Ուկրաինայի շուրջ դրամատիկ իրադարձությունները անասելի արագ են զարգանում

Դոնալդ Թրամփի առաջարկած ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման ծրագիրը գործնականում ընդունվել է և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի կողմից որպես բանակցությունների հիմք։ Իրավիճակն այնքան դինամիկ է զարգանում, որ փաստաթուղթը, հավանաբար, կարող է ստորագրվել մինչև մյուս շաբաթվա վերջ։

Կոռուպցիոն սկանդալի և Թրամփի՝ Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու վերջնագրի ֆոնին, Վլադիմիր Զելենսկին համաձայնվել է զիջումների, որոնք նախկինում կտրականապես մերժել էր։ Մյուս կողմից, Թրամփը Պուտինին սպառնացել է խիստ պատժամիջոցներով, և Ռուսաստանը նույնպես պատրաստակամություն է հայտնել քննարկելու ծրագիրը։ Չնայած եվրոպացի քաղաքական գործիչները Թրամփի ծրագիրը անվանում են «Պուտինի ծրագիր», նրանք նույնպես աջակցել են դրան՝ նշելով միայն մի քանի մանրամասներ։

Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 21-ի երեկոյան արտակարգ ուղերձ է հղել։ Նա խոստովանել է, որ երկիրն այժմ ապրում է իր պատմության ամենադժվար շրջաններից մեկը և կարող է ընտրության առաջ կանգնել պատվի կամ հիմնական գործընկերոջը կորցնելու ռիսկի միջև, ակնհայտորեն նկատի ունենալով Միացյալ Նահանգները։ «Ուկրաինայի վրա ճնշումն այժմ ամենաուժեղներից մեկն է», – հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։ Նախագահը ընդգծեց, որ երկիրը լուրջ դիլեմայի առաջ է կանգնած՝ ստորագրել Ամերիկայի առաջարկած 28 կետերը, թե՞ բախվել օգնության չեղարկման և երկրի համար շատ դժվար ձմռան սպառնալիքին։

«Մենք հույսը դնում ենք մեր եվրոպացի ընկերների վրա, ովքեր հստակ հասկանում են (…), որ Ուկրաինան ներկայումս միակ վահանն է, որը հարմարավետ եվրոպական կյանքը պահպանում է Պուտինի ծրագրերից», – ասաց նա։ Նախագահը կոչ արեց քաղաքական ուժերին և հասարակությանը ցուցաբերել ինքնատիրապետում և միասնություն՝ վերջ դնել ներքին հակամարտություններին, հրաժարվել խաղերից և արդյունավետ աշխատել երկիրը պաշտպանելու համար։

Նա հույս հայտնեց արժանապատիվ խաղաղության և զգուշացրեց դրան հասնելու համար լարված պայքարի մասին։ Նա խոստացավ, որ պետությունը կանի ամեն ինչ՝ Ուկրաինայի և եվրոպական մայրցամաքի համար աղետալի սցենարից խուսափելու համար։

Ռուսաստանը իր նպատակներին Ուկրաինայում հասնում է զինված ուժի միջոցով, բայց նաև պատրաստ է խաղաղության բանակցությունների, հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ։

Այս համաձայնության տեքստը մանրամասն չի քննարկվում Ռուսաստանի հետ, ասաց Պուտինը։ «Ես կարծում եմ, որ այն կարող է հիմք հանդիսանալ վերջնական խաղաղ կարգավորման համար», – հավելեց Պուտինը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինային ժամանակ է տվել մինչև հաջորդ հինգշաբթի՝ նոյեմբերի 27-ը, որպեսզի համաձայնվի ամերիկյան կողմի առաջարկած «խաղաղության ծրագրին»։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ։ Զրույցի ընթացքում նրանք «համաձայնվել են շարունակել հետապնդել Եվրոպայի և Ուկրաինայի կենսական շահերի երկարաժամկետ պաշտպանության նպատակը»։

Բեռլինը, Փարիզը, Լոնդոնը և Կիևը ընդունում են, որ «փոխըմբռնման հասնելու մեկնարկային կետը շփման գիծն է», և որ «ուկրաինական զինված ուժերը պետք է շարունակեն արդյունավետորեն պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունը»։ Բայց նրանք ևս կարծում են, որ Թրամփի ծրագիրը կարող է օգտագործվել որպես բանակցությունների հիմք։

Բաքուն ողջունում է իսրայելական «սարսափելի» զենքն, որը փորձարկվել է Արցախում

Իսրայելը ներկայացրեց ճշգրիտ կառավարվող զենքի նոր շարք՝ L-SPIKE հրթիռը։

«Չնայած այս իրադարձությունը անմիջականորեն վերաբերվում է Իսրայելի ռազմաարդյունաբերական համալիրին, դրա ազդեցությունը զգացվում է շատ ավելի լայնորեն, քանի որ այն տեղավորվում է Մերձավոր Արևելքի և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի ուժերի փոփոխվող ճարտարապետության մեջ։ Սա ներառում է նաև Ադրբեջանը՝ մի երկիր, որը վերջին 15 տարիների ընթացքում համակարգված կերպով ապավինել է SPIKE ընտանիքի տեխնոլոգիաներին և դարձել է այդ զենքի արտաքին փորձարկման հիմնական և արդյունավետ հրապարակներից մեկը, որտեղ այս համակարգերը ապացուցել են իրենց բարձր արդյունավետությունը», – հաղորդում են Բաքվի լրատվամիջոցները։

«Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանը դարձավ տարածաշրջանի այն քիչ երկրներից մեկը, որտեղ SPIKE համակարգերը ապացուցել են ցամաքային գործողությունների բնույթը փոխակերպելու իրենց կարողությունը։ Հայկական ամրացված տարածքների և զրահատեխնիկայի դեմ գործելով՝ Bayraktar և Harop հարձակողական անօդաչու թռչող սարքերը կատարել են զանգվածային ոչնչացման առաքելություններ, մինչդեռ SPIKE հրթիռային համակարգերը՝ վիրաբուժական ճշգրիտ առաքելություններ։ Ադրբեջանի համար, որը հայ-ադրբեջանական սահմանի նոր հատվածում կառուցում է շերտավոր պաշտպանություն և միաժամանակ արդիականացնում է իր ռազմաօդային ուժերը, նման համակարգերը դառնում են «հեռավորությունից հարված հասցնելու ռազմավարության» մի մասը», ասում են Բաքվի փորձագետները։

Մինսկի խումբն իր գործունեությունը պաշտոնապես կավարտի դեկտեմբերի 1-ին. ԵԱՀԿ

Մինսկի խումբն իր գործունեությունը պաշտոնապես կավարտի դեկտեմբերի 1-ին, ադրբեջանական АPA գործակալության հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են ԵԱՀԿ-ից։

«2025 թվականի սեպտեմբերի 1-ին Նախարարների խորհրդի կողմից կայացված որոշման համաձայն՝ քայլեր են ձեռնարկվում Մինսկի գործընթացի դադարեցման ուղղությամբ»,- նշել են կազմակերպության ներկայացուցիչները՝ հավելելով, որ այդ գործընթացը կավարտվի դեկտեմբերի 1-ին։

Այդ օրվանից սկսած Մինկսի գործընթացի շրջանակներում և այդ պրոցեսի հետ կապ ունեցող կառույցներում իրականացվող բոլոր գործողությունները կդադարեցվեն, նշել են ԵԱՀԿ-ից:

Արցախցիները դժգոհ են կառավարության նոր ծրագրից․ մենք 10 տարի չենք ձգելու

Արցախից բռնի տեղահանված անձինք այս օրերին իրենց դժգոհությունն են հայտնում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից հանրային քննարկման դրված նախագծով նախատեսված կարգավորումների մասին, որոնք վերաբերում են արցախցի փոքր կազմով ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը։

Ավելի վաղ տեղակացրել էինք, որ հանրային քննարկման դրված կառավարության որոշման նախագծով նախատեսվում է կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցություն տրամադրել Արցախից բռնի տեղահանված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում հաշվառված, ծրագրի շրջանակում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր չստացած կամ այն չեղարկած 1-3 անդամ ունեցող այն ընտանիքներին, որոնք բաղկացած են միայն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 60 եւ ավելի տարեկան անդամներից, կամ որոնց անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ որոնց անդամների հանրագումարը 175 եւ ավելի է՝ 3 անդամի դեպքում:

Նախատեսվում է սոցիալական աջակցությունը տրամադրել 120 ամիսների ընթացքում՝ աջակցության ամսական չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար սահմանելով 40 000 դրամ:

Սոցիալական ցանցում արցախցիներն իրենց դժգոհությունն են հայտնել այս նախագծի վերաբերյալ։ Մասնավորապես, նրանք դժգոհում են, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է արցախցիների վերաբերյալ որոշումներ կայացնել՝ իրենց հետ քննարկումներ չանցկացնելով ու իրենց առաջարկությունները հաշվի չառնելով։ Նրանք կոչ են անում արցախցիներին հրավիրել կառավարություն քննարկման։

Step1.am-ն առանձնացրել է արցախցիների դժգոհությունների մի մասը։

«Տարիներով Արցախում տունուտեղ դրած, անգամ սեփական մի քանի գույքի տեր արցախցիներն իրենց մեղքով չեն հայրենազուրկ դարձել եւ ոչ էլ արժանի են նման նվաստացուցիչ վերաբերմունքի»։

«Տասը տարի հետո ասելու են՝ ձեր հասնելիք գումարը տվել եմ, ոչ մեկը չպիտի էդ խայտառակ ծրագրին համաձայնվե, վերջան մնալու են առանց տուն»։

«Անմիտ նախագիծ է` ոչինչ չտվող, մեր ժողովրդի նյարդերի հետ խաղացող։ Դրա փոխարեն պետք է շենքեր կառուցեն ու բաժանեն արցախցի ընտանիքներին»։

«Բայց կառավարությունը տեղյա՞կ է,որ 3 հոգանոց ընտանիքը 3 հատ տան վկայական ունի հետը բերած, չհաշված մնացած կորուստները, թող բնակարանով ապահովեն»։

«Միայնակ ապրողների համար շատ դժվար է։ Տան վարձերը շատ բարձր են։ Պետք է պետությունը տներով ապահովի, 40 հազարով միայնակ ապրող հաշմանդամ թոշակառուն երբեք չի կարող տան վարձ մուծել»։

«Կառավարությունը պետք է բոլոր այն արցախցիներին, ովքեր չունեն սեփականություն Հայաստանում, ապահովի բնակարաններով,  քանզի այլեւս անհնար է վարձակալությամբ մնալը։ Փոքրաթիվ ընտանիքներն առանձնապես վատ վիճակում են»։

«Չորս հոգանոց ընտանիքը ենք, ի՞նչ կապ ունի՝ ընտանիքը 1, 3 հոգանոց է, թե՞ 4 եւ ավել է, մարդկանց ինչի՞ են փողի գերի դարձնում, թող վերանայեն ծրագիրը, ապահովեն բնակարաններով, ուր՞ կորան արտասահմանից արցախցիների համար ուղարկված փողերը, ամոթ է»։

«Շատ սխալ ծրագիր է տարեցներիս համար,այսինքն՝ ես 65 տարդկան եմ, ամուսինս՝ 70 տարեկան, ապրում ենք հանրակացարանու, եւ այդ տան վարձը 100 000 դրամ է՝ առանց կոմունալի, ամիսը մեր վրա նստում է 135 հազար։ Մենք 10 տարի չենք ձգի»։

Արցախցիները դժգոհում են նաեւ տների գների թանկացումից, ասում են, որ բնակապահովման սերտիֆիկատներով չեն կարողանում նորմալ տներ գտնել, քանի որ զուգահեռ թանկացել են անշարժ գույքի գները։

«Մեր արցախցիները չեն կարող բնակարան գնել, որովհետեւ թանկացրել են, իսկ այն արցախցիները, ովքեր որ տուն են ձեռք բերել, վարկի տակ են ընկել կամ եթե վարկ չեն տրամադրել ոսկու վարկի տակ են ճռռում»։

«Ավելի լավ կլինի՝ պետությունը վերահսկի բնակարանների աճը։ Հավաբները վաճառում են միլիոններով։ Մեկ շաբաթ մի գին է, մյուս շաբաթ՝ ուրիշ»։

«Վեշմինին պետք չի իրանց տված ոչ 40, ոչ 50, ոչ 30 ոչ էլ ողորմելի հրատապը։ Հենա գիդումն հուր հինչա հսնում, 4 պատ տան թեկուզ անմխիթար վիճակում, մունք կսարքինք կամաց-կամաց։ Գիդանք, վեր մերնա։ Էս հինչա, ամեն օր մի նոր պենն մտածում մեզ նվաստացնին։ Հինչքան շտցնին սերտիֆիկատին գոմարնեն, էնքան տները թինգյումա, հի՞նչ օգուտ։ Էս ենթարկեցնող օրենքներն էլ հանին, մունք զալոժնիկ չնք, 10 տ չպիտի տյուս կյա՞նք։ Խե՞ են ամեն ձեւ նվաստացնում մեզ»։

«Արցախցիներին իրարից բաժանում են, Հայաստան հնարավո՞ր չէ մի քիչ հող տրամադրել, բոլորին իրար մոտ հավաքել, ոչ թե ցաք ու ցրիվ անել»։

Ռոզա Հովհաննիսյան

Civilnet. Նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 15,647 արցախցի

Հայկ Ղազարյան, CivilNet

Ըստ ԱԱԾ-ի՝ 2025-ի նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 45,194 բռնի տեղահանված արցախցի, որոնցից վերադարձել է 29,547-ը: Այսինքն՝ 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո 15,647 արցախցի հեռացել և (դեռ) չի վերադարձել Հայաստան: ԱԱԾ-ից պարզաբանեցին, որ այդ տվյալների մեջ ներառված են նույնականացված անձինք։

Ռուսաստան ուղղակիորեն մեկնել է 17,936 մարդ, վերադարձել՝ 15,908-ը: Տարբերությունը կազմում է 2,028 անձ:

Վրաստանից չվերադարձած 4,900 անձը, ամենայն հավանականությամբ, հիմնականում տարանցիկ ճանապարհով մենկել է Ռուսաստան: Այս տրամաբանությամբ՝ Ռուսաստան է մեկնել և չի վերադարձել 6,928 անձ (4,900 + 2,028)։

Հարկ է նշել, որ տարբեր երկրներ մեկնած տվյալները ներառում են նաև այն անձանց, որոնք Հայաստանի սահմանը հատել են մի քանի անգամ, այսինքն՝ նույնականացված չեն։

Դավթաշեն կամրջի հատվածում սպասվում են երթևեկության սահմանափակումներ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ, վերջին դեֆորմացիոն կարի նորոգման աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները:

Ինչը Փաշինյանը «վստահեց» արցախցիներին

Հայաստանում ընտրարշավը գործնականում սկսվել է, չնայած արտահերթ ընտրությունները դեռևս հավանական են։ Եվ այս նախապատրաստության համատեքստում, Արցախի հարցը և արցախցիների խնդիրները մնում են արդիական՝ չնայած կառավարության կողմից դրանք մոռացության մատնելու փորձերին։

Քաղաքական առումով, Հայաստանի իշխանությունները, ընդդիմության միաձայն աջակցությամբ, փորձում են փակել Արցախի հարցը, չնայած դա ձախողման դատապարտված նախագիծ է։ Արցախի հարցը չի կարող փակվել՝ ո՛չ Փաշինյանի, ո՛չ Ալիևի համար, քանի դեռ չկան միջազգային օրինական լուծումներ։ Պատահական չէ, որ ցանկացած քննարկում, հատկապես Հայաստանի խորհրդարանում, ի վերջո, հանգում է Արցախի հարցին։

«Արցախցիները Ռուսաստանի կողմից է, նրանք ուզում են իշխանափոխություն իրականացնել Հայաստանում ընդդիմության հետ միասին, արցախցիները չեն պայքարել, նրանք չեն ուզում մնալ Հայաստանի կազմում» նման դատարկ խոսույթները վաղուց են ապացուցել իրենց անիմաստությունը։ Դրանք փոխարինվել են ավելի բացահայտ խոսույթներով՝ «մենք հանձնեցինք Արցախը՝ Հայաստանը փրկելու համար», «վերադարձ չի լինի» և այլն։

Վերջերս նոր խոսույթ է ի հայտ եկել. «Արցախցիներն այժմ կազմում են հայկական բանակի հրամանատարական կազմի մեծամասնությունը»։ Սա հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ենթադրաբար փորձելով ապացուցել, որ իր կառավարությունը «վստահում է» արցախցիներին։ Փաստորեն, այս հայտարարությունը հիմք է դրել հաջորդ խոսույթին. Հայաստանին ապագա զիջումների համար մեղավոր կլինեն արցախցի հրամանատարները։

Հակառակ դեպքում, Փաշինյանը, որը արցախցիներին «վստահել» է ամենաթանկը՝ բանակի հրամանատարությունը, վերջին երկու տարիների ընթացքում առնվազն մեկ անգամ հրապարակայնորեն կհանդիպեր իր արցախցի նախկին գործընկերների հետ, որոնց հետ նա կերել ու խմել է Շուշիում, հասարակական ​​հատվածի հետ՝ բացատրելու, թե ինչպես կարող էր այս ամենը տեղի ունենալ, հակամարտությունից տուժած ընտանիքների հետ, որ ուրվագի Արցախի և արցախցիների խնդիրները լուծելու ռազմավարությունը։

Կասկած չկա, որ Փաշինյանը դա չի անի նաև ընտրություններից առաջ։ Առավել ևս, որ արցախցի ընտրողների որոշակի մասը, հավանաբար, չի մասնակցի ընտրություններին, քանի որ չի հասցնի նոր հայկական անձնագիր ստանալու և չի ունենա քվեարկելու իրավունք։ Մասնագետները նշում են, որ մեկ կապույտ անձնագիրը մյուսով փոխարինելու երկար գործընթացը հենց արցախցիների առաջիկա ընտրություններին մասնակցությունը կանխելու մտադրությունն են։

Դատելով սոցիալական ցանցերի ակտիվությունից՝ անձնագիր ունեցող արցախցիների մեծամասնությունը կքվեարկի Հայաստանի ներկայիս կառավարության դեմ, որին նրանք մեղադրում են ոչ միայն Արցախի կորստին հանգեցրած գործողությունների, այլև արցախցի փախստականներին սոցիալական և իրավական անդունդ մղելու մեջ։

Սակայն սա չի նշանակում, որ արցախցիները կհամախմբվեն բացառապես ղարաբաղցի նախկին նախագահների, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանների շուրջ (Սերժ Սարգսյանն դեռևս չի հայտարարել ընտրություններին մասնակցելու մտադրության մասին): Փոխարենը, նրանք կարող են միավորվել նոր կուսակցությունների, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի շուրջ: Մյուս կողմից, արցախցիների խմբերը հետաքրքրված են նոր կուսակցություններով (Շնորապետկան, Նժար, «Հայաստանի թևեր» և այլն), որոնք իրենց դիրքավորում են որպես մերիտոկրատական ​​և անմիջական կապեր չունեն գործող կառավարության կամ ընդդիմության հետ։

Շատ արցախցիներ արդեն նկատել են, որ Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ չի խոսում «Արցախը վերադարձնելու» իր մտադրության մասին, ոչ ոք չի ժխտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության վավերականությունը, և ոչ մի կուսակցություն դեմ չի արտահայտվում Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրությունը փոփոխելու և Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը հղումը հանելու ծրագրին։

Ինչ են ուզում գտնել ռուսներն ու ադրբեջանցիները Ազոխի քարանձավում

Ռուսաստանցի հնագետները, իրենց ադրբեջանցի գործընկերների հետ միասին, պեղումներ են անում օկուպացված Արցախում գտնվող Ազոխի քարանձավում, որը համարվում էր ԽՍՀՄ-ի ամենահին քարանձավը։

Ի”նչ են ուզում գտնել ռուսներն ու ադրբեջանցիները Ազոխի քարանձավում։ Իրենց արմատնե՞րը, որը մինչ օրս չեն կարողանում պարզել։

Ռուսաներն առայսօր չեն որոշել, թե իրենք ովքեր են՝ թաթարների և վիկինգների խառնույթ, Եվրոպայից շեղված սլավոններ, Երկրորդ Հռոմի ժառանգներ, եվրասիական “աղցան”, որը խառնվել է վերջին 1000 տարվա ընթացքում։ 

Ադրբեջանցիների խնդիրն ավելի բարդ է․ նրանք չեն հրաժարվում “յուրտից” որպես ազգային քոչվոր նույնականացման սիմվոլ, բայց փորձում են ստեղծել “էթնիկ թուրք-հավատքով շիա” մի անհասկանալի կերպար, որպեսզի ապացուցեն իրենց “իրավունքը” հայերին և ուրիշ նստակյաց ազգերին պատկանող հողերի նկատմամբ։ 

«Գիտնականները կիրականացնեն քարանձավի նոր թվագրում, որը կտրամադրի ավելի քան 2 միլիոն տարի առաջ Աֆրիկան ​​լքած մարդկանց տարածման վերաբերյալ ավելի ամբողջական տվյալներ», -ТАСС մամուլի կենտրոնին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի քարե դարի հնագիտության բաժնի վարիչ և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Շունկովը։

Ազոխի քարանձավը վեց քարանձավներից բաղկացած համալիր է Արցախում, որը հայտնի է որպես նախապատմական մարդկանց բնակավայր։ Այն համարվում է Կովկասի ամենահին մարդկային բնակավայրերից մեկը։

1968 թ. պեղումներով հայտնաբերվել է նախամարդու ծնոտոսկր, որը 300.000 տարեկան էր և աշխարհի այս մասի նեանդերթալյան մարդու ամենահին մնացորդն է։ Մինչ այդ այդպիսի գտածոներ եղել են 4 երկրամասում՝ Սիդի-Աբդ Էրագման (Մարոկո), Շտայնհայմ (Գերմանիա), Սպանոկոմբե (Անգլիա) և Սադիադելլե Դիոբոլոն (Իտալիա)։ Ազոխում հայտնաբերված գտածոն զբաղեցնում է 5-րդ տեղը, հայտնաբերվել են նաև բազմաթիվ գործիքներ։ Նախապատրաստական պեղումները վերսկսվել են 1990-ական թթ.: 2002 թվականից Թանիա Քինգի ղեկավարությամբ հնագետների միջազգային արշավախումբը ծավալուն պեղումներ կատարեց Ազոխի քարանձավում։ Գտնվեցին չխաթարված մուտքեր, ինչպես նաև նախնադարյան շրջանի բազմաթիվ գտածոներ, որոնց թվում կան գործիքներ և կենդանիների բրածոներ, որ կրում են այդ գործիքների հետքերը։ Գտածոների ուսումնասիրությամբ հնէաբանների խումբը ենթադրում է, թե մարդիկ Հայաստանի տարածքում ապրել են շուրջ երկու միլիոն տարի առաջ:

Աստանայում բացվեց Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի կենտրոնական հատվածում հանդիսավորությամբ բացվեց փողոցներից մեկը, որն անվանակոչվել է հայ գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի անունով։

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ի թղթակիցը Ղազախստանից,  հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը,  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան և այլ պաշտոնատար անձինք։ Բացման խոսքում Աիդա Բալաևան նշեց, որ Աստանայում Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցի բացումը կարևոր իրադարձություն է։

«Այսօր կարևոր խորհրդանշական միջոցառում է՝ ի նշան երկու երկրների բարեկամության։ Մեսրոպ Մաշտոցի գործունեությունը վկայում է, որ մշակույթը սկսվում է լեզվից, իսկ հասարակության զարգացումը` կրթությունից։

Ղազախստանն ու Հայաստանը ամուր բարեկամական կապեր ունեն։ Այս տարի մենք նշում ենք երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 33-ամյակը։ Տարիներ, որոնց ընթացքում նշանակալի ձեռքբերումներ կան քաղաքական, տնտեսական, մշակութային ու այլ ոլորտներում։

Այսօր ստորագրվելու է հուշագիր՝ ուղղված թանգարանային, գրադարանային, կինեմատոգրաֆիայի ոլորտներում համագործակցության զարգացմանը»,- ասաց Բալաևան։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով` այսօր երկու  ժողովուրդների փոխադարձ հարգանքի,  բարեկամության մշակութային համագործակցության պատմության մեջ կարևոր էջ է բացվում։

«Մեսրոպ Մաշտոցը ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր մշակութային ինքնության հիմնասյուներից է, այլև մարդկային քաղաքակրթության կարևորագույն նվիրյալներից։ Նրա թողած ժառանգությունը դարերի խորքից մեզ է փոխանցել կրթության, մշակույթի, պատմական հիշողության անտեսանելի կամուրջը։ Հայաստանն ու Ղազախստանը իրենց պատմություններով, իրենց մտածողների ժառանգությամբ և ապագայի հանդեպ իրենց ձգտումներով մշտապես ունեցել են փոխլրացնող համագործակցություն։

Վստահ եմ, որ Մաշտոցի փողոցի բացումը նոր սկիզբ է երկու երկրների մշակույթի ու կրթության ոլորտներում»,-ասաց Ժաննա Անդրեասյանը։

Դեռ նախորդ տարի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝   Հայաստան այցի ընթացքում նշվել էր, որ քննարկվում է փոխադարձության սկզբունքով Աստանայում հայ գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի, իսկ Երևանում ղազախ բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անվան փողոցների կամ պուրակների անվանակոչություն։

Ընթացիկ տարվա ապրիլին Երևանի ավագանու որոշմամբ Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անունով:

Զելենսկին պատրաստ է ընդունել Թրամփի ծրագիրը, Մոսկվան հայտարարեց Կուպյանսկի գրավման մասին

Նոյեմբերի 20-ի ուշ երեկոյան Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին կարևոր ուղերձով դիմեց ուկրաինացի ժողովրդին։ Նա ներկայացրեց Միացյալ Նահանգների պատվիրակության հետ բանակցությունների արդյունքները, որոնց ժամանակ Կիևին փոխանցեցին պատերազմը դադարեցնելու ամերիկյան տեսլականը։

Նախագահը հայտնեց, որ հանդիպման ժամանակ իր ամերիկացի գործընկերներին ուղղակիորեն ներկայացրել է Ուկրաինայի համար հիմնական հարցերն ու կարմիր գծերը։ Կողմերը համաձայնության եկան, որ թիմերը կշարունակեն աշխատել առաջարկների վրա հանգիստ և անկեղծորեն՝ առանց բարձրաձայն հայտարարությունների։ Զելենսկին նաև հայտարարեց, որ առաջիկա օրերին նախատեսում է անձնական հանդիպում ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Մենք հասկանում ենք, որ Ամերիկայի ուժը և ամերիկյան աջակցությունը կարող են իսկապես մոտեցնել խաղաղությունը, և մենք չենք ուզում կորցնել դա», – ասաց Զելենսկին։

Եզրափակելով՝ Զելենսկին հստակեցրեց, որ Ուկրաինան պատրաստ է դիվանագիտության, բայց ոչ ցանկացած գնով։ «Ուկրաինան կանի ամեն ինչ, որպեսզի աշխարհում ոչ ոք չասի, որ մենք խաթարում ենք դիվանագիտությունը։ Սա կարևոր է», – ընդգծեց նա։

ԱՄՆ-ն հույս ունի, որ Զելենսկին կստորագրի խաղաղության պայմանագիրը մինչև նոյեմբերի 27-ը։ Ըստ FT-ի՝ ամերիկացիները պլանավորում են համաձայնագիրը ներկայացնել Մոսկվայում այս ամսվա վերջին և գործընթացն ավարտել դեկտեմբերի սկզբին։

Չնայած ամերիկյան առաջարկների մանրամասները դեռևս պաշտոնապես չեն հրապարակվել, փաստաթուղթն արդեն հայտնվել է բաց աղբյուրներում: Այն, ի թիվս այլոց, հրապարակել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։

Հիմնական դրույթներն են՝ Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը ճանաչվում են որպես փաստացի ռուսական տարածքներ: Խերսոնի և Զապորոժյեի մարզերի սահմանները սառեցված են ներկայիս առաջնագծի երկայնքով, իսկ Դոնբասի ներկայումս չօկուպացված մասը վերածվում է ապառազմականացված գոտու՝ Ռուսաստանի արդյունավետ վերահսկողության ներքո: Ուկրաինան պետք է իր սահմանադրության մեջ մշտապես ամրագրի ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարվելը, կտրուկ կրճատի իր զինված ուժերը և մնա ոչ միջուկային պետություն:

Մոսկվան կվերադառնա G8, և պատժամիջոցները կհանվեն: Կհաստատվի Վաշինգտոնի և Մոսկվայի միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցություն:

100 միլիարդ դոլարի սառեցված ռուսական ակտիվները կօգտագործվեն Ուկրաինայի վերականգնման համար, իսկ ԱՄՆ-ն կվերցնի ապագա շահույթի կեսը: Եվրոպան կավելացնի ևս 100 միլիարդ դոլար: Մնացած սառեցված ակտիվները կօգտագործվեն ԱՄՆ-Ռուսաստան համատեղ նախագծերի համար:

Մարդասիրական դրույթները ներառում են «բոլորը բոլորի դիմաց» փոխանակումներ, երեխաների և քաղաքացիական անձանց վերադարձ, ինչպես նաև ընտանիքների վերամիավորման ծրագրեր: Զապորոժյեի ատոմակայանը առաջարկվում է գործարկել ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո՝ էլեկտրաէներգիայի 50-50 բաշխմամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։

Ընտրություններ են անցկացվելու Ուկրաինայի տարածքում համաձայնագրի ստորագրումից 100 օր անց, և բոլոր պատերազմի վետերանների համար կհայտարարվի լիարժեք համաներում: Համաձայնագրի իրականացումը կհետևի Դոնալդ Թրամփի անձնական ղեկավարությամբ գործող «Խաղաղության խորհուրդը»: Ցանկացած խախտում կհանգեցնի անհապաղ պատժամիջոցների։

Նոյեմբերի 20-ի հինգշաբթի երեկոյան Կրեմլը հրապարակեց տեսանյութ, որտեղ Վլադիմիր Պուտինը զինվորական համազգեստով էր՝ հստակեցնելով, որ չի մտադիրվում ուղիղ երկխոսություն սկսել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։

Հանդիպման ընթացքում Պուտինը խնդրեց Գերասիմովին զեկուցել Կուպյանսկի շրջանում ստեղծված իրավիճակի մասին: Նա խոսեց «կաթսայի» և քաղաքի լիակատար գրավման մասին, ինչը ո՛չ Ուկրաինան, ո՛չ էլ ռազմական փորձագետները չեն հաստատել։ Պատասխանելով Պուտինի հարցին՝ «շրջափակված» Կուպյանսկում ուկրաինացի զինվորների հանձնման համար պայմաններ ստեղծելու մասին, նա ասել է, որ «նրանց մեծ մասը՝ սեփական անօդաչու թռչող սարքերի կողմից կրակոցների կամ ոչնչացման սպառնալիքի տակ են և չեն կարող կատարել առաջադրանքը»։

Դավիթ Գալստյանի խափանման միջոցը փոխվեց

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական այսօրվա՝ նոյեմբերի 20–ի նիստում դատավոր Կարեն Ֆարխոյանը վերացրեց Արցախի նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոց տնային կալանքը և նշանակեց վարչական վերահսկողություն և բացակայելու արգելք։

Վաղը Բաքու կայցելի Հայաստանից փորձագետների խումբ

ՀՀ կառավարությունը 17,550,000 դրամ (45,600 դոլար) է հատկացրել հինգ հոգանոց փորձագիտական ​​խմբի Բաքու մեկնելու համար։

Չարտերային չվերթը կմեկնի նոյեմբերի 21-ին։ Փորձագետները կմասնակցեն նոյեմբերի 21-22-ը այնտեղ կազմակերպվող կլոր սեղանի քննարկմանը։

Նմանատիպ կլոր սեղանի քննարկում ադրբեջանական պատվիրակության հետ տեղի է ունեցել նաև հոկտեմբերի 21-22-ին Երևանում։

Հայկական խմբի կազմում են Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանն ու իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը։