
Արցախցիների սոցիալական վիճակը օրեցօր վատանում է: Շրջափակումը և Արցախում տեղի ունեցած այլ սարսափելի փորձություններ վերապրած մարդիկ այժմ հայտնվել են ծայրահեղ դժվարին իրավիճակում: Շատ ընտանիքներում կան հատկապես խոցելի խմբերի անդամներ՝ տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք և այլք: Ինչպես կարող են նրանք գոյատևել այս իրավիճակում, լուրջ հարց է։
Մեկ, երկու կամ երեք հոգուց բաղկացած փոքր ընտանիքների համար նույնպես դժվար է, քանի որ չեն կարողանում վճարել չափազանց բարձր բնակվարձը։ Այս տարվա ապրիլից ի վեր Արցախից տեղահանված միայն խոցելի խմբերն են ստանում համեստ ֆինանսական աջակցություն: Այս ծրագիրը կարող է երկարաձգվել կամ չերկարաձգվել 2026 թվականից՝ ամեն ինչ կախված է ՀՀ կառավարության քմահաճույքից:
Վերջերս ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել նոր որոշման նախագիծ՝ Արցախից բռնի տեղահանված, մինչև երեք անձից բաղկացած ընտանիքների բնակարանի վարձավճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ: Ըստ նախագծի, աջակցության ծրագրի մեկնարկը կտրվի 2026 թվականի հուլիսի 1-ից: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել վարձակալության վճարի երկարաժամկետ մասնակի փոխհատուցման եղանակով՝ 120 ամսվա ընթացքում, ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ ամսական 40,000 դրամ։ Տվյալ նախագծի ընդունումը բնակապահովման խնդրի լուծում չէ և ընդունման պարագայում մենք տասը տարի մնալու ենք որպես վարձակալ ու չենք ստանալու սեփականություն, նշում են շահառու ընտանիքները:
Իրա Սահակյանը Ստեփանակերտից է: 2023 թվակակնի իրադաձությունների հետևանքով նա իր տարեց մոր և բոլոր արցախցիների հետ միասին ենթակվել է բռնի տեղահանության: Նրանք երկուսն էլ ունեն հաշմանդամություն և հենաշարժողական լուրջ խնդիրներ: Այժմ ապրում են Արտաշատ քաղաքում վարձակալած բնակարանում:
ՙՙՄենք մտահոգված ենք մեր հետագա ճակատագրով, քանի որ, հաշվի առնելով բնակվարձերի գները, 40,000 դրամով անհնար է լուծել բնակարանի վարձի խնդիրը: Մինչդեռ, ելնելով այսօրա ընդհանուր իրավիճակից, ես վստահ չէմ անգամ, որ 10 տարվա ընթացքում մեզ կտրամադրվի այդ աջակցությունը: Ապրելով Արտաշատում, այժմ վճարում ենք 100 հազար դրամ բնակվարձ, ինչը մեր ընտանեկան բյուջեի գերակշիռ մասն է կազմում: Էլ չէմ խոսում կոմունալ ծառայությունների համար վճարումների մասին: Մենք անգամ դեռևս չէնք ստացել հոկտեմբեր ամսվա 30 հազար դրամ ֆինանսական աջակցությունը և հազիվ ծայրը ծայրին հասցնելով, փորձում ենք գոյատևել:
Վերջերս դիմել ենք նոր անձնագիր ստանալու համար, սակայն մեր ընտանիքը շատ փոքր է՝ 2 հոգի, և մեր դեպքում անիրատեսական կլինի օգտվել բնակապահովման ծրագրից, քանի որ ծրագրով նախատեսված գումարները չեն համապատասխանում անշարժ գույքի շուկայում գներին:
Արցախցիների բնակապահովման խնդրի լուծումը ես տեսնում եմ միայն նրանց բնակարաններ տրամադրելու եղանակով: Մենք համաձայն ենք նույնիսկ սոցիալական բնակարանի՝ պայմանով, որ այն կլինի Երևանում և հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող անձանց համար՚՚ Step1.am-ի հետ զրույցում ասաց Իրա Սահակյանը:
Արսեն Աղաջանյան