Արցախցիների համար երկու սոցիալական ծրագրերը կշարունակվեն․ որոշման նախագիծը պատրաստ է

  • 11:35 23.12.2025
Արցախցիների առանձին խմբերի համար նախատեսված սոցիալական աջակցության 2 ծրագրեր նախատեսվում է երկարաձգել առնվազն 6 ամսով։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով և բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրերին։
«ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական աջակցության ձևով՝ 2025 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ ամիսների համար, իսկ սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ կազմել է 40000 դրամ, իսկ 2025 թվականի հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ կազմում է 30000 դրամ»,- հիշեցնում են նախարարությունից։
Նախարարությունից հայտնում են, որ արդեն իսկ մշակվել և պաշտոնական շրջանառության մեջ է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է աջակցությունների տրամադրման համար նախատեսված դիմումների ժամկետը սահմանել մինչև 2026 թվականի հունիսի 15-ը: