Արման Ծառուկյանը համոզիչ հաղթանակ տարավ

Արման Ծառուկյանը Դոհայում վստահ հաղթեց Դեն Հուքերին

UFC Fight Night-ում թեթև քաշային կարգի առաջին համարը՝ Արման Ծառուկյանը, տպավորիչ հաղթանակ տարավ վարկանիշային 6-րդ համար Դեն Հուքերի նկատմամբ։ Երկրորդ ռաունդում նա տապալեց մրցակցին, վերահսկեց գետնին և խեղդող հնարքով ավարտեց մենամարտը՝ ապահովելով համոզիչ հաղթանակ։

Լույս ստեղծող երկու ընկերուհիներ․ Շուշանն ու Ասպրամը

Մոմերի ու տարոսիկների պատմությունը ծնվել է միանգամայն բնական ձևով։ «Մենք երկար ժամանակ աշխատանքից հետո հանդիպում էինք, մի քիչ խոսում, մի քիչ հանգստանում ու հաճախ հայտնվում էինք նույն թեմայի շուրջ՝ ինչ-որ նոր բան ստեղծել, որը կլինի մեր ձեռքի գործը»,- պատմում է Շուշան Մարտիրոսյանը, ով ընկերուհու՝ Ասպրամի հետ հեղինակում է մոմեր։

Նրա խոսքով՝ գաղափարներ շատ կային, բայց միշտ ինչ–որ բան կանգնեցնում էր՝ ժամանակը, վստահությունը, կամ պարզապես այն զգացողությունը, որ «դեռ վաղ է»։

«Մի օր հասկացանք՝ եթե չենք սկսում հիմա, ապա չենք սկսի երբեք։ Ու հենց այդ պարզ որոշումից ամեն ինչ տեղը ընկավ։ Ընտրեցինք մի գաղափար, որը առաջին հայացքից փոքր էր թվում՝ մոմեր և տարոսիկներ պատրաստել։ Հաջորդ իսկ օրը արեցինք առաջին փորձերը»,- ասում է Շուշանը, ով հաճախ է սոցիալական էջերում արդեն զետեղում գունավոր ու գեղեցիկ մոմերի լուսանկարներ։

Եվ երբ առաջին մոմը ստացվեց, հասկանալի դարձավ, որ նախաձեռնությունը դուրս է գալիս պարզապես փորձի սահմաններից։ Այդպես էլ սկսվեց նրանց փոքր բիզնեսը, որը այսօր առանձնանում է աշխատանքի նկատմամբ սիրով, համբերությամբ և ստեղծագործ մոտեցմամբ։

Աղջիկներն ապրում են Լոռու մարզի Տաշիր քաղաքում, սակայն իրենց արտադրանքը նպատակ ունեն վաճառել ոչ միայն Տաշիրում, այլեւ Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Առաքումն իրականացնում են Հայ փոստով, որպեսզի յուրաքանչյուր գնորդ կարողանա առանց դժվարության ստանալ իր պատվերը։

Նրանք պատրաստում են մոմեր տարբեր ձևերով՝ տոնածառեր, ձմեռ պապիկներ, կարուսելներ, կենդանի կամ փափուկ կերպարներ հիշեցնող դիզայններ։ Աշխատում են բարձր որակի հիգիենիկ մոմով և ուշադրությամբ վերջացնում յուրաքանչյուր փոքրիկ դետալ։

Նրանց համար սա միայն արտադրություն չէ։ Այս գործընթացը դարձել է իրենց ընկերության շարունակությունը։

Ստեղծագործական փոքրիկ տարածքում նրանք ոչ միայն աշխատում են, այլև կարողանում են հանգստանալ, փոխել ներքին ծանրությունը և ստեղծել մի բան, որը կփոխի նաեւ ուրիշների տրամադրությունն ու կլուսավորի խավարը։

Շուշանն ու Ասպրամը ամեն անգամ մոմ ստեղծելով հիշում են Արցախի շրջափակման ժամանակ սառն ու խավար օրերը լուսավորող մոմերը եւ տեղահանումից հետո ուզում են, որ մոմերը ոչ միայն պարտադրված խավար ցրեն, այլ լուսավորեն եւ կախարդական, ռոմանտիկ մթնոլորտ ապահովեն։

Մարիամ Սարգսյան

«Մտքերով վերադարձ դեպի տուն»․ Միլենայի ստեղծագործական առաքելությունը

Միլենա Ավետիսյանը 22 տարեկան մարտունեցի օրիորդ է, ում պատրաստած տեսանյութերը վերջերս համացանցում շատ մեծ արձագանք գտան, քանի որ դրանք մեր հուշերի, անցյալի ու կարոտի մասին են։

«Մտքերով վերադարձ դեպի տուն» կարճ տեսանյութերի շարքը ջերմության ալիք փռեց համացանցյան արցախյան հարթակներում։

«Ստացել ենք ահագին մեկնաբանություններ, որտեղ շատերը նշում են, որ տեսանյութերից ջերմանում, իրենց կարոտներն են առնում հարազատ վայրերից։ Բացելով մի քիչ փակագծերը, կարող եմ ասել, որ այժմ աշխատում ենք այլ քաղաքների տեսանյութերի վրա և առաջիկայում նոր տեսանյութեր են սպասվում»,- նշում է նա։

Միլենան արհեստական բանականության միջոցով պատկերել է ամանորը՝ նախ իր հարազատ Մարտունի քաղաքում, այնուհետեւ Մարտակերտում եւ Շուշինում։

Կադրերը, որոնք տանում են մեղ հայկական Արցախ սիրո, կորցրածի ու անսահման կարոտի մասին են, ցնորային պատրանքի նման տանում են մեզ տարվա ամենակախարդական ժամանակը, ինչպես հիմա ենք հասկացել՝ կախարդական վայրը՝ Արցախ։

Միլենան դեռ 2021 թվականին էր հիմնել Միլեյվ շոփը Արցախի բարբառով տպագրական արտադրանք պատրաստելու համար։

2023թ․ հենց տեղահանությունից հետո նա իր մասնագիտությունը ծառայեցրեց Արցախի բարբառի պահպանման համար՝ պատրաստելով սթիքերներ Արցախի բարբառով եւ մեր քաղաքների մասին։

Milave-ի հիմնական առաքելությունը հենց դա է՝ պահպանել Արցախի բարբառը և նպաստել դրա տարածմանը՝ պրոդուկտների արտադրության ու մեդիաբովանդակության ստեղծման միջոցով։

«Այժմ ունենք 3 հիմնական պրոդուկտ՝ Սթիքերներ, նոթատետրեր, պլանավորման տետրեր։ Մեր արտադրանքն ներառում է Արցախի տարբեր շրջանների բարբառները․ ունենք նաև թեմատիկ սթիքերների հավաքածուներ, օրինակ՝ Հադրութի կամ Մարտակերտի բարբառներով»,- ասում է Միլենան։

Միլենա Ավետիսյանի աշխատանքները ոչ միայն վիզուալ պատկերման փորձ են, այլև հիշողությունների, լեզվի ու ինքնության պահպանման պայքար։ Նրա ստեղծած կադրերը, սթիքերներն ու նոթատետրերը միավորում են սերունդներին՝ հիշեցնելով, որ Արցախը միայն կորցրած տարածք չէ, այլ կենդանի մշակույթ, բարբառ ու հիշողություն։

Այս նախաձեռնությունը ապացույց է, որ նույնիսկ տեղահանված լինելու պայմաններում հնարավոր է ստեղծել ու պահպանել այն, ինչ մեզ դարձնում է համայնք․ բարբառը, հիշողությունը և տունը։

Մարիամ Սարգսհան

 

Մակրոնը կանխատեսեց G20-ի ավարտը և հիշատակեց Ուկրաինան

«Մեծ քսանյակի» գոյությունը վտանգված է, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Յոհաննեսբուրգի գագաթնաժողովի բացման խոսքում։ Bloomberg-ը մեջբերում է նրա խոսքերը։ Գործակալությունը հիշեցնում է, որ նա նախկինում նմանատիպ հայտարարություններ է արել ՆԱՏՕ-ի մասին։

«Աֆրիկյան մայրցամաքում առաջին հանդիպումը կարևոր հանգրվան է «Մեծ քսանյակի» կյանքում։ Սակայն մենք պետք է նաև գիտակցենք, որ «Մեծ քսանյակը» կարող է հասնել ցիկլի ավարտին», – ասել է նա։

Ֆրանսիայի առաջնորդը նշել է Միացյալ Նահանգների բացակայությունը բանակցությունների սեղանի շուրջ, մարդասիրական իրավունքի և որոշ երկրների, օրինակ՝ Ուկրաինայի, ինքնիշխանության պաշտպանության դժվարությունները։ Նա ընդգծել է դաշինքի երկրների կողմից կոլեկտիվ ներգրավվածությունը վերսկսելու հրատապ անհրաժեշտությունը։ «Մենք պայքարում ենք աշխարհաքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար ընդհանուր չափանիշներ մշակելու համար», – ասել է Մակրոնը։

«Մեծ քսանյակի» գագաթնաժողովը տեղի է ունենում նոյեմբերի 20-ից 24-ը Յոհաննեսբուրգում՝ Հարավային Աֆրիկայի ամենամեծ քաղաքում։ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Չինաստանի առաջնորդները բացակայում են։

Խնդիրը՝ նոր Սահմանադրությունը չէ, այլ Անկախության հռչակագրից հրաժարվելը

Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ։ Այս մասին այսօր համալիրում հրավիրված փակ միջոցառման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա պետական ծառայողների առջև ունեցած ելույթում խոսել է միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի և նաև նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին:

Ինչո՞ւ նոր Սահմանադրություն, այլ ոչ թե սահմանադրական փոփոխություններ։ Որովհետև դա նոր քաղաքական բովանդակություն է Հայաստանի համար, նոր գիտակցություն, նոր քաղաքական և պետական հայեցակարգ, ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կարևոր է, որ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն կայանա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Դա կարևոր է, որպեսզի քաղաքական ուժերը հասարակությանը ներկայացնեն տվյալ հարցի վերաբերյալ իրենց տեսակետները, իսկ արդեն ձայների մեծամասնությունը ստացած ուժի դիրքորոշումը վճռորոշ նշանակություն կունենա նոր Սահմանադրության նախագծի ձևավորման գործում»,- նշել է Փաշինյանը։

Փաստորեն, Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման նախապատրաստությունները դարձնում է իր քարոզարշավի հիմնական թեզը, մյուս կողմից՝ հետաձգելով Սահմանադրության ընդունումը “ընտրություններից հետո”։

Սակայն, դատելով լրատվամիջոցներում արտահոսած տեղեկություններից, նա այդպես էլ չի կարողացել հստակ բացատրել, թե ինչու է անհրաժեշտ նոր Սահմանադրություն, խուսափելով ձևակերպել հիմնական պատճառը։ Իսկ հիմնական պատճառը՝ գործող Հանրապետության մերժումն է, որը ստեղծվել է Անկախության հռչակագրի հիման վրա։ Այս հռչակագիրը ուրվագծում է Հայաստանի իրական «սահմանները»՝ Հայաստանի Հանրապետություն + ԼՂԻՄ և Շահումյանի շրջան, ինչպես նաև հիշատակում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետևանքները։

Փաշինյանը պնդում է, որ Հայաստանի սահմանները, իբր, միջազգայնորեն ճանաչված են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, սակայն այս հռչակագիրը ուկրաինական հակամարտության մեջ նույն այս օրերին օգտագործվում է միայն ձուկ փաթաթելուհամար։ Ինչո՞ւ Ալմա-Աթայի հռչակագիրը չի վերաբերում Ռուսաստանին, բայց պետք է կիրառվի Հայաստանի հանդեպ։

Փաշինյանը, իհարկե, ունի «բացատրություն». եթե Սահմանադրությունից չհրաժարվենք, պատերազմ կլինի։
Սակայն խնդիրն այն է, որ մյուս ուժերը, որոնց հետ Փաշինյանը մտադիր է մրցել, ևս չեն պաշտպանում գործող հռչակագիրն ու Սահմանադրությունը՝ դառնալով հայկական պետականության քանդման մասնակից։ Այս ամբողջ խառնաշփոթը անհրաժեշտ է ոչ թե նոր Սահմանադրություն ընդունելու, այլ գործող Սահմանադրությունն ու Հռչակագիրը չեղյալ համարելու համար։ Այդ Հռչակագրի մեջ շատ հմտորեն և անթերի կերպով ուրվագծում են հայ ժողովրդի իրավունքները։ 35 տարի շարունակ այս իրավունքները աշխարհում ոչ ոք չի վիճարկվել, և դրանք կարող են չեղյալ հայտարարվել միայն հայ ժողովրդի «կամավոր հրաժարմամբ»։

Միգրանտ երեխաների միայն 19%-ն է կարողացել ընդունվել ռուսական դպրոցներ

Ըստ «Ռոսոբռնադզոր»-ի ղեկավար Անզոր Մուզաևի նոյեմբերի 22-ին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցի՝ միգրանտ երեխաների միայն 19%-ն է կարողացել ընդունվել ռուսական դպրոցներ։

Մենք նախկինում հաղորդել ենք, որ արցախցի ընտանիքները նույնպես այս խնդրին բախվել են Ռուսաստանում։ Որոշ ընտանիքներ օգոստոսի վերջին ստիպված են եղել վերադառնալ Հայաստան։

Մուզաևը հիշեցրել է, որ միգրանտ երեխաների համար դպրոց ընդունվելու երկու պահանջ կա՝ փաստաթղթերի փաթեթ ներկայացնելը և ռուսերենի իմացությունը։ Ավելի քան 80%-ը չի կարողացել ընդունվել, քանի որ բավարար մակարդակով չեն տիրապետում լեզվին, իսկ նրանց ծնողները չեն կարողացել պատշաճ կերպով լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը։

Սեպտեմբերին գործակալությունը հայտնել է, որ օտարերկրյա քաղաքացիների 2964 երեխա հանձնել է դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ ռուսաց լեզվի քննությունը, ինչը կազմում է ներկայացված բոլոր դիմումների 12.6%-ը։ Քննությանը մասնակցել է 5940 երեխա։

Այս թվերը ցույց են տալիս, որ երեխաների 75%-ին ընդհանրապես թույլ չեն տվել մասնակցել քննությանը, քանի որ ծնողների փաստաթղթերում հայտնաբերվել են թերություններ։

Հոկտեմբերի 28-ին Պետդումայում ներկայացվել է օրինագիծ, որով առաջարկվում է ազատել միգրանտների ռուսախոս երեխաներին ռուսաց լեզվի քննությունից, հաղորդում է Kasparov.ru-ն։

Իրանում սկսվում է ազգային արժույթի դենոմինացիա

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը հրամանագիր է ստորագրել ազգային արժույթը դենոմինացիայի մասին։

Նախկինում հրապարակված նախաձեռնության տեքստի համաձայն՝ ռիալը կմնա որպես ազգային արժույթ։

«Թուման»-ը՝ ոչ պաշտոնական, բայց տարածված արժույթը որպես ազգային արժույթ սահմանելու առաջարկները չեն ստացել աջակցություն։

Այսպիսով, յուրաքանչյուր նոր ռիալ հավասար կլինի 10 հազար ներկայիս ռիալի։

Ռիալը կբաժանվի 100 կերանի։ Խորհրդարանի կողմից հաստատված արժույթին աստիճանական անցումը կտևի երեք տարի, որի ընթացքում թույլատրվելու են ինչպես հին, այնպես էլ նոր թղթադրամները։

Հրաշք աշուն

Երևանում նոյեմբերի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ:

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-23-ին ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով, մնացած շրջաններում Էապես չի փոխվի։

Փակեք ԵԱՀԿ-ն, ո՞ւմ է այն հիմա պետք

ԵԱՀԿ-ն հայտարարեց, որ Մինսկի խումբը պաշտոնապես կդադարեցնի իր գործունեությունը դեկտեմբերի 1-ին։ «Նախարարների խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունված որոշման համաձայն՝ քայլեր են ձեռնարկվում Մինսկի գործընթացը դադարեցնելու ուղղությամբ», – նշեցին կազմակերպության ներկայացուցիչները՝ հավելելով, որ գործընթացը կավարտվի դեկտեմբերի 1-ին։ Այդ օրվանից սկսած՝ Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների շրջանակներում բոլոր գործողությունները կդադարեցվեն, նշեցին ԵԱՀԿ-ում։

ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ստեղծվել է 1992 թվականին՝ Արցախյան պատերազմի ամենաթեժ շրջանում, երբ Շուշիի ազատագրումից հետո Բաքուն լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ՝ գրավելով տարածքի մի մասը։ Սա հսկայական աջակցություն էր պայքարող հայ ժողովրդի համար։

ԵԱՀԿ-ն, որը հետխորհրդային այլ հակամարտություններում՝ Մերձդնեստրում, Աբխազիայում և Հարավային Օսիայում, պահանջում էր բացառապես Մոլդովայի և Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնում, Արցախի նկատմամբ իր մոտեցման մեջ հիմնվում էր երեք սկզբունքի վրա՝ ինքնորոշման իրավունք, ուժի չկիրառում և տարածքային ամբողջականություն։ ԵԱՀԿ-ն, որը ստեղծվել էր ուժի չկիրառման, ժողովրդավարական արժեքների և ազատությունների վրա հիմնված համաշխարհային կարգը պաշտպանելու համար, չէր կարող ճնշել Արցախում հայ մեծամասնության ինքնորոշման բացարձակապես անխոցելի իրավունքը։

Մոտ 30 տարի ԵԱՀԿ-ն կատարել է իր մանդատը, սակայն 2020 թվականից ի վեր այն ձախողվել է իր առաքելության մեջ՝ չդատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային՝ հակամարտությունը բռնի ուժով լուծելու և ինքնորոշման ազատությունը ճնշելու համար, ինչպես նաև չկարողանալով հեռացնել Ռուսաստանին կազմակերպությունից՝ Արցախի դեմ ագրեսիային աջակցելու, ռազմական ուժի միակողմանի տեղակայման և Արցախի վերջնական օկուպացիայի ու տեղահանության նախապատրաստման համար։ Այս դատապարտման ձախողումը հանգեցրեց Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա 2022 թվականի փետրվարին։ 2025 թվականին Արցախի ողջ հայ բնակչությունը տեղահանվեց ցեղասպանության սպառնալիքի ներքո, մինչդեռ Ակնայում ռուս և թուրք գեներալները ուրախանում էին, որ տարածաշրջանում վերջապես խաղաղություն է հաստատվել։

ԵԱՀԿ Մինսկի խումբը, իր անդամ պետությունների վետոյի իրավունքը որպես քող օգտագործելով, դավաճանել է իր բոլոր սկզբունքները և ամբողջությամբ կորցրել է իր գոյության իմաստը։

Կասկած չկա, որ ԵԱՀԿ-ն մահվան շեմին է. Եվրոպան կստեղծի իր սեփական ինքնավար անվտանգության համակարգը, և նրա «թշնամիների» ցանկը կփոխվի անճանաչելիորեն։

Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ-ն կարող է հեշտությամբ հայտարարել իր լուծարման մասին, քանի որ այլևս ի վիճակի չէ կատարել իր միակ գործառույթը՝ կանխել պատերազմները: Ուկրաինայում պատերազմը, եթե այն ավարտվի, կլինի ԵԱՀԿ-ի դագաղի վերջին մեխը, որը որևէ դեր չի խաղում բանակցություններում: Ո՞ւմ է դա պետք:

ԱՄՆ 27 սենատորներ դիմել են Թրամփին՝ պահանջելով ազատություն հայ գերիների համար

ԱՄՆ քսանյոթ սենատորներ՝ սենատորներ Էդ Մարկիի (դեմոկրատ, Մասաչուսեթս) և Շելդոն Ուայթհաուսի (դեմոկրատ, Ռոդ Այլենդ) գլխավորությամբ, և Սենատի դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերի (դեմոկրատ, Նյու Յորք) աջակցությամբ, նամակ են հղել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով Թրամփի վարչակազմին պահանջել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։

Ամերիկայի Հայ Դատի Կոմիտեի տվյալներով՝ Թրամփի վարչակազմին ուղղված նամակում սենատորները կոչ են արել թույլ տալ միջազգային դիտորդներին մասնակցել Բաքվում տեղի ունեցող կեղծ դատավարություններին և կիրառել Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցներ Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար։

Սենատորների նամակում մանրամասն նկարագրվում է 2020 թվականի Արցախյան պատերազմի, 2023 թվականի Արցախի շրջափակման և ցեղասպանական էթնիկ զտումների ժամանակ գերի վերցված առնվազն 23 հայ ռազմագերիների Ադրբեջանի կողմից շարունակական կալանավորումը: Ձերբակալվածների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ, արտաքին գործերի նախարարներ և խորհրդարանի ղեկավարներ, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը և Դավիթ Իշխանյանը։

Նամակում ընդգծվում է, որ «երկու տարի է անցել այն բանից, երբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ իրականացված շրջափակումը և ռազմական ագրեսիան բերել են 120,000 հայ քրիստոնյաների բռնի տեղահանման տարածաշրջանից, ինչը հանգեցրեց այն բանին, ինչը միջազգային իրավական փորձագետները անվանում են էթնիկ զտում»:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի նախագծում բացակայում են հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ որևէ դրույթ: Մագնիտսկու պատժամիջոցները շարունակում են մնալ ռազմագերիների ազատ արձակումն ապահովելու և Հայաստանի դեմ հետագա ագրեսիան կանխելու կարևոր գործիք», – նշվում է նամակում:

Որտեղի՞ց է Հայաստանը էներգիա ստանալու ամերիկյան սուպերհամակարգչի համար

Արհեստական ​​բանականության տեխնոլոգիաներ մշակող ամերիկյան Firebird Inc. ստարտափը ԱՄՆ կառավարությունից Nvidia Corp. չիպեր Հայաստան արտահանելու թույլտվություն է ստացել, հայտնել է Bloomberg գործակալությունը։

Հունիսին Nvidia-ի հայտարարած այդ նախագիծը հնարավորոթյուն կտա ստեղծելու տարածաշրջանում արհեստական ​​բանականության վրա հիմնված տվյալների մշակման առաջին խոշորամասշտաբ տվյալների կենտրոնը։ 100 մեգավատտ հզորությամբ օբյեկտը, որի նախնական ներդրումը կազմում է 500 միլիոն ԱՄՆ դոլար, կօգտագործի Dell Technologies Inc-ի՝ արհեստական ​​բանականության վրա հիմնված սերվերներ և Nvidia-ի Blackwell պրոցեսորներ։

Firebird կայանի հզորության մոտ 20%-ը կպահվի հայկական ընկերությունների համար, մինչդեռ մնացած 80%-ը կվաճառվի տարածաշրջանում բիզնեսով զբաղվող ամերիկյան ընկերություններին։ Առաջին փուլը կֆինանսավորվի Firebird-ի ներգրաված պարտքերի և կապիտալի միջոցով, որը ֆինանսավորում է Moderna Inc.-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը։

Ընկերությունը փնտրում է մաքուր էներգիայի, մասնավորապես՝ միջուկային, հիդրո և արևային էներգիայի աղբյուրներ ունեցող վայրեր։ Հայաստանում միջուկային էներգիան հեշտությամբ հասանելի է։ 100 մեգավատտ հզորությամբ կայանի համար անհրաժեշտ կլինի նույն քանակությամբ էլեկտրաէներգիա, որքան անհրաժեշտ է մոտավորապես 75 հազար տուն էլեկտրաէներգիայով ապահովելու համար, գրում է Բլումբերգը։

Որտեղի՞ց է Հայաստանը ստանալու գերհամակարգչի համար անհրաժեշտ էներգիան: Արդյո՞ք գործարքը նշանակում է, որ Հայկական ատոմակայանը (ՀԱԷԿ) անցնում է ԱՄՆ վերահսկողության տակ, թե՞ կկառուցվեն նոր մոդուլային ատոմակայաններ:

Ատոմային էներգիան ռազմավարական նշանակություն ունի: Ամբողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Թուրքիայում, միայն Հայաստանին է «վստահված» ատոմակայան (Ռուսաստանը միայն հիմա է ավարտում ԱԷԿ-ի շինարարությունը Թուրքիայում, իսկ Իրանում գտնվող ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել մի քանի տարի առաջ): ԱՄՆ-ի խաղադրույքը Հայաստանի՝ որպես տարածաշրջանում միջուկային էներգիայի աղբյուրի վրա կարող է լինել որոշիչ գործոն:

Հերոսական գյուղ Խնապատում խորհրդավոր լռություն է

Խորհրդավոր լռություն է այսօր տիրում Խնապատ գյուղում։ Թռչունների ծլվլոցն այլևս աղիողորմ լաց է հիշեցնում։ Բազմադարյա ծառերը դադարել են շշնջալ իրար ականջի նրանք սարսռում են գյուղի քար լռությունից։ Չեն լսվում դպրոց գնացող երեխաների ուրախ ձայները, որ շտապում էին չուշանալ դասերից։ Չեն լսվում գյուղամիջում նստած տարեցների զրույցներն ու հոգոցները երբեմն վիճաբանում էին, կարոտով հիշում անցյալը ու ոչինչ չէին հասկանում ներկայից։ Իսկ ապագան մշուշոտ էր նրանց համար․․․ Իսկ ո՞ւր են ջահել հարսները, որ թռվռալով  երեխաներին մանկապարտեզ ու դպրոց էին տանում, որ շուտ տուն դառնան, հասցնեն ընտանիքի հոգսերը հոգան ու երեկոյան սրտատրոփ սպասեն իրենց տղամարդկանց խնապատի տղամարդիկ՝ հպարտ և ուժեղ, աշխատավոր ու համարձակ։ Դատարկված է Խնապատը։

Գյուղի ամենանշանավոր սրբատեղին՝ Մեծ նանը, մնացել է մենմենակ։ Նա դիմանում է ցավին, հեռու հեռվից պահպանում իր ուխտավորներին։ Հազարամյա սրբավայրում քանի՜քանի՜ մոմեր են վառվել, իսկ ինչպե՜ս էր ժողովուրդը հավատում նրա զորությանը, լեգենդներ հյուսում։

Կուսական բնությամբ շրջապատված Մեծ նանը մի քարանձավ էր հիշեցնում, որի առաստաղից ու կողքերից ջուր էր կաթկթում: Սրբավայրին կից փոքրիկ աղբյուրի ջուրը ստորգետնյա էր ու այնքան սառնորակ, որ միանգամից հագեցնում էր մարդու ծարավը հավանաբար ցամաքել է կարոտի ցավից։ 

Խորհրդավոր լռություն է նաև գյուղի գերեզմանատանը։ Բազմադարյա շիրմաքարերը լուռ վկաներն են մեր պատմության, հաղթանակների ու ողբերգության։

Խնապատ (նախկինում Խանաբադ) գյուղն Արցախի Հանրապետության արևելյան հատվածում է գտնվում․ Ասկերան շրջկենտրոնից ՝ 3 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 19 կմ հեռավորության վրա։

Խնապատի տարածքում և շրջակայքում կան բազմաթիվ հուշարձաններ` միջնադարյան գյուղատեղիներ, եկեղեցիներ, գերեզմանատներ, խաչքարեր և այլն։ Խաչեն և Կարկառ գետերի միջնամասում գտնվող այս բնակավայրը հայտնի է նաև հնագիտական մեծարժեք հուշարձաններով, որոնք հիմք են տալիս գյուղի պատմությունը վերագրելու շատ ավելի վաղ ժամանակների։ 1990 թվականին գյուղի արևելյան եզրամասում հայտնաբերվել են հազվադեպ գտածոներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 11-9-րդ դարերին։ Գյուղի տարածքում զգալի են միջնադարյան պատմական կոթողները։ Գյուղի ամենահին թվակիր հուշարձանը Ցեց քար Խաչքարն է (13-րդ դար)։

Կան պատմամշակութային հուշարձաններ` գյուղատեղի Ջրավեր (12-17-րդ դարեր), գերեզմանոց Նահատակ քարանձավ-սրբատեղի (17-րդ դարեր), Մեծ նան (միջնադար), Սբ․ Ատվածածին եկեղեցի (19-րդ դար), մատուռ (1224 թվական), գյուղատեղի Երեշեն (18-20-րդ դարեր), գյուղատեղի Վ. Ղլիջբաղ, Խնապատ գյուղից 3 կմ արևմուտք (12-20-րդ դարեր), գերեզմանոց (19-20-րդ դարեր), հաշվառկված է 42 հուշարձան։ Գյուղի տարածքը հարուստ է աղբյուրներով։ Հիշատակության են արժանի Կիղատեղ, Ճիրվաճուր,Ղազար և Շուղուն /Թևուն աղբյուրները, Սիյամանց աղբյուրը։

Հայրենական Մեծ և Արցախյան բոլոր պատերազմներում խնապատցին իր ակտիվ մասնակցությունն է ունեցել։ Հայրենականում Մեծ պատերազմում նահատակված խնապատցի հերոսների պատվին 1968 թվականին հուշակոթող է կառուցվել գյուղի հարավարևելյան բարձունքին, ինչպես նաև գյուղում կանգնեցվել էր Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսնադրին։ Խորհրդային տարիներին գյուղի կոլտնտեսությունը կրում էր նրա անունը։

Արցախյան առաջին պատերազմում զոհվել է 40, 2020 թվականի 44-օրյա պատերազմում՝ 4, իսկ վերջին ռազմական գործողություններում՝ 1 խնապատցի։ 2023 թվականի սեպտեմբերի 25-ի չարաբաստիկ պայթյունն ավելի է խոցել խնապատցիներին․ նորից զոհեր, վիրավորներ։

Խնապատը տվել է բազմաթիվ նշանավոր ու անվանի մարդիկ, որոնց անունները հայտնի են աշխարհի տարբեր երկրներում։

 

Եվ ահա այսօր, հերոսական հաղթանակներ կրելուց տարիներ հետո, բռնատեղահանվել է Խնապատը՝ հզոր արծիվների հերոսածին գյուղը ընկել է առանց մի կրակոցի։

Բնակչությունը ցրվել է աշխարհով մեկ։ Խնապատի համայնքի ղեկավար Սամվել Շահրամանյանը, որի մինուճար որդին ևս դարձել է սեպտեմբերի 25-ի պայթյունի զոհ, բնակություն է հաստատել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Նա շարունակում է ապրել իր համագյուղացիների կյանքով՝ հանդիսանալով կապող օղակ նրանց միջև։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ