Հայաստան և Թուրքիայի ներկայացուցիչներն անցկացրել են Գյումրի-Կարս երկաթգծի շահագործման մասին քննարկումներ

Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները նոյեմբերի 28-ին հանդիպել են սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Գյումրիում, հայտնում է ԱԳՆ-ն:

Անցկացվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը:

Ում կարող են արդարացնել Բաքվում․ 6 հոգու միջնորդություն է ներկայացված

Բաքվի ռազմական դատարանի առջև կանգնած հայ գերիներից վեցի պաշտպանները դատարանին միջնորդել են արդարացնել նրանց։

Ըստ իշխանական «Ազերթաջի», Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի պաշտպանները հայտարարել են՝ Ղուկասյանը հանցավոր խմբի անդամ չէ, առաջարկում են արդարացնել նրան։ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի պաշտպանը հիշեցրել է՝ Բաբայանը ինքնակամ հանձնվել է ադրբեջանական կողմին, միջնորդել է արդարացնել նրան։

Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի պաշտպանն էլ շեշտել է՝ իր պաշտպանյալը զինվորական է եղել, գործել է կանոնադրության շրջանակներում։ Նա խնդրել է արդարացնել Դավիթ Մանուկյանին։

Արդարացման միջնորդություններ են ներկայացրել նաև հայ գերիներից Գուրգեն Ստեփանյանի, Վասիլի Բեգլարյանի ու Ռաշիդ Մադաթյանի հանրային պաշտպանները։

Բաքվի դատարանում արդարացվող հայեր չեն լինելու, վստահ է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Տակտիկական նկատառումներով ադրբեջանական կողմը փորձում է իմիտացնել պաշտպանության իրավունքը և հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանները խոսում են հնարավոր արդարացման ակտերի մասին, հստակ գիտակցելով, որ դա անհնար է», – ասել է Սահակյանը Ազատությանը։

Օրեր առաջ Բաքվից վերադարձած քաղհասարակության ներկայացուցիչները պատմեցին՝ այնտեղ հավաստիացում են ստացել, որ գերիների հարցը բանակցություններում ակտիվ թեմա է։

Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ գերիների մի խումբ Բաքվի բանտից ազատ կարձակվի, երբ հայ-ադրբեջանական շփումներում տեղաշարժ լինի։

Գաբալայում հանդիպել են Գրիգորյանն ու Մուստաֆաեւը

2025թ. նոյեմբերի 28-ին Ադրբեջանի Հանրապետության Գաբալա քաղաքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 12-րդ հանդիպումը:

Գոհունակությամբ նշվել է, որ հանձնաժողովների 12-րդ հանդիպումը կայանում է կողմերից մեկի տարածքում՝ ադրբեջանական Գաբալա քաղաքում:

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են 2025թ. հունվարի 16-ի 11-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունը պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանն Իրանի Իսլամական Հանրապետության հետ սկսելու վերաբերյալ:

Կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական և տեխնիկական հարցերի շուրջ:

Քննարկվել են նաև սահմանազատման  աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը:

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն առանձին մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը Հայաստանի Հանրապետության քաղաքներից մեկում:

ԵՄ կարևոր հայտարարությունը Նախիջևանի մասին

«Եվրամիության, Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի միջև կազմակերպված վերջին քննարկումների ընթացքում որպես առաջնահերթ ուղղություն ընտրվել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների Նախիջևանի սեգմենտը», – APA և «Արմենպրես» գործակալություններին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։

Նրա խոսքով՝ «դա ներառում է Հայաստանի կապը Նախիջևանի հետ ինչպես հարավում, այնպես էլ հյուսիսում և նպատակ ունի ապահովել TRIPP-ի 42-կիլոմետրանոց հատվածի արդյունավետ միավորումն ու ամբողջ տարածաշրջանի համար ներառականության ապահովումը»։

Ըստ էության, եվրոպացի պաշտոնյան խոսում է Նախիջևանը Հայաստանից և դեպի Հայաստան բեռնափոխադրումների համար բացելու մասին: Առանց այս ճանապարհի «Թրամփի ուղին» ոչ միայն օգուտ չի բերի Հայաստանին, այլև կփակվի Իրանի հետ Հայաստանի սահմանը և ավելի կմեկուսացնի Հայաստանը։

Բաքուն մինչ օրս չէր հայտարարում Նախիջևանով անցնող ճանապարհը բացելու մտադրության մասին: Ավելին, Բաքուն դեռևս չի որոշել հայկական Նախիջևանի կարգավիճակը, որը 2021 թվականին Կարսի պայմանագրով ժամանակավորապես փոխանցվել է Ադրբեջանին: Ալիևը վերջերս փոփոխություններ է կատարել Նախիջևանի Սահմանադրության մեջ, ավելի ճիշտ՝ հանել է Կարսի պայմանագրի հղումը: Սակայն սա ավելի է բարդացրել իրավիճակը, քանի որ հիմա ընդհանրապես պարզ չէ, թե ինչ հիմքով է Նախիջևանը գտնվում Բաքվի վերահսկողության տակ:

ԵՄ-ն և ԱՄՆ-ն, անշուշտ, հաշվի են առնում այս նրբությունները:

Սուր շնչառական վարակների դեպքերի 80%-ը երեխաներ են

47-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

«ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ աճել է՝ 1.2 անգամ։ Ընդհանուր դեպքերի 80%-ը կազմում է 0-18 տարեկանների խումբը։

Հայաստանի Հանրապետությունում շրջանառվում են գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի, պարագրիպի հարուցիչները։

Նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատություններում սուր շնչառական վարակների սեզոնին ընդառաջ ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի արդյունքում հստակ նշված ցուցիչն անցնելու դեպքում տվյալ դպրոցը կամ ուսումնական հաստատությունն անցնում է հեռավար ուսուցման:

Նոյեմբերի 28-ի դրությամբ ընդհանուր 55635 բացականերից սուր շնչառական վարակներով պայմանավորված  բացակա են 8064-ը:

8064 ՍՇՎ-ով բացականերից 104-ը  բացահայատվել է «համաճարակային ֆիլտրի» արդյունքում և ուղարկվել է տուն:

Բաքուն կխուսափի արցախցիների գույքի հրապարակային ազգայնացումից

«Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, մարդկանց սեփականության իրավունքի խախտում է, Միջազգային դատարաններ պետք է գույքային հայցեր ներկայացվեն, ինչ-որ գործընթացներ նախաձեռնվել են, բայց ՀՀ պետական քաղաքականությունն այդ ուղղությունը չունի այս պահին»,- step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։

Վերջին շրջանում տեղեկություններ կան, որ Ադրբեջանը Ստեփանակերտում բնակարանների վաճառք է սկսում։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, թե քաղաքում բամզահարկ շենքերի կառուցումից հետո դրանք կհանվեն վաճառքի։ Հայտնի չէ՝ նոր շենքեր են կառուցվել, թե՞ Ադրբեջանի իշխանությունները բռնի տեղահանված արցախցիներին պատկանող գույքն են հանում վաճառքի։

Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ անհատական գանգատներով հնարավոր չէ ամբողջությամբ պաշտպանել արցախցիների խախտված իրավունքները, պետության միջամտություն պետք է լինի։ «Բայց, իմ կարծիքով, պետության միջամտությունն էլ արդյունք չի տա»,- նշեց նա՝ հավելելով․ «Արցախի տարածքում ադրբեջանական բնակավայրեր կային, որոնց համար ադրբեջանցիներին էլ որեւէ փոխհատուցում չի տրամադրվել 1990-ականներից հետո։ Կամ չենք լսել, որ լինի ինչ-որ դատական ակտ, որը կայացված կլինի ի օգուտ ադրբեջանցիների, որոնք իրենց տները թողել են Աղդամում կամ Ֆիզուլիում։ Նման կերպ ակնկալել, որ Մարտունիում կամ Մարտակերտում թողած տան համար հայը փոխհատուցում կստանա, դա ոչ իրատեսական է»,- ասաց նա։

Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ Բաքուն կխուսափի արցախցիների գույքի հրապարակային ազգայնացման գործընթացից։ Եթե ինչ-որ գործընթաց էլ անում է, դա հրապարակային չի անի։

«Ուղղակի վերաբնակեցման նպատակով անձանց անվճար կամ չնչին վճարների դիմաց կտրամադրեն անշարժ գույք, որպեսզի կարողանան Արցախի տարածքում վերաբնակեցում ապահովել եւ հայաթափված բնակավայրերի էթնիկ կազմը փոխել»,- նշեց նա։

Թրամփի վարչակազմը պատրա՞ստ է Ղրիմը և Դոնբասը ճանաչել որպես ռուսական տարածքներ

Դոնալդ Թրամփի վարչակազմը Մոսկվա է ուղարկել իր հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆին և Ջարեդ Քուշներին՝ Ռուսաստանի ռազմական գրավումները ճանաչելու առաջարկով, հաղորդում է The Telegraph-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։

Այս աղբյուրների համաձայն՝ Սպիտակ տունը քննարկում է Ղրիմի և այլ գրավյալ տարածքների նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը ճանաչելու հնարավորությունը։ Աղբյուրներից մեկը նշել է, որ ամերիկյան կողմը լիակատար անտարբերություն է ցուցաբերում Եվրոպայի դիրքորոշման նկատմամբ այս հարցում։

Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի և Դոնբասի իրավական ճանաչումը դարձել է Թրամփի խաղաղության ծրագրի քննարկման հիմնական պայմանը։ Նա նաև հայտարարել է, որ ստացել է ծրագրի թարմացված տարբերակը, որը մշակվել է Ժնևում Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև խորհրդակցություններից հետո։

Եթե համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև անձնական հանդիպման վերաբերյալ, այն կարող է տեղի ունենալ Բուդապեշտում։ Ռուսաստանի առաջնորդը այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ Կրեմլում բանակցությունների ժամանակ։

Բաքվի դատարանը ձերբակալել է Կարեն Ավանեսյանին

Բաքվի լրատվամիջոցները հաղորդում են, որ Ստեփանակերտի օկուպացիոն դատարանը ձերբակալել է Կարեն Ավանեսյանին, ով մեղադրվում է մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։

Խոսքը վերաբերում է այս տարվա սեպտեմբերի 14-ին օկուպացված Ստեփանակերտում, որտեղ այդ ժամանակ գտնվում էր Ալիևը, տեղի ունեցած դիմակավորված շոուին: Բաքուն տեղեկատվություն էր տարածել, իբր Ստեփանակերտում մնացած հայերից մեկը՝ Կարեն Ավանեսյանը, ով կատուներ էր կերակրում, ահաբեկչական հարձակում էր պլանավորում և ցանկանում էր սպանել Ալիևին: Շրջանառվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է Ավետիսյանը քայլում ինչ-որ պայուսակ ձեռքին: Դեպքը ներկայացվել է այնպես, կարծես պայուսակում զենք է եղել: Պաշտոնապես, նրա ձերբակալության ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել են երկու ադրբեջանցի ոստիկաններ և ինքը՝ Կարենը։

Այժմ հաղորդվում է, որ Կարենը բուժվել է և կալանքի տակ է մինչև Գանձակում դատարանի որոշումը։

Կարեն Ավետիսյանի պատմությունը բավականին ուսանելի է: Մի կողմից, այն խոսում է Բաքվի իշխանությունների վախերի և բարդույթների մասին, որոնք ցանկացած պահի սպասում են հատուցման, պարտիզանական պատերազմի: Օկուպացված Արցախում նրանք յուրաքանչյուր թփի տակ կտեսնեն Սողոմոն Թերլեյանների: Մյուս կողմից, այս պատմությունը խոսում է այն ճակատագրի մասին, որը սպասվում է հայերին, եթե նրանք վերադառնան Բաքվի իրավասության տակ։

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը մեզ շատ է օգնել մեր պետության համար կրիտիկական պահերին

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում վավերցրեց «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը։

«Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ընդլայնվող համագործակցության շրջանակներում արդեն իսկ շատ կարեւոր տեղ է զբաղեցնում անվտանգային եւ պաշտպանական ոլորտի համագործակցությունը։ Եվ ըստ էության այս համագործակցության շրջանակներում է նաեւ, որ Հայաստանում տեղակայվել է Եվրամիության դիտորդական առաքելությունը։ Հայաստանի Հանրապետությունը ցանկություն ունի ոչ միայն անվտանգության սպառող լինել, այլ նաեւ աջակցել այն անվտանգային միջոցառումներին, որոնք մեր եվրոպացի գործընկերներն իրականացնում են։ Այս պահին գործում են Եվրամիության 20 առաքելություններ, որոնց մանդատը սահմանված է կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներով, կամ նման հրավեր է եղել տվյալ պետությունների կողմից՝ Եվրամիության առաքելություն հյուրընկալելու համար, ինչը նաեւ Հայաստանի դեպքում է տեղի ունեցել»,- հայտարարեց արտաքին գործերին փոխնախարար Վահան Կոստանյանը։

Նախատեսվում է, որ Հայաստանը ԵՄ շրջանկաներում կմասնակցի նաեւ առաքելությունների։ Վահան Կոստանյանը նշեց, որ այս պահին դեռ հստակ որոշում չկա առաքելության մասնակցելու մասին։ Համաձայնագրում արձանագրված է, որ Եվրամիությունը հրավերն ուղարկում է, եւ Հայաստանը դիտարկում է այդ առաքելություններից յուրաքանչյուրին մասնակցելու հնարավորությունը՝ մերժում է կամ հաստատում է, հավելեց նա։

Ընդդիմադիրնե ր պատգամավորների հարցերին, թե ռազմական առաքելությունների մասնակցելո՞ւ է ՀՀ-ն, Կոստանյանը պատասխանեց․ «Մեր նախնական ընկալումներն առավելապես վերաբերում են քաղաքացիական առաքելություններին մասնակցելուն»։

Թե որ երկրները նման համաձայնագրեր ունեն ԵՄ հետ, հարցին Կոստանյանը պատասխանեց, որ Կանադան, Շվեյցարիան, Նորվեգիան այն պետությունների թվում են, որոնք ունեն, երկրների ամբողջական ցանկը չի հիշում։

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հարցերի նախագահ Արման Եղոյանն էլ նշեց, որ ժամանակն է շնորհակալություն հայտնել Եվրամիությանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը մեզ շատ է օգնել մեր պետության համար կրիտիկական ու ծայրահեղ ծանր իրավիճակում՝ տեղկայվելով Հայաստանում 2022 թվականի աշնանը։ Հիշեցնենք, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում տեղակայվել է 2022 թվականի սեպտեմբերյան հարձակումիցն հետո։

«Եվ դրա համար մենք շնորհակալ ենք, բայց այդ շնորհակալությունը մենք պետք է արտահայտենք ոչ միայն բառերով, այլ նաեւ գործերով։ Հիմա համագործակցությունը խորացնելու համար արդեն ցանկություն ենք հայտնում ինքներս մասնակցել իրենց կողմից իրականացվող առաքելություններին։ Հայաստանը դեռ Եվրամիության անդամության թեկնածու էլ չէ, նույնիսկ Ասոցացման համաձայնագիր էլ չունի, բայց արդեն մեր հարաբերություններն այնքան խորն են, որ կարող ենք մասնակցել իրենց արտաքին անվտանգային եւ պաշտպանական առքելություններին երրորդ երկրներում»,- նշեց Եղոյանը։

Ինչո՞ւ չեն հրապարակվում 44-օրյա պատերազմի զոհերի անունները․ Ալեն Սիմոնյանը չպատասխանեց

Ինչո՞ւ իշխանությունները մինչ օրս չեն հրապարակում 44-օրյա պատերազմի զոհերի անունները։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես պատասխանեց այս հարցին․ «Լսեք, դա անձնական տվյալներ են, կարող է ինչ-որ ժամանակ հետո դա հրապարկվի»։

Օրերս Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել էր զոհերի թիվը՝ գրելով«2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ): Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի»։

Լրագրողների հարցերին ի պատասխան այսօր Ալեն Սիմոնյանը վրդովված արձագանքեց․ «Ես ձեր վրա զարմանում եմ, երբ Միքայել Մինասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ իրենց գործընկերները, որոշ հանրային մարդիկ ասում են՝ 5000, 6000, 7000, ընդհուպ մինչեւ 10 հազար զոհ, ձեզանից որեւիցե մեկը չի մոտենում, չի հարցնում՝ բա ինչո՞ւ ես 1000 հայ տղա ավել սպանում, այ գործիչ։ Իսկ երբ ես հրապարակում եմ պաշտոնական թիվը, որը Քննչական կոմիտեի կողմից վաղուց հրապարակված է, դուք հարցում եք ուղարկում, եւ ինչ-որ մարդիկ Ֆեյսբուքում փորձում են այդ թվի հետ վիճել»։

Լրագրողները նկատեցին, որ խնդիրը գալիս է այնտեղից, որ զոհերի անունները չեն հրապարակվում։ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ձեզ թվում է, որ եթե անուններ հրապարակվեց, այնտեղ ավել 1200 Պետրոս Պետրոսյանի անուն են հրապարակելո՞ւ։ Ես կոնկրետ թիվ եմ ասում՝ 3833, Քննչական կոմիտեն թիվն ասում է, ես կրկնում եմ»։

Քանի Զելենսկին նախագահ է…

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի գրասենյակը խուզարկվում է Ազգային կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի (NABU) և Ուկրաինայի մասնագիտացված կոռուպցիայի դեմ պայքարի դատախազության (SAPO) աշխատակիցների կողմից։ Խուզարկությունները կապված են գործարար Թիմուր Մինդիչի գործի հետ։

Ուկրաինան երբեք չի ճանաչի իր ժամանակավորապես օկուպացված տարածքները որպես Ռուսաստանի տարածք, նույնիսկ եթե դա նշանակի Ռուսաստանի հետ պատերազմի ավարտ։ Այս հայտարարությունն արել է երեկ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը ամերիկյան The Atlantic ամսագրին տված հարցազրույցում։

«Քանի դեռ Զելենսկին նախագահ է, ոչ ոք չպետք է մտածի, որ Ուկրաինան զիջումների կգնա տարածքային հարցում։ Նա չի ստորագրի խաղաղության համաձայնագիր, որը ներառում է ուկրաինական տարածքների հանձնում։ Մեր Սահմանադրությունն արգելում է դա», – ընդգծել է Երմակը։ Նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ է քննարկել միայն շփման գիծը, որը կտարբերակի Ուկրաինայի զինված ուժերի և ռուս օկուպանտների կողմից վերահսկվող տարածքները։

Զելենսկին ինքը հայտարարեց, որ առաջիկա օրերին ուկրաինական պատվիրակությունը կհանդիպի ամերիկացի ներկայացուցիչների հետ՝ Ժնևում ավելի վաղ ձեռք բերված համաձայնագրերը վերջնականապես հաստատելու համար: Մասնավորապես, նրանք կքննարկեն Ուկրաինայի իրական անվտանգության երաշխիքները։

Այնուամենայնիվ, Երմակի գրասենյակում խուզարկությունները ցույց են տալիս, որ նրա խոսքերը՝ «քանի դեռ Զելենսկին նախագահ է», կարող են ճակատագրական լինել: Երմակը Զելենսկիին ամենամոտ կանգնած դեմքն է: Զելենսկին հայտնվում է երկու կրակի արանքում. եթե նա չստորագրի «Թրամփի ծրագիրը», ապա իր երկիրը կկորցնի ամեն ինչ: Եթե նա համաձայնվի, կկորցնի շատ ուկրաինացիների և Եվրոպայի վստահությունը, ինչը ևս կարող է նրա վերջը լինել։

Ամեն դեպքում, Զելենսկիի հեռացման հարցը դարձել է կարևորագույնը ուկրաինական «կարգավորման» համար, ինչպես երեկ կրկնեց Պուտինը։

Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի ներկայիս ղեկավարության հետ փաստաթղթեր ստորագրելն անիմաստ է, քանի որ այն կորցրել է իր լեգիտիմությունը: Ուկրաինայի իշխանությունները ռազմավարական սխալ են թույլ տվել, երբ վախեցել են գնալ ընտրությունների, բացատրել է Ռուսաստանի նախագահը։

Նա հայտարարեց ամերիկյան պատվիրակության այցի մասին Մոսկվա հաջորդ շաբաթ։ Պուտինը շեշտեց, որ երբ «ուկրաինական զորքերը դուրս գան իրենց կողմից գրավված տարածքներից (Դոնբասում), ապա մարտական ​​գործողությունները կդադարեն։ Եթե նրանք դուրս չգան, ապա մենք դրան կհասնենք ռազմական գործողությունների միջոցով»։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների բանակցությունների «հիմնական կետերից մեկը» (պատվիրակությունը կժամանի Մոսկվա հաջորդ շաբաթ) կլինի Ռուսաստանի ինքնիշխանության իրավական ճանաչումը բռնակցված Ղրիմի և Դոնբասի նկատմամբ։

Պուտինը նաև հայտարարեց Ռուսաստանի պատրաստակամության մասին քննարկել համաեվրոպական անվտանգության հարցերը։ «Եթե մեր արևմտյան գործընկերները հիմա դա են ուզում, ապա մենք պատրաստ ենք», – ասաց նա։ «Կամ, օրինակ, փաստաթղթերից մեկում նշվում է, որ մենք պետք է լուծենք ռազմավարական կայունության հարցը մեր ամերիկացի գործընկերների հետ միասին։ Աստծո սիրուն, մենք դեմ չենք դրան»։

Ռուսաստանի նախագահն ասել է, որ ներկայիս պլանի որոշ դրույթներ ծիծաղելի են հնչում. «Ռուսաստանը չի մտադիրվում հարձակվել Եվրոպայի վրա: Դա մեզ համար ծիծաղելի է հնչում, այնպես չէ՞: Մենք երբեք էլ չենք ունեցել նման մտադրություն: Բայց եթե նրանք ուզում են լսել մեզանից, եկեք դա արձանագրենք, խնդիր չկա»:

Դաշնակիցները չպետք է ստիպեն Ուկրաինային տարածքային զիջումների գնալ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի համար: Ներկայիս շփման գիծը պետք է հիմք հանդիսանա ապագա բանակցությունների համար: Համապատասխան հայտարարություն է արել Գերմանիայի վարչապետ Ֆրիդրիխ Մերցը:

Բայց ի՞նչ կլինի, եթե Զելենսկին հեռանա: Նրան կփոխարինի Թրամփ-Պուտին պլանին հավատարիմ մեկը, ով կկատարի Պուտինի բոլոր պահանջները նույնիսկ առանց համաձայնագրի:

Հայոց Կաթողիկոսի դեմ “վերջին” արշավը՝ Հռոմի Պապի Թուրքիա այցելության օրը

Պապ Լևոն 14-ը այսօր այցելել է Անկարա և արդեն հանդիպել Էրդողանի հետ։ Նա կայցելի նաև Հայոց եկեղեցի և կմասնակցի աղոթքի։ 

Նույն օրը Երևանում տեղի է ունենում Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ “արշավի” որոշիչ փուլը, և ՔՊ պատգամավորները աում են, թե “կաթաղիկոսին ժամեր է մնացել”։

Փորձագետներն ասում են, որ Փաշինյանին հաջողվել է Եկեղեցին ներսից պառակտել, հասնել նրան, որ որոշ քահանաներ չհիշատակեն Կաթողիկոսին աղոտքի մեջ, իսկ որոշ արքիեպիսկոպոսներ պահանջեն Արշակ արքիեպիսկոպոսի հեռացումը Եկեղեցուց։ Թեկուզ ասվում է նաև, որ բացի Գարեգին երկրորդի “ինքնակամ” հրաժարականից նրան հեռացնելու այլ ձեւեր չկան։

Ի՞նչն է ստիպում Փաշինյանին անպայման հեռացնել Կաթողիկոսին և հատկապես անել դա նույն օրերին, երբ Հռոմի Պապը ներկա է Թուրքիայում Հայոց եկեղեցում աղոթքի։

Ո՞րն է Փաշինյանի “աշխարհաքաղաքական” նպատակը․ չէ՞ որ ակնհայտ է, որ խնդիրը՝ Կաթողիկոսի կամ այլ եկեղեցականների բարի համբավը չէ։

Արդյո՞ք Փաշինյանը այլ համաշխարհային առաջնորդների “հորդորով” ուզում է Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնը Էջմիածնից տեղափոխվել Պոլիս։ Արդյո՞ք նա ուզում է հայոց կաթողիկոսից խլել ամբողջ աշխարհում, այդ թվում Արցախում, Երուսաղեմում գտնվող եկեղեցիների հանդեպ սեփականության բացառիկ իրավունքը։

Այսօր որոշ բարձրաստիճան հոգևորականների է ընդունել Փաշինյանը, որն իր հրապարակված խոսքում մանիպուլյատիվ ձևով ասել է, թե հոգևոր արժեքներից է կախված պետության իրավական համակարգը։ Հայտնի չէ, նա բացատրե՞լ է Գարեգի նԵրկրորդի դեմ արշավի իրական պատճառները։

ArmLur.am-ի աղբյուրները պնդում են, որ ՔՊ-ի սցենարը հետևյալն է․

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է հայտնվել տնային կալանքի կամ որևէ կերպ արտաքին աշխարհից մեկուսացված կարգավիճակի մեջ,

Եպիսկոպոսների մի մասի թիրախում հայտնված Արշակ Սրբազանը ենթադրվում է, որ կարող է կալանավորվել,

Իսկ ժամեր կամ օրեր անց համացանցում կհայտնվի Գարեգին Երկրորդի նամակը, որով նա կհայտնի Կաթողիկոսի գահից իր հրաժարականի մասին։

Հնարավոր է, որ հրաժարականը կհնչի շուտով, բայց ի՞նչ է լինելու հետո։ Ո՞րն է լինելու տեղապահի առաջին որոշումը՝ հրաժարում Արցախում գտնվող եկեղեցիների՞ց, Հայ Առաքելական եկեղեցու ապակենտրոնացո՞ւմ, տարբեր երկրներում Եկեղեցուն պատկանող անշարժ գույքի փոխանցում այդ երկրների՞ն։