
ՀՀ կառավարության դեկտեմբերի 25-ի նիստում քննարկվեց և երկարաձգվեց Արցախից բռնի տեղահանված առանձին խմբերի կեցության ծախսերը հոգալու, ինչպես նաև կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ աջակցություն տրամադրելու ծրագրերի ժամկետները մինչև 2026 թվականի դեկտեմբերի 15-ը։ Կառավարության տարեվերջյան նիստում հաստատվեց նաև Արցախից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման նոր ծրագիր։
Կառավարության նիստում ընդունվեց նաև նոր ծրագիր, որը վերաբերում է Արցախից տեղահանված այն փոքրաթիվ, 1-3 անդամ ունեցող ընտանիքներին, ովքեր ունեն խորը հաշմանդամության կարգ, կամ ծանր հաշմանդամության կարգ, կամ բարձր տարիքի են և բավարարում են ծրագրի բոլոր պայմաններին։ Նշված անձանց տրվելու է մասնակի փոխհատուցում՝ վարձավճարի 40000 դրամի չափով,10 տարի ժամկետով։
Նշված ծրագրերը քննարկման առարկա են դարձել արցախցիների շրջանում, և շատերը գտնում են, որ ծրագրերը, թեև որոշակի բարելավվել են, սակայն տեղահանվածների զգալի մասին չեն վերաբերում, ինչը դժգոհության ալիք է բարձրացրել արցախցիների մոտ։
Սոցիալական հարթակներում մեկնաբանություններից երևում է, որ կան առանձին ընտանիքներ, որոնք օգտվում են ինչպես բնակվարձերի, այնպես էլ հրատապ աջակցության ծրագրերից, իսկ տեղահանված ընտանիքների զգալի մասը մնացել է առանց նշված աջակցությունների։ Մասնավորապես միայն չափահաս և ոչ թոշակառու անդամներով կազմված ընտանիքները դուրս են մնում ծրագրերից։ Հրատապ աջակցության ծրագիրը անկատար է։ Դիմումատուները մեծամասամբ անհիմն մերժում են ստանում։
Արմինե Աբրահամյան
-Մի քանի անգամ դիմել եմ հրատապ ծրագրից օգտվելու համար, քանի որ չեմ աշխատում և չունեմ անշարժ գույք։ Իմ ընտանիքի միակ եկամուտը երկու անչափահաս երեխաներիս տրվող 30 հազարական դրամ գումարն է։ Դիմումներս անմիջապես մերժվել են՝ պարզաբանելով, որ բնակչության ռեգիստրում բացակայում են իմ տվյալները, սակայն ես ՀՀ ՆԳՆ անձնագրային ծառայությունից ստացել եմ տեղեկանք՝ իմ և երեխաներիս հաշվառման մասին։ Համապատասխան փաստաթղթերով դիմում եմ ներկայացրել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, դիմումը վերահասցեագրել են ՄՍԾ Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքային կենտրոն։ Պատասխանը կրկին բացասական է եղել։ Ես կխնդրեի, որ 2026 թվականի հունվարից վերանայվեն հրատապ աջակցության ծրագրի մերժման հիմնավորումները և կայացվի օբյեկտիվ որոշում, որպեսզի տեղահանված արցախցիները անհիմն չզրկվեն աջակցությունից։
Աիդա Մուսայելյան
-Մեր ընտանիքը երեք հոգանոց է։ Ես, Արցախյան առաջին պատերազմում զոհված եղբորս կինը և որդին։ Մեզանից երկուսը 3-րդ կարգի հաշմանդամ ենք։ Ապրում ենք թոշակների գումարներով։ Մեր ընտանիքը չի ընդգրկվել բնակվարձերի և հրատապ աջակցությունների ծրագրերում։ Ինձ մտատանջում է մի հարց՝ ինչո՞ւ 3-րդ կարգի հաշմանդամները ոչ մի բանից չեն կարողանում օգտվել։ Եթե 3-րդ կարգը որևէ արտոնություն չի ենթադրում, ապա ինչո՞ւ են տալիս այդ կարգը։ Կառավարության վերջին նիստում ընդունած ծրագրերը, որոնք պետք է կյանքի կոչվեն 2026 թվականից, ոչինչ չի փոխելու մեծամասնության համար։ Իսկ նոր ծրագիրը, որը նախատեսվում է փոքրաթիվ ընտանիքների համար, նույնպես իրատեսական չէ։ Ենթադրենք մեր ընտանիքին տրամադրվում է 40 հազարական դրամ փոխհատուցում, իսկ ի՞նչ է սպասվելու մեզ 10 տարի հետո։ Հայտնվելո՞ւ ենք դրսում․․․ Կամ էլ 120 հազար դրամով ինչպես պետք է տուն վարձենք՝ հաշվի առնելով աստղաբաշխական թվերը։ Ո՞նց պետք է ապրենք։ Արցախում երկու տուն ենք թողել։ Ոչ մի հույս չունենք, որ կկարողանանք ունենալ սեփական տանիք, կամ էլ ապրել լիարժեք կյանքով։ Միակ լուծումը պետության կողմից բնակարաններ կառուցելն ու բնակարաններով ապահովելն է։
Իննա Բարսեղյան
-Ես դեմ եմ բոլոր այդ ծրագրերին, առանձնապես բնակվարձերի մասնակի փոխհատուցմանը։ Այդ ծրագրով չի լուծվում փոքրաթիվ ընտանիքների բնակապահովման խնդիրը։ Ավելին, այդ ընտանիքները հայտնվելու են ավելի խոցելի սոցիալական վիճակում։ Պետք է տներ կառուցվեն ու տրամադրվեն տեղահանված արցախցիներին։ Դեմ ենք նաև սոցիալական բնակարանների տրամադրմանը։ Այդ ծրագրերը համարում եմ ծաղր մեր ժողովրդի հանդեպ։ Ինչքան էլ փորձում են բարեփոխումներ կատարել, միևնույն է՝ ոչինչ չի փոխվում։ Ընդհակառակը, պառակտում են մեր ժողովրդին՝ դրսևորելով խտրական, անարդար, անհիմն վերաբերմունք մարդկանց հանդեպ։
Հարցումներ կատարելով և ծանոթանալով սոցիալական հարթակներում արվող մեկնաբանություններին՝ հասկացանք, որ տեղահանված արցախցիների մեծամասնությունը դժգոհ է սպասվող ծրագրերից։ Բնակվարձերի և հրատապ աջակցության ծրագրերը, իհարկե, մեծ աջակցություն են մեր ժողովրդի համար, սակայն այն բոլորին չէ հասանելի, իսկ ներկա դրությամբ արցախցիների գերակշռող մասը զգում է դրա կարիքը։ Իսկ մյուս երկու նոր ծրագրերին բավականաչափ ծանոթ չեն ու դեռևս չեն կողմնորոշվում։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ