
Երևանի LOFT-ում <<Ասկերանցիներ համայնքի զարգացման կենտրոն>> ՀԿ նախաձեռնող խմբի՝ ի դեմս՝ Ալլա Արզումանյանի, Ելենա Սարկիսյանի, Մարինե Գաբրիելյանի, հերթական միջոցառումն է կազմակերպվել։ Հովանավորը <<Աշտարակ կաթ>> ՍՊԸ–ն է՝ հանձին՝ ընկերության տնօրեն Սեյրան Հարությունյանի։ Արցախցի կանանց ձեռքի աշխատանքներն ու արցախյան ավանդական խոհանոցի բարիքները վաճառքի հանելու անվճար հարթակի հնարավորություն է տրվել։ 20 ձեռներեց կանանց շարքում են նաև <<Ասկերանցիներ համայնքի զարգացման կենտրոն>> ՀԿ–ի <<Վերածնունդ>> ծրագրի շահառուներ։
Սեղանները լեցուն էին ձեռքի հետաքրքիր աշխատանքներով՝ պայուսակներ, բարձիկներ, շապիկներ, սփռոցներ, սրբիչներ, բազմազան խաղալիքներ, բրդյա խայտաբղետ գուլպաներ, աքսեսուարներ և հետաքրքիր մտահղացումներով տարբեր իրեր: Դե՜, իսկ արցախյան խոհանոցի բարիքներն իրենց ախորժաբույրով միանգամից գրավում էին մասնակիցների ուշադրությունը։
Իրենց գործունեության, օրվա անցուդարձի մասին կանայք սիրով են խոսում
Մարինե Գաբրիելյան
-Ժենգյալով հաց թխելն ինձ համար հաճույք է, միաժամանակ ընտանիքիս համար եկամտի աղբյուր։ 2020 թվականից հետո եմ սկսել ժենգյալով հաց պատրաստել ու վաճառքի հանել։ Իմ աշխատանքը գնահատվում է արցախյան ամենահամով ուտեստը սիրող մարդկանց կողմից։ Արդյունքում ունեմ հավատարիմ պատվիրատուներ և ուրախ եմ, որ կարողանում եմ գոհացնել նրանց, ինչպես նաև հոգալ ընտանիքիս կարիքները։ Այս ցուցահանդես-վաճառքը ևս մի առիթ է, որ արցախցի շնորհաշատ կանայք կարողանան ներկայացնել իրենց սեփական արտադրանքը ու ճանաչելի դառնալ, ինչի համար շնորհակալ ենք կազմակերպիչներին ու հովանավորին։
Անյուտա Հովսեփյան
– Ապրում եմ Մասիս քաղաքում։ Արցախում աշխատում էի Ասկերանի շրջանի Դաշուշենի միջնակարգ դպրոցում՝ որպես պատմության ուսուցչուհի։ Տեղահանությունից հետո զբաղվում եմ հրուշակագործությամբ։ Թխում եմ արցախյան բաղադրատոմսով փախլավա, գաթա, կաթնաշորով թխվածքներ, տարբեր միջուկներով ռուլետներ: Այս աշխատանքը դարձել է մեր ընտանիքի եկամտի աղբյուրը։ <<Արցախի համն ու հոտը>> անվանումն է կրում իմ արտադրանքը և արդեն հայտնի է Մասիսում։ Հրուշակեղենս իրացնում եմ որոշ խանութներում, ինչպես նաև պատվերներ ընդունում օնլայն։ Մի քանի անգամ մասնակցել եմ տարբեր տոնավաճառների և հաջողությամբ վաճառել իմ արտադրանքը։ Շնորհակալ եմ, որ կազմակերպվում են նման ցուցահանդես-վաճառքներ։
Մարիա Հայրիյան
-Միշտ էլ սիրել եմ գեղեցիկ գործեր ստեղծել։ Արցախում ֆլորիստիկայով էի զբաղվում, ունեի ծաղկի խանութ։ Իմ մեջ մանկուց սեր ու շնորհք կար ձեռքի աշխատանքների հանդեպ։ Տեղահանությունից հետո սկսել եմ կարել ծածկոցներ, սրբիչներ, անկողնային պարագաներ։ <<Վերածնունդ>> ծրագրի շահառու եմ և ծրագրի շրջանակներում ձեռք եմ բերել կարի մեքենա, սկսել ընդլայնել գործունեությունս։ Իմ արտադրանքը շատ որակյալ է։ Փորձում եմ այնպես անել, որ հաճախորդները գոհ մնան։ Ցանկացած պատվեր ընդունելիս հաշվի եմ առնում պատվիրատուի ճաշակն ու ցանկությունները։ Ինձ օգնում են նաև դուստրերս։ Այս աշխատանքը թեթևացնում է ընտանիքիս հոգսերը, միաժամանակ փորձում եմ աշխատելուս ընթացքում կտրվել ծանր մտքերից, թեև միշտ չէ, որ հաջողվում է։
Ռիտա Շահնազարյան
-Մարտունու շրջանի Սոս գյուղից եմ տեղահանվել։ Ամբողջ կյանքում աշխատել եմ դպրոցում, որտեղից էլ անցել եմ թոշակի։ 42 տարվա մանկավարժական ստաժ ունեմ։ Այժմ բնակվում եմ Երևան քաղաքում։ Գուլպաներ գործելու առաջարկն ինձ արել է <<Արցախ կարպետ>> ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը։ Նա տրամադրում էր հումքը, ապա ստանում պատրաստի գործերը և իրացնում խանութում։ Սկզբում գործում էի միայն հասարակ գուլպաներ, հետո սկսեցի գործել արցախյան կարպետի նախշերով։ Աշխատում եմ միշտ իրար չնմանվող գուլպաներ գործել։ Ինձ շատ է դուր գալիս ձեռագործությունը, և այն արդեն համարում եմ իմ երկրորդ մասնագիտությունը։ Առանց դրա այլևս իմ կյանքը չեմ պատկերացնում։ Որտեղ էլ լինեմ, շտապում եմ տուն, որ սկսեմ գործել։ Իհարկե, նաև եկամտի աղբյուր է մեր ընտանիքի համար։ Շնորհակալ եմ նախաձեռնողներին և հովանավորին՝ այսպիսի հարթակ մեզ տրամադրելու համար։
Իդա Պողոսյան
– <<Ida’s bakery>> բրենդով տարբեր միջոցառումների եմ մասնակցել։ Նմանատիմ ցուցահանդես-վաճառքներն օգնում են հայտնի դառնալ, ձեռք բերել նոր հաճախորդներ և, իհարկե, վաճառել սեփական արտադրանքը։ Պատրաստում եմ տարբեր տեսակի խմորեղեն և արդեն կարողանում եմ հեշտությամբ իրացնել, որովհետև իմ արտադրանքը շատ համով ու որակյալ է։ Ընդունում եմ պատվերներ օնլայն, ինչպես նաև համագործակցում եմ տարբեր սննդի կետերի հետ։ Շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր աջակցում են արցախցի կանանց՝ նման ձեռնարկներով։ Շատ ոգևորիչ է, որ մեր պատվիրատուրների շարքում ինչպես արցախցիներ, այնպես էլ հայաստանաբնակ մեր հայրենակիցներն են։
Ինչքա՜ն հաճելի էր, որ այսօր LOFT-ն Արցախով էր շնչում։ Հնարավոր չէր կտրվել ու մտածել տուն գնալու մասին․ մեկտեղվել էին արցախյան բարբառը, քաղցրածոր բույրերն ու բազմերանգ գույները, իրարից կարոտ առնող ու չհագեցող մարդիկ։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ