«People in Need Armenia»-ն աջակցություն է ցուցաբերում արցախցի ընտանիքներին

«Ես այցելեցի Լեռնային Ղարաբաղից տեղահանված երկու ընտանիքների, որոնք մասնակցում են «Մարդիկ կարիքի մեջ» հիմնադրամի ծրագրին։ Ես տեսա նրանց ջանքերը և լսեցի մտահոգությունները։

Իշխանը, ինը երեխաների հայրը, ստացավ զոդման նոր սարքավորումներ, որոնք թույլ են տալիս նրան բացել սեփական բիզնեսը։

Դավթի պատմությունն ավելի տպավորիչ է։ Նա այրվածքներ է ստացել Ղարաբաղում հրդեհի ժամանակ, բայց կրկին սկսել է զրոյից։ Նա վաճառում է մրգեր և բանջարեղեն, և հիմա մենք նրան տալիս ենք իր սեփական խանութը՝ մի վայր, որտեղ նա կարող է աշխատել արժանապատվորեն, անվտանգ և անկախ եղանակից։ Սա հսկայական օգնություն է, որը զգալիորեն կփոխի նրա ընտանիքի առօրյա կյանքը», – գրում է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկը։

Այս բարեգործական ծրագիրը, որը ֆինանսավորվում է «Մարդիկ կարիքի մեջ» հիմնադրամի հանրային դրամահավաքով, օգնում է մարդկանց, այդ թվում՝ Արցախից փախստականներին, կառուցել իրենց ապագան Հայաստանում։

Զիջելով Արցախը ՝ Փաշինյանը փաստորեն մերկացրեց Հայաստանի սահմանները

Step1.am-ի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

-Պարոն Խզմալյան, Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, սակայն հայ պաշտոնյաներ չուղեկցեցին նրան։ Սա ի՞նչ է ցույց տալիս, Հայաստանի իշխանությունը փորձում է փակե՞լ ցեղասպանության հարցը։

-Մենք չտեսանք պաշտոնական բացատրություններ, միգուցե ԱԳՆ-ն եւ կառավարությունը հարկ չհամարեցին դա մեկնաբանել։ Ուստի, չի կարելի բացառել, որ մեր մտահոգուհությունը հիմնավոր է, եւ կառավարությունն իսկապես որդեգրել է այդ մոտեցումը ու շարունակում է չարաբաստիկ հայտարարություններն առ այն, որ ցեղասպանության ճանաչումն այլեւս Հայաստանի պետական առաջնահերթություններից չէ, հանվել է այդ ցանկից։ Հետեւաբար, այդ ավանդական այցելությունները կառավարությունը չի խրախուսում, չի էլ արգելում բնականաբար։

Բայց այստեղ շատ հետաքրքիր է մեկ այլ բան՝ այս վայ իշխանությունները չեն հասկանում, որ նման բաները պետք են ոչ միայն հայությանը։ Եվ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած իր այցով ցույց տվեց այս իշխանությունների թշվառությունը, գավառական եւ անբարոյական բնույթը, որովհետեւ ցեղասպանությունը ոչ միայն հայության ողբերգությունն է, դա համաշխարհային ողբերգություն է։ Եվ ազգերը, այդ թվում՝ ԱՄՆ-ն ճանաչել են ցեղասպանությունը մեկ հիմնական պատճառով, այստեղ ոչ այնքան եւ ոչ միան մարդասիրությունը կամ հայասիրությունն է, դա միջազգային պահանջ է՝ ցեղասպանությունն անվանել չարիք, որպեսզի կանխվի դրա կրկնությունը։

Եվ շեղվելով այդ համաշխարհային մարդասիրական, քաղաքակրթական ավանդույթից՝ Հայաստանի իշխանությունները ծիծաղելի ու ողորմելի են։ Ես միայն կավելացնեմ, որ մենք առաջին իսկ հնարավորության դեպքում վերադարձնելու ենք այդ անհրաժեշտ ավանդույթը, քանի որ մոռանալ ցեղապսանությունը, նշանակում է պատրաստել հաջորդը։

-Ցեղասպանության ճանաչման հարցն օրակագրից հանելուն զուգահեռ այս իշխանությունները հայտարարել են, որ օրակարգից հանել են նաեւ Արցախում տեղի ունեղած ցեղասպանության եւ ընդհանրապես Արցախի ու արցախցիների վերադարձի հարցերը։ Սա ինչի՞ կհանգեցնի։

-Այս երկու հարցերը խիստ փոխկապակցված են։ Եվ 1915 թվականի ցեղապանության մոռացումը դա հենց «համաներում է» Արցախի հայաթափմանը եւ հայրենազրկմանը։ Փաշինյանը եւ իր թիմը փորձում են նորմալիզացնել հանցանքը, փորձում են օրինականանցել չարիքը, փորձում են «համաներում» հայտարարել դահիճներին։ Բայց նրանք դրա իրավունքը չունեն, ես կրկնում եմ՝ այստեղ հարցը դուրս է զուտ հայության, հայկական հարցի ծիրից, իհարկե, հայկական հարցը մնում է կենտրոնական։

Ես մեկ օրինակ բերեմ՝ հենց այսօր Human Rights Watch համաշխարհային իրավապաշտպան կազմակեպությունն անօրինական եւ հացավոր ճանաչեց Իսրայելի փորձերը՝ թույլ չտալու պաղեստինցիների վերադարձը։ Սա նախադեպ է, պետությանը նման հանցանքի համար միջազգային հանցագործ համարել նշանակում է պատրաստվել այդ հարցով դիմել միջազգային դատարան։ Սա հենց այն է, ինչը Եվրոպական կուսակցությունը համարում է արտաքին քաղաքական առաջնահերթություն։ Եվ մենք անպայման դրան կհասնենք, ուշ թե շուտ։

Իսկ այն, որ իշխանությունները դավաճանում են հայկական հարցը, միմիայն իրենց իշխանությունը պահպանելու նպատակով են դա անում, որովհետեւ սա յուրահատուկ կեղտոտ գործարք է, արդեն ոչ միայն Պուտինի հետ, այլ նաեւ Էրդողանի եւ Ալիեւի հետ։ Ակնհայտ է, որ Փաշինյանն այդ երկու գործիչների հետ մտել է գործարքի մեջ՝ իրենց հետ համապատասխանեցնելով արտաքին քաղաքական որոշ քայլեր։ Եվ նրանք չեն էլ թաքցնում, որ հայկական քաղաքականության մեջ իրենց գլխավոր նպատակը Փաշինյանի իշխանության պահպանումն է, որովհետեւ նա երանելի ու երազելի հայ վարչապետ է, որը գնում է բոլոր այն զիջումներին, որոնք նրանք առաջարկում են։

Հաջորդ զիջումը փաստորեն արդեն հայտարարված է, դա այպես կոչված «անկալվների» զիջումն է։ Եվ հենց սա էր Արցախի գլխավոր առաքելությունը Հայաստանի համար՝ Արցախը պահում ու պաշտպանում էր Հայաստանի անվտանգությունը։ Զիջելով Արցախը, զիջելով արցախցիների իրավունքները, հրաժարվելով Ալիեւի հանցագործությունները հրեշացնելուց՝ Փաշինյանը փաստորեն մերկացրեց Հայաստանի սահմանները։ Իսկ «անկլավների» զիջումը կբերի արդեն Հայաստանի պետականության խարխլմանը։

-Դուք ավելի վաղ հայտարարել էիք, որ «Հանուն ժողովրդավար պետականության» եւ Հայաստանի Եվրոպական կուսակցությունները սկսում են քաղաքական արշավ՝ Ադրբեջանին եւ նրա բռնապետ Ալիեւին միջազգային ատյաններում ռազմական հանցագործ ճանաչելու նպատակով՝ նոր Հայոց Ցեղասպանության եւ Արցախի հայաթափման, հնագույն քրիստոնեական համայնքի ոչնչացման համար։ Նաեւ այս գործի շուրջ համախմբվելու կոչ էիք արել։ Աշխատանք տանո՞ւմ եք այս ուղղությամբ, հաջողվո՞ւմ է համախմբում ապահովել։

-Այո, աշխատանք ընթանում է, մենք հիմա զբաղված ենք արցախցիների ինքնակազմակերպմամբ։ Մեզ համար շատ կարեւոր է, որ վտարանդի խորհրդարանը եւ կառավարությունը ստեղծվեն կուսակցությունների եւ ոչ թե նախկին իշխանությունների կազմից։ Եվ անպայման նրանք պետք է լինեն այն հասարակական կառույցները եւ գործիչները, որոնք ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում չեն համագործակցել նախկին իշխանությունների հետ։ Մենք դա պայմանական անվանում ենք «նոյեմբերի 17» նախագիծ, որովհետեւ 2023 թվականի նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը վճիռ ընդունեց, համաձայն որի՝ արցախցիները միջազգայնորեն ընդունված օրենքներով ունեն ազատ ու անվտանգ վերադառնալու իրավունք՝ միջազգային երաշխիքների ներքո։

Բայց դրա համար առաջինը Հայաստանի իշխանությունները պետք է չխոչընդոտեն, այլ խրախուսեն արցախցիների ինքնակազմակերպմանը, երկրորդը, արդեն հենց արցախցիները պետք է իրենց մեջ ուժ ու քաղաքական հասունություն գտնեն՝ այդ ինքնակազմակերպումն իրագործելու միջոցով։ Այն, ինչ վերաբերում է Ալիեւի հրեշացմանը եւ նրան դատի տալուն, պետք է անի հայ հասարակությունը՝ արցախցիների հետ միասին միավորվելով այդ հարցի շուրջ։ Եվ մենք դա անում ենք, դրա համար մեզ պետք են օրենսդրական լծակներ, ահա, թե ինչու ենք մենք պայքարում Ազգային ժողով մտնելու համար, որեպեսզի այդ նախաձեռնությունները դառնան օրենք եւ քաղաքականություն, ինչպես մենք եվրաինտեգրումը դարձրինք օրենք։

Ռոզա Հովհաննիսյան

Հայացք Եվրոպայի խորհրդից․ ինչ կարիքներ ունեն փախստակնները

Արձագանքելով 2023 թվականի սեպտեմբերին տեղահանված անձանց և փախստականների զգալի հոսքին դեպի Հայաստան՝ Եվրոպայի խորհուրդը պատրաստել է գործողությունների փաթեթ՝ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը և ուժեղացնելու փախստականների, հատկապես խոցելի խմբերում ընդգրկված անձանց իրավունքների պաշտպանությունը։

Արձագանքման փաթեթի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է չորս նոր ծրագիր և լրացուցիչ բաղադրիչներ է ներառել երկու ընթացիկ ծրագրում: Այս վեց ծրագրերը միասին նպատակ ունեն պաշտպանել տուժած բնակչության մարդու իրավունքները:

Օրերս Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչներ են այցելել Հայաստան։ ՀՀ Հանրային ռադիոյի հետ բացառիկ հարցազրույցում նրանք խոսել են, մասնավորապես փախստականների աջակցության փաթեթի արդյունքների մասին։

-Մենք մարդասիրական կազմակերպություն չենք, որ հենց զբաղվում է փախստականների միգրացիայի հարցերով, բայց ունենք որոշակի դերակատարում և մեր հատուկ ներկայացուցիչը՝ փախստականների միգրացիայի հարցերով։ Երևանյան քննարկումը ցույց տվեց, որ կարևոր դերակատարում և լավ արդյունքներ ենք ունեցել փախստականների աջակցման փաթեթի շրջանակում։

Դիտարկումները փաստում էին, որ փախստականների մեծ մասը բնակվում է համայնքներում ու հասկացանք նաև, որ կանայք ու երեխաները առանձնակի մոտեցման կարիք ունեն։

Ծրագրի ևս մեկ նպատակն է բարելավել տեղահանված անձանց իրավունքների և հասանելի ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը՝ ապահովելով նրանց իրավունքների և առկա ծառայությունների մասին տեղեկություններից օգտվելու հնարավորությունը։ Փախստականների մեծ մասը համայնքներ է գնացել, որտեղ չկային բազային պայմաններ ընդունելու մարդկանց հոսքը։ Մեր հիմնական նպատակն էր համայնքներն ուժեղացնել, մարդկանց տեղավորելու համար միջոցներ ապահովել։

Մենք տեսանք, որ փախստականները կարողանում են օգտվել համայնքների աջակցությունից։ Հիմնականում տեղավորվում են այնտեղ, աշխատանք գտնում, ոմանք էլ ցանկանում են տուն գնել այնտեղ։ Դա տեսանք Վեդիում։ Համայնքներում մեր աջակցությունը սկսել ենք 2 տարի առաջ, ու դրա ազդեցությունը բավականին դրական է։ Մարդիկ ինտեգրվում են համայքներում։ Միանշանակ կա Հայաստանում մնալու նրանց ցանկությունը։

Աշխատում ենք ավելի փոքր համայնքների հետ, քանի որ այդտեղ հոսքերի ազդեցությունն ավելի մեծ է։ Կարիք եղավ աջակցություն ցուցաբերել կանանց, որ վերականգնվեն, վերակառուցեն կյանքը։ Հոգեբանական աջակցության լուրջ կարիք կար։ Նրանց համար կարևոր էր իմանալ սեփական իրավունքները։ Իհարկե, կարևոր էր ապրուստի միջոց գտնելը։ Կար նաև հմտությունների բաց, որը պետք էր լրացնել։ Երբ ծրագիրը մեկնարկեց, կարողացանք քաղհասարակության աջակցությամբ փոքր դրամաշնորհներով լրացնել այդ բացերը։

Իրագործեցինք փոքր բիզնեսի զարգացման, կանանց զորացման ծրագրեր։ Մասնակցել են ինչպես փախստական, այնպես էլ տեղաբնակ կանայք, ինչը մեծ նշանակություն ունի ինտեգրման համար։

Տեղահանության հետ կապված ցանկացած աշխատանքում մեծ է լրատվամիջոցների դերը։ Ունեցել ենք ծրագրեր, որտեղ լրատվամիջոցների օգնությամբ լուսաբանվել են դրական ելքերով մի շարք պատմություններ։

Տեղահանվածների շարքերում են բանիմաց ու ճանաչված մասնագետներ, որոնք իրենց որակավորումը Հայաստանում չեն ստացել ու կանգնել են որոշակի խնդիրների առաջ։ Մենք աջակցել ենք այդ մարդկանց, որ կարողանան ձեռք բերել համապատասխան փաստաթղթեր ու մտնեն Հայաստանի աշխատաշուկա։

 

Ֆիդանը չգիտի «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակը. Հայաստանը չպետք է բաց թողնի հնարավորությունը

Թուրքիայի խորհրդարանում բավականին բուռն քննարկում է տեղի ունեցել Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների և դրանց հայ-ադրբեջանական «կարգավորման» հետ կապի վերաբերյալ: Ըստ հաղորդագրությունների՝ թուրք պատգամավորները փորձում էին հասկանալ, թե ինչն է ներկայումս խանգարում Թուրքիային բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, եթե նախկինում ասվում էր, որ խնդիրը Ղարաբաղն ու Հայաստանի պահանջներն են: Եվ ի՞նչն էր խանգարում Թուրքիային ավելի ակտիվանալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքում»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը պատասխանել է, որ Թուրքիան կարող է բացել իր սահմանը Հայաստանի հետ միայն այն բանից հետո, երբ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները լիովին կարգավորվեն, ներառյալ «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակի վերաբերյալ որոշումը և Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը:

Սա չափազանց կարևոր արձանագրում է, որը ցույց է տալիս, որ չնայած Արցախի օկուպացիային, նրա բոլոր բնիկ բնակիչների տեղահանմանը, Հայաստանի կառավարության կողմից իր ազգային իրավունքներից «հրաժարվելուն» և Վաշինգտոնում «խաղաղության համաձայնագրի» նախաստորագրմանը, տարածաշրջանում իրավական առումով ոչինչ չի փոխվել: Հայաստանի Սահմանադրությունը դեռևս ուժի մեջ է, խորհրդային սահմաններով դեռևս «խաղաղության պայմանագիր» չկա, Սյունիքը դեռևս Հայաստանի մաս է, և Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ կապը դեռևս ոչ մեկին ձեռնտու չեն:

Ֆիդանը խորհրդարանում անկեղծորեն հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ոչինչ պարզ չէ՝ ո՛չ դրա կարգավիճակը, ո՛չ էլ թե ով է շահագործելու: Փաստորեն, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրը խափանեց Թուրքիայի և Ռուսաստանի փորձերը՝ ապահովելու Հայաստանի «կամավոր հրաժարումը» Սյունիքի հարավից՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի: Ավելին, Վաշինգտոնի համաձայնագրերը նաև լուրջ խոչընդոտ դարձան Հայաստանի հարավի բռնակցման հնարավոր ռազմական գործողության համար։

Թուրքիան անկարող է հիմա ուժ կիրառել Հայաստանի դեմ կամ ստիպել նրան «կամավոր հրաժարվել» իր վերահսկողությունից, քանի որ կբախվի Միացյալ Նահանգներին։

Վաշինգտոնը, իհարկե, ուներ իր սեփական նպատակները, բայց Ֆիդանի հայտարարությունները թուրքական խորհրդարանում նշանակում են, որ անհաղթահարելի խոչընդոտներ են ի հայտ եկել «հայ-թուրքական» հաշտեցման ճանապարհին։

Սա հաստատվում է նաև Բաքվի արտգործնախարարի կողմից ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությամբ. Բայրամովը նշել է Բաքվի շահագրգռվածությունը Զանգեզուրի միջանցքի բացումը արագացնելու հարցում: Փոխնախարարի պատասխանը հայտնի չէ, բայց պարզ է, որ Բաքուն նույնպես հիասթափված է։

Հայաստանն ունի եզակի հնարավորություն ամրապնդելու իր անվտանգությունն ու ինքնիշխանությունը՝ հենվելով տարածաշրջանում ԱՄՆ շահերի վրա: Դրան հասնելու համար Հայաստանին պակասում է երկրի ներսում հասարակական համերաշխություն, համախմբված զարգացման ռազմավարություն և ապագայի տեսլական: Հայաստանի անցումը Ռուսաստանից Թուրքիա աշխարհի մայրաքաղաքներում ակնհայտորեն չի ընկալվում որպես լավագույն լուծում. հակառակ դեպքում Ֆիդանը խորհրդարանում կաներ բոլորովին այլ հայտարարություններ:

Գուրգենյանների ընտանիքն օրերս դարձել է բնակապահովման ծրագրի շահառու

Սևակ և Մարիաննա Գուրգենյանները բազմազավակ ծնողներ են։ Արցախի Ասկերան քաղաքից են տեղահանվել 2023 թվականի սեպտեմբերին։ Չորրորդ դուստրը՝ Եվան, տեղահանությունից հետո է ծնվել։ Բնակվում են Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։ Նրանց հետ է ապրում նաև Մարիաննայի մայրը՝ Միրա Հայրապետյանը։

Ավագ դուստրը՝ Մանեն, սովորում է Արմավիրի արվեստի պետական քոլեջի <<Դիզայն և մոդելավորում>> բաժնում։ Արդեն երկրորդ կուրսի ուսանողուհի է, գերազանց գնահատականների շնորհիվ անվճար է սովորում։ Նարեն ու Մարիան դպրոց են գնում, փոքրը՝ Եվան, դեռ մի տարեկան չկա։

Գուրգենյանների ընտանիքն օրերս դարձել է բնակապահովման ծրագրի շահառու։

Բազմազավակ մայրն ասում է

-Տեղահանությունից հետո, երբ հաստատվեցինք Մեծամորում, սկզբից դժվար էր հարմարվել մեր նոր բնակավայրին։ Ծանր օրեր էին, առանձնապես մեր ավագ դստրերի համար, որովհետև նրանք շատ էին կարոտում իրենց ընկերներին, հարազատ դպրոցը։

Որոշ ժամանակ հետո հասկացանք, որ պետք է մեր տունն ունենանք։ Ընտանիքի բոլոր անդամներով ՀՀ նոր անձնագրեր ստանալուց հետո դարձանք Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու։ Այս պահին բնակարանի գնման գործընթացը գտնվում է բանկում։ Գիտենք, որ մեծ դժվարությամբ են արցախցի ընտանիքները ըստ տրամադրվող հավաստագրի գումարի բնակարան գտնում, սակայն մեզ համար հեշտ էր, քանի որ մենք գնում ենք այն բնակարանը, որը վարձակալել էինք ի սկզբանե։ Բնակարանը 3 սենյականոց է, վաճառքի գինը համապատասխանում է մեր հավաստագրով սահմանված գումարին։ Որպեսզի բանկերում պարտքեր չգոյացնենք, որոշեցինք գնել հենց այս բնակարանը։

Ընտրել ենք Մեծամորը, որովհետև այն շատ հանգիստ, մաքուր քաղաք է, հիշեցնում է մեր Ասկերանը, միաժամանակ երեխաներն արդեն հարմարվել են, ու մենք գտանք, որ պետք  չէ նրանց կրկին սթրեսի ենթարկել՝ փոխելով միջավայրը։

Միրա Հայրապետյանը բազմավաստակ մանկավարժ է, ինչպես նաև բանիմաց հողագործ։ Մեծամորում նա զբաղվում է հողի մշակմամբ ինչպես Արցախում՝ այստեղ ևս բարիքներ է ստեղծում։

-Երբ դարձանք բնակապահովման ծրագրի շահառու և սոցիալական ցանցերում կիսվեցինք մեր ուրախությամբ, բազմաթիվ զանգեր ստացանք։ Մարդիկ զանգում, շնորհավորում և խորհուրդ են հարցնում՝ ինչ անել, ինչպես սկսել գործընթացը։ Մեր հայրենակիցները շատ նեղ դրության մեջ են ու աշխատած գումարը ծախսում են բնակվարձերի վճարների վրա։ Խորհուրդ եմ տալիս օգտվել աջակցությունից ու տուն ձեռք բերել։ Իհարկե, 1-3 հոգանոց ընտանիքներն այդ հարցում կանգնած են դժվարության առջև։ Կարծում եմ՝ ՀՀ կառավարությունը խնդրին պետք է այլ մոտեցում ցուցաբերի, որպեսզի արցախցի ոչ մի ընտանիք անտուն չմնա։

Հայաստանում տուն ձեռք բերելը չի նշանակում, թե մենք կորցրել ենք Արցախ վերադարձի հույսը։ Մենք հավատում ենք, որ հավաքական վերադարձ անպայման լինելու է։ Պարզապես մեր երեխաների համար մենք պարտավոր ենք նորմալ պայմաններ ստեղծել, հանուն նրանց պայքարել։

Կարինե Բախշիյան

ԱՄՆ-ի նոր ծրագիրը Կիևի համար․ հրաժարում տարածքներից և բանակի կեսից

Ուկրաինան պետք է Ռուսաստանին զիջի երկրի արևելքի տարածքները, կրճատի իր զինված ուժերի թվաքանակը և հրաժարվի որոշակի զինատեսակներից. այս պահանջները ներառված են Թրամփի վարչակազմի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու նոր ծրագրում: Այս մասին չորեքշաբթի՝ նոյեմբերի 19-ին, հայտնել են մի շարք արևմտյան լրատվամիջոցներ, այդ թվում՝ Reuters-ը և Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։

ԱՄՆ-ն իր նոր ծրագրին «ուղեկցում է» ճնշումներով ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի վրա: Կոնգրեսը պատրաստում է Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների օրինագիծ, բայց մյուս կողմից, ԱՄՆ-ն չի «առարկում» Ռուսաստանի ներկայիս ռազմական հաջողությունները Ուկրաինայում: Պատահական չէ նաև, որ Կիևում կոռուպցիոն սկանդալ է հասունանում, որը խալխլում է Վլադիմիր Զելենսկու իշխանությունը։

Այս ֆոնին Ուկրաինայի նախագահը մեկնել է Թուրքիա՝ բանակցությունների և արդեն հանդիպել է Էրդողանի հետ: Ուկրաինան դեռևս չի հայտարարել «խաղաղության» պայմանների ընդունման մասին, բայց Զելենսկին չափազանց խոցելի է ևս մեկ մերժման համար:

Թրամփի նոր ծրագիրը նախատեսում է ամբողջ Դոնբասը հանձնել Ռուսաստանին, չնայած Ուկրաինան դեռևս վերահսկում է տարածաշրջանի տարածքի մոտ 14.5%-ը: Դրա դիմաց Կիևը կարող է հույս դնել ԱՄՆ-ի և Եվրոպայի անվտանգության երաշխիքների վրա: Axios-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը կարծում է, որ Ուկրաինան կկորցնի քննարկվող տարածքները՝ անկախ պատերազմի շարունակությունից, «այնպես որ Ուկրաինայի շահերից է բխում համաձայնության գալ հիմա»: Թրամփի ծրագիրը նաև նախատեսում է սառեցնել ներկայիս առաջնագծերը Խերսոնի և Զապորոժյեի մարզերում:

Ֆայնենշլ Թայմսի տվյալներով՝ Թրամփի ծրագիրը նաև նախատեսում է կիսով չափ կրճատել Ուկրաինայի զինված ուժերի չափը և սահմանափակել Կիևի կողմից Ռուսաստանի խորքը հարվածելու ունակ հեռահար զենքի օգտագործումը:

Վերլուծաբանները նշում են, որ այս ծրագիրը շատ նման է Գազայի վերաբերյալ վերջերս ընդունված ԱՄՆ ծրագրին: Այնուամենայնիվ, հենց Հայաստանը պետք է համարվի նման ծրագրի նախադեպ: Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագիրը» փաստացիորեն նշանակում է հրաժարվել Արցախից և «խաղաղ ուղի»: «Ապառազմականացման» շրջանակներում Հայաստանն արդեն հայտարարել է պաշտպանական ծախսերի և զինվորական ծառայության տևողությունը 2-ից 1.5 տարի կրճատման մասին։

Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը, որը բազմիցս շնորհավորել է Ալիևին «հաղթանակի» և տարածքների վերադարձի կապակցությամբ՝ Էրդողանին և Ալիևին անվանելով լավագույն ընկերներ, այժմ հայտնվել է ավելի վատ վիճակում, քան Հայաստանը կամ նույնիսկ Գազան։ Արցախում ռազմական «կարգավորման» հավանությունը չէր կարող չանդրադառնալ Ուկրաինայի և անձամբ Զելենսկու դեմ, ովքեր այժմ հայտնվել են վտանգավոր շեմին։

Կկարողանա՞ Զելենսկին պահպանել իշխանությունը։ Մասնագետներն արդեն քննարկում են նրան փոխարինելու առնվազն երկու թեկնածու՝ Զալուժնիին և Բուդանովին։ Սակայն երկուսի համար էլ հեշտ չի լինի բացատրել չորս տարի կռվող ուկրաինացիներին, թե ինչու էին նման զոհողությունները անհրաժեշտ, եթե նրանք, ի վերջո, ստիպված կլինեն հրաժարվել իրենց տարածքներից, քանի որ Ռուսաստանը ուժեղ է։

Քաղաքագետները համեմատում են Հայաստանի և Ուկրաինայի անցած ուղիները։ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի ղեկավարությունը հրաժարվեց ուժային դիմադրությունից՝ հավատալով, որ միայն տարածք զոհաբերելով կարելի է պահպանել պետականությունը։ Ուկրաինայի ղեկավարությունը և նրա ժողովուրդը ընտրել են դիմադրության ուղին՝ անցնելով ավերիչ պատերազմիմիջով, բայց, ի վերջո, ևս կհանգեն այն եզրակացության, որ պետականությունը պահպանելու համար տարածքներ պետք է զոհաբերեն։

NVIDIA-ն Հայաստանում արհեստական ​​ինտելեկտի սուպերհամակարգիչների կենտրոն կստեղծի

Zartonk Media

ԱՄՆ-ն հաստատել է NVIDIA 500 միլիոն դոլար արժողությամբ չիպերի արտահանումը Հայաստանում արհեստական ​​ինտելեկտի գերհամակարգչային կենտրոնի համար, որը կգործարկվի 2026 թվականին և կդիրքավորի Հայաստանը որպես տարածաշրջանային արհեստական ​​ինտելեկտի կենտրոն։

Zartonk Media-ի տվյալներով՝ Հայաստանը պատմական քայլ է կատարել տարածաշրջանային արհեստական ​​ինտելեկտի կենտրոն դառնալու ուղղությամբ, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Firebird-ին տրամադրել է արտահանման լիցենզիա՝ Nvidia արհեստական ​​ինտելեկտի բարձրորակ չիպերի համար՝ Հայաստանի առաջին խոշորամասշտաբ արհեստական ​​ինտելեկտի գերհամակարգչային տվյալների կենտրոնի համար։

Հաստատումը Հայաստանը դարձնում է Հարավային Կովկասում առաջին խոշորամասշտաբ արհեստական ​​ինտելեկտի գերհամակարգչային համալիրի հյուրընկալողը։

Zartonk Media-ի հետ բացառիկ զրույցում Firebird-ի համահիմնադիրներ Ռազմիգ Ավագիմյանը և Ալեքսանդր Եսայանը բացատրել են, որ 500 միլիոն դոլարի ներդրումը ԱՄՆ-Հայաստան տեխնոլոգիական նախաձեռնության միայն առաջին փուլն է։ Գերհամակարգչային կենտրոնը, որը երկու փուլերով ի վերջո կհասնի 100 մեգավատի, կաշխատի Nvidia Blackwell գրաֆիկական պրոցեսորներով և բարձր արդյունավետությամբ արհեստական ​​ինտելեկտի D սերվերներով։ Առաջին փուլը նախատեսված է 2026 թվականի երկրորդ եռամսյակում։

Այս հաստատումը համապատասխանում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև արհեստական ​​ինտելեկտի և կիսահաղորդչային համագործակցության վերաբերյալ օգոստոսյան փոխըմբռնման հուշագրին, որը նշանավորում է ավելի խորը ռազմավարական համաձայնեցում անվտանգ, ԱՄՆ չափանիշներին համապատասխան արհեստական ​​ինտելեկտի ենթակառուցվածքի շուրջ։

«Կենտրոնանալով զարգացող շուկաների վրա՝ մենք նոր շուկաներ ենք բացում ամերիկյան ընկերությունների համար», – «Զարթոնք Մեդիա»-ին ասել է Ավագիմյանը։ Նա հավելել է, որ Firebird-ը առաջադեմ քննարկումների մեջ է ԱՄՆ խոշոր համալսարանների հետ՝ Հայաստանում և նրա հետ արհեստական ​​ինտելեկտ, ռոբոտաշինություն, տիեզերագնացություն և գիտական ​​հետազոտություններ անցկացնելու համար։

Համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը ընդգծել է Firebird-ի կողմից ԱՄՆ անվտանգության չափանիշներին խիստ համապատասխանությունը. «Միացյալ Նահանգները շատ խիստ է Nvidia չիպերի նկատմամբ, և մենք՝ Firebird-ում, դա չափազանց լուրջ ենք ընդունում։ Մենք կառուցել ենք լիովին ԱՄՆ չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածք՝ խիստ ֆիզիկական և կիբերանվտանգության չափանիշներով՝ ԱՄՆ BIS կանոնակարգերին լիարժեք համապատասխանություն ապահովելու համար։ Մեր առաքելությունն է պաշտպանել ԱՄՆ տեխնոլոգիաները և ԱՄՆ շահերը արտերկրում»։

Սա Firebird-ի գլոբալ, ԱՄՆ-ին կենտրոնացած ռազմավարության առաջին հրապարակային բացահայտումն էր։

Firebird-ը հաստատեց, որ իր ընդհանուր հաշվողական հզորության 20 տոկոսը կպահվի հայկական ընկերությունների համար, իսկ 80 տոկոսը՝ տարածաշրջանում գործող ամերիկյան ընկերությունների և գլոբալ արհեստական ​​բանականության մշակողների համար։ Այս կառուցվածքը Հայաստանը ուղղակիորեն կմիավորի ԱՄՆ արհեստական ​​բանականության մատակարարման շղթային՝ ապահովելով տեղական հասանելիություն։

Nvidia-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը ընդգծեց ավելի լայն տեսլականը. «Արհեստական ​​բանականության գործարանները 21-րդ դարի ենթակառուցվածքներն են։ Հայաստանի հետ մեր համագործակցությունը կօգնի կառուցել արհեստական ​​բանականության հիմնարար կարողություններ և բացել նոր հնարավորություններ նորարարության և տնտեսական աճի համար ամբողջ տարածաշրջանում»։

Ավագիմյանը հավելեց. «Խոսքը նորարարության մեկնարկային հարթակի կառուցման մասին է՝ Հայաստանից մինչև աշխարհ»։

Firebird-ը հիմնադրվել է Ռազմիկ Ավագիմյանի և Ալեքսանդր Եսայանի կողմից, ով նաև Team Group-ի համահիմնադիրն ու նախագահն է, որը Telecom Armenia-ի և Իռլանդիայի Imagine Broadband-ի մայր ընկերությունն է։ Այն կապահովի գերհամակարգչային նախագծի համար ենթակառուցվածքների և կապի հիմնական աջակցությունը։

Նուբար Աֆեյանը միացել է Firebird-ին որպես հիմնադիր ներդրող։ Flagship Pioneering-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Աֆեյանը կծառայի որպես ռազմավարական խորհրդատու և հիմնադիր գործընկեր՝ աջակցելով Հայաստանում և տարածաշրջանում արհեստական ​​բանականության ենթակառուցվածքների երկարաժամկետ զարգացմանը։

Սվարանց գյուղում կառուցված առաջին տները հանձնվեցին Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին

301

Նոյեմբերի 18-ին Թուֆենկյան հիմնադրամի կողմից Սյունիքի մարզի Տաթևի համայնքի Սվարանց գյուղում կառուցված առաջին տները հանձնվեցին Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին։
«Ե՛կ Սվարանց»-ի նման համատեղ բնակեցման ծրագրերը նախատեսված են տեղահանման զոհերին աջակցելու, միաժամանակ ապահովելու արցախահայության լեզվի, մշակույթի և համայնքային կյանքի գոյատևումը։
301-ի թղթակից. David Ghahramanyan

Նոյեմբերի 21-ին Լոֆթում․ կրկին արցախյան համեր

Նոյեմբերի 21-ին ԼՈՖԹ-ի խոհանոցը նորից լցվելու է արցախյան համերի ջերմությամբ։
Այս անգամ մեզ մոտ պատրաստվելու են չորս ամենասիրելի ուտեստները՝ ժենգյալով հաց, կուրկուտ, փախլավա և, իհարկե, գաթա։
Արի ԼՈՖԹ ու տես թե ինչպես պարզ խմորը, կանաչիների առատությունը, մեղրով շերտերը ու թխվածքի անուշ բույրը վերածվում են տաք, հարազատ ու պատմություն կրող ուտեստների՝ պատրաստված հենց մեր սիրելի արցախցիների ձեռքերով։
ԼՈՖԹ խոհանոց
Նոյեմբերի 21, 16:00
Մուտքն՝ ազատ։
⦁ Բոլոր ուտեստները կարող ես գնել այնքան, որքան կուզես՝ թարմ, տաք ու տեղում պատրաստված։

Արսեն Թորոսյան․ Գորիսում և Կապանում սոցիալական բնակարաններ ենք ունենալու

Մոտ ապագայում Գորիսում և Կապանում սոցիալական բնակարաններ ենք ունենալու.  այս մասին իր էջում գրել է սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Արսեն Թորոսյանը։

Նա մանրամասներ չի ներկայացրել։

Հովիկ Ավանեսով․ Բաքուն Քաշաթաղում իսլամական հուշարձան է ոչնչացրել

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը նշում է, որ ժամանակավորապես բռնազավթված Արցախի տարածքում Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետևողականորեն իրականացնել մշակութային ցեղասպանություն։

Նրա խոսքով՝ եթե անցյալում միջազգային կառույցները մտահոգություն էին հայտնում հայկական մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման մասին, ապա այժմ պարզ է, որ նույն քաղաքականության թիրախ են դարձել նույնիսկ իսլամական հուշարձանները։

Ավանեսովը ընդգծում է, որ վերջին ամենաուղղակի և ուշագրավ դեպքերից մեկը Քաշաթաղի շրջանի Այգեկ գյուղի շիական մզկիթի հիմնահատակ ոչնչացումն է՝ «շինարարական աշխատանքների» պատրվակով։

Նա մատնանշում է, որ «Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող» հիմնադրամի համատնօրեն Րաֆֆի Քորթոշյանի հրապարակած տվյալներն ու փաստերը վկայում են պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության մասին։

Ավանեսովը հիշեցնում է նաև, որ 2020 թ․ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը դիտավորությամբ թիրախավորում էին Շուշիի մզկիթները։ Մասնավորապես՝ նոյեմբերի 1-ին Շուշիի հրթիռակոծության հետևանքով վնասվել է նաև Գոհար Աղայի Վերին մզկիթը։

Նրա դիտարկմամբ՝ այս ամենը մաս է կազմում միևնույն քաղաքականության, որը միտված է վերացնել տարածաշրջանի պատմական բազմազանությունը, «միատարրացնել» մշակութային հիշողությունն ու վերաշարադրել անցյալը։

Ավանեսովը հայտնում է, որ փաստերի համադրությունը ցույց է տալիս՝ Ադրբեջանի պետական համակարգը գործում է ոչ թե որպես տարածաշրջանային կայունության ու ժառանգության պահպանության պատասխանատու, այլ որպես քաղաքակրթական արժեքների համակարգված ոչնչացման նախաձեռնող։ Նրա գնահատմամբ՝ այս վարքագիծը բացահայտ խախտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Հաագայի կոնվենցիայի և մի շարք միջազգային համաձայնագրերի դրույթները, որոնք պարտավորեցնում են պաշտպանել նաև այլ ժողովուրդների մշակութային ժառանգությունը։

Ավանեսովը նախազգուշացնում է, որ Ադրբեջանի գործողությունները վտանգում են տարածաշրջանի դարավոր պատմա-մշակութային լանդշաֆտը։ Ոչնչացվում են ոչ միայն հայկական եկեղեցիներն ու պատմական կոթողները, այլև հենց Ադրբեջանի համար «սեփական» համարվող իսլամական կառույցները։

«Սա ապացուցում է, որ խնդիրը ազգային պատկանելությունը չէ. սա պետականորեն ձևավորված քաղաքականություն է, որի նպատակն է ամրապնդել տարածքային բռնազավթումը՝ մշակութային միջավայրի ոչնչացման միջոցով»,– նշում է նա։

Ավանեսովը ընդգծում է միջազգային արձագանքի անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ մշակութային ժառանգության ոչնչացումը որևէ տարածաշրջանում չի կարող դիտարկվել որպես տեղային խնդիր։

«Սա մարտահրավեր է համաշխարհային քաղաքակրթությանը, և այս համատեքստում Ադրբեջանը ներկայանում է որպես համաշխարհային մշակութային ժառանգության անվտանգության իրական սպառնալիք»,– նշում է նա։

Մարիամ Սարգսյան

Արցախցի գեղեցկուհի Արփինեն միջազգային մրցույթի է մասնակցել

Արցախցի գեղեցկուհու Արփինե Հարությունյանի մասին գրել էինք բազմաթիվ անգամ: Այժմ աշխատանքի և բոլոր ակտիվությունների հետ զուգահեռ նա զբաղվում է քյորլինգով և անվասայլակով քյորլինգի Հայաստանի հավաքականի անդամ է: Օրերս նա հերթական անգամ մասնակցեց Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցած միջազգային մրցույթին: Step1.am հետ զրույցում Արփինեն պատմեց իր նոր սպորտային զբաղմունքի  մասին և կիսվեց հաջողություններով:

Այս տարվա սկզբին հրավեր ստացա միանալու Հայաստանի անվասայլակով քյորլինգի թիմին: Ես սիրում եմ ամառ, արև, և սկզբից ինձ շատ խորթ թվաց քյորլինգի սառցե աշխարհը: Բայց մտածեցի՝ կարելի է փորձել, ինչու ոչ: Կարևորը, որ աշխատանքիս հետ համատեղելի էր:

Թիմում ընդգրկվելուց 2 ամիս անց հրավեր ստացանք մասնակցելու Սանկտ-Պետերբուրգում իրականացվող «Նևսկի գավաթ 2025» մրցաշարին: Անկասկած կարող եմ նշել, միանգամից գրավեց ինձ քյորլինգի աշխարհը: Առաջին հայացքից հաստատ ուրիշ կարծիք ես կազմում, բայց արդեն խաղի մեջ անհավանական են այդ էմոցիաներն ու սպորտային աշխարհը:

Արդեն հասցրել եմ մասնակցել մրցույթներին 2 անգամ, մայիսին ու նոյեմբերին: Նոյեմբերին կայացած միջազգային մրցույթում, ի տարբերություն մայիսին, երբ խաղում էինք երկուսով, այս անգամ խաղացինք 4 հոգով: Թիմեր կային Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից ու Ռուսաստանի տարբեր մասերից:

Ցավոք, Հայաստանում դեռ չուեննք քյորլինգի դաշտ, բայց մրցումներին գնալուց անկակասած երևում է թիմի աճը:

Մրցանակային տեղ չենք գրավել, բայց խաղերը անցնում էին շատ մրցակցային պայմաններում, մրցույթը մեզ համար նոր հնարավորություն էր ուժերը փորձելու փորձառու մարզիկների հետ։ Այսպիսի հանդիպումները ոչ միայն բարձրացնում են մեր մարզական փորձը, այլ նաև նոր մոտիվացիա են տալիս շարունակելու առաջ ընթանալ։

Մասնակիցները բոլորը պարտադիր խաղում են անվասայլակով, մրցումները հենց այպես էլ կոչվում են:

Ինչ վերաբերում է իմ զգացողությունների, լինելով արցախցի ու Հայաստանի անվասայլանկով քյորլինգի թիմի փոքրիկ մասնիկը, անկասկած շատ պարտավորեցված են, նաև հաճելի է: Հուսանք, դեռ շատ առիթներ կլինեն դրոշը ծածանելու ու հաղթանակներով վերադառնալու:

Ծրագրավորման աշխարհին զուգահեռ սառույցը ինձ համար իրական ազատություն է”:

Արսեն Աղաջանյանՙ