Ինչպես Արցախից դուրս ենք եկել, այդպես էլ պետք է կարողանանք վերադառնալ․ Դանիելյան

  • 14:52 10.12.2025

«Ստեղծված իրավիճակում հնարավոր չէ ընտրություններ կատարել, եւ Արցախի պետական ինստիտուտները շարունակելու են իրենց գործողություններն այս ձեւով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահ, Արցախի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Դանիելյանը՝ անդրադառնալով հարցին, թե Արցախի խորհրդարանը չի պատրաստվո՞ւմ Արցախի նախագահ ընտրել։

Դանիելյանն անդրադարձավ նաեւ ՀՀ իշխանությունների հայտարարություններին այն մասին, թե արցախցիների վերադարձի հարցը բարձրացնելը սպառնալիք է ՀՀ համար։ Նա նշեց, որ շրջափակումից հետո հարձակվեցին ու հայաթափեցին Արցախը, ի՞նչ արեցին ՀՀ իշխանությունները։ Իսկ հիմա ՀՀ իշխանությունները ոչինչ չեն առաջարկում, որպեսզի արցախցիները կարողանան Հայաստանում բնակվել։ «Երկրորդ՝ միջազգային իրավունքով էլ է հաստատված, որ ցանկացած ժողովուրդ ու անհատ կարող է վերադառնալ իր հայրենիք ու տուն, որպեսզի կարողանա իր կյանքը շարունակել։ Եվ այսօր խոսել այն մասին, որ սա վտանգ է ՀՀ համար, ճիշտ չէ, ուղղակի պետք է բանակցել։ Եվ այդ բանակցությունների արդյունքում ամեն ինչ էլ հնարավոր կլինի»,- ասաց Դանիելյանը։

Նա նշեց, որ Արցախի իշխանությունները վերադարձ տեսնում են միայն այն դեպքում, երբ կլինեն միջազգային անվտանգային մեխանիզմներ։ Եվ պետք է լինի հավաքական վերադարձ։ «Այն պայմանները, որոնք տարբեր կողմերից տարբեր ժամանակներում հնչել են՝ անհատական կամ խմբային վերադարձ, Արցախի Ազգային ժողովի եւ իշխանությունների կողմից ընդունելի չեն։ Մեզ համար ընդունելի է միայն վերադարձի այն տարբերակը, որ ինչպես Արցախից մենք դուրս ենք եկել, այդպես էլ կարողանանք վերադառնալ»,- հավելեց նա։

Անդրադառնալով կարգավորման վերաբերյալ 2019 թվականի առաջարկներին, որոնք վերջին շրջանում բուռն քննարկվում են, Աշոտ Դանիելյանն ասաց, որ արցախցիների համար մեկ բան պարզ էր՝ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող այդ բանակցային գործընթացով ինքնորոշման սկզբունքը պետք է պահվեր։

«Եթե այնտեղ գրված է՝ միջանկյալ կարգավիճակ, պետք է հասկանանք, որ եթե կա միջանկյալ կարգավիճակ, ուրեմն պետք է լիներ նաեւ վերջնական կարգավիճակ։ Այսինքն՝ հարցի լուծում հնարավոր էր 2019 թվականի այդ առաջարկություններով»,- նշեց նա՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունները պետք է քաղաքական կամք ունենային՝ նախ Մինսկի խմբի համանախագահներին հստակ պատասխան տալու՝ ընդունելի են այդ առաջարկները, թե ոչ, ապա նաեւ՝ հայ հասարակության հետ այս հարցերը քննարկելու համար։