Սիմոնյանը Ալիևի հայտարարության մասին. Նախնիների հայրենիքը փնտրելիս ոմանք կարող են այն գտնել Ալթայում

Պատմական հայրենիքը փնտրելիս ոմանք կարող են այն գտնել Ալթայում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքի։

Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ «Սևան լիճ չկա, կա Գոյչա», որ հայերին Ղարաբաղում ռուսներն են վերաբնակեցվել, տեղափոխելով Իրանից, և որ Հայկական ԽՍՀ-ում ապրող ադրբեջանցիները «պետք է այնտեղ վերադառնան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»։

Ըստ էության, սրան ավելացնելու ոչինչ չկա, բացի այն, որ նման հայտարարությունները չեն համապատասխանում երկկողմ հարաբերությունների առկա տրամաբանությանը, հայտարարել է Սիմոնյանը։

Նա նաև նշել է, որ ադրբեջանցիների վերադարձի կոչերը չեն արվում ագրեսիվ համատեքստում, և որ հայկական կողմը, իր հերթին, պնդում է ղարաբաղցի հայերի իրենց տները վերադառնալու իրավունքը։

«Ինչ վերաբերում է տեղանուններին, մենք նույնպես հաճախ օգտագործում ենք տարբեր անուններ։ Բայց միևնույն ժամանակ ես չեմ տեսնում որևէ ագրեսիվ հայտարարություն», – հավելել է Սիմոնյանը։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնաբանում Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարություններիը։

«Սովորություն չունեմ մեկնաբանելու այն, ինչը չեմ լսել կամ չեմ կարդացել»,- ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Պապիկյանը խոստացավ կարդալ Ալիևի հայտարարություններն ու ըստ անհրաժեշտության արձագաքնել. «Բայց այն, որ Ադրբեջանի հռետորաբանությունն օգոսոտսի 8-ից հետո իջել է, փոխվել է ու դա տեսանելի է նաև սահմանին, փաստ է, ու երբ մենք խոսում են խաղաղության մասին, ամենևին հորինված չէ, իրականություն է»,- նշեց նախարարը։

Արցախը մերն է, հայկական է ու հային է պատկանում. Լուսինե Ասրյան

Վերադարձ անպայման լինելու է, դրանում ես չեմ կասկածում։ Միշտ մտածում եմ, որ պետք է վերադառնանք, շենացնենք մեր հողը։ Արցախը մերն է, հայկական է ու հային է պատկանում,- ասում է զրուցակիցս՝ Լուսինե Ասրյանը։ Նա Արցախից է տեղահանվել։ Ծնվել ու մեծացել է Նորագյուղում, ընտանիք կազմելուց հետո տեղափոխվել Իվանյան ու մինչև 2023 թվականի սեպտեմբերն ապրել այդտեղ։ Շուրջ 28 տարի դասավանդել է Իվանյանի Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում։

Լուսինեն հավատում է, որ մի օր անպայման վերադառնալու է Արցախ։

-Ծնվել եմ Արցախի Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում։ Տեղի միջնակարգ դպրոցում սովորել եմ մինչև ութերորդ դասարանը։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ստիպված տեղափոխվել եմ Երևան և ուսումս շարունակել Երևանի թիվ 191 դպրոցում։ Երկու տարի ապրել եմ  հորեղբորս տանը, միջնակարգն ավարտել Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո անմիջապես մեկնել եմ Արցախ և ընդունվել Շուշիի մշակութալուսավորական տեխնիկումը։ Երկու տարի սովորելուց հետո տեղափոխվել եմ Նորագյուղ և աշխատանքի անցել մսուր-մանկապարտեզում։ Մոտ մեկ տարի աշխատել եմ այդտեղ ու զգացել, որ փոքրիկների հետ աշխատելը հոգեհարազատ է ինձ։

Հետպատերազմյան տարիներն էին։ Գյուղի մանկապարտեզը ավերվել էր պատերազմական գործողությունների հետևանքով և մանկապարտեզը գործում էր դպրոցի առաջին հարկում՝ զբաղեցնելով 2 սենյակ։ Հետագայում որոշակի դժվարությունների հետևանքով մանկապարտեզը փակվել է։

1996 թվականի սեպտեմբերի 1-ին տեղափոխվել եմ Իվանյան ու աշխատանքի անցել այդ ժամանակ այդտեղ գործող Խրամորթի Հ․ Շիրազի անվան միջնակարգ դպրոցում (արդեն ունեի բարձրագույն կրթություն, ավարտել էի տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժինը)։ Հետո նշված դպրոցը տեղափոխվել է Խրամորթ գյուղ, իսկ Իվանյանում արդեն գործել է Իվանյանի դպրոցը, որտեղ ես աշխատել եմ մինչև 2023-ի սեպտեմբերի 19-ը։

2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո դպրոցն անվանակոչվել է փոխգնդապետ, <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանակիր Օնիկ Գրիգորյանի անվամբ։ Որպես դասվար՝ 28 տարի դասավանդել եմ դպրոցում։ Իմ բաց դասերի թեման միշտ <<Հայաստանը մեր հայրենիքն է>> թեման էր․ դա կվկայեն մեր ուսուցիչները, տնօրենությունը։ Միշտ հայրենիքի, հայրենասիրության մասին էին իմ բաց դասերը։ Բազում սերունդներ եմ դաստիարակել այդ ոգով և հպարտանում եմ նրանցով։

Իմ աշակերտներից էր 44-օրյա պատերազմում զոհված Արտակ Խաչատրյանը, իսկ զոհված եղբոր դասվարը Արինա Մնացականյանն էր, ում որդին նույնպես զոհվել է պատերազմում։ Մեզ համար մեծ ցավ է տղաների կորուստը, ինչի հետ մինչև այսօր չենք կարողանում հարմարվել։

Լուսինեն հպարտանում է իր գերդաստանի անցած ճանապարհով։ Ցավում է, որ ամեն ինչ կիսատ է մնացել:

 -Միշտ հպարտացել եմ, որ արցախցի եմ, որ կարողանում եմ արժանի սերունդ կրթել ու դաստիարակել։ Ծնվել եմ մի ընտանիքում, որտեղ իմ երեք եղբայրները ծառայել են ԱՀ ՊԲ-ում։ Ամուսինս նույնպես ծառայում էր ՊԲ-ում․ հիմա պահեստազորի սպա է։ Ունի մի շարք մեդալներ, պատվոգրեր։ ԱՀ ՊԲ-ի կողմից մեր ընտանիքին Իվանյանում բնակարան է հատկացվել և մենք մշտական բնակություն ենք հաստատել այնտեղ։ Մինչ այդ Նորագյուղից էի գալիս Իվանյան աշխատանքի։ 23 տարի ապրել ենք Իվանյանում, արարել ու ստեղծել ենք մեր հայրենի հողում։ Կարողացել ենք մեր երկու դստրերին տալ պատշաճ ուսում և դաստիարակություն։

2023-ի սեպտեմբերի 19-ին դպրոցում էի։ Այդ օրը հերթապահ էի։ Չգիտեի, որ իմ վերջին հերթապահությունն էր։ Ժամը մեկն անց 5 րոպեին սկսվեցին պայթյունները։ Սկզբից մտածում էինք, որ Իվանյանի զորամասում անցկացվող հերթական զորավարժություններն են, սակայն սխալվում էինք։ Եկավ զինղեկն ու ասաց, որ պատերազմ է սկսվել։ Դպրոցի աշակերտներին դասղեկները տարհանեցին Իվանյանի պահածոների գործարանի նկուղը։ Քանի որ շրջափակման պատճառով դասերը 35 րոպեանոց էին, իմ դասարանում դասերն արդեն ավարտվել էին, երեխաները գնացել էին տուն։ Ես ու փոխտնօրենը իջանք մոտակա շենքը, որտեղ արդեն մեծ խուճապ էր սկսել։ Հետո եկան հարյուրավոր զոհերի մասին գույժերը, ապա տեղահանության սոսկալի լուրը։ Ամենացավալին այն էր, որ սեպտեմբերի 25-ին՝ իմ ծննդյան օրը, մենք դուրս եկանք մեր հայրենիքից։ Ես չկողպեցի մեր տան դուռը։ Այդ պահին մտածեցի մի այնպիսի բան անեմ, որ վայրագները մեր տուն մտնելուն պես զգաստանան (եթե, իհարկե, ընդունակ են զգաստանալու)։ Եվ Աստվածաշունչը դրեցի դռան դիմաց, որպեսզի մտնեն ու տեսնեն, որ այս տանը հայ է ապրել, այս երկիրը հայկական է․ գուցե վախենան դատաստանից: Ճիշտ է, երբ հասանք Երևան, մտածեցի, որ ինչու չեմ բերել իմ Աստվածաշունչը, հետո ասացի ինքս ինձ՝ թող իմանան, որ մենք՝ հայերս, Աստծո մարդիկ ենք, պաշտում ենք Աստծուն և արդարությունն անպայման կվերականգնվի։

․․․Հասանք Հակարի։ Ծանր էր տեսնել թշնամու ուրախ, ինքնագոհ դեմքերը։ Գլուխները մտցրին մեքենաները և ծիծաղելով ասացին՝ գնացեք։ Այդ պահին ես մտածեցի ու մինչև հիմա այդ կարծիքին եմ, որ վերադարձ լինելու է։ Ես հավատացած եմ։ Ինքս ինձ խոսք եմ տվել, որ Արցախ վերադառնալուն պես այցելելու եմ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին և վառելու եմ իրականացված հույսի իմ մոմը։

Տեղահանությունից հետո Լուսինեի ընտանիքը հաստատվել է Երևան քաղաքում

-Ես դեռ չեմ գտել իմ աշխատանքը, չեմ համակերպվում, չեմ կարողանում գտնել ինձ։ Ամուսինս է աշխատում։ Իհարկե, Հայաստանը մեր հայրենիքն է, սակայն շատ ծանր է համակերպվել այն մտքի հետ, որ կորցրել ես ծննդավայր-հայրենիքդ։ Շատ դժվար օրեր ենք ունեցել այս երկու տարիների ընթացքում, բայց ապրում ենք՝ հույս ունենալով, որ մի օր պիտի վերադառնանք Արցախ։

Այս ընթացքում թոռնիկիս էի խնամում, քանի որ աղջիկս աշխատում է։ Փոքրիկը 11 ամսական էր, երբ Արցախից դուրս եկանք։ Այս տարվա սեպտեմբերից նա արդեն հաճախում է մանկապարտեզ, ու իմ օրերը տխուր են անցնում։ Անընդհատ մտքերիս հետ եմ, հիշում եմ անցյալիս ամեն մի օրը, կարոտում բոլորին։ Թոռնիկիս ասում եմ՝ երբ մի քիչ մեծանաս, քեզ կպատմեմ մեր հրաշք Արցախի մասին։ Բայց հետո մտքովս անցնում է՝ մինչև մեծանա, մենք Արցախում կլինենք, ու նա իր աչքերով կտեսնի ինչ դրախտավայր է մեր երկիրը։

Շատ դժվար օրեր ենք ունեցել Արցախում՝ շրջափակում, պատերազմ, տարբեր փորձություններ, սակայն կարողացել ենք միշտ հաղթահարել։ Ունեինք հիանալի, առողջ կոլեկտիվ, լավ տնօրեն, փոխտնօրեն։ Բոլորս համախմբված աշխատում էինք, ասես մի մեծ ընտանիք լինեինք։ Մեր նպատակը մեկն էր՝ կրթել արժանապատիվ սերունդ։

Կարծես իմ մարմնի կեսը թողել եմ Արցախում, իմ տանը։ Հաճախ եմ մտածում՝ բա մարդ իր ծննդյան օրը կլքի՞ իր տունը։ Ճիշտ է, մեզ շատ լավ են ընդունել Կոռնիձորում, շրջապատել հոգատարությամբ, հետագայում ևս լավ մարդկանց ենք հանդիպել, սակայն միևնույն է՝ մեր ցավը չի թեթևանում, Արցախի պակասը ոչինչ չի կարող լրացնել։

Վերջերս առողջական խնդիրների պատճառով գնացել էի հիվանադանոց և տեղամասային բժիշկը հանկարծ հարց տվեց՝ սիրում էի՞ք Հայաստանը, Երևանը։ Պատասխանեցի, որ շատ-շատ էի սիրում Երևան քաղաքը։ Իմ ամենալավ տարիքում այստեղ եմ ապրել, 16 տարեկանս այստեղ է լրացել։ Հիմա էլ սիրում եմ, բայց չեմ կարող թաքցնել, որ այն իմը  չէ․ ես իմ ծննդավայրը, իմ Արցախն եմ ուզում։ Բժշկուհին, զգալով իմ ապրումները, ասաց՝ շատ լավ եմ հասկանում քեզ։ Արցախցիների կորուստն անչափելի է։

Այո՛, մենք կորցրել ենք ամեն ինչ և մարդկային մեծ կորուստներով տեղահանվել ու, ցավոք, դարձել փախստական։

Շատ դժվար է նոր միջավայրում, նոր մարդկանց հետ ապրել, հարմարվել այն մտքի հետ, որ ոչինչ չունես ու պետք է ամեն ինչ զրոյից սկսես, սակայն մենք այլընտրանք չունենք։ Փորձում ենք քայլեր անել:

Տեղահանությունից հետո մեր ընտանիքում մեծ ուրախություն է եղել, ինչի համար փառք եմ տալիս Աստծուն։ 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ Մատաղիսում ծանր վիրավորում էր ստացել կրտսեր աղջկաս՝ Նարինեի սիրած տղան։ Մի քանի անգամ վիրահատվելուց և երկար բուժում ստանալուց հետո նա ոտքի է կանգնել։ 2024 թվականի ապրիլին ամուսնացել են և արդեն դուստր ունեն։

Մեր զրույցի վերջում Լուսինեն ավելացնում է. <<Թեկուզ ասացի, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին Իվանյանի դպրոցում իմ վերջին հերթապահությունն էր, բայց կարծում եմ՝ դեռ հերթապահություններ շատ եմ ունենալու իմ դպրոցում։ Չեմ կորցնում հույսս, որ կշարունակեմ մատաղ սերունդ կրթել ու դաստիարակել Արցախում>>։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ալիևը “դարավոր” պատմություն է ստեղծում, հայերն են հրաժարվում են հազարամյա քաղաքակրթությունից

Ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Գիտությունների ազգային ակադեմիայի հիմադրման 80-ամյակին։

«Մեր ժողովուրդը ներդրում է ունեցել այն երկրների պետականության մեջ, որտեղ ապրում է, և այսօր էլ ոչ մի երկրում ադրբեջանցիները խնդիրներ չեն ստեղծում և չեն ստեղծի որևէ պետության կամ որևէ այլ ժողովրդի համար։ Հետևաբար, ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը», – ասել է Ալիևը՝ հավելելով. – «Մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Պետական մարմինները, հասարակական կազմակերպությունները և, իհարկե, գիտնականները պետք է աշխատեն դրան հասնելու համար»։

«Ցավոք, տարիներ շարունակ հայկական կողմը և սփյուռքը խեղաթյուրել են մեր պատմությունը, և այս քարոզչությունը շարունակվում է։ Մենք պետք է դրանց հակադրենք մեր գիտական ճշմարտությունները։ 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ տարածքում գրեթե բոլոր տեղանունները, ասօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, կա Գոյչա։ Մենք չենք ստեղծել այս քարտեզները. դրանք կազմել է ցարական Ռուսաստանը, որը հայերին Իրանից և Արևելյան Անատոլիայից բերել, վերաբնակեցրել է Ղարաբաղում՝ էթնիկ կազմը փոխելու համար։ Այս քարտեզներն արտացոլում են պատմական ճշմարտությունը։ Մենք պետք է ուսումնասիրենք և տարածենք դրանք», – հայտարարել է Ալիևը։

Պնդելով, թե Ադրբեջանի պետականությունը դարերի պատմություն ունի, Ալիևը հանձնարարել է գիտնականներին «ավելացնել Ադրբեջանի պատմությունը ուսումնասիրող, փառաբանող գիտական աշխատանքները»։

Անկասկած, այն գիտնականների «ջանքերը», որոնց Ալիևը բնակարաններ և ամառանոցներ է նվիրում, կարդարացնեն նրա սպասումները, և Ադրբեջանը կստանա «դարավոր պատմություն», որը, հնարավոր է, նույնիսկ արտացոլվի «բարեկամական» երկրների պատմական տարեգրություններում: Ալիևը ինքնությունը չի ստեղծում օդից, այլ հիմնված է այն իրավունքների և հողերի վրա, որոնցից հայերը կամավոր հրաժարվում են: Աշխարհի քաղաքական գործիչները ցնցված են հայկական վերնախավից, որը վախենում է նույնիսկ խոսել իր իրավունքների, առավել ևս դիմադրության մասին: Ահա թե ինչու Ալիևը խոսում է Հայաստանի կազմավորման գործում ադրբեջանցիների «ներդրման» և այն մասին, որ Ռուսաստանը և Իրանն են հայերին վերաբնակեցրել Ղարաբաղում: Երևանը, հավանաբար, պաշտոնապես չի առարկի նրան, ավելի հավանական է, որ կաջակցի նրան:

Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է 3-ամյա Տիգրանին. ՆԳ նախարար

Նախնական տվյալներով, երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է 3-ամյա  Տիգրանին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցունմ նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Այս պահի դրությամբ որեւէ այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ, բայց ուղում եմ նաև շեշտել, որ այս վարկածը, ի թիվս այլոց, առաջին օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում։ Ընդ որում, կհիշեք, որ եղբայրը, որն ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք համապատասխան մասնագետի, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վր լրացուցիչ ծանրաբեռնվածություն չառաջանա և մենք կարողանանք պատշաճ կերպով ստանանք տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որեւէ բան հայտնի է։
Այս պահի դրությամբ, շատ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տնից, հետո հորն են հանդիպել, և հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։

Երեխայի  հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։  Ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը։ Ես այս պահին այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող»,–ասաց նախարարը։

Արփինե Սարգսյանը հավելեց, որ դեպքից հետո, երբ իրենք սկսել են որոնողափրկարարական աշխատանքներըա մբողջ հարակից տարածքով, իրականացվել է տարածքի «սանրում» և յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում, ըստ երեխայի հոր նախնական ցուցմունքի, ինքը երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել։

Նշենք, որ այս պահին Ծափաթաղում է մահացած հայտնաբերված երեքամյա Տիգրանի տանը քննչական գործողությունները շարունակվում են։

2025-ին 14,064 արցախցի ՀՀ նոր անձնագրեր են ստացել

Հայաստանի նախագահի հրամանագրերով 2025 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել 17,180 մարդ, ինչը 15.5%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին նոյեմբերի 3-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

2025 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ նոր անձնագիր ստանալու համար դիմել է 21,916 արցախցի, որոնցից 14,064-ին այն շնորհվել է։ Եվս 7,191 մարդ անձնագիր է ստացել չափահաս դառնալուց հետո։ 7,852 գործ դեռևս քննության փուլում է։

Եթե ​​եկեղեցում «գործակալներ» են, ապա ընդհանուր լյուստրացիա է պետք, և պարզ չէ, թե ինչ կպարզվի

Հայաստանում արդեն երկրորդ կիրակի օրը զուգահեռ պատարագներ են մատուցվում Էջմիածնում և Հովհաննավանքում, որը դարձել է Նիկոլ Փաշինյանի բաստիոնը: Այս պատարագները վերածվում են լրատվական մարտերի, որոնք հրահրում են հասարակական փսիխոզը: Մինչդեռ քչերը կարող են ասել, թե ինչ է կատարվում կամ ինչ կլինի, եթե Գարեգին Բ-ը հրաժարական տա: Տեխնիկապես Փաշինյանն արդեն ներկայացրել է ծրագիր. նշանակվում է խորհուրդ՝ կառավարության մասնակցությամբ, որը փոխում է Եկեղեցու կանոնադրությունը, ապա ընտրում կաթողիկոս, բայց առանց կուսակրոնության երդման:

Թվում է, թե պարզ է, բայց Էջմիածնի և Հովհաննավանքի միջև հակամարտության մեջ մի քանի խոշոր թեմաներ է խառնել, ինչը շատերին թույլ չի տալիս հասկանալ, թե ինչ է կատարվում:

Պաշտոնական քարոզչության համաձայն՝ հակամարտությունը անձնական է. մի կողմից՝ Գարեգին Բ-ը, որը խախտել է կուսակրոնության երդումը, իսկ մյուս կողմից՝ նախկին քահանա Տեր Արամը, որը չի տվել այդ երդումը:

Սակայն փորձագիտական ​​​​խողովակներով ակտիվորեն տարածվում է մեկ այլ գիծ. Էջմիածինը սերտորեն կապված է ռուսական հատուկ ծառայությունների հետ, և մեր եկեղեցին պետք է առանձնացվի իր չեկիստական ​​​​անցյալից և ներկայից: Ընդ որում, ոչ մի ձերբակալված եկեղեցականի նման մեղադրանք չի առաջադրվել։

Երրորդ խնդիրը՝ Փաշինյանի և ընդդիմության միջև առճակատումն է. Հովհաննավանք «պատարագի» համար ժամանողները ասում են, որ «Փաշինյանի հետ են», ինչը ցույց է տալիս, որ խնդիրը աստվածաբանական չէ, այլ զուտ քաղաքական։

Կա մեկ այլ կարևոր հարց՝ եկեղեցական գույքը տնօրինելու իրավունքը. Փաշինյանն արդեն ակնարկել է, որ «կադաստրի» համաձայն՝ Հովհաննավանքը և մյուս եկեղեցիները պետական ​​սեփականություն են և ենթակա են «վերադարձի»։ Եկեղեցու կանոնադրության համաձայն՝ միայն կաթողիկոսն ունի եկեղեցական գույքը տնօրինելու իրավունք։

Մյուս կողմից, ամբողջ աշխարհում տեղի է ունենում քրիստոնեական աշխարհի «համախմբում». Անգլիկան եկեղեցու ղեկավարի՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզի հանդիպել է Հռոմի պապի հետ Վատիկանում, իսկ Հռոմի պապի առաջիկայում կայցելի Կոստանդնուպոլիս, որտեղ կհանդիպի Հույն Ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարքի և սիրիական և հայկական եկեղեցիների տեղական ղեկավարների հետ։ Կան ենթադրություններ, որ Թրամփը աջակցում է քրիստոնեական քաղաքակրթության համախմբմանը՝ որպես նոր աշխարհակարգի ապագա հիմքի։

Սակայն Հայաստանում գերիշխող խոսույթն այն է, որ եկեղեցին կապված է ռուսական հետախուզական գործակալությունների հետ: Օրինակ՝ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ Թուրքիայի և Ադրբեջանի մասին բացասական կարծրատիպերը խորհրդային ժամանակաշրջանում պարտադրվել են ռուսական հետախուզական գործակալությունների կողմից: «Լսեք, մենք պետք է ազատվենք ՊԱԿ-ի գործակալների կողմից մեզ վրա պարտադրված կարծրատիպերից», – ասաց Փաշինյանը, որին Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան պատասխանեց, որ «հայոց ցեղասպանությունը սկսվել է 1915 թվականին՝ ՊԱԿ-ի ստեղծումից 40 տարի առաջ»:

Հայոց եկեղեցու և Ռուսական կայսրության կապերի պատմությունը սկիզբ է առնում Ռուսաստանի կողմից Պարսկաստանից Արևելյան Հայաստանի նվաճումից և 1813 թվականի Գյուլիստանի պայմանագրից առաջ: Գոյություն ունեն բազմաթիվ փաստաթղթեր, որոնցում ռուս կայսրերը իրավունքներ և հողեր են շնորհել Հայ եկեղեցուն՝ հաճախ անվանելով հին հայկական եկեղեցին «աղանդ»: Կան ապացույցներ, որ հենց ռուս կայսրն է Հայ եկեղեցու կաթողիկոսին շնորհել կլոբուկի վրա խաչ կրելու իրավունքը՝ միաժամանակ արգելելով մյուս քահանաներին դա անել: Եվ այս կանոնը պահպանվում է մինչ օրս:

Խորհրդային տոտալիտար Միության հայկական և այլ եկեղեցիների պատմությունը չէր կարող անմասն լինել ռուսական պետության և նրա գաղտնի ծառայությունների հետ։

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը, ի տարբերություն Բալթյան երկրների, լյուստրացիա չի իրականացրել։ Ընդհակառակը, մինչև վերջերս Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) իր պատմությունը հաշվարկում էր խորհրդային գաղտնի ծառայությունների ստեղծումից։ ԱԱԾ-ի շատ բարձրաստիճան սպաներ կրում էին խորհրդային կամ նույնիսկ ռուսական կոչումներ և ստանում են ռուսական կենսաթոշակներ։ Ավելին, Ռուսաստանի ԱԱԾ զորքերը մինչ օրս պահպանում են Հայաստանի սահմանները Թուրքիայի և Իրանի հետ։ Այսպիսով, Ռուսաստանի ԱԱԾ-ն գործում է լիովին օրինական կերպով Հայաստանում։

Եթե Հայաստանում խնդիրը ռուսական հատուկ ծառայությունների ազդեցության վերացումն է, և հենց սա է համարվում եկեղեցական հակամարտության պատճառը, ապա, թերևս, անհրաժեշտ կլինի սկսել ընդհանուր լյուստրացիայից, և այն քահանաները, որոնք պարզվի, որ աշխատում են ռուսական հատուկ ծառայությունների համար, պատասխանատվության կենթարկվեն “աշխարհիկ” գործակալների հետ միասին։

Սակայն, ըստ երևույթին, հարցն այլ տեղ է։

Պատերազմի ժամանակ Ուկրաինայի Ռուս ուղղափառ եկեղեցին անջատվեց Մոսկվայի պատրիարքարանից և տոմոս ստացավ Պոլսո Տիեզերական պատրիարքից։

Ուկրաինայի օրինակին հետևելով՝ կարող է փորձ արվի, օրինակ, Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնը Էջմիածնից տեղափոխել Կոստանդնուպոլիս։ Սա կնշանակեր, որ Հայ եկեղեցու հսկայական անշարժ գույքը այլևս կկառավարվի ոչ թե Էջմիածնից, այլ Պոլսից։

Սա արմատական ​​աշխարհաքաղաքական քայլ է, որը նպատակ ունի ազդարարել Հայ եկեղեցու Մոսկվայից խզումը, չնայած Մոսկվան պաշտոնապես որևէ կապ չունի Էջմիածնի հետ։ Բայց այն կբերի Թուրքիայից կախվածությանը։

Այս «լավ կաթողիկոս/վատ կաթողիկոս» դրամայի մեջ ներգրավված հավատացյալները պետք է հասկանան հակամարտության արմատները և դրա հետևանքները։

Ինչպես է Պուտինը, «հաղթելով» Ուկրաինային, «զբաղվելու» Ալիևով

«Ալիևն ընդդեմ Պուտինի» շոուն, որը սկսվել էր մոտ մեկ տարի առաջ, հաջողությամբ ավարտվեց, բայց ոչ Դուշանբեում, որտեղ Պուտինը և Ալիևը կրկին «ընկերացան»։ Շոուն ավարտվեց «Լուկոյլ»-ի «սեփականատիրոջ փոփոխությամբ»։

Նույնիսկ այս ամռանը, երբ Ռուսաստանում սկսվեցին ադրբեջանցի օլիգարխների, կամ, ինչպես նրանց անվանում էին, մաֆիայի վրա հարձակումները, գիտակ փորձագետները գրեցին, որ խնդիրը զուտ կրիմինալ բիզնեսն է. ինչ-որ մեկը փորձում էր խլել ինչ-որ մեկի բիզնեսը կամ ազդեցության ոլորտը։

Այժմ, երբ պարզ դարձավ, որ Պուտինը բացահայտորեն ստանձնում է «Լուկոյլ»-ը, որի դեմ պատժամիջոցներ է սահմանել Թրամփը, կարելի է եզրակացնել, որ Պուտինի և Ալիևի միջև «հակամարտության» պատճառներից մեկը Ռուսաստանի ամենամեծ մասնավոր նավթային ընկերությունն էր, որը գլխավորում է ազգությամբ ադրբեջանցի Վագիթ Ալեքպերովը։

Կան տարբեր տեղեկություններ այն մասին, թե որքանով են սերտ Ալեքպերովի և Ալիևի անձնական կապերը։ Նրանց կապերի մասին պաշտոնական շար հիշատակում չկա, չնայած որոշ հանրային աղբյուրներում Ալեքպերովին նույնիսկ անվանում են ավագ Ալիևի ապօրինի որդի։ Բայց նաև պարզ է, որ Ալեքպերովը, այլ ոչ թե Ալիևն է համարվում աշխարհի ամենաազդեցիկ ադրբեջանցին։ Այդպես այլևս չի լինի։

Մասնագետները նշում են, որ «Լուկոյլը» անուղղակիորեն պատկանում է Պուտինի շրջապատին, և «Ադրբեջանի» անվան տակ ընկերությունը բավականին հաջողությամբ է նվաճել արտաքին շուկաները, բայց Բաքուն քիչ օգուտ է դրանից ստացել: Պատժամիջոցների կիրառումից մի քանի օր անց լուրեր տարածվեցին «Լուկոյլի» կողմից իր արտասահմանյան ակտիվները Պուտինի հետ կապված «Գունվոր» ընկերությանը վաճառելու մտադրության մասին։

Իհարկե, սա Պուտին-Ալիև անհավանական «հակամարտության» միայն մեկ շերտն է: Այս գործողությունը տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ սկսվեց ամերիկյան «միջնորդությունը» հայ-ադրբեջանական հակամարտության մեջ: Պուտինը անմիջապես ողջունեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված «խաղաղության համաձայնագիրը»՝ ասելով, որ այն գործնականում նույնն է, ինչի մասին կողմերը համաձայնության էին եկել 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Պուտինի միջնորդությամբ: Ի վերջո, կարևորը այն չէ, թե ում զորքերն են տեղակայված Մեղրիի ճանապարհին, այլ այն, որ միջանցք կբացվի՝ փակելով Իրան-Հայաստան սահմանը և խլելով Հայաստանի հարավային նեղուցը: Պատահական չէ, որ Պուտինը, ով «ինքն է գրել այն», նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ներառել է նաև «միջանցքի» մասին կետ:

Ալիևը չի կարող առանց Պուտինի. նրանք ձեռք ձեռքի տված աշխատում են և ծիծաղում են հայերի վրա, ովքեր ասում են, որ «Պուտինը շուտով կհաղթի Ուկրաինայում և «կզբաղվի» Ալիևով»։

Արցախցիների կուտակային գումարները այդպես էլ չեն վերադարձվել

2019 թվականի հուլիսի 1-ից Արցախում ներդրվել է կուտակային կենսաթոշակային համակարգ, ըստ որի գրանցված աշխատող քաղաքացու աշխատավարձի 5-10%-ը (կախված աշխատավարձի չափից) պետության և աշխատողի մասնակցությամբ ուղղվել է կենսաթոշակային ֆոնդ։

2023 թվականի Արցախի հայաթափումից և արցախցիների բռնի տեղահանումից հետո Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը  2024 թվականի հունվարի 16-ին ընդունված օրենքով <<Կուտակային կենսաթոշակների մասին>> ԼՂՀ օրենքը լրացվել է նոր հոդվածով, որով սահմանվել է անհաղթահարելի ուժով՝ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխատեսելի հանգամանքներով պայմանավորված մասնակցի համար (օգտին) կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվում են և մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցները (անկախ դրանց չափից) մասնակցի ցանկությամբ փոխանցվում նրա այլ կենսաթոշակային ֆոնդում բացված հաշվին կամ վերադարձվում նրա բանկային հաշվին՝ ԱՀ կառավարության սահմանած կարգով:

2024 թվականի փետրվարի 29-ին ԱՀ կառավարության որոշմամբ սահմանվել է կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և դրա արդյունքում ձևավորված միջոցները (անկախ դրանց չափից) մասնակցի ցանկությամբ նրա այլ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին կամ նրա բանկային հաշվին փոխանցման կարգը:

ՀՀ Ազգային ժողովը 2024 թվականի հունիսի 13-ին <<Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին>> ՀՀ օրենքում կատարել է լրացում, ըստ որի անձը (այդ թվում՝ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված՝ փախստական ճանաչված անձը), որի համար (օգտին) ՀՀ գրանցված ներդրումային ֆոնդում, բացառությամբ ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակում գործող կուտակային կենսաթոշակային ֆոնդերի, կատարվել են կուտակային հատկացումներ, կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման հետ կապված ընթացակարգերը սահմանվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, կարող է դիմել իր կենսաթոշակային խնայողությունները ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգ տեղափոխելու համար: Այս դեպքում տվյալ ներդրումային ֆոնդի՝ անձին պատկանող փայերը մարվում են, և դրա արդյունքով ստացված գումարը փոխանցվում է նրա ընտրած պարտադիր կենսաթոշակային ֆոնդին:

Սույն մասով նախատեսված ժամկետում անձի կողմից կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար դիմում չներկայացվելու դեպքում այլ ներդրումային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողը սահմանված ժամկետում մարում է անձին պատկանող՝ այլ ներդրումային ֆոնդի փայերը և դրա արդյունքով ստացված գումարը փոխանցում է այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդին, որն իր ակտիվների կառուցվածքով ամենամոտն է տվյալ ներդրումային ֆոնդի ակտիվների կառուցվածքին:

Ավելին՝ նշված օրենքում վերապահված լիազորությունների շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը 23.09.2024 թվականին ընդունել է << Կուտակային խնայողությունների տեղափոխման հետ կապված ընթացակարգերը սահամանելու մասին>> թիվ 125-Ն հրամանը, որը ուժի մեջ է մտել 02.10.2024 թվականին: Հրամանով հաստատված հավելվածով սահմանվել են կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման հետ կապված ընթացակարգերը, մասնավորապես հավելվածի 1-ին կետի համաձայն՝ հավելվածով կարգավորվում են վերը նշված օրենքի 8.1-ին հոդվածով նախատեսված՝ կենսաթոշակային խանյողությւնները ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգ տեղափոխելու հետ կապված հարաբերությունները:

ՀՀ-ն, առանց Արցախից բռնի տեղահանված անձանց ցանկության, ՀՀ Ազգային ժողովի միջոցով ընդունել է Արցախի տարածքում ձեռք բերված կուտակային համակարգում առկա ֆինանսական միջոցները ՀՀ-ում գործող համակարգեր տեղափոխելու մասին օրենքը։ Հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ Ազգային ժողովը իրավասու չէր ընդունել նման որոշում այն հիմնավորմամբ, որ արցախցիները հանդիսանում են բռնի տեղահանված, ունեն կամ ունեցել են փախստականի կարգավիճակ և նման իրավիճակում փախստական ճանաչված անձի գույքին կամ եկամուտներին վերաբերվող օրենքները բացառապես պետք է ընդունվեն այդ անձի քաղաքացիության պետության կողմից կամ այդ անձանց վրա պետք է տարածվի իրենց քաղաքացիության պետության օրենսդրությունը:

Արցախցի Ժորա Հայրապետյանը ասում է․ “Որպես 2023 թվականին բռնի տեղահանված և փախստական իմ կուտակային կենսաթոշակային համակարգում եղած միջոցներն ապօրինի տեղափոխվել են ՀՀ կուտակային համակարգ, ինչին ես դեմ եմ։ ՀՀ Ազգային ժողովն ապօրինի ինձ զրկել է իմ աշխատած տարիների ընթացքում ստացած եկամուտները տնօրինելու իմ հնարավորությունից”:

Ժորա Հայրապետյանի շարքին են դասվում հազարավոր արցախցիներ, ովքեր ցանկանում են հետ ստանալ կուտակային ֆոնդում ունեցած իրենց գումարները։ Այս պահին, երբ արցախցիները կանգնած են բազմաթիվ սոցիալական խնդիրների առաջ, նրանց համար մեծ նշանակություն ունեն այդ գումարները, որոնց միջոցով կարող են լուծել ամենաառաջնային հարցերը։

Կարինե Բախշիյան

«Մարալիկն ու հայրիկը Արցախում»․ հեքիաթ ՝ հեքիաթի մասին

Գիրք գրելու միտքը Մարինեն միշտ ունեցել է։ Բայց երկար ժամանակ նա չէր հասկանում՝ ինչ ձևով կարող է գրել, որ պատմությունը դառնա ոչ միայն անձնական հիշողություն, այլ նաև փոխանցում սերունդներին։ Այդ հարցի պատասխանը գտավ այն պահին, երբ մտածեց՝ ինչպես է ինքը պատմելու իր երեխաներին՝ Մարալիկին, Հուրիին և Ազնավուրին, թե ինչ է Արցախը։

«Հասկացա, որ հեքիաթը՝ իր կախարդականությամբ, լավագույն ձևն է մեր կյանքի ու պայքարի մասին պատմելու։ Եթե ուզում ենք, որ մեր երեխաները հիշեն Արցախը, թող այն մտնի նրանց գիտակցության մեջ հեքիաթի ձևով։ Թող ունենան իրենց Արցախյան հեքիաթը», -ասում է Մարինեն։

Գիրքը ծնվել է Մարտունուց։ Մարինեն այն պատկերացնում է որպես քաղաք, որը հիշվում է օրորոցաձեւ ճոճանակների, այգիների հոտով և խաղաղ առավոտներով։ Այնտեղ անցած կյանքը նա ուզում է վերածել հեքիաթի, որ մնա սերունդներին։

«Մարտունեցիները իրենց քաղաքը հիշելու են օրորոց սահնակներով ու հին այգիներով։ Այդ ամենը պիտի անցնի նաև մեր պատմական հերոսների՝ Ավոյի ու Նժդեհի արձանների կողքով, որտեղով անցնում էին երեխաներն այդ սահնակ ճոճանակներին հասնելու համար։ Ինձ համար կարևոր է, որ Մեծ Հայքի գաղափարը ներկա լինի, որովհետև այն հիշեցում է՝ Արցախը Մեծ Հայքի քարտեզում իր կարեւոր տեղն ունի»։

Գրքի ստեղծման գաղափարը Մարինեն իրականացրել է բրազիլահայ նկարիչուհի Անաիս Սատիկյանի հետ։ Նրանք միասին մանրամասն մտածել են յուրաքանչյուր դետալի մասին՝ պատկերելով քաղաքը ոչ թե որպես անցյալ, այլ որպես շարունակվող հիշողություն։

«Գրքում նույնիսկ քաղաքի կենտրոնի պատկերի մեջ գաղտնագրեր կան, որ երեխաներն էլ հասկանան՝ Արցախի հարցը փակված չէ», — ասում է նա։

Մարինեն խոսում է մի պարզ, բայց ցավոտ մտքի շուրջ․ մեր հասարակությունը հաճախ զրկում է երեխաներին երազելու իրավունքից։

«Թուրքը, ադրբեջանցին, ամերիկացին կարող են իրենց երեխաներին ասել ՝ երազիր մեծ, մեծ երազանք ունեցիր, բայց մեր երեխաներին ասում ենք՝ մի երազեք Շուշիի կամ Վանի մասին։ Ես ուզում եմ, որ իմ երեխաները մեծ երազեն։ Թող գոնե իրենց երազներում Արցախը լինի՝ մինչև այն վերադառնա իրական կյանք»,- ասում է Մարինեն։

Մարտունու կյանքից՝ հեքիաթի ներսում Մարինեն ու ամուսինը՝ Շանթը, պատերազմից հետո տեղափոխվել են Մարտունի և դարձել քաղաքի լիիրավ քաղաքացիներ։ Իրենց նախաձեռնություններով և աշխատանքի շնորհիվ նրանք օգնել են հարյուրավոր մարդկանց։ Նրանց առաջնեկը՝ Մարալիկը, ծնվել է Արցախում, իսկ գիրքը հենց նրա անունով է՝ «Մարալիկն ու Հայրիկը Արցախում»։

2023-ին, հրետակոծության օրերին, Մարինեն ծննդաբերեց երկրորդ դստերը՝ Հուրիին։ «Նրան այդպես անվանեցինք, որովհետև նա բառացիորեն կրակի տակ ծնվեց», — ասում է նա։

Երրորդ երեխային՝ որդուն, զույգը անվանեց Ազնավուր՝ ի պատիվ Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի, որի հետ մտերիմ են եղել։

Գրքի պատմական շերտը հյուսված է հենց այս ընտանիքի կյանքից՝ Արցախում ապրել, պայքարել, երեխա ունենալ ու չկորցնել հավատը։

«Այս գիրքը ես գրել եմ ոչ թե միայն իմ երեխաների, այլ բոլո փոքրիկների համար», ասում է Մարինեն։

Նա կարեւոր ծրագիր ունի՝ Հայաստան գալով գիրքն անվճար բաժանել մարտունեցի փոքրիկներին, որ իրենց մանկության հիշողության մեջ Արցախը լինի ոչ թե կորուստ, այլ հեքիաթ, որին մի օր անպայման պետք է հասնել։

Գիրքը պատմում է երազանքի վերադարձի մասին՝ Արցախի հիշողությունը պահելու, փոխանցելու և մի օր վերադարձնելու հավատով։

«Արցախը դեռ կա, քանի դեռ մեր երեխաները լսում են նրա հեքիաթը», — ասում է Մարինեն՝ ամփոփելով իր պատմությունը։

Մարիամ Սարգսյան

Իրանը ԱՄՆ-ից նոր միջուկային համաձայնագրի շուրջ երկխոսության առաջարկ է ստացել

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ստացել է միջուկային համաձայնագրի շուրջ նոր բանակցություններ սկսելու առաջարկով հաղորդագրություն, SNN հեռուստաընկերությանը տված մեկնաբանության մեջ հայտարարել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ Նա խոստացել է հաղորդագրությունների մանրամասները հրապարակել «համապատասխան ժամանակին»։

Մոհաջերանին մեկնաբանել է հոկտեմբերի 31-ին իրաքյան «Բաղդադ Թեյդեյ» թերթում հրապարակված հաղորդագրությունը՝ հղում անելով իրանական դիվանագիտական ​​աղբյուրներին, որ ԱՄՆ-ն Օմանի միջոցով Իրանին է փոխանցել նոր միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսելու առաջարկ։

Մեծ Եգիպտական ​​թանգարան. Թութանհամոնի գանձերը հանվել են ցուցադրությանեն

BBC-ն հաղորդում է, որ Հին Աշխարհի Յոթ Հրաշքներից միակ պահպանված՝ Գիզայի Մեծ բուրգի ստվերում կառուցված Մեծ Եգիպտական ​​թանգարանը վերջապես բացել է իր դռները։

500,000 քառակուսի մետր տարածքով թանգարանը, որը Լուվրի չափսերից կրկնակի մեծ է, ներառում է 70,000-ից 100,000 ցուցանմուշ, այդ թվում՝ երիտասարդ փարավոն Թութանհամոնի դամբարանից նախկինում չցուցադրված գանձեր։

Թութանհամոնը գրավել է մարդկանց սրտերը այն ժամանակվանից, երբ բրիտանացի եգիպտագետ Հովարդ Քարթերը 1922 թվականին հայտնաբերեց նրա մոռացված դամբարանը Թագավորների հովտում։

Այժմ, աշխարհի տարբեր քաղաքներում տասնամյակներ շարունակ ցուցադրվելուց հետո, նրա ոսկե դիմակը, գահը և նրա հետ թաղված ավելի քան 5000 գանձեր (որոնցից շատերը երբեք հրապարակայնորեն չեն ցուցադրվել) առաջին անգամ ամբողջությամբ կցուցադրվեն։

Ձերբակալվել են Գարեգին Բ կաթողիկոսի եղբայրը և նրա որդին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն ձերբակալելու որոշում է կայացվել, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը «Ազատությանը» փոխանցել է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): Նրանք ձերբակալվել են:

Զոհրաբյանը նաև տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում, Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը»։

Զոհրաբյանը նշել է, որ որևէ նման բան չի եղել: