2025 թվականը կարևորագույն հանգրվան է. Արցախյան հարցը փակված չէ

2025 թվականը, անկասկած, նշանակալի հանգրվան դարձավ Հայաստանի համար՝ կասեցնելով անկումը դեպի անդունդ և գրեթե անխուսափելի պատերազմ։ Հայ-ադրբեջանական փաստաթղթերի նախաստորագրումը Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին վճռորոշ նշանակություն ունեցավ։ Հինգ ամիս անց պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոստովանեց, որ եթե փաստաթղթերը չստորագրվեին Վաշինգտոնում, կարող էր սկսվել ծանր հետևանքներով պատերազմ։ Դոնալդ Թրամփն իր հերթին խոստովանեց, որ ստիպել է Փաշինյանին և Ալիևին ստորագրել փաստաթղթերը՝ սահմանելով 200 տոկոս մաքսային տուրքեր և սպառնալով դադարեցնել առևտուրը երկուսի հետ էլ։

Վաշինգտոնում կնքված համաձայնագրերը դադարի վրա դրեցրին զարգացումները, բայց չլուծեցին տարածաշրջանում սահմանների սահմանման հիմնարար հարցը։ Չնայած Վաշինգտոնյան համաձայնագրում նշվում է Ալմա-Աթայի հռչակագիրը և խորհրդային սահմանները, Թրամփի վարչակազմն այժմ առաջարկում է ռուս-ուկրաինական պատերազմի լուծում, որը կտրուկ խախտում է այդ սահմանները։ Եթե ուկրաինական հակամարտությունը լուծվի խորհրդային սահմանների վերաձևմամբ, հարցեր կառաջանան նաև Արցախի պատկանելիության մասին Պրահայում և Վաշինգտոնում ստորագրված հռչակագրերի վերաբերյալ։

2025 թվականը կարևոր հանգրվան է նաև Արցախի ժողովրդի համար։

Չնայած այն հանգամանքին, որ տարեվերջին հաստատվել էին արցախցիների համար նախատեսված երկու նոր սոցիալական ծրագրեր, իսկ երկու գործող ծրագրերը երկարաձգվել էին մեկ տարով, պարզ դարձավ, որ Հայաստանի կառավարության քաղաքականությունը արցախցիների նկատմամբ լիակատար ձախողվել է։ Արցախցինրը ոչ մի կայուն երաշխիք կամ պաշտպանություն չստացավ իրավական, սոցիալական կամ մարդասիրական առումով, իսկ բնակարանային ծրագրի ամոթալի տվյալները ցույց տվեց, որ Հայաստանի կառավարությունը երկարաժամկետ ռազմավարություն չունի Արցախի ժողովրդի նկատմամբ։

Գարնանը և ամռանը արցախցիները փորձեցին ինքնակազմակերպվել, հանրահավաքներ անցկացրեցին և խնդրագիր ներկայացրին կառավարությանը, բայց չկարողացան գնալմինչև վերջ։ Սակայն, տարեվերջին Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ստիպված էր անմիջապես հանդիպել արցախցիների հետ և նույնիսկ իր մեկնաբանությունները ներկայացրեց կառավարության նիստում։ Դա նշանակում է, որ արցախցիների հարցը կարող է լուրջ խնդիր դառնալ Հայաստանի կառավարության համար։

Շատ արցախցի ընտանիքներ սպասում են Հայաստանի ընտրությունների արդյունքներին. ոմանք արդեն միացել են ընդդիմությանը, իսկ մյուսները անհույս վստահ են, որ Փաշինյանը կրկին կհաղթի։

Մայիսից ի վեր Արցախը նախագահ չունի, սակայն ունի երկարաձգված ժամկետով խորհրդարան և նոր խոսնակ՝ Աշոտ Դանիելյանը, նաև կառավարություն, որում հայտնի է միայն պետական ​​նախարար Նժդեհ Իսկանդարյանի անունը։

Բաքվի բանտերում են մնում Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության անդամները, քրեական գործեր են հարուցվել Հայաստանում բնակվող մի շարք արցախցի պաշտոնյաների և զինվորականների դեմ։

Արցախի ժողովուրդը մի քանի անգամ ենթարկվել է ատելության խոսքի ալիքի. ամենաբարձր մակարդակներում նրանց մեղադրել են չպայքարելու, իրենց հողը լքելու մեջ, նշելով, որ Արցախի իրավունքների մասին ցանկացած հիշատակում կարող է պատերազմ հրահրել Հայաստանում։

ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի կարգավիճակը կասկածի տակ է դրվել, մինչդեռ Արցախի պաշտոնական ներկայացուցիչները Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում շարունակում են ակտիվորեն աշխատել։

Արցախի հարցը մնում է չլուծված, նշվել է դեկտեմբերի 10-ին Արցախի խորհրդարանում ԱՀ անկախության հանրաքվեի 34-ամյակի կապակցությամբ լսումների ժամանակ։ Սակայն Արցախի խորհրդարանը դեկտեմբերի 1-ին նիստ չի գումարել՝ նշելու 1989 թվականի Հայաստանի ու Արցախի վերամիավորելու մասին որոշման 36-ամյակը։

«Հայաստան-Արցախ հիմնադրամի» գործունեությունը 2025-ին

2025 թվականին «Հայաստան-Արցախ հիմնադրամը» Հայաստանին մատակարարել է 41 միլիոն դոլարի, իսկ Լիբանանին՝ 4 միլիոն դոլարի դեղամիջոցներ

Գլենդել, Կալիֆորնիա – 2025 թվականի ընթացքում «Հայաստան-Արցախ հիմնադրամը» (ՀԱՀ) նվիրաբերել է ընդհանուր արժողությամբ 45 միլիոն դոլարի կենսական նշանակության դեղամիջոցներ՝ 41 միլիոն դոլարի Հայաստանին և 4 միլիոն դոլարի Լիբանանին։

Այս դեղամիջոցներն ու բժշկական պարագաները տարվա ընթացքում ուղարկվել են ծովային և օդային ճանապարհով՝ 30 առանձին առաքումներով։

«Մենք բարձր ենք գնահատում մի շարք խոշոր ամերիկյան ընկերությունների և բարեգործական կազմակերպությունների կողմից արժեքավոր դեղամիջոցների նվիրաբերումը, որոնք «Հայաստան-Արցախ Հիմնադրամի» երկարամյա գործընկերներ են», նշել է ՀԱՀ-ի նախագահ Հարութ Սասունյանը։

Վերջին 36 տարիների ընթացքում, ներառյալ իր նախորդ կազմակերպության՝ «Միացյալ հայկական հիմնադրամի» միջոցով իրականացված առաքումները, ՀԱՀ-ը Հայաստանին և Արցախին մատակարարել է ընդհանուր 1.1 միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն՝ 168 օդային և 2624 ծովային առաքումներով։

«Հայաստան-Արցախ հիմնադրամին» պարբերաբար անվճար տրամադրվում են միլիոնավոր դոլարների արժողությամբ կենսական նշանակության դեղամիջոցներ և բժշկական պարագաներ։ Մենք մեծապես գնահատում ենք Ձեր առատաձեռն նվիրատվությունները, որպեսզի կարողանանք շարունակել այս արժեքավոր օգնությունը հասցնել Հայաստանի բոլոր բժշկական կենտրոններին», հավելել է Սասունյանը։

«ՀԱՀ բարեգործական կազմակերպությանը կատարված բոլոր նվիրատվությունները հարկային արտոնություններ են ստանում Միացյալ Նահանգներում»։

Լրացուցիչ տեղեկությունների համար կապ հաստատել ՀԱՀ-ի հետ՝ [email protected]

Փարիզն ու Լոնդոնը պատրաստվում են Ուկրաինայում խաղաղապահ առաքելության

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատրաստվում են մասնակցել «բազմազգ ուժերի» դիտորդական առաքելությանը՝ Մոսկվայի և Կիևի միջև ապագա խաղաղության համաձայնագիրն ապահովելու համար: Այս մասին չորեքշաբթի՝ դեկտեմբերի 31-ին, հայտնել է Die Welt թերթը՝ հղում անելով եվրոպական դիվանագիտական ​​աղբյուրներին:

Ըստ թերթի՝ բրիտանական և ֆրանսիական զինվորականները, ԵՄ ներկայացուցիչների հետ միասին, արդեն մշակել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ տրամադրելու ծրագրեր: Ավելին, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են իրենց զորքերը ուղարկել դիտորդական առաքելությանը մասնակցելու նույնիսկ առանց ՄԱԿ-ի կամ ԵՄ մանդատի: Նրանց անհրաժեշտ է միայն Կիևի կառավարության համաձայնությունը:

Ըստ Die Welt-ի աղբյուրների՝ նման դիտորդական առաքելության նախագիծը նախատեսում է, որ ֆրանսիական և բրիտանական զորքերը կկարողանան կրակ բացել, անհրաժեշտության դեպքում, հրադադարը պահպանելու համար: Քննարկվում է նաև այլ անանուն եվրոպական երկրների զորքերի մասնակցությունը: Դիվանագետները գնահատում են, որ հրադադարի առաջին ամիսներին նման «միջազգային ուժերի» թիվը կարող է տատանվել 10,000-ից մինչև 15,000 զինվորի սահմաններում:

«Բազմազգ ուժերը» պետք է ապահովեն Ուկրաինայի անվտանգությունը ծովից և օդից, ինչպես նաև հարևան երկրներից: Die Welt-ը չի նշում այդ ուժերի անունները, բայց ենթադրում է, որ Թուրքիան կարող է զգալի դեր խաղալ դիտորդական առաքելության մեջ, մասնավորապես՝ Սև ծովում:

Մենք իրավունք ունենք ապրելու մեր հողում՝ ազատ, անվտանգ ու արժանապատիվ. Արցախի պետական նախարար

Սիրելի՛ արցախցիներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությությամբ։ Այս մասին ասված է Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանի ամանորյա ուղերձում։

«Ցավոք, մեզ տրվել է անցնելու դժվար ճանապարհ։ Մեր յուրաքանչյուր օրն այսօր պայքար է՝ հանուն ինքնության, հողի և ապագայի։

Թեկուզ մեզ բաժանել են մեր հողից, բայց ոչ ոք չի կարող բաժանել մեզ մեր իրավունքից, մեր պատմությունից և մեր հայրենիքից։

Արցախը մեր անունն է, մեր լեզուն է և մեր վերադարձի հավատը։

Մենք իրավունք ունենք ապրելու մեր հողում՝ ազատ, անվտանգ ու արժանապատիվ։ Այդ իրավունքը չի կարող վերացվել ոչ մի բռնությամբ։

Հավատացեք, որ այս փորձությունը անցողիկ է, իսկ Արցախը՝ հավերժական։

Թող հավատն ու հույսը երբեք չլքեն մեզ, հատկապես Արցախ վերադարձի սպասման այս ճանապարհին։ Վստահ եղեք, որ համախմբվածությամբ, տոկունությամբ և հավատքով մենք կհասնենք մեր արդար նպատակին, և վերադարձը անպայման կդառնա իրականություն:

Այսօր առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է միասնականություն։

Թող գալիք տարին լինի համախմբվածության տարի՝ միավորելով մեզ մեր ուժի, հավատքի և ինքնության շուրջ:

Մեր ուժը մեր համախմբվածության մեջ է՝ ընտանիքի, համայնքի և ազգի մակարդակներում։

Ուզում եմ, որ բոլորդ միշտ հավատքով լինեք, քանզի հավատքն է, որ մեզ թույլ է տալիս չկոտրվել նույնիսկ ամենածանր պահերին։

Թող այս դժվար օրերը չթուլացնեն ձեզ, այլ դարձնեն ավելի ամուր, ավելի գիտակից և ավելի վճռական։

Մենք միասին կհաղթահարենք այս փուլը։

Թող Աստված պահապան լինի մեր ժողովրդին, մեր ընտանիքներին և մեր Արցախին»։

Ես լռել չեմ պատրաստվում․ արցախցի փոքրակազմ ընտանիքները ծայրահեղ ծանր վիճակում են

ՀՀ կառավարության վերջին նիստում որոշումներ են կայացվել արցախցիների սոցիալական աջակցության վերաբերյալ։ Մասնավորապես, երկարաձգվել են 30,000 դրամ աջակցության և արցախցի ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին 40,000 չափով աջակցելու ծրագիրը։ Այս ծրագրերն իրագործելու նպատակով Հայաստանը միջազգային տարբեր կառույցներից ընդհանուր առմամբ ստացել է 500 միլիոն դոլար վարկ: Մինչդեռ բազմաթիվ արցախցիներ համարում են, որ տվյալ գումարը անհրաժեշտ է ուղղել ոչ թե ժամանակավոր աջակցության ծրագրերին, այլ Արցախից փախստականների համար բնակարանների կառուցման գործընթացին:

Step1.am զրուցակիցը՝ արցախցի երգչուհի Լիլիթ Ավանեսյանն է, ով կիսում է վերոնշյալ կարծիքը:

ՙՙԱրցախցիների բնակապահովման խնդրի լուծումը ես տեսնում եմ միայն բնակարաններ տրամադրելու եղանակով՝ գյուղաբնակներին գյուղերում, իսկ քաղաքաբնակներին՝ քաղաքներում: Համամիտ եմ մեր հայրենակիներից շատերի կողմից բարձրաձայնվող մտքի հետ՝ նոր թաղամաս կառուցելու և բոլոր արցախցիներիս կոմպակտ բնակության հնարավորություն տրամադրելու վերաբերյալ: Շատ լավ կլիներ, եթե կառուցվեր թաղամաս ու, ինչու չէ՝ կոչվեր Արցախ:

Իմ պարագայում կոնկրետ ավելի լավ կլիներ, եթե թաղամասը կառուցվեր Երևանում կամ Երևանին մոտ, քանի որ ես, ինչպես արցախցիներից շատերը, աշխատում եմ Երևանում, իսկ հեռու մարզերից ամեն օր հասնել մայրաքաղաք անիրատեսական է ու կապված է մեծ ծախսերի հետ:

Թաղամասի մտահղացումն իմ մոտ առաջացել է դեռևս բռնագաղթի առաջին օրերին: Ես կարծում էի, որ դա այնքան ակնհայտ է, որ շուտով կյանքի կկոչվի, քանի որ այդ ժամանակ ՀՀ կառավարությունը խոստանում էր,  որ Ղարաբաղից տեղահանված քույրերին և եղբայրներին կապահովի ապրելու համար անհրաժեշտ բոլոր լիարժեք պայմաններով, ամենամսյա վարձավճարի փոխհատուցմամբ և այլն:

Հենց այս գործիքները օգտագործելով ՀՀ կառավարությունը լռեցրեց մեր հայրենակիցներին: Այդ պատճառով է, որ նրանցից շատերը հանրահավաքներին չեն մասնակցում և լուրջ գործողությունների չեն դիմում կառավարության դեմ:

Արցախցի բազմազավակ ընտանիքները, որոնք մեր հասարակության զգալի մասն են կազմում, շարունակում են ստանալ երեխաների համար նախատեսված ամենամսյա 30 հազար աջակցությոնը, այդ պատճառով էլ նրանք երևի թե նախընտրում են չպայքարել, բայց ես լռել չեմ պատրաստվում, որովհետև արցախցի բազմաթիվ փոքրակազմ ընտանիքներ տեղահանումից մինչ այսօր գտնվում են ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում:

Ի սկզբանե ՀՀ կառավարությունը տրամադրում էր 50 000 դրամի չափով բնակվարձի փոխհատուցում։ Հաշվի առնելով հատկապես երևանյան ու մարզկենտրոնների գները, փոքրակազմ ընտանիքների պարագայում տվյալ գումարով բացառապես անհնար էր լուծել բնակարանի վարձի խնդիրը: Իսկ ներկայումս այդ ընտանիքների  ճնշող մեծամասնությունը բացառապես զրկված է որևէ աջակցությնից ու հազիվ ծայրը ծայրին հասցնելով փորձում է գոյատևել: (Հիշեցնեմ որ այժմ 30,000 դրամ աջակցություն ստանում են միայն Արցախից տեղահանված հատուկ խմբերի ներկայացուցիչները. 1-ին, 2-րդ կարգի հաշմանդամները, թոշակառուները և փոքր տարիքի երեխաները):

Նոր թաղամաս կառուցելուն միանշանակ կողմ եմ, բայց չէմ կարծում, որ ներկայիս կառավարությունը քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ: Այս ծրագիրը կարող է իրագործվել միայն նոր ուժերի իշխանության գալու դեպքում, իհարկե, եթե նրանք ցանկություն ունենան լուծել արցախցիների խնդիրները:

Այս թաղամասի կառուցումը կտա բազմաթիվ դրական արդյունքներ: Արցախցիների համայնքային բնակեցման դեպքում կպահպանվի մեր ինքնութունը, բարբառը, մշակույթն ու ավանդույթները: Այսպիսով մենք համախմբված բնակվելու դեպքում կդառնանք մի ուժ, որը թույլ չի տա Արցախի հարցը փակվի, ինչն այսօվա կառավարության կողմից անթույլատրելի է:

Ներկայիս ՀՀ իշխանությունները անում են ամեն ինչ, որպեսզի արցախցիները ցրվեն Հայաստանով մեկ կամ ընդհանրապես արտագաղթեն երկրից, քանի որ նրանք շատ լավ գիտակցում են, որ արցախցին ընտրություններում նրանց երբեք ձայն չի տա, հետևաբար նրանք ձգտում են, որ մենք կամ ինտեգրվենք Հայաստանի հասարակությանը, կամ լքենք երկիրը, ինչից հետո Ղարաբաղ և ղարաբաղցի հասկացութունները վեջնականապես կանհետանան և չեն խոչընդոտի ներկայումս պետության կողմից իրականացվող տարբեր գործընթացներին:

Մի խոսքով՝ թե ինչ կլինի ապագայում, ցույց կտան ժամանակները, բայց այն, որ մեզ պետք է նոր կառավարություն, որն ունակ կլինի լուծել պետությունում առկա բազմաթիվ խնդիրները, դա հստակ է՚՚։

Արսեն Աղաջանյան

Ամանորյա միջոցառում արցախցի երեխաների համար

Արցախցիների բարեկամ Սամվել Մովսիսյանի նախաձեռնությամբ օրերս Ամանորյա միջոցառում կազմակերպվեց Արցախյան պատերազմներում, սեպտեմբերի 25-ի պայթյունից զոհվածների և ծնողազուրկ այն բալիկների համար, ովքեր ցանկություն ունեին մասնակցելու միջոցառմանը։

Նախ երեխաների համար Մոսկվա կինոթատրոնում կազմակերպվեց ֆիլմի դիտում, ապա Ամանորյա միջոցառումը շարունակվեց Մարիոթ հյուրանոցում, որտեղ երեխաներին մեծ սիրով սպասում էին Ձմեռ պապիկն ու Ձյունանուշիկը։

Հրաշալի ու տոնական տրամադրություն էր տիրում բոլորի մոտ․ արցախցի երեխաները հավատում էին Ամանորյա հրաշքներին և սպասում, որ Նոր տարում կիրականանան իրենց բոլոր ցանկությունները։ Փոքրիկների ուրախությանը չափ չկար․ երգում, պարում և արտասանում էին, իսկ նրանց խինդ ու ծիծաղը վարակում էին պատանիներին, ովքեր համեստորեն ծափ էին տալիս, հոգու խորքում երազանք պահում։

Փոքրերից ոչ պակաս ուրախանում էին նրանց ծնողներն ու տատիկները, ովքեր, փորձում էին հանուն երեխաների ժպտալ՝ խեղդելով հոգու ցավն իրենց մեջ։

Սամվել Մովսիսյանը, շնորհավորելով բոլորին գալիք տոների առթիվ՝ մաղթեց խաղաղ ու բարեբեր տարի․

-Սա մեր ամենափոքրիկ շնորհակալությունն էր՝ փոխանցելու մեր հարգանքը Արցախի նահատակ մեր եղբայրների ու քույրերի երեխաներին։ Դժվար է նկարագրել այն, ինչ այսօր այս հրաշք երեխաներն ու պատանիները փոխանցեցին մեզ։ Ինչպես նաև առանձնահատուկ շնորհակալություն այս հրաշք երեխաների հարազատներին։ Մաղթում ենք Ձեզ ուժ ու հավատ՝ այս երեխաներին կրթելու և մեր նահատակների հիշատակին արժանի սերունդ մեծացնելու ճանապարհին։

Հարազատները շնորհակալություն հայտնեցին միջոցառման նախաձեռնողներին ու բարերարներին՝ նշելով, որ ցանկացած ուշադրություն անչափ կարևոր է իրենց երեխաների համար։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Այսուհետ գրանցման հասցեն կարելի է փոխել օնլայն եղանակով

Թվայնացումը ՆԳՆ մատուցած հանրային ծառայությունների նոր որակի բարձրացման գրավականն է. այդ համատեքստում թվայնացվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ևս մեկ գործընթաց։ ՀՀ կառավարությունը հաստատել և գործարկել է mcs-register.am հարթակը։

Ըստ այդմ՝ այն քաղաքացիները, որոնք փոխել են բնակության վայրը և ցանկանում են փաստացի հիմունքներով հաշվառվել նոր հասցեում, կարող են առանց գրասենյակ մոտենալու, առանց հերթագրվելու կամ կենդանի հերթում սպասելու և առանց որևէ թղթաբանության դիմումը լրացնել օնլայն տարբերակով։

Խիստ նույնականացման պայմանով՝ անհրաժեշտ է կատարել ընդամենը մի քանի պարզ քայլ․

  • մուտք գործել համակարգ՝ անցնելով խիստ նույնականացում,
  • ընտրել նոր դիմում՝ համանուն կոճակը,
  • ընտրել բնակության վայրի փաստացի հաշվառման դիմում բաժինը․ համակարգն ավտոմատ կերպով կցուցադրի անձնական տվյալները,
  • ստուգել, ավելացնել հաշվառման հասցեն,
  • հաստատել, որ տարածքային տեսուչին հանդիպելու համար դիմումին հաջորդող աշխատանքային օրերին գտնվելու եք նշված հասցեում
  • վերջում անհրաժեշտ է սեղմել պահպանել, վճարել և ուղարկել հաստատման կոճակները և դիմումն արդեն վարույթում կլինի։

Գործընթացի վերաբերյալ հարցերի դեպքում զանգահարել 84-22։

ՆԳ նախարարությունը շարունակելու է լավարկել թվայնացման գործընթացը՝ ապահովելով արագ, անվտանգ և քաղաքացու համար առավել հարմարավետ և հասանելի թվային ծառայություններ։

Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեց․ նա Ամանորը կնշի տանը

Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեց. նրա խափանման միջոցը սահմանվեց տնային կալանք ու գրավ, այս մասին հայտնեց նրա փաստաբան Արմեն Ֆերոյանը։

Փաստաբան Արամ Վարդևանյանն էլ իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, սիրելի գործընկերներ,

2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է: 2025 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ կալանքն առանց որևէ հիմքի երկարաձգվել էր երկու ամսով: Օրերս հերթական միջնորդությունը մեր թիմի կողմից ներկայացվել էր Դատարան՝ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի մեխանիզմով: Դրանից ելնելով այսօր դատական նիստ էր հրավիրվել, որը ըստ այդ մեխանիզմի տարբերվում էր նախորդող դատական նիստերից և չէր ենթադրելու երկար տևողություն: Քննության առնելով մեր միջնորդությունը Դատարանը որոշեց այն բավարարել մասնակի` կիրառելով Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին ինտենսիվ խափանման միջոց տնային կալանք և գրավ»։

Տարեմուտին հաճելի նվեր՝ Գրիգորի Գաբրիելյանցից

Արցախի մասին նոր կապիտալ աշխատություն է լույս տեսել։ Այն հեղինակել է հայտնի երկրաբան-հանքաբան, ակադեմիկոս, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ, ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար, 2008-ից ԱՀ նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան, Շուշիում 3 թանգարանների (կերպարվեստի, երկրաբանության, քանդակների) հիմնադիր, մեր լավ բարեկամ Գրիգորի Գաբրիելյանցը։
Հեղինակավոր աղբյուրներով փաստարկված պատկերագիրքն ամբողջացնում է Արցախի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև Արցախի շրջափակում և, այսպես ասած, էջի փակում։
Սակայ, այս աշխատությամբ գիտնականի ուղերձը հստակ է ձևակերպված… երբեք մոռացության չտալ գողտրիկ աշխարհ Արցախը, քանզի այնքա՜ն հողմեր են անցել-գնացել…

Շախմատային սենսացիա. Կարլսենը պարտվեց Մարտիրոսյանին

Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Քաթարում կայացած աշխարհի կայծակնային առաջնությունում հաղթեց շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենին։

Պարտիան, որտեղ Մարտիրոսյանը խաղում էր սպիտակներով, խաղացվել է 14-րդ ռաունդում և ավարտվել է հայ խաղացողի հաղթանակով 69-րդ քայլում։ Այս հաղթանակից հետո Մարտիրոսյանը 14 հնարավորից վաստակել է 10 միավոր և գերազանցել Կարլսենին։

Կադրերում երևում է, թե ինչպես է Մագնուսը ցրում խաղաքարերը տախտակի վրայով և սեղմում ժամացույցի կոճակը։ Այս խախտման համար աշխարհի 16-րդ չեմպիոնը տեխնիկական պարտություն է կրել։

ԱՄՆ նախագահի շանտաժն ու Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը

2025թ. դեկտեմբերի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ընդլայնված հանդիպման ժամանակ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի համատեքստում խոսելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասին, մասնավորաբար, հայտարարել է. «Առևտուր։ Նրանք առևտուր են անում։ Ես ասացի. «Մենք կդադարեցնենք ձեզ հետ առևտուրը։ Այլևս ոչ մի առևտուր»: Երկուսի հետ էլ… Հետո ես 200 տոկոսանոց մաքսատուրք դրեցի… հաջորդ օրը նրանք զանգահարեցին… 35 տարվա պայքար, և նրանք դադարեցին»:

Մեջբերվածը վկայում է, որ ԱՄՆ նախագահը Հայաստանի և Ադրբեջանի հետ խոսել է շանտաժի լեզվով: Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ շանտաժով անհնար է հասնել հուսալի, հիմնարար լուծման ընդհանրապես, Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի պարագայում մասնավորապես:

Ակնհայտ է, որ առևտուրը դադարեցնելու և մաքսատուրքը բարձրացնելու անլուրջ և անհուսալի միջոցներով հնարավոր չէ լուծել ավելի քան 107 տարվա պատմություն ունեցող Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը:

Հետևաբար, ստեղծված իրավիճակը ոչ թե կոնֆլիկտի լուծում է, այլ՝ անավարտ և անարդար խաղաղություն, որը չի կարող լինել մշտական, այն լինելու է անկայուն և հակված վերափոխվելու պատերազմի:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ