
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն հաստատել է 250 միլիոն դոլարի ֆինանսավորում՝ աջակցելու «Հայաստանում բնակարանային աջակցության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրին»։ Այս գործառնության նպատակն է ապահովել մատչելի բնակարանային հասանելիությունը փախստական ընտանիքների համար և ամրապնդել երկրի բնակարանային և հիփոթեքային համակարգերը։ Ֆինանսավորման փաթեթը ներառում է երկու դրամաշնորհ. «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի» (Global Concessional Financing Facility (GCFF)) ՝ 24.4 միլիոն դոլարի չափով։
Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին օժանդակելու համար այս ծրագիրն անհապաղ վարձակալության աջակցություն կտրամադրի ավելի քան 40,000 փախստականների և հիփոթեքային սուբսիդիաների միջոցով կօգնի մոտ 6,500 փախստական ընտանիքների ձեռք բերել մշտական բնակարաններ։
Ծրագիրն իրականացվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ազգային հիփոթեքային ընկերության ղեկավարությամբ՝ կառավարության վերահսկիչ կոմիտեի ռազմավարական վերահսկողության ներքո։
Ծրագիրը փոխլրացնում է զարգացման գործընկերների ոլորտային ծրագրերը, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի զուգահեռ աջակցությունը։ Այն նաև համահունչ է միջազգային զարգացման գործընկերների, ինչպիսիք են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿՓԳ), ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մարդասիրական օգնություն տրամադրելու, փախստականների ինտեգրումը հեշտացնելու և կենսապահովման միջոցները ընդլայնելու շարունակական ջանքերին։
Համաշխարհային բանկը հավատարիմ է իր որոշմանը՝ աջակցելու Հայաստանին կենսունակ մոլորակի վրա աղքատության կրճատման զարգացման ճանապարհին: 1992 թվականին Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր Համաշխարհային բանկը շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար է տրամադրել երկրին: