
Սրբուհին Արցախից է տեղահանվել։ Նա 18 տարեկան է։ Տեղահանությունից հետո շատ բան է փոխվել այս փխրուն աղջկա կյանքում։ 2023-ի սեպտեմբերի 25-ը լրիվությամբ փոխել էլ նրա ընտանիքի սահուն ընթացքը։ Հայրն ու եղբայրը պայթյունի զոհ են դարձել։ Սրբուհին հասկացել է, որ պետք է հավաքի բոլոր ուժերը և թիկունք լինի հարազատներին։
Կոտայքի մարզի Քասախ գյուղում Սրբուհին զբաղվում է մատնահարդարությամբ։
Արցախցի աղջիկն իր առաջ նպատակ է դրել և գնում է նրա հետևից
-Hayriyan-nails-ը ծնվել է ոչ թե մի օրում, այլ իմ անցած ճանապարհի ընթացքում, թեև այն այնքան էլ երկար չէ։ Ծնվել է իմ մտորումների, ցավերի ընթացքում․ երբ կասկածել եմ ինձ վրա, բայց չեմ կանգնել, երբ վախ եմ ունեցել, բայց շարունակել եմ աշխատել, երբ հասկացել եմ, որ պետք է ապրել: Սա մի հավատքի պատմություն է․ առաջին հերթին՝ իմ ձեռքերի հանդեպ։
Սկզբից պարզապես ուզում էի սովորել։ Հետո հասկացա, որ ուզում եմ ավելին։ Ու հիմա արդեն գիտեմ՝ ես ուզում եմ ստեղծել մի գողտրիկ տեղ, որտեղ իմ աշխատանքից մարդը ոչ միայն գեղեցիկ արդյունք կստանա, այլ նաև իրեն վստահ ու խաղաղ կզգա։ Չեմ շտապում կատարյալ լինել։ Շտապում եմ լինել մաքուր իմ աշխատանքում, անկեղծ իմ մոտեցման մեջ ու պատասխանատու ամեն մի հաճախորդի հանդեպ, ով լրիվությամբ վստահում է ինձ։ Hayriyan-nails-ի հիմքում ջերմությունն է։ Այստեղ գեղեցկությունը չի պարտադրվում, այլ ծնվում է համատեղ վստահությունից։ Այս ճանապարհին ես սովորել եմ վստահել գործընթացին։ Սովորել եմ ընդունել, որ նպատակին հասնելը երբեմն ցավոտ է լինում, բայց միշտ իմաստալից։ Յուրաքանչյուր աշխատանք ինձ ավելի ուժեղ ու վստահ է դարձնում։ Hayriyan-nails-ն ինձ համար սոսկ աշխատանք չէ, այլ բնավորության արտացոլանք, որտեղ մանրուքները կարևոր են, իսկ մարդը՝ առաջնահերթ։ Եթե մի օր այն կոչվի Hayriyan-nails. Studio, ապա ես ուզում եմ, որ մարդիկ ներս մտնելուն պես անմիջապես վստահություն ու ջերմություն զգան։
Սրբուհի Հայրիյանը ծնվել է Արցախի Ասկերան քաղաքում, աշխատասեր ու համերաշխ մի ընտանիքում։ Հայրն ու եղբայրը Արցախի պաշտպանության նվիրյալներն էին։ 2023-ի սեպտեմբերին մարտական դիրքերից վերադարձել, զոհ են դարձել չարաբաստիկ պայթյունին։ Իսկ պապիկն Արցախյան առաջին պատերազմի զոհված հերոսներից է՝ Սուրեն Հայրիյանը։
Սրբուհու մանկությունը և դպրոցական տարիներն անց են կացել հայրենի Ասկերանում։ Սովորել է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ ձեռք է բերել ամուր գիտելիքներ և պատասխանատվության, աշխատասիրության ու նպատակասլացության կարևոր հատկանիշներ։
2022 թվականին ընդունվել է ՇՏՀ ուսումնական հաստատություն, էկոնոմիկայի և հաշվապահական հաշվառման բաժին, որտեղ աչքի է ընկել որպես գերազանցիկ ուսանող՝ մշտապես ընդգծելով իր աշխատասիրությունը և ուսումնական ակտիվությունը։ 2023 թվականին Արցախի տեղահանությունից և ընտանիքին հասած ողբերգությունից հետո ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել ուսումը։ Նպատակ ունի շարունակել։
Սրբուհին մասնակցել է մատնահարդարման մասնագիտական ուսուցման դասընթացների
-Տեղահանվելուց հետո, թեև դժվարությամբ, բայց որոշեցի իմ ուշադրությունն ուղղել մասնագիտական ստեղծարար ոլորտին և ձեռք բերել նոր հմտություններ։ 2023-2024 թվականներին մասնակցեցի մատնահարդարման մասնագիտական ուսուցման դասընթացներին, որտեղ խորացված կերպով ուսումնասիրեցի մատնահարդարման ամենաբազմազան տեխնիկաները՝ ներառյալ դասական, ֆրանսիական, գելային և ակրիլային եղանակները, դիզայնի տարբեր ոճերը, ինչպես նաև նորարար ու ստեղծագործ մոտեցումներ՝ ձեռքի արվեստի ոլորտում։ Դասընթացների ժամանակ մեծ ուշադրություն դարձվեց հիգիենայի և սանիտարական նորմերի, հաճախորդի էսթետիկ պահանջների ճիշտ գնահատման ու մասնագիտական շփման հմտությունների զարգացման վրա։ 2025 թվականից սկսեցի գործնական գործունեություն մատնահարդարման ոլորտում՝ աշխատելով հաճախորդների հետ, զարգացնելով իմ մասնագիտական կարողությունները, բարելավելով ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը, ինչպես նաև ձևավորելով սեփական ոճ ու ստեղծագործական մոտեցում։ Ներկայումս ապրում և աշխատում եմ Կոտայքի մարզի Քասախ գյուղում։ Օգտագործում եմ իմ ստեղծագործական և պրոֆեսիոնալ հմտությունները՝ հաճախորդներիս համար բարձրորակ և գեղեցիկ մատնահարդարման ծառայություններ մատուցելու համար։ Չնայած կյանքի դժվարություններին՝ շարունակում եմ առաջ շարժվել։ Ապագայում նպատակ ունեմ ավելի խորացնել գիտելիքներս, ընդլայնել փորձս և շարունակաբար աճել որպես մասնագետ։ Օգնում եմ նաև մայրիկիս, ով տեղահանությունից հետո ստեղծել է <<TEXTILE. GO TEXTILE INDUSTRY>> բրենդը, զբաղվում է ձեռքի աշխատանքներով․
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ