Ռուսաստանը վերջին պահին խանգարել է Ուրուգվային ճանաչել Արցախը

  • 23:50 10.12.2025

Կարելի է պատրաստվել առցանց ընտրությունների եւ ապահովել Արցախի իշխանությունների լեգիտիմությունը։ Այս մասին Արցախի խորհրդարանի կազմակերպած «Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ ասաց ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Բայց այս ամենն անելու համար պիտի գանք նույն հարցին՝ Հայաստանի այս իշխանություններով ոչինչ չի կարելի անել»,- նշեց նա։

Կիրո Մանոյանն անդրադարձավ նաեւ Արցախի հարցում Ռուսաստանի վարած քաղաքականությանը եւ այն հայտարարություններին, որ Պուտինն ասել էր՝ անգամ ՀՀ իշխանությունները չեն ճանաչել Արցախը։

Մանոյանն ասաց, որ 2012 թվականին Ուրուգվայի այն ժամանակվա արտգործնախարարը եկավ հասավ Երեւան, ծրագրված էր, որ պետք է գնար Ստեփանակերտ եւ հայտարարեր, որ Ուրուգվայը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը։

«Օդանավից դեռ չիջած՝ իր նախագահը զանգեց, որովհետեւ Մոսկվայից զանգել էին, որ հետ գնար։ Ռուսաստանը շատ մեղքեր ունի այս ամենի մեջ՝ եւ կարգավորման գործընթացի, եւ խաղաղապահների հարցի, եւ տեղահանության։ Այս մեկ փաստը եւս կա, որ արգելել է։

Բայց 2023 թվականի հոկտեմբերից գոնե ունենք բոլորի կեսբերան ասած վերադարձի իրավունքի մասին հաստատումը։ Վերջերս նույնիսկ ԱՄՆ դեպարտամենտը վերահաստատեց, որ դա շարունակում էր մնալ ԱՄՆ օրակարգում։ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն էլ կա, բոլորը հաստատել են արցախցիների վերադարձը։ Մնացածը աշխատանքի եւ հետապնդելու հարց էր, ու կարեւոր է այսօր նորից Արցախի իշխանությունների ակտիվությունը։ Մենք Արցախի իշխանություններին զորավիգ կկանգնենք, ինչ կարող ենք, կանենք, մնում է, որ Արցախի իշխանություններն ակտիվանան»,- նշեց նա։