Փաշինյանն ասում է՝ ոչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար

Հայաստանը կոնկրետ մի երկրի գրպանում է հայտնվել մի գործիքով՝ Ղարաբաղի հարցով։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13–ին, ԱԺ–ում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ամփոփիչ իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը դուրս է բերվել թակարդից. «Այսօր այս մարդիկ ասում են՝ դե ինչ ուզել են՝ տվել եք։ Ընդհակառակը, վերջին տարիների իրադարձությունների միակ պատճառը այն է, որ ընդհակառակը, ինչ ուզել են ոչ մի բան չենք տվել։ Այսօր մարդիկ եկել են Ղարաբաղ են լացում։ Ոչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար՝ սկսած ֆինանսականից, ինչը երևում է բյուջետային թվերով, սկսած մնացածից՝ ինչը չի երևում ու չի էլ երևալու երբեք։

2018–ին ինչի մենք զիջումների չգնացինք։ Մինչև տարվա վերջ էդ էլ էդ թեման էլ կփակենք էդ բանակցային փաթեթներն էլ կհրապարակենք, որովհետև մեզնից ուզվում էր Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Դա այդպես չէր ձևակերպվում։ Հայաստանը անկախության հենց հաջորդ օրից կամաց տեղավորվել է այդ գրպանում»,–ասաց Փաշինյանը։

Արցախը Հահաստան ՝, և վերջ, Ղարաբաղը Ադրբեջան է, և վերջ։

Որոշել են, որ Արծվաշենը մերն է, Տիգրանաշենը՝ իրենցը, եւ խոսում են ժողովրդի կամքի մասին

Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Պարոն Պապյան, վերջին օրերին դարձյալ ակտիվացել է այդպես կոչված «անկլավների» հարցը, ինչո՞ւ է այս հարցն այդ շրջանում դրվել շրջանառությա մեջ։

-Որովհետեւ Ալիեւն իր առջեւ դրված խնդիրները հերթով լուծելով գնում է։ Արդեն միջանցքի հարցը՝ հենց միջանցք կարգավիճակով, ինքը համարում է լուծված, բնականաբար, գնում է հաջորդ հարցին, որի մասին նախապես հայտարարվել էր, բոլորս գիտեինք։ Մյուսն էլ այն է, որ ինքն ամեն ինչով օգնում է Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես, ցորենի հետ կապված ներկայացումն աջակցկություն էր Փաշինյանին՝ իբր ապաշրջափակում ցույց տալու։ Բայց Ալիեւի սիրտը կասկած է ընկել, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ընտրություններում չհաղթի, դրա համար ուզում է քանի կա, ինչ-որ մի բան պոկի, ամրագրի, որ հետո խնդիրների առջեւ չկանգնի։

-Ի՞նչ հետեւանքներ կլինեն, եթե ՀՀ իշխանությունները Բաքվին հանձնեն Տիգրանաշենը։

-Դա կնշանակի, որ դեպի Սյունիք ու Վայոց ձոր տանող ճանապարհը կգտնվի ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Այսինքն՝ պիտի կառուցվի շրջանցիկ ճանապարհ։ Երկրորդը, դա հնարավորություն կտա ադրբեջանցիներին այդտեղ տեղակայելու եւ մարդկանց, եւ զինված խմբավորում։ Անգամ, եթե շրջանցիկ ճանապարհ էլ կառուցվի, հենց այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա, եւ պատերազմի դեպքում իրենք դա կարող են փակել։ Եվ երրորդը, դրանով իրենք մոտենում են դեպի Արարատյան դաշտի սրտին, Երեւանին։ Դա այն է, ինչը մշտապես ասել ենք՝ Ադրբեջանը որեւէ ցանկություն չունի խաղաղության, որովհետեւ այդ «անկլավները» որեւէ հիմնավորում չունեն, բացառությամբ ինչ-որ նկարների, որոնք անվանում են քարտեզներ։ Ինչո՞ւ եմ ասում նկարներ, որովհետեւ քարտեզը, որը կից չէ միջազգային փաստաթղթի, որի մեջ չկա դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանի նկարագրությունը, նշանակում է՝ դա նկար է։

-Այսինքն՝ այդ այսպես կոչված «անկլավների» մասին իրավական հիմքեր չկա՞ն։

-Ոչ մի իրավական հիմք չկա։ Եթե անգամ սովետական շրջանում ադրբեջանական ԽՍՀ-ի եւ հայկական ԽՍՀ միջեւ այդ բաժանարար գծի համար (չեմ ասում՝ սահման) գոնե վարչական հիմնարովում կա, որը միջազգային իրավուքի տեսանկյունից կեղծ ու սուտ է, «անկլավների» վերաբերյալ դա էլ չկա։ Եվ փորձ անել ցույց տալ, թե իբր Արծվաշենը համարժեք է Տիգրանաշենին, բնավ այդպես չէ։ Էլ չեմ խոսում Վրաստանի ճանապարհի վրա գտնվող այդ մի քանի այսպես կոչված «անկլավների» մասին։ Ուշադրություն դարձրեք, որ այդ այսպես կոչված «անկլավները» ծլել են ոչ պատահական տարածքների վրա, հենց ամենակարեւոր ճանապարհների վրա են։ Մեկը Իրան տանող ճանապարհի վրա է, մյուսը՝ Վարաստան տանող ճանապարհի։ Եվ սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանցիներն ու թուրքերը հետեւողականորեն իրենց ծրագիրն առաջ են մղել եւ հիմա բոլորին կանգնեցնում են փաստի առաջ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Այսինքն՝ այդ տարածքների վերաբերյալ ցանկացած փոփոխության դեպքում Հայաստանը անվտանգային, ենթակառուցվածքային լուրջ խնդիրնե՞ր է ունենալու։

-Այո, Հայաստանն անվտանգության խնդիրներ է ունենալու, որովհետեւ ճանապարհներն առաջին հերթին անվտանգության հարց են լուծում։ Դրանով պարենային անվտանգությունն է դրվում հարվածի տակ, Իրանի հետ կապն է եւս մեկ կողպեքով փակվում։ Հիշում եք՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածը տվեցին, դա դարձյալ հայկական տարածք էր, եւ կային փաստաթղթեր, որ այդ ճանապարհը կառուցվել է 1960-ական թվականներին՝ Հայաստանի բյուջետային միջոցներով։ Ժողովրդական խոսքը ճիշտ է՝ եթե գողը տանից լինի, եզը երթիկից կհանեն։ Եթե երկրի վարչապետը գործում է հօգուտ թշնամու, ինչ էլ ուզում ես արա, վերջում պարտվելու ես, որովհետեւ բողոքները կամ բռնություններով են դիմավորվում, կամ ձերբակալություններով։ Կամ էլ մեր հարկատուների միջոցները ծախսելով՝ կեղծ քարոզչություն են իրականացնում եւ ժողովրդին այդ քարոզի մեջ պահում։

Իշխանությունները մանիպուլացնում են այդ հարցը, ասում են՝ թե Արծվաշենը Հայաստանի տարածքային ամբողջականություն է, առանց ժողովրդի կամքը հարցնելու իրավունք չունեն այդ տարածքը թողնելու Ադրբեջանին։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

-Հա, բայց այստեղ Արծվաշենի մասին չէ խոսքը, իրավական հիմքի մասին է։ Իսկ ո՞վ է ասել, որ Արծվաշենն անկլավ է։ Եթե դուք նայում եք Արծվաշենին, այն անկլավ կամ էքսկլավ չէ, այն թերակղզու նման միացված է Հայաստանին։ Այսինքն՝ այդ ո՞վ որոշեց, որ անկլավ է։ 1920-ականների քարտեզներով Արծվաշենը միացված է Հայաստանին, եւ Հայաստանի խորհրդայի սոցիալիստական հանրապետության ներսում չկա որեւէ ադրեջանական անկլավ։ Բա մենք ինչո՞ւ ենք ասում, որ նախ պետք է հստակեցվի իրավական հիմքը, թե ինչի հիման վրա է որոշվում սահմանը։ Հիմա արդեն որոշել են, որ Արծվաշենը մերն է, Տիգրանաշենը՝ իրենցը, եւ խոսում են ժողովրդի կամքի մասին, հա՞։ Այդ որ օրվանից են ժողովրդի կամքը սկսել հաշվի առնել։

Այո, հարց է ծագում՝ այդ դեպքում մյուս տարածքները Ադրբեջանին հանձնելուց ինչո՞ւ հաշվի չառան ժողովրդի կամքը։

-Երբ նույն միջանցքը տվեցին, ժողովրդի կամքը հաշվի առա՞ն, երբ Արցախի հարցը «լուծեցին» այդ ձեւով, թեկուզ ժամանակավոր, ժողովրդի կամքը հաշվի առա՞ն։ Երբ հրաման տվեցին հանձնել այդ տարածքները, այն դեպքում, երբ ադրբեջանցու ոտքը Քարվաճառ ու մյուս տարածքներ չէր մտել, ժողովրդի կամքը ո՞վ հաշվի առավ։ Թող հեքիաթներ չպատմեն։ Կրկնում եմ՝ սա թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող նիկոլյան օրակարգ է՝ հանուն նրա, որ առավելագույն աջակցություն ստանա ընտրությունների ժամանակ։ Եվ ՔՊ-ականներն էլ դամքաշներն են։

Ռոզա Հովհաննիսյան

Փախստականի վկայականները փոխարինելու անհրաժեշտություն այլևս չկա

Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները փոխարինելու անհրաժեշտություն այլևս չկա։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «ՀՀ Կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի 1649-Ն որոշման համաձայն՝ 2024 թ․ փոխարինված ժամանակավոր պաշտպանության վկայականների վավերականության ժամկետը այսուհետ կերկարաձգվի ավտոմատ կերպով՝ Կառավարության համապատասխան որոշման ընդունումից անմիջապես հետո։

Հիշեցնենք նաև, որ մուտքի ուղղությամբ ՀՀ սահմանահատում կատարելիս ԺՊ վկայականի առկայությունը պարտադիր չէ։

Եթե ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալուց հետո անձը փոխել է անձնագիրը (կորցնելու, վավերականության ժամկետն ավարտվելու, վնասվելու պատճառով), ապա պետք է դիմի նոր վկայական ստանալու համար, քանի որ ժամանակավոր պաշտպանության վկայականը տրամադրվում է գործող/վավեր անձնագրի հիման վրա»։

ԵՄ-ն զրկվել է Հայաստանում իր գլխավոր փաստարկից. դեռ ուշ չէ ամեն ինչ շտկելու համար

Երեկվա “ռալլի”-ն, որը կազմակերպվել էր Հայաստանում հավատարմագրված եվրոպացի դեսպանների կողմից, որոնք մեկ օրում հանդիպել էին նախագահի, խորհրդարանի նախագահի, վարչապետի, Անվտանգության խորհրդի քարտուղարի և այլ հայ պաշտոնյաների հետ, մեծ իրարանցում առաջացրեց հայկական լրատվամիջոցներում։

Կային ենթադրություններ, որ Նիկոլ Փաշինյանը, ըստ երևույթին, պատրաստվում էր ևս մեկ զիջման և, իբր, ցանկանում էր իր եվրոպացի գործընկերներին տեղեկացնել այդ մասին։

Այնուամենայնիվ, դատելով օրակարգից, հանդիպումների նախաձեռնությունը պատկանում էր ոչ թե Հայաստանի կառավարությանը, այլ ԵՄ-ին, որը հույս ունի «գործարք» կնքել Հայաստանի իշխանությունների հետ, բայց զգում է, որ կարող է լուսանցքում մնալ։

Այսպիսով, ԵՄ-ն միակ գլոբալ կենտրոնն է, որը «վճարում է» Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների համար, այլ կերպ ասած՝ պահպանում է պետական ​​ինստիտուտների “դեմոկրատ” կերպարը։ ԵՄ-ն միջոցներ է ուղղում Արցախի ժողովրդի ինտեգրմանը, ֆինանսավորում է նրանց համար ծրագրեր և օգնում է ապահովել, որ արցախյան համայնքը քաղաքական խնդիր չդառնա Հայաստանի իշխանությունների համար։ ԵՄ-ն միակ ուժային կենտրոնն է, որը դիտորդներ է ուղարկել Հայաստան 2020 թվականի պատերազմից հետո՝ ստանձնելով Հայաստանի անվտանգության գոնե հոգեբանական երաշխավորի դերը։ Ավելին, ԵՄ-ն զգալի միջոցներ է հատկացնում Սյունիքում Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման համար, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։

Չնայած դրան, Հայաստանը այդպես էլ չի դիմել ԵՄ անդամակցության համար՝ սահմանափակվելով եվրոպական մտադրությունների վերաբերյալ ինչ-որ օրենքով։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց հետո եվրոպացի դիտորդները կավարտեն իրենց առաքելությունը Հայաստանում։ Հայաստանի կառավարությունը ակնհայտորեն անտեսում է Եվրոպան՝ հօգուտ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանը ստորագրեց հրադադարի հայտարարությունը Ռուսաստանի միջնորդությամբ, իսկ 2025 թվականի օգոստոսին նախաստորագրեց Բաքվի հետ «խաղաղության պայմանագիր» ԱՄՆ միջնորդությամբ։

Չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականի հոկտեմբերին հենց Մակրոնի և Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանը «ճանաչեց» Արցախը որպես Ադրբեջանի մաս՝ համաձայն «Ալմա-Աթայի հռչակագրի», ԵՄ-ն այդպես էլ դերակատարություն ձեռք չի բերել տարածաշրջանում։ ԵՄ ներկայությունը տարածաշրջանում և Հայաստանով հաղորդակցությունների բացումից ստացվող օգուտները նույնպես անհասկանալի են։ Հեշտ է կռահել, թե ինչ կլինի «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո. ԵՄ-ն ամբողջությամբ կհեռացվի տարածաշրջանից՝ անկախ Հայաստանի ընտրությունների արդյունքից։ Հիշեցնենք, որ ներկայիս կառավարության հիմնական հակառակորդներից մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը, հայտարարել էր, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը պետք է լինեն խաղաղության պայմանագրի երաշխավորները։ Առանց ԵՄ-ի։

Սա է այն, ինչ ԵՄ դեսպանները ցանկանում էին պարզաբանել հայ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ։ Ի՞նչ դեր է վերապահված Եվրոպային, որին, խստորեն ասած, վերապահվել է ամենատհաճ դերը ղարաբաղյան «կարգավորման» մեջ՝ «հայկական Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելը»։

ԵՄ-ն, անշուշտ, կշարունակի խորհել այն փաստի շուրջ, որ Միշել-Մակրոնի նախաձեռնությունը ոչ միայն չկարողացավ ամրապնդել ԵՄ դիրքերը Կովկասում, այլև զրկեց ԵՄ-ին ներկայիս աշխարհակարգը պահպանելու իր հիմնական փաստարկից։ Այս աշխարհակարգը հիմնված է ինքնորոշման իրավունքի և ուժի չկիրառման վրա, և հրաժարվելով Արցախից՝ ԵՄ-ն զրկել է իրեն այդ իրավունքից։

Դեռ ուշ չէ ամեն ինչ շտկելու համար։

Կարող է ՀԷՑ-ը ուզում են Թուրքիային վաճառել

Իմ տեղեկություններով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շատ ներկայացուցչական կազմով վերջերս գնացել է Թուրքիա, եղել  Թուրքիայում: Այս մասին հայտարարել է ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։

«Հիմա թող բացատրեն` ինչո՞ւ էին գնացել Թուրքիա, որն էր նպատակը: Իմ անձնական կարծիքով, ամենայն հավանականությամբ, այցելության իրական նպատակն այլ է եղել»,– հավելել է նա։

Հիշեցնենք, որ Հանրային կարգավորող հանձնաժողովն այս պահին քննարկում է «Տաշիր» ընկերությանը «Հայէլեկտրացանցեր» ընկերությունը շահագործելու լիցենզիան չեղյալ համարելու հարցը։

Ով ինչքան աշխատավարձ է ստանում Հայաստանում

2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի բնակչության 75%-ը ամսական միջին աշխատավարձից ցածր է ստանում, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

ԱՄՆ-ում ռեկորդային շաթդաունն ավարտվեց

Նոյեմբերի 13-ի՝ չորեքշաբթի գիշերը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց դաշնային կառավարության ֆինանսավորումը մինչև հունվարի 30-ը երկարաձգող օրինագիծ։ Դրանով ավարտվեց ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար շաթդաունը։

Նախորդ երեկոյան օրինագիծը հաստատվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի (Կոնգրեսի ստորին պալատ) կողմից։ 222 անդամ քվեարկեց կողմ, 209-ը՝ դեմ։ Նոյեմբերի 11-ի երեկոյան շաթդաունը ավարտող օրինագիծը հաստատվեց Սենատի՝ ԱՄՆ խորհրդարանի վերին պալատի կողմից։

ԱՄՆ-ում շաթդաունը այս անգամ տևեց 43 օր, ինչը այն դարձնում է երկրի պատմության մեջ ամենաերկար նմանատիպ դադարը։

Դիմակներով մարդիկ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներում

«Իմնեմիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տները խուզարկվել են այսօր վաղ առավոտյան, և նրանք ձերբակալվել են, ըստ նրանց փաստաբան Ռուբեն Մելիքյանի։

Մելիքյանի խոսքով՝ նրանք «մեղադրվում են հին, բարի «խուլիգանության» մեջ»։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Սամսոնյանն արդեն ձերբակալվել է։

Անցյալ շաբաթ Սամսոնյանի և Սաղաթելյանի փոդքասթի հյուրն էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ալեն Սիմոնյանը հաղորդում է ներկայացրել իրավապահներին, որպեսզի իրավական գնահատական տան «Իմնեմնիմի» հաղորդման ժամանակ հնչած վիրավորական արտահայտություններին և սպառնալիքներին: Այս մասին NEWS.am-ին հայտնում է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը:

Ինչպե՞ս պետք է ապրեն 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող մայր ու որդի

Արցախից տեղահանված Արեգա Իշխանյանը չի կարողանում գտնել հարցի պատասխանը՝ ի՞նչ կարգավիճակում է իր 2 հոգանոց ընտանիքը, ինչպե՞ս պետք է ապրեն 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող մայր ու որդի։

Տիկին Արեգան ծնվել է Արցախի Քարագլուխ գյուղում, ապա տեղափոխվել Խրամորթ ու այնտեղ ավարտել միջնակարգ կրթությունը։ Աշխատանքի է անցել Ասկերանի կապի բաժանմունքում և ուսումը շարունակել Բաքվի կապի տեխնիկումում։ Ամուսնացել ու ապրում էր Ստեփանակերտ քաղաքում։ Արցախյան առաջին պատերազմի մասնակից, հմուտ ու բանիմաց զինվորական ամուսնու կյանքի թելը կտրվել է 2008 թվականին։

– 2023-ի բռնի տեղահանությունից հետո ապրում էինք վարձակալած բնակարանում։ Որպես զոհվածի այրի՝ ստանում եմ 30000 դրամ պարգևավճար։ Իմ և որդուս հաշմանդամության թոշակները կազմում են 43500 և 36000-ական դրամ գումար։ Այդ գումարով կարողանում էինք գոյատևել․ գումարի մեծ մասն ուղղելով դեղորայք գնելուն։ ՀՀ կառավարության կողմից արցախցիներին տրվող աջակցության գումարով էլ վճարում էինք տան վարձը։

Սակայն աջակցության դադարեցումից հետո մենք չկարողացանք տան վարձը տալ ու ստիպված տեղափոխվեցինք քրոջս տուն ու ապրում ենք նրա բազմանդամ ընտանիքի հետ, որովհետև մեր տուն մտնող գումարով չենք կարող տուն վարձակալել, կոմունալ ծախսեր վճարել, դեղորայք գնել, հետն էլ սնվել։ Ճիշտ է, քույրս մեծ սիրով է ընդունել մեզ, բայց մինչև երբ կարող ենք ապրել նրա տանը։

Առանց աջակցության, պարզ է, տուն վարձակալել չենք կարող։ Դիմել ենք հրատապ աջակցություն ստանալու համար, սակայն մինչև այսօր մեր դիմումները չեն ընթացքավորվել։ Հիմա ես չեմ հասկանում՝ մենք խոցելի խո՞ւմբ ենք, թե՞ ոչ։

Իմ կարգավիճակում գտնվող ընտանիքները շատ են, և ես բոլորի անունից եմ բարձրացնում մեզ մտատանջող հարցը։ Մի՞թե հնարավոր չէ գոնե սոցիալական բնակարաններ տրամադրել, քանի որ բնակապահովման ծրագրով փոքրակազմ ընտանիքների համար տուն ձեռք բերելը պատրանք է։ Կամ էլ, առանց խտրականության, բոլոր արցախցիներին ընդգրկեն բնակվարձերի աջակցության ծրագրի մեջ։

Դիմել եմ ԱՀ պետնախարար Նժդեհ Իսկանդարյանին, ներկայացրել մեր անելանելի վիճակը։ Պատասխանել է, որ այդ խնդիրը բազմիցս է բարձրացվում, սակայն ՀՀ կառավարության կողմից որևէ լուծում դեռևս չկա։

Թող տպավորություն չլինի, թե մենք օգնություն ենք խնդրում։ Պարզապես ես ցանկանում եմ իմանալ, թե ինչպե՞ս են լուծվելու մեր կարգավիճակն ունեցող մարդկանց խնդիրները, ի՞նչ պետք է անեն այդ մարդիկ,- ասում է տեղահանված կինը։

Արեգա Իշխանյանի ու նրա որդու առողջական խնդիրները չեն ներում աշխատելու համար։ Արդեն քանի տարի է, ինչ պրոտեզավորված է նրա ողնաշարը, իսկ մանկուց հաշմանդամ, 39-ամյա որդին ամենօրյա խնամքի ու վերահսկողության կարիք ունի։ Էդուարդը հիվանդացել է Արցախյան առաջին պատերազմի տարիներին նկատվել է սուր գլխացավ, ապա բացահայտվել անբուժելի հիվանդությունը։

-Չնայած հազվագյուտ հիվանդությանը՝ որդիս միջնակարգ կրթություն է ստացել, հետո ավարտել Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջը։ Երգում էր, մասնակցում մշակութային միջոցառումների։ Սակայն հոր մահից հետո հեռացել է երաժշտությունից, իսկ հիվանդությունն սկսվել է ավելի սրվել։

Տեղահանությունից հետո մենք ստիպված ենք Երևան քաղաքում հաստատվել, որովհետև հիվանդանոցները մեր կյանքի անբաժան մասն են կազմում, իսկ մարզերից Երևան հասնելն այնքան էլ հեշտ չէ։ Այստեղ մենք գրանցվել ենք մեր տարածքային բժշկական կենտրոնում, սակայն որդուս տվյալները Արթմեդ բժշկական համակարգում բացակայում են, ինչը հետագայում խնդրի առաջ է կանգնեցնելու նրան։ Հիվանդանոցում ինձ ասել են, եթե ժամանակավոր պաշտպանության վկայականներն այլևս չգործեն, ապա նա չի կարող օգտվել անվճար բժշկական ծառայություններից։ Չգիտեմ, թե այդ հարցը ինչպիսի կարգավորում պետք է ստանա։ Ինձ անհասկանալի է, որ տղայիս տվյալները գրանցված չեն Արթմեդ համակարգում, չնայած, որ ստանում է հաշմանդամության թոշակ,-ավելացնում է տիկին Արեգան։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Երեք նամակ Թրամփի դեմ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովի դեմոկրատները հրապարակել են ֆինանսիստ և դատապարտված պեդոֆիլ Ջեֆրի Էպշտեյնի գործով հետաքննության նոր էլեկտրոնային նամակներ, որոնցում մի քանի անգամ հիշատակվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Երեք էլեկտրոնային նամակները հանձնաժողովի կողմից ստացված հազարավոր փաստաթղթերից առաջինն էին։ Ենթադրյալ զոհ(եր)ի ինքնությունը խմբագրված է։

ԱՄՆ նախագահը դեռևս չի մեկնաբանել հրապարակումը, բայց հետևողականորեն հերքել է Էպշտեյնի հետ կապված որևէ խախտում։ Սպիտակ տունը էլեկտրոնային նամակները որակել է որպես Թրամփին զրպարտելու փորձ։

Չինաստանի և Տիբեթի միջև կամուրջը փլուզվել է

Չինաստանի Սիչուան նահանգում մասամբ փլուզվել է նոր Հոնգի կամուրջը, որը կառուցվել է որպես կենտրոնական Չինաստանը Տիբեթի հետ կապող ռազմավարական մայրուղու մաս։

Newsweek-ը հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել կամրջի շահագործման հանձնվելուց ընդամենը մի քանի ամիս անց։

Չինական Մերջան քաղաքի պաշտոնյաների խոսքով՝ փլուզումը պայմանավորված է եղել երկրաբանական տեղաշարժերով և հողի անկայունությամբ, որոնք առաջացրել են սողանք, որը վնասել է թեքությունը և ճանապարհի մակերեսը։

Դեպքից մեկ օր առաջ մասնագետները նկատել են հողի դեֆորմացիա մեկ հատվածում, որից հետո կամրջի վրա երթևեկությունը դադարեցվել է, իսկ վարորդները տարհանվել են։ Դրա շնորհիվ զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։

«Լուկոյլի» ղեկավարը կդադարի լինել «աշխարհի ամենաազդեցիկ ադրբեջանցին»

«Լուկոյլի» բաժնետոմսերը 2023 թվականից ի վեր առաջին անգամ իջել են 5000 ռուբլուց ցածր։ Անկումը պայմանավորված է ԱՄՆ պատժամիջոցներով, Լուկոյլի արտասահմանյան ակտիվների վաճառքի պայմանագրի խափանմամբ և «Ռոսնեֆտի» կողմից հնարավոր կլանման մասին լուրերով։

Անցյալ ամիս «Լուկոյլը», «Ռոսնեֆտի» հետ միասին, ենթարկվեց ԱՄՆ պատժամիջոցների։ Դրանից հետո ընկերությունը հայտարարեց իր արտասահմանյան ակտիվները վաճառելու մտադրության մասին։ Գնորդը պետք է լիներ շվեյցարական «Գունվոր» ընկերությունը, որի համահիմնադիրն է Կրեմլին մոտ կանգնած միլիարդատեր Գենադի Տիմչենկոն։ Սակայն ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կասեցրեց վաճառքը՝ պնդելով, որ «Գունվորը», որը վերահսկվում է Կրեմլի հետ կապված օլիգարխի կողմից, չի ստանա անհրաժեշտ լիցենզիան։ Հետագայում «Գունվորը» հրաժարվեց գործարքից։

FT-ի նոյեմբերի 12-ի հաղորդագրության համաձայն՝ գործարքի խափանումը վտանգի տակ է դնում ընկերությանը մոտ 14 միլիարդ եվրո արտասահմանյան ակտիվներ։ Հրատարակությունը նաև հաղորդում է «Լուկոյլի» «Ռոսնեֆտի» կողմից հնարավոր կլանման մասին։

Հատկանշական է, որ «Լուկոյլի» գործը անսպասելիորեն սրվեց Պուտինի և Ալիևի «պատմական հաշտեցումից» հետո։ Այս «հաշտությունից» հետո Ադրբեջանն ու Վրաստանը բացեցին իրենց երկաթուղիները Ռուսաստանի համար։ Սկսվեց նաև «Լուկոյլի» գործը։

Եթե «Լուկոյլը» «անհետանա», Վագիտ Ալեքպերովը կդադարի լինել աշխարհի ամենաազդեցիկ ադրբեջանցին։