Արցախցիներին բնակաջակցության՝ 40 հազարանոց նոր ծրագիրը ընդունվեց

  • 12:31 25.12.2025

«Առաջարկում ենք նոր ծրագիր սկսել, որը վերաբերում է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին, ովքեր իրավունք ունեն այս պահի դրությամբ ստանալ այն հավաստագրերը, որոնք մենք տրամադրում ենք, բայց իրենց ընտանեկան կամ այլ կարգավիճակից ելնելով՝ չեն կարողանում իրացնել։ Սրանով մենք լուծում ենք փոքր ընտանիքների բնակապահովման հարցը»,- կառավարության այսօրվա նիստում արցախցի փոքր ընտանիքների բնակապահովման հարցի քննարկման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Կառավարությունն ընդունեց վերջերս հանրային քննարկման դրված «Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության միջոցառումը եւ տրամադրման կարգը հաստատելու մասին» նախագիծը։

Արսեն Թորոսյանն ասաց, որ այս ծագրի շահառուները հիմնականում փոքրաթիվ ընտանիքներն են՝ 1-3 անդամ ունեցող, ովքեր ունեն հաշմանդամության կամ ծանր հաշմանդամության կարգ կամ բարձր տարիքի անձանցից բաղկացած ընտանիքներ են։ Նա նշեց, որ այդ ընտանիքներին այլնընտրանք են առաջարկում այս ծրագրով։

«Եթե նրանք բավարարում են այն բոլոր պայմաններին, որոնք նրանց թույլ են տալիս օգվել հավաստագրից, դա հիմնականում մեր քաղաքացիության պահանջն է, բայց չեն կարողանալու օգտվել, որովհետեւ այդ գումարը քիչ է լինելու, մենք նրանց հնարավորություն ենք տալիս գրանցվել սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրի հերթացուցակում՝ որպես պոտենցիալ ֆոնդի շահառու։ Բայց, քանի որ այդ պահին հավանաբար մենք չենք կարող իրենց տալ այդ բնակարանային ֆոնդը, որովհետեւ այդքան բնակարաններ դեռ չունենք, նրանց տալու ենք վարձավճարի մասնակի փոխհատուցում՝ 40 հազար դրամի չափով, 10 տարի ժամանակով։ 10 տարվա ընթացքում, եթե իրենց բնակության վայրին, կենսական շահերին մոտ գտնվող վայրում կլինեն սոցիալական բնակարաններ, կառավարությունը նրանց առաջակելու է որեւէ փուլում տեղափոխվել այդ բնակարան՝ որպես ավելի կայուն ապրելու վայր։ Եթե նրանք կհրաժավեն այդ պահին, ապա կզրկվեն միջոցառումից, եթե կհամաձայնեն, կշարունակեն ապրել մեր սոցիալական բանակարանային ֆոնդում»,- նշեց Թորոսյանը։

Ըստ կառավարության որոշման՝ նախագծով նախատեսվում է կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցություն տրամադրել Ղարաբաղից տեղահանված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում հաշվառված, ծրագրի շրջանակում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր չստացած կամ այն չեղարկած 1-3 անդամ ունեցող այն ընտանիքներին, որոնք բաղկացած են միայն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 60 ավելի տարեկան անդամներից, կամ որոնց անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ որոնց անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում: Նախատեսվում է սոցիալական աջակցությունը տրամադրել 120 ամիսների ընթացքում՝ աջակցության ամսական չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար սահմանելով 40 000 դրամ։