««Մենք չենք ասում՝ պատերազմեք, մենք ասում ենք՝ քաղաքական օրակարգ բեր այդ հարցը»․ Բեգլարյան

  • 15:36 11.12.2025

Արցախի նախկին պետնախարար, իրավապաշտպան Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Արցախի ներկայացուցչությունում ընթացող խուզարկությանն ու Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին։ Նա ասաց, որ Փաշինյանի հայտարարությունների ու այսօրվա գործողությունների միջեւ կարող է կապ լինել։

«Իսկ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից հրաժարվողը չի կարող լինել Նիկոլ Փաշինյանը կամ ՀՀ վարչապետը։ Արցախի ժողովուրդը՝ այդ իրավունքի տերը պետք է որոշի՝ վերադառնում է, թե չի վերադառնում։ Տվյալ պարագայում ՀՀ վարչապետը կարող է միայն ՀՀ կառավարության դիրքորոշումը ձեւակերպել, որը մեզ համար խիստ անընդունելի է։ Դատապարտելի է, որ Հայաստանի կառավարությունը նման դիրքորոշում ունի, ընդ որում՝  իրավունքները վաճառքի է հանում եւ հավասարության նշան է դնում Արցախի ժողովրդի վերադարձի ու ադրբեջանցիների չակերտավոր վերադարձի միջեւ, որտեղ որեւէ եզր չկա՝ ոչ պատճառների մասով, թե ով ինչպես է լքել իր տունը, ոչ փոխհատուցումների, ոչ ժամկետների, ոչ ծավալների եւ ոչ էլ իրավական հիմքերի առումով։ Քիչ թե շատ կարող է քննարկելի ու համադրելի լինել ադրբեջանահայության վերադարձը եւ Հայաստանում ապրած ադրբեջանցիների վերադարձը, բայց քիչ թե շատ, որովհետեւ ադրբեջանահայությունը բռնի գաղթել է ցեղասպանական քաղաքականության հետեւանքով, իսկ Հայաստանի ադրբեջանիցները հանգիստ, առանց որեւէ բռնության, առանց սպառնալիքի իրենց կամքով հեռացել են Հայաստանից»,- ասաց Բեգլարյանը։

Նա նշեց, որ ՀՀ իշխանություն այլեւս մանդատ էլ չունի, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելով՝ հրաժարվել է մանդատից։ «Բայց, եթե այլ կերպ մեկնաբանենք, օրինակ, Արդարադատության միջազգային դատարանի հրամանը վերաբերում է ամբողջ միջազգային հանրությանը, այդ թվում՝ Հայաստանին։ Ընդ որում Հայաստանի դիմումի հիման վրա է դա ընդունվել։ Այսինքն՝ տվյալ դեպքում ՀՀ կառավարությունն ասում է՝ ես չեմ կատարում դատարանի հրամանը, մի հատ էլ արդարացնում է ցեղասպանությունը»,- նշեց նա։

Բեգլարյանն ասաց, որ շատ արցախցիներ ուզում են վերադառնալ, բայց դրա համար պետք է պայմաններ ստեղծվեն, իսկ պայմաններ ստեղծվելու համար ՀՀ-ն պետք է միջազգային հանրության մոտ այս հարցը պաշտոնապես բարձրացներ, այդ թվում՝ Ադրբեջանի հետ բանակցություններում։ «Մենք չենք ասում՝ պատերազմեք, մենք ասում ենք՝ քաղաքական օրակարգ բեր այդ հարցը եւ միջազգային դատարանի հրամանը կատարելու համար դիմիր միջազգային համապատասխան կառույցներին ու պետություններին եւ ասա, որ այս հրամանն Ադրբեջանն անբարեխիղճ կերպով չի կատարում։ Ուզում եմ հասկանալ՝ սա պատերա՞զմ է։ Սա նշանակում է, որ ինքը ոտնահարում է իրավունքները, իր պարտավորությունները չի կատարում, այդ թվում՝ անձամբ իր ստանձնած պարտավորությունները դատարան դիմելու հիմքով»,- նշեց նա։

Արտակ Բեգլարյանը չբացառեց, որ Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցող խուզարկությանը կարող են հաջորդել ձերբակալություններ․ «Կարող են լինել ձերբակալություններ, վաղուց քաշքշում են, տարբեր քրեական գործերով տարբեր կարգավիճակներ են տալիս Արցախի պաշտոնյաներին»։