Կկարողանա՞ն վճարել տան վարձավճարներն ու կոմունալ ծախսերը, թե կհայտնվեն դրսում

  • 11:32 09.12.2025

Լոռու մարզի գյուղերից մեկում է բնակվում Արցախից տեղահանված Արևիկը։ Ամուսնու և երկու դպրոցահասակ երեխաների հետ 2023-ի սեպտեմբերի 29-ին է տեղահանվել Արցախի Մարտակերտի շրջանից։

-Տեղահանվելուց հետո նախ Երևան քաղաքում էինք բնակություն հաստատել։ Որոշ ժամանակ հետո հասկացել ենք, որ մեր վարձակալած բնակարանի վարձավճարը չենք կարող տալ ու որոշել ենք տեղափոխվել գյուղական որևէ համայնք։ Ճիշտ է, այստեղ տան վարձավճարները ցածր են, սակայն կա զբաղվածության խնդիր։

Սկսեցինք մշակել տնամերձ փոքրիկ հողամասը և պետության կողմից տրվող աջակցությունների հետ կարողանում էինք յոլա գնալ։ Ամուսինս երբեմն օրավարձով աշխատանք էր գտնում։ Սակայն ՀՀ կառավարության կողմից արցախցիներին տրվող աջակցության ծրագրի փոփոխություններից հետո մեր ընտանիքը կանգնեց վատ դրության առաջ։ Երկու երեխայի համար ստանում ենք ընդամենը 60 000 դրամ։ Մեր տուն մտնող միակ եկամուտը դա է։ Քանի անգամ դիմել ենք հրատապ աջակցության ծրագրում ընդգրկվելու համար, մերժում ենք ստացել։

Ես չեմ ուզում հաց մուրողի տպավորություն թողնել, սակայն ուզում եմ բարձրաձայնել ոչ արդար վերաբերմունքի մասին։ Յուրաքանչյուր արցախցի այս պահին աջակցության կարիք ունի, քանի դեռ ապահովված չէ բնակարանով։ Արցախում մենք մեր տունն ունեինք, մեր կայուն աշխատանքը, որին զուգահեռ զբաղվում էինք գյուղատնտեսական աշխատանքներով։ Մեր պահեստը միշտ առատ էր, առանձնապես տեղահանությունից առաջ, քանի որ չէինք պատկերացնում, թե մեզ ինչ է սպասվում ու լավ նախապատրաստվել էինք ձմեռվան։ Ինչպես արցախցիների զգալի մասը, մենք նույնպես ձեռնունայն ենք հեռացել Արցախից։

Հոգեբանորեն ճնշված ենք ինչպես ես ու ամուսինս, այնպես էլ մեր երկու երեխաները։ Ծանր է, երբ չես կարողանում դեռահաս երեխաներիդ կարիքները հոգալ, որ չտարբերվեն շրջապատի երեխաներից, որ չընկճվեն ավելի։ Առանց այն էլ արցախցի բոլոր երեխաներն անցել են ծանր փորձություններով, ու այդ դաժան հիշողությունները միշտ զգացնել են տալու։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են տարբերակում արցախցիներին։ ՀՀ կառավարությունը, իր այդ որոշումը կայացնելով, ավելի խոցելի է դարձրել մեզ՝ ինչպես նյութապես, այնպես էլ բարոյապես։

Մենք աշխատավոր ժողովորդ ենք, սովոր ենք մեր հացը վաստակել ինքներս, սակայն բոլորն են տեղյակ, որ Լոռու մարզում աշխատատեղեր գրեթե չկան։ Դա վերաբերում է ոչ միայն արցախցիներին, այլ նաև տեղաբնակներին,- ասում է Արևիկը։

Արցախցի կինը չի կարողանում հանգստանալ և արցունքները մի կերպ զսպելով՝ շարունակում է խոսքը

-Արդեն ձմեռ է, բայց իմ երեխաները դեռ աշնանային կոշիկներով են դպրոց հաճախում։ Ախր շատ եմ վիրավորվում, երբ մարդիկ երբեմն չեն ուզում հավատալ, թե մենք ինչերի միջով ենք անցել, ինչեր թողել ու հայտնվել այսպիսի անելանելի վիճակում։ Միաժամանակ ես փառք եմ տալիս Աստծուն, որ իմ ընտանիքն առանց մարդկային կորստի է դուրս եկել Արցախից։ Բա ի՞նչ ասեն այն ընտանիքները, որ զոհեր են տվել, հայրենիքի հետ հարազատներին կորցրել։

Չեմ ուզում կորցնել հույսս ու հավատում եմ, որ այսպես երկար չի շարունակվի։ Ուզում եմ հավատալ՝ մի լույս անպայման կբացվի իմ ժողովրդի համար։

Արևիկի ընտանիքի կարգավիճակում է արցախցիների զգալի մասը։ Մարդիկ մտավախությունների մեջ են՝ կկարողանա՞ն արդյոք հաղթահարել ձմեռվա ամիսները, կկարողանա՞ն վճարել տան վարձավճարներն ու կոմունալ ծախսերը, թե կհայտնվեն դրսում:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ