Պարույր Հայրիկյանը չորրորդ օրն է՝ հացադուլի մեջ է. նա պահանջ ունի կառավարությանը

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը շարունակում է կառավարությունից պահանջել, որպեսզի քննարկման դնեն իր մշակած Սահմանադրության նախագիծը։ Պարույր Հայրիկյանը չորրորդ օրն է՝ հացադուլի մեջ է։ Արդարադատության նախարարության շենքի մոտ այսօր նա հրապարակային ուղերձ հղեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։

Նա նշեց․ «Խախտել եք Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքը՝ քննարկման չդնելով ձեզ փոխացված բարեփոխումների հայեցակարգը եւ մեր հեղինակած Սահմանադրության նախագիծը։ Ցավում եմ, որ ձեր ծանոթ-բարեկամների մեջ չկան մարդիկ, որ ձեզ զգուշացնեին, որ քրեական ծանր հանցագործություններն անհետեւանք չեն մնում դրանք կատարողների համար։ Դուք պարտավոր էիք, ինձնից հանրագիր ստանալուց հետո, այն փոխանցել նախ Սահմանադրական բարեփոխումների խորհրդին, որի ղեկավարն եք, ապա նաեւ՝ մասնագիտական հանձնաժողովին եւ կազմակերպեիք պատշաճ քննարկուներ։ Չեք արել, ուրեմն չարաշահել եք ձեր իշխանությունը, որպեսզի, խախտելով սահմանադրական օրենքի հստակ պահանջը, հայ ժողովրդին զրկեք առարկայորեն երկրի տերը դառնալու, Հայաստանն աշխարհի ամենաժողովրդավարական երկիր դարձնելու հնարավորությունից»,- ասաց Հայրիկյանը։

Նա նշեց, որ այսպիսով Սրբուհի Գալյանը ստանձնում է կոռուպցիոն հանցախմբի կամավոր աջակցի դերը եւ դառնում այդ կոռուպցիոն հանցախմբի անդամ։ Նրա խոսքով՝ նախարարը հայտարարել է, որ թքած ունենալով հայեցակարգ ներկայացնելու պահանջի վրա՝ միանգամից նոր Սահմանադրության տեքստ են գրում։ «Տիկին արդարադատության նախարար, օրենսդրությունն այն բանի համար է, որ դրանով առաջնորդվենք, դուք այն անտեսելով՝ հանցախմբի ղեկավարի հրամաններո՞վ եք առաջնորդվում։ Ո՞վ է ձեզ համոզել, թե մարսելու եք այսօրինակ կեցվածքը եւ չեք դառնալու քրեակատարողական հիմնարկի բնակիչ։ Ես հորդորում եմ ձեզ շտապ կարգով ուղղել ձեր սխալը»,- հայտարարեց նա։

Պարույր Հայրիկյանը պահանջեց, որպեսզի իրեն քննարկման հրավիրեն նախարարությունում, նրա պահանջը բավարարեցին եւ հրավիրեցին քննարկման։

Վրաստանը դե՞մ է «Թրամփի ճանապարհին»։ Պաշտոնական Երևանի կողմից ևս մեկ մանիպուլյացիա

ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը մեկնեց Վրաստան, որտեղ վերջերս այցելեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերը նույնպես Երևանից մեկնեց Թբիլիսի՝ տարածաշրջանի ապաշրջափակման հարցը քննարկելու համար: Երևանում հայտարարվեց հայ-ամերիկյան խմբերի ստեղծման մասին, որոնք կսկսեն տարածաշրջանի ապաշրջափակման աշխատանքները։

Ինչպես խոստովանում են հայ պաշտոնյաները, ոչ ոք հստակ տեսլական չունի տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը միակ բանը, որ հատուկ նշեց, այն էր, որ երկաթուղին կանցնի Մեղրիով անցնող հին խորհրդային ճանապարհով, սակայն նշվեց, որ այն պետք է մտնի Հայաստան Նախիջևանի միջով և միանա հայկական երկաթուղուն Երասխում: Մյուս բոլոր երթուղիները՝ ավտոճանապարհներ, գազատարներ և այլն, դեռևս համաձայնեցված չեն։

Այս ֆոնի վրա տարածաշրջանում արդեն տեղի են ունեցել մի շարք զարգացումներ, այդ թվում՝ Ղազախստանից և Ռուսաստանից հացահատիկի ժամանումը Հայաստան՝ Ադրբեջանի և Վրաստանի միջոցով: Միևնույն ժամանակ, Վրաստանում կասկածներ են աճում, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ կապը բացվի, Վրաստանի տարանցիկ նշանակությունը կչեզոքանա:

Հայաստանը փորձում է հանգստացնել Վրաստանին, բայց չգիտես ինչու լոբբինգ է անում «Թրամփի ճանապարհի» համար, որը կկապի Թուրքիան Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հետ: Հայաստանը չի խոսում իր սեփական օգուտների մասին, բայց կառավարամետ փորձագետները շրջանառում են, որ վրացական երթուղին, իբր, այլևս անվտանգ չէ, քանի որ «Ռուսաստանը կարող է դիվերսիաներ իրականացնել Վրաստանում»:

Ռուսաստանի պետական ​​կորպորացիայի կողմից կառավարվող «Հայկական երկաթուղիները» մի քանի տասնամյակ հաջողությամբ համագործակցում են «Վրացական երկաթուղիների» հետ, նույնիսկ այն ժամանակ, երբ Վրաստանն ու Ռուսաստանը պատերազմի մեջ էին: Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը միջամտի վրացական տարանցիկ փոխադրումներին: Գուցե՝ Թուրքիայի կողմից վերահսկվող տարանցիկ փոխադրումը խթանելու համար: Բայց դաավելի շատ մանիպուլյացիաի է նման։

Մասնագետների մեծ մասը կանխատեսում է, որ «Թրամփի ճանապարհ» չի լինի, և քանի որ այս ամբողջ աղմուկի նպատակը Հայաստանի հարավի անեքսիան և նրան ինքնիշխանությունից զրկելը, «շահագրգիռ կողմերը» կհասնեն այդ նպատակին այն պահին, երբ ռազմական ագրեսիան հնարավոր դառնա: Մնացած ամեն ինչ պարզապես խաբեություն է:

Ապրես Մարգարյան․ Ձևական փոփոխությունները արցախցիների որևէ իրական խնդիր չեն լուծում

Արցախցիների մասով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության շուրջ
Տարբեր հարթակներում բազմիցս նշել եմ, որ արցախահայության սոցիալական ծրագրերի շուրջ ՀՀ կառավարության կիրառած մոտեցումները հաճախ պայմանավորված են երկակի ստանդարտներով, իսկ տարբեր խնդիրների վերաբերյալ տրված խոստումները՝ պարզապես կեղծ և չկատարված։ Վերջին ընդունված որոշումն էլ, ցավոք, առավելապես պայմանավորված է քաղաքական նպատակներով՝ արցախահայությանը կրկին օգտագործելու և շահարկելու ցանկությամբ։
Դեռևս այս տարվա մարտի 29-ի հանրահավաքից հետո Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները մասնագիտական աշխատանքային խմբերի և Կառավարության միջև ընթացող բանակցությունների շրջանակում ներկայացրել էին փոքրակազմ ընտանիքների խնդիրների լուծման առաջարկներ։ Խնդրի առկայությունը ընդունվել էր, և առաջարկվել էր հետևյալ լուծումը՝ փոքր կազմ ունեցող ընտանիքների և թոշակառուների համար նախատեսել բնակվարձի աջակցության լրացուցիչ ծրագիր՝ հավաստագրի գումարին համարժեք։
Այդ առաջարկը, սակայն, մերժվել է և նույնիսկ չի դիտարկվել որպես լիարժեք քննարկման առարկա․ հիմնավորումը եղել է այն, որ տրամադրվելիք գումարի սպառումից հետո մարդիկ կրկին կանգնելու են «կոտրած տաշտակի» առջև։ Փաստացի, Կառավարության նոր որոշումն իր բովանդակությամբ շարունակում է նույն տրամաբանությունը․ պարզապես այս փուլում նախագիծը վերաբերել է միայն թոշակառուներին։ 10 տարվա ընթացքում նախատեսվող 40 000 դրամը նույն միջին գումարն է, ինչ նախատեսվում էր նաև բնակարանային ապահովման ծրագրով։
Իրականում որևէ նոր ծրագիր չի ստեղծվում, և հավելյալ միջոցներ չեն հատկացվում․ գումարը պարզապես տեղափոխվում է մի գրպանից մյուսը, իսկ բնակարանային ապահովման ծրագիրը փաստացի վերածվում է բնակվարձի աջակցման ծրագրի։
Միևնույն ժամանակ, հայտարարելով արցախահայության արժանապատիվ կյանքի և արագ ինտեգրման կարևորության մասին՝ ՀՀ կառավարությունը ընդունում է որոշումներ, որոնք կտրուկ հակասում են այդ իսկ հայտարարություններին։ Սա կրկին հստակ օրինակ է երկակի ստանդարտների՝ մեկ կողմից ինտեգրման մասին խոստումներ, մյուս կողմից ծրագրեր, որոնք ոչ միայն չեն ապահովում այդ ինտեգրումը, այլև երբեմն խորացնում են սոցիալական անորոշությունը։
Խորհրդի առաջարկների շնորհիվ Հայաստանի ավելի քան 160 բնակավայրերում բնակարանային հավաստագրերի չափը 3 մլն դրամից բարձրացվեց 4 մլն դրամ։ Սակայն այդ դրական փոփոխությանը զուգահեռ սոցիալական աջակցությունները ամբողջությամբ դադարեցվեցին, ինչը դարձյալ առաջ բերեց բազմաթիվ խնդիրներ և դժգոհություններ։
Նշված քայլերից հետո նկատելիորեն աճեց նաև այն մարդկանց թիվը, ովքեր դիմեցին ՀՀ քաղաքացիություն ընդունելու համար, քանի որ բնակավայրերի ցանկի ընդլայնումը և աջակցություններից օգտվելու հնարավորություն պահպանելու անհրաժեշտությունը մարդկանց կանգնեցրեց փաստի առաջ։ Մարդիկ ստիպված էին քաղաքացիություն ընդունել՝ սոցիալական նվազագույն ապահովվածությունը չկորցնելու համար։ Սա ևս մեկ փաստարկ է, որ իրականացվող ծրագրերը հաճախ հիմնված են ոչ թե մարդկանց իրական կարիքների, այլ ճնշման մեխանիզմների վրա։
Այսօր որոշ գործիչներ, ովքեր իրենց ներկայացնում են որպես արցախահայության խնդիրներով մտահոգ, հարմար պահին մոռանում են բազմաթիվ հանգամանքներ։
Առաջիկա ընտրություններին ընդառաջ ՀՀ կառավարությունը փորձում է ստեղծել արցախահայության խնդիրներով զբաղվելու և մտահոգվելու իմիտացիա։ Խոսքը վերաբերում է այն իրավունքներին և հիմնախնդիրներին, որոնք ոչ միայն երկար ժամանակ անտեսվել են, այլև հաճախ արհեստականորեն սահմանափակվել, որպեսզի նրանց ձայնը չլսվի և չդառնա համակարգային փոփոխությունների պատճառ։ Այս ձևական փոփոխությունները որևէ իրական խնդիր չեն լուծում և չեն ապահովում այն պաշտպանությունը, որի կարիքը արցախահայերն այսօր ունեն։
Կառավարությունն առավել քան հստակ գիտակցում է, որ եթե բնակարանային ապահովման ծրագրում իրականացվեն արդյունավետ բարելավումներ, մեծ թվով արցախահայեր ստիպված կլինեն ընդունել ՀՀ քաղաքացիություն։ Սակայն նույնքան լավ գիտի նաև, որ նրանց մեծ մասը գալիք ընտրություններում չի աջակցելու գործող իշխանությանը։ Հետևաբար, իրականացվող քայլերը շարունակում են պահպանել ոչ թե մարդկանց շահերը, այլ իշխանության համար հարմար իրավիճակը՝ ձևական փոփոխությունների միջոցով ստեղծելով հոգածության պատրանք, որը իրականում բավարար չէ և չի բխում արցախահայության շահերից։

Civilnet. Ֆրանսիայից արտաքսված Նունեն վերամիավորվել է ընտանիքի հետ

Օրեր առաջ արցախցի Նունե Գաբուլյանին վերջապես միացել է իր ընտանիքը։ Հոկտեմբերի սկզբում նրան Ֆրանսիայից արտաքսել էին՝ բաժանելով ամուսնուց ու երկվորյակ դստրերից։ Երևան տեղափոխող թռիչքը կազմակերպել է ֆրանսիական կողմը։ Այդ մասին հայտնում է Civilnet-ը։

Նունեն ամուսնու ու նրանց երկու դստրերի հետ 2023-ի ապրիլին էր տեղափոխվել Ֆրանսիա։ Մինչ այդ նրանք բնակվում էին Շուշիում։ Step1.am-ը տեղադրել է Նունեի հետ հարցազրույցը, որը մեծ արձագանք է գտել։

«Փառք Աստծո, վերամիավորվել ենք։ Ամենաճիշտ տարբերակն էր, որ իրենք գան։ Որովհետև գտել ենք, որ այս պահին ճիշտը դա է՝ հետագայում նոր խնդիրներից խուսափելու համար։ Առ այսօր ոչ մեկը բացատրություն չի տալիս իմ վերաբերյալ ստեղծված վիճակի մասին։ Որ նախարարություն էլ դիմել եմ՝ մի նորմալ պատասխան չեն տվել»,– ասում է Նունեն։

Ապագայի վերաբերյալ ընտանիքը դեռ հստակ ծրագրեր չունի, փորձում են վարձով բնակարան գտնել, դպրոցական երեխաների կրթության հարցերը լուծել և աշխատանք գտնել։

Թրամփը Խաշոգջիի սպանության և մասնատման մասին. «Ամեն ինչ էլ կարող է պատահել»

Սպիտակ տանը Սաուդյան Արաբիայի փաստացի առաջնորդ, թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանին հյուրընկալելիս Դոնալդ Թրամփը, ի պատասխան 2018 թվականին սաուդցի-ամերիկացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության և մասնատման մասին հարցին, պնդեց, որ արքայազնը ոչինչ չգիտեր դրա մասին։

«Դուք խոսում եք շատ հակասական մարդու մասին։ Շատերը չէին սիրում այս պարոնին, որի մասին դուք խոսում եք։ Անկախ նրանից, թե սիրում եք նրան, թե ոչ, ամեն ինչ կարող է պատահել։ Սակայն նա [թագաժառանգը] ոչինչ չգիտեր դրա մասին», – հանդիմանեց ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ-ն հարցեր ունի Հայաստանին. որտե՞ղ է ձեր սահմանը Թուրքիայի հետ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերը, որը ժամանել էր Հայաստան, այցելել էր Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ առանց հայ պաշտոնյաների ուղեկցության։ Հուքերի «մենակատար» այցի լուսանկարները առաջացրել էին վրդովմունքի փոթորիկ, բայց նաև բազմաթիվ հարցեր։

Ակնհայտ է, որ ամերիկացի պաշտոնյայի համար կարևոր էր այցելել հուշահամալիր. նրա երկիրը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և իր քաղաքականությունը տարածաշրջանում հիմնում է այն փաստի վրա, որ ցեղասպանությունը տեղի է ունեցել, և դրա հետևանքները դեռևս չեն լուծվել։

Հակառակ դեպքում նույնիսկ հանրապետական ​​Թրամփը չէր մերժի Էրդողանին տրամադրել ժամանակակից կործանիչներ (որոնք Թրամփը երեկ խոստացել էր վաճառել Սաուդյան Արաբիայի թագաժառանգին)։ Անկախ ամեն ինչից, ԱՄՆ-ն չի կարող խաղադրույքը դնել Թուրքիայի վրա տարածաշրջանում, և Հայոց ցեղասպանությունն ու Թուրքիայի անորոշ սահմանները էական դեր են խաղում այս հարցում։

Հայաստան ժամանած պետքարտուղարի տեղակալը ընդունվեց ամենաբարձր մակարդակով Հայաստանում, քննարկվեց օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգներում ձեռք բերված համաձայնագրերը առաջ մղելու համար աշխատանքային խմբերի՝ հայկական և ամերիկյան, ստեղծման հարցը: Չնայած «Թրամփի ճանապարհը» բացելու և Հայաստանի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը խթանելու նպատակով հայ-ամերիկյան բուռն գործունեության իմիտացիային, որևէ գործնական քայլ չի ձեռնարկվել, և մոտ ապագայում նման բան ևս չի սպասվում:

Սա ենթադրում է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին, Երևանի և Բաքվի հետ համաձայնագիր կնքելով և ապագա ճանապարհը իր անունով կոչելով, Թրամփը, ամենայն հավանականությամբ, կանխել է որոշակի անդառնալի իրադարձություններ: Սա կարող էր լինել կամ Բաքվի, Երևանի և Մոսկվայի միջև «երկկողմանի» համաձայնագիր, որով Հայաստանը հարավը կփոխանցվեր ԱԴԾ-ի վերահսկողությանը (ինչպես նշված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ), կամ Հայաստանի հարավի բռնակցում՝ Իրանի հավանական միջամտությամբ: Ոչ մի տարբերակ ձեռնտու չէր Միացյալ Նահանգների համար։

Օգոստոսի 8-ին այս երկու սցենարներն էլ խափանվեցին, բայց պարզ է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմի համար դժվար կլինի պահպանել վերահսկողությունը տարածաշրջանում առանց Հայաստանի օգնության: Ծիծեռնակաբերդում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի կողքին հայ պաշտոնյայի բացակայությունը խոսում է այն մասին, որ Հայաստանի կառավարությունը ոգևորված չէ ԱՄՆ նախաձեռնություններով:

Պետքարտուղարի տեղակալի այցը Ծիծեռնակաբերդ պատահական չէր։ Անկասկած, Միացյալ Նահանգները, խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին, չի կարող անտեսել հայ-թուրքական սահմանը կարգավորող միջազգային իրավական բազան։ Չնայած Հայաստանը բոլոր վերջին համաձայնագրերում հղում է կատարում խորհրդային սահմաններին, պարզ է, որ դրանք չեն կարող հիմք հանդիսանալ Միացյալ Նահանգների համար՝ սահմաններ ճանաչելու այդքան կարևոր տարածաշրջանում։ Ներկայիս սահմանները որոշվում են միջազգայնորեն չճանաչված ռուս-թուրքական Կարսի պայմանագրով, իսկ նախագահ Վիլսոնի օրինական քարտեզը այդպես էլ չի իրականացվել։

Ամբողջ աշխարհը, մասնավորապես Միացյալ Նահանգները, հասկանում է, որ ժամանակակից Թուրքիայի սահմանները գծվել են ցեղասպանության և միլիոնավոր հայերի հայրենիքից զրկելու հետևանքով։ Նույնը տեղի ունեցավ 100 տարի անց Թուրքիայի արբանյակ պետության՝ Ադրբեջանի կողմից։ Եվ նրանք սպառնում են այս գործընթացը հասցնել իր ավարտին՝ զրկել Հայաստանը պետականությունից։

Որքանո՞վ է Հայկական լեռնաշխարհի հայաթափումն ու ապաքրիստոնեացումը տեղավորվում Վաշինգտոնի նոր աշխարհակարգի տեսլականի մեջ։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը, միայնակ կանգնած Ծիծեռնակաբերդում, ցույց է տալիս, որ հայաթափումը ԱՄՆ ծրագրերի մաս դեռ չի կազմում, նույնիսկ Հայաստանին հակառակ։

Հայ Եկեղեցուն Դոնի Ռոստովում վերադարձվել է ճեմարանի պատմական շենքը

Այսօր քչերը գիտեն, որ հայերով բնակեցված Դոնի Նախիջևանը մինչև 20-րդ դարի սկիզբը եղել է թեմական կյանքի հոգևոր կենտրոն, գրում է 24news-ը։

Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ այստեղ է հիմնադրվում տարածաշրջանի լավագույն աստվածաբանական դպրոցը (1875 թ), իսկ 1881 թվականին կայսեր Ալեքսանդր II-ի հրամանագրով վերածվում  հոգևոր ճեմարանի։

Ճեմարանի պատմական շենքը, որը 150 տարի առաջ ծառայել է հայերին, Եզրաս սրբազանի հետևողական աշխատանքի արդյունքում ՌԴ իշխանություններն օրեր առաջ վերադարձրեցին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին: Այս իրադարձությունը թեմակալ առաջնորդի գնահատմամբ մեծ ձեռքբերում է թեմական կյանքում, քանի որ այն շարունակելու է ծառայել Դոն Ռոստովի հայերի հոգևոր և կրթական դաստիարակությանը:

Վեցամյա հայկական կրթությամբ ճեմարանը մեծ համբավ էր վայելում և արդեն 1915-1916 ուսումնական տարում ուներ 301 աշակերտ և 15 ուսուցիչ։ Նրա սաներից է եղել ծնունդով Նախիջևանցի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ VI-ը: Կրթարանն իր շուրջն էր համախմբում մեծանուն մանկավարժների, մտավորականների ու բարերարների։ Հիշարժան է, որ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին Դոնի Նախիջևան կատարած այցելություններից մեկի ժամանակ նկար է նվիրաբերում թեմական դպրոցին:

1919 թվականի նոյեմբերի 20-ին դպրոցի շենքը բռնագրավվում են, իսկ  հոգևորական մանկավարժներին կեղծ մեղադրանքներով դատապարտում մահապատժի:

Չնայած  կարճատև կրթական գործունեությանը՝ հոգևոր ճեմարանը մեծ դեր է ունեցել Ռուսաստանի հայերի, հատկապես Դոնի շրջանի հայ երիտասարդության կրթության և դաստիարակության գործում:

Պատմական այդ առաքելությունն այսօր վերականգնված է:

«Լորիկ»-ը դրամահավաք է հայտարարել «Ազնավուր Սաղյան» հիմնադրամի համար

«Լորիկ» մարդասիրական հիմնադրամը վերջերս հայտարարեց Ազնավուր Սաղյանի անվան կրթաթոշակային հիմնադրամի ստեղծման մասին։

«Կրթաթոշակային հիմնադրամի նպատակն է օգնել Մարտունու երիտասարդ ուսանողներին շարունակել իրենց կրթությունը՝ չնայած Արցախից տեղահանության հետ կապված դժվարություններին։

Աջակցելով նրանց կրթությանը՝ դուք հույս և հնարավորություն եք տալիս նրանց, ովքեր ձգտում են սովորել և զարգանալ։ Այս նախաձեռնությունը «Լորիկ» մարդասիրական հիմնադրամի մեր առաքելության անկյունաքարն է։

Ֆոնդի հասույթը նախատեսված է ուսման վարձի, դպրոցական պարագաների և կրթական աջակցության համար՝ ուսանողներին հնարավորություն տալով իրականացնել իրենց երազանքները։ Օգնեք մեզ կրթության միջոցով խթանել դիմացկունությունն ու նպատակասլացությունը։

Ֆոնդը անվանակոչվել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի պատվին, ով հերոսաբար զոհվեց՝ պաշտպանելով Մարտունու բնակիչներին 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ», – ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ «Լորիկ» մարդասիրական հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։

Կազմակերպության հիմնադիրը Շանթ Չարշավչեանն է՝ հայազգի ամերիկացի, որի նախնիները սերում են Արևմտյան Հայաստանից՝ հինավուրց Տիգրանակերտ քաղաքից։ Մինչև 2023 թվականի սեպտեմբերը հիմնադրամը Արցախում իրականացրել է տարբեր ծրագրեր, այդ թվում՝ բնակչության սոցիալական աջակցություն, ազգային և մշակութային արժեքների պահպանում և զարգացում, սպորտ և այլն։ Արցախից տեղահանումից որոշ ժամանակ անց, հաշվի առնելով այն փաստը, որ արցախցիները, այդ թվում՝ Արցախյան պատերազմներում զոհված հերոսների ընտանիքները, հայտնվել են ծանր վիճակում՝ առանց ապաստանի և ապրուստի միջոցների, որոշում է կայացվել շարունակել հիմնադրամի գործունեությունը։ Մասնավորապես, հիմնադրամի միջոցներն օգտագործվել են զոհվածների ընտանիքների և այլ կարիքավոր հայերի համար բնակարաններ գնելու և վերանորոգելու համար։ «Լորիկ» մարդասիրական հիմնադրամի շնորհիվ տասնյակ արցախյան ընտանիքներ արդեն ունեն իրենց սեփական տանիքը։

Միակ պայմանն այն է, որ բնակարանները մնան հիմնադրամի սեփականությունը 10 տարի, որից հետո ընտանիքները կստանան սեփականության իրավունք։ Մարզերում հիմնադրամը ստեղծում է համայնքային կյանքի պայմաններ արցախցիների համար՝ հնարավորություն տալով նրանց պահպանել իրենց կենսակերպը, ավանդույթները և մշակույթը։ Լայնածավալ աշխատանքներ են տարվում նաև Արցախի ոչ նյութական մշակութային և պատմական ժառանգության պահպանման ուղղությամբ, ի թիվս այլ բաների: Հիմնադրամի աշխատանքի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել կազմակերպության պաշտոնական կայքում՝ www.lorikhf.org։

Արսեն Աղաջանյան

Արդյո՞ք Ումերովը և Զելենսկին հրաժարական կտան

Երեքշաբթի՝ նոյեմբերի 18-ին, Ուկրաինայի Գերագույն ռադան չկարողացավ քվեարկել արդարադատության նախարար Հերման Գալուշչենկոյի և էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկի հրաժարականի հարցով, այն բանից հետո, երբ «Եվրոպական համերաշխություն» կուսակցության խմբակցության ներկայացուցիչները փակեցին ամբիոնը: Ընդդիմությունը պահանջեց վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի ամբողջ կառավարության հրաժարականը:

Գալուշչենկոն ազատվեց Ուկրաինայի արդարադատության նախարարի պաշտոնից նոյեմբերի 12-ին՝ «Էներգոատոմ»-ում կոռուպցիայի վերաբերյալ աղմկահարույց հետաքննության ֆոնին: Սվետլանա Գրինչուկը հրաժարական տվեց նույն օրը:

Ուկրաինայի էներգետիկ ոլորտում տեղի ունեցած զանգվածային կոռուպցիոն սկանդալն արդեն մի քանի վերլուծաբանների ստիպել է կանխատեսել, որ Վլադիմիր Զելենսկին ինքը կարող է վտանգի տակ լինել:

Լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ պաշտպանության նախարար Ումերովը, որը մեկնել էր գործուղման, իրականում փախել է Թուրքիա և չի մտադիրվում վերադառնալ Ուկրաինա, որպեսզի չկալանավորվի էներգետիկ սկանդալի շրջանակներում: Ուկրաինայում այս լուրերը հերքվեցին, բայց Ումերովը դեռ չի վերադարձել հայրենիք:

Անընդհատ խոսվում է նաև Զելենսկու աշխատակազմի ղեկավար Երմակի հնարավոր հրաժարականի մասին, ով հայտնի է որպես Ուկրաինայի գորշ կարդինալ։ Այս հրաժարականը, անկասկած, կազդի նաև Զելենսկու վրա։

Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակը դառնում է Թրամփի միջնորդությամբ Ռուսաստանի հետ բանակցությունների կարևոր մաս։ Պուտինը կտրականապես չի ցանկանում հանդիպել Զելենսկու հետ՝ նրան համարելով անօրինական նախագահ (Զելենսկու հնգամյա ժամկետն իսկապես լրացել է, և պատերազմի պատճառով նոր ընտրություններ չեն անցկացվում։ Պուտինը ասում է, որ Զելենսկին կարող է իշխանության ղեկը հանձնել Գերագույն ռադայի խոսնակին)։ Չնայած Դոնալդ Թրամփը հանդիպում է Զելենսկու հետ, նա երբեք բաց չի թողնում առիթը նրան մեղադրել անհասկանալի անզիջողականության մեջ։

Զելենսկու դիրքերը թուլացնելու առաջին խոշոր փորձը արվել է մի քանի ամիս առաջ, երբ նրա կուսակցությունը խորհրդարանում օրենք ընդունեց, որը սահմանափակում էր Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության լիազորությունները։ Արևմուտքը խստորեն քննադատեց օրենքը, Ուկրաինայում բողոքի ցույցեր բռնկվեցին, և Զելենսկին անմիջապես չեղարկեց այն։ Սակայն դրանից առաջ նա մեղադրեց Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (NABU) աշխատակիցներին Ռուսաստանի հետ կապերի մեջ, սակայն այս տեսությունը չանցավ, և NABU-ն սկսեց գործել ամբողջ ուժով։

Եթե ​​պարզվի, որ Ումերովն ու Երմակը իսկապես ներգրավված են սկանդալում, Զելենսկու դիրքերը կխարխլեն։ Եվ Ռուսաստանը կօգտվի առիթից՝ պնդելու պատերազմը իր օգտին ավարտելու վրա, այսինքն՝ ներառյալ Ուկրաինայի կողմից իր ներկայիս դիրքերից նահանջը և կառավարության փոփոխությունը։

Այսօր Զելենսկին մեկնել է Թուրքիա՝ հանդիպելու Թրամփի դեսպան Սթիվ Վիտկոֆի հետ։ Նախորդ օրը նա հանդիպել է Մակրոնի հետ և նրա հետ ստորագրել 100 Rafale կործանիչների մատակարարման համաձայնագիր։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ն նշում է, որ չի կարող օգտագործել Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվները, և պարզ չէ, թե ով է վճարելու ֆրանսիական կործանիչների համար։

Զելենսկու և Ուկրաինայի համար իրավիճակը իսկապես կրիտիկական է։

Ադրբեջանը մինչեւ հիմա չի հայտարարում՝ ազգայնացրե՞լ է հայերի թողած գույքը, թե՞ ոչ

Ստեփանակերտ

«Ժամանակի ընթացքում՝ 10-20 տարի հետո գնալով ավելի ու ավելի սրությամբ է Ադրբեջանի առջեւ կանգնելու ոչ միայն այն, թե՝ ո՞ւր են Արցախի հայերը, այլ նաեւ՝ բա էդ գույքը ի՞նչ եղավ։ Եվ Ադրբեջանն իրավաբանորեն չի կարողանալու տալ սպառիչ պատասխաններ, հետեւաբար, մենք հենց գույքային իրավունքի ուղղությամբ պետք է երկարատեւ աշխատենք»,- «Արցախի տեղահանումից հետո. մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

«Ադրբեջանը մինչեւ հիմա չի հայտարարում՝ ազգայնացրե՞լ է հայերի թողած գույքը, թե՞ ոչ, որովհետեւ իրենք գիտեն՝ հենց այդ օրենքը հրապարակվեց, այդ պահից այդ օրենքը լեգիտեմ չէ։ Իրենք իրավունք չունեն ազգայնացնել մի գույք, որը չի պատկանում պետությանը, այլ պատկանում է մասնավորին։ Բայց քանի որ մենք տեսնում ենք, որ այդ գույքն այսօր տալիս են ինչ-որ Հասանովի կամ Ալիեւի, նշանակում է՝ սկզբից ազգայնացրել են, հետո տվել են մասնավորին։ Մասշտաբային առումով ամենակարեւորը գույքի հարցն է, 120 հազար այնտեղ թողել են գույք, ինչպես Հյուսիային Կիպրոսում հույները մի քանի օրվա մեջ թողեցին իրենք գույքը»,- ասաց նա։

Արա Ղազարյանը հիշեցրեց, որ ավելի քան 40 տարի անց Թուրքիան ստիպված եղավ փոխհատուցել Հյուսիսային Կիպրոսի հույներին, եւ այսօր Ադրբեջանն իր աչքի առաջ ունի այս օրինակը, գիտի, որ վաղ թե ուշ կամ պիտի փոխհատուցի, կամ պետք է թույլ տա, որ մարդիկ վերադառնան ու ապրեն Արցախում։

Մասնագետի խոսքով՝ ժամանակն անցնում է, պետք է հասցնել հնարավորինս շատ արցախցիների անունից դիմումներ ներկայացնել միջազգային ատյաններ, որպեսզի գոնե արձանագրվի նրանց իրավունքը։

Լեռնիկ Հովհաննիսյան. Արցախում մնացել է 5658 հուշարձան, որից 385 եկեղեցի, 60 վանական համալիր

Արցախում մնացել է 5658 հուշարձան, որից 385 եկեղեցի, 60 վանական համալիր, 2835 խաչքար, 400 գերեզմանոց, որոնք մինչեւ 19-րդ դարն էին ձեւավորվել։ Այսինքն՝ հայ ժողովրդի մշակութային ժառանգության մի ստվար հատվածն այսօր բռնազավթված է թշնամու կողմից։ Այս թվերն այսօր «Արցախի տեղահանումից հետո. մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ ներկայացրեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

Նմա նշեց, որ արցախցիների բռնի տեղահանությունից հետո հայկական մշակութային ժառանգությունը կործանման վտանգի առաջ է, Ադրբեջանն այսօր այդ հարցում հատել է բոլոր կարմիր գծերը, ոչ մի միջազգային կոնվենցիա, այդ թվում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կոնվենցիաներն այլեւս հաշվի չի առնում։

Հայկական մեդիա դաշտում պարբերաբար հայտնվում է տեղեկատվություն, թե Ադրբեջանն Արցախում ինչ ավերածություններ է գործում։ Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրեց, թե իրենց հասած տեղեկություններով որ բնակավայրերն ու հուշարձաններն է ավերել ու ոչնչացրել Ադրբեջանը։

«Մենք տարբեր տեղեկատվական միջոցներով տեղեկացանք, որ արդեն գոյություն չունեն Շուշիի սուրբ Հովհաննես Մկրտիչ Կանաչ ժամը, Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին, Հադրութի շրջանի Մոխրոնես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, Մարիամաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում էլ թափառող կենդանիներ են պահվել»,- ասաց նա։ Հիմնահատակ ավերվել են Արցախի մի շարք բնակավայրեր, ինչպես, օրինակ, Քարին տակ գյուղը։

«Այսինքն, ավերելով մեր բնակավայրերը, մեզ զրկում են մեր պատմական լանդշաֆտից, որը մեր ինքնության կարեւորագույն պայմաններից մեկն է»,- ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը։ Հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը զուգահեռ Ադրբեջանը նաեւ յուրացման քաղաքականություն է վարում։

Լեռնիկ Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ ոչ նյութական մշակութային ժառանգությանը, ասաց, որ դրա հիմնական կրողը մարդն է՝ արցախցին։ Բայց այսօր, կտրված լինելով իր պատմական լանդշաֆտից, արցախցին չի կարողանում յուրացնել այն մշակութային առաձնահատկությունները, որոնք ունեցել է իր հայրենիքում։ «Հետեւաբար, այսօր թիվ մեկ խնդիրն արցախցիների արտագաղթն է եւ նրանց ցրված ապրելը ՀՀ տարածքում։ Արցախցիների ինքնությունը պահպանելու համար համայնքը պետք է միասնական բնակեցնել»,- հավելեց նա։

 

ՄԱԿ-ի չորս բանաձեւերում անդրադարձ է կատարվել Արցախի ինքնահռչակման փաստին

«Արցախի վերաբերյալ ՄԱԿ-ի 4 բանաձեւերը կան, որոնք Ադրբեջանն իր օգտին է մեկնաբանում, բայց փաստ է՝ ՄԱԿ-ի չորս բանաձեւերում անդրադարձ է կատարվել Արցախի ինքնահռչակման փաստին, պատմական-իրավական իրողությանը»,- «Արցախի տեղահանումից հետո. մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով այսօրվա քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։

Նա նշեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երբեք չի գնահատել, որ Արցախի անկախության ինքնահռչակումը խախտել է միջազգային իրավունքը, եւ նոր ստեղծվող պետության ձեւավորումը պետք է միջազգայնորեն արգելափակել։ Մի բան, որը տեղի է ունեցել բազմաթիվ համանման իրավիճակներում, օրինակ, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության դեպքում։

«Կա Արցախի անկախության ինքնահռչակման եւ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության անկախության ինքնահչռակման տարբերությունը։ Մեկը կախտում էր Կիպրոսի տարածքային ամբողջականությունը, եւ ՄԱԿ-ի ԱԽ-ն կոլեկտիվ չճանաչման կոչ արեց միջազգային հանրությանը, արգելեց որեւէ պետության ճանաչել Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության անկախությունը։ Նույն իրավիճակը քննվեց Արցախի պարագայում, եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չպահանջեց միջազգային հանրությունից չճանաչել Արցախի անկախությունը։ Ինչո՞ւ չպահանջեց, որովհետեւ չգտավ, որ Արցախի անկախության ինքնահռչակումը խախտել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սա իրավունքն է, թե քաղաքականությունն ինչպես ընթացավ, ինչպիսի լուծումներ ունեցանք, դա այլ տիրույթում է»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։