Զելենսկին պատրաստ է նոյեմբերի 27-ին ստորագրել «Թրամփի ծրագիրը»

Զելենսկին պատրաստ է նոյեմբերի 27-ին հանդիպել Թրամփի հետ և «վերջնականացնել» նրա ծրագիրը, հաղորդում է Axios-ը։ Այս մասին հրատարակությանը հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Հուսով եմ, որ նախագահ Զելենսկու այցը կկայանա հնարավորինս շուտ, քանի որ… դա կօգնի նախագահ Թրամփին շարունակել իր պատմական առաքելությունը՝ դադարեցնելու այս պատերազմը», – Երմակին մեջբերում է Axios-ը։

Նա հավելել է, որ հանդիպումը Երախտագիտության օրը անցկացնելը կարող է խորհրդանշական նշանակություն ունենալ։

Axios-ը նշում է, որ ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաները համաձայնության են եկել ծրագրի մեծ մասի շուրջ, որը զգալիորեն տարբերվում է ԱՄՆ 28 կետանոց սկզբնական առաջարկից։ Սակայն, ըստ Երմակի, Վլադիմիր Զելենսկին ցանկանում է տարածքային հարցերը քննարկել անմիջապես Դոնալդ Թրամփի հետ։

ԱՄՆ պաշտոնյան Axios-ին հաստատել է, որ Կիևի հետ բանակցություններ են ընթանում այս կամ հաջորդ շաբաթ հանդիպման համար, սակայն ասել է, որ ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ։

5 տարի առաջ էս օրը Քարվաճառը հանձնեցին առանց մի կրակոցի

Քարվաճառ, 2020-ի նոյոմբերի 25, վերջին արցախցիները վերադարձնում են տուն՝ հրաժեշտ տալով Դադիվանքին

5 տարի առաջ այս օրը Քարվաճառը հանձնեցին առանց մի կրակոցի: Նույն ձևով հանձնվեցին Ակնան և Քաշաթաղը, և արդեն այն ժամանակ պարզ էր, որ Հայաստանի սահմաններն այլևս գծված են ոչ թե իրավունքով կամ պատերազմով, այլ հայցավոր համաձայնությամբ։

Եթե կիառվեր իրավունքը, Արցախը պետք է պահպանվեր առնվազը ԼՂԻՄ+Շահումյանի շրջան սահմաններով։ Եթե կիրառվեր ուժը, Բաքուն, ինչպես Ալիևն է խոստովանել, չէր կարող գրավել Քարվաճառը։

Տեղի է ունեցել ռուս-թուրքական հանցավոր համաձայնություն, որի հանցակից է դարձել Հայաստանի կառավարությունը։ 2020-ից հետո 2 տարի պետք է անցներ, որ գտնվեր այդ հանցավոր համաձայնության “իրավական” շրջանակը՝ Ալմա-Աթայի հռչակագիրը։ Որպեսզի ինչ-որ ձևով բացատրի պատերզմով և հատկապես առանց կրակոցի արած զիջումները, Փաշինյանը փոշոտ դարակից հանել է մի իրավական ուժ չունեցող հռչակագիր և հայտարարել, թե սահմանները տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված են ըստ “խորհրդային” ադմինիստրատիվ գծերի։

Այդ արդարացումը սիրով ընդունել են եվրոպացիները․ Մակրոնն ու Շարլ Միշելն իրենց վրա վերցրեցին “Արցախն Ադրբեջանի մաս” ճանաչելու դառը պատասխանատվությունը, հույս ունենալով, որ Եվրոպան կստանձի տարածաշրջանի “նայողի” դերը։ Սակայն ամեն ինչ այլ կերպ դասավորվեց։

2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյանն ու Ալիևը նախաստորագրեցին “խաղաղության համաձայնագիր”, որը կանգնեցրեց և “իրավական”, և “ուժային” հնարավոր լուծումները։ Իսկ ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորման սկզբունքները վերջնականապես ջախջախեցին “Ալմա-Աթայի հռչակագիրը”, առանց որևէ քողի թողնելով մերկ մնացած Ղարաբաղյան հանցավոր համաձայնությունը։

Դեռ պետք է պատասխան տրվի, թե ինչու հանձնվեց Քարվաճառը։

Արցախի խնդիրը միայն իրավական ճանապարհով հնարավոր չէ լուծել, սրա կողքին կա նաեւ ուժային բաղադրիչը

Step1.am-ի զրուցակիցն է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը։

Տիկին Չոբոյան, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե իրատեսական չեն համարում արցախցիների վերադարձը եւ ընդհանրապես փորձում են փակել Արցախի հարցը։ Եթե անգամ ՀՀ իշխանություններն այսպիսի քաղաքականություն են վարում, արցախցիների իրավունքները նվազում կամ վերանո՞ւմ են։

-Անշուշտ, ոչ, իրավունքը մնում է իրավունք։ Բայց ես շատ կարեւորություն չեմ տալիս իշխանության այս խոսույթին, որովհետեւ վախի եւ զիջողական դիրքորոշման հետեւանք է այս կեցվածքը։ Ես կարծում եմ, որ կարեւոր է, որպեսզի Հայաստանի իշխանությունները չփակեն Արցախի հարցի ճանապարհները։ Եվ շատ կարեւոր է, որ Հայաստանը հետ չքաշի հայցերը միջազգային դատարաններից։ Բայց դա չի նշանակում, որ հարցը վերջացած է, այսինքն՝ Հայաստանի իշխանությունների որոշմամբ չէ, որ այս հարցը պետք է փակվի, թեեւ շատ լուրջ է հայցերը հետ քաշելու որոշումը։ Ես կարծում եմ, որ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հասարակությունները չպետք է ընդունեն այս երեւույթը եւ Հայաստանի այս ընթացքը։ Իսկապես, ես կարեւորություն չէի տա այս ամենին, եթե Հայաստանի իշխանություններն այսքան որոշիչ քայլեր չանեին, ինչպես օրինակ, միջազգային հայցերը հետ քաշելն է։ Բայց, կրկնում եմ, հայ հասարակությունը չպետք է ընդունի այս դիրքորոշումը։

-Այս կայացվող որոշումները կարո՞ղ են անդառնալի հետեւանքներ ունենալ Հայաստանի եւ Արցախի համար։

-Ես կարծում եմ՝ ոչ։ Այսինքն՝ անդառնալի ոչինչ չկա, գոյություն չունեն միջազգային այնպիսի օրենքներ, որոնցից Հայաստանը կարող է հրաժարվել։ Արցախի իրավունքը կմնա Արցախի իրավունք, վերադարձի իրավունքը կմնա վերադարձի իրավունք։ Ես մասնագետ չեմ, բայց միջազգային իրավաբանության մասին գաղափար ունեմ եւ կարծում եմ, որ ամեն պարագայում Հայաստանի հաջորդ իշխանությունները կկարողանան այս հարցերը եւ իրավական, եւ քաղաքական օրակարգ բերել։ Այսօրվա իշխանությունների որոշումներն իսկապես կապված են Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններն ամեն գնով բարելավելու եւ որոշ չափով միակողմանի զիջումների գնալու հետ։

-Արցախի ժողովուրդը 2023 թվայանի բռնի տեղականությունից հետո ավելի քան երկու տարի է՝ խոսում է այն մասին, որ անվտանգության միջազգային երաշխիքների առկայության պայմաններում պատրաստ են վերադառնալ իրենց հայրենիք։ Բայց միջազգային հանրությունը կո՞ւյր է ձեւանում, չեն տեսնո՞ւմ արցախցիների իրավունքների ոտնահարումը, թե՞ այդուհանդերձ գործընթացներ կան։

-Ես կարծում եմ, որ այսօրվա միջազգային քաղաքական հարաբերություններում իրավիճակը շատ բարդ է եւ խախուտ։ Եվ այն իրավական համակարգը, որն Առաջին համաշխարհային պատերազմից հետո ամրագրված է, այսօր խախտված է։ Դժբախտաբար այսօր իրավունքը նախապատվություն չունի հարաբերությունների մեջ, այսօր ուժային հարաբերություններն են գերակշռում։ Հետեւաբար, այսօրվա իրավիճում, կարծում եմ, որ իրավական ուժը չէ, որ պետք է որոշի։ Տեսնում ենք, որ ՄԱԿ-ը բոլորովին անզոր է դարձել, այսօր մեծ պետություններն իրենք իրենց մեջ են խնդիրները լուծում։ Եվ բազմակողմանի դիվանագիտությունն այսօր անդամալուծված է։ Հետեւաբար, իմ կարծիքով միակ կարեւոր ուղղությունը Հայաստանի հզորացման ուղղությունն է։ Հայաստանի թե տնտեսությունը, թե անվտանգային համակարգը պետք է վերանորոգել ու ամրապնդել։ Արցախի խնդիրը միայն իրավական ճանապարհով հնարավոր չէ լուծել, սրա կողքին կա նաեւ ուժային բաղադրիչը։ Եվ այդ ուժային բաղադրիչը պետք է մեծ փոփոխությունների ու բարելավումների ենթարկվի։

Այսինքն՝ հույսն ու գաղափարը չպետք է մեռցնել, վերադարձի գաղափարը պետք է միշտ վառ մնա։ Բայց այդ ուղղությամբ աշխատելու հսկայական դաշտ կա, նաեւ հասարակության կողմից, բայց միայն խոսքով չէ, նաեւ գործով պետք է լինի։ Օրինակ՝ երբ Ադրբեջանը խոսում է Հայաստանի տարածքների վրա իբրեւ թե ադրբեջանցիների վերադարձ ապահովելու խնդրի մասին, այս հարցում Հայաստանը շատ հետ է մնացել։ Ճիշտ նույն բանը պետք է կատարվի Հայաստանում՝ դեպի Արցախ վերադառնալու հարցով։ Տարբեր կազմակերպություններ պետք է ստեղծվեն, որոնք պետք է աշխատեն թե միջազգային կառույցներում, թե ժողովրդի հետ, որպեսզի ժողովուրդը չցրվի եւ իր վերադարձի հույսը չկտրի։ Շատ կոնկրետ քայլեր պետք է արվեն Հայաստանում, Սփյուռքը պետք է մասնակցություն ունենա, բայց նախաձեռնությունները Հայաստանում պետք է լինեն։

Հայաստանի իշխանություններն այդ աշխատանքն անելու փոխարեն այսպիսի պարզունակ թեզ են առաջ քաշում, ասում են՝ մենք չպահանջենք արցախցիների վերադարձ, որպեսզի նրանք էլ չպահանջեն ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։

-Բայց հարցն այն է, որ նրանք տակավին կպահանջեն, եւ Հայաստանը չի պահանջի։ Սա անհավասար իրավիճակ է։ Եթե Հայաստանից տարիներ առաջ մեկնած ազերիների իրավունքը կա, ավելի մեծ թվով հայեր այսօր ավելի մեծ իրավունքներ ունեն։ Եվ այդ աշխատանքը պետք է հասարակական մակարդակի վրա կազմակերպվի։

Ռոզա Հովհաննիսյան

Զելենսկին կարող է նոյեմբերին մեկնել ԱՄՆ՝ Թրամփի հետ բանակցություններ վարելու համար

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագրի դինամիկ քննարկումը, ըստ երևույթին, կհամապատասխանի Թրամփի կողմից սահմանված՝ 2025 թվականի նոյեմբերի 27-ի վերջնաժամկետին։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է թռչել Միացյալ Նահանգներ՝ այս նոյեմբերին նախագահ Դոնալդ Թրամփի հետ պատերազմը դադարեցնելու պայմանների շուրջ բանակցություններ վարելու համար։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։

Նրա խոսքով՝ նոյեմբերի 23-ին Ժնևում կայացած բանակցությունների ժամանակ ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունները համաձայնության են եկել պատերազմի դադարեցման հետ կապված հիմնական հարցերի շուրջ։ Նա չի նշել մանրամասները։ Կիևն այժմ կքննարկի համաձայնագրերը իր եվրոպացի գործընկերների հետ։

Ռուսաստանը ևս համաձայնություն է հայտնել քննարկել կրճատված ծրագիրը, որն այժմ բաղկացած է 19 կետից՝ 28-ի փոխարեն։

Քիոկուշին կարատեի «Վերադարձ» ակումբը վերականգնում է մարզումները  և սպասում է կոնկրետ որոշումների

Սիրելի ծնողներ և աշակերտներ

Նոյեմբերի 26-ից մենք վերսկսում ենք մարզումները Երեւանի թիվ 17 հատուկ դպրոցի մարզադահլիճում հիմնական գրաֆիկով։

Վաղը պարապմունքը կլինի միասնական՝ ժամը 17։00 բոլոր խմբերի համար։

Հավատ + համառություն + համբերություն – հուսահատություն = հաղթանակ ( հինգ «Հ»-երի բանաձև)։

Այս մասին իր սոցիալական ցանցերի էջում գրել է արցախյան քիոկուշին կարատեի «Վերադարձ» ակումբի ղեկավար Արմեն Պետրոսյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Step1–ը, Հայաստանում գործող միակ արցախյան մարզական ակումբի գործունեությանը խոչընդոտում են պետական մակարդակով։

Պետրոսյանը Step1–ին պատմեց, որ պահանջել է նախարարությունից հնարավորինս արագ լուծել ստեղծված խնդիրը։

«Ես նրանց ասեցի, որ հենց իրենք են ստեղծել այս իրավիճակը և պարտավոր են այն լուծել։ Մինչ լուծում են, ես վերականգնում եմ մարզումները, որովհետև երեխաների համար դա չափազանց կարևոր է։ Նրանց մեղքով արցախցի երեխաները գրեթե մեկ ամիս մարզվում էին բակում։ Այդ պատճառով մենք չէինք կարողանում անցկացնել լիարժեք մարզումներ և ստիպված էինք հրաժարվել Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված մրցումներին մասնակցությունից»։

Քիոկուշին կարատեի «Վերադարձ» ակումբը՝ Հայաստանում գործող միակ արցախյան ակումբը, սկսել է իր գործունեությունը 2023 թվականին՝ անմիջապես Արցախի հարկադիր տեղահանությունից հետո։

Այդ ընթացքում ակումբի 11 սան դարձել են Հայաստանի չեմպիոններ, 9-ը՝ Հայաստանի գավաթակիրներ, 6-ը՝ միջազգային չեմպիոններ և տարբեր մրցումներում զբաղեցրել են 2-րդ և 3-րդ տեղերը։

Օրեր առաջ քիոկուշին կարատեի «Վերադարձ» ակումբը մասնակցել է Երևանում մարտարվեստների «Lion Heart» ակադեմիայի հանդիսավոր բացմանը։ https://www.facebook.com/100006053826949/videos/25291411213812267/

Ալվարդ Գրիգորյան

Բանակում “ռիսկային” մարդկանցից ազատվում են, ղարաբաղցիներին ընդունում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ՊՆ-ն պետք է ազատվի ռիսկային կադրերից Զինված ուժերում։

Պատգամավորներից մեկի հարցին, թե ինչու վերջին շրջանում մի շարք փորձառու սպաներ ազատվել են կամ հեռացվել ծառայությունից, Պապիկյանը մասնավորապես պատասխանել է․ «Պետք է հասկանալ, թե իրականում ինչ փորձ ունեին այդ մարդիկ։ Մենք գործ ունենք մի համակարգի հետ, որի խնդիրների մասին գաղտնիք չէ, որ հաճախ է խոսվել։ Հետևաբար պետք է ազատվել ռիսկային մարդկանցից, ինչը հիմա էլ տեղի է ունենում»։

Հետաքրքիր է, թե ինչ նկատի ունի Պապիկյանը, խոսելով նախկին “խնդիրների” մասին։ Արդյո՞ք խոսքը մարտական փորձի, դիմադրության, “ռևանշիզմի” մասին է, և այն, որ այդ խնդիրներն արդեն “ռիսկային” են։ Մյուս կողմից, արդյո՞ք Պապիկյանը նկատի ունի այն սպաներին, որոնք 2021-ին նամակ են ուղղել կառավարությանը, որը դա “ռազմական հեղաշրջման փորձ է” որակել։

Հետաքրքիր է, որ անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանն է ասել, թե բանակի հրամանատարության մի զգալի մասը ղարաբաղցիներն են կազմում։ Նա ասել է դա ապացուցելու համար, որ ՀՀ կառավարությունը “վստահում է” արցախցիներին։

Տարօրինակ բան է ստացվում․ Փաշինյանը խոսում է ղարաբաղցիներին՝ բանակի հրամանատարության մեջ ընդգրկելու մասին, իսկ Պապիկյանը՝ ինչ-որ ռիսկային կադրերից ազատվելու մասին։ Ի՞նչ նոր խնդիրներ է կատարելու բանակի հրամանատարությունը։

Ինչպե՞ս կարձագանքի Թուրքիան Թրամփի՝ «Մուսուլման եղբայրներին» «ահաբեկիչներ» ճանաչելու որոշմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է «Մուսուլման եղբայրներին» ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն։ «Թրամփը խոստանում է «Մուսուլման եղբայրներին» ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն», – ասվում է Սպիտակ տան սոցիալական ցանցի իր էջում տարածված հայտարարության մեջ։

«Մուսուլման եղբայրները» խոշոր բազմակողմանի կազմակերպություն է, որը հիմնականում գործում է սուննի արաբական երկրներում։ Համասը համարվում է այս կազմակերպության մի մասը։

Իսրայելը մեղադրում է Թուրքիային և նրա նախագահ Էրդողանին ահաբեկչական իսլամական խմբավորումներին աջակցելու մեջ։

Թուրքիան, որը ձգտում է մասնակցել Գազայի հատվածի հետհակամարտական ​​վերականգնմանը, փորձում է դա անել տարբեր կազմակերպություններին, այդ թվում՝ «Մուսուլման եղբայրներին» աջակցելու միջոցով։

Հայաստանում մի փոքր ցուրտ է լինելու

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ նոյեմբերի 25-ից 29-ը Հայաստանում տեղումներ են սպասվում։

Նոյեմբերի 25-26-ը երկրի ողջ տարածքում ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով։

Տեղումներ են սպասվում նաև Երևանում։ Հայաստանի մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի 15°C-ի։

«Հաթերք Ֆուդ»-ը՝ Սպառողի Վստահություն մրցանակի դափնեկիր

Այս տարի մեր աշխատանքի ամենաքաղցր գնահատականը ստացանք հենց այն մարդկանցից, ում համար ամեն օր ստեղծում ենք՝ Հայաստանի սպառողների մրցանակաբաշխությունում «Հաթերք Ֆուդ»-ը ճանաչվեց տարվա լավագույնը։
Սա ոչ միայն մեր թիմի, այլև բոլոր այն ընտանիքների հաղթանակն է, ովքեր ընտրում են հայկական, մաքուր և բնական մեղրը։
Մենք շարունակելու ենք նույն խանդավառությամբ ներկայացնել հայկական մեղրի իսկական համն ու արժանապատվությունը՝ տեղական ու միջազգային բեմերում։

Լիդիա Մանթաշյանը կարող է փոխել արատավոր պրակտիկան և դառնալ զարթոնքի խորհրդանիշ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները այցելել են «Սրբազան պայքարի» ձերբակալված կողմնակից Լիդիա Մանթաշյանին Աբովյանի քրեակատարողական հիմնարկում, հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ավելի վաղ էր հանդիպել Մանթաշյանի հետ։

Այցելության ընթացքում «պետական ​​հեղաշրջման գործով» միակ կին մեղադրյալը, որի նախնական կալանքի ժամկետը դատարանը երկարաձգել էր անցյալ շաբաթ, մտահոգություն է հայտնել իր ձերբակալման օրինականության վերաբերյալ։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նշում է, որ նախնական կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկան իսկապես մտահոգիչ է: Նախնական կալանքի չարաշահումը կարող է խաթարել քրեական արդարադատության համակարգի նկատմամբ վստահությունը և հանգեցնել այլ համակարգային խնդիրների, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Լիդիա Մանթաշյանի հարցը, ով հինգ ամսից ավելի է, ինչ կալանքի տակ է «հեղաշրջման փորձի» մեղադրանքով, դարձել է Հայաստանի ներքաղաքական քննարկումների հիմնական թեման։ Ընդդիմությունը բողոքի ակցիաներ է անցկացնում՝ կոչ անելով համախմբվել քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցի շուրջ։ Ըստ երևույթին, հենց այս հարցը կարող է դառնալ առաջիկա նախընտրական շրջանի մեյնսթրիմը. ընդդիմությունն արդեն հիմա մեղադրում է կառավարությանը անարդար մրցակցության և հակառակորդներին “վերացնելու” մեջ։ Որոշ կուսակցությունների (օրինակ՝ Դաշնակցության) ընտրություններին մասնակցելուց հնարավոր զրկելը կարող է հանգեցնել ընտրական գործընթացի լիակատար ապալեգիտիմացման։

Միջազգային լրատվամիջոցներում արդեն հայտնվում են հոդվածներ, որոնցում պնդվում է, որ Հայաստանի բանտերը լցված են Փաշինյանի հակառակորդներով։ VT Foreign Policy-ն հաղորդում է, որ «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի կողմից ստացված տվյալների համաձայն՝ 2024-2025 թվականներին ձերբակալվել է առնվազն 150 ընդդիմադիր գործիչ, այդ թվում՝ տարածաշրջանային ակտիվիստներ և հոգևորականներ»։

Չնայած վերջին ամիսներին բազմաթիվ քաղաքական ձերբակալություններ են եղել, Լիդիա Մանթաշյանի գործը ստացել է հատուկ նշանակություն։ Նա դարձել է ոչ միայն հալածված այլախոհության, այլև կեղծվող ընտրությունների խորհրդանիշ։

Այսօր նա Աբովյանի քրեակատարողական հիմնարկից նամակ է գրել՝ նշելով, որ այլ նպատակների շարքում ձերբակալությունները նպատակ ունեն վախեցնել, ահաբեկել և ճնշել այլախոհ ձայները։

Նա գրում է, որ նույնիսկ կալանքից ազատվածներին հետագայում արգելվում է մուտք գործել «մարդաշատ վայրեր», ինչը փաստացի խոչընդոտում է նրանց մասնակցել քաղաքական հանրահավաքներին։ «Ու՞ր ենք հասել», – հարցնում է Լիդիա Մանթաշյանը։

Նա նշել է, որ ցավում է ոչ թե իր, այլ մեր պետության ջախջախված իրավական և այլ համակարգերի համար՝ ստորագրելով նամակը «Թիվ մեկ ահաբեկիչ»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նույնպես նշում է, որ Լիդիայի պարզ և պայծառ հայացքի տակ ոչ մի մեղադրանք չի կարող դիմանալ. «Դուք պարտված եք, տիկին գլխավոր դատախազ։ Խնդրում ենք մեր սերն ու աղոթքները փոխանցել Լիդիային»։

Նախկինում Ժաննա Ալեքսանյանը գրել էր այն մասին, թե ինչպես է «արդարադատություն» իրականացվում Հայաստանում՝ նշելով, որ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու դատարանի որոշումից քանի ժամ առաջ Փաշինյանների ընտանիքին պատկանող թերթն արդեն հրապարակել է դատարանի որոշումը։ Սա նվաստացնում և վարկաբեկում է դատարանը, նշել է նա։

Դատական ​​և իրավական համակարգի վարկաբեկումն ու լիակատար ոչնչացումը նույնպես ընտրությունների նախապատրաստման մաս է կազմում, որտեղ ամեն ինչ, առաջին հերթին՝ դատական ​​և իրավապահ համակարգն ու ուժայինները, պետք է լինեն իշխանությունների վերահսկողության տակ։

Լիդիա Մանթաշյանի կերպարը կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի նախընտրական գործընթացներում և դառնալ զարթոնքի խորհրդանիշ այն մղձավանջից, որի մեջ մենք ապրում ենք տարիներ շարունակ։

Նաիրա Հայրումյան

Արեգ Բալայան․ Առաջարկներ էի ստացել գաղթը լուսանկարելու, բայց չէի կարողանում հաղթահարել էմոցիաներս

2019 թվականին լուսանկարիչ Արեգ Բալայանի և արվեստագետ Էդիկ Պողոսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Հետևանքը՝ արտեֆակտ» նախագիծը, որի նպատակն էր համաշխարհային հանրությանը առաջարկել այլընտրանքային տեսանկյունով քննել հակամարտությունն՝ ի ցույց դնելով ոչ թե քաղաքական, տնտեսական կամ սոցիալական հետևանքները, այլ շփման գծին մերձ տարածքում առկա հետքերը:

Նախագծի հեղինակները փնտրել և ընտրել են հակամարտության հետ կապված նյութական վկայություններ և վերափոխել դրանք արվեստի գործերի, որոնք հետագայում դարձան հիմք «Հետևանքը՝ արտեֆակտ» խորագրով ցուցահանդեսների կազմակերպման և համանուն վավերագրական ֆիլմի ստեղծման համար: Ֆիլմը և ցուցահանդեսն հետագայում ներկայացվել են հանրությանը Ստեփանակերտում, Երևանում և Թիֆլիսում:

Step1.am հետ զրույցում «Հետևանքը՝ արտեֆակտ» նախագծի համահեղինակ Արեգ Բալայանը պատմեց նախագծի մանրամասների և վերջին շրջանի իր գործունեության մասին: 

“Վերջին ժամանակաշրջանում իրականացրած ամենաարժեքավոր պրոեկտներից մեկը «Հետևանքը՝ արտեֆակտ» նախագիծն էր: Դա մուլտիդիստիպլինար նախագիծ էր՝ բաղկացած 4 բաղադրիչ մասերից. լուսանկար, արտ-օբյեկտներ, ֆիլմ, ինչպես նաև “Ready-made” (գեղարվեստական ​​տեխնիկա, որի դեպքում զանգվածային արտադրության առարկան դառնում է արվեստի առարկա)։ Նախագծի շրջանակներում առաջին ցուցահանդեսը տեղի ունեցավ 2019 թ. դեկտեմբերին, իսկ հետագայում այն ցուցադրվեց Երևանում և Թիֆլիսում:

Պլանավորում էինք նաև ցուցադրել այլ երկրներում, սակսյն, ցավոք, քովիդի պատճառով մեր պլանները չիրագործվեցին:

Խորհրդանշական է, որ նախագիծն իր մեջ պարունակում էր հարցադրում այն մասին, թե պատրա՞ստ ենք մենք արդյոք նոր պատերազմական հետևանքների ու ի՞նչ պետք է անել պատրաստ լինելու համար:

44-օրյա պատերազմի ժամանակ ես գտնվում էի Ղարաբաղում: Իմաստային առումով մեր պարագայում 2020-23 թվականներից հետո նախագիծը կորցրել է իր իմաստը, բայց չնայած դրան նրա արդիականությունը կպահպանվի բոլոր ժամանակներում, քանի որ այն մարդ և պատերազմ հարաբերության մասին է, այլ ոչ թե կոնկրետ Ղարաբաղյան հակամարտության: Նախագծում չկա ժամանակագրություն և նշված չէն մասնակիցների և տեղանքների անունները:

«Հետևանքը՝ արտեֆակտ»-ն հետագայում արժանացավ լայն հանրության արձագանքի, Ֆիլմն ցուցադրվեց անգամ գերմանական հանրահայտ Deutsche Welle հեռուստաալիքով:

44-օրյա պատերազմից առաջ ես իրականացրեցի ևս մեկ  նախագիծ, որը նվիրված էր Հայաստանի անկախության օրվան: Ես շրջեցի զորամասերով և նկարեցի տոնական վիդեոբացիկներ:

2022 թվականի հոկտեբերին վերջին անգամ ընտանիքիս հետ այցելեցի Արցախ և ուրախ եմ, որ իմ աղջիկը, Լէան հասցրել է լինել Ղարաբաղում, թեկուզ այդ ժամանակ նորածին էր:

Այնուհետև սկսվեց շրջափակումը, որին հաջորդեց մեկօրյա պատերազմը և գաղթը: Այդ շրջանում ես չէի նկարում: Մի շարք հայտնի, միջազգային կազմակերպություններից առաջարկներ էի ստացել գաղթը նկարելու վերաբերյալ, բայց ես չէի կարողանում հաղթահարել իմ էմոցիաները և ներքուստ անգամ մեղադրում էի նրանց, ով նկարում էր Ղարաբաղի ողջ  բնակչության գաղթը, թեկուց հասկանալով, որ այդ մեղադրանքները ոչ օբյեկտիվ էին:

Գաղթին հաջորդող ժամանակահատվածում սկսեցի համեմատաբար պասիվ աշխատել: Համագործակցում էի տարբեր կազմակերպությունների հետ, աշխատել եմ մասնավորապես Կարմիր Խաչ, ՄԱԿ, Amnesty International և այլ միջազգային ու տեղական կազմակերպությունների հետ:

Ընթացիկ գործերից կուզենայի առանձնացնել Հայաստանի անձնագիրը նկարելու նախագիծը: Այն չափազանց կարևոր է ինձ համար: Ներկա դրությամբ աշխատում եմ նախագծի շուրջ և շատ եմ ուզում բարեհաջող ավարտին հասցնել, իսկ ինչ վերաբերվում է վերադարձին, ես միանշանակ սպասում եմ այդ օրվան և հույս ունեմ, որ մի օր ինչ-որ ձև ես կայցելեմ Ղարաբաղ:

Այն սերունդն, որն ապրել է Ղարաբաղում, սիրել է Ղարաբաղում, երեխա է ունեցել, տուն է կառուցել, ծառ տնկել, երբեք չի մոռանա Ղարաբաղը և միշտ վերադարձի կարիք կունենա։ Այլ հարց է, թե ինչ կարգավիճակով:

Ամեն դեպքում այժմ Արցախի հետ կապի միջոցներից մեկը լուսանկսրներն են, և կարծում էմ, որ ցանկացած մարդ լուսանկարներ նայելուց ակամա ցանկություն է ունենում վերադառնալ այնտեղ:

Ղարաբաղցուն իրապես կարելի է ճանաչել միայն այն ժամանակ, երբ նա կգտնվի իր հայրենիքում”։

Արսեն Աղաջանյան

Լուսանկարները՝ Արեգ Բալայանի

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ծաղրում է հայերին․ համաժողով Երևանում

Խաղողօրհնեք Ստեփանակերտում, 2023

Նոյեմբերի 27-28-ը Երևանում կանցկացվի «Մշակութային խաչմերուկ» երևանյան միջազգային համաժողովը` նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունման 20-ամյակին: Երևան կժամանեն ավելի քան մեկ տասնյակ երկրների պատվիրակություններ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՅՈւՆԵՍԿՕ-ից և այլ միջազգային կազմակերպություններից:

Մեկ տարի առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյա Քրիստա Պիկկատը «Արմենպրես»-ին ասել էր, որ «Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից 2023 թվականին փախուստից և Հայաստանում բնակություն հաստատելուց հետո» ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կարող այցելել Ղարաբաղ՝ համաձայն «Հակամարտության ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի։ Պաշտոնյայի խոսքով՝ Ղարաբաղում այլևս հակամարտություն չկա, և այժմ նրանք կարող են միայն համաձայնության գալ Ադրբեջանի հետ մոնիթորինգի հարցում։ Քանի որ Բաքուն ինքն է որոշում՝ թույլատրել մոնիթորինգը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի այցելել Արցախ։

Սակայն կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Հայաստանի կառավարության հետ՝ ղարաբաղցի հայերի «ոչ նյութական ժառանգության պահպանման» հարցում։

Հայտնի չէ, թե ինչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ն Արցախի ժառանգությունը պահպանելու համար։ Իրականում, այն կարող է ոչինչ չանել, քանի որ Հայաստանն առանց այդ էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կապված միջոցառումներ է անցկացնում Երևանում։

Մինչդեռ կազմակերպությունը ծաղրում է Հայաստանին՝ նշելով, որ «մեզ համար շատ կարևոր է, որ համայնքի հետ քննարկվի, թե որ սովորույթներն ու ավանդույթները պետք է պահպանվեն»։ Քրիստա Պիկկատը ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում, անհետացման եզրին գտնվող ավանդույթների դեպքում, անհրաժեշտ է գտնել դրանք պահպանելու եղանակներ։ Հա, բա ոնց։

Խմբ․ Այսօր Փարիզում, 1972 թվականին ստեղծված ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի մասնակից պետությունների գլխավոր ասամբլեայի 25-րդ նստաշրջանում, Հայաստանն ու Ադրբեջանը 2025-2029 թվականների համար ընտրվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։