
Կառավարությունն այսօրվա նիստում երկարաձգեց Արցախից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության այլ ծախսերը հոգալու, ինչպես նաեւ կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները՝ մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 15-ը:
Ըստ կառավարության հիմնավորման՝ «Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձինք, ովքեր ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշման շրջանակներում օգտվում են սոցիալական աջակցությունից, և ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 417-Լ որոշման շրջանակներում շահառու հանդիսացող կարիքավոր ընտանիքներն առկա իրավակարգավորումներով տրամադրվող սոցիալական աջակցություններից օգտվելու են մինչև տարեվերջ (դիմումների ներկայացման ժամկետները վերը նշված որոշումներով սահմաված են մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ)։
Հաշվի առնելով այն, որ միջոցառումների շրջանակներում շահառու խմբերը որոշակի խոցելիությամբ պայմանավորված անձիք կամ ընտանիքներ են, ինչպես նաև հանգամանքը, որ Ղարաբաղից տեղահանված անձիք դեռևս սոցիալ-տնտեսական պատճառներով պայմանավորված շարունակում են գտնվել կյանքի դժվարին իրավիճակում, նախագծով առաջարկվում է երկու միջոցառումների իրականացումը երկարաձգել 1 տարով»։
Ելնելով ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 417-Լ որոշման շրջանակներում ներկայացված դիմումների վերլուծությունից՝ նախագծով առաջարկվում է նաև նշված որոշման մեջ որպես մերժման հիմք ավելացնել այն դեպքերը, երբ ընտանիքի անդամն ունի ամուսին (գրանցված ամուսնության դեպքում), որի տվյալները որպես ընտանիքի անդամ չեն նշվել դիմումում, բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսինը դատարանի վճռի հիման վրա ճանաչվել է անհայտ բացակայող: