեր քաղաքի համար։ Մենք դառնում ենք տարածաշրջանային արհեստական ​​բանականության կենտրոն, որտեղ կստեղծվեն նորարարական նախագծերի և հետազոտությունների համար ժամանակակից ենթակառուցվածքներ։ Սա կստեղծի նոր աշխատատեղեր և նորարարական միջավայր մեր քաղաքում», – գրել է Միքայելյանը։