
Արցախից բռնի տեղահանված փոքր ընտանիքների բնակապահովման վերաբերյալ e-draft.am կայքում հանրային քննարկման դրված նախագծի վերաբերյալ արցախցիներից մի շարք առաջարկություններ են ստացվել։ Նախագիծը հանրային քննարկման էր դրվել նոյեմբերի 14-ից մինչեւ դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում։
Կաառավարությունն արցախցիների առաջարկություններն ընդունել է ի գիտություն։ Ի պատասխան արցախցիների առաջարկությունների՝ կառավարությունից նախագծի վերաբերյալ մեկնաբանել են, որ նախագծով առաջարկվող սոցիալական աջակցության միջոցառումը չի կարող լուծել սոցիալական պաշտպանությանն առնչվող բոլոր խնդիրները, ուստի նախարարության կողմից իրականացվում են սոցիալական աջակցության այլ միջոցառումներ, որոնց նպատակը, շահառուների շրջանակը, տրամադրման պայմանները կարգավորվում են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով։
Ավելի վաղ տեղակացրել էինք, որ հանրային քննարկման դրված կառավարության որոշման նախագծով նախատեսվում է կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցություն տրամադրել Արցախից բռնի տեղահանված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում հաշվառված, ծրագրի շրջանակում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր չստացած կամ այն չեղարկած 1-3 անդամ ունեցող այն ընտանիքներին, որոնք բաղկացած են միայն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 60 եւ ավելի տարեկան անդամներից, կամ որոնց անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ որոնց անդամների հանրագումարը 175 եւ ավելի է՝ 3 անդամի դեպքում: Նախատեսվում է սոցիալական աջակցությունը տրամադրել 120 ամիսների ընթացքում՝ աջակցության ամսական չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար սահմանելով 40 000 դրամ:
Step1.am-ը ներկայացնում է այս նախագծի վերաբերյալ արցախցիների ներկայացրած առաջարկությունների մասը։
«Ձեզ ասում են՝ փոքր ընտանիքների համար ծրագիր մշակեք, դուք կուտ եք տալ ուզում ժողովրդին։ Է հետո՞, 10 տարվա մեջ էս մարդիկ ստացան գումարը, տվեցին տանտերերին, ժամկետը լրացավ, հետո ո՞նց պիտի ապրեն առանց տանիք։ Թե՞ ձեր հաշվարկներով 10 տարուց ավել չպետք է ապրեն։ Իսկ երիտասարդ փոքր ընտանիքները ի՞նչ անեն, ո՞նց տուն ձեռք բերեն»
«Առաջարկում եմ 120 ամսվա վարձավճարի գումարը տրամադրել շահառու ընտանիքներին բնակարան ձեռք բերելու հանար, թե չէ 120 ամսից հետո, այդ ընտանիքը լինելու է անօթեւան, իմա՞ստը այդ ծրագրի։ Իմ ընտանիքը բոլոր կետերով շահառու է, բայց մենք չենք օգտվելու այդ ծրագրից, ինձ պետք է բնակարան, այլ ոչ թե բնակարանի վարձավճար»։
«Ավելի արդյունավետ կլինի, որ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին կորցրած անշարժ գույքի փոխահատուցման ծրագիր մշակեք եւ տրամադրեք փոխահատուցում՝ առանց որեւէ նախապայմանների: Նախարարության կողմից մշակված այս ծրագիրը ծաղր է հաշմանդամություն ունեցող անձնաց նկատմամբ»։
«Հարցի լուծումը հնարավոր է միայն շահառուների ներկա բնակության վայրերում յուրաքանչյուր շնչի հաշվով 15 քառ․ մետր տարածքով բնակարանի կամ բնակելի տան կառուցման դեպքում կամ ԼՂ-ում ունեցած բնակելի գույքին համապատասխան փոխհատուցման միջոցով»։
«Եթե ծրագրի նպատակը փոքր կազմով ընտանիքներին աջակցելն է, հաշվի առնելով, որ ներկայիս պայմաններում հավաստագրերով հատկացվող գումարները չեն կարող բավարարել փոքր կազմով ընտանիքների բնակարան ունենալու պահանջն այժմյան գնաճի պարագայում, ուստի կարելի է ենթադրել, որ նախագիծը այդքան էլ արդարացված չէ, քանի որ առանձնացված են փոքր եւ նեղ կազմով ընտանիքներ։ Այս պարագայում կարիքավոր եւ փոքր կազմով շատ ընտանիքներ դուրս են մնում որեւէ իրատեսական աջակցությունից՝ պայմանավորված տարիքային հանրագումարի շեմով։ Որպես օրինակ նշենք․ եթե ընտանիքում հայր, մայր եւ զավակ են, միջինում եթե ամուսինները 65 տարեկան են, ապա նրանց զավակը պետք է լինի 45 տարեկան, նրանց տարքային հանրագումարը կստացվի 175։ Այս դեպքում աջակցությունց զրկվում են այն 1-3 անդամ ունեցող ընտանիքները, որտեղ կա անչափահաս երեխա, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձինք։ Բացի այդ հատկապես խոցելի են մեկ անդամ ունեցող ընտանիքները, որոնց ընդամենը տրվելու է 40000 ՀՀ դրամ աջակցություն, որը ներկայիս վարձակալության շուկայական գների հետ անհամատեղելի է, հատկապես եթե շահառու են 60-ն անց հաշմանդամության խորը կամ ծանր աստիճան ունեցող քաղաքացիները, որոնց խնդիրները բազմաթիվ են։ Իսկ 2 կամ 3 անդամներից բաղկացած ընտանիքների դեպքում, հաշվի առնելով նախագծով նախատեսված տարքիային հանրագումարը, հասկանալի է, որը ընտանիքի անդամները հանդիսանալու են տարեցներ, մեծամասնությունը աշխատելու եւ իրենց համար եկամուտ ապահովելու հարցում ոչ ունակ, ուստի տրամադրվող գումարը, ոչ նպատակային է լինելու եւ որոշումը չի ծառայելու իր բուն նպատակին»։
«Առաջրկում ենք վերանայել տարիքային շեմերը՝ այն հնարավորինս նվազեցնելով եւ իրատեսական դարձնելով։ Առաջարկում ենք նախագծով սահմանել, որ 120 ամիսների ընթացքում տրվող դրամական աջակցության պարբերաբար վերանայում կլինի՝ հաշվի առնելով վարձակալության շուկայական գների տատանումներն ու գնաճը, ցանկալի կլիներ կրճատել այդ ժամկետը։ Վերանայել հատկացվող աջակցությունը՝ կախված ընտանիքի անդամի թվաքանակից (1 անձը եւ 3 անձը նույն տրվող աջակցության չափով չեն կարող բնակարան վարձակալել)։ Առաջարկում ենք ՀՀ ԱԱԾ սահմանահատումների բազայով ստուգել համատեղ չբնակվող ամուսնու՝ Հայաստանում չգտնվելու ժամանակահատվածը (մոտ 90 օր եւ ավել), որպեզի դիմելու պահին ամուսնու տվյալները չներկայացնելը չհամարվի կեղծ եւ ընտանիքը չզրկվի աջակցությունից, այս պարագայում ամուսնունուն ուղղակի չդիտարկել որպես ծրագրի շահառու։ Առաջարկում ենք սոցիալական կացարանից հրաժարված ընտանիքին հնարավորություն տալ օգտվելու աջակցությունից՝ հաշվի առնելով սոցիալական արդարության եւ հավասարության սկզբունքը»։
«Նպատակահարմար է նախագծում հաշվի առնել այն իրողությունը, որ շատ ընտանիքներում, եթե 1 կամ 2 անդամ աշխատում են, աշխատավարձը չի ապահովում շուկայական վարձով բնակարան վարձելուն անհրաժեշտ նվազագույն գումարը։ Ներկայում շուկայում բնակարանների միջին վարձավճարը կազմում է 150 000–200 000 դրամ, որն աշխատող փոքր եկամուտ ունեցող ընտանիքների համար ծանրաբեռնվածություն է․ նրանց եկամուտը հիմնականում ծածկում է միայն կոմունալ և կենսապահովման առաջնային ծախսերը։ Առաջարկ՝ նախագծում նպատակահարմար է հստակ նշել, որ աշխատող լինելու փաստը չպետք է սահմանափակի աջակցության հասանելիությունը, քանի որ դա չի նվազեցնում ընտանիքի իրապես կրած բնակարանային ֆինանսական բեռը։ Այս մոտեցումը կերաշխավորի ծրագրի սոցիալական արդարացիությունը եւ կներառի այն ընտանիքներին, որոնք գտնվելով շուկայական վարձակալության պայմաններում՝ շարունակում են օժանդակության կարիք ունենալ»։
«Շատ անհեռանկար ծրագիր է, այդ գումարը խնդրի լուծում չէ, մեր տունը վաճառքի եք հանել ձեր սիրելի Ալիեւին, գումարը գրպաններդ դրած՝ ցոփ ու շվայտ կյանք եք վարում, մեզ տնով ապահովեք»։
Ռոզա Հովհաննիսյան